ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԴ/0952/04/18 2022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ԵԴ/0952/04/18 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Հ. Բեդևյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տ ավարացյան |
2022 թվականի ապրիլի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի (այսունետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2020 թվականի որոշման դեմ ըստ Սյուզաննա Հարությունյանի դիմումի՝ սեփական սնանկության ճանաչման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Սյուզաննա Հարությունյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) 13.02.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) 21.02.2019 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ռուզաննա Մարգարյանը:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) 10.05.2019 թվականի որոշմամբ հաստատվել է Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) 23.10.2019 թվականին կայացրել է ««Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բողոքը քննության առնելու մասին» որոշում, որով որոշվել է. ««Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանի բողոքը՝ Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի գործողությունները ոչ իրավաչափ լինելը հաստատելու վերաբերյալ մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Մխիթարյան) 29.01.2020 թվականի որոշմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ սնանկության դատարանի 23.10.2019 ««Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության բողոքը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննություն:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ՝ Դատարան) 09.04.2020 թվականի որոշմամբ որոշվել է. ««Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Հարությունյանի բողոքը՝ Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի գործողությունները ոչ իրավաչափ լինելը հաստատելու վերաբերյալ մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2020 թվականի որոշմամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.04.2020 թվականի սնանկության գործով կայացրած՝ Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի գործողությունները ոչ իրավաչափ լինելը հաստատելու վերաբերյալ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին որոշումը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Հ․ Հարությունյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 31-րդ, 56-րդ, 58-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ որքան էլ օրենքով սահմանված չէ սնանկության գործով կառավարչի լիազորությունների հստակ շրջանակ, այնուամենայնիվ, հաշվի առնելով սնանկության կառավարչի՝ որպես սնանկության վարույթում առանձնահատուկ սուբյեկտ հանդես գալու հանգամանքը, և այն, որ վերջինիս լիազորությունների իրականացման ամբողջականությունից է կախված սնանկության վարույթի ողջ ընթացքը, միայն վերջինիս վերապահված լիազորությունների ամբողջական իրականացումից է կախված սնանկության վարույթի օբյեկտիվությունը։
Տվյալ պայմաններում, քանի դեռ սնանկության կառավարչի կողմից չեն ապահովվել համապատասխան բոլոր հարցումները՝ ուղղված պետական մարմիններին, չի կարող խոսք լինել կառավարչի գործողությունների ամբողջականության և պարտապանին պատկանող գույքի բացակայության մասին։ Կառավարչի կողմից կատարված երեք հարցումներն՝ ուղղված ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին և ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչությանը, համակցության մեջ դիտարկելով չէր կարող Դատարանի և Վերաքննիչ դատարանի համար համարվել բավարար ոչ միայն պարտապանի ֆինանսական կամ գույքային վիճակի, այլև սնանկության գործով կառավարչի գործողությունների ամբողջականության մասին եզրահանգում կատարելու համար։
Եթե Դատարանը բոլոր ապացույցները դիտարկեր համակցության մեջ և հաշվի առներ սնանկության վարույթի առանձնահատկությունները և սնանկության կառավարչի դերը սնանկության վարույթում՝ միանշանակ կհանգեր այն եզրահանգման, որ Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի գործողություններն ամբողջական չեն, և դրանք չեն կարող վկայել պարտապանի գույքի բացակայության հանգամանքի մասին, առավել ևս՝ չեն կարող հիմք հանդիսանալ սնանկության գործն ավարտելու միջնորդության ներկայացման համար։
Վերաքննիչ Դատարանը վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը՝ նշել է, որ Բանկը իր բողոքում չի հիմնավորում կառավարչի գործողությունների կամ անգործության հետևանքով պարտատիրոջ իրավունքի սահմանափակման կամ խախտման հանգամանքը, մինչդեռ Բանկի կողմից ներկայացված բողոքում մանրամասն հիմնավորվել են կառավարչի գործողությունների կամ անգործության հետևանքով պարտատիրոջ իրավունքի սահմանափակման կամ խախտման հանգամանքը։ Դա է վկայում նաև Վերաքննիչ դատարանի 29․01․2020 թվականի որոշումը, որով սույն սնանկության գործի շրջանակում վերաքննիչ բողոք ներկայացնելու հիմքերը համարվել են հիմնավոր, որի արդյունքում բողոքը բավարարվել է։ Բացի այդ, ակնհայտ է, որ եթե սնանկության գործով կատարված հարցումներն ամբողջական չեն, ապա փաստ չէ, որ պարտապանը Բանկի պարտքը վերականգնելու համար բավարար գույք չունի:
Առաջնորդվելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի կարգավորումներով՝ Դատարանը գտել է, որ Բանկը բաց է թողել նշված նորմով նախատեսված բողոք բերելու համար նախատեսված 10-օրյա ժամկետը և բողոքի մերժման հիմքում դրել նաև այդ հանգամանքը։ Ինչպես 23․10․2019 թվականին, այնպես էլ 09․04․2020 թվականին կայացրած որոշումների պատճառաբանական մասում Դատարանը նշել է, որ «տվյալ դեպքում սնանկության գործի նյութերի ուսումնասիրմամբ պարզվեց, որ պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը ՀՀ սնանկության դատարանում 20.09.19 թվականին մուտք եղած 17.09.2019 թվականի թիվ 2292-32 գրությամբ Դատարանին հայտնել է, որ Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանը 10.09.2019 թվականի գրությամբ հայտնել է, որ միջնորդություն է ներկայացնելու դատարան սնանկության գործն ավարտելու վերաբերյալ: Նշել է, որ բանկը գրությունը ստացել է 12.09.19 թվականին: Հիշյալ գրությամբ ներկայացուցիչը հայտնել է, որ «… Կառավարչի կողմից Պարտապանի հնարավոր ակտիվների բացահայտման ուղղությամբ կատարված հարցումները թերի են,…: Տվյալ դեպքում, կարծում ենք, սնանկության գործը ավարտելու վերաբերյալ խոսք լինել անգամ չի կարող, …»: Այսինքն բողոքաբերը ավելի վաղ՝ 12.09.2019 թվականին արդեն իմացած է եղել իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին, մինչդեռ, կառավարչի գործողությունների վերաբերյալ բողոքը փոստային առաքմամբ դատարան է ուղարկել 16.10.2019թ. /այն դատարանում ստացվել է 18.10.2019թ./, բաց թողնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 10-օրյա ժամկետը»:
Կառավարիչը պարտականություն ուներ մինչև պարտապանի գույքագրում իրականացնելը և ֆինանսական վերլուծություն կատարելը իրականացնել բոլոր անհրաժեշտ և բավարար գործողությունները (ներառյալ հարցումները պատկան մարմիններին), որոնք կփաստեին գույքի բացակայությունը: Տվյալ դեպքում չեն կատարվել մի շարք հարցումներ, որոնք Բանկը նշել է իր բողոքում: Այսպես՝ ստացվում է մի իրավիճակ, որ սնանկության գործով կառավարիչը մինչև համապատասխան պետական մարմիններին հարցումները ամբողջականությամբ չիրականացնի, չի կարող ունենալ պարտապանի գույքի առկայության վերաբերյալ ամբողջական պատկեր: Այսինքն՝ կառավարիչը մինչև գույքագրման իրականացման համար համապատասխան ժամկետը պետք է իրականացներ բոլոր անհրաժեշտ և բավարար հարցումները: Սույն դեպքում Դատարանը իրավունքի խախտումն իմանալու սկիզբը համարել է կառավարչի կողմից գործը ավարտելու մտադրության մասին գրությունը Բանկի կողմից ստանալու ժամկետը: Դատարանն այդպիսի դիրքորոշումը պատճառաբանել է Բանկի կողմից 17.09.2019 թվականի թիվ 2292-32 գրությամբ հայտնած այն դիրքորոշմամբ, որ Կառավարչի կողմից իրականացված գործողությունները բավարար չեն, թերի են գործն ավարտելու համար:
Մինչդեռ սույն դեպքում կառավարիչը անգործություն է ցուցաբերել օրենքով սահմանված գույքագրման ժամկետների պահից մինչև հիմա, այսինքն՝ անգործությունը շարունակվող է: Այդ ժամանակահատվածում Բանկն ակնկալել է, որ կառավարիչը հնարավոր է, որ չի հասցրել իրականացնել բոլոր հարցումները, կամ իրականացրել է, սակայն անկախ իր կամքից պետական մարմինների պատասխանները ժամանակին չեն տրվել և համբերությամբ սպասել է հնարավոր բոլոր պետական մարմինների հարցումներին և դրանց պատասխաններին:
Եվ միայն 14․10․2019 թվականի պարտատերերի ժողովի ժամանակ է պարզ դարձել, որ կառավարիչը բավարար է համարում կատարված 3 հարցումները և հրաժարվում է այլ հարցումներ իրականացնել:
Վերաքննիչ դատարանը իր 29․01․2020 թվականին կայացրած որոշմամբ հաստատված է համարել այն հանգամանքը, որ Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործի շրջանակներում Բանկն իր իրավունքների նույնիսկ ենթադրյալ խախտման մասին կարող էր իմանալ միայն պարտատերերի ժողովի ժամանակ, հետևաբար Բանկի կողմից ավելի վաղ գրության ներկայացումը չի կարող գնահատվել որպես իրավունքի խախտման վերաբերյալ իմանալու կամ իմանալու հնարավորության մասին ապացույց։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ Բանկը չէր կարող մինչև 14․10․2019 թվականին հրավիրված պարտատերերի ժողովի օրն իմացած լինել իրավունքի նույնիսկ ենթադրյալ խախտման վերաբերյալ։ Կառավարչի գործողությունները փուլային բնույթի են և դրանց բարեխիղճ կատարման կամ անգործություն ցուցաբերելու վերաբերյալ պարտատերը հնարավորություն չուներ իմանալ մինչև պարտատերերի ժողովի հրավիրման օրը, քանի որ պարտատերերի ժողովը Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործով հրավիրվել էր հենց սնանկության գործով կառավարչի կողմից իր լիազորությունների շրջանակներում կատարված գործողությունների ամբողջականությունը քննարկելու նպատակով։
Վերաքննիչ դատարանի կողմից նշվել է այն փաստը, որ Բանկը ժամկետ չի խախտել, իր խախտված իրավունքների մասին կարող էր տեղեկանալ բացառապես 14․10․2019 թվականին հրավիրված պարտատերերի ժողովի ընթացքում, և կրկին բողոքի մերժման հիմքում դրել է նաև բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը Բանկի կողմից բաց թողնելու հանգամանքը, որն անտեսվել է Դատարանի կողմից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.07.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության, կամ բեկանել որոշումը և փոփոխել այն։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից 16.10.2019 թվականի թվագրմամբ թիվ 2551-32 ելքային համարով բողոքի, որը ՀՀ սնանկության դատարան է մուտքագրվել 18.10.2019 թվականին, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը խնդրել է հաստատել դատարանի 13.02.2019 թվականի թիվ ԵԴ/0952/04/18 վճռով սնանկ ճանաչված Սյուզաննա Վրույրի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի գործողությունների ոչ իրավաչափ լինելը՝ դրանց ոչ ամբողջական լինելու հիմքով (հավելված 1, գ.թ. 19-20):
2) Կառավարիչ Ռուզաննա Մարգարյանն իր 17.10.2019 թվականի թիվ Ս92-29 գրությամբ՝ ուղղված ՀՀ սնանկության դատարանին, հայտնել է, որ. «Թիվ ԵԴ/0952/04/18 գործով 14.10.2019թ. ժամը 16.00-ին պարտատեր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ պահանջով հրավիրվել է պարտատերերի ժողով՝ սնանկության գործով կառավարչի կատարած գործողությունների ամբողջականության ստուգելու հարցը քննելու նպատակով: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով պարտատերերի ժողովի վայրի, ժամանակի և օրակարգի մասին պատշաճ ծանուցել եմ բոլոր պարտատերերին և պարտապանին: Ժողովին ներկայացել է միայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Արամ Թումանյանը, ով ժողովում չունի քվեարկելու իրավունք և կարող է մասնակցել միայն խորհրդակցական ձայնի իրավունքով, քանի որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ չի մասնակցել պարտատերերի առաջին ժողովին և չի հանդիսանում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատերը /«Սնանկության մասին» ՀՀ օրենք 33-րդ հոդված/: Ժողովը չի կայացել, քանի որ ժողովին չի ներկայացել որևէ պարտատեր, բացի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից: Ժողովն իրավազոր չէ, քանի որ դրան չի մասնակցել ձայնի իրավունք ունեցող պարտատերերի առնվազն կեսը/ «Սնանկության մասին» ՀՀ օրենք 33-րդ հոդված/: Կից ներկայացնում եմ փոստային հետադարձ ծանուցումները, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ներկայացուցչի գրանցման թերթիկը, ժողովը չկայանալու մասին արձանագրւթյունը» (հավելված 1, գ.թ. 21):
3) «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից 17.09.2019 թվականի թվագրմամբ թիվ 2293-32 ելքային համարով գրությամբ Սյուզաննա Վրույրի Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանին և ՀՀ սնանկության դատարան է ուղարկվել առաջարկություն՝ սնանկության գործով իրականացված գործողությունների ամբողջականությունն ու արդյունավետությունը հասկանալու համար պարտատերերի ժողով հրավիրելու վերաբերյալ, քանի որ ուղարկված գրության մեջ արտացոլված գործողությունների մասով կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն: Ուստի հաշվի առնելով վերոգրյալները բանկը սնանկության գործն ավարտելու մասին մտադրությանն արդյունավետ կերպով կարող է արձագանքել միայն անհրաժեշտ նյութերը և գործի ընթացքի և ավարտի հետ կապված կենսական նշանակության հարցերի վերաբերյալ պատասխանները ստանալուց և համապատասխան վերլուծություն իրականացնելուց հետո (հավելված 1, գ.թ. 33):
4) Վերաքննիչ դատարանի 29.01.2020 թվականի որոշմամբ բավարարվել է Դատարանի 23.10.2019 թվականի որոշման դեմ Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքը, դատական ակտը վերացվել է և հարցն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության, այն պատճառաբանությամբ, որ Բանկը չէր կարող մինչև 14.10.2019 թվականի հրավիրված պարտատերերի ժողովի օրն իմացած լինել իրավունքի նույնիսկ ենթադրյալ խախտման վերաբերյալ, քանի որ պարտատերերի ժողովը, սույն գործով հրավիրվել էր հենց սնանկության գործով կառավարչի կողմից իր լիազորությունների շրջանակներում կատարված գործողությունների ամբողջականությունը քննարկելու նպատակով: Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ Դատարանը Բանկի բողոքը մերժել է միայն կառավարչի գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու ժամկետի լրացման հիմքով և չի անդրադարձել բողոքում բարձրացված կառավարչի լիազորությունների կատարման, չկատարման կամ թերի կատարման հարցին (հավելված 1, գ.թ. 87-91):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ և 31-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ այն հարցադրմանը, թե արդյոք վերաքննիչ դատարանի կողմից նախկինում բեկանված և գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը կարող էր անտեսել վերաքննիչ դատարանի կողմից նախկինում սահմանված գործի նոր քննության ծավալը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար (․․․), որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սնանկության գործերով կայացված որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, կամ բավարարում է բողոքը` վերացնելով դատարանի որոշումը և (կամ) կայացնում է նոր որոշում կամ վերացնում է որոշումը՝ հարցն ուղարկելով համապատասխան դատարան՝ նոր քննության:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):
Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է վարչական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:
Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն՝ հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:
Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.
- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,
- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,
- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,
- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,
- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:
Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տե´ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշը ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե´ս, Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված՝ վերաքննիչ դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը ստուգող վերադաս դատական ատյանի առաքելությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս վերահաստատել է այն, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, որը, ի լրումն դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու, նաև նպատակ է հետապնդում ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը:
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից նախկինում բեկանված և գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության առանձնահատկություններին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի նախկինում վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը, եթե դատարանի վճռում բացակայում են ծանրակշիռ փաստարկները, որ Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումները կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 29․01․2020 թվականի որոշմամբ վերացնելով ՀՀ սնանկության դատարանի 23.10.2019 թվականի թիվ ԵԴ/0952/04/18 սնանկության գործով կայացված ««Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության բողոքը քննության առնելու մասին» որոշումը, գործն ուղարկելով նոր քննության, սահմանել է գործի նոր քննության ծավալ, որը հանգում է հետևյալին. ըստ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29․01․2020 թվականի որոշման` թիվ ԵԴ/0952/04/18 սնանկության գործով սույն հարցի կապակցությամբ անհրաժեշտ է կատարել նոր քննություն, քանի որ ՀՀ սնանկության դատարանի 23.10.2019 թվականի ««Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության բողոքը քննության առնելու մասին» որոշումը կայացվել է նյութական իրավունքի նորմի խախտմամբ, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման, ուստի բողոքաբերի վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման և Դատարանի 23.10.2019 թվականի ««Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության բողոքը քննության առնելու մասին» որոշումը ենթակա է վերացման: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ սնանկության դատարանը 23.10.2019 թվականի ««Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության բողոքը քննության առնելու մասին» որոշմամբ մերժել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքը միայն կառավարչի գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու ժամկետի լրացման հիմքով և չի անդրադարձել բողոքում բարձրացված կառավարչի լիազորությունների կատարման, չկատարման կամ թերի կատարման հարցին, ուստի գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելու նպատակով անհրաժեշտ է սույն հարցի առնչությամբ իրականացնել նոր քննություն` ամբողջ ծավալով:
Դատարանը գործի նոր քննության ընթացքում 09․04․2020 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի գործողությունները ոչ իրավաչափ լինելը հաստատելու վերաբերյալ բողոքի նոր քննությամբ դատարանը հանգում է նրան, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն դեռևս 17․09․2019 թվականին տեղյակ է եղել իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին, սակայն դատարան բողոք է ներկայացրել 19․10․2019 թվականին (այն դատարանում ստացվել է 18․10․2019 թվականին)՝ բաց թողնելով օրենքով սահմանված տանսօրյա ժամկետը, որով և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բողոքը՝ Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի կատարած գործողությունների ոչ իրավաչափ լինելը հաստատելու մասին վերաբերյալ մերժվել է։
Վերաքննիչ դատարանը 09․04․2020 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ պատճառաբանել է, որ «(․․․) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ, ինչպես արդեն մեկ անգամ նշվեց, նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել էր, որ Դատարանը բողոքը մերժել է միայն կառավարչի գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու ժամկետի լրացման հիմքով և չի անդրադարձել բողոքում բարձրացված կառավարչի լիազորությունների կատարման, չկատարման կամ թերի կատարման հարցին, որպիսի հիմքով էլ բողոքն ուղարկել է նույն դատարան՝ նոր քննության: Հետևաբար՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2020թ. որոշմամբ չէր կարող հիմնավորվել կառավարչի լիազորությունների կատարման, չկատարման կամ թերի կատարման հետևանքով պարտատիրոջ իրավունքի սահմանափակման կամ խախտման հանգամանքները: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ կառավարչի գործողություններն իրավաչափ չեն եղել և կառավարիչն իրոք ցուցաբերել է անգործություն, ապա պարտատեր Բանկի կողմից ներկայացված բողոքով որևէ կերպ չեն բացահայտվում կառավարչի անգործության հետևանքները, որպիսին կարող էր լինել, օրինակ, որևէ այլ մարմնի կատարված հարցման արդյունքում պարտապանի գույքի հայտնաբերումը: Ավելին՝ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում անգամ հավուր պատշաճի չի պատճառաբանել Դատարանի կողմից թույլ տված նյութական կամ դատավարական նորմերի խախտումների՝ գործի ելքի վրա ազդեցություն ունենալու վերաբերյալ հիմնավորումները, վերաքննիչ բողոքում վերջինս որևէ կերպ չի հիմնավորել Դատարանի կողմից թույլ տրված «խախտումների» հետևանքով իր՝ որպես պարտատիրոջ, որևէ իրավունքի սահմանափակման կամ խախտման հանգամանքը: Այսպիսով` Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Դատարանը, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացուցչի բողոքը` Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործով կառավարիչ Ռուզաննա Մարգարյանի գործողությունները ոչ իրավաչափ լինելը հաստատելու վերաբերյալ, մերժելով, որևէ խախտում թույլ չի տվել»։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր 29․01․2020 թվականի կայացրած որոշմամբ հաստատված է համարել այն հանգամանքը, որ Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործի շրջանակներում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն իր իրավունքների նույնիսկ ենթադրյալ խախտման մասին կարող էր իմանալ միայն պարտատերերի ժողովի ժամանակ, հետևաբար «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից ավելի վաղ գրության ներկայացումը չի կարող գնահատվել որպես իրավունքի խախտման վերաբերյալ իմանալու կամ իմանալու հնարավորության մասին ապացույց։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն չէր կարող մինչև 14․10․2019 թվականին հրավիրված պարտատերերի ժողովի օրը իմացած լինել իրավունքի նույնիսկ ենթադրյալ խախտման վերաբերյալ։ Կառավարչի գործողությունները փուլային բնույթի են և դրանց բարեխիղճ կատարման կամ անգործություն ցուցաբերելու վերաբերյալ պարտատերը հնարավորություն չուներ իմանալ մինչև պարտատերերի ժողովի հրավիրման օրը, քանի որ պարտատերի ժողովը Սյուզաննա Հարությունյանի սնանկության գործով հրավիրվել էր հենց սնանկության գործով կառավարչի կողմից իր լիազորությունների շրջանակներում կատարված գործողությունների ամբողջականությունը քննարկելու նպատակով, այսպիսով՝ Դատարանն անտեսել է վերադաս ատյանի կողմից հաստաստված հանգամանքն այն մասին, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ժամկետ չի խախտել, իր խախտված իրավունքների մասին կարող էր տեղեկանալ բացառապես 14․10․2019 թվականին հրավիրված պարտատերերի ժողովի ընթացքում, և կրկին բողոքի մերժման հիմքում դրել նաև բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի կողմից բաց թողնելու հանգամանքը, ուստիև խախտվել են բողոք բերած անձի Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները, ինչն էլ անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս ատյան ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29․01․2020 թվականի որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության ուղարկելու լիազորությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14․07․2020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Ս. Միքայելյան Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան Ն. Տ
Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական: