Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (08.04.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.06.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
08.04.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
08.04.2022
Дата вступления в силу
08.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0451/02/08

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0451/02/08

Նախագահող դատավոր՝  Տ. Նազարյան

Դատավորներ

 Ա. Պետրոսյան

 

 Ն. Բարսեղյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. անտոնյան

Ա. բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի ապրիլի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԱՎՈ Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի որոշման դեմ` ըստ Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի դիմումի` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Արմենակ Միքայելյանին կնքելու անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին պայմանագիր, նրան ընտանիքի անդամներով վտարել զբաղեցրած տարածքից և դադարեցնել վերջինիս սեփականության իրավունքը Երևան քաղաքի Արամի փողոցի 30 շենքի թիվ 11 բնակարանի նկատմամբ:

 

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 06.06.2008 թվականի վճռով հաստատվել է Ընկերության և Արմենակ Միքայելյանի, Թամարա Մարդանյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը 25.09.2020 թվականին դիմելով դատարան՝ պահանջել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի թիվ ԵԿԴ/0451/02/08 վճռով Ընկերության և Արմենակ Միքայելյանի, Թամարա Մարդանյանի միջև կնքված հաշտության համաձայնության հիման վրա կայացված դատական ակտի վերաբերյալ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները համարել հարգելի և տրամադրել կատարողական թերթ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 28.12.2020 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2021 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.12.2020 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ավեդիս Կարագուլյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը (ներկայացուցիչ Անի Մարտիրոսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածների պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ԵԿԴ/0451/02/08 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով պարտապան-պատասխանողները Ընկերությանը մինչև 30.07.2010 թվականը (բացի 23.196.650 դրամից) պետք է վճարեին ևս 34.830.000 դրամ, սակայն մասնակի են կատարել իրենց պարտականությունները և հայցվորին չեն վճարել 25.730.000 դրամ: Հետևաբար՝ դիմում ներկայացնող անձինք առնվազն օրենքի ուժով, անկախ ամեն ինչից, կատարողական թերթ տալու դիմում կարող էին ներկայացնել մինչև 30.05.2012 թվականը, որը չեն արել:

Դիմում ներկայացնող անձինք նախ չեն կատարել դատական ակտով իրենց պարտավորությունները, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ պատասխանողների կողմից ներկայացված դիմումը և միջնորդությունը այդ հիմքերի պայմաններում ենթակա էր մերժման:

Պատասխանողները դատարան չեն ներկայացրել իրավական այնպիսի հիմնավորումներ, ապացույցներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ կատարողական թերթ պահանջելու և կատարողական թերթ տալու համար բաց թողած ժամկետը հարգելի համարելու համար:

Վերաքննիչ դատարանի դատողություններն այն մասին, որ արդեն իսկ 09.02.2020 թվականից սկսած անշարժ գույքը պետք է հանձնվեր պատասխանողներին, անհիմն են, քանի որ դրանք որևէ կապ չունեն կատարողական թերթ տրամադրելու դիմումի և միջնորդության հետ, այդ պատճառաբանությունները չեն առնչվում դիմումի հիմքին ու առարկային:

 

Ստորադաս դատարանների դատական ակտերն ի սկզբանե հակասում են իրենց իսկ վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտի թե՛ տրամաբանությանը, թե՛ իրավական հիմնավորմանը, քանզի դիմողները կամովին հրաժարվել են կատարել 06.06.2008 թվականին կայացրած դատական ակտի պահանջները և Ընկերությանը չեն վճարել դատական ակտով ամրագրված 25.730.000 դրամը:

Դատարանների կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պահանջները չեն առնչվում դիմողների ներկայացրած ոչ հիմքերին, ոչ էլ առարկային: Դիմողները ծանոթ են եղել վճռին և դրա պայմաններին, սակայն չեն օգտվել իրենց իրավունքներից: Նման հանգամանքներում դիմողների կողմից չկատարված պարտականությունների պայմաններում, միջնորդության բավարարումը ավելի քան անօրինական է և չհիմնավորված, հատկապես, որ առկա չէ օրենքով նախատեսված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքերը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշումը և փոփոխել այն, դիմումը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Հանձնման ենթակա անշարժ գույքի շինարարությունն իրականացվել է բազմակի ընդհատումներով, ինչի պարագայոււմ անհնարին է եղել դատական ակտի կատարումը, քանի որ տարիներ շարունակ կառուցապատվող հողամասը եղել է առանց որևէ շինության կամ կիսակառույց շինությամբ, որը բնականաբար չի հանդիսացել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությամբ սահմանված պատասխանողներին հանձնման ենթակա անշարժ գույքը։

Հաշվի առնելով, որ անշարժ գույքը փաստացի գոյություն չի ունեցել, սակայն 09022020 թվականի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են եղել, հենց այդ պահից սկսած հնարավոր է դարձել կատարել դատական ակտը, հանձնել անշարժ գույքը պատասխանողներին, որը սակայն Ընկերությունը չի կատարել և մինչև օրս չի կատարում, որով խախտվում են պատասխանողների օրենսդրորեն երաշխավորված իրավունքներն ու շահերը։

Խնդրել են վճռաբեկ բողոքը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի վճռով հաստատվել է հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Կարագուլյանի և պատասխանողներ Արմենակ Միքայելյանի ու Թամարա Մարդանյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը պարտավորվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Արամի փողոց 30 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 28.18 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ, որը գնահատվել է 23.196.650 ՀՀ դրամ (ներառյալ խրախուսման համար օրենքով նախատեսված 15 /տասնհինգ/ տոկոսը), իրավունքներից հրաժարվել հօգուտ Ընկերության, կամովին ազատել տվյալ տարածքը, դուրս գալ հաշվառումից:

Ընկերությունը պարտավորվել է Արմենակ Միքայելյանին և Թամարա Մարդանյանին նախնական առուվաճառքի պայմանագրի պայմաններով վաճառել ք. Երևան, Արամի փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքից, զրոյական նիշից բարձր` 1-ին հարկի տարածքից 75 քմ հասարակական նշանակության տարածք` խանութ, որի ընդհանուր գինը կազմում է 58.026.650 ՀՀ դրամ:

Հաշտության համաձայնությամբ սահմանվել է վճարման հետևյալ կարգը՝ Արմենակ Միքայելյանին և Թամարա Մարդանյանին պատկանող Արամի փողոցի 30 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 28.18 քմ բնակարանի համար` որպես փոխհատուցում Դատարանի 900013298014 դեպոզիտ հաշվին փոխանցած 23.196.650 ՀՀ դրամը կողմերի համաձայնությամբ փոխանցվում է Ընկերությանը՝ որպես գույքի առուվաճառքի համար կանխավճար:

Անշարժ գույքի դիմաց մնացած 34.830.000 ՀՀ դրամը Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի կողմից պետք է վճարվի քսանհինգ ամիսների ընթացքում համապատասխան ժամանակացույցով` սկսած 30.07.2008 թվականից մինչև 30.07.2010 թվականն ընկած ժամանակահատվածում:

Ընկերությունը պարտավորվել է հաշտության համաձայնությամբ նախատեսված անշարժ գույքը համապատասխանողներին որպես սեփականություն հանձնել 25 ամսվա ընթացքում՝ վերջին վճարումը նախատեսելով կատարել անշարժ գույքը հանձնելու պահին:

Դատարանի վճիռը 07.07.2008 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ 29-36):

2. Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի կողմից 30.07.2008 թվականից մինչև 30.05.2012 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերությանն է փոխանցվել 9.800.000 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ 21-26):

3. ՀՀ Կադաստրի կոմիտեի 02.12.2020 թվականի՝ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ N ԱՏ-02122020-01-0090 տեղեկանքի համաձայն` ք. Երևան, Կենտրոն Արամի 4/1 հասցեի հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքի Դ4 մասնաշենքի ավարտական ակտ անշարժ գույքի կադաստրային գործում առկա չէ (հատոր 1-ին, գ.թ 150):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, միաժամանակ Վերաքննիչ դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23­րդ հոդվածի 1-ին մասի խախտումների հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի բաց թողնման պատճառը հարգելի համարելու առանձնահատկություններին:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...)։

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1­ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:

Սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ի և Սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման՝ դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում:

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում վերջնական դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Այսպես, ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման համաձայն` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, BURDOV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Փաստորեն, ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս նաև, STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես` Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք` դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Այսինքն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը:

ՀՀ վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված (տե´ս, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23­րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները՝ ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում:

Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հարկադիր կատարման ենթակա վերջնական դատական ակտի կատարումը պետք է տեղի ունենա դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարումն առանց կատարողական վարույթի հարուցման ընդհատվում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետից հետո։

Գործող օրենսդրության պայմաններում դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը պետք է կատարման ներկայացվի այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Նման իրավակարգավորումը չի բխում վերջնական դատական ակտի կատարման պահանջատիրոջ իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պետության պարտականության էությունից` միաժամանակ բացառելով պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման որևէ հնարավորությունն առանց վարչական հարկադրանքի։ Դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների հարցում առկա իրավական խնդիրը լուծելու օրենսդրությամբ նախատեսված միակ միջոցը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու կառուցակարգն է, որը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով և կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում է ներկայացնում կատարողական թերթ տված դատարան,

2) կատարողական թերթ տված դատարանը քննում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,

3) այդ դիմումի քննության արդյունքներով կատարողական թերթ տված դատարանը կայացնում է որոշում՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:

Վերոգրյալից հետևում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համապատասխան դատարանի կողմից վերականգնվում է միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը նույն դատարանի կողմից ճանաչվում է հարգելի: Այլ կերպ ասած` օրենսդիրը կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձին կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն է ընձեռել ոչ թե բոլոր, այլ միայն այն դեպքերում, երբ պահանջատերը նշված ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու՝ օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը, ապա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումի առկայության պայմաններում կատարողական թերթ տված դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները և վերականգնել բաց թողած ժամկետը, եթե դա պայմանավորված է եղել դատական ակտով որոշված պարտավորությունը դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման ընդհատմամբ, երբ պարտատիրոջ կարծիքով սպառվել է դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը։ Նշված մոտեցման ցուցաբերման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ավելորդ չի համարում ընդգծել, որ օրենքով սահմանված դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում դրանց վերականգնումը` բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելն իրավունքի ուժով, չի նշանակում դիմումի կամ միջնորդության ինքնին բավարարում: Հակառակ պարագայում օրենքով որոշված ցանկացած ժամկետ կդադարի ծառայել իր նպատակին` դրանով անորոշ դարձնելով ցանկացած իրավահարաբերության ծագման սկիզբը և ավարտը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը, 25.09.2020 թվականին դիմելով Դատարան, պահանջել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի թիվ ԵԿԴ/0451/02/08 վճռի հարկադիր կատարման նպատակով կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները համարել հարգելի և տրամադրել կատարողական թերթ:

Դատարանը, արձանագրելով, որ հանձնման ենթակա անշարժ գույքի շինարարությունն իրականացվել է բազմակի ընդհատումներով, ինչը հաստատվում է Ընկերության կողմից 05.10.2015 թվականին, 04.09.2017 թվականին, 12.09.2018 թվականին, 06.02.2020 թվականին Երևանի քաղաքապետարանին հասցեագրված դիմումներով, որոնցով խնդրել է երկարաձգել հանձնման ենթակա անշարժ գույքի շինթույլտվության ժամկետները, եկել է այն եզրահանգման, որ դատական ակտի կատարումն անհնարին է եղել, քանի որ տարիներ շարունակ հողամասը եղել է առանց որևէ շինության կամ առկա է եղել կիսակառույց շինություն, որը չի հանդիսացել հաշտության համաձայնությամբ սահմանված պատասխանողին հանձնման ենթակա անշարժ գույք:

Դատարանը գտել է, որ 09.02.2020 թվականի դրությամբ հանձնման ենթակա անշարժ գույքի շինարարական աշխատանքներն արդեն իսկ պետք է ավարտված լինեին, հետևաբար սկսած այդ պահից Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը ձեռք են բերել կատարողական թերթ ստանալու համար դատարան դիմելու իրավունք, ուստի կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու մեկ տարվա ժամկետը, ըստ էության, պետք է հաշվարկվի 09.02.2020 թվականից սկսած:

Արձանագրված պատճառաբանությամբ Դատարանը 28.12.2020 թվականի որոշմամբ Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի միջնորդությունը բավարարել է՝ հարգելի է համարել թիվ ԵԿԴ/0451/02/08 քաղաքացիական գործով 06.06.2008 թվականին Ընկերության, Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի միջև կնքված հաշտության համաձայնության հիման վրա կայացված դատական ակտի վերաբերյալ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողած ժամկետը և տրամադրել է կատարողական թերթ:

Վերաքննիչ դատարանը, 09.04.2021 թվականի որոշմամբ Դատարանի 28.12.2020 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, արձանագրել է, որ կատարողական թերթն ավելի վաղ չներկայացնելը պայմանավորված է եղել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի վճռով որոշված պարտավորությունը դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ 07.07.2008 թվականից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով, իսկ դատական ակտի կատարման հնարավորությունն ի հայտ է եկել 09.02.2020 թվականին, երբ հանձնման ենթակա անշարժ գույքի շինարարական աշխատանքներն արդեն իսկ ավարտված են եղել, այսինքն՝ առկա է եղել պատասխանողներին հանձնման ենթակա գույք, մինչդեռ հայցվորի կողմից անշարժ գույքը կամավոր չի հանձնվել պատասխանողներին, իսկ դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ նախատեսվել է դատական ակտի կամավոր կատարման առաջնահերթություն և միայն այդ պայմանի չկատարման դեպքում է սահմանվել հարկադիր կատարումը, որպիսի հանգամանքով պայմանավորված էլ պատասխանողները ձեռք են բերել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականին կայացրած և 07.07.2008 թվականին ուժի մեջ մտած վճռի հարկադիր կատարման պահանջ ներկայացնելու իրավունք, ուստի կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին պատասխանողների դիմումը պետք է բավարարվի իրավունքի ուժով (ex jure)՝ հաշվի առնելով այդ ժամկետը բաց թողնելու վերը շարադրված հարգելի պատճառները, ինչը և Դատարանն իրավացիորեն արել է։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործի փաստերին, արձանագրում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի վճռով հաստատվել է հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Կարագուլյանի և պատասխանողներ Արմենակ Միքայելյանի ու Թամարա Մարդանյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը և Դատարանի նշված՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ կողմերը ստանձնել են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ, մասնավորապես՝ Ընկերությունը պարտավորվել է Արմենակ Միքայելյանին և Թամարա Մարդանյանին որպես սեփականություն հանձնել ք. Երևան, Արամի փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքից, զրոյական նիշից բարձր` 1-ին հարկի տարածքից 75 քմ հասարակական նշանակության տարածք` խանութ 25 ամսվա ընթացքում, մինչդեռ գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ հաշտության համաձայնությամբ ստանձնած նշված պարտավորությունը Ընկերության կողմից չի կատարվել:

Վերը շարադրված փաստական և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ թիվ ԵԿԴ/0451/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականին կայացրած և 07.07.2008 թվականին ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու դիմում Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը կարող էին ներկայացնել մինչև 0108.2011 թվականը, այսինքն` հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորության կատարման համար նախատեսված ժամկետից` 30.07.2010 թվականից հետո մեկամյա ժամկետում և նշված մեկամյա ժամկետի ավարտից հետո նոր միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջիններս օժտված էին դատական ակտի հարկադիր կատարման համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմում ներկայացնելու իրավասությամբ: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ կողմերը հաշտության համաձայնությամբ փոխադարձ պարտավորություններ են ստանձնել, հետևաբար դատական ակտի կատարման ժամկետը հարգելի համարելիս, Դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել դիմողի կողմից ստանձնած պարտավորության պատշաճ, տվյալ դեպքում՝ հաշտության համաձայնությամբ ստանձնած ժամկետներում և կարգով, իր պարտավորությունը կատարելու հարցը։

Նման եզրահանգման գալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հաշտության համաձայնությամբ կողմերի սահմանած պայմանները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ` դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն (....) (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում միաժամանակ բացահայտել հաշտության համաձայնության բովանդակային նշանակությունը՝ ըստ այդմ նշելով, որ այն հանդիսանում է փոխադարձ պայմանագիր, որը ենթարկվում է պայմանագրերի մասին քաղաքացիական իրավունքի ընդհանուր կանոններին և դատավարական նշանակություն է ձեռք բերում միայն դատարանի կողմից հաստատվելուց հետո։ Այն կողմերի միջև իրավունքի մասին վեճի դադարեցման պայմանների շուրջ կնքվող որոշակի պայմանավորվածություն է` կողմերի համար փոխադարձաբար ընդունելի պայմաններով:

Տվյալ դեպքում կողմերը Հաշտության համաձայնությամբ սահմանել են, որ Անշարժ գույքի դիմաց մնացած 34.830.000 ՀՀ դրամը Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի կողմից պետք է վճարվի քսանհինգ ամիսների ընթացքում համապատասխան ժամանակացույցով` սկսած 30.07.2008 թվականից մինչև 30.07.2010 թվականն ընկած ժամանակահատվածում: Ընկերությունը պարտավորվել է հաշտության համաձայնությամբ նախատեսված անշարժ գույքը համապատասխանողներին որպես սեփականություն հանձնել 25 ամսվա ընթացքում՝ վերջին վճարումը նախատեսելով կատարել անշարժ գույքը հանձնելու պահին:

Նշվածից հետևում է, որ կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնել կոնկրետ ժամանակահատվածում՝ մի կողմը վճարել դրամ, մյուս կողմը հանձնել գույք։ Հետևաբար՝ կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնել և շահերը համադրել են այդ ժամանակահատվածում Հաշտության համաձայնության պայմանները կատարելու դեպքում։ Դատարանը և Վերաքննիչ դատարանը հաշվի չեն առել ժամանակային գործոնը և դիմողի կողմից Հաշտության համաձայնությամբ ստանձնած ժամկետում իր պարտավորության կատարման հանգամանքը։ Դատարանը և Վերաքննիչ դատարանը իրենց պատճառաբանության հիմքում դրել են բողոքաբերի կողմից ժամկետներում շինարարական աշխատանքները չկատարելու փաստը, անտեսելով դիմողի կողմից Հաշտության համաձայնությամբ սահմանված ժամկետում և կարգով իր ստանձնած պարտավորությունը կատարելու հանգամանքը։ Արդյունքում՝ դատական ակտի կատարումը թույլատրվել է միակողմանի իրավունքի (միայն դիմողի իրավունքի) գնահատմանը անդրադառնալով, անտեսելով, որ դիմողի իրավունքը կարող է երաշխավորվել Հաշտության համաձայնությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր պարտավորությունը կատարելու փաստի հիման վրա։

Դատարանների այն եզրահանգումը, որ դատական ակտի կատարման հնարավորությունն ի հայտ է եկել 09.02.2020 թվականին, երբ հանձնման ենթակա անշարժ գույքի շինարարական աշխատանքներն արդեն իսկ ավարտված են եղել, հետևաբար՝ նշված հանգամանքով պայմանավորված՝ պատասխանողները ձեռք են բերել օրինական ուժ ստացած դատական ակտի հարկադիր կատարման պահանջ ներկայացնելու իրավունք, Վճռաբեկ դատարանը նույնպես հիմնավորված չի համարում, քանի որ դատական ակտի կատարում պահանջելու իրավունքը փոխկապակցված չէ շինարարական աշխատանքներն ավարտելու ժամկետի հետ։ Շինարարական աշխատանքների ժամկետների հետ կապված հնարավոր խախտումները դիմողի այլ պահանջի իրավունքի հիմք կարող են հանդիսանալ, իսկ դատական ակտի կատարում պահանջելու իրավունքի և ժամկետը հարգելի համարելու հիմքը՝ հաշտության համաձայնությամբ սահմանված ժամկետներում և կարգով ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքներն են և դրանք բաց թողնելու պատճառները։

Ամփոփելով նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները կատարողական թերթ տրամադրելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հիմքում դրված փաստական հանգամանքների մասով պատշաճ քննություն չեն իրականացրել, ինչի արդյունքում այդ մասով եկել են սխալ եզրահանգման, թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատավարական իրավունքի նորմի խախտում։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

Նկատի ունենալով, որ ներկայացված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմումով բողոքը ներկայացնելու պահի դրությամբ գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով առկա չէ պետական տուրքի գանձման օբյեկտը, ուստի դիմողները ազատված են նշված գործով կայացված դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու համար պետական տուրքի վճարման պարտականությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/0451/02/08 քաղաքացիական գործով 08.04.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

08.04.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի ապրիլի 08-ին գրավոր ընթացակարգով քննելով «ԱՎՈ Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի դիմումի` կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու և կատարողական թերթ տրամադրելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Արմենակ Միքայելյանին կնքելու անշարժ գույքը պետության և հասարակության կարիքների համար վերցնելու և դրա դիմաց փոխհատուցում վճարելու մասին պայմանագիր, նրան ընտանիքի անդամներով վտարել զբաղեցրած տարածքից և դադարեցնել վերջինիս սեփականության իրավունքը Երևան քաղաքի Արամի փողոցի 30 շենքի թիվ 11 բնակարանի նկատմամբ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 06.06.2008 թվականի վճռով հաստատվել է Ընկերության և Արմենակ Միքայելյանի, Թամարա Մարդանյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը 25.09.2020 թվականին դիմելով դատարան՝ պահանջել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի թիվ ԵԿԴ/0451/02/08 վճռով Ընկերության և Արմենակ Մելիքյանի, Թամարա Մարդանյանի միջև կնքված հաշտության համաձայնության հիման վրա կայացված դատական ակտի վերաբերյալ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները համարել հարգելի և տրամադրել կատարողական թերթ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 28.12.2020 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.04.2021 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.12.2020 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Ավեդիս Կարագուլյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը (ներկայացուցիչ Անի Մարտիրոսյան)»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածների պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ԵԿԴ/0451/02/08 քաղաքացիական գործով կայացված դատական ակտով պարտապան-պատասխանողները Ընկերությանը մինչև 30.07.2010 թվականը (բացի 23.196.650 դրամից) պետք է վճարերին ևս 34.830.000 դրամ, սակայն մասնակի են կատարել իրենց պարտականությունները և հայցվորին չեն վճարել 25.730.000 դրամ: Հետևաբար՝ դիմում ներկայացնող անձինքն առնվազն օրենքի ուժով, անկախ ամեն ինչից, կատարողական թերթ տալու դիմում կարող էին ներկայացնել մինչև 30.05.2012 թվականը, որը չեն արել:

Դիմում ներկայացնող անձինք նախ չեն կատարել դատական ակտով իրենց պարտավորությունները, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ պատասխանողների կողմից ներկայացված դիմումը և միջնորդությունը այդ հիմքերի պայմաններում ենթակա էր մերժման:

Պատասխանողները դատարան չեն ներկայացրել իրավական այնպիսի հիմնավորումներ, ապացույցներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ կատարողական թերթ պահանջելու և կատարողական թերթ տալու համար բաց թողած ժամկետը հարգելի համարելու համար:

Վերաքննիչ դատարանի դատողություններն այն մասին, որ արդեն իսկ 09.02.2020 թվականից սկսած անշարժ գույքը պետք է հանձնվեր պատասխանողներին, անհիմն են, քանի որ դրանք որևէ կապ չունեն կատարողական թերթ տրամադրելու դիմումի և միջնորդության հետ, այդ պատճառաբանությունները չեն առնչվում դիմումի հիմքն ու առարկան:

 

Ստորադաս դատարանների դատական ակտերն ի սկզբանե հակասում են իրենց իսկ վկայակոչած ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտի թե՛ տրամաբանությանը, թե՛ իրավական հիմնավորմանը, քանզի դիմողները կամովին հրաժարվել են կատարել 06.06.2008 թվականին կայացրած դատական ակտի պահանջները և Ընկերությանը չեն վճարել դատական ակտով ամրագրված 25.730.000 դրամը:

Դատարանների կողմից վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պահանջները չեն առնչվում դիմողների ներկայացրած ոչ հիմքերին, ոչ էլ առարկային: Դիմողները ծանոթ են եղել վճռին և դրա պայմաններին, սակայն չեն օգտվել իրենց իրավունքներից: Նման հանգամանքներում դիմողների կողմից չկատարված պարտականությունների պայմաններում, միջնորդության բավարարումը ավելի քան անօրինական է և չհիմնավորված, հատկապես, որ առկա չէ օրենքով նախատեսված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու հիմքերը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշումը և փոփոխել այն, դիմումը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Հանձնման ենթակա անշարժ գույքի շինարարությունն իրականացվել է բազմակի ընդհատումներով, ինչի պարագայոււմ անհնարին է եղել դատական ակտի կատարումը, քանի որ տարիներ շարունակ կառուցապատվող հողամասը եղել է առանց որևէ շինության կամ կիսակառույց շինությամբ, որը բնականաբար չի հանդիսացել կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությամբ սահմանված պատասխանողներին հանձնման ենթակա անշարժ գույքը։

Հաշվի առնելով, որ անշարժ գույքը փաստացի գոյություն չի ունեցել, սակայն 09022020 թվականի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են եղել, հենց այդ պահից սկսած հնարավոր է դարձել կատարել դատական ակտը, հանձնել անշարժ գույքը պատասխանողներին, որը սակայն Ընկերությունը չի կատարել և մինչև օրս չի կատարում, որով խախտվում են պատասխանողների օրենսդրորեն երաշխավորված իրավունքներն ու շահերը։

Խնդրել են վճռաբեկ բողոքը մերժել»։

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի վճռով հաստատվել է հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Կարագուլյանի և պատասխանողներ Արմենակ Միքայելյանի ու Թամարա Մարդանյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը:

Դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը պարտավորվել են իրենց սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Արամի փողոց 30 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 28.18 քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ, որը գնահատվել է 23.196.650 ՀՀ դրամ (ներառյալ խրախուսման համար օրենքով նախատեսված 15 /տասնհինգ/ տոկոսը), իրավունքներից հրաժարվել հօգուտ Ընկերության, կամովին ազատել տվյալ տարածքը, դուրս գալ հաշվառումից:

Ընկերությունը պարտավորվել է Արմենակ Միքայելյանին և Թամարա Մարդանյանին նախնական առուվաճառքի պայմանագրի պայմաններով վաճառել ք. Երևան, Արամի փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքից, զրոյական նիշից բարձր` 1-ին հարկի տարածքից 75 քմ հասարակական նշանակության տարածք` խանութ, որի ընդհանուր գինը կազմում է 58.026.650 ՀՀ դրամ:

Հաշտության համաձայնությամբ սահմանվել է վճարման հետևյալ կարգը՝ Արմենակ Միքայելյանին և Թամարա Մարդանյանին պատկանող Արամի փողոցի 30 շենք, թիվ 11 հասցեում գտնվող 28.18 քմ բնակարանի համար` որպես փոխհատուցում Դատարանի 900013298014 դեպոզիտ հաշվին փոխանցած 23.196.650 ՀՀ դրամը կողմերի համաձայնությամբ փոխանցվում է Ընկերությանը՝ որպես գույքի առուվաճառքի համար կանխավճար:

Անշարժ գույքի դիմաց մնացած 34.830.000 ՀՀ դրամը Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի կողմից պետք է վճարվի քսանհինգ ամիսների ընթացքում համապատասխան ժամանակացույցով` սկսած 30.07.2008 թվականից մինչև 30.07.2010 թվականն ընկած ժամանակահատվածում:

Ընկերությունը պարտավորվել է հաշտության համաձայնությամբ նախատեսված անշարժ գույքը համապատասխանողներին որպես սեփականություն հանձնել 25 ամսվա ընթացքում՝ վերջին վճարումը նախատեսելով կատարել անշարժ գույքը հանձնելու պահին:

Դատարանի վճիռը 07.07.2008 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ 29-36):

2. Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի կողմից 30.07.2008 թվականից մինչև 30.05.2012 թվականն ընկած ժամանակահատվածում Ընկերությանն է փոխանցվել 9.800.000 ՀՀ դրամ գումար (հատոր 1-ին, գ.թ 21-26):

3. ՀՀ Կադաստրի կոմիտեի 02.12.2020 թվականի՝ գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ N ԱՏ-02122020-01-0090 տեղեկանքի համաձայն` ք. Երևան, Կենտրոն Արամի 4/1 հասցեի հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքի Դ4 մասնաշենքի ավարտական ակտ անշարժ գույքի կադաստրային գործում առկա չէ (հատոր 1-ին, գ.թ 150)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու իրավական կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, միաժամանակ Վերաքննիչ դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի խախտումների հետևանքով առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի բաց թողնման պատճառը հարգելի համարելու առանձնահատկություններին:

 

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքները և ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...)։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1­ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար:

Սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ ՄԻԵԴ-ի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, HORNSBY v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, MOSTACCIUOLO v. ITALY (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Այսպիսով, դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ ՄԻԵԴ-ի և Սահմանադրական դատարանի կողմից ցուցաբերվող հայեցակարգային մոտեցման համաձայն՝ դատական ակտերի հարկադիր կատարումն արդարադատության շարունակությունն է. այն չի կարող առանձնացվել արդարադատությունից: Առանց դատական ակտերի պատշաճ կատարման՝ դատավարությունն արդյունավետ չի լինի և չի հասնի իր նպատակներին, քանի որ իրավունքի խախտումները կարելի է վերացնել միայն սուբյեկտիվ իրավունքներն իրապես վերականգնելու միջոցով, որը տեղի է ունենում կատարողական վարույթի արդյունքում:

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ չնայած Կոնվենցիայի 6-րդ հոդվածն ուղղակիորեն չի ամրագրում վերջնական դատական ակտի կատարման իրավունքը, այնուամենայնիվ, այն համարվում է արդար դատաքննության իրավունքի անօտարելի տարր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական ակտերի հարկադիր կատարման իրավահարաբերությունների շրջանակներում պետությունը պարտավոր է ապահովել ոչ միայն պահանջատիրոջ դատական պաշտպանության և արդար դատաքննության, այլ նաև սեփականության իրավունքը: Այսպես, ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշման համաձայն` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, BURDOV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ, RAYLYAN v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 15.02.2007 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Փաստորեն, ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պահանջի իրավունքը, եթե այն բավականաչափ հիմնավորված է կատարելի լինելու համար, առավել ևս, եթե բխում է դատական ակտից, համարվում է սեփականություն Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (տե՛ս նաև, STRAN GREEK REFINERIES AND STRATIS ANDREADIS v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994 թվականի վճիռը, 59-62-րդ կետեր, VASILOPOULOU v. GREECE գործով ՄԻԵԴ-ի 21.03.2002 թվականի վճիռը, 22-25-րդ կետեր, TIMOFEYEV v. RUSSIA գործով ՄԻԵԴ-ի 23.10.2003 թվականի վճիռը, 45-րդ կետ, BURDOV v. RUSSIA (No. 2) գործով ՄԻԵԴ-ի 15.01.2009 թվականի վճիռը, 87-րդ կետ): Մասնավորապես` Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ դիմումատուի օգտին կայացրած վճռի կատարմանը հասնելու անհնարինությունը բերում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին նախադասությամբ սահմանված՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի միջամտության (տե՛ս, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ի 01.12.2009 թվականի վճիռը, 68-րդ կետ):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք` դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:

Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Այսինքն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքը սահմանում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու միակ հիմքն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, որում նշվում է դատական ակտի եզրափակիչ մասը:

ՀՀ վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված ժամկետը մեկ տարի է, որի հաշվարկը սկսվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշված մեկամյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված կատարողական թերթը հարկադիր կատարողը պարտավոր է վերադարձնել պահանջատիրոջը, իսկ այդ պահանջի անտեսմամբ ընդունված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը համարվում է օրենքի խախտմամբ ընդունված (տե´ս, ՀՀ Արմավիրի մարզի Արաքս գյուղի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքի թիվ ՎԴ4/0104/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23­րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետները՝ ամրագրելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել տվյալ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում:

Վկայակոչված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտից բխող պահանջի իրավունքը սահմանափակված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված` կատարողական թերթը մեկ տարվա ընթացքում կատարման ներկայացնելու ժամկետով:

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ հարկադիր կատարման ենթակա վերջնական դատական ակտի կատարումը պետք է տեղի ունենա դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո, կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարումն առանց կատարողական վարույթի հարուցման ընդհատվում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու համար սահմանված մեկ տարվա ժամկետից հետո։

Գործող օրենսդրության պայմաններում դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը պետք է կատարման ներկայացվի այդ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում: Նման իրավակարգավորումը չի բխում վերջնական դատական ակտի կատարման պահանջատիրոջ իրավունքի երաշխավորված իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման պետության պարտականության էությունից` միաժամանակ բացառելով պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման որևէ հնարավորությունն առանց վարչական հարկադրանքի։ Դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետների հարցում առկա իրավական խնդիրը լուծելու օրենսդրությամբ նախատեսված միակ միջոցը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու կառուցակարգն է, որը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով և կատարվում է հետևյալ ընթացակարգով.

1) կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձը կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմում է ներկայացնում կատարողական թերթ տված դատարան,

2) կատարողական թերթ տված դատարանը քննում է կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,

3) այդ դիմումի քննության արդյունքներով կատարողական թերթ տված դատարանը կայացնում է որոշում՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ դիմումը մերժելու մասին:

Վերոգրյալից հետևում է, որ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համապատասխան դատարանի կողմից վերականգնվում է միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողնելու պատճառը նույն դատարանի կողմից ճանաչվում է հարգելի: Այլ կերպ ասած` օրենսդիրը կատարողական թերթով պահանջատեր հանդիսացող անձին կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հնարավորություն է ընձեռել ոչ թե բոլոր, այլ միայն այն դեպքերում, երբ պահանջատերը նշված ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով պահանջատերը բաց է թողել այդ կատարողական թերթն առաջին անգամ կատարման ներկայացնելու՝ օրենքով նախատեսված մեկամյա ժամկետը, ապա կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումի առկայության պայմաններում կատարողական թերթ տված դատարանը պարտավոր է հաշվի առնել կատարողական թերթը կատարման չներկայացնելու հիմքում ընկած բոլոր փաստական հանգամանքները և վերականգնել բաց թողած ժամկետը, եթե դա պայմանավորված է եղել դատական ակտով որոշված պարտավորությունը դատական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով կամ պարտապանի կողմից դատական ակտի կամավոր կատարման ընդհատմամբ, երբ պարտատիրոջ կարծիքով սպառվել է դատական ակտի կամավոր կատարման հնարավորությունը։ Նշված մոտեցման ցուցաբերման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել պարտատիրոջ և պարտապանի շահերի հավասարակշռված պաշտպանությունը (տե'ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ավելորդ չի համարում ընդգծել, որ օրենքով սահմանված դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում դրանց վերականգնումը` բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելն իրավունքի ուժով, չի նշանակում դիմումի կամ միջնորդության ինքնին բավարարում: Հակառակ պարագայում օրենքով որոշված ցանկացած ժամկետ կդադարի ծառայել իր նպատակին` դրանով անորոշ դարձնելով ցանկացած իրավահարաբերության ծագման սկիզբը և ավարտը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը, 25.09.2020 թվականին դիմելով Դատարան, պահանջել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի թիվ ԵԿԴ/0451/02/08 վճռի հարկադիր կատարման նպատակով կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները համարել հարգելի և տրամադրել կատարողական թերթ:

Դատարանը, արձանագրելով, որ հանձնման ենթակա անշարժ գույքի շինարարությունն իրականացվել է բազմակի ընդհատումներով, ինչը հաստատվում է Ընկերության կողմից 05.10.2015 թվականին, 04.09.2017 թվականին, 12.09.2018 թվականին, 06.02.2020 թվականին Երևանի քաղաքապետարանին հասցեագրված դիմումներով, որոնցով խնդրել է երկարաձգել հանձնման ենթակա անշարժ գույքի շինթույլտվության ժամկետները, եկել է այն եզրահանգման, որ դատական ակտի կատարումն անհնարին է եղել, քանի որ տարիներ շարունակ հողամասը եղել է առանց որևէ շինության կամ առկա է եղել կիսակառույց շինություն, որը չի հանդիսացել հաշտության համաձայնությամբ սահմանված պատասխանողին հանձնման ենթակա անշարժ գույք:

Դատարանը գտել է, որ 09.02.2020 թվականի դրությամբ հանձնման ենթակա անշարժ գույքի շինարարական աշխատանքներն արդեն իսկ պետք է ավարտված լինեին, հետևաբար սկսած այդ պահից Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը ձեռք են բերել կատարողական թերթ ստանալու համար դատարան դիմելու իրավունք, ուստի կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու մեկ տարվա ժամկետը, ըստ էության, պետք է հաշվարկվի 09.02.2020 թվականից սկսած:

Արձանագրված պատճառաբանությամբ Դատարանը 28.12.2020 թվականի որոշմամբ Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի միջնորդությունը բավարարել է՝ հարգելի է համարել թիվ ԵԿԴ/0451/02/08 քաղաքացիական գործով 06.06.2008 թվականին Ընկերության, Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի միջև կնքված հաշտության համաձայնության հիման վրա կայացված դատական ակտի վերաբերյալ կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողած ժամկետը և տրամադրել է կատարողական թերթ:

Վերաքննիչ դատարանը, 09.04.2021 թվականի որոշմամբ Դատարանի 28.12.2020 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, արձանագրել է, որ կատարողական թերթն ավելի վաղ չներկայացնելը պայմանավորված է եղել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի վճռով որոշված պարտավորությունը դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ 07.07.2008 թվականից հետո մեկ տարին գերազանցող ժամկետով, իսկ դատական ակտի կատարման հնարավորությունն ի հայտ է եկել 09.02.2020 թվականին, երբ հանձնման ենթակա անշարժ գույքի շինարարական աշխատանքներն արդեն իսկ ավարտված են եղել, այսինքն՝ առկա է եղել պատասխանողներին հանձնման ենթակա գույք, մինչդեռ հայցվորի կողմից անշարժ գույքը կամավոր չի հանձնվել պատասխանողներին, իսկ դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ նախատեսվել է դատական ակտի կամավոր կատարման առաջնահերթություն և միայն այդ պայմանի չկատարման դեպքում է սահմանվել հարկադիր կատարումը, որպիսի հանգամանքով պայմանավորված էլ պատասխանողները ձեռք են բերել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականին կայացրած և 07.07.2008 թվականին ուժի մեջ մտած վճռի հարկադիր կատարման պահանջ ներկայացնելու իրավունք, ուստի կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին պատասխանողների դիմումը պետք է բավարարվի իրավունքի ուժով (ex jure)՝ հաշվի առնելով այդ ժամկետը բաց թողնելու վերը շարադրված հարգելի պատճառները, ինչը և Դատարանն իրավացիորեն արել է։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործի փաստերին, արձանագրում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականի վճռով հաստատվել է հայցվոր «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Կարագուլյանի և պատասխանողներ Արմենակ Միքայելյանի ու Թամարա Մարդանյանի միջև կնքված հաշտության համաձայնությունը և Դատարանի նշված՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ կողմերը ստանձնել են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ, մասնավորապես՝ Ընկերությունը պարտավորվել է Արմենակ Միքայելյանին և Թամարա Մարդանյանին որպես սեփականություն հանձնել ք. Երևան, Արամի փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքից, զրոյական նիշից բարձր` 1-ին հարկի տարածքից 75 քմ հասարակական նշանակության տարածք` խանութ 25 ամսվա ընթացքում, մինչդեռ գործի փաստերի ուսումնասիրությունից հետևում է, որ հաշտության համաձայնությամբ ստանձնած նշված պարտավորությունը Ընկերության կողմից չի կատարվել:

Վերը շարադրված փաստական և իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ թիվ ԵԿԴ/0451/02/08 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.06.2008 թվականին կայացրած և 07.07.2008 թվականին ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու դիմում Արմենակ Միքայելյանը և Թամարա Մարդանյանը կարող էին ներկայացնել մինչև 0108.2011 թվականը, այսինքն` հաշտության համաձայնությամբ սահմանված պարտավորության կատարման համար նախատեսված ժամկետից` 30.07.2010 թվականից հետո մեկամյա ժամկետում և նշված մեկամյա ժամկետի ավարտից հետո նոր միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերջիններս օժտված էին դատական ակտի հարկադիր կատարման համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և կատարողական թերթ տրամադրելու մասին դիմում ներկայացնելու իրավասությամբ: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ կողմերը հաշտության համաձայնությամբ փոխադարձ պարտավորություններ են ստանձնել, հետևաբար դատական ակտի կատարման ժամկետը հարգելի համարելիս, Դատարանը պարտավոր էր քննարկման առարկա դարձնել դիմողի կողմից ստանձնած պարտավորության պատշաճ, տվյալ դեպքում՝ հաշտության համաձայնությամբ ստանձնած ժամկետներում և կարգով, իր պարտավորությունը կատարելու հարցը։

Նման եզրահանգման գալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հաշտության համաձայնությամբ կողմերի սահմանած պայմանները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ` դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն (....) (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում միաժամանակ բացահայտել հաշտության համաձայնության բովանդակային նշանակությունը՝ ըստ այդմ նշելով, որ այն հանդիսանում է փոխադարձ պայմանագիր, որը ենթարկվում է պայմանագրերի մասին քաղաքացիական իրավունքի ընդհանուր կանոններին և դատավարական նշանակություն է ձեռք բերում միայն դատարանի կողմից հաստատվելուց հետո։ Այն կողմերի միջև իրավունքի մասին վեճի դադարեցման պայմանների շուրջ կնքվող որոշակի պայմանավորվածություն է` կողմերի համար փոխադարձաբար ընդունելի պայմաններով:

Տվյալ դեպքում կողմերը Հաշտության համաձայնությամբ սահմանել են, որ Անշարժ գույքի դիմաց մնացած 34.830.000 ՀՀ դրամը Արմենակ Միքայելյանի և Թամարա Մարդանյանի կողմից պետք է վճարվի քսանհինգ ամիսների ընթացքում համապատասխան ժամանակացույցով` սկսած 30.07.2008 թվականից մինչև 30.07.2010 թվականն ընկած ժամանակահատվածում: Ընկերությունը պարտավորվել է հաշտության համաձայնությամբ նախատեսված անշարժ գույքը համապատասխանողներին որպես սեփականություն հանձնել 25 ամսվա ընթացքում՝ վերջին վճարումը նախատեսելով կատարել անշարժ գույքը հանձնելու պահին:

Նշվածից հետևում է, որ կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնել կոնկրետ ժամանակահատվածում՝ մի կողմը վճարել դրամ, մյուս կողմը հանձնել գույք։ Հետևաբար՝ կողմերը փոխադարձ պարտավորություններ են ստանձնել և շահերը համադրել են այդ ժամանակահատվածում Հաշտության համաձայնության պայմանները կատարելու դեպքում։ Դատարանը և Վերաքննիչ դատարանը հաշվի չեն առել ժամանակային գործոնը և դիմողի կողմից Հաշտության համաձայնությամբ ստանձնած ժամկետում իր պարտավորության կատարման հանգամանքը։ Դատարանը և Վերաքննիչ դատարանը իրենց պատճառաբանության հիմքում դրել են բողոքաբերի կողմից ժամկետներում շինարարական աշխատանքները չկատարելու փաստը, անտեսելով դիմողի կողմից Հաշտության համաձայնությամբ սահմանված ժամկետում և կարգով իր ստանձնած պարտավորությունը կատարելու հանգամանքը։ Արդյունքում՝ դատական ակտի կատարումը թույլատրվել է միակողմանի իրավունքի (միայն դիմողի իրավունքի) գնահատմանը անդրադառնալով, անտեսելով, որ դիմողի իրավունքը կարող է երաշխավորվել Հաշտության համաձայնությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր պարտավորությունը կատարելու փաստի հիման վրա։

Դատարանների այն եզրահանգումը, որ դատական ակտի կատարման հնարավորությունն ի հայտ է եկել 09.02.2020 թվականին, երբ հանձնման ենթակա անշարժ գույքի շինարարական աշխատանքներն արդեն իսկ ավարտված են եղել, հետևաբար՝ նշված հանգամանքով պայմանավորված՝ պատասխանողները ձեռք են բերել օրինական ուժ ստացած դատական ակտի հարկադիր կատարման պահանջ ներկայացնելու իրավունք, Վճռաբեկ դատարանը նույնպես հիմնավորված չի համարում, քանի որ դատական ակտի կատարում պահանջելու իրավունքը փոխկապակցված չէ շինարարական աշխատանքներն ավարտելու ժամկետի հետ։ Շինարարական աշխատանքների ժամկետների հետ կապված հնարավոր խախտումները դիմողի այլ պահանջի իրավունքի հիմք կարող են հանդիսանալ, իսկ դատական ակտի կատարում պահանջելու իրավունքի և ժամկետը հարգելի համարելու հիմքը՝ հաշտության համաձայնությամբ սահմանված ժամկետներում և կարգով ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքներն են և դրանք բաց թողնելու պատճառները։

Ամփոփելով նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները կատարողական թերթ տրամադրելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հիմքում դրված փաստական հանգամանքների մասով պատշաճ քննություն չեն իրականացրել, ինչի արդյունքում այդ մասով եկել են սխալ եզրահանգման, թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատավարական իրավունքի նորմի խախտում։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`

1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նշել է միայն, որ «բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար»: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշումը հստակ նշում չի պարունակում այն մասին, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի կոնկրետ որ կետով է պայմանավորել Վճռաբեկ դատարանի որոշման՝ օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հանգամանքը՝ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը հակասող մեկնաբանությամբ կիրառված կամ չկիրառված լինելու, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը հակասելու, թե դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր առկայությամբ։

 

Բացի այդ, ցանկանում եմ նաև անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը բավարարելու, Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշումը բեկանելու և գործը ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նշելով, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության` նույն որոշման պատճառաբանություններով:

Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի խախտում վերագրելու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթով, որ «ստորադաս դատարանները կատարողական թերթ տրամադրելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու հիմքում դրված փաստական հանգամանքների մասով պատշաճ քննություն չեն իրականացրել, ինչի արդյունքում այդ մասով եկել են սխալ եզրահանգման, թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատավարական իրավունքի նորմի խախտում»:

Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ «վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի նոր քննությունը դատարանում իրականացվում է դատարանում գործերի քննության համար նույն օրենսգրքով սահմանված կանոններով` հաշվի առնելով նույն գլխի առանձնահատկությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով։

Վերը նշված նորմերի՝ դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով մեկնաբանությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունն իրականացնելիս Վճռաբեկ դատարանը պարտավոր է գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելիս սահմանել նոր քննության ծավալը, իսկ ստորադաս դատարանն իր հերթին պարտավոր է գործի նոր քննությունն իրականացնել գործը նոր քննության ուղարկելու մասին վերադաս դատարանի որոշմամբ սահմանված ծավալով:

Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, որոշում կայացնելով գործը ստորադաս դատարան՝ նոր քննության ուղարկելու մասին, չի կատարել նոր քննության ծավալը սահմանելու իր պարտականությունը, որի հետևանքով ստորադաս դատարանի համար կառաջանա անորոշություն՝ կապված գործի նոր քննությունը համապատասխան սահմաններում իրականացնելու հետ:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան