ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2019 թվականի |
թիվ 7 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին մակրոտնտեսական քաղաքականություն վարելիս հաշվի առնել սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ կատարել մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրականացվող միջոցների վերլուծություն և գնահատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության՝ սույն որոշմամբ հաստատված հիմնական կողմնորոշիչներին այդպիսի միջոցների համապատասխանությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից` |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 7 որոշմամբ |
ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐ
տնտեսական միության անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական քաղաքականության
Սույն փաստաթուղթը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ՝ Պայմանագիր) համապատասխան և ուղղված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 28 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղություններով սահմանված նպատակների իրագործմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն) 2019-2020 թվականների ռազմավարական և ծրագրային փաստաթղթերով սահմանված խնդիրների լուծմանը:
Չնայած ապրանքային և ֆինանսական գլոբալ շուկաներում անկայունության ուժեղացմանը՝ 2018 թվականին մակրոտնտեսական իրավիճակն անդամ պետություններում բավականին կայուն է մնացել:
Միությունում տնտեսական աճի տեմպերը գերազանցել են 2 տոկոսը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2018-2019 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչներով սահմանված արժեքը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը և Ղազախստանի Հանրապետությունը վերջին երկու տարվա ընթացքում տնտեսական աճի տեմպերը միջին համաշխարհային արժեքներից բարձր մակարդակում են պահպանում:
2018 թվականի արդյունքներով ընդհանուր առմամբ Միությունում ապրանքների և ծառայությունների արտադրության հիմնական ցուցանիշների դրական դինամիկա է նկատվել: Արդյունաբերական արտադրությունն աճել է բոլոր անդամ պետություններում, և ընդհանուր առմամբ Միությունում աճը կազմել է 3,1 տոկոս: Ընդ որում, Միությունում հանքարդյունաբերական ոլորտում արտադրության ծավալների ավելացումն ավելի բարձր է եղել, քան մշակման ոլորտում, ինչը գլխավորապես պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունում օգտակար հանածոների արդյունահանման ավելացմամբ: Ընդհանուր առմամբ Միությունում շինարարության ոլորտում աճը 5 տոկոս է կազմել: Միությունում մանրածախ վաճառքի շրջանառությունն ավելացել է 3,1 տոկոսով, ընդ որում, աճ նկատվել է յուրաքանչյուր անդամ պետությունում: Արտադրության ծավալների նվազեցման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեղի է ունեցել ոչ մեծ նվազեցում (0,4 տոկոս) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում:
Բոլոր անդամ պետություններում տնտեսական զարգացման դինամիկայի վրա դրական ազդեցություն է գործել ներդրումային ակտիվության աճը: Կապիտալ ներդրումների հավելաճի առավել բարձր տեմպեր են արձանագրվել Ղազախստանի Հանրապետությունում, որտեղ նկատվել է ներդրումների ծավալների ավելացում հանքարդյունաբերության և մշակման շատ ոլորտներում:
Անդամ պետություններում գործնական ակտիվության չափավոր դրական դինամիկան հումքային շուկաներում գրեթե ամբողջ 2018 թվականի ընթացքում համեմատաբար բարենպաստ գնային կոնյունկտուրայի հետ մեկտեղ նպաստել է ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի ծավալների աճին: Երրորդ երկրների հետ առևտրի արժեքային ծավալներն աճել են արագ տեմպերով՝ հաշվի առնելով ապրանքային կառուցվածքում հանքային արտադրատեսակների արտահանման պահպանվող գերակշռությունը: Ներդրումային ակտիվության աճին զուգընթաց ներմուծման գնումները մեծամասամբ կենտրոնացվել են մեքենաշինության ոլորտի արտադրության և արտադրական սարքավորումների վրա, ինչը որոշակի զարկ է տվել Միության արտադրական ներուժի զարգացմանը՝ մյուս կողմից նպաստելով ներմուծումից դրա կախվածության ավելացմանը:
Արդյունաբերական հատվածում բացթողման աճի և ներմուծման ծավալների ավելացման պարագայում իրական աշխատավարձերի բարձրացմամբ և սպառողական վարկավորման ծավալների ավելացմամբ ապահովված սպառողական ակտիվությունը հիմնականում աճել է երկարաժամկետ օգտագործման ապրանքների հաշվին, ինչը հիմնականում կապված է սպառման աստիճանական վերականգնման հետ՝ նախորդ տարիներին դրա էական կրճատումից հետո: Միևնույն ժամանակ պահպանվում է ապրանքների և ծառայությունների գների նկատմամբ բնակչության բարձր զգայունությունը:
Անդամ պետություններում սպառողական գների աճը չափավոր է եղել: Անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի քաղաքականությունն ուղղված է եղել գնաճի ցուցանիշների՝ ազգային միջնաժամկետ կողմնորոշիչներին մոտ կամ դրանց սահմաններում պահպանմանը, ինչը նաև նպաստել է Պայմանագրով սահմանված՝ գնաճի մակարդակի ցուցանիշի սահմանային հաշվարկային քանակական արժեքի (սպառողական գների ինդեքս) պահպանմանը գործնականում բոլոր անդամ պետությունների կողմից: Գնաճի միջավայրը ձևավորվել է գլխավորապես այնպիսի գործոնների հաշվին, ինչպիսիք են ներքին պահանջարկի ամրապնդումը, վառելիքաէներգետիկական ապրանքների գների բարձրացումը, ինչպես նաև որոշ անդամ պետություններում ազգային արժույթների թուլացումը:
Պետական ֆինանսների ոլորտում 2018 թվականին իրավիճակը բարելավվել է, համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական կառավարման հատվածի պարտքը բոլոր անդամ պետություններում նվազել է: Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պետական կառավարման հատվածի կոնսոլիդացված (համակարգված) բյուջեի մնացորդը դրական է եղել, իսկ Հայաստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում՝ բացասական, սակայն այդ երկրներում բյուջեի պակասուրդը 2017 թվականի համեմատ նվազել է: Իրավիճակի բարելավմանը նպաստել են անդամ պետությունների կառավարությունների կողմից ընդունված՝ բյուջեի եկամտային բաղադրիչի ավելացման և ծախսային բաղադրիչի օպտիմալացման միջոցները, ինչպես նաև պետական ֆինանսների կառավարման պրակտիկայում բյուջետային կանոնների ներդրումը և օգտագործումը՝ ուղղված դրանց ընթացիկ հավասարակշռվածության և երկարաժամկետ կայունության ապահովմանը:
2018 թվականին Միությունում 2-տոկոսանոց տնտեսական աճի հասնելու առաջադրանքը կատարվել է: Սակայն ստացված մակրոտնտեսական արդյունքներն էական կայունությամբ չեն տարբերվում, և միջնաժամկետ ժամանակաշրջանում տնտեսական աճի ձեռք բերված տեմպերի պահպանումը մարտահրավեր է անդամ պետությունների համար: Տնտեսական ակտիվության վերականգնման փուլն ավարտվում է, և 2019 թվականին տնտեսական աճը Միությունում ընդհանուր առմամբ դանդաղելու է: Դա պայմանավորված է ինչպես արտաքին գլոբալ ռիսկերով, այնպես էլ ներքին սահմանափակումների առկայությամբ, որոնք բոլորը միասին ազդում են ընդհանուր առմամբ Միության մակրոտնտեսական կայունության և տնտեսական զարգացման վրա:
2019-2020 թվականների ժամանակահատվածում առաջատար միջազգային կազմակերպությունները կանխատեսում են համաշխարհային տնտեսության աճի դանդաղեցում՝ մի շարք զարգացած երկրների և ձևավորվող շուկաներով խոշոր տնտեսությունների դրամավարկային քաղաքականության խստացման, արդյունաբերական արտադրության զսպված դինամիկայի ու համաշխարհային առևտրի պայմանների բարդացման հետևանքով:
ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճը, որը պայմանավորված է ԱՄՆ-ի դաշնային պահուստների համակարգի կողմից բազային տոկոսադրույքի հետագա ավելացման վերաբերյալ մի շարք որոշումների ընդունմամբ, կարող է հանգեցնել հյուսիսամերիկյան ակտիվների ներդրումային գրավչության բարձրացման և ձևավորվող շուկաներով երկրներից կապիտալի արտահոսքի պահպանման: Այս առնչությամբ, հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցային ճնշումների պահպանման հավանականությունը, առանձնակի արդիականություն է ձեռք բերում Միության շրջանակներում մակրոտնտեսական և ֆինանսական պայմանների կանխատեսելիության և կայունության բարձրացումը՝ որպես անդամ պետությունների հետագա տնտեսական զարգացման համար անհրաժեշտ հիմք:
Էներգակիրների և մետաղների շուկաներում պահանջարկի նկատմամբ առաջարկի մեծացման դեպքում արդյունաբերական արտադրության համաշխարհային աճի դանդաղեցումն անդամ պետությունների հումքային գների և արտահանման արժեքային ծավալի վրա կարող է նվազեցնող ճնշում գործադրել: Հումքային ապրանքները, ինչպես նախկինում, անդամ պետությունների արտահանման կառուցվածքում խոշորագույն աղբյուր են, սակայն հումքային պաշարների օգտագործման հաշվին ազգային տնտեսությունների զգալի աճի հնարավորություններն էապես սահմանափակ են: Անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել Միության արտադրական ներուժի բարձրացման վրա թվային տեխնոլոգիաների լայնածավալ ներդրման, որակապես նոր գիտատեխնոլոգիական մշակումների և նորարարությունների ստեղծման հիման վրա՝ օգտագործելով ոչ միայն կառուցվածքաներդրումային քաղաքականության հնարավորությունները, այլ նաև հասանելի խթանները՝ բիզնեսում ներդրումներ կատարելու շարժառիթը բարձրացնելու համար:
Համաշխարհային առևտրի պայմանների բարդացումը, որը պայմանավորված է առևտրային սահմանափակումների խստացմամբ և գլոբալ հովանավորչության ուժեղացմամբ, առնչվում է բազմաթիվ երկրներից ապրանքների լայն շրջանակներին, ինչպես նաև կարող է հանգեցնել արտադրության և իրացման միջազգային շղթաների ներդաշնակեցված գործունեության խախտման: Առևտրատնտեսական փոխգործակցության գլոբալ հեռանկարների վատթարացման պայմաններում աճում է Միության ներքին շուկայի զարգացման և անդամ պետությունների մրցակցային առավելությունների արդյունավետ օգտագործման կարևորությունը՝ տնտեսական համագործակցության խորացման և Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատության հետագա ընդլայնման, ինչպես նաև տրանսպորտային լոգիստիկ ներուժի իրագործման հաշվին: Միջազգային անկայունության աճի պայմաններում ներքին շուկայի զարգացումն անդամ պետությունների տնտեսությունների համար կարող է ստեղծել լրացուցիչ սիներգիկ ազդեցություն՝ ջանքերի միավորման, համատեղ ծրագրերի և նախագծերի իրագործման, ինչպես նաև Միության շրջանակներում ընդհանուր նպատակների իրագործմանն ուղղված միջոցների համակարգման հաշվին: Այս առնչությամբ, առանձնակի կարևորություն է ձեռք բերում այդ թվում՝ անդամ պետությունների ղեկավարների կողմից 2018 թվականի դեկտեմբերի 6-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին» հռչակագրի իրագործումը:
Միևնույն ժամանակ արտաքին գործընկերների հետ առևտրային և տնտեսական կապերի ամրապնդումը միջպետական փոխշահավետ հարաբերությունների ստեղծման կարևորագույն գերակայությունն ու գրավականն է:
Ստեղծվող գլոբալ կոնյունկտուրայի ենթատեքստում միջնաժամկետ հեռանկարում անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության առաջնահերթ նպատակն է դառնում Միության ներքին շուկայում և արտաքին շուկաներում անդամ պետությունների մրցունակության բարձրացման հաշվին դինամիկ և կայուն տնտեսական զարգացման ապահովումը: Անհրաժեշտ է ջանքերն ուղղել դեպի ռազմավարական հիմունքները՝ Միության տնտեսության կայուն և առաջընթաց աճի համար:
Այդ նպատակի իրագործմանը նպաստելու է ազգային և ինտեգրացիոն միջոցների իրականացումը հետևյալ ուղղություններով՝
մակրոտնտեսական և ֆինանսական ներքին պայմանների կանխատեսելիության և կայունության բարձրացում՝
գնային կայունության պահպանում.
պետական ֆինանսների կայունության բարձրացում.
ֆինանսական հատվածի հետագա զարգացում միջազգային սկզբունքների և ստանդարտների հիման վրա.
ազգային արժույթների օգտագործման ընդլայնման համար պայմանների ստեղծում փոխադարձ առևտրում հաշվարկներ կատարելիս.
անդամ պետությունների արտադրական ներուժի ուժեղացում՝
տնտեսության արտադրական հատվածում ներդրումային ակտիվության խթանում.
գիտատեխնոլոգիական և նորարարական ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների և գործիքների ստեղծում.
թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում ու զարգացում.
անդամ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների աջակցության մեխանիզմի ձևավորում՝ արդյունաբերության գերակա ճյուղերում կոոպերացիայի և ներմուծման փոխարինման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության հարցերով՝ բարձր մակարդակի աշխատանքային խմբի շրջանակներում ներմուծման փոխարինման կոոպերացիոն նախագծեր իրականացնելիս.
բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկման մասով կարողության ուժեղացում և արդյունաբերական կոոպերացիայի ուժեղացում.
արդյունաբերությունում միջպետական ծրագրերի և ինտեգրացիոն նախագծերի իրականացում ու Միության ագրոարդյունաբերական հատվածում այդպիսի նախագծերի ձևավորում.
Միության ներքին շուկայի զարգացում և համագործակցության ամրապնդում արտաքին գործընկերների հետ՝
խոչընդոտների բացահայտման և վերացման, ինչպես նաև Միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների փուլային կրճատման շարունակական աշխատանքներ, այդ թվում՝ դրա զարգացման համար ընդունված՝ Պայմանագրի համապատասխան դրույթներում և Միության մարմինների համապատասխան ակտերում փոփոխություններ կատարելու միջոցով.
անդամ պետությունների անդրսահմանային շուկաներում բարենպաստ մրցակցային միջավայրի ձևավորում և մրցակցության պաշտպանություն.
Միության տրանսպորտային լոգիստիկ ներուժի զարգացում.
Միության շրջանակներում աշխատանքային և կրթական շարժունության ոլորտում հնարավորությունների ընդլայնում.
արտաքին գործընկերների հետ առևտրային և տնտեսական կապերի խորացում, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: