Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 93
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
03.08.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
03.08.2021
Дата вступления в силу
05.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

3 օգոստոսի 2021

թիվ 93

քաղ. Մոսկվա

                     

ԷՔՍՊՐԵՍ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ, ՈՐՈՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԻԼՈՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ (ՓՈՐՁԻ) ԱՆՑԿԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

            

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին, 106-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի պիլոտային նախագծի (փորձի) անցկացման հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 7 կարգադրության 6-րդ կետի «ա» ենթակետի երրորդ պարբերության իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել այն ապրանքների առնչությամբ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման առանձնահատկությունները, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի պիլոտային նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

                          

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի օգոստոսի 3-ի

թիվ 93 որոշման

          

Էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման առանձնահատկություններ այն ապրանքների մասով, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի պիլոտային նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում

           

1. Սույն փաստաթուղթը սահմանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված ձևի համաձայն էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (այսուհետ՝ ԷԲԱՀ) լրացման առանձնահատկություններն այն ապրանքների մասով, որոնց հայտարարագրումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի պիլոտային նախագծի (փորձի) անցկացման շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրությանը համապատասխան (այսուհետ՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ):

2. Սույն փաստաթուղթը կիրառվում է այն իրավաբանական անձանց կողմից, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 7 կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան և մասնակցում են ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի պիլոտային նախագծին (փորձին) որպես էլեկտրոնային առևտրի օպերատորներ էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մաքսային հայտարարագրման նպատակներով ԷԲԱՀ-ն լրացնելիս, որոնք ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք այդ ապրանքների ստացող հանդիսացող ֆիզիկական անձանց հասցեով, առաքվում են որպես էքսպրես բեռ կամ ուղարկվում են այդպիսի անձանց հասցեով միջազգային փոստային առաքանիներով:

3. Էլեկտրոնային առևտրի ապրանքների առնչությամբ ԷԲԱՀ-ն լրացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշմամբ հաստատված՝ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման կարգին (այսուհետ՝ Կարգ) համապատասխան՝ հաշվի առնելով սույն փաստաթղթով նախատեսված առանձնահատկությունները:

4. Էլեկտրոնային առևտրի ապրանքները հայտարարագրելիս Կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում:

5. Մեկ ԷԲԱՀ-ում նշվում են էլեկտրոնային առևտրի այն ապրանքների մասին տեղեկությունները, որոնք փոխադրողի կողմից առաքվում են որպես էքսպրես բեռ կամ փոստային կապի նշանակված օպերատորի կողմից միջազգային փոստային առաքանիներով ուղարկելիս և մեկ ուղարկողից տեղափոխվում են մեկ ստացողի հասցեով՝ ըստ մեկ կամ մի քանի ընդհանուր բեռնագրերի: Ընդ որում, թույլատրվում է էլեկտրոնային առևտրի այն ապրանքների վերաբերյալ տեղեկությունների նշումը, որոնք տեղափոխվում են դրանց փոխադրման ընթացքում միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող ոչ ավելի քան 500 անհատական բեռնագրերով կամ 500 փաստաթղթերով, որոնք սահմանված են Համաշխարհային փոստային միության ակտերով (այսուհետ՝ ՀՓՄ փաստաթղթեր):

6. «Ստացողը (ըստ ընդհանուր բեռնագրի)» վանդակում նշվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի վերաբերյալ տեղեկությունները (Կարգի 16-րդ կետին համապատասխան)։

7. «ԷԲԱՀ-ն» վանդակում էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ի լրացման ժամանակ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են «ԷՓ» (ԷԲԱՀ-ն էլեկտրոնային փաստաթղթի տեսքով) և «ԷԱ» (ԷԲԱՀ-ն էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով) հապավումները, թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ի լրացման ժամանակ՝ միայն «ԷԱ» հապավումը:

8. «Նախորդող փաստաթուղթը» վանդակում Բելառուսի Հանրապետության համար բացի փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան փաստաթղթի ծածկագրից և այն փաստաթղթի համարից, որը հաստատում է էլեկտրոնային առևտրի ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը (այն դեպքում, երբ ապրանքները մինչև ԷԲԱՀ-ն ներկայացնելը հանձնվել են ժամանակավոր պահպանման), լրացուցիչ նշվում է այդ ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու ամսաթիվը:

Տվյալ տեղեկությունները էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում ենթակա են նշման ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իսկ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում՝ իրարից անջատելով «–» նշանով։

9. «Ընթացակարգը» վանդակը չի լրացվում:

10. «Ընդհանուր տեղեկությունները» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

1-ին սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անհատական բեռնագրի կամ միջազգային փոստային առաքանու հերթական համարը։

2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է ընդհանուր բեռնագրի համարը։

3-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է անհատական բեռնագրի համարը կամ միջազգային փոստային առաքանու եզակի համարը (Համաշխարհային փոստային միության Տեխնիկական ստանդարտների հավաքածուի S10 ստանդարտին համապատասխան նամակագրական թղթակցության և ծանրոցների 13 նիշ ունեցող եզակի տառաթվային նույնականացուցիչ, որը զետեղվում է յուրաքանչյուր փոստային առաքանու վրա)։

4-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են ուղարկողի վերաբերյալ տեղեկությունները՝ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի համաձայն (Կարգի 161-րդ կետին համապատասխան):

5-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի համաձայն ստացողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները (Կարգի 14-րդ կետին համապատասխան), ինչպես նաև առկայության դեպքում՝ ֆիզիկական անձի հարկային համարը (Հայաստանի Հանրապետությունում՝ հարկ վճարողի հաշվառման համարը, Բելառուսի Հանրապետությունում՝ նույնականացման համարը, Ղազախստանի Հանրապետությունում՝ անհատական նույնականացման համարը, Ղրղզստանի Հանրապետությունում՝ անձնական նույնականացման համարը, Ռուսաստանի Դաշնությունում՝ հարկ վճարողի նույնականացման համարը).

ֆիզիկական անձի բնակության վայրը կամ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի համաձայն էլեկտրոնային առևտրի ապրանքների առաքման հասցեն (Կարգի 13-րդ կետին համապատասխան):

Թույլատրվում է ֆիզիկական անձի ազգանվան, անվան, հայրանվան նշումը լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ՝ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի համաձայն (ֆիզիկական անձի հարկային համարը նշելիս):

11. «Ապրանքների վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքի հերթական համարը՝ ըստ ԷԲԱՀ-ի, և «/» բաժանիչ նշանից հետո՝ այդ ապրանքի հերթական համարը՝ ըստ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի:

7-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է էլեկտրոնային առևտրի ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում): Եթե էլեկտրոնային առևտրի ապրանքի անվանման մեջ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի համաձայն օգտագործվում են լատինական այբուբենի տառեր, ապա թույլատրվում է այդպիսի տեղեկությունների նշումը լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ:

8-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան էլեկտրոնային առևտրի ապրանքի ծածկագիրը՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով (որպես տեղեկատվություն)։

9-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների քանակը։

10-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների ընդհանուր համաքաշը (կգ)՝ ըստ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի։ Նշվող արժեքը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև երկու նիշ ճշտությամբ:

11-րդ սյունակը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում:

12-րդ սյունակում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում, իրարից անջատելով «/» բաժանիչ նշանով, նշվում են արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և էլեկտրոնային առևտրի ապրանքի արժեքը՝ թվանշաններով՝ առևտրային փաստաթղթերին կամ ՀՓՄ փաստաթղթերին համապատասխան: Ապրանքի արժեքի մեծությունը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ:

13-րդ սյունակում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում՝ իրարից անջատելով «/» բաժանիչ նշանով նշվում են արժույթի տառային ծածկագիրը՝ արժույթների դասակարգչին համապատասխան, և էլեկտրոնային առևտրի ապրանքի արժեքը՝ թվանշաններով՝ այն անդամ պետության արժույթով, որի մաքսային մարմնին է ներկայացվում ԷԲԱՀ-ն՝ ԷԲԱՀ-ի գրանցման օրվա դրությամբ, եթե Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան այդ անդամ պետության օրենսդրությամբ այլ ամսաթիվ սահմանված չէ: Ապրանքի արժեքի մեծությունը կլորացվում է մաթեմատիկական կանոններով՝ ստորակետից հետո մինչև 2 նիշ ճշտությամբ, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև ամբողջ թիվը:

12. «Փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

վանդակում նշվում են էլեկտրոնային առևտրի ապրանքների ձեռքբերումը հաստատող տեղեկություններ (առկայության դեպքում՝ Բելառուսի Հանրապետության համար՝ հաշվի առնելով սույն կետի տասնվեցերորդ պարբերությամբ սահմանված առանձնահատկությունները) և արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ: Ընդ որում, այդպիսի փաստաթղթերի մասին տեղեկությունները ենթակա են վանդակում նշման՝ անկախ նրանից, թե փաստաթուղթը փաստացի ներկայացվում է ԷԲԱՀ-ի հետ համատեղ, թե չի ներկայացվում՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդված 2-րդ կետի հիման վրա։

14-րդ սյունակում ԷԲԱՀ-ում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում նշվում են՝

արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և իրարից անջատելով «/» բաժանիչ նշանով՝ ԷԲԱՀ-ը ներկայացնելիս փաստաթղթի ներկայացնելը կամ չներկայացնելը հաստատող հատկանիշը՝

«0»՝ փաստաթուղթը ներկայացված չէ.

«1»՝ փաստաթուղթը ներկայացված է.

էլեկտրոնային առևտրի ապրանքների ձեռքբերումը հաստատող տեղեկությունների ծածկագիրը՝ փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան, և իրարից անջատելով «/» բաժանիչ նշանով՝ ԷԲԱՀ-ը ներկայացնելիս այդպիսի տեղեկություններ պարունակող փաստաթղթի ներկայացնելը կամ չներկայացնելը հաստատող հատկանիշը.

«0»՝ փաստաթուղթը ներկայացված չէ.

«1»՝ փաստաթուղթը ներկայացված է։

Էլեկտրոնային առևտրի ապրանքների ձեռքբերումը հաստատող տեղեկությունների համար փաստաթղթերի և տեղեկությունների տեսակների դասակարգչին համապատասխան օգտագործվում են հետևյալ ծածկագրերը.

«04200»՝ ինտերնետ պատվերի ամսաթիվը և համարը նշելու համար.

«10046»՝ էլեկտրոնային առևտրի ապրանքի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում ինտերնետ հարթակի (ինտերնետ խանութի) էջին հղում անելու համար (այսուհետ՝ կայքէջ).

«10047»՝ ինտերնետ հարթակի (ինտերնետ խանութի) անվանումը նշելու համար:

15-րդ սյունակում թղթային կրիչով փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում առանձին տողերով, իսկ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ԷԲԱՀ-ում՝ ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում՝ իրարից անջատելով «/» բաժանիչ նշանով նշվում են՝

ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով և ինտերնետ պատվերի համարը, ինտերնետ հարթակի (ինտերնետ խանութի) անվանումը, հղումը կայքէջին: Թվարկված տեղեկությունները նշվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի մոտ դրանց առկայության դեպքում:

Բելառուսի Հանրապետությունում հղումը կայքէջին նշվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի մոտ տեղեկությունների առկայության դեպքում, այլ տեղեկություններ ենթակա են նշման պարտադիր կարգով.

ամսաթիվը՝ օօ.աա.տտտտ (օրը, ամիսը, օրացուցային տարին) ձևաչափով ու արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթի համարը:

13. «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) տողում նշվում են անհատական բեռնագրով կամ ՀՓՄ փաստաթղթով փոխադրվող էլեկտրոնային առևտրի ապրանքների ընդհանուր համաքաշի և այն անդամ պետության փոխարժեքով հաշվարկված արժեքի վերաբերյալ տեղեկությունները, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ն:

14. «Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) տողում նշվում են ԷԲԱՀ-ում հայտագրված էլեկտրոնային առևտրի բոլոր ապրանքների գումարային համաքաշի և այն անդամ պետության փոխարժեքով հաշվարկված արժեքի վերաբերյալ տեղեկությունները, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ն:

15. «Գ. Վճարների հաշվարկումը» վանդակը լրացվում է՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները.

վանդակի մեջ նշվում են տեղեկություններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 2 հավելվածում սահմանված միասնական դրույքաչափերով (այսուհետ՝ միասնական դրույքաչափեր) գանձվող մաքսատուրքերի, հարկերի, մաքսային մարմինների կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար մաքսավճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկությունները, եթե այդպիսի մաքսավճարները սահմանված են այն անդամ պետության օրենսդրությամբ, որի մաքսային մարմին է ներկայացվում ԷԲԱՀ-ն (այսուհետ՝ մաքսավճարներ), ինչպես նաև տույժերի հաշվարկման վերաբերյալ տեղեկությունները:

Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի, մաքսավճարների (այսուհետ՝ մաքսային վճարներ), տույժերի հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ վճարման յուրաքանչյուր տեսակի։

Միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքերի, հարկերի հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի, եթե այդպիսի մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման:

Մաքսավճարների հաշվարկումը կատարվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի, եթե այդ մաքսավճարները ենթակա են վճարման։

1-ին սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են ԷԲԱՀ-ի «Ընդհանուր տեղեկությունները» վանդակի 1-ին սյունակում նշված՝ անհատական բեռնագրի կամ միջազգային փոստային առաքանու հերթական համարը։

Մաքսային վճարների հաշվարկման վերաբերյալ տեղեկություններ նշելիս՝

2-րդ և 3-րդ սյունակները (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) լրացվում են Կարգին համապատասխան: Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար մաքսավճարները հաշվարկելիս 3-րդ սյունակը (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանը) չի լրացվում.

4-6-րդ սյունակները (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) լրացվում են Կարգին համապատասխան:

«Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի» տողում (ԷԲԱՀ կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում են ըստ մեկ անհատական բեռնագրի կամ ՀՓՄ փաստաթղթի վճարման ենթակա մաքսային վճարների ընդհանուր գումարը, ինչպես նաև տույժերի հաշվեգրված գումարների մասին տեղեկությունները։

Վճարման ենթակա մաքսային վճարների մասին տեղեկություններ նշելիս՝

2-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարի տեսակի ծածկագիրն այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին.

3-5-րդ սյունակները (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) չեն լրացվում.

6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) ըստ վճարման համապատասխան տեսակի նշվում է այդպիսի վճարման գումարը:

Տույժերի հաշվեգրված գումարների մասին տեղեկություններ նշելու դեպքում 2-6-րդ սյունակները (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) լրացվում են Կարգին համապատասխան:

«Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի» տողում՝

2-5-րդ սյունակները (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանները) լրացվում են Կարգին համապատասխան.

6-րդ սյունակում (ԷԲԱՀ-ի կառուցվածքի համապատասխան վավերապայմանում) նշվում է վճարման ենթակա մաքսային վճարների, տույժերի ընդհանուր գումարը։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան