Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-58-Ո-Կ-11
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 07.07.2022
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
23.06.2022
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
23.06.2022
Дата вступления в силу
23.06.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ք. Երևան

23 հունիսի 2022 թ.

ԲԴԽ-58-Ո-Կ-11

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ (ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԱԾ) ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար


Գ. Ջհանգիրյանի,

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Դ. Խաչատուրյանի,

 

Մ. Մակյանի,

 

Լ. Մելիքջանյանի,

Ա. Միքայելյանի,
Ս. Մխիթարյանի, 
 

Ս. Չիչոյանի,

  Վ. Քոչարյանի,
   

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի (այսուհետ՝ նաև Հանձնախումբ) 2022 թվականի մայիսի 18-ին Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությունը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները, որոնք, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։

Հանձնախումբը որոշել է 2022 թվականի հունիսի 18-ին Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել միջնորդություն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Հանձնախումբը ներկայացված միջնորդությամբ նշել է․

«Ռ. Վարդազարյանը «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում արել է արտահայտություններ, որոնցով հնարավոր է խախտված լինեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով սահմանված դատավորի վարքագծի կանոնները, ուստի անհրաժեշտ է միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհրդին Ռ․ Վարդազարյանի կողմից թույլ տրված արտահայտությունները և դրանց արդյունքում թույլ տրված ենթադրյալ կարգապահական խախտման հարցը քննարկելու համար:

Օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար:

(…)

3. Դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

(…)

Օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

2. Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը:

Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.

Նույն հոդվածի նույն մասի 6-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի:

Նույն հոդվածի նույն մասի 8-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

Ռ. Վարդազարյանի հարցազրույցը հրապարակվել է 10.05.2022թ. առավոտյան ժամը 11-ին, իսկ ՍԴ որոշումը ամբողջությամբ ՍԴ կայքում տեղադրվել է նույն օրը օրվա երկրորդ կեսին։ Կան հիմնավոր կասկածներ, որ Ռ. Վարդազարյանը կարծիք է հայտնել ՍԴ որոշման մասին առանց դրա ամբողջական տեքստը կարդալու։

Հարցազրույցի ժամանակ Ռուբեն Վարդազարյանի կողմից արվել են արտահայտություններ, որոնց արդյունքում կարծում ենք, որ հնարավոր է, խախտված լինեն Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված Դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջները, մասնավորապես, հնարավոր է, որ ստորև մեջբերված արտահայտություններն իրենցից ներկայացնում են դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագծի առերևույթ դրսևորումներ, հրապարակայնորեն կասկածի տակ են առնում դատարանի գործողությունները, դատական ակտերը և հնարավոր է, որ վտանգում կամ կասկածի տակ են առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

Հանձնախումբը նպատակահարմար է համարում ընդգծել հարցազրույցի ժամանակ արտահայտված հետևյալ արտահայտությունները՝

ա/ «-Կեցցե Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն իր այս քայլով ապացուցեց, որ Սահմանադրական դատարանի դատավորները ավելի պետականամետ են, ավելի են շահագրգռված դատական իշխանության կայունությամբ և հեղինակությամբ, քան որոշ սուբյեկտներ։ Մեկ վայրկյան չեմ կասկածում և շատ բարձր եմ գնահատում նաև Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական կարողությունները։ Նույնպես չեմ կասկածում ԱԺ պատգամավոր Վարդևանյանի դիմումի հիմնավորվածությանը։ Առաջարկում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դիմումը բավարարվեր։ Համընդհանուր, տոտալ կոլապս դատական համակարգում, 1,5 տարվա ընթացքում ընդունված ԲԴԽ բոլոր որոշումները վերանայման ենթակա կլինեին՝ լիազորությունների դադարեցումներ, նշանակումներ, տեղափոխություններ, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր որոշումներ...Դե հիմա եկեք պատկերացնեք, թե ինչից փրկեց ՍԴ-ն Հայաստանի Հանրապետությանը, նրա իշխանության մի թևին։ Ակնհայտ է, որ որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը։»։

բ/ «Այս որոշմամբ, ցավոք, բացվեց այն դուռը, որ այս կամ հաջորդ իշխանությունները կարող են գտնել 95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի և ուղարկել ԲԴԽ»։

Ուսումնասիրելով վերը նշված արտահայտությունները, թվում է, թե «Կեցցե Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն իր այս քայլով ապացուցեց, որ Սահմանադրական դատարանի դատավորները ավելի պետականամետ են, ավելի են շահագրգռված դատական իշխանության կայունությամբ և հեղինակությամբ, քան որոշ սուբյեկտներ։» արտահայտությունը ուղղված է Սահմանադրական դատարանի գործողությունները դրական համատեքստում գնահատելուն, սակայն հաջորդ արտահայտությունները՝ «Մեկ վայրկյան չեմ կասկածում և շատ բարձր եմ գնահատում նաև Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական կարողությունները։ Նույնպես չեմ կասկածում ԱԺ պատգամավոր Վարդևանյանի դիմումի հիմնավորվածությանը։», «Առաջարկում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դիմումը բավարարվեր։ Համընդհանուր, տոտալ կոլապս դատական համակարգում, 1,5 տարվա ընթացքում ընդունված ԲԴԽ բոլոր որոշումները վերանայման ենթակա կլինեին՝ լիազորությունների դադարեցումներ, նշանակումներ, տեղափոխություններ, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր որոշումներ...Դե հիմա եկեք պատկերացնեք, թե ինչից փրկեց ՍԴ-ն Հայաստանի Հանրապետությանը, նրա իշխանության մի թևին։ Ակնհայտ է, որ որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը։», կարող են առաջացնել կասկածներ առ այն, որ սկզբնական արված արտահայտությունը ավելի շատ ունի քամահրական, հեգնական բովանդակություն, դրանով Ռ․ Վարդազարյանը քննադատում է ՍԴ որոշումը։ «Ակնհայտ է, որ որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ» արտահայտությամբ արդեն իսկ հստակ կասկածի տակ է դրվում ՍԴ որոշման հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը։ «Առաջարկում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դիմումը բավարարվեր։ Համընդհանուր, տոտալ կոլապս դատական համակարգում, 1,5 տարվա ընթացքում ընդունված ԲԴԽ բոլոր որոշումները վերանայման ենթակա կլինեին՝ լիազորությունների դադարեցումներ, նշանակումներ, տեղափոխություններ, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր որոշումներ...Դե հիմա եկեք պատկերացնեք, թե ինչից փրկեց ՍԴ-ն Հայաստանի Հանրապետությանը, նրա իշխանության մի թևին։», արտահայտությունները կասկածի տակ են դնում նաև ՍԴ անկախությունը, օբյեկտիվությունն ու անաչառությունը։ Արտահայտություններից կարելի է ենթադրել, որ ՍԴ-ն նման որոշում է կայացրել այն նպատակով, որ չվնասի դատական իշխանությանը։ Միևնույն ժամանակ արտահայտությունները կասկածի տակ են դնում վերջին 1․5 տարվա ընթացքում ԲԴԽ կայացրած բոլոր որոշումները՝ դրանով իսկ հեղինակազրկելով Բարձրագույն դատական խորհուրդը և դատական իշխանությունը, քանի որ ԲԴԽ որոշումներն էլ անմիջականորեն կապված են դատական իշխանության կազմակերպման և գործունեության հետ, որոնց թվում կան որոշումներ, որոնք Խորհուրդը կայացրել է որպես դատարան։ «Այս որոշմամբ, ցավոք, բացվեց այն դուռը, որ այս կամ հաջորդ իշխանությունները կարող են գտնել 95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի և ուղարկել ԲԴԽ» արտահայտությամբ, հնարավոր է, որ Ռուբեն Վարդազարյանը առերևույթ կերպով վտանգել կամ կասկածի տակ է առել նաև ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի ապագա հնարավոր կազմի գործունակությունը, կասկածի տակ է առել օրենսդիր մարմնի ողջախոհությունը և պրոֆեսիոնալիզմը»։

 

3 Ռուբեն Վարդազարյանի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի կողմից չի ներկայացվել պատասխան, իսկ վերջինիս ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից ներկայացվել են թվով 2 միջնորդություններ՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին և կարգապահական վարույթի քննությունը հետաձգելու մասին։

Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից ներկայացված՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությամբ մասնավորապես նշել են․

«Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիս 9-ին ԲԴԽ-58-Ո-Կ որոշմամբ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ նշանակվել է նիստ, ինչի մասին Ռուբեն Վարդազարյանը ծանուցվել է սույն թվականի հունիսի 10-ին՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի համապատասխան գրության միջոցով (թվագրված է հունիսի 9-ով)։ Միևնույն ժամանակ հարուցված վարույթի շրջանակներում մինչև հունիսի 14-ը Ռուբեն Վարդազարյանն իրավունք ունի Բարձրագույն դատական խորհրդին ուղարկել պատասխան։

Հաշվի առնելով, որ սույն միջնորդությամբ ներկայացվելու են հիմնավորումներ, որ առկա է նշված կարգապահական վարույթը կարճելու հիմք, կարծում ենք, որ բացակայում, է կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության տեքստում նշված հիմքերին ու հիմնավորումներին առարկայական անդրադառնալու անհրաժեշտությունը։ Այդուհանդերձ՝ եթե Բարձրագույն դատական խորհուրդը հանգի այն եզրակացության, որ կարգապահական վարույթը կարճելու հիմք առկա չէ (չհամաձայնվի սույն միջնորդությամբ բարձրացված դիրքորոշման հետ), նշում ենք, որ սույն միջնորդությունը չի պարունակում ամբողջական պատասխանը, և ԲԴԽ նիստում կներկայացվեն հավելյալ հիմքեր, սակայն դրանք վերջնական ձևակերպելու և ներկայացնելու համար գործի վարույթը չկարճելու դեպքում խնդրում ենք պատասխան ներկայացնելու՝ Օրենքով նախատեսված երկշաբաթյա ժամկետը մինչև մեկշաբաթյա ժամկետով երկարաձգել (Օրենքի 148-րդ հոդվածի 8-րդ մաս և Բարձրագույն դատական խորհրդի 24․11․2020թ․ թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 92-րդ կետ)։

I. Միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերը․

1․ 2021 թվականի ապրիլի 15-ին դռնփակ դատական նիստում ԲԴԽ-ն որոշում է կայացրել կասեցնել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր և որպես ԲԴԽ դատավոր անդամ (նախագահ)։

2․ 2022 թվականի մայիսի 18-ին ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Դավիթ Խաչատուրյանը և Լիպարիտ Մելիքջանյանը միջնորդություն են ներկայացրել ԲԴԽ՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի 10․05․2022թ․ «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում թույլ տրված արտահայտությունները քննարկման ենթարկելու և դրանցում Օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

II. Միջնորդության իրավական հիմքերն ու հիմնավորումները․

Ստորև բերված հիմնավորումները վերաբերվում են բացառապես կարգապահական վարույթը կարճելու և բովանդակային առումով չեն անդրադառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ բարձրացված հարցադրումներին։ Սույն միջնորդությունը ներկայացնելը չպետք է որևէ կերպ մեկնաբանվի որպես Ռուբեն Վարդազարյանի կողմից բարձրացված հարցադրումներին բովանդակային առումով անդրադառնալու (պատասխանելու) իրավունքից հրաժարում և միանշանակորեն նշում ենք, որ եթե ԲԴԽ-ն որոշում չընդունի կարգապահական վարույթը կարճելու մասին, ապա ցանկանում ենք ներկա գտնվել նիստին և ներկայացնել դիրքորոշում նաև բովանդակային առումով։

21 Միջնորդության իրավական հիմքն ու հիմնավորումները՝ ԲԴԽ դատավոր անդամի (նախագահի) լիազորությունների կասեցման ժամանակահատվածում վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորության բացակայության մասին։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 86-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի լիազորությունները որպես դատավոր կասեցվելու դեպքում կասեցվում են նաև նրա՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները»:

Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ մինչև քրեական գործով վարույթի ավարտը»:

Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ «1․ Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար։

2․ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա: Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»։

Նշված նորմերի բովանդակության և միջնորդության քննության համար նշանակություն ունեցող փաստերի համադրման արդյունքում ակնհայտ է, որ Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ անդամի լիազորությունները կասեցված են, իսկ հաշվի առնելով, որ Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով կարգապահական վարույթ կարող է հարուցվել բացառապես Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ, կարելի է արձանագրել, որ Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ անդամի լիազորությունները կասեցված լինելու պայմաններում նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել չէր կարող1։

Ընդ որում հատկանշական է, որ Բարձրագույն դատական խորհուրդը նույնպես իրավակիրառ իր պրակտիկայում տարանջատել է ԲԴԽ գործող անդամի կարգավիճակը այն անձանց կարգավիճակից, ովքեր որոշակի հանգամանքներով պայմանավորված զրկված են ԲԴԽ անդամի կարգավիճակից բխող լիազորությունները կատարելու հնարավորությունից։ Մասնավորապես՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ 19․07․2019թ․ կայացված թիվ ԲԴԽ-49-Ո-Դ-1 որոշման շրջանակներում անդրադառնալով այն հարցերին, թե որ պահից է օրենքի ուժով Բարձրագույն դատական խորհրդի ընտրված անդամը ստանձնում իր լիազորությունները, և արդյոք տվյալ գործով առկա է ԲԴԽ անդամի լիազորությունների դադարեցման հիմք, ԲԴԽ-ն արձանագրել է հետևյալը․

«Օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամն իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, իսկ այլ հիմքով Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում՝ ընտրվելու օրվանից: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամները` Ազգային ժողովում, Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամները Ընդհանուր ժողովի նիստում հանդիսավոր պայմաններում անհատական կարգով երդվում են. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»: Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են` տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում: Առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:

Տվյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամը պետք է առնվազն ստանձնած լինի պաշտոնից բխող լիազորությունները, որպեսզի հնարավոր համարվի օրենքով սահմանված դեպքերի հիմքով և կարգով դրանց դադարեցման հարցի քննարկումը:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Օրենքի 82-րդ հոդվածի իրավակարգավորումները և դրանց շարադրման հաջորդականության տրամաբանությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ համապատասխան հիմքով նորընտիր անդամի պաշտոնի ստանձնման պահը ընտրվելու օրվանից սահմանելու հանգամանքը պետք է մեկնաբանել որպես մի քանի փուլերից բաղկացած գործընթացի ավարտ /թեկնածուների առաջադրում, քվեարկություն, արդյունքների ամփոփում և հրապարակում, ընտրված դատավորի երդմնակալության արարողություն/: Այլ կերպ ասած, «ընտրվելու օրվանից» եզրույթը չի կարող գնահատվել տառացի՝ զուտ որպես ժամանակագրական երևույթ, և չի կարող մեկնաբանվել այնպես, որ աղճատվի ողջ գործընթացի տրամաբանությունը և սահմանափակվի միայն ընտրության արդյունքների հրապարակմամբ, այն պետք է ներառի Օրենքով սահմանված գործընթացի բոլոր փուլերը, այդ թվում՝ երդմնակալության արարողությունը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը և երդման ինստիտուտին առնչվող գիտական աղբյուրները նույնպես վկայում են այն մասին, որ երդմնակալության արարողությունը՝ որպես պաշտոնի ստանձնման գործընթացի բաղկացուցիչ մաս, նախատեսված է բազմաթիվ (հատկապես խորհրդարանական կառավարման ձև ունեցող) պետությունների հանրային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց համար, կրում է կարևոր իրավաքաղաքական նշանակություն և, ինչը կարևոր է, երդվելու պահն է դիտարկվում որպես ելակետ՝ պաշտոնավարման ժամկետի սկիզբը հաշվարկելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է նաև այն փաստը, որ Օրենքի 82-րդ հոդվածի 2-րդ մասը Ազգային ժողովի կողմից ընտրվելուց անմիջապես հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամի համար Ազգային ժողովում երդվելու իմպերատիվ պահանջ է նախատեսում, մինչդեռ Ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամի պարագայում օրենսդրական նորմի ձևակերպումը երդման արարողությունն անմիջապես ընտրվելուց հետո կազմակերպելու իմպերատիվ պահանջ չի սահմանում:

(…) ուստի պետք է փաստել, որ Ն. Տավարացյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իր լիազորություններն Օրենքով սահմանված կարգով ստանձնել է Դատավորների ընդհանուր ժողովում երդման արարողությունից հետո, այն է՝ 2019 թվականի հուլիսի 11-ին, հետևաբար, անհիմն են Դիմումատուների այն փաստարկները, ըստ որոնց առկա են Ն. Տավարացյանի լիազորությունների դադարեցման հիմքեր, մասնավորապես, որ նա տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով չի մասնակցել առնվազն երկու անգամ և որ առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չի հայտնել, քանի որ 2019 թվականի հուլիսի 11-ից՝ իր լիազորությունների ստանձնման պահից սկսած, Ն. Տավարացյանը մասնակցել է Բարձրագույն դատական խորհրդի բոլոր նիստերին:

Նշված որոշման հիմքում ընկած նպատակային մեկնաբանությունը բերում է այն եզրահանգման, որ անկախ նրանից որ օրենքում օգտագործվում է ընտրվել բառը (որը առաջին մոտեցման դեպքում միանշանակ է), այն պետք է մեկնաբանվել նպատակային և ֆունկցիոնալ տեսակետից, և քանի որ երդմնակալություն չիրականացրած ընտրված անդամը չի կարող մասնակցել նիստերին, ապա կարգապահական պատասխանատվության իմաստով չի համարվում ԲԴԽ անդամ։ Որոշման բովանդակությունից բխում է, որ այն դեպքում, երբ օրենքով առկա է ԲԴԽ անդամի կողմից իր պաշտոնից բխող լիազորությունների իրականացման ժամանակավոր արգելք կամ «օրենսդրական անհնարինություն», ապա նշված ժամանակահատվածում նրա լիազորությունները չեն կարող դադարեցվել (դադարել), ինչպես նաև նրա նկատմամբ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել։ Շարադրվածի հիման վրա կարելի է արձանագրել, որ ԲԴԽ անդամի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում ևս առկա է ԲԴԽ անդամի կարգավիճակից բխող լիազորությունների իրականացման անհնարինություն (արգելք), որպիսի պայմաններում տվյալ ժամանակահատվածում այդ անձը չի կարող ենթարկվել կարգապահական պատասխանատվության։2

Նշված եզրահանգումը բխում է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքով և հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգավորումների բովանդակությունից։ Մասնավորապես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման արգելք՝ աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում և այդ ժամանակահատվածում աշխատողի կողմից կարգապահական խախտում թույլ տրվելու դեպքում այդ հարցը ենթակա է լուծման բացառապես աշխատողի՝ աշխատանքի ներկայանալուց հետո։

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ դատավոր անդամի (նախագահի) լիազորությունները կասեցված լինելու պայմաններում այդ ժամանակահատվածում վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել չէր կարող։

22 Միջնորդության իրավական հիմքերն ու հիմնավորումներն այն հարցերի առնչությամբ, թե արդյոք Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը հարուցվել է նրա՝ որպես դատավորի, թե որպես ԲԴԽ անդամի նկատմամբ, և արդյոք պահպանվել են վարույթի հարուցման՝ Օրենքով սահմանված ընթացակարգերը։

Հասկանալու համար, թե տվյալ դեպքում կարգապահական վարույթը հարուցվել է Ռուբեն Վարդազարյանի՝ որպես դատավորի, թե որպես ԲԴԽ անդամի (նախագահի) նկատմամբ, պետք է ուսումնասիրել Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության հիմքերն ու հիմնավորումները։ Տվյալ միջնորդության հիմքերի և հիմնավորումների բովանդակությունից ակնհայտ է, որ Ռուբեն Վարդազարյանին «մեղսագրված» խախտումները վերաբերում են նրա՝ որպես դատավորի կարգավիճակից բխող պարտականություններին։ Մասնավորապես՝ ըստ միջնորդության հեղինակների պնդումների՝ Ռուբեն Վարդազարյանը խախտել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված պահանջները։ Այդ նորմերի բովանդակությունը հանգում է հետևյալին․

«Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝

1) զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց․

(․․․)

6) զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի․

(․․․)

8) զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագծի դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը»։

Հարկ է նշել նաև, որ Օրենքը տարանջատում է կարգապահական վարույթի հարուցման ընթացակարգերը՝ կախված այն հանգամանքից, թե կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ անդամի, թե դատավորի նկատմամբ։ Մասնավորապես՝

Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն․

«Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա։ Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում և նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ է դիմում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»։

Օրենքի 145-րդ հոդվածի 1-ին և 1․1-ին մասերի համաձայն՝ «1․ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն՝

1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը․

2) Լիազոր մարմինը․

3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1․1-ին կետով նախատեսված դեպքերում։

1․1 Սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման առնչությամբ կարգապահական վարույթ կարող է հարուցել միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ»։

Հաշվի առնելով, որ խնդրո առարկա միջնորդության բովանդակությունից բխում է, որ կարգապահական վարույթը հարուցվել է Ռուբեն Վարդազարյանի՝ որպես դատավորի նկատմամբ (առավել ևս հաշվի առնելով որ նրա որպես ԲԴԽ անդամի (նախագահի) լիազորությունները փաստացի կասեցված են, ինչը ինքնին բացառում է Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու հնարավորություն), Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր էր պահպանել Օրենքի 145-րդ հոդվածով սահմանված կանոնները, ինչը չի արել, մասնավորապես՝ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ երեք անդամի միջնորդության հիման վրա, այն դեպքում, երբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող սուբյեկտների կազմում այդ մարմինը ներառված չէ։

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝

«Վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե՝ առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք»։

Հաշվի առնելով, որ տվյալ դեպքում կարգապահական վարույթ է հարուցվել Օրենքի 85-րդ և 145-րդ հոդվածներով սահմանված կանոնների խախտմամբ (ԲԴԽ երեք անդամի միջնորդության հիման վրա կարող էր քննվել բացառապես ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, մինչդեռ տվյալ դեպքում Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ անդամի լիազորությունները կասեցված են, իսկ կարգապահական վարույթը Ռուբեն Վարդազարյանի՝ որպես դատավորի նկատմամբ հարուցված լինելու դեպքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմել են համապատասխան լիազորություն չունեցող անձինք), Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման՝ օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով։

2. Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթի քննությունը հետաձգելու մասին միջնորդությամբ մասնավորապես նշված է․

«Բարձրագույն դատական խորհրդում է քննվում Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը որով նիստը նշանակված է 16․06․2022թ․-ին ժամը 15։00-ին (նիստի մասին ծանուցվել են հունիսի 10-ին)։

Հայտնում եմ, որ նույն օրը (16․06․2022թ․) մասնակցելու եմ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող երեք դատական գործերով (թիվ ՍԴ/0907/02/21, թիվ ՍԴ2/0700/02/21 և թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործեր) նախապես՝ դեռևս մայիս ամսին, նշանակված դատական նիստերի, ուստի սույն գործով նշանակված նիստին իմ մասնակցությունը անհնարին է։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 27-ի ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 93-րդ կետի համաձայն՝

«93․ Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

«1․ Կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով։

2. Կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի»:

Հաշվի առնելով սույն գործով նշանակված նիստին ներկայանալու անհնարինությունը, միաժամանակ ներկայացուցչի միջոցով իր գործը ներկայացնելու՝ Ռուբեն Վարդազարյանի երաշխավորված իրավունքը ապահովելու նպատակով խնդրում եմ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթի քննությունը հետաձգել առնվազն մեկ շաբաթով»։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Ռուբեն Վարդազարյանը «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տվել է հարցազրույց, որը հրապարակվել է 10.05.2022թ. առավոտյան ժամը 11-ին, որում լրագրողի հարցերին ի պատասխան Ռ. Վարդազարյանը նշել է․

«-Կեցցե Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն իր այս քայլով ապացուցեց, որ Սահմանադրական դատարանի դատավորները ավելի պետականամետ են, ավելի են շահագրգռված դատական իշխանության կայունությամբ և հեղինակությամբ, քան որոշ սուբյեկտներ։ Մեկ վայրկյան չեմ կասկածում և շատ բարձր եմ գնահատում նաև Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական կարողությունները։ Նույնպես չեմ կասկածում ԱԺ պատգամավոր Վարդևանյանի դիմումի հիմնավորվածությանը։ Առաջարկում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դիմումը բավարարվեր։ Համընդհանուր, տոտալ կոլապս դատական համակարգում, 1,5 տարվա ընթացքում ընդունված ԲԴԽ բոլոր որոշումները վերանայման ենթակա կլինեին՝ լիազորությունների դադարեցումներ, նշանակումներ, տեղափոխություններ, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր որոշումներ...Դե հիմա եկեք պատկերացնեք, թե ինչից փրկեց ՍԴ-ն Հայաստանի Հանրապետությանը, նրա իշխանության մի թևին։ Ակնհայտ է, որ որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը։»։

բ/ «Այս որոշմամբ, ցավոք, բացվեց այն դուռը, որ այս կամ հաջորդ իշխանությունները կարող են գտնել 95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի և ուղարկել ԲԴԽ» (այսուհետ նաև՝ Արտահայտություններ)։

2. Հարցազրույցի տարբերակը տեղադրվել է Ռուբեն Վարդազարյանի անձնական Ֆեյսբուքյան էջում։ Ռուբեն Վարդազարյանը որևէ կերպ չի հերքել կամ չի առարկել, որ հարցազրույցում տեղ գտած արտահայտություններն իրենը չեն։

3. Ի պատասխան Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի կողմից 2022 թվականի հունիսի 13-ի գրության՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի հունիսի 14-ի թիվ Ա/0652-2022 գրությամբ հայտնվել է, որ ՍԴՈ-1650 որոշման ամբողջական տեքստը Սահմանադրական դատարանի կայքէջում տեղադրվել է 2022 թվականի մայիսի 10-ին, 18։48-ից մինչև 19։02-ի ժամային միջակայքում։ Կողմերին որոշումն առաքվել է 2022 թվականի մայիսի 11-ին։

4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը և կից նյութերը Բարձրագույն դատական խորհրդի անդամներին են տրամադրվել 2022 թվականի հունիսի 3-ին։

5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը և կից նյութերը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի մայիսի 19-ի թիվ ԴԴ-Գ-443 գրությամբ ուղարկվել են Ռուբեն Վարդազարյանին, որը նրա կողմից ստացվել է մայիսի 30-ին։

6. 2022 թվականի հունիսի 9-ին Դատական դեպարտամենտի ղեկավարի թիվ ԴԴ-Գ-531 գրությամբ կազմվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի հունիսի 16-ին ժամը 15։00-ին հրավիրված նիստի մասին ծանուցումը։ Քանի որ հունիսի 9-ին և հունիսի 10-ի առավոտյան հնարավոր չի եղել կապ հաստատել Ռ. Վարդազարյանի հետ, 2022 թվականի հունիսի 10-ին 14:46-ին Դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Շիլաջյանի կողմից Ռուբեն Վարդազարյանի էլեկտրոնային հասցեին ուղարկվել է հունիսի 16-ի նիստի ծանուցումը՝ կցելով նաև ծանուցման օրինակը։ Նույն օրը ժամը 17։08-ին Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության ծառայության պետ Լիլիթ Շաբոյանի Ֆեյսբուքյան էջից նույն ծանուցումը ուղարկվել է Ռուբեն Վարդազարյանին։ Դատական դեպարտամենտի առաջին բաժնի աշխատակիցը 2022 թվականի հունիսի 10-ին ծանուցագիրը փոխանցելու նպատակով փորձել է կապ հաստատել Ռ․ Վարդազարյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին և նշված ծանուցագիրն աշխատակցի կողմից դրվել է Ռ․ Վարդազարյանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի մուտքի մոտ և լուսանկարել է, որից հետո ժամը 17։44-ին Ռուբեն Վարդազարյանը զանգել է և հաստատել, որ ստացել է ծանուցագիրը։

7. Ռ. Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից ներկայացված թվով երկու միջնորդությունները՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին և կարգապահական վարույթի քննությունը հետաձգելու մասին մերժվել են Բարձրագույն դատական խորհրդի 16.06.2022թ. նիստում։

8. Բարձրագույն դատական խորհուրդը Ռ. Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը խորհրդակցական սենյակում քննարկել և որոշում է կայացրել 16.06.2022թ.-ին։

9. 21.06.2022թ.-ին Ռ. Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել գործի վարույթը վերսկսելու մասին։

10. 22.06.2022թ.-ին Ռ. Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գագիկ Ջհանգիրյանին և Գրիգոր Բեքմեզյանին բացարկ հայտնելու մասին։

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին (այսուհետ նաև Ռ. Վարդազարյան) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ) գտնում է, որ Ռ. Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցադրումներին.

1. Արդյո՞ք Ռ. Վարդազարյանի կողմից կատարված Արտահայտություններով թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներ,

2. եթե այո, ապա արդյո՞ք խախտումները թույլ են տրվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,

3. եթե այո, ապա արդյո՞ք թույլ տրված խախտումները կարող են դիտվել որպես էական կարգապահական խախտումներ։

Օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

Օրենքի 19-րդ գլուխը՝ հոդվածներ 141-158 կարգավորում են դատավորի կարգապահական պատասխանատվության հարցերը։

Բարձրագույն դատական խորհուրդը, հանդիսանալով դատավորների և դատական իշխանության անկախության սահմանադրաիրավական երաշխավորը, որին վերապահված է նաև դատավորին, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին, կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը, պարտավոր է այդ լիազորությունն իրականացնել այնպես, որպեսզի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը որևէ կերպ չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև՝ ապահովվի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը, միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:

Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել: Իսկ նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը,

4. դատավորի կարգապահական պատասխանատվության հիմք կարող է լինել բացառապես նրա մեղավոր վարքագիծը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան լիազորությունների շրջանակներում, յուրաքանչյուր դեպքում արարքը կարգապահական խախտում որակելու և հետևաբար համապատասխան պատասխանատվության միջոց կիրառելու համար Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի արարքի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի ընդհանուր կանոններին կամ դատավորի վարքագծի կանոններին ի պաշտոնե գործելիս՝ բացահայտելով իրավանորմերում առկա ոչ որոշակի ձևակերպումների իրավական բովանդակությունը:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրությամբ և Օրենքով հանդիսանում է այն մարմինը, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը, Խորհուրդը նախ և առաջ կարևոր է համարում անդրադառնալ Ռ. Վարդազարյանի ներկայացուցչի կողմից ներկայացված երկու առանձին միջնորդությունների մերժման հիմքերին։ Սույն հարցին անդրադառնալը Խորհուրդը կարևորում է նաև նրանով, որ սույն որոշման օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը կապված է նաև այն հանգամանքի հետ, թե արդյո՞ք միջնորդությունների չբավարարմամբ խախտվել է կամ կարող էր խախտվել Ռ. Վարդազարյանի լսված լինելու իրավունքը։

Խորհուրդն արձանագրում է, որ Ռ. Վարդազարյանի ներկայացուցիչ Ա. Օրբելյանի կողմից 14.06.2022թ.-ին Խորհրդին է ներկայացվել երկու առանձին միջնորդություն։ Առաջին միջնորդությունը վերաբերել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը կարճելուն, երկրորդը՝ կարգապահական վարույթի քննությունը հետաձգելուն։

Քանի որ առաջին միջնորդությամբ չի ներկայացվել այն Ռ. Վարդազարյանի կամ վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ քննելու խնդրանք, իսկ երկրորդ միջնորդությամբ ուղղակի ներկայացվել է խնդրանք՝ հետաձգել գործի քննությունը, քանի որ նույն օրը (16․06․2022թ․) Արամ Օրբելյանը մասնակցելու էր ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող երեք դատական գործերով (թիվ ՍԴ/0907/02/21, թիվ ՍԴ2/0700/02/21 և թիվ ՍԴ/0695/02/21 քաղաքացիական գործեր) նախապես՝ դեռևս մայիս ամսին, նշանակված դատական նիստերին, Խորհուրդը նպատակահարմար է գտել սկզբում քննել առաջին միջնորդությունը, քանի որ վերջինիս բավարարման և վարույթի կարճման դեպքում առարկայազուրկ էր դառնում երկրորդի քննարկումը։

Առաջին միջնորդության հետ կապված Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դրանում կողմը չի հայտնել ցանկություն միջնորդությունն իր մասնակցությամբ քննելու մասին, ուստի այն քննվել է Ռ. Վարդազարյանի և վերջինիս ներկայացուցչի բացակայությամբ։

Միջնորդության մեջ, որպես վարույթի կարճման հիմքեր և հիմնավորումներ նշվել են. ա/ Խորհրդի դատավոր անդամի (նախագահի) լիազորությունների կասեցման ժամանակահատվածում վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հնարավորության բացակայությունը, բ/ Խորհրդի երեք անդամի կողմից Խորհրդի դատավոր անդամի նկատմամբ վարույթի հարուցման անհնարինությունը։ Միջնորդության մեջ նշված են նաև մի շարք այլ հիմքեր և հիմնավորումներ, որոնց Խորհուրդը կանդրադառնա ստորև։

Ա/ Միջնորդության մեջ նշվում է, որ մեջբերում ենք. «... ակնհայտ է, որ Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ անդամի լիազորությունները կասեցված են, իսկ հաշվի առնելով, որ Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով կարգապահական վարույթ կարող է հարուցվել բացառապես Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ, կարելի է արձանագրել, որ Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ անդամի լիազորությունները կասեցված լինելու պայմաններում նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել չէր կարող»։ Մեջբերված մտքից հետո հղմամբ նշվում է նաև, մեջբերում ենք. «Ընդ որում սույն միջնորդության իմաստով քննարկման առարկա չի դարձվում, արդյո՞ք կասեցման ընթացքում ԲԴԽ անդամը նյութաիրավական իմաստով շարունակում է կաշկանդված մնալ համապատասխան էթիկական նորմերով։ Քննարկվում է բացառապես լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու իրավասության բացակայության հարցը»։

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ խորհրդի անդամի լիազորությունների կասեցման դեպքում վերջինս շարունակում է մնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Օրենքի 69-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորը պարտավոր է պահպանել վարքագծի կանոնները ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում։ Օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար: Այսպիսով, ինչպես դատավորները, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները պարտավոր են պահպանել դատավորի վարքագծի կանոնները ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում՝ նույնիսկ, եթե կասեցված են վերջիններիս լիազորությունները։ Լիազորությունների կասեցման ընթացքում վարքագծի կանոնների պահպանման պարտականությունը չի կարող սահմանափակել դատավորի կամ խորհրդի անդամի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, քանի որ հակառակ դեպքում լիազորությունները կասեցված անձը շատ լավ գիտակցելով, որ լիազորությունների կասեցման ժամանակ (կախված լիազորությունների կասեցման հիմքի) վերջինիս լիազորությունները կարող են դադարեցվել կամ ինքը կարող է հրաժարական տալ կամ կարող են անցնել վարքագծի կանոնի խախտման համար պատասխանատվության ժամկետները՝ ազատ կարող է խախտել վարքագծի կանոնները, առանց դրա համար պատասխանատվության ենթարկվելու մտավախություն։ Օրենքի նման մեկնաբանությունը Բարձրագույն դատական խորհրդի համար անընդունելի է և անթույլատրելի։ Խորհուրդն արձանագրում է որ դատավորը և Բարձրագույն դատական խորհրդի անդամը ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում պարտավոր են պահպանել դատավորի վարքագծի կանոնները, իսկ չպահպանելու համար ենթակա են կարգապահական պատասխանատվության (Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել նաև, որ Օրենքը, ի դեմս 66-րդ հոդվածի 2-րդ մասի, վարքագծի կանոնների պահպանման պարտականություն է սահմանում նաև դեռևս դատավոր չդարձած, սակայն դատավորի թեկնածու համարվող անձանց համար։ Խորհուրդն իր գործունեության ընթացքում քննել է կարգապահական վարույթներ ինչպես դատավորի թեկնածուի, այնպես էլ լիազորությունները կասեցված դատավորի նկատմամբ՝ տե՛ս 13.07.2020թ. թիվ ԲԴԽ-39-Ո-Կ-11 որոշումը դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի և 16.08.2021թ. թիվ ԲԴԽ-48-Ո-Կ-17 որոշումը լիազորությունները կասեցված դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ։ Ճիշտ է, տվյալ գործերից մեկով վարույթը կարճվել է, մյուսով կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժվել, սակայն որոշումներով հաստատվել են, որ և՛ դատավորի թեկնածուների, և՛ լիազորությունները կասեցված դատավորների վրա տարածվում են դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները։)։

 Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ սույն գործի փաստերի հետ համադրելի չէ նաև Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ 19․07․2019թ․ կայացված թիվ ԲԴԽ-49-Ո-Դ-1 որոշումը, քանի որ այդ գործը քննվել է Օրենքի 20-րդ գլխի կանոններով և վերաբերել է Խորհրդի անդամի կողմից իր լիազորությունների ստանձնման պահի հարցին։ Սույն գործով քննության է առնվում արդեն իսկ Բարձրագույն դատական խորհրդի անդամ հանդիսացող անձի կարգապահական պատասխանատվության հարցը և այն քննվում է Օրենքի 19-րդ գլխով սահմանված կանոններով։

Բ/ Բարձրագույն դատական խորհուրդն անհիմն է համարում առաջին միջնորդության երկրորդ հիմքով նշված հետևյալ հիմքը, մեջբերում ենք. «Հաշվի առնելով, որ խնդրո առարկա միջնորդության բովանդակությունից բխում է, որ կարգապահական վարույթը հարուցվել է Ռուբեն Վարդազարյանի՝ որպես դատավորի նկատմամբ (առավել ևս հաշվի առնելով որ նրա որպես ԲԴԽ անդամի (նախագահի) լիազորությունները փաստացի կասեցված են, ինչը ինքնին բացառում է Ռուբեն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ անդամի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու հնարավորություն), Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր էր պահպանել Օրենքի 145-րդ հոդվածով սահմանված կանոնները, ինչը չի արել, մասնավորապես՝ կարգապահական վարույթը հարուցվել է ԲԴԽ երեք անդամի միջնորդության հիման վրա, այն դեպքում, երբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող սուբյեկտների կազմում այդ մարմինը ներառված չէ»։

Բարձրագույն դատական խորհուրդը կրկին արձանագրում է, որ դատավորի վարքագծի կանոնները տարածվում են Բարձրագույն դատական խորհրդի թե գիտնական, և թե դատավոր անդամների վրա։ Օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար: Օրենքը չի տարանջատում, թե որ անդամին կարող է Խորհուրդը ենթարկել կարգապահական պատասխանատվության դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար, ինչը ենթադրում է, որ բոլոր անդամներն էլ վարքագծի կանոնների խախտման դեպքում կարող են ենթարկվել կարգապահական պատասխանատվության Խորհրդի կողմից։ Սա ավելի ակնհայտ է դառնում, երբ խոսքը վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ նախագահին, քանի որ Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցուցակից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետով: Օրենքի նշյալ կարգավորումը ենթադրում է, որ Խորհրդի նախագահը, շարունակելով մնալ դատավոր, չի կարող քննել գործեր, վերջինս հանրության առջև հանդես է գալիս նախևառաջ որպես Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացնող անձ, Խորհրդի նախագահ, ուստի նրա ցանկացած գործունեություն կապվում է միմիայն Խորհրդի և վերջինիս անդամության հետ։ Դեռ ավելին, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ խորհրդի անդամի կողմից վարքագծի կանոնի խախտման դեպքում պատասխանատվության գործընթաց սկսելու նախաձեռնությունը վերապահելով Խորհրդի առնվազն երեք անդամի, Օրենքը ավելի է բարձրացրել Խորհրդի անդամների անկախության երաշխիքները։ Եվ սա տրամաբանական է, քանի որ Սահմանադրությունը և Օրենքը, Բարձրագույն դատական խորհուրդին դիտելով որպես դատավորների անկախության երաշխավոր, պարտավոր են բարձր անկախության երաշխիքներ սահմանել Խորհրդի անդամների համար, քանի որ ոչ անկախ Խորհրդի անդամը չի կարող բավարար անկախություն դրսևորել դատավորների նշանակման կամ կարգապահական պատասխանատվության հարցերի քննության ժամանակ։

Ինչ վերաբերում է առաջին միջնորդության սկզբում բերված գործի վարույթը չկարճելու դեպքում գործի քննությունը մեկ շաբաթով հետաձգելու խնդրանքին, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության խնդրարկվող մասում կողմը նշել է միայն Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցված գործի վարույթը կարճելու մասին պահանջը՝ չներկայացնելով կարճման պահանջը մերժելու դեպքում գործի քննության հետաձգման պահանջ։ Այնուամենայնիվ Բարձրագույն դատական խորհուրդը երկրորդ միջնորդության քննարկման ժամանակ քննարկել է նաև առաջին միջնորդությամբ ներկայացված գործը մեկ շաբաթով հետաձգելու հարցը, որին կանդրադառնանք ստորև։

Բ/ Երկրորդ միջնորդության հետ կապված Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ այն ներկայացվել է միայն Արամ Օրբելյանի կողմից։ Միջնորդությամբ խնդրվել է հետաձգել գործի քննությունը, քանի որ նույն օրը նույն ժամին Ա. Օրբելյանն այլ դատարանում մեկ այլ նիստի պետք է մասնակցի, որը նշանակված է եղել սույն կարգապահական գործի քննությունից առաջ։ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Ռ. Վարդազարյանը գործի քննությունը հետաձգելու միջնորդություն չի ներկայացրել ոչ մինչև նիստը, ոչ էլ նիստի ընթացքում, ինչը նա կարող էր անել ցանկացած հասանելի միջոցով։ Ա. Օրբելյանի կողմից 21.06.2022թ. միջնորդությանը կից ներկայացված «Շտապբուժօգնություն» ՓԲԸ կողմից տրամադրված տեղեկանքը, չի կարող բավարար հիմք հանդիսանալ Ռ. Վարդազարյանի բացակայությունն առողջական խնդիրներով պայմանավորված հիմնավոր համարելու համար, քանի որ ըստ տեղեկանքի շտապօգնության կանչը տեղի է ունեցել 16.06.2022թ.-ին ժամը 18։16-ին Խորհրդի նիստի ավարտից հետո և Խորհուրդը որևէ կերպ այդ կանչի մասին իմանալ, կամ դրանով պայմանավորված նիստը հետաձգելու հնարավորություն չի ունեցել։

Քննարկելով ներկայացված երկրորդ միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է.

Օրենքի 150-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:

Օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստը կարող է հետաձգվել աշխատանքային օրն ավարտվելու դեպքում, բացառությամբ անհապաղ քննություն պահանջող հարցերի:

5. Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվում է նաև՝

1) հարցի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում, եթե խորհրդի անդամը պնդում է այդ մասին.

2) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:

Այսպիսով, Օրենքը Խորհրդի կողմից կարգապահական վարույթների քննության համար սահմանում է հստակ կրճատ ժամկետ՝ երեք ամիս։ Ելնելով սեղմ ժամկետում գործի քննությունն ապահովելու անհրաժեշտությունից՝ Օրենքը սահմանում է, որ Խորհրդի նիստը կարող է հետաձգվել, եթե ավարտվել է աշխատանքային օրը՝ բացառությամբ անհապաղ քննություն պահանջող դեպքերի, եթե հարցի վերաբերյալ նյութերը Խորհրդի անդամներին տրամադրվել են սահմանված ժամկետից ուշ և անդամը պնդում է հետաձգման մասին, և, եթե կա քննությունն անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանք։ Բարձրագույն դատական խորհուրդը փաստելով, որ բացակայել են նիստի հետաձգման բոլոր երեք պայմանները, այնուամենայնիվ կարևոր է համարում անդրադառնալ երրորդ պայմանի մեկնաբանմանը, սույն գործի համատեքստում, այն է՝ արդյո՞ք դատավորի ներկայացուցչի այլ գործով դատական նիստի մասնակցությունը կարող է դիտվել որպես նիստը հետաձգելու բացառիկ հանգամանք։

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 93-րդ կետի համաձայն՝

«93․ Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

«1․ Կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով։

2. Կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի»:

Օրենքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել, կամ նրա փաստաբանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամները և վարույթը հարուցած մարմնի ներկայացուցիչը կարող են հարցեր ուղղել դատավորին, որոնց դատավորը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց:

Այսպիսով, թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, և թե Օրենքի իրավակարգավորումներից բխում է, որ կարգապահական վարույթի քննության ժամանակ առաջնային սուբյեկտ է հանդես գալիս կողմը, ապա նոր վերջինիս փաստաբանը կամ ներկայացուցիչը։ Կողմն իրավունք ունի իր գործով ներգրավել ներկայացուցիչ, սակայն շարունակել ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները։ Փաստորեն, օրենսդրությունը կողմին իրավունք տալով դատավարությանը ներգրավել փաստաբանի, չի պայմանավորում կողմի իրավունքների իրացումը միմիայն փաստաբանի միջոցով։ Տվյալ դեպքում կարևորվում է այն հանգամանքը, որ կարգապահական վարույթի շրջանակներում որպես կողմ հանդես է եկել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ-նախագահը, ով ի տարբերություն մասնագիտական ունակություններով չօժտված անձանց, հանդիսանում է պրոֆեսիոնալ իրավաբան, Խորհրդի նախագահ և պարտավոր է բացարձակ տիրապետել Խորհրդում կարգապահական վարույթների քննության իրավակարգավորումներին։ Վերջինիս կողմից Խորհրդին պատասխան չներկայացնելը, նիստին չներկայանալը, նիստի հետաձգման վերաբերյալ միջնորդություն չներկայացնելը, առանց իր փաստաբանի նիստին մասնակցելու վերաբերյալ անհամաձայնությունը չհայտնելը Բարձրագույն դատական խորհրդին տվել են բավարար հիմքեր ենթադրելու, որ Ռ. Վարդազարյանն ուղղակի հրաժարվել է մասնակցել իր գործով քննվող կարգապահական վարույթին և բացակայում են այդ մասով բացառիկ հիմքերով նիստի հետաձգման պատճառները։

Ինչ վերաբերում է Ա. Օրբելյանի միջնորդությանը, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վերոգրյալից ելնելով, այն է Ռ. Վարդազարյանի կողմից վերջինիս միջնորդությանը չմիանալով, առանց իր փաստաբանի ներկայության գործին ներկայանալու մասին կամահայտնության բացակայության պայմաններում, Ա. Օրբելյանի միջնորդությունը չի կարող դիտվել գործի հետաձգման բացառիկ հանգամանք, քանի որ Ռ. Վարդազարյանը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, առանց փաստաբանի էլ կարող էր մասնակցել քննվող նիստին, կարող էր ներգրավել այլ փաստաբան, քանզի 10.06.2022թ. Ա. Օրբելյանին լիազորագիր տալիս արդեն իսկ պարտավոր է եղել տեղյակ լինել իր գործով Խորհրդում 16.06.2022թ. նշանակված նիստի օրը վերջինիս մեկ այլ դատական նիստով զբաղվածության մասին։

Գործի քննությունը մեկ շաբաթով հետաձգելու խնդրանքի մասով Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է.

Օրենքի 148-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը և կարգապահական վարույթի նյութերն ստանալու պահից երկու շաբաթվա ընթացքում դատավորն իրավունք ունի Բարձրագույն դատական խորհուրդ և վարույթ հարուցող մարմին ուղարկելու պատասխան՝ կցելով էլեկտրոնային կրիչը: Բարձրագույն դատական խորհրդի կողմից հարգելի ճանաչված պատճառների առկայության դեպքում դատավորի միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդը մինչև մեկշաբաթյա ժամկետով կարող է երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը: Դատավորի պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Բարձրագույն դատական խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը: Սույն գործով ոչ Ռ. Վարդազարյանը, ոչ վերջինիս ներկայացուցիչը չեն ներկայացրել միջնորդություն նախատեսված ժամկետում պատասխանը չուղարկելը հարգելի համարելու և պատասխան ներկայացնելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելու մասին, ուստի պատասխան չուղարկելը չի խոչընդոտել Բարձրագույն դատական խորհրդում Ռ. Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը։

Ամփոփելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Խորհրդի նիստի անցկացման տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցված Ռ. Վարդազարյանի կողմից Խորհրդին՝ նիստը հետաձգելու մասին միջնորդություն չներկայացնելը, ինչպես նաև որևէ կերպ իր ներկայացուցչի ներկայացրած միջնորդությանը չմիանալն իրենցից ներկայացնում են Ռ. Վարդազարյանի կողմից Խորհրդի նիստին անձամբ մասնակցելու, այն է՝ լսվելու իրավունքից, հրաժարում (waiver of a right) գործողության միջոցով:

Այս առումով, Խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև քննարկել այն պայմանները, որոնց առկայությամբ կարելի է համարել, որ անձը հրաժարվել է իր դատավարական, մասնավորապես՝ կոնվենցիոն իրավունքներից, ինչպես որ այդ պայմանները մեկնաբանված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (այսուհետ՝ ՄԻԵԴ): Եվ այսպես, ՄԻԵԴ կայուն հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ անձի կողմից իր իրավունքից վարքագծի միջոցով կամ փաստացի հրաժարումն արձանագրելու համար միաժամանակ անհրաժեշտ է, որպեսզի՝

1) անձի համար կանխատեսելի լինեն իր վարքագծի հետևանքները՝ ողջամիտ ճշգրտությամբ և անհրաժեշտության դեպքում իրավաբանական խորհրդատվության առկայությամբ.

2) հրաժարման ձևը կասկած չթողնի անձի՝ այդ անելու ցանկության մասին.

3) հրաժարումը լինի կամովին (տես՝ ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների՝ Կոլոցցան ընդդեմ Իտալիայի, 12 փետրվարի 1985թ., կետ 28-րդ, Հերմին ընդդեմ Իտալիայի, 18 հոկտեմբերի 2006թ., կետ 89-րդ, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի, 10 ապրիլի, 2012թ., կետ 85-րդ և մյուսները, և այլն):

Այսպիսով, կոնվենցիոն պահանջների պահպանման տեսակետից, առաջին հարցն այն է, թե արդյո՞ք Ռ. Վարդազարյանի համար կանխատեսելի էր այն, որ Խորհուրդը նիստը կանցկացնի իր բացակայությամբ: Ընդ որում, այս հարցի քննարկումը պետք է իրականացնել օբյեկտիվ և սուբյեկտիվ տեսակետից:

Օբյեկտիվ տեսակետից Խորհուրդն ընդգծում է հետևյալը՝

 Խորհրդի պրակտիկայում դեռևս չի եղել դեպք, երբ Խորհրդի նիստը հետաձգվեր՝ առանց Ռ. Վարդազարյանի կամահայտնության՝ սեփական միջնորդության կամ ներկայացուցչի միջնորդությանը միանալու,

 Օրենքի համաձայն Խորհուրդը նիստերը կարող է հետաձգել բացառիկ դեպքերում և Խորհրդի պրակտիկայում չի եղել դեպք, երբ Խորհրդի դատական նիստը կհետաձգվեր դատավորի ներկայացուցչի միջնորդությամբ՝ վերջինիս այլ դատական նիստերով ծանրաբեռնված լինելու հիմքով:

Խորհուրդն ընդգծում է նաև, որ Ռ. Վարդազարյանը որևէ կերպ չի արտահայտել իր դիրքորոշումն իր ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությանը միանալու կամ չմիանալու մասին: Նման կամահայտնության բացակայության պայմաններում Խորհուրդը չի կարող դատավորի ներկայացուցչի կամահայտնությունը կամ ցանկությունները վերագրել նաև Խորհրդի նիստի անցկացման տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցված Ռ. Վարդազարյանին՝ առավել ևս, որ վերջինիս ներկայացուցչի լիազորությունները դեռ ճանաչված չեն եղել Խորհրդի կողմից, քանի որ այս գործով որևէ նիստ դեռ տեղի չէր ունեցել:

Սուբյեկտիվ տեսակետից, անհրաժեշտ է նշել, որ Ռ. Վարդազարյանն անձամբ գրեթե երեք տարի լինելով Խորհրդի անդամ, որից երկու տարի որպես Խորհրդի նախագահ նախագահելով Խորհրդի նիստերը, քաջածանոթ է եղել Խորհրդի՝ վերը նկարագրված պրակտիկային: Նման իրազեկվածության պայմաններում Խորհրդի նիստի անցկացման տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցված Ռ. Վարդազարյանի կողմից Խորհրդին՝ նիստը հետաձգելու մասին միջնորդություն չներկայացնելու, ինչպես նաև որևէ կերպ իր ներկայացուցչի ներկայացրած միջնորդությանը չմիանալու պայմաններում Խորհուրդը գտնում է, որ Ռ. Վարդազարյանի համար կանխատեսելի էր այն, որ Խորհուրդը չի հետաձգելու նիստը՝ բացառապես Ռ. Վարդազարյանի ներկայացուցչի՝ այլ դատական նիստի մասնակցելու պատճառով նիստը հետաձգելու միջնորդության հիման վրա:

Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ Ռ. Վարդազարյանի համար կանխատեսելի էր, որ իր գործողություններով, այն է՝ Խորհրդի նիստի մասին պատշաճ լինելու պայմաններում այն հետաձգելու մասին միջնորդություն չներկայացնելով և իր ներկայացուցչի՝ այդպիսի միջնորդությանը չմիանալով և ընդհանրապես դրա մասին որևէ դիրքորոշում Խորհրդին չհայտնելով, հրաժարվում է Խորհրդի նիստին մասնակցելու և լսված լինելու իրավունքից:

Իրավունքից հրաժարվելու իրավաչափությունը դիտարկելու շրջանակներում Խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ առկա է ՄԻԵԴ կողմից պահանջվող երկրորդ պայմանը ևս, այն է՝ լսված լինելու իրավունքից հրաժարումը տեղի է ունեցել աներկբա (unequivocally) ձևով: Մասնավորապես, Ռ. Վարդազարյանի՝ թե որպես իրավաբան մասնագետի, և թե որպես Խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցրած և Խորհրդի պրակտիկային քաջածանոթ անձի համար ակնհայտ էր, որ Խորհրդին, ինչպես նաև ցանկացած դատարանին որևէ կամահայտնություն փոխանցելու օրենքով սահմանված միակ ձևը համապատասխան դատավարական միջնորդություն ներկայացնելն է, որը չանելով նա հրաժարվել է իր սեփական դիրքորոշումը Խորհրդին հայտնելուց: Այսինքն, Ռ. Վարդազարյանը Խորհրդին չի հայտնել այն մասին, որ ցանկանում է մասնակցել Խորհրդի նիստին և որ դա անհնար է՝ որևէ անձնական, այդ թվում՝ իր ներկայացուցչի՝ այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու պատճառով: Նման պայմաններում Ռ. Վարդազարյանի կողմից համապատասխան միջնորդություն չներկայացնելը և իր ներկայացուցչի միջնորդությանը չմիանալը որևէ կասկած չեն թողնում Ռ. Վարդազարյանի կողմից՝ նիստին մասնակցելու իրավունքից հրաժարվելու մասին:

Ինչ վերաբերում է պահանջվող երրորդ պայմանին, այն է՝ իրավունքից հրաժարումը պետք է տեղի ունենա կամովին կերպով, ապա Խորհուրդը գտնում է, որ վերը նկարագրված՝ իրավունքից հրաժարվելու գործողությունները, այն է՝ Ռ. Վարդազարյանի կողմից Խորհրդին՝ նիստը հետաձգելու մասին միջնորդություն չներկայացնելը, ինչպես նաև որևէ կերպ իր ներկայացուցչի ներկայացրած միջնորդությանը չմիանալը տեղի են ունեցել կամովին և որևէ կերպ չեն հանդիսացել Ռ. Վարդազարյանի վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների ներգործության հետևանք, քանի որ ոչ Ռ. Վարդազարյանը և ոչ էլ նրա ներկայացուցիչը այդ մասին չեն հայտնել, ոչ Խորհրդին և ոչ էլ հանրությանը:

Միաժամանակ, Խորհուրդն ընդգծելով, որ «ազգային իշխանություններն են, որ պետք է գնահատեն, թե արդյո՞ք մեղադրյալը հարգելի պատճառներ է ներկայացրել իր բացակայության համար կամ թե արդյո՞ք գործում առկա որևէ հանգամանք թույլ է տալիս եզրակացնել, որ նա բացակայել է իր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառների բերումով» (տես՝ Հերմին ընդդեմ Իտալիայի, կետ 75-րդ), գտնում է, որ Ռ. Վարդազարյանի կողմից չի ներկայացվել որևէ պատճառ՝ նիստին չմասնակցելու մասին:

Այսպիսով, Խորհուրդը եզրակացնում է, որ Խորհրդի նիստի անցկացման տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցված, իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունն օրենքով սահմանված ժամկետում ստացած և դրան պատասխանելու հնարավորություն ունեցած Ռ. Վարդազարյանի կողմից Խորհրդին՝ նիստը հետաձգելու մասին միջնորդություն չներկայացնելը, ինչպես նաև որևէ կերպ իր ներկայացուցչի ներկայացրած միջնորդությանը չմիանալը հանդիսանում են Ռ. Վարդազարյանի կողմից Խորհրդի նիստին անձամբ մասնակցելու, այն է՝ լսվելու իրավունքից հրաժարում վարքագծի միջոցով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ բարեխղճորեն դատավարական իրավունքներից օգտվելու պարտականությունն ավելի է խստացվում այն դեպքերում, երբ Խորհրդում քննվող կարգապահական վարույթներում որպես կողմ են հանդես գալիս գործադիր կամ դատական իշխանության ներկայացուցիչները, իրավաբանները, դատավորները կամ խորհրդի անդամները։

Հաստատելով, որ Ռ. Վարդազարյանը վարույթի հենց սկզբից խուսափել է ստանալ 16.06.2022թ. նիստի վերաբերյալ ծանուցագիրը, չի ներկայացել Խորհրդի նիստին, Օրենքով նախատեսված ժամկետում մինչև նիստը չի ներկայացրել պատասխան, խուսափել է ներկայացնել իր մոտ առկա ապացույցները՝ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Ռ. Վարդազարյանը և վերջինիս ներկայացուցիչը բարեխղճորեն չեն օգտվել դատավարական իրենց իրավունքներից և վերջիններիս գործողություններն ուղղված են եղել հնարավոր բոլոր եղանակներով կարգապահական վարույթի քննությունը հետաձգելուն։

Անդրադառնալով 16.06.2022թ. նիստից հետո 21.06.2022թ. և 22.06.2022թ. ներկայացված միջնորդություններին՝ Խորհուրդն արձանագրում է, որ դրանք ներկայացվել են Խորհրդի կողմից որոշումը կայացնելուց հետո, ուստի չէին կարող քննարկման առարկա հանդիսանալ։ Այնուամենայնիվ Խորհուրդն արձանագրում է, որ միջնորդություններում ներկայացված փաստերը հայտնի են եղել Ռ. Վարդազարյանին դեռևս մեկ տարի չորս ամիս առաջ, դրանք չեն բարձրաձայնվել ու չեն բացահայտվել Խորհրդի առաջ, դրանք չեն ներկայացվել նաև մինչև կարգապահական գործով նիստը, ինչն անելու որևէ սահմանափակում Ռ. Վարդազարյանը չի ունեցել։

Ինչ վերաբերում է սույն որոշմամբ պարզաբանման ենթակա առաջին հարցին, այն է՝ արդյո՞ք Ռ. Վարդազարյանի կողմից կատարված Արտահայտություններով թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներ, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է.

Օրենքի 85-րդ հոդվածի համաձայն՝

1. Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար:

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

Օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար:

/…/

3. Դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:

Օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց.

Նույն հոդվածի նույն մասի 6-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց, բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի:

Նույն հոդվածի նույն մասի 8-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ.-ի նոյեմբերի 17-ին Թայվանում ընդունված, Վերանայված 2017 թ.-ի նոյեմբերի 14-ին Սանտյագոյում (Չիլի) դատավորների համընդհանուր խարտիայի 6.2 հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի վարքագծից, գործողություն կատարելուց կամ արտահայտություն անելուց, որն արդյունավետորեն ազդեցություն կունենա նրա անկողմնակալության և անկախության հանդեպ վստահության վրա:

Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:

Բանգալորյան սկզբունքների մենաբանությունների համաձայն՝ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց:

Որպես հասարակության սևեռուն ուշադրության առարկա՝ դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել անձնական սահմանափակումներ, չնայած նրան, որ դրանք շարքային քաղաքացու համար կարող են դժվար իրականանալի թվալ: Մասնավորապես՝ դատավորի վարքագիծը պետք է համապատասխանի դատավորի պաշտոնի արժանապատվությանը:

(...)

Դատավորը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ունի ազատ արտահայտվելու (...) իրավունք, սակայն այդ իրավունքների իրականացման ճանապարհին դատավորը միշտ պետք է դրսևորի իրեն այնպես, որ բարձր պահի պաշտոնի համբավը և զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք անհամատեղելի են դատական իշխանության անաչառության և անկախության հետ:

Վերոգրյալի հաշվառմամբ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կողմից վարքագծի կանոնների պահպանման կարևորումն էական նշանակություն ունի նաև հասարակության կողմից դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդման տեսանկյունից: Ըստ այդմ, դատավորի դրսևորած վարքագիծն ուղղակի ազդեցություն է ունենում դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման ձևավորման վրա ընդհանրապես, ինչպես նաև էական գործոն է հանդիսանում դատական իշխանության հեղինակության ամրապնդման համար:

Վերը նշված իրավանորմերից ու դրանց մեկնաբանություններից բխում է, որ դատավորի և դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության հանդեպ նաև հասարակական վստահության ապահովման երաշխիք է դատավորի՝ բարձր կոչմանը համապատասխանող վարքագիծը: Դատավորը պետք է իր վարքագծով, խոսքերով վստահություն ստեղծի հանրության մոտ դատարանների, դատավարության գործընթացի, դատավարական գործողությունների և դատական ակտերի նկատմամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը և քննարկելով Ռ. Վարդազարյանի կողմից թույլ տրված Արտահայտություններն ու վարքագիծը, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ միջնորդության հիմքում վկայակոչված փաստական հանգամանքներն ապացուցում են, որ Ռ. Վարդազարյանի կողմից թույլ են տրվել արտահայտություններ, որոնք անհամատեղելի են Բարձրագույն դատական խորհրդի անդամի և դատավորի կարգավիճակի հետ: Արտահայտություններով Ռ. Վարդազարյանն արհամարհել է Սահմանադրական դատարանի որոշումը, կասկածի տակ է դրել Բարձրագույն դատական խորհրդի մեկ և կես տարվա գործունեության օրինականությունը, ընդունված որոշումները, որոնց թվում կան նաև որպես դատարան ընդունված որոշումներ։

Սահմանադրության 163-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը սահմանում են.

3. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

4. Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Սահմանադրության 175-րդ և Օրենքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը։

Համաձայն գործում առկա նյութերի՝ Ռ. Վարդազարյանի հարցազրույցը հրապարակվել է 10.05.2022թ. առավոտյան ժամը 11-ին, իսկ թիվ ՍԴՈ-1650 որոշման ամբողջական տեքստը Սահմանադրական դատարանի կայքէջում տեղադրվել է 2022 թվականի մայիսի 10-ին, 18։48-ից մինչև 19։02-ի ժամային միջակայքում։ Կողմերին որոշումն առաքվել է 2022թ. մայիսի 11-ին։

Հարցազրույցի ժամանակ Ռուբեն Վարդազարյանի կողմից արվել են հետևյալ արտահայտությունները. ա/ «-Կեցցե Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն իր այս քայլով ապացուցեց, որ Սահմանադրական դատարանի դատավորները ավելի պետականամետ են, ավելի են շահագրգռված դատական իշխանության կայունությամբ և հեղինակությամբ, քան որոշ սուբյեկտներ։ Մեկ վայրկյան չեմ կասկածում և շատ բարձր եմ գնահատում նաև Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական կարողությունները։ Նույնպես չեմ կասկածում ԱԺ պատգամավոր Վարդևանյանի դիմումի հիմնավորվածությանը։ Առաջարկում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դիմումը բավարարվեր։ Համընդհանուր, տոտալ կոլապս դատական համակարգում, 1,5 տարվա ընթացքում ընդունված ԲԴԽ բոլոր որոշումները վերանայման ենթակա կլինեին՝ լիազորությունների դադարեցումներ, նշանակումներ, տեղափոխություններ, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր որոշումներ...Դե հիմա եկեք պատկերացնեք, թե ինչից փրկեց ՍԴ-ն Հայաստանի Հանրապետությանը, նրա իշխանության մի թևին։ Ակնհայտ է, որ որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը։»։

բ/ «Այս որոշմամբ, ցավոք, բացվեց այն դուռը, որ այս կամ հաջորդ իշխանությունները կարող են գտնել 95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի և ուղարկել ԲԴԽ»։

Արտահայտություններով Ռ. Վարդազարյանը կասկածի տակ է առնում Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1650 որոշումը, կասկածի տակ է առնում Բարձրագույն դատական խորհրդի բոլոր որոշումները, որոնք կայացվել են 2021թ. հունվարի 22-ից մինչ օրս։ Արտահայտություններից հետևում է, որ ՍԴ-ն նման որոշում է կայացրել այն նպատակով, որ չվնասի դատական իշխանությանը։ Դրանցով կասկածի տակ է դրվել Սահմանադրական դատարանի անկախությունը, հեղինակազրկվել են Բարձրագույն դատական խորհուրդը և դատական իշխանությունը, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն անմիջականորեն կապված են դատական իշխանության կազմակերպման և գործունեության հետ, որոնց թվում կան որոշումներ, որոնք Խորհուրդը կայացրել է որպես դատարան։ Այս ամենի արդյունքում կասկածի տակ են առնվել նաև Բարձրագույն դատական խորհրդի վերջին մեկ և կես տարվա ընթացքում կայացված որոշումների արդյունքում նշանակված դատավորների կողմից կայացված ակտերը։ Դեռ ավելին, Սահմանադրական դատարանի որոշումը ենթադրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի իրավաբան անդամի նշանակման համար բացակայում է տարիքային սահմանափակումը, ուստի Ռ. Վարդազարյանի Արտահայտությունները կասկածի տակ են առնում ոչ միայն մինչ այս պահն ընդունված Խորհրդի որոշումները, այլև այսուհետ ընդունվելիք բոլոր որոշումները, որոնցում կմասնակցի 65 տարեկանից բարձր իրավաբան անդամը։ Հռետորական հարց է առաջանում նաև, թե ինչպե՞ս կարող է Բարձրագույն դատական խորհրդի անդամը/նախագահը շարունակել ղեկավարել մի մարմին, որի անդամներից մեկը կամ մի քանիսը, իր կարծիքով լեգիտիմ չեն, չնայած անվիճարկելի և օրինական ուժ ունեցող Սահմանադրական դատարանի որոշմանը, որը հաստատում է այդ անդամների ընտրության օրինականությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Արտահայտություններով խախտվել են Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջները, մասնավորապես Արտահայտությունները վարկաբեկում են դատական իշխանությունը, նման Արտահայտություններով նվազեցվում է հանրության վստահությունը դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ։ Արտահայտությունները հրապարակայնորեն կասկածի տակ են առնում Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները, դատական ակտերը և վտանգում ու կասկածի տակ են առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում ընդգծել, որ գործում առկա նյութերի ուսումնասիրությունը և փաստերը հիմնավորում են, որ «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցը և դրանում առկա Արտահայտությունները Ռուբեն Վարդազարյանինն են։ Նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները՝ ա/ հարցազրույցի հղումը տեղադրվել է Ռուբեն Վարդազարյանի անձնական Ֆեյսբուքի էջում, բ/ հարցազրույցում առկա Արտահայտություններից Ռուբեն Վարդազարյանը երբևէ հրապարակայնորեն չի հրաժարվել, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված իր և իր փաստաբանի գրություններով։

Ելնելով վերոգրյալից Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Ռուբեն Վարդազարյանի կողմից կատարված Արտահայտություններով թույլ են տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումներ։

Անդրադառնալով սույն որոշման երկրորդ հարցադրմանը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ դատավորի վարքագծի ընդհանուր կանոնների պահանջների խախտումները Ռուբեն Վարդազարյանի կողմից թույլ են տրվել դիտավորությամբ, հետևյալ հիմնավորմամբ.

Օրենքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը։

Ռ. Վարդազարյանը, հանդիսանալով դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ և նախագահ, պարտավոր է իմանալ դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները և զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց։ Ռ. Վարդազարյանը կասկածի տակ է դրել Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն այն դեպքում, երբ հարցազրույցը տալու պահին Սահմանադրական դատարանի որոշման ամբողջական տեքստը դեռևս հրապարակված և հասանելի չէր և, առանց որոշման հիմնավորումները կարդալու այն կասկածի տակ դնելը վկայում է Ռ. Վարդազարյանի գործողություններում դիտավորության առկայության մասին։

Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ։

Կարգապահական խախտումն էական գնահատելու համար Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կախված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում։

Քննարկվող դեպքում, ի թիվս Օրենքով նախատեսված վարքագծի մի շարք կանոնների խախտման (Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ) Ռուբեն Վարդազարյանը թույլ է տվել Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 8-րդ կետերի խախտումներ, որոնք Օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն հանգեցնում են էական կարգապահական խախտման։

Այսպիսով, իր Արտահայտություններում Ռ. Վարդազարյանը զերծ չի մնացել Սահմանադրական դատարանին և Բարձրագույն դատական խորհրդին վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող, դատարանի անկախությունը և անաչառությունը վտանգող ու կասկածի տակ առնող հայտարարություններ անելուց, ինչպես նաև զերծ չի մնացել այլ ինչպես այդ մարմինների, այնպես էլ անուղղակի կերպով այլ դատավորների դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց: Ընդ որում, այդ գործողությունները կատարվել են պաշտոնյա հանդիսացող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից մի գործի վերաբերյալ, որը անմիջական նշանակություն ունի դատական իշխանության կազմակերպման ու բնականոն գործունեության համար և դրանք կատարվել են դիտավորությամբ։ Խորհուրդն արձանագրում է, որ նման խախտումների միաժամանակյա առկայությունը չի կարող համատեղելի լինել Բարձրագույն դատական խորհրդի անդամ/նախագահ/դատավորի կարգավիճակի հետ։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

3.1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելք՝ մեկ տարի ժամկետով.

3.2) դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնից ազատում.

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

Այսպիսով, Միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, Խորհուրդը գալիս է այն եզրահանգման, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների խախտումներն էական կարգապահական խախտումներ են, որոնք համատեղելի չեն Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և դատավորի կարգավիճակի հետ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել. Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

_______________________

1 Ընդ որում սույն միջնորդության իմաստով քննարկման առաարկա չի դարձվում, արդյո˚ք կասեցման ընթացքում ԲԴԽ անդամը նյութաիրավական իմաստով շարունակում է կաշկանդված մնալ համապատասխան էթիկական նորմերով։ Քննարկվում է բացառապես լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և իրականացնելու իրավասության բացակայության հարցը։

2 Հարկ է նկատել, որ նշվածը չի բացառում անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունն ընդհանրապես և վերաբերելի է ԲԴԽ անդամի կողմից իր կարգավիճակից բխող լիազորությունների իրականացման անհնարինության ժամանակահատավածին։ Նաև կարևոր է մատնանշել, որ նշվածը վերաբերվում է անձի՝ որպես ԲԴԽ անդամի պատասխանատվության հարցին։ Անձի՝ որպես դատավորի կարգապահական պատասխանատվության հարցի կարգավորումները նշվածից տարբերվում են։

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ պԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

   

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

     

Հատուկ կարծիք

որոշման պատճառաբանական և

եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

Մ. ՄԱԿՅԱՆ

 

 

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

 

Ս․ Միքայելյան

Դեմ

Հատուկ կարծիք որոշման վերաբերյալ


Ա. Մխիթարյան

     

Հատուկ կարծիք

որոշման պատճառաբանական և

եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

Ս. Չիչոյան

   

Վ. Քոչարյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2022 թվական:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«11» հուլիսի 2022 թ.

ք. Երևան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ /լիազորությունները կասեցված/ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականի հունիսի 23-ին կայացված ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ.

 

1. Գործի նախապատմությունը.

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմելու համար առիթ են հանդիսացել Ռուբեն Վարդազարյանի կողմից Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 6-ի թիվ ՍԴՈ-1150 որոշման վերաբերյալ 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տրված հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները, որոնք, ըստ Հանձնախմբի, խախտում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարքագծի կանոնները։

2022 թվականի հունիսի 18-ին Հանձնախումբը որոշել է Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել միջնորդություն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

 

2. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Ռուբեն Վարդազարյանը «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տվել է հարցազրույց, որը հրապարակվել է 10.05.2022թ. առավոտյան ժամը 11-ին, որում լրագրողի հարցերին ի պատասխան Ռ. Վարդազարյանը նշել է.

«-Կեցցե Սահմանադրական դատարանը։ ՍԴ-ն իր այս քայլով ապացուցեց, որ Սահմանադրական դատարանի դատավորները ավելի պետականամետ են, ավելի են շահագրգռված դատական իշխանության կայունությամբ և հեղինակությամբ, քան որոշ սուբյեկտներ։ Մեկ վայրկյան չեմ կասկածում և շատ բարձր եմ գնահատում նաև Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական կարողությունները։ Նույնպես չեմ կասկածում ԱԺ պատգամավոր Վարդևանյանի դիմումի հիմնավորվածությանը։ Առաջարկում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դիմումը բավարարվեր։ Համընդհանուր, տոտալ կոլապս դատական համակարգում, 1,5 տարվա ընթացքում ընդունված ԲԴԽ բոլոր որոշումները վերանայման ենթակա կլինեին՝ լիազորությունների դադարեցումներ, նշանակումներ, տեղափոխություններ, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ բոլոր որոշումներ...Դե հիմա եկեք պատկերացնեք, թե ինչից փրկեց ՍԴ-ն Հայաստանի Հանրապետությանը, նրա իշխանության մի թևին։ Ակնհայտ է, որ որոշումը որևէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը։»։

բ/ «Այս որոշմամբ, ցավոք, բացվեց այն դուռը, որ այս կամ հաջորդ իշխանությունները կարող են գտնել 95-ամյա մի զառամյալ ծերունի իրավաբանի և ուղարկել ԲԴԽ» (այսուհետ նաև՝ Արտահայտություններ)։

2. Հարցազրույցի տարբերակը տեղադրվել է Ռուբեն Վարդազարյանի անձնական Ֆեյսբուքյան էջում։ Ռուբեն Վարդազարյանը որևէ կերպ չի հերքել կամ չի առարկել, որ հարցազրույցում տեղ գտած արտահայտություններն իրենը չեն։

3. Ի պատասխան Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի կողմից 2022 թվականի հունիսի 13-ի գրության Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի հունի 14-ի թիվ Ա/0652-2022 գրությամբ հայտնվել է, որ ՍԴՈ-1650 որոշման ամբողջական տեքստը Սահմանադրական դատարանի կայքէջում տեղադրվել է 2022 թվականի մայիսի 10-ին, 18։48-ից մինչև 19։02-ի ժամային միջակայքում։ Կողմերին որոշումն առաքվել է 2022թ. մայիսի 11-ին։

4. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը և կից նյութերը Բարձրագույն դատական խորհրդի անդամներին են տրամադրվել 2022 թվականի հունիսի 3-ին։

5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը և կից նյութերը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի մայիսի 19-ի թիվ ԴԴ-Գ-443 գրությամբ ուղարկվել են Ռուբեն Վարդազարյանին, որը նրա կողմից ստացվել է մայիսի 30-ին։

6. 2022 թվականի հունիսի 9-ին Դատական դեպարտամենտի ղեկավարի թիվ ԴԴ-Գ-531 գրությամբ կազմվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի հունիսի 16-ին ժամը 15։00-ին հրավիրված նիստի մասին ծանուցումը։ Քանի որ հունիսի 9-ին և հունիսի 10-ի առավոտյան հնարավոր չի եղել կապ հաստատել Ռ. Վարդազարյանի հետ, 2022 թվականի հունիսի 10-ին 14:46-ին Դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Շիլաջյանի կողմից Ռուբեն Վարդազարյանի էլեկտրոնային հասցեին ուղարկել է հունիսի 16-ի նիստի ծանուցումը կցելով նաև ծանուցման օրինակը։ Նույն օրը ժամը 17։08-ին Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Շաբոյանի Ֆեյսբուքյան էջից նույն ծանուցումը ուղարկել է Ռուբեն Վարդազարյանին։ Դատական դեպարտամենտի առաջին բաժնի աշխատակիցը 2022թ. հունիսի 10-ին ծանուցագիրը փոխանցելու նպատակով փորձել է կապ հաստատել Ռուբեն Վարդազարյանի հետ, սակայն վերջինիս չի պատասխանել հեռախոսազանգերին և նշված ծանուցագիրը աշխատակցի կողմից դրվել է Ռուբեն Վարդազարյանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի մուտքի մոտ և լուսանկարել է, որից հետո ժամը 17։44-ին Ռուբեն Վարդազարյանը զանգել է և հաստատել, որ ստացել է ծանուցագիրը։

7. Ռ. Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից ներկայացված թվով երկու միջնորդությունները՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը կարճելու մասին և կարգապահական վարույթի քննությունը հետաձգելու մասին մերժվել են Խորհրդի 16.06.2022թ. նիստում։

8. Բարձրագույն դատական խորհուրդը Ռ. Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը խորհրդակցական սենյակում քննարկել և որոշում է կայացրել 16.06.2022թ-ին։

9. 21.06.2022թ. Ռ. Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել գործի վարույթը վերսկսելու մասին։

10. 22.06.2022թ. Ռ. Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գագիկ Ջհանգիրյանին և Գրիգոր Բեքմեզյանին բացարկ հայտնելու մասին։

11. 23.06.2022թ. Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ` Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարվել է. Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել է:

 

3. Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Մ.Մակյանի և Ս.Չիչոյանի իրավական դիրքորոշումները.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարանի ընդունած որոշումներն ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի` որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:

Չհամաձայնելով Բարձրագույն դատական խորհրդի Որոշման եզրափակիչ մասի հետ, ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով` ներկայացնում ենք Հատուկ կարծիք:

Ուսումնասիրելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ /լիազորությունները կասեցված/ Ռուբեն Վարդազարյանին հանձնախմբի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից ներկայացված միջնորդությունները և դրան կից փաստաթղթերը, հիմք ընդունելով նշված կարգապահական վարույթի վերաբերյալ կայացած նիստում Հանձնախմբի դիրքորոշումները, ինչպես նաև քննարկման առարկա դարձնելով ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականի հունիսի 23-ին կայացված թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշման հիմնավորումները՝ համաձայն չենք նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ ներքոհիշյալ պատճառաբանություններով.

 

3.1 Ռուբեն Վարդազարյանի և վերջինիս ներկայացուցիչ Արամ Օրբելյանի` միջնորդության քննությանը չներկայանալու արդյունքում Ռ.Վարդազարյանի արդար դատաքննության և լսված լինելու իրավունքների խախտման մասով.

2022 թվականի հունիսի 09-ի ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ նշանակվել է նիստ, ինչի մասին Ռուբեն Վարդազարյանը ծանուցվել է 2022 թվականի հունիսի 09-ին, որը, ըստ ներկայացուցիչ Ա.Օրբելյանի, Ռ.Վարդազարյանը ստացել է հունիսի 10-ին: 14.06.2022թ-ին Ռ.Վարդազարյանի ներկայացուցիչ Ա.Օրբելյանը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել երկու միջնորդություններ, որոնցից առաջինով խնդրել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթը կարճել, իսկ մյուսով` կարգապահական վարույթի քննությունը հետաձգել։

Առաջին միջնորդության պատճառաբանությունից ակնհայտ է, որ այն հարուցող անձինք չեն առարկել, որպեսզի միջնորդությունը քննվի իրենց բացակայությամբ՝ ակնկալիքով, որ դրական ելքի դեպքում իրենց ներկայությունն, ըստ էության, պարտադիր չէր:

Միևնույն ժամանակ, մեկ այլ` նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը վկայում է այն մասին, որ առաջին միջնորդությունը մերժվելու դեպքում այն հարուցող կողմը ակնկալել է, որ գործի հետագա քննությունը աներկբա պետք է շարունակվի իրենց մասնակցությամբ: Այսինքն` պետք է փաստել, որ Ռ.Վարդազարյանի ներկայացուցիչ Ա.Օրբելյանը հստակ հայտնել է, որ իր կողմից ներկայացված առաջին միջնորդությունը մերժվելու դեպքում ցանկանում է մասնակցել կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթի քննարկմանը: Ավելին, վերջինս ներկայացրել է պատճառաբանված հիմնավորումներ առ այն, թե ինչով է պայմանավորված իր կողմից այդ նիստին ներկայանալու անհնարինությունը: Ինչ վերաբերում է այդ նույն նիստին Ռ.Վարդազարյանի չներկայանալու վերաբերյալ Խորհրդի կողմից արված այն մեկնաբանությանը, համաձայն որի՝ տվյալ փաստը դիտարկվել է որպես նիստին մասնակցելու ցանկության բացակայություն, ապա չենք կիսում ԲԴԽ անդամների այդ դիրքորոշումը, քանի որ Ռ.Վարդազարյանն ունենալով ներկայացուցիչ` հանձին Ա.Օրբելյանի` նրան լիազորել է իրականացնել իր իրավունքների և շահերի պաշտպանությունն ամբողջ ծավալով, ինչից ողջամտորեն կարելի է ենթադրել, որ Ռուբեն Վարդազարյանը միացել է Արամ Օրբելյանի կողմից ներկայացված` նիստը հետաձգելու մասին միջնորդությանը, չնայած այն հանգամանքին, որ այդ մասին հատուկ կամ առանձին միջնորդությամբ հանդես չի եկել: Ուստի՝ այս առումով ցանկանում ենք նշել հետևյալը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի համաձայն`

(…)

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստը կարող է հետաձգվել աշխատանքային օրն ավարտվելու դեպքում, բացառությամբ անհապաղ քննություն պահանջող հարցերի:

5. Բարձրագույն դատական խորհրդի նիստը հետաձգվում է նաև՝

1) հարցի վերաբերյալ նյութերը խորհրդի անդամներին սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրելու դեպքում, եթե խորհրդի անդամը պնդում է այդ մասին.

2) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն`

(…)

3. Վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել, կամ նրա փաստաբանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամները և վարույթը հարուցած մարմնի ներկայացուցիչը կարող են հարցեր ուղղել դատավորին, որոնց դատավորը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Դատավորին կամ նրա փաստաբանին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:

4. Հարցի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի՝

1) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատավորից, կարգապահական վարույթը հարուցած մարմնից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից (դրանց պաշտոնատար անձանցից), ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջելու ներկայացնել հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, որոնք տվյալ անձանց ազդեցության ոլորտում են` սահմանելով ժամկետ դրանք Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնելու համար, իսկ որոշումը կամովին չկատարելու դեպքում այն ներկայացնել կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով.

2) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ հրավիրելու վկաներ.

3) դատավորի, կարգապահական վարույթ հարուցած մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ նշանակելու փորձաքննություն՝ քննության համար նշանակություն ունեցող հարցերի պարզաբանման նպատակով։ (…)

 Վերոգրյալ նորմերի համակարգային վերլուծությունից ակնհայտ է, որ բացի աշխատանքային օրն ավարտվելու դեպքից, Բարձրագույն դատական խորհուրդը իրավունք ունի նիստը հետաձգել նաև այն դեպքում, երբ առկա են հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքներ: Այս առումով անհրաժեշտ է փաստել, որ Ռ.Վարդազարյանի ներկայացուցիչ Ա.Օրբելյանը համապատասխան միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին, որով խնդրել է հետաձգել նիստը, ինչի հիմքում դրել է հիմնավոր փաստարկ՝ այն է իր կողմից ՀՀ հեռավոր մարզում մեկ այլ գործի քննությանը մասնակցելը:

 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածով սահմանված կարգով Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի դատավորին տալ հարցեր, դատավորից պահանջելու ներկայացնել հարցի քննության համար նշանակություն ունեցող ապացույցներ, ավելին, դատավորի նախաձեռնությամբ հրավիրելու վկաներ, նշանակելու փորձաքննություն՝ քննության համար նշանակություն ունեցող հարցերի պարզաբանման նպատակով: Արձանագրում ենք, որ և΄ Ռ.վարդազարյանը, և΄ Բարձրագույն դատական խորհրդի անդամները զրկվել են իրենց այդ իրավունքն իրացնելու հնարավորությունից, ինչի մասին է վկայում նաև Խորհրդի անդամ Ա.Մխիթարյանի և մեր կողմից հարուցված միջնորդությունը՝ գործի քննությունն ավարտելուց առաջ Ռ.Վարդազարյանին հրավիրելու և նրանից որոշակի պարզաբանումներ ստանալու մասին, ինչը, սակայն խորհրդի կողմից կայացված որոշմամբ մերժվել է:

Միևնույն ժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդը Ռուբեն Վարդազարյանի կողմից Խորհրդի նիստին չներկայանալը դիտարկել է որպես իր իրավունքից հրաժարում, ինչի վերաբերյալ ցանկանում ենք նշել հետևյալը.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (այսուհետ՝ ՄԻԵԴ) հստակ նշվել են այն պայմանները, որոնց առկայությամբ կարելի է համարել, որ անձը հրաժարվել է իր դատավարական, մասնավորապես՝ կոնվենցիոն իրավունքներից: ՄԻԵԴ հաստատված նախադեպային իրավունքի համաձայն` անձի կողմից իր իրավունքից վարքագծի միջոցով կամ փաստացի հրաժարումն արձանագրելու համար միաժամանակ անհրաժեշտ է, որպեսզի՝

1) անձի համար կանխատեսելի լինեն իր վարքագծի հետևանքները՝ ողջամիտ ճշգրտությամբ և անհրաժեշտության դեպքում իրավաբանական խորհրդատվության առկայությամբ.

2) հրաժարման ձևը կասկած չթողնի անձի՝ այդ անելու ցանկության մասին.

3) հրաժարումը լինի կամովին (տես՝ ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների՝ Կոլոցցան ընդդեմ Իտալիայի, 12 փետրվարի 1985թ., կետ 28-րդ, Հերմին ընդդեմ Իտալիայի, 18 հոկտեմբերի 2006թ., կետ 89-րդ, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի, 10 ապրիլի, 2012թ., կետ 85-րդ և մյուսները, և այլն):

 

Անդրադառնալով առաջին կետին` պետք է փաստել, որ՝ 

Ռուբեն Վարդազարյանի համար իր վարքագծի նման հետևանքները ամենևին կանխատեսելի չէին կարող լինել, քանի որ վերջինս ի սկզբանե հանդես է եկել ներկայացուցչի` Արամ Օրբելյանի միջոցով, ով իրացրել է իր իրավունքներն ամբողջ ծավալով: Այն պարագայում, երբ Արամ Օրբելյանը միջնորդություն է ներկայացրել Խորհրդի նիստը հետաձգելու վերաբերյալ` դրա հիմքում դնելով հիմնավոր պատճառ, Ռուբեն Վարդազարյանը չէր կարող ողջամտորեն ենթադրել, որ իր և իր ներկայացուցչի հարգելի բացակայությունը կարող էր առաջացնել նման հետևանքներ և կանխատեսեր դրանք: Բացի այդ, եթե դատավորն ունի ներկայացուցիչ, ենթադրվում է որ այն նպատակ է հետապնդում նաև Խորհրդի նիստերին իր ներկայացուցչության ապահովումը վերջինիս միջոցով, ինչը պակաս կարևոր չէ:

 

Երկրորդ կետը` որը վկայում է այն մասին, որ հրաժարման ձևը պետք է կասկած չթողնի անձի՝ այդ անելու ցանկության մասին, ամենևին բացակայում է, ելնելով հենց նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդության բովանդակությունից ու բնույթից, ինչպես այն հարուցող անձի պատշաճ կարգավիճակից:

 

Ինչ վերաբերում է երրորդ կետին, ապա այն ամբողջությամբ բացակայում է. սույն դեպքում առկա չէ Ռուբեն Վարդազարյանի կամ նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանի՝ նիստին մասնակցելուց հրաժարումն ընդհանրապես, այն էլ` կամովին:

 

Ելնելով վերոգրյալից` պետք է փաստել, որ չկան այն պայմանները, որի միաժամանակյա առկայությամբ կարելի է արձանագրել, որ անձը հրաժարվել է իր դատավարական, մասնավորապես իր գործի քննությանը մասնակցելու կոնվենցիոն իրավունքներից:

 

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն`

 

1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների և հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ նրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ` այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը: (…)

 

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդազարյանի` լսված լինելու իրավունքին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կամ խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննարկում է Վարչական դատավարության օրենսգրքի կանոններով, ապա պետք է փաստել հետևյալը.

 

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 27-ի ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 93-րդ կետի համաձայն՝

 

«93. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝

 

«1. Կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով։

2. Կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի»:

 

Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության՝ թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը` «ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացման առանձնահատկություններին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցները հնարավորություն են ստանում վարչական գործի քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա»:

 

Բացի այդ, Եվրոպական միության հիմնական իրավունքների մասին խարտիայի 41-րդ հոդվածն ամրագրում է լսված լինելու իրավունքի ավելի լայն անձնական սահմաններ՝ նախատեսելով, որ յուրաքանչյուր ոք ունի լսված լինելու իրավունք.

 

«(...) ցանկացած անհատական միջոցի դեմ, որը կարող է անբարենպաստ կերպով ազդել այդ անձի վրա (...)»: Փաստորեն, Եվրոպական միության հիմնական իրավունքների մասին խարտիան լսված լինելու իրավունքն ամրագրելիս չի սահմանափակվում միայն այն վարչական ընթացակարգերով, որոնք հարուցվել են անձի դեմ, այլ տարածում է այդ իրավունքի կիրառությունը նաև անձի կողմից հարուցված վարչական ընթացակարգերի վրա /Klara Kanska, «Towards Administrative Human Rights in the EU. Impact of the Charter of Fundamental Rights», European Law Journal, Vol. 10, No. 3, 2004/:

 

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն՝ 28.09.1977 թվականին «Վարչական մարմինների ակտերի առնչությամբ անհատի պաշտպանության վերաբերյալ» թիվ 77 (31) բանաձևում սահմանել է, որ անձն իրավունք ունի ներկայացնելու իր ապացույցները և փաստարկները «(...) ցանկացած վարչական ակտի առնչությամբ, որը կարող է անբարենպաստ կերպով ազդել վերջինիս իրավունքների, ազատությունների կամ շահերի վրա (...)» :

 

Վերոգրյալի համապարփակ վերլուծությունից ակնհայտ է, որ արդար դատաքննության և լսված լինելու իրավունքներն անխախտելի իրավունքներ են, որոնք սույն դեպքում անտեսվել են Ռ.Վարդազարյանի վերաբերյալ գործով և չէին կարող չանդրադառնալ նրա վերաբերյալ կայացված վերջնական որոշման վրա: Ռուբեն Վարդազարյանի և նրա ներկայացուցչի բացակայությամբ խորհրդի նիստն անցկացնելը և հարուցված կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը առանց նրանց քննելը, խախտել է Ռուբեն Վարդազարյանի` արդար դատաքննության և լսված լինելու իրավունքները:

 

Հետևաբար, գտնում ենք, որ հարուցված միջնորդության քննությանը Ռ.Վարդազարյանին և վերջինիս ներկայացուցիչ Ա.Օրբելյանին մասնակից չդարձնելով և միջնորդության քննությունը չհետաձգելով խախտվել է Ռուբեն Վարդազարյանի` արդար դատաքննության, լսված լինելու հիմնարար իրավունքները, հետևաբար և միջնորդության քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունը:

 

3.2 Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ընտրված կարգապահական տույժի՝ լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու մասով.

 

23.06.2022թ. Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ` Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարվել է. Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել է:

 

Չհամաձայնելով Բարձրագույն դատական խորհրդի Որոշման եզրափակիչ մասի հետ, ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով` ներկայացնում ենք Հատուկ կարծիք նաև այս մասով:

 

Գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանին պետք է հայտարարվեր նկատողություն, քանի որ կիրառված կարգապահական տույժը համաչափ չէ կատարված խախտմանը` հետևյալ պատճառաբանությամբ.

 

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2֊րդ մասի համաձայն` կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա:

 

Վերը վկայակոչված հոդվածում թվարկված սկզբունքներից համաչափության սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր` 2016 թվականի հուլիսի 8-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը»:

 

Սահմանադրական դատարանն իր մեկ այլ` 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշմամբ արձանագրել է «(...) Համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև»:

 

Սահմանադրական դատարանն իր 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը, համաձայն որի` «Իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված' ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից: Ըստ այդմ, օրենսդրից պահանջվում է սահմանել պատասխանատվության այնպիսի իրավակարգավորում, որը պատասխանատվության ենթարկող իրավասու մարմնին հնարավորություն ընձեռի որոշելու նշանակվող պատասխանատվության կոնկրետ չափը` ելնելով զանցանքի բնույթից և լրջությունից»:

 

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

 

Վկայակոչված իրավական կարգավորումներից հետևում է, որ օրենսդիրը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը սահմանելով որպես իրավաբանական պատասխանատվության տեսակ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու սկզբունքների շարքում, ի թիվս այլնի, սահմանել է համաչափության սկզբունքը:

 

Ընդ որում հարկ է նկատել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում համաչափության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից, օրենսդիրը կարևոր է համարել այն, որ դատավորի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելիս պետք է հաշվի առնել` խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

 

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում ենք, որ Ռ.Վարդազարյանի նկատմամբ պետք է կիրառվեր խախտմանը համաչափ` ավելի մեղմ պատասխանատվության միջոց, այն է` նկատողություն, քանի որ դրա կիրառմամբ հնարավոր էր հասնել օրենքով ամրագրված իրավաչափ նպատակներին:

 

Արձանագրելով, որ մեր կարծիքով, Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի կողմից թույլ տրված արարքում առկա է վարքագծի կանոնի խախտում, այդուամենայնիվ, նրա նկատմամբ կիրառվել է Օրենսգրքով սահմանված կարգապահական տույժերից ամենախիստը, որը համաչափ չէ նրա կողմից թույլ տրված խախտմանը, քանի որ այն չունի հանրային վտանգավորության այնպիսի բարձր աստիճան, որը կարող էր հանգեցնել նրա լիազորությունների դադարեցմանն առհասարակ:

 

Ամփոփելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով՝

 

գտնում ենք՝

 

1. Կարգապահական վարույթի քննության ընթացքում խախտվել են Ռուբեն Վարդազարյանի՝ արդար դատաքննության և լսված լինելու հիմնարար իրավունքները:

 

2. Ռ.Վարդազարյանի նկատմամբ կիրառվել է խախտմանը ոչ համաչափ կարգապահական տույժի տեսակ, մինչդեռ, պետք է նշանակվեր ավելի մեղմ պատասխանատվության միջոց, այն է` նկատողություն, քանի որ դրա կիրառմամբ հնարավոր էր հասնել օրենքով ամրագրված իրավաչափ նպատակներին:

 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

 

ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Մ. ՄԱԿՅԱՆ

   

Ս. Չիչոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2022 թվական:

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 23.06.2022 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-58-Ո-Կ-11 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ք. Երևան

12.07.2022 թ.

 

Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ) քննության է առել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախմբի (այսուհետ՝ նաև Հանձնախումբ) 2022 թվականի մայիսի 18-ին Բարձրագույն դատական խորհրդին ներկայացված միջնորդությունը:

23.06.2022 թվականին ընդունվել է թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով որոշվել է Հանձնախմբի միջնորդությունը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ բավարարել. Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումներն ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:

Չհամաձայնելով Բարձրագույն դատական խորհրդի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասի հետ, ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով՝ ներկայացնում եմ Հատուկ կարծիք։

Գտնում եմ, որ սույն գործով Հանձնախմբի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա էր մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշմամբ նշել է, որ այն դեպքում, երբ դատարաններից տարբերվող մարմիններ են լուծում այնպիսի վեճեր, որոնց նկատմամբ կիրառելի է 6‑րդ հոդվածը, Կոնվենցիան պահանջում է հետևյալ համակարգերից առնվազն մեկի առկայությունը. համապատասխան իրավասություն ունեցող մարմինները կամ իրենք են բավարարում 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները կամ այնքան էլ չեն բավարարում դրանք, սակայն ենթակա են այնպիսի դատական մարմնի կողմից լրացուցիչ հսկողության, որն ունի լիարժեք իրավասություն և ապահովում է 6-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները (տե՛ս Ալբերտը և լե Կոմպտն ընդդեմ Բելգիայի [Albert and Le Compte v. Belgium], 10 փետրվարի 1983 թվական, § 29, Շարք Ա թիվ 58)։

 Սահմանադրական դատարանն իր 2019 թվականի ՍԴՈ-1488 որոշմամբ անդրադառնալով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում Բարձրագույն դատական խորհրդի գործունեության սկզբունքներին և ընթացակարգերի տեսանկյունից առկա երաշխիքներին, արձանագրել է, որ դրանց հիմնական ակունքը Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասն է, ըստ որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան այն իմաստով, որ որպես դատարան հանդես եկող անկախ պետական մարմնի թե՛ ձևավորման, թե՛ գործունեության կարգը պետք է համապատասխանի դատարաններին բնորոշ համապատասխան հատկանիշներին:

Սահմանադրական դատարանը նշել է, որ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով դատավարական ընթացակարգերին բնորոշ կարգավորումներ ու համապատասխան երաշխիքներ են ամրագրված Օրենսգրքի 143-158-րդ հոդվածներում: Դրանց առանձին դրույթներ նվիրված են ապացուցման պարտականությանը (դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթ հարուցած մարմինը), անմեղության կանխավարկածին (143-րդ հոդված), կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու և այդ գործերով քննության ժամկետներին (144 և 150-րդ հոդվածներ), կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմիններին (կարգապահական հարցերի հանձնաժողով, արդարադատության նախարար, 145-րդ հոդված), կարգապահական վարույթ հարուցելու առիթներին (146-րդ հոդված), այդ գործերով քննության ընթացքին, մասնավորապես, դատավորի իրավունքներին ու պարտականություններին (լսված լինելու, գործի նյութերին ծանոթանալու, քաղվածքներ, պատճեններ, հարցեր և բացատրություններ տալու, առարկություններ ներկայացնելու, ապացույցներ ներկայացնելու, նիստին անձամբ, ինչպես նաև փաստաբանի միջոցով մասնակցելու իրավունքները և այլն), ապացույցների հետազոտման հարցերին, գործի քննությունն ավարտելու և որոշման հրապարակման կանոններին, գործի քննության սահմաններին (գործը բացառապես համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում քննելու պարտականությունը, 151-153-րդ հոդվածներ), կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշման ընդունման ու հրապարակման կանոններին ու այդ որոշումներին ներկայացվող պահանջներին (154-155-րդ հոդվածներ), նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերանայման հիմքերին ու կարգին (157-րդ հոդված) և այլն:

Սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած մեջբերված դրույթների առկայությանն Օրենսգրքում՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու համար անհրաժեշտ մնացած կարգավորումներն ամբողջացվել են «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ 13-Ո-24 որոշմամբ հաստատված հավելվածում, որի 107-րդ կետի համաձայն՝ «Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են Խորհրդում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության նկատմամբ»: Մեջբերված դրույթից, ի թիվս այլնի, հետևում է, որ բոլոր այն երաշխիքները, որոնք առկա են վարչական դատավարության կարգով գործը քննելիս (որոնցից է, օրինակ, փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը, վարչական դատավարությունում կողմերի իրավունքներն ու պարտականությունները) գործում են նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննելու դեպքերում:

Վերոշարադրվածից ելնելով հարկ է նկատել, որ Բարձրագույն դատական խորհուրդը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում հանդես գալով որպես դատարան, կրում է նաև դատավորի՝ արդար դատաքննության իրավունքի իրականացման համար անհրաժեշտ երաշխիքների ապահովման պարտականությունը։

Այսպես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի ինչպես լսված լինելու իրավունքը, այնպես էլ անաչառ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը:

Եվրոպական դատարանը, անդրադառնալով անձի լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ իրավական պաշտպանության առանձնահատկություններին, նշել է, որ «....իրավական պաշտպանության միջոցը պետք է լինի արդյունավետ ոչ միայն օրենսդրական մակարդակում, այլ նաև պրակտիկայում»: (տե՛ս, KՍDŁA KՍDLA v. PՕLAND, app. ոօ. 30210/96, Եվրոպական դատարանի 26.10.2000 թվականի որոշում, § 157-158):

Դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործը, այդ թվում` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, § 38):

Եվրոպական դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս, Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ):

Ըստ Եվրոպական դատարանի` Դոմբո Բեհիր Բ.Վ.-ն ընդդեմ Նիդեռլանդների գործով 1993 թ. սեպտեմբերի 22-ի վճռի 33 կետի` «կողմերի իրավահավասարությունը» նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ»:

Դատավորին և (կամ) Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում Դատավորի լսված լինելու իրավունքի վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են Օրենքով:

Մասնավորապես, ի թիվ այլնի Օրենքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել, կամ նրա փաստաբանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամները և վարույթը հարուցած մարմնի ներկայացուցիչը կարող են հարցեր ուղղել դատավորին, որոնց դատավորը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Դատավորին կամ նրա փաստաբանին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:

Օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Դատավորն իրավունք ունի` մասնակցելու նիստին՝ հանդես գալով անձամբ, ինչպես նաև փաստաբանի միջոցով:

Տվյալ դեպքում հարկ է նկատել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում վերջինիս լսված լինելու իրավունքն ունի հիմնարար նշանակություն:

Լսված լինելու իրավունքի էությունը կայանում է նրանում, որ անձը ում իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվելու է միջամտող ակտ հնարավորություն է ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու և իրականացնելու իր այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարույթը: Այս իրավունքի շնորհիվ դատավորը՝ հնարավորություն է ստանում կարգապահական պատասխանատվության ենթարկելու քննարկման և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ հայտնելու, ապացույցներ ներկայացնելու և այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացվելիք վերջնական որոշման համար ԲԴԽ յուրաքանչյուր անդամի ներքին համոզմունքի ձևավորման վրա:

 Իսկ վերը նշված գործողությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ Բարձրագույն դատական խորհուրդը լսի կամ ապահովի ողջամիտ հնարավորություն լսված լինելու իրավունքը իրացնելու համար, գնահատի կարգապահական վարույթի մասնակիցների դիրքորոշումները, ներկայացված ապացույցները:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու Բարձրագույն դատական խորհրդի պարտականությունը կարևոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի` իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու և պաշտպանության միջոցներից օգտվելու հարցում։ Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն, ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է: Միաժամանակ նշվածը, հնարավորություն է տալիս նաև Բարձրագույն դատական խորհրդին ապահովելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի՝ լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության պարտականության կատարումը:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 93-րդ կետի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Օրենքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Օրենքով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի»:

Սույն դեպքում Ռ.Վարդազարյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է երկու միջնորդություն՝ վարույթը կարճելու և գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ:

Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ Գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդության հետ կապված արձանագրել է, որ միջնորդությունը ներկայացվել է միայն Արամ Օրբելյանի կողմից և այն հիմնավորմամբ, որ նույն օրը նույն ժամին Ա. Օրբելյանն այլ դատարանում մեկ այլ նիստի պետք է մասնակցի, որը նշանակված է եղել սույն կարգապահական գործի քննությունից առաջ։ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ Ռ. Վարդազարյանը գործի քննությունը հետաձգելու միջնորդություն չի ներկայացրել ոչ մինչև նիստը, ոչ էլ նիստի ընթացքում, ինչը նա կարող էր անել ցանկացած հասանելի միջոցով։

Բարձրագույն դատական խորհուրդը վկայակոչելով կարգապահական վարույթների քննության համար օրենքով սահմանված սեղմ ժամկետները, գործի քննությունը հետաձգելու օրենքով սահմանված պայմանները, փաստելով բոլոր պայմանների բացակայությունը և մեկնաբանելով դրանցից մեկը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, Օրենքի իրավակարգավորումներից բխեցնելով, որ կարգապահական վարույթի քննության ժամանակ առաջնային սուբյեկտ է հանդես գալիս կողմը, ապա նոր վերջինիս փաստաբանը կամ ներկայացուցիչը, Բարձրագույն դատական խորհուրդը բավարար հիմքեր է տեսել ենթադրելու, որ Ռ. Վարդազարյանն ուղղակի հրաժարվել է մասնակցել իր գործով քննվող կարգապահական վարույթին և գտել է, որ բացակայում են բացառիկ հիմքերով նիստի հետաձգման պատճառները։

Ավելին, Խորհուրդը գտել է, որ Խորհրդի նիստի անցկացման տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցված Ռ. Վարդազարյանի կողմից Խորհրդին՝ նիստը հետաձգելու մասին միջնորդություն չներկայացնելը, ինչպես նաև որևէ կերպ իր ներկայացուցչի ներկայացրած միջնորդությանը չմիանալն իրենցից ներկայացնում են Ռ. Վարդազարյանի կողմից Խորհրդի նիստին անձամբ մասնակցելու, այն է՝ լսվելու իրավունքից, հրաժարում (waiver of a right) գործողության միջոցով:

Գտնում եմ, որ նման մոտեցմամբ Խորհուրդը ոչ միայն սահմանափակել է Ռ.Վարդազարյանի՝ դատարանում լսված լինելու իրավունքը, այլ չի ապահովել նաև անձի՝ իր ներկայացուցչի միջոցով դատարանում հանդես գալու հիմնարար իրավունքը, դատաքննության կողմերի իրավահավասարության սկզբունքը, մրցակցային դատավարության սկզբունքը՝ վերջնական որոշում կայացնելով դատավարության միայն մեկ կողմին լսելու պայմաններում:

Գտնում եմ, որ Խորհուրդն անտեսել է այն ելակետային հանգամանքը, որ օրենսդիրը, կողմին օժտելով ներկայացուցչի միջոցով հանդես գալու իրավունքով, հնարավորություն է տվել վերջինիս ինքնուրույն ընտրելու՝ հանդես գալ միայնակ, ներկայացուցչի միջոցով, թե ներկայացուցչի միջոցով հանդես գալուն զուգահեռ ինքնուրույն իրականացնել նաև որոշակի իրավունքներ:

 Սույն դեպքում Ռ.Վարդազարյանը ընտրել է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացումը՝ ներկայացուցչի միջոցով, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավական կարգավորումներից հետևում է, որ երբ անձը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացուցիչները ստանձնում են դատավարության մասնակցի բոլոր իրավունքները՝ անկախ դրանց վերաբերյալ լիազորագրում հատուկ նշում կատարված լինելու հանգամանքից, հետևաբար Ռ.Վարդազարյանի կողմից ներկայացուցչի միջոցով հանդես գալու, վերջինիս կողմից համապատասխան միջնորդություններ ներկայացված լինելու պայմաններում բացակայում է Ռ.Վարդազարյանի՝ իր լսված լինելու իրավունքից հրաժարվելու փաստի արձանագրման օբյեկտիվ հնարավորությունը:

Կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի լսված լինելու իրավունքի կարևորության հաշվառմամբ հարկ է նկատել, որ համապատասխան անձը, ով հրաժարվել է հրապարակային լսումներից պետք է տա իր համաձայնությունը (Le Compte-ն, Van Leuven-ը եւ De Meyere-ն ընդդեմ Բելգիայի, § 59), իր ազատ կամքով (Albert-ը եւ Le Compte-ն ընդդեմ Բելգիայի, § 35)։ Իրավունքից կարելի է հրաժարվել բացահայտ կամ ոչ անմիջական ձևով (Le Compte-ն, Van Leuven-ը եւ De Meyere-ն ընդդեմ Բելգիայի, § 59)։ Սակայն դա պետք է հստակորեն կատարվի (Albert-ը եւ Le Compte-ն ընդդեմ Բելգիայի, § 35, Hպkansson-ը եւ Sturesson-ն ընդդեմ Շվեդիայի, § 67) և չպետք է հակասի որևէ կարեւոր հանրային շահի (նույն տեղում՝ § 66)։

Ցանկանում եմ նկատել, որ դատավարական օրենսդրությունում առկա չէ որևէ դրույթ որը կարող է մեկնաբանվել որպես կողմի պարտականություն՝ միանալ ներկայացուցչի միջնորդությանը, որպիսի հանգամանքից հետևում է, որ եթե ներկայացուցիչը ներկայացրել է դատական նիստը հետաձգելու կամ ցանկացած այլ միջնորդություն, ապա վերջինս հանդես է եկել դատավարության համապատասխան կողմի անունից, ընդ որում անկախ կողմի՝ իրավաբան հանդիսանալու կամ չլինելու հանգամանքից:

Ավելին, իրավական նորմի նման մեկնաբանությունը ինքնին հակասում է օրենսդրի հետապնդած նպատակին, հակառակ դեպքում Օրենքի մի շարք իրավական կարգավորումներ չէին նախատեսի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթում դատավորի՝ ներկայացուցչի միջոցով հանդես գալու իրավունքը:

Ինչ վերաբերում է իրավահավասարության և մրցակցային դատավարության սկզբունքներին, ապա գտնում եմ, որ դրանց խախտման բացառումն արժևորվում է ոչ միայն կողմի համապատասխան իրավունքների երաշխավորման, այլ նաև գործով որոշում կայացվող անձի մոտ օբյեկտիվ և անաչառ կարծիքի ձևավորման համար հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ խախտվել են ոչ միայն Ռ. Վարդազարյանի արդար դատաքննության իրավունքի տարրերը, այլ նաև հնարավորություն չի ստեղծվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից օբյեկտիվ ու անաչառ որոշում կայացնելու համար:

Հաջորդիվ հարկ եմ համարում անդրադառնալ անաչառ դատարանի կողմից՝ անձի գործի քննության իրավունքին՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների հաշվառմամբ:

Այսպես՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար:

Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):

Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է նաև կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel v. France գործով Եվրոպական դատարանի 18.10.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazlı Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 07.07.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51): Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):

Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև «անկողմնակալության» հարցին, մասնավորապես նշելով, որ այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ, դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ, այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (տե՛ս Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Findlay v. the United Kingdom], 25 փետրվարի 1997 թվական, § 73, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997‑I, Բրուդնիկան և այլոք ընդդեմ Լեհաստանի [Brudnicka and Others v. Poland], գանգատ թիվ 54723/00, § 38, ՄԻԵԴ 2005‑II)։»։

Օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության` սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները խախտելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի միջնորդության հիման վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:

Տվյալ պարագայում հարկ եմ համարում նշել, որ օրենսդիրը, սահմանելով Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես գալու իրավունք ունեցող սուբյեկտ դիտարկել է խորհրդի առնվազն երեք անդամի: Միևնույն ժամանակ Օրենքում բացակայում է վերջիններիս կողմից ներկայացված միջնորդության մասով հետագայում կայացվող որոշման վերաբերյալ միջնորդություն ներկայացրած անդամների քվեարկությանը մասնակցելու արգելք, որպիսի հանգամանքը ենթադրում է, որ միջնորդություն ներկայացրած անդամներն անաչառ են և անկողմնակալ: Հանդիսանալով որպես դատարան հանդես եկող կոլեգիալ կազմով Բարձրագույն դատական խորհրդի անդամ, նրանք պետք է իրենց դրսևորած վարքագծով ոչ միայն դատավարության մասնակիցների, այլ նաև անկողմնակալ դիտորդի մոտ բացառեն անաչառության վերաբերյալ ցանկացած կասկած: Նշվածը պայմանավորված է Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների և դատական իշխանության անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ:

Սույն դեպքում, Հանձնախմբի կողմից ներկայացված միջնորդությամբ վեր են հանվել որոշակի կասկածներ Ռ.Վարդազարյանի կողմից վարքագծի ենթադրյալ կանոնների խախտումներ թույլ տալու մասին:

Միջնորդությունը ներկայացրած Հանձնախմբի անդամներն ըստ էության իրավունք ունեն մասնակցելու ինչպես դրա քննությանը, այնպես էլ քվեարկելու՝ որոշման կայացման ժամանակը: Սույն դեպքում բնավ կասկածի տակ չդնելով վերջիններիս անկողմնակալ և անաչառ լինելու օբյեկտիվ կանխավարկածը, այդուհանդերձ միջնորդության քննության ընթացքում իմ կողմից բարձրացվել է հարցադրում, թե ինչ պետք է տեղի ունենար, որպիսի Հանձնախմբի մոտ հաստատվեր կամ հերքվեր Ռ.Վարդազարյանի կողմից վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումներ թույլ տրված լինելու մասին ենթադրությունները:

Գտնում եմ, որ նշված իրավիճակում միակ թույլատրելի և օրինաչափ եղանակը Ռ. Վարդազարյանին /ներկայացուցչին/ լսելը կամ առնվազն լսված լինելու հնարավորություն ստեղծելն է:

Այսինքն գտնում եմ, որ կարգապահական խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ միանշանակ եզրահանգման հնարավոր կլիներ գալ առնվազն Ռ.Վարդազարյանի կամ նրա ներկայացուցչի դիրքորոշումները լսելուց հետո, մինչդեռ տվյալ պարագայում հնարավոր չէ որևէ կերպ բացահայտել, թե ինչպես կամ ինչ հանգամանքների հաշվառմամբ միջնորդաբեր հանձնախմբի անդամները, ովքեր ի սկզբանե միջնորդությունը ներկայացրել էին կասկածների հիման վրա, որը պետք է հաստատվեր կամ հերքվեր գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ընթացքում հանգեցին միանշանակ եզրակացության՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ սույն դեպքում Ռ.Վարդազարյանին վերագրվող կարգապահական խախտումը վերջինիս կողմից թույլ տալու կապակցությամբ եզրահանգման գալու հարցում զրկված եմ եղել վերջինիս դիրքորոշումը լսելու, նրան հարցադրումներ ուղղելու և բազմակողմանի և լրիվ քննության արդյունքում օբյեկտիվ եզրահանգման գալու հնարավորությունից: Ուստի նման պայմաններում գտնում եմ, որ միջնորդությունը չէր կարող բավարարվել:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ անդամ՝

 

Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2022 թվական: