ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 216 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 216 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարվող
«Եզրափակիչ և անցումային դրույթներ» բաժնի 5-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Անդամ պետություններից մեկի՝ այդպիսի անասնաբուժական սերտիֆիկատի համաձայնեցման մասով շահագրգռված լիազորված մարմինը (այսուհետ՝ նախաձեռնող) նախապատրաստում և մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ է ուղարկում անասնաբուժական սերտիֆիկատի նախագիծը՝ այն «արտահանող երկիր - Եվրասիական տնտեսական միություն» ձևաչափով համաձայնեցնելու համար:
Նախաձեռնողից անասնաբուժական սերտիֆիկատի նախագիծն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում անդամ պետությունների լիազորված մարմիններն այն համաձայնեցնում և ուղարկում են նախաձեռնողին կամ դրա առնչությամբ ներկայացնում են իրենց դիտողությունները: Անասնաբուժական սերտիֆիկատի նախագծի առնչությամբ անդամ պետության լիազորված մարմնի կողմից նախաձեռնողին դիտողություններն ուղարկվում են, եթե առկա են ՄԱԲ-ի Կանոնագրքի և Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովի ստանդարտներին, առաջարկություններին և ուղեցույցներին՝ ներկայացված անասնաբուժական սերտիֆիկատի նախագծի դրույթների անհամապատասխանության օբյեկտիվ փաստեր և (կամ) կա հիմնավորված դիրքորոշում՝ մարդու և կենդանիների առողջության ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռիսկի վերաբերյալ:
Նշված ժամկետի ընթացքում նախաձեռնողի կողմից անդամ պետության լիազորված մարմնից անասնաբուժական սերտիֆիկատի համաձայնեցված նախագիծը կամ դրա վերաբերյալ դիտողությունները չստանալու դեպքում անասնաբուժական սերտիֆիկատի նախագիծն այդ լիազորված մարմնի կողմից համարվում է համաձայնեցված:
Դիտողություններ ստանալու դեպքում անասնաբուժական սերտիֆիկատի նախագծի համաձայնեցման համար նախաձեռնողը բանակցություններ է կազմակերպում (այսուհետ՝ բանակցություններ)՝ հրավիրելով անդամ պետությունների լիազորված մարմինների և արտահանող երկրի իրավասու մարմնի ներկայացուցիչների: Բանակցություններն սկսելուց 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ նախաձեռնողը ծանուցում է հրավիրված անձանց, ինչպես նաև նրանց է ուղարկում անհրաժեշտ նյութերը:
Նախաձեռնողը կարող է դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ իր հարթակում՝ Հանձնաժողովի ներկայացուցիչների ներգրավմամբ բանակցություններ անցկացնելու առաջարկությամբ և տվյալ հարցը համաձայնեցնելուց հետո 15 աշխատանքային օրվանից ոչ ուշ կազմակերպում է այդ բանակցությունները:
Անդամ պետությունների լիազորված մարմիններն իրավունք ունեն միանալու բանակցություններին ցանկացած փուլում:
Բանակցությունների արդյունքների հիման վրա ճշգրտված անասնաբուժական սերտիֆիկատի նախագիծը նախաձեռնողն ուղարկում է անդամ պետությունների լիազորված մարմիններ, որոնք այդ նախագիծն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցնում են այն և ուղարկում նախաձեռնողի հասցեով: Այդ ժամկետի ընթացքում նախաձեռնողի կողմից անանասնաբուժական սերտիֆիկատի համաձայնեցված նախագիծը կամ անդամ պետության լիազորված մարմնից դիտողությունները չստանալու դեպքում անասնաբուժական սերտիֆիկատի նախագիծն այդ լիազորված մարմնի կողմից համարվում է համաձայնեցված:
Դիտողություններ ստանալու դեպքում նախաձեռնողը կազմակերպում է բանակցությունների հաջորդ փուլը:
Անդամ պետությունների բոլոր լիազորված մարմինների կողմից անասնաբուժական սերտիֆիկատի նախագծի համաձայնեցման գործընթացն ավարտվելուց հետո նախաձեռնողը համաձայնեցված անասնաբուժական սերտիֆիկատը նախաստորագրման համար ուղարկում է արտահանող երկրի իրավասու մարմին՝ անդամ պետությունների թվին համապատասխանող օրինակների քանակ՝ գումարած մեկ օրինակ: Արտահանող երկրի իրավասու մարմնի կողմից նախաստորագրված անասնաբուժական սերտիֆիկատի օրինակները վերադարձնելուց հետո նախաձեռնողն ինքն է նախաստորագրում դրանք և ուղարկում հետագա նախաստորագրման համար ռուսերենի այբբենական կարգին համապատասխանող առաջին անդամ պետության լիազորված մարմին: Անասնաբուժական սերտիֆիկատի օրինակների՝ նախաստորագրման նպատակով ուղարկումն իրականացվում է մեկ անդամ պետությունից մյուսին՝ ռուսերենի այբբենական կարգով: Անասնաբուժական սերտիֆիկատի օրինակների նախաստորագրումն ու հետագա առաքումն իրականացվում են անդամ պետությունների յուրաքանչյուր լիազորված մարմնի կողմից՝ դրանք ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Անդամ պետությունների լիազորված մարմիններ ուղարկված անասնաբուժական սերտիֆիկատի օրինակների նախաստորագրումն իրականացվում է իրենց կողմից պարտադիր կարգով, համաձայնեցված անասնաբուժական սերտիֆիկատում լրացուցիչ փոփոխություններ կատարելը չի թույլատրվում:
Անդամ պետությունների բոլոր լիազորված մարմինների կողմից նախաստորագրման գործընթացն ավարտվելուց հետո անասնաբուժական սերտիֆիկատի օրինակները վերադարձվում են նախաձեռնողին՝ այն վերջինը նախաստորագրած անդամ պետության լիազորված մարմնի կողմից: Նախաձեռնողն անդամ պետությունների բոլոր լիազորված մարմինների կողմից անասնաբուժական սերտիֆիկատի նախաստորագրված օրինակներն ստանալուց հետո դրանք ուղարկում է այն նախաստորագրած բոլոր կողմերին: Նախաստորագրված օրինակներից մեկը մնում է նախաձեռնողի մոտ, իսկ պատճենն ուղարկվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողով:
Անասնաբուժական սերտիֆիկատի օրինակները վերջինը նախաստորագրած անդամ պետության լիազորված մարմնից դրանք ստանալուց հետո նախաձեռնողը 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ այն հրապարակում է «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ իր պաշտոնական կայքում: Դրանից հետո անասնաբուժական սերտիֆիկատը 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է բոլոր անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքերում:
Անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվության և փաստաթղթերի (գրությունների, նյութերի, նախագծերի, անասնաբուժական սերտիֆիկատների օրինակների և այլնի) փոխանակումն իրականացվում է պաշտոնական գրությունների միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական