Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 40
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.04.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
24.04.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
24.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ապրիլի 2017 թվականի

թիվ 40

քաղ. Մոսկվա

 

«ՁԿԱՆ ԵՎ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 38-րդ կետի հինգերորդ պարբերությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող ակտերով կամ Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 040/2016) տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ համապատասխանաբար՝ տեխնիկական կանոնակարգ, արտադրանք) մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2019 թվականի սեպտեմբերի 1-ը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.

բ) մինչև 2019 թվականի մարտի 1-ը թույլատրվում է այն արտադրանքի ար տադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելը, որը մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը ենթակա չի եղել Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման՝ առանց արտադրանքի համապատասխանության պարտադիր գնահատման փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով) մակնշման.

գ) մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը թույլատրվում է արտադրանքի արտադրությունն ու անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելը՝ Միության իրավունքի մաս կազմող ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը տրամադրված կամ ընդունված՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության դեպքում։

Արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։ Այդպիսի արտադրանքի մակնշումը Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.

դ) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ այդպիսի արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:

2. Խնդրանքով դիմել Ղազախստանի Հանրապետության կառավարությանը անդամ պետությունների հետ համատեղ մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրն ապահովել հետևյալի մշակումն ու ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝

ա) տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ու կիրառման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը.

բ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթի ներկայացմամբ։

3. Կոլեգիայի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով անդամ (նախարար) Վ.Ն. Կորեշկովին՝ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ն ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշման մեջ արտադրանքի նկատմամբ սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջների կիրառման մասով փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի նախապատրաստումը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացնելը։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: