ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունիսի 2022 թվականի ք. Երևան |
թիվ 80-Ա |
ԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ` ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի փետրվարի 24-ին հայտարարել է լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթ։
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Շիրակի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու հայտերի և կից փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամանակահատվածում (28․03․2022 թ-ից մինչև 18․04․2022 թ-ը ներառյալ)՝ 2022 թվականի ապրիլի 18-ին հայտ է ներկայացրել Մերի Մկրտչյան Հրաչյայի անհատ ձեռնարկատերը (այսուհետ նաև՝ Հայտատու)։
Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտ չի ներկայացվել։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 16-րդ կետի համաձայն հայտին կից ներկայացվել է.
1. փաստաթուղթ՝ լսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,
2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,
3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,
4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,
5. էթիկայի կանոնագիր,
6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,
7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:
2022 թվականի ապրիլի 26-ին Հանձնաժողովի դռնբաց նիստում հրապարակվել են հայտը և կից փաստաթղթերը՝ Հայտատուն մինչև 30 րոպե տևողությամբ ներկայացրել է դրանց բովանդակությունը։
Հայտատուի հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է․
Հայտատուի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթի համաձայն՝ Հայտատուի «Հորիզոն» ծրագիրն ունի կրթական, մշակութային ուղղվածություն և հաղորդումների մեծ մասը սեփական արտադրության են, որը կազմելու է եթերի 60%-ը։ Ծրագրում գործընկեր լսողական մեդիածառայություն մատուցողների հաղորդումները կազմելու են եթերի 30%-ը, իսկ եթերի 10%-ը կազմելու են սոցիալական նշանակության հոլովակները։
Հայտում ներկայացված սեփական արտադրության հաղորդումների բնութագրերից ակնհայտ է, որ հաղորդումները եթեր են հեռարձակվելու հայերեն լեզվով։
Հայտատուի հիմնական նպատակներն են՝ ապահովել անաչառ տեղեկատվություն, հաղորդումների միջոցով փորձել նպաստել հասարակության դիրքորոշումների և տեսակետների ազատ արտահայտմանը և հստակեցմանը, ստեղծել սեփական հաղորդումներ՝ նվիրված գրականությանը, մշակութային և հոգևոր արժեքներին, արվեստին, տեղեկատվության միջոցով օգնել ճանաչել Հայաստանը և աշխարհը, ինչպես նաև ստեղծել մանկական, հայոց պատմության ծանոթացման և ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության վերաբերյալ հաղորդումներ, խթանել բազմակարծությունը և ապահովել հաղորդումների բազմազանությունը։
«Հորիզոն» ծրագրում բազմակարծությունը խթանելու և հաղորդումների բազմազանությունն ապահովելու ուղղությամբ Հայտատուն նախատեսում է ստեղծել մի շարք հաղորդումներ, որոնց միջոցով բազմապրոֆիլ մշակութային հարցերի շուրջ կներկայացվեն տարբեր կարծիքներ և դիրքորոշումներ, իսկ հաղորդումների բազմազանությամբ կպահպանվի հավասարակշռվածությունը հասարակության մեջ։
Հայտատուն վերջերս հաշվառված և հեղինակազորված է, ուստի ֆինանսական շարժ չունենալու հետևանքով որպես ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթուղթ ներկայացրել է տեղեկատվություն այն մասին, որ նախնական ֆինանսական բոլոր ներդրումները կատարվելու են անհատ ձեռնարկատիրոջ անձնական միջոցներից։
Տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ Հայտատուն ներկայացրել է առկա տեխնիկական միջոցների անվանական և քանակական ցանկը՝ սարքավորումների տեխնիկական բնութագրերը ներառող տվյալներով։
Աշխատակազմի վերաբերյալ ներկայացվել է աշխատակիցների կրթության, մասնագիտության և աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև աշխատակիցների զբաղեցրած պաշտոնները։
Ինչ վերաբերում է ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումներին, Հայտատուն ներկայացրել է մշակույթի, արհեստների և մասնագիտությունների տարբեր ճյուղերի և այդ ճյուղերի վառ ներկայացուցիչների, ինչպես նաև հոգևոր գիտելիքների ամրապնդմանն ուղղված, հայոց պատմության, Հայաստանի բնակավայրերի, արվեստի կենտրոնների, ճարտարապետական հուշարձանների և Հայաստանի տարբեր բարբառների մասին հաղորդաշարերի վերաբերյալ տեղեկատվություն։
Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.
Այսպիսով, Հանձնաժողովը ղեկավարվելով օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքներով, հայտի ուսումնասիրության և գնահատման արդյունքում ամրագրում է հետևյալը․
Հայտատուի կողմից ներկայացված «Հորիզոն» ծրագրում գերակայելու են սեփական արտադրության՝ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումները, որը նպատակ ունի ռադիոլսողին ծանոթացնելու համամարդկային և ազգային մշակութային ժառանգությանը, մշակութային ստեղծագործական և հոգևոր արժեքներին, ռադիոլսողի մոտ ձևավորելու մշակութային գիտելիքներ, մտածողություն, գեղագիտական ճաշակ, ընդ որում գիտության, մշակույթի, արվեստի և հանրային կյանքի ոլորտներում ռադիոլսողին գիտելիքներ տալու կամ ուսուցանելու նպատակով Հայտատուի «Հորիզոն» ծրագրում տեղ են գտնելու նաև կրթական, ինչպես նաև մանկական թեմատիկ ուղղվածության հաղորդումներ։
Այս առումով Հանձնաժողովը կարևորում և բարձր է գնահատում լսողական արտադրանքի բովանդակության նկատմամբ Հայտատուի որդեգրած խմբագրական քաղաքականությունը, ինչպես նաև բազմակարծությունը խթանելու կարողությունը և հաղորդումների բազմազանությունն ապահովելու հնարավորությունը։
Անհրաժեշտ է ընդգծել, որ Հանձնաժողովի դիտարկմամբ սահմանափակ ռեսուրսի՝ հաճախականության օգտագործման միջոցով հեռարձակվող լսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։
Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։
Հանձնաժողովը փաստում է նաև, որ Հայտատուի մոտ «Հորիզոն» ծրագիր ստեղծելու գաղափարը հասունացել է հեռարձակման ոլորտում երկար տարիների գործունեության և գրանցված հաջողությունների արդյունքում, ինչը վկայում է տեխնիկական հագեցվածության, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության և ֆինանսական հնարավորությունների մասին։
Օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և Կարգի 29-րդ կետի համաձայն Հանձնաժողովի անդամները վարկանիշային փակ քվեարկության միջոցով կատարում են մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը:
Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով վերցրել են Հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկները և փոխանցել Հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկներում նշված թվագրումով գնահատման թերթիկները տրամադրել է Հանձնաժողովի անդամներին:
Վարկանիշային քվեարկությունից առաջ Հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:
Օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Կարգի 37-րդ կետի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հանձնաժողովը հաշվի է առնում՝
1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,
2. հայերեն հաղորդումների գերակայությունը,
3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,
4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,
5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,
6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը,
7. գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:
Օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով, որը 32-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանում է Հանձնաժողովը:
Օրենքի 60-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ լսողական ծրագիր հեռարձակողների համար անալոգային հաճախականությունների վրա տարածվում են սլոթի վերաբերյալ Օրենքով նախատեսված կարգավորումները։
Կարգի 32-րդ կետի համաձայն սահմանվել է, որ Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, սույն կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում՝ ամբողջ թվով՝ 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը։
Գնահատման թերթիկի ձևը հաստատվել է Կարգի Ձև N 2-ով:
Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, Հանձնաժողովի անդամներն իրենց հիմնավորումներով, փակ վարկանիշային քվեարկությամբ Հայտատուի հայտը գնահատել են հետևյալ միավորներով.
հ/հ |
Մասնակցի անվանումը |
Գնահատման միավորը | |||||
Գնահատման թերթիկի համարը | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | ||
1 |
Մերի Մկրտչյան Հրաչյայի ԱՁ |
12 |
15 |
13 |
13 |
12 |
12 |
Վարկանիշային միավորը |
77 | ||||||
Անցողիկ շեմը |
40 |
Հանձնաժողովի անդամները գնահատման թերթիկին կից ներկայացրել են իրենց գնահատման հիմնավորումները, որոնք կցվում են սույն որոշմանը։
Կարգի 32-րդ կետի համաձայն՝ մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, իսկ Կարգի 34-րդ կետի համաձայն՝ վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած և առավելագույն վարկանիշային միավոր ստացած մասնակիցը, իսկ մեկ մասնակցի դեպքում՝ անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցը:
Տվյալ մրցույթում անցողիկ շեմը 40 միավորն է, իսկ Մերի Մկրտչյան Հրաչյայի անհատ ձեռնարկատերը մրցույթի միակ մասնակիցն է, որը հաղթահարել է մրցույթում անցողիկ շեմը։
Այսպիսով, վարկանիշային քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցը:
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, 60-րդ հոդվածի 14-րդ մասի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Մերի Մկրտչյան Հրաչյայի անհատ ձեռնարկատիրոջը ճանաչել լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել ՀՀ Շիրակի մարզի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզիա:
2․ Մերի Մկրտչյան Հրաչյայի անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 97.9 ՄՀց, Ամասիա քաղաքում՝ 94.1 ՄՀց հաճախականությունները։
3. Սույն որոշման անբաժանելի մաս համարել Հանձնաժողովի անդամների գնահատման հիմնավորումները՝ համաձայն Հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մերի Մկրտչյան Հրաչյայի անհատ ձեռնարկատիրոջը ծանուցելուց մեկ օր հետո:
5. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
2022 թ. հունիսի 7 ք. Երևան |
Հավելված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 7-ի թիվ 80-Ա որոշման |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզի տարածքում լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթի մասնակցի՝ Մերի Մկրտչյան Հրաչյայի ԱՁ-ի հայտի գնահատման
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տ․ Հակոբյան
ՀՀ Շիրակի մարզի տարածքում հայտարարված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորմանն մրցույթին ցավոք, մասնակցում է միայն մեկ ընկերություն, ինչի հետևանքով մրցույթը մրցակցային բնույթ չի կրում, սակայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշտապես կարևորել է մարզային հեռարձակումը և գոհունակությամբ պետք է նշել, որ լիցենզիայի տրամադրումից հետո Շիրակի մարզում գործելու է երկրորդ մասնավոր ռադիոընկերությունը:
Այնուամենայնիվ, «Հորիզոն» ռադիոյի ներկայացված հայտը համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում և Հանձնաժողովի կարգերում ամրագրված չափորոշիչներին: Հայտում ներկայացված տեխնիկական միջոցները բավարար են ռադիոյի անխափան աշխատանքների համար, իսկ աշխատակիցները՝ մեդիայի բնագավառում աշխատանքի փորձ ունեցող մասնագետներ են:
Ներկայացված հաղորդաշարերը բազմազան են՝ ներկայացված են կրթական, մանկական, մշակութային, սոցիալական, ժամանցային ուղղվածության հաղորդումներ և հաղորդաշարեր: Կարևոր է, որ ռադիոընկերությունը պատրաստելու է մարզային նշանակության հաղորդումներ, ծանոթացնելու է ռադիոլսողին Շիրակի պատմությանը, ավանդույթներին: Ռադիոընկերությունը պարտավորվում է եթերի 60 տոկոսը ապահովել սեփական արտադրության բովանդակությամբ, իսկ եթերաժամանակի որոշ հատված հատկացնել սոցիալական նշանակություն ունեցող հոլովակներին:
Կարծում եմ, «Հորիզոն»-ը արժանի տեղ կզբաղեցնի մարզային հեռարձակողների շարքում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Ա. Մանուկյան
Ծանոթանալով Հորիզոն ռադիոյի հայտին, ծրագրերին, պետք է ուրախությամբ նշել, որ ողջունելի է ևս մեկ մարզային ռադիո ունենալու հեռանկարը: Հաղորդումները բազմազան են, բովանդակալից: Նկատելի է Հորիզոնի ցանկությունը բավարարելու մարզի բնակիչների պահանջները, նրանց սոցիալական ու առօրեական խնդիրների բարձրաձայնմանը: Նկարագրված են կրթական, մշակութային, մանկական, արհեստներին վերաբերող և որ շատ կարևոր է, սոցիալական նշանակության հոլովակներ, որ պետք է կազմեն Հորիզոն ռադիոյի եթերի 60 տոկոսը: Ծրագրերի մեջ հաճելի էր տեսնել հայոց լեզվի բարբառների, հայոց պատմության նկատմամբ Հորիզոնի մտադրությունները հանրայնացնելու և կենդանի պահելու, զարգացնելու ցանկությունը:
Հորիզոնի ստեղծագործական կազմի հետագիծը տպավորիչ էր և հույս ներշնչող, որ Շիրակի մարզում կունենանք հետաքրքիր բովանդակությամբ և դինամիկ զարգացող ռադիոընկերություն:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Ռ. Շառոյան
«Հորիզոն» ռադիոյի ներկայացրած հայտը համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում և հանձնաժողովի կարգերում ամրագրված չափորոշիչներին, իսկ ներկայացված աշխատակիցները մեդիայի այդ բնագավառի փորձառու մասնագետներ են։
Հաջողություն եմ մաղթում ողջ անձնակազմին։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հ․ Մ․ Հակոբյան
ՀՈՐԻԶՈՆ ռադիոյի ստեղծման հայտի տվյալները ուսումնասիրելիս առանձնակի մտահոգություններ չեն առաջանում։ Նպատակները համապատասխանում են արդի մեր մշակութային և հասարակական պահանջներին։
Այսօրվա մեր մեդիա դաշտում անաչառ և գրագետ տեղեկատվության և հաղորդումների անհրաժեշտությունը ակնհայտ է, իսկ ՀՈՐԻԶՈՆԻ հաղորդումների, հաղորդաշարերի և դրանք արհեստավարժության ու ժողովրդավարության սկզբունքներով կառուցելու նկարագրությունը խոստանում է ապահովել որակով ռադիոեթեր։ Հույս ունենանք, որ այդ ամենը կմատուցվի գրագետ խոսքով և ճկուն հայերենով։
Մշակութային և հասարակական նշանակության հաղորդումները խոստացված են հիմնականում սեփական արտադրության նյութերով, ինչը կհարստացնի մեր ընդհանուր ռադիոեթերը։
ՀՈՐԻԶՈՆ ռադիոն իր ֆինանսական աղբյուրները նախատեսում է առայժմ տնօրենի անձնական միջոցներով։ Լավ կլինի, որ այս սահմանափակ հնարավորությունը ժամանակի ընթացքում ընդլայնվի։
Տեխնիկական միջոցները նորմալ ստարտի հնարավորություն տալիս են։ Խոստացված է, որ հընթացս դրանք կհարստացվեն։
Աշխատակազմի կրթական և մասնագիտական տվյալները միանգամայն բավարար են։
Այս ամենը հիմք են, որպեսզի ՀՈՐԻԶՈՆ ռադիոն կարողանա պատշաճ մշակութային և հասարակական գործունեություն ծավալել։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Վ․ Օհանյան
Հաշվի առնելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետով սահմանված չափանիշները՝ սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողների դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը և ՀՀ Շիրակի մարզի տարածքում լիցենզավորման մրցույթի մասնակցի՝ Մերի Մկրտչյան Հրաչյայի ԱՁ-ի կողմից ներկայացված հայտում յուրաքանչյուր չափանիշին համապատասխան ստանձնած պարտավորությունները, գտնում եմ, որ Հայտատուի կողմից վերոնշյալ բոլոր չափանիշների վերաբերյալ անդրադարձը և ստանձնած պարտավորությունները բավարար են:
Ըստ ներկայացվածի՝«Հորիզոն» լսողական ծրագրում նախատեսվում է սեփական արտադրության հաղորդումների և հայերեն հաղորդումների գերակայություն:
Բազմակարծության ապահովման վերաբերյալ Հայտատուն ներկայացրել է հակիրճ տեղեկատվություն, սակայն դրանից պարզ է, որ լսողական ծրագրի նպատակներից է դառնալ տարբեր կարծիքներ և դիրքորոշումներ ներկայացնող ծրագիր, հետևաբար բազմակարծությունը խթանելու կարողությունը ևս կարելի է համարել բավարար։
Հայտում ներկայացված առկա տեխնիկական միջոցները և հետագայում դրանց ընդլայնման նախատեսումը հիմք են տալիս տեխնիկական հնարավորությունները բավարար համարել նախանշված նպատակների իրագործման համար, սակայն ֆինանսական միջոցների ապահովվածությունը բավարար հիմնավորված չէ։
Աշխատակազմի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվության համաձայն աշխատակիցների թվում ընդգրկված են ոլորտում փորձառու և կայացած մասնագետներ։
«Հորիզոն» լսողական ծրագիրը կարևորվում է հատկապես ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողության ու ամրապնդման տեսանկյունից, քանի որ ներկայացված հաղորդումները առանձնանում են իրենց հանրօգուտ բնույթով։
Ինչ վերաբերում է գործող լիցենզավորված տեսալսողական մեդիածառայություն մատուցողների դեպքում գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանության չափանիշին, ապա Հայտատուն այս իմաստով չի համարվում գործող, քանի որ նախկինում լիցենզավորման հայտ չի ներկայացրել:
Հարկ եմ համարում նշել նաև, որ Մերի Մկրտչյան Հրաչյայի ԱՁ-ն լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՀՀ Շիրակի մարզի տարածքում լիցենզավորման մրցույթի միակ մասնակիցն է:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գ. Մամիկոնյան
Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՀՀ Շիրակի մարզի տարածքում լիցենզավորման մրցույթի մասնակից Մերի Մկրտչյան Հրաչյայի ԱՁ-ի կողմից ներկայացված (այսուհետ՝ Հայտատու) «Հորիզոն» լսողական ծրագրի հայտը համապատասխանում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից ընդունված կարգում ամրագրված չափորոշիչներին:
Հայտատուն հիշյալ մրցույթի միակ մասնակիցն է, ավելին, լիցենզավորման մրցույթի հայտ ներկայացնում է առաջին անգամ։
Հայտում ներկայացված տեխնիկական միջոցները, մեդիայի բնագավառում փորձ ունեցող մասնագետների ներկայացվածությունը, ինչպես նաև ծրագրային առաջարկությունները կարևոր նախապայման են լսողական ծրագրի աշխատանքների կազմակերպման համար:
Մասնավորապես, տեխնիկական միջոցների նկարագրությունը թույլ է տալիս տեխնիկական հնարավորությունները համարել բավարար առնվազն աշխատանքների մեկնարկի համար։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ տեխնիկական միջոցների հետագա համալրման ապահովումը, ինչպես նաև ֆինանսական միջոցների ապահովվածությունը բավարար հիմնավորված չեն։ Մյուս կողմից, սակայն, ոլորտում փորձառու և կայացած մասնագետների ընդգրկվածությունը Հայտատուին տալիս է մեծ առավելություն։
Կարևոր է, որ Հայտատուն պատրաստելու է մարզային նշանակության հաղորդումներ, ինչպես նաև եթերաժամանակի 60 տոկոս եթերը ապահովելու է սեփական արտադրության բովանդակությամբ, 10 տոկոսը հատկացնելու է սոցիալական նշանակության հոլովակներին: Հայտում ներկայացված հաղորդումների բնութագրերից կարելի է ենթադրել նաև, որ հաղորդումների մեծ մասը հայերեն են լինելու:
Բազմակարծությունը խթանելու կարողությունը կարելի է համարել բավարար, քանի որ, Հայտատուն, թեպետ ներկայացրել է հակիրճ տեղեկատվություն, սակայն նշել է, որ լսողական ծրագրի նպատակներից է տարբեր կարծիքներ և դիրքորոշումներ ներկայացնող, բազմակարծությունը խթանող միջավայրի ձևավորումը։
Հայտատուն իր հայտով նաև ստանձնել է պարտավորություն՝ ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների հեռարձակման:
Այնուամենայնիվ, հայտի վերաբերյալ ներկայացնում եմ նաև իմ դիտարկումները, որոնք կարող են նպաստել «Հորիզոն» լսողական ծրագրի գործունեության շարունակականության ապահովմանն ու խոսքի մշակույթի ձևավորմանը։
1. Հայտատուն գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր (այսուհետ՝ ԱՁ)։ ԱՁ լինելու հիմքը օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ունենալն է, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու: Համաձայն «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» օրենքի՝ ԱՁ-ն կարող է բանկում ունենալ հաշվարկային հաշիվ, ինչպես նաև վարձու աշխատողներ: Սակայն ԱՁ-ն չունի հաշվեկշիռ («Անհատ ձեռնարկատիրոջ մասին» օրենք, Հոդված 7)։ Ինչպես գիտենք, հաշվեկշիռը ցույց է տալիս կազմակերպության վիճակը որոշակի օրվա դրությամբ, որը բնութագրվում է նրանով, թե որքան միջոց ունի կազմակերպությունը տվյալ պահին, և որոնք են այդ միջոցների գոյության աղբյուրները։ Այն կարևոր նշանակություն ունի կազմակերպության տնտեսական գործունեությունը հաշվառելու, կառավարելու, վերահսկելու և հաշվետվություն ներկայացնելու համար։
Միևնույն ժամանակ, Հայտատուի իրավակազմակերպական ձևի բացակայությունը թույլ չի տալիս հստակ պատկերացում կազմել վերջինիս գործունեության կայունության և շարունակականության մասին։
Առաջարկում եմ քայլեր ձեռնարկել «Հորիզոն» լսողական ծրագիրը որպես իրավակազմակերպական ձև ունեցող կազմակերպություն գրանցելու և կազմակերպական կառուցվածք և մշակույթ ձևավորելու ուղղությամբ։
2. Լսողական ծրագիրը զանգվածային լրատվության միջոց է, որը եթերից հնչեցնելու է հայերեն բանավոր խոսք։ Ներկայացված հայտը գրավոր խոսք է, որը պետք է հնարավորություն տա շփվելու Հայտատուի հետ, պատկերացում կազմելու այն միջավայրի մասին, որտեղ պետք է ծավալվեն ապագա գործողությունները, ինչպես նաև հասկանալու պատասխանատվության և լրջության աստիճանը, որով Հայտատուն վերաբերել է հայտի մշակմանը։
Ցավոք, հայտում առկա են բազմաթիվ ոչ հստակ և կիսատ ձևակերպումներ, սխալներ, որոնք տարակուսանք են առաջացնում և կասկածներ հարուցում առաջարկվող ծրագրերի որակի և բովանդակության վերաբերյալ։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական: