Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-211-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (04.01.2007-04.04.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.25/66(521) Հոդ.1363
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.11.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.12.2006
Дата вступления в силу
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների` որպես բնապահպանական, տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, ռեկրեացիոն արժեք ներկայացնող էկոհամակարգերի, բնության համալիրների ու առանձին օբյեկտների բնականոն զարգացման, վերականգնման, պահպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականության իրավական հիմունքները:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ազգային պարկ՝ բնապահպանական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիոն արժեքներ ներկայացնող միջազգային և (կամ) հանրապետական նշանակություն ունեցող տարածք, որը բնական լանդշաֆտների ու մշակութային արժեքների զուգորդման շնորհիվ կարող է օգտագործվել գիտական, կրթական, ռեկրեացիոն, մշակութային և տնտեսական նպատակներով, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ.

ազգային պարկի արգելոցային գոտի՝ ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ գործում է պետական արգելոցի համար սույն օրենքով սահմանված ռեժիմը.

ազգային պարկի արգելավայրային գոտի` ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ գործում է պետական արգելավայրի համար սույն օրենքով սահմանված ռեժիմը.

ազգային պարկի ռեկրեացիոն գոտի՝ ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ թույլատրվում է քաղաքացիների հանգստի և զբոսաշրջության ու դրա հետ կապված սպասարկման ծառայության կազմակերպումը.

ազգային պարկի տնտեսական գոտի՝ ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ թույլատրվում է ազգային պարկի ռեժիմին համապատասխանող տնտեսական գործունեություն.

արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օգտագործում՝ «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանցից բխող իրավական ակտերով սահմանված կարգով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործում` շահույթ հետապնդելու նպատակով.

բնական օբյեկտ՝ բնական էկոհամակարգեր ու դրանց առանձին բաղադրիչներ՝ ջրային ռեսուրսներ (ստորերկրյա ջրեր, գետեր, լճեր, ջրվեժներ, աղբյուրներ, ճահիճներ), հրաբխային գոյացություններ, ժայռային մերկացումներ, ռելիեֆի հողմահարման ձևեր, բուսական և կենդանական աշխարհի առանձին օբյեկտներ.

բնության հատուկ պահպանվող տարածք՝ ցամաքի (ներառյալ` մակերևութային ու ստորերկրյա ջրերը և ընդերքը) և համապատասխան օդային ավազանի` սույն օրենքով առանձնացված տարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում, և որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ.

կառավարման պլան՝ տվյալ տարածքի զարգացման, պահպանության, վերականգնման և օգտագործման գործունեությունը կարգավորող պաշտոնական փաստաթուղթ.

բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգ՝ բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, բուսական և կենդանական օբյեկտների, դրանց որակական և քանակական ցուցանիշների, ապրելավայրերի, բնական պաշարների, տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վիճակի ռեժիմային դիտարկումների, գնահատման, արագ արձագանքման ու զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ.

բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտի` տարածք, որի ստեղծման նպատակն է սահմանափակել (մեղմացնել) բացասական մարդածին ներգործությունը բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի, կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների վրա.

բնության հատուկ պահպանվող տարածքի պետական կադաստր` տեղեկությունների և փաստաթղթերի անընդհատ լրացող համահավաք, որը ներառում է տվյալ տարածքի աշխարհագրական տեղաբաշխման, սահմանների, պահպանության ռեժիմի, կենսաբանական բազմազանության, բնական պաշարների վիճակի, բնօգտագործողների սեփականության ձևերի, գիտական, տնտեսական, սոցիալական և պատմամշակութային արժեքների քանակական ու որակական բնութագրերի վերաբերյալ տվյալներ.

բնության հուշարձան՝ գիտական, պատմամշակութային և գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտ.

էկոլոգիական հավասարակշռություն՝ բնության բաղադրիչների, բնական երևույթների և մարդածին գործոնների դինամիկ հավասարակշռություն, որն ապահովում է էկոհամակարգի երկարատև և կայուն գոյատևումը.

էկոլոգիական միջանցք՝ էկոլոգիական ցանցի գործառնական բաղադրիչ՝ նպատակաուղղված բնական էկոհամակարգերի փոխկապակցվածության բարելավմանը և ցանցի ամբողջականության ապահովմանը.

էկոլոգիական ցանց՝ տարբեր կատեգորիաների բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգ, որը համատեղում է պահպանության և օգտագործման գործառույթները՝ էկոլոգիական հավասարակշռության ապահովման նպատակով.

էկոհամակարգ՝ միմյանց հետ փոխազդող կենդանի օրգանիզմների և դրանց բնակության անկենդան միջավայրի (հող, ջուր) գործառնական ամբողջություն.

կենսաբանական բազմազանություն՝ ցամաքային, օդային և ջրային էկոհամակարգերի բաղադրիչներ համարվող կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է բազմազանությունը տեսակի շրջանակներում, տեսակների միջև և էկոհամակարգերի բազմազանությունը.

կենսաբանական պաշարներ` մարդու համար փաստացի կամ հեռանկարային օգտակարություն և (կամ) արժեք ունեցող գենետիկական պաշարներ, օրգանիզմներ, դրանց մասեր, պոպուլյացիաներ և էկոհամակարգերի ցանկացած այլ կենսաբաղադրամասեր.

կենսոլորտային տարածք՝ գիտական, ճանաչողական, գեղագիտական և տնտեսական բարձրարժեք լանդշաֆտների, էկոհամակարգերի և դրանց առանձին բաղադրիչների, ինչպես նաև բնական ու մարդածին տարբեր աստիճանի ներգործության ենթարկված տարածքների համակարգ, որտեղ գիտահետազոտական ուսումնասիրությունների և տարածաշրջանային համընդհանուր մոնիթորինգի հիման վրա ապահովվում են տարածաշրջանի կենսաբանական բազմազանության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումն ու կայուն զարգացումը.

լանդշաֆտ` աշխարհագրական թաղանթի համասեռ տեղամաս, որը հարևան տարածքներից տարբերվում է երկրաբանական կառուցվածքի, ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի և կենդանական աշխարհի ամբողջությամբ.

հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ տարածք, որտեղ հանդիպում են Հայաստանի Հանրապետության համար եզակի էկոհամակարգեր և վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչներ.

միջազգային նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ միջազգային չափանիշներին համապատասխանող, միջազգային կանոնակարգերով ու ընթացակարգերով ընդունված բնության հատուկ պահպանվող տարածք, որտեղ հանդիպում են միջազգային նշանակության եզակի էկոհամակարգեր, դրանց բաղադրիչներ, և որտեղ իրականացվում է համընդհանուր էկոլոգիական մոնիթորինգ.

պահպանման (բուֆերային) գոտի՝ բնության հատուկ պահպանվող տարածքը շրջափակող, սույն օրենքով սահմանված կարգով առանձնացված տարածք, որտեղ թույլատրվում է բնության հատուկ պահպանվող տարածքի էկոլոգիական համակարգերին և դրանց բնականոն զարգացմանը չվնասող տնտեսական գործունեություն.

պետական արգելավայր՝ գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող տարածք, որտեղ ապահովվում են էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանությունը և բնական վերարտադրությունը.

պետական արգելոց՝ գիտական, կրթական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված միջազգային և (կամ) հանրապետական նշանակություն ունեցող տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության.

տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածք՝ տարածք, որտեղ հանդիպում են Հայաստանի Հանրապետության համայնքային նշանակության բնապահպանական արժեք ներկայացնող էկոհամակարգեր ու դրանց բաղադրիչներ:

Հոդված 2. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման, կառավարման, պահպանության, օգտագործման և վերականգնման բնագավառներում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խնդիրները

 

Բնության հատուկ պահպանվող տարածքների խնդիրներն են`

ա) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, վերականգնման, վերարտադրության և օգտագործման բնագավառներում հարաբերությունների կարգավորումը.

բ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, վերականգնման, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական քաղաքականության իրականացման հիմնադրույթների ապահովումը.

գ) կենսաբանական բազմազանության և լանդշաֆտների պահպանության. վերականգնման և բնականոն զարգացման ապահովումը.

դ) բնական էկոհամակարգերի կայունության և էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.

ե) էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը.

զ) բնական երևույթների բնականոն ընթացքի, էկոհամակարգերի ու բնական օբյեկտների գիտական ուսումնասիրությունների ապահովումը.

է) օրենքով սահմանված դեպքերում կենսաբանական պաշարների և բնական օբյեկտների կայուն օգտագործման ապահովումն ու խթանումը.

ը) ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության իրականացման աշխատանքներին նպաստելը:

Հոդված 4. Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգումը

 

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքները դասակարգվում են՝

ա) ըստ նշանակության` միջազգային, հանրապետական և տեղական բնության հատուկ պահպանվող տարածքների.

բ) ըստ կատեգորիայի՝ պետական արգելոցի, ազգային պարկի, պետական արգելավայրի և բնության հուշարձանի:

2. Տարբեր կատեգորիաներ ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքները կարող են միավորվել էկոլոգիական ցանցում` էկոլոգիական միջանցքների և պահպանական գոտիների միջոցով:

3. Բնության հատուկ պահպանվող տարածքները, ինչպես նաև բնական և մարդածին տարբեր աստիճանի ազդեցության ենթարկված էկոհամակարգերը, լանդշաֆտները կարող են միավորվել մեկ ամբողջական համակարգի՝ կենսոլորտային տարածքների մեջ, որոնք ստեղծվում են համընդհանուր էկոլոգիական մոնիթորինգի իրականացման և բնօգտագործման արդյունավետ մեթոդների, ձևերի մշակման ու ներդրման նպատակով: Կենսոլորտային տարածքում ընդգրկված տարբեր կատեգորիաների բնության հատուկ պահպանվող տարածքում գործում են սույն օրենքով այդ կատեգորիաների համար նախատեսված ռեժիմները և սահմանափակումները:

4. Կենսոլորտային տարածքները կարող են ընդգրկվել միջազգային էկոլոգիական ցանցում՝ համաձայն միջազգային կազմակերպությունների կանոնակարգերի և ընթացակարգերի:


Հոդված 5. Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը, դրանց կատեգորիաների սահմանումը և կառավարումը

 

1. Բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծում և դրանց կատեգորիաները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Միջազգային և հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը պետության սեփականությունն են: Ազգային պարկերի ամբողջականությունը և պահպանության ռեժիմը ապահովելու նպատակով դրանց ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում, բացի պետական սեփականության հողերից, կարող են ընդգրկվել նաև այլ սեփականատերերին պատկանող հողեր:

3. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքները կարող են ստեղծվել նաև համայնքային սեփականություն համարվող հողերում:

4. Պետական, ինչպես նաև համայնքային սեփականության` բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը չեն կարող օտարվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց` առանց սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց նպատակային նշանակության փոփոխության:

5. Միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրությունների և կառավարման պլանների:

6. Բնության հատուկ պահպանվող տարածքների (բացառությամբ արգելոցների և ազգային պարկերի արգելոցային գոտիների) պահպանությունը և օգտագործումը կարող են իրականացվել հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մրցույթի արդյունքում մինչև 10 տարի ժամկետով, որի անցկացման կարգը, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը պատվիրակված լիազորությունների ձևով իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:

9. Հողի սեփականատերը կամ օգտագործողը պարտավոր է պահպանել բնության հատուկ պահպանվող տարածքների համար սույն օրենքով սահմանված պահպանության համապատասխան ռեժիմը և օգտագործման կարգը: Վերոգրյալ ռեժիմների պահպանության ապահովումը խթանելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով կարող են սահմանվել հարկերի և այլ պարտադիր վճարների վճարման գծով արտոնություններ:

10. Բնության հատուկ պահպանվող տարածքները պարտադիր հաշվի են առնվում տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի, տարածքային հատակագծման նախագծերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, հողաշինարարական, անտառաշինական և քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերի կազմման ժամանակ:

Հոդված 6. Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը

 

1. Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը (այսուհետ՝ կառավարման պլան) կազմվում է լիազորված պետական մարմնի հաստատած մեթոդական ցուցումների համաձայն:

2. Կառավարման պլանն ընդգրկում է՝

ա) բնության հատուկ պահպանվող տարածքի մասին հիմնական տեղեկատվությունը, այդ թվում` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների (ներառյալ` դրանց պաշարների, վիճակի և սպառնացող վտանգների) նկարագրությունը և անցած ժամանակաշրջանում դրանց փոփոխությունների գնահատականն ու զարգացման հեռանկարները.

բ) բնության հատուկ պահպանվող տարածքի գոտիավորման, սահմանների, կենսաբանական բազմազանության, այդ թվում՝ կենսաբանական պաշարների տեղաբաշխման, հողօգտագործման և այլ թեմատիկ քարտեզներն ու հատակագծերը.

գ) բնության հատուկ պահպանվող տարածքի սոցիալ-տնտեսական և բնօգտագործման առանձնահատկությունները.

դ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությանը և օգտագործմանը մասնակցող շահագրգիռ կողմերը.

ե) բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգի տվյալների հիման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելմանն ու մեղմացմանը (վերացմանը) ուղղված գործողությունների ամենամյա պլանը և ժամանակացույցը.

զ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության, դրանում գիտահետազոտական ուսումնասիրության և այլ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ծախսերը և ֆինանսավորման աղբյուրները:


Հոդված 7. Բնության հատուկ պահպանվող տարածքների գոտիները

 

1. Ազգային պարկերի տարածքները` ըստ պահպանության և օգտագործման ռեժիմի, գործառնական նշանակության և էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքների, բաժանվում են արգելոցային, ռեկրեացիոն և տնտեսական գոտիների, որոնցից արգելոցային գոտու տարածքը հանվում է տնտեսական շահագործումից և դրա նկատմամբ կիրառվում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ռեժիմը:

2. Ազգային պարկի սահմաններում կարող են ընդգրկվել պետական արգելավայրերը, որոնք գործում են սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ռեժիմին համապատասխան:

3. Բնության հատուկ պահպանվող տարածքի վրա բացասական մարդածին ներգործությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պահպանման գոտի:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Հոդված 8. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, առանձնացման, կառավարման, պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են՝

ա) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պետական քաղաքականության ձևավորումը, ռազմավարության հաստատումը.

բ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագրերի հաստատումը.

գ) միջազգային ու հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների հաստատումը և վերանայումը.

դ) բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգի սահմանումը.

ե) բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, կատեգորիաների և գոտիավորման սահմանման ու դրանց փոփոխության, ինչպես նաև չափերի և սահմանների վերաբերյալ որոշումների ընդունումը.

զ) բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրությունների հաստատումը.

է) բնության հուշարձանների ցանկի հաստատումը.

ը) բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգի սահմանումը.

թ) բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը.

ժ) բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգի սահմանումը.

ժա) բնության հատուկ պահպանվող տարածքների համապատասխան գոտիների հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգի հաստատումը.

ժբ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտահետազոտական ուսումնասիրությունների և այլ աշխատանքների կատարման համար պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվող ծախսերի հաստատումը.

ժգ) բնության հատուկ պահպանվող տարածքների հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.

ժդ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող կազմակերպության պահպանության ծառայության աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակի, ձևի, մոդելի և քանակի, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկի սահմանումը.

ժե) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 9. Բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված պետական մարմին) իրավասությունները

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, պահպանության և օգտագործման բնագավառում լիազորված պետական մարմնի իրավասություններն են՝

ա) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման պետական քաղաքականության և ռազմավարության մշակումը.

բ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակումը.

գ) միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը.

դ) տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների հաստատումը.

ե) բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի ստեղծումը և վարումը.

զ) միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի իրականացումը.

է) բնության հատուկ պահպանվող տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.

ը) բնության հուշարձանների ցանկի կազմումը, անձնագրերի հաստատումը.

թ) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների կազմման մեթոդական ցուցումների մշակումը և հաստատումը.

ժ) բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրությունների մշակումը.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման թույլտվությունների տրամադրումը.

ժբ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը և օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձերից հաշվետվությունների ընդունումը.

ժգ) բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, կատեգորիաների ու գոտիավորման սահմանման և դրանց փոփոխության, ինչպես նաև չափերի և սահմանների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկությունների ներկայացումը.

ժդ) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտահետազոտական ուսումնասիրության և այլ աշխատանքների կատարման համար պետական բյուջեից հատկացվող տրանսֆերտային վճարների հաշվին կատարվող ծախսերի ձևավորումը.

ժե) բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման, ինչպես նաև գիտական ու կրթադաստիարակչական ծրագրերի մշակումը և իրականացումը.

ժզ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների համազգեստի ձևի, այն կրելու կարգի և պայմանների հաստատումը.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 10. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են`

ա) մասնակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակմանը.

բ) աջակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող ծառայություններին.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 11. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`

ա) մասնակցությունը համայնքի վարչական սահմաններում գտնվող միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող պետական ծրագրերի ու կառավարման պլանների մշակմանը և իրենց իրավասության սահմաններում դրանց իրականացումը.

բ) աջակցությունը համայնքի վարչական սահմաններում գտնվող միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի ապահովմանը.

գ) համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման վերաբերյալ լիազորված պետական մարմնին առաջարկությունների ներկայացումը.

դ) համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը.

 ե) համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, օգտագործման, մոնիթորինգի և գիտական ուսումնասիրությունների կազմակերպումը, կառավարման պլանների մշակումը.

զ) համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ լիազորված պետական մարմնին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.

է) աջակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև գիտական ու կրթադաստիարակչական ծրագրերի մշակմանը և իրականացմանը.

ը) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ


Հոդված 12. Բնության հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրության նպատակը

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրության նպատակն է՝

ա) էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների մոնիթորինգի իրականացման չափորոշիչների մշակումը.

բ) էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների մոնիթորինգի կազմակերպումը և իրականացումը.

գ) էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պետական հաշվառման իրականացումը, համակարգված տեղեկատվական բազայի ստեղծումը և պետական կադաստրի վարումը.

դ) էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների պահպանության և օգտագործման ձևերի ու մեթոդների մշակումը.

ե) բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման պլանավորումը:


Հոդված 13. Բնության հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրության իրականացումը

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ուսումնասիրությունն իրականացվում է պետական և (կամ) համայնքային բյուջեի, ինչպես նաև տեղական ու միջազգային դոնոր կազմակերպությունների և օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

Հոդված 14. Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը

 

Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը նպատակաուղղված է՝

ա) բացահայտելու կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա վիճակը.

բ) գնահատելու և կանխատեսելու էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների քանակական և որակական փոփոխությունների ընթացքը.

գ) բացահայտելու էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա բնական և մարդածին գործոնների ազդեցությունը.

դ) մշակելու էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների վրա բացասական ազդեցությունների կանխարգելման ու մեղմացման (վերացման) միջոցները.

ե) ուսումնասիրելու, գնահատելու և կանխատեսելու Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների վիճակը:

Հոդված 15. Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական հաշվառումը և պետական կադաստրը

 

Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական հաշվառման և պետական կադաստրի վարումը նպատակաուղղված է՝

ա) հավաքագրելու և դասակարգելու գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված տվյալները.

բ) հաշվառելու, ամփոփելու և վերլուծելու բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանց բնական պաշարների օգտագործումը.

գ) բացահայտելու բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման օպտիմալ ծանրաբեռնվածությունը:

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ


Հոդված 16. Պետական արգելոցի պահպանության ռեժիմը

 

Պետական արգելոցի տարածքում արգելվում է՝

ա) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

բ) տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը, բացառությամբ պետական արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն).

գ) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

դ) որսորդությունը, ձկնորսությունը.

ե) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը և օգտագործումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման կամ պակասեցման նպատակով տարվող որևէ աշխատանք.

զ) բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը, բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքից.

է) անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի «դ» ենթակետում նշված դեպքերի.

ը) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

թ) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

ժ) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.

ժա) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

ժբ) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

ժգ) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:

Հոդված 17. Ազգային պարկի պահպանության ռեժիմը

 

1. Հայաստանի Հանրապետությունում ազգային պարկի պահպանության ռեժիմն է` ազգային պարկի արգելոցային գոտում գործում է սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ռեժիմը, իսկ արգելավայրային գոտում` սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված ռեժիմը:

2. Ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում է՝

ա) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

բ) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

գ) անասունների արածեցումը.

դ) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

ե) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

զ) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

է) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

ը) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

թ) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

ժ) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

ժա) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

3. Ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է՝

ա) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

բ) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

գ) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

դ) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

ե) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

զ) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումների և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

է) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

ը) ընդերքի շահագործումը պայթեցման միջոցով.

թ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

ժ) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

4. Յուրաքանչյուր ազգային պարկի խնդիրները, գոտիավորումը և պահպանության ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են տվյալ ազգային պարկի կանոնադրությամբ։

Հոդված 18. Պետական արգելավայրի պահպանության ռեժիմը

 

1. Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

2. Յուրաքանչյուր պետական արգելավայրի խնդիրները և ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են տվյալ պետական արգելավայրի կանոնադրությամբ:


Հոդված 19. Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը

 

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը:

2. Բնության հուշարձանի պահպանության ռեժիմը սահմանվում է յուրաքանչյուր բնության հուշարձանի համար կազմված անձնագրով:

3. Բնության հուշարձանի անձնագիրը ընդգրկում է՝

ա) անվանումը և դասակարգումը.

բ) տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները.

գ) նկարագրությունը, չափագրությունը և վիճակը.

դ) սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը.

ե) տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին.

զ) պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները.

է) տվյալներ պահպանությունն իրականացնող սուբյեկտի մասին:


Հոդված 20. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտու ռեժիմը

 

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության նպատակը

 

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության նպատակն է՝

ա) ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերի, կենսաբանական բազմազանության և լանդշաֆտների, բնության ժառանգության բնականոն զարգացումը.

բ) բացառել կամ մեղմացնել բնական պրոցեսների խախտմանը նպաստող ցանկացած գործունեություն.

գ) հայտնաբերել և կանխարգելել բնօգտագործողների, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածք մուտք գործած անձանց թույլ տված իրավախախտումները.

դ) ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքի համար սահմանված ռեժիմի իրականացումը:


Հոդված 22. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության իրականացումը

 

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունը, սույն օրենքով սահմանված պահպանության ռեժիմներին համապատասխան, իրականացնում են՝

ա) միջազգային և հանրապետական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ տվյալ տարածքի պահպանության ռեժիմն ապահովող իրավաբանական անձը.

բ) տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում` տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ապահովող իրավաբանական անձանց կամ տեղական ինքնակառավարման մարմինների և հողերի այլ սեփականատերերի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Պետական սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից, այդ տարածքներում տարբեր ծառայությունների մատուցման դիմաց ստացված վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

4. Համայնքային սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներից, համայնքային բյուջեից, հովանավորչական, նվիրատվական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

5. Քաղաքացիների սեփականություն համարվող հողամասերում տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են համայնքային բյուջեից, քաղաքացիների սեփական միջոցներից` կամավոր սկզբունքով, հովանավորչական, նվիրատվական և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

Հոդված 23. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների իրավունքները և պարտականությունները

 

1. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականություններն են՝

ա) ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների պահանջների կատարումը.

բ) կանխել բնության հատուկ պահպանվող տարածքի սահմանված ռեժիմը խախտող ցանկացած գործողություն.

գ) ծառայողական պարտականությունները կատարելիս ունենալ անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ.

դ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել ծառայողական զենք, զինամթերք, ռետինե ձողեր, ինքնապաշտպանության միջոցներ (արցունքաբեր գազ, զրահաթիկնոց) և կրել համազգեստ.

ե) ստուգել իրավախախտողի անձը հաստատող փաստաթուղթը.

զ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում իրականացնել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հետ կապված այլ գործողություններ:

2. Սույն հոդվածով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև համայնքային սեփականության տարածքներում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող անձանց վրա:

Հոդված 24. Բնության հատուկ պահպանվող տարածքների վերահսկողությունը

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների վերահսկողությունն իրականացնում է լիազորված պետական մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ


Հոդված 25. Բնության հատուկ պահպանվող տարածքները օգտագործողները

 

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանց բնական պաշարների օգտագործողներ կարող են հանդիսանալ պետությունը՝ ի դեմս լիազորված պետական մարմնի, համայնքները, ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Հոդված 26. Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործումը

 

1. Բնության հատուկ պահպանվող տարածքներում, սույն օրենքի 16-20-րդ հոդվածներով սահմանված ռեժիմներին համապատասխան, թույլատրվում են օգտագործման հետևյալ ձևերը.

1) պետական արգելոցներում՝

ա) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,

բ) պետական արգելոցի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,

գ) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,

դ) լիազորված պետական մարմնի սահմանած կարգով խոտհունձ և մեղվաբուծություն՝ պետական արգելոցի և դրա աշխատակիցների կարիքների համար հատկացված հողակտորներում.

2) ազգային պարկի արգելոցային գոտում՝

ա) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,

բ) ազգային պարկի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,

գ) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

3) ազգային պարկի ռեկրեացիոն գոտում՝

ա) քաղաքացիների հանգիստը,

բ) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը),

գ) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,

դ) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,

ե) սիրողական և մարզական ձկնորսությունը այդ նպատակով առանձնացված վայրերում,

զ) ռեկրեացիայի նպատակով հողերը օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրումը և համապատասխան սպասարկման ծառայությունների կազմակերպումը,

է) սանիտարական և խնամքի հատումները,

ը) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները,

թ) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները,

ժ) տրանսպորտային միջոցների մուտքն ու կանգառը այդ նպատակով առանձնացված վայրերում,

ժա) վրանների տեղադրումը դրանց համար առանձնացված վայրերում.

4) ազգային պարկի տնտեսական գոտում՝

ա) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը,

բ) տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի և կենդանիների վերարտադրությունը,

գ) զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը,

դ) պարկի պահպանության ռեժիմներով չարգելված արտադրության կազմակերպման նպատակով հողերի վարձակալությունը,

ե) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի, ջրային, բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում՝ արդյունագործական ձկնորսությունը,

է) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ գյուղատնտեսական, արտադրության, զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների մոնիթորինգը),

ը) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը,

թ) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը,

ժ) սանիտարական և խնամքի հատումները,

ժա) տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործումը վճարովի է (բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների և գիտական ուսումնասիրությունների) և կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 27. Բնության հատուկ պահպանվող տարածքները օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Բնության հատուկ պահպանվող տարածքն օգտագործողն իրավունք ունի՝

ա) ընտրելու սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված` բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման ձևերը.

բ) իրացնելու օգտագործումից ստացվող արտադրանքը և տնօրինելու եկամուտները:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքն օգտագործողը պարտավոր է՝

ա) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան.

բ) ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքից իրեն հատկացված հողատարածքի (ջրատարածքի) պահպանությունը և սանիտարահիգիենիկ նորմերը, չխախտել բնական էկոհամակարգերի ամբողջականությունը.

գ) չխոչընդոտել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձին՝ կատարելու իր ծառայողական պարտականությունները.

դ) ժամանակին կատարել բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու համար սահմանված վճարները.

ե) չխախտել բնության հատուկ պահպանվող տարածքի այլ օգտագործողների իրավունքները:


Հոդված 28. Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման իրավունքի դադարումը

 

Բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու իրավունքը դադարում է՝

ա) սույն օրենքի 26-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

բ) օգտագործողի կամավոր հրաժարման կամ մահվան դեպքում.

գ) բնության հատուկ պահպանվող տարածքն օգտագործող իրավաբանական անձի լուծարման դեպքում.

դ) պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում.

ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 

Հոդված 29. Հասարակայնությանը տրամադրվող տեղեկատվությունը

 

1. Լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում՝

ա) բնության հատուկ պահպանվող տարածքում նախատեսվող գործունեության մասին.

բ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության և օգտագործման վերաբերյալ որոշումների մասին.

գ) բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական իրավիճակի մասին:

2. Լիազորված պետական մարմնի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջոցներն են՝

ա) զանգվածային լրատվության միջոցները.

բ) էլեկտրոնային հաղորդակցության միջոցները.

գ) հասարակական լսումների կազմակերպումը.

դ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարցումներին պատասխանելը:

Հոդված 30. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկատվություն ստանալու հասարակայնության իրավունքը

 

1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի պահանջելու և ստանալու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության, օգտագործման և իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն:

2. Անձը բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող է դիմել լիազորված պետական մարմնին և (կամ) տեղական ինքնակառավարման այն մարմնին, որի վարչական սահմաններում է գտնվում տեղական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածքը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը

 

Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1991 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 16
Երևան
ՀՕ-211-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.11.2023, ՀՕ-370-Ն 01.01.2024, ՀՕ-211-Ն
22.03.2023, ՀՕ-112-Ն 14.04.2023, ՀՕ-211-Ն
04.03.2020, ՀՕ-122-Ն 04.04.2020, ՀՕ-211-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան