Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.05.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
26.05.2020
Дата вступления в силу
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՐԴ1/0009/15/18

Գործ թիվ ԱՐԴ1/0009/15/18

Նախագահող դատավոր՝  Ա. Վարդանյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

մասնակցությամբ պաշտպան՝

Ռ. ՌևԱԶՅԱՆԻ

 

2020 թվականի մայիսի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու պաշտպան Ռ.Ռևազյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի` 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճռով Արսեն Արայի Արծրունին մեղավոր է ճանաչվել 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 72-րդ, 17-100-րդ հոդվածներով, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով և դատապարտվել` 72-րդ հոդվածով` 12 տարի ժամկետով ազատազրկման, 17-100-րդ հոդվածով` 12 տարի ժամկետով ազատազրկման, 17-99-րդ հոդվածի 8-րդ կետով` մահապատժի:

1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի հիման վրա` նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժի մեջ կլանելու սկզբունքով, Արսեն Արծրունու նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել բացառիկ պատժամիջոց` մահապատիժ:

ՀՀ Նախագահի` 2003 թվականի օգոստոսի 1-ի թիվ ՆՀ-103-Ա հրամանագրով Ա.Արծրունուն ներում է շնորհվել, և նրա նկատմամբ նշանակված մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2012 թվականի հուլիսի 12-ին որոշում է կայացրել դատապարտյալ Ա.Արծրունու վերաբերյալ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի` 1996 թվականի դեկտեմբերի 10-ի դատավճիռը վերանայելու և այն ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին համապատասխանեցնելու մասին: Դատապարտյալ Ա.Արծրունու նկատմամբ նշանակված պատիժը՝ ցմահ ազատազրկումը, թողնվել է նույնը:

2. 2019 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է մուտքագրվել ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա.Արծրունու բողոքը, որով վերջինս խնդրել է որոշում կայացնել իր իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պարտականության մասին, այն է՝ պարտավորեցնել ընթացք տալ իրեն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցին և ընդունել որոշում՝ իրեն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին։

Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Արծրունու բողոքը մերժվել է։

3. Ա.Արծրունու պաշտպան Ռ.Ռևազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել է և դատապարտյալ Ա.Արծրունու բողոքը մերժել՝ այն ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու պատճառաբանությամբ։

4. Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպան Ռ.Ռևազյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչ Ա.Նազարյանի կողմից դատապարտյալ Ա.Արծրունու դիմումի վերաբերյալ կազմված տեղեկանքի համաձայն՝ «(...) Դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված անձի պայմանական-վաղաժամկետ ազատման հարցը մերժելու դեպքում նույն հիմքով միջնորդություն ներկայացնելու «3 տարի անց» ժամկետը սահմանվել է 10.02.2005 թվականին, որում 23.06.2018 թվականին կատարվել են համապատասխան փոփոխություններ։

Ցմահ դատապարտյալ Արսեն Արայի Արծրունուն պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդություն ներկայացնելու հարցը կարող է քննարկվել օրենսդրական նշված նորմերի պահանջներին և ժամկետներին համապատասխան»1։

6. Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում դատապարտյալ Ա.Արծրունին, ի թիվս այլոց, նշել է հետևյալը. «(...) Ներկայում գործող օրենսդրությունը սահմանում է երեք տարի ժամկետ` ցմահ ազատազրկման դատապարտված անձի պայմանական վաղաժամկետ ազատման հարցը մերժելու դեպքում միջնորդագիրը կրկին ներկայացնելու համար։ Սակայն գտնում է, որ այդ ժամկետային սահմանափակումն իր նկատմամբ կիրառվել չի կարող հետևյալ պատճառաբանությամբ.

(...)

Ցմահ ազատազրկումը որպես պատժատեսակ օրենսդրության մեջ ներդրվելուց հետո, և ընդհուպ` մինչև 2005 թվականի փետրվարի 10-ը, օրենսդրությունը նախատեսում էր, որ ցմահ ազատազրկվածներին պատժից պայմանական վաղակետ ազատումը դատարանի կողմից մերժվելու դեպքում այդ հարցի վերաբերյալ միջնորդագրի կրկին քննարկում կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից 6 ամիս անց։ Այս նորմը խստացվել է 10.02.2005 թվականին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում և մինչև այդ` ցմահ ազատազրկման դատապարտվածների համար հետադարձ ուժ ունենալ չի կարող (...)»2։

7. Առաջին ատյանի դատարանը, մերժելով դատապարտյալ Ա.Արծրունու բողոքը, արձանագրել է. «(...) ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան պահպանել է ՀՀ Սահմանադրության, քրեական դատավարության օրենսգրքի և քրեակատարողական օրենսգրքի պահանջները, ղեկավարվել` օրենքի պահանջների և տառին համապատասխան, որի պայմաններում [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Արսեն Արծրունու բողոքը բավարարելու հիմքեր չկան (...)»3։

8. Վերաքննիչ դատարանը, առանց ըստ էության քննության առնելու դատապարտյալ Ա.Արծրունու ներկայացուցչի բողոքի փաստարկները և հղում կատարելով ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1439 որոշմանը, իր դատական ակտով փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա.Արծրունու սկզբնական բողոքը քննարկելիս և լուծելիս Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը չի գործել որպես «օրենքի հիման վրա ստեղծված» դատարան, հետևաբար՝ քրեակատարողական հիմնարկի պետի ենթադրյալ անգործությունը վիճարկած դատապարտյալ Ա.Արծրունու ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումն անհրաժեշտ է բեկանել և ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արսեն Արծրունու սկզբնական բողոքը մերժել՝ այն ՀՀ վարչական դատարանի քննությանը ենթակա լինելու պատճառաբանությամբ (…)»4։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։

Մասնավորապես, բողոքաբերը, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ և 438-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթները, Վճռաբեկ դատարանի առջև իրավական հարց է բարձրացրել առ այն` արդյո՞ք սույն գործով կիրառելի են վերը նշված դատավարական նորմերը և դատապարտյալ Ա.Արծրունու բողոքն ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, թե՞ նշված նորմերը կոնկրետ դեպքում կիրառելի չեն, և վերջինիս բողոքն ընդդատյա է վարչական դատարանին։

9.1. Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը դատարանի կողմից մերժելու դեպքում այդ հարցի քննարկումը կրկին դատարան ներկայացնելու վերաբերյալ ներկա և մինչ այդ գործող օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածը և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածը, արձանագրել է, որ գործող կարգավորումները տվյալ դեպքում անձի վիճակը վատթարացնող են, հետևաբար, հետադարձ ուժ չունեն։

10. Վերոշարադրյալի հիման վրա, դատապարտյալ Ա.Արծրունու պաշտպան Ռ.Ռևազյանը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 9-ի որոշումը և Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը ու կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական որոշումների կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա գործերի (նյութերի) շրջանակի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ դատապարտյալ Ա.Արծրունու ներկայացրած բողոքն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի (...) քննության իրավունք»:

Մեջբերված սահմանադրական նորմերով երաշխավորվում է անձի` արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքը: Ազատությունից զրկված անձի դատական պաշտպանության նվազագույն երաշխիքները նախատեսված են նաև մի շարք միջազգային-իրավական ակտերով, որոնցից, մասնավորապես, Միավորված ազգերի կազմակերպության առաջին կոնգրեսի կողմից 1955 թվականի օգոստոսի 30-ին ընդունված «Ազատությունից զրկված անձանց հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների» 36-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանվում է, որ «Ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա բողոքներով և պահանջներով դիմելու քրեակատարողական մարմիններին, դատական իշխանություններին կամ այլ իրավասու մարմիններին (…)»։ Բացի այդ, դատապարտյալի բողոքարկման իրավունքը` որպես դատապարտյալի հիմնարար իրավունքների կարևորագույն բաղկացուցիչ, նախատեսում է նաև Եվրոպական բանտային կանոնների 70.1-ին կետով, համաձայն որի՝ «Ազատությունից զրկված անձինք պետք է հնարավորություն ունենան բողոքներ կամ պահանջներ ներկայացնելու քրեակատարողական հիմնարկի պետին կամ ցանկացած այլ իրավասու մարմնին»:

Դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ այն ունի բացառիկ նշանակություն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, ենթադրաբար խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանն է, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու (locus standi) և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը: Հետևաբար, դատարանի մատչելիության իրավունքի իրացմանն առնչվող դատավարական կարգավորումները դատարանների կողմից պետք է ճկուն մեկնաբանման ենթարկվեն` ելնելով դատարանի մատչելիության իրավունքի գերակայությունից` քրեադատավարական օրենքով նախատեսված ընթացակարգային առանձնահատկությունների նկատմամբ5:

Դատարանի մատչելիության իրավունքի հետ անմիջականորեն առնչվող գործերի պատշաճ ընդդատության հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կրկնում է իր՝ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ գործերի քննության ընդդատության կանոնների պահպանումն անհրաժեշտ երաշխիք է գործը վարույթ ընդունելիս կամայականությունների բացառման և անձի դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իրավունքների ապահովման համար6:

14. Դատական որոշումների կատարման փուլում Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա գործերի (նյութերի) շրջանակին է անդրադարձել ՀՀ Սահմանադրական դատարանը` արձանագրելով հետևյալը. «(…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի «Առաջին ատյանի դատարաններին ընդդատյա գործերը» վերտառությամբ 44-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քննում է բոլոր քրեական գործերը, քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործեր (նյութեր), ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում քրեական գործի մինչդատական վարույթի նկատմամբ:

Համադրելով վերոգրյալ դրույթը՝ [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 41-րդ հոդվածում ոչ սպառիչ թվարկված դատարանի լիազորությունների հետ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դատավճիռն ի կատար ածելու ուղարկելը, ինչպես նաև դատավճիռն ի կատար ածելիս ծագող հարցեր լուծելն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իրականացնում է քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված այլ գործերի (նյութերի) քննության շրջանակներում: Իսկ քրեադատավարական օրենսդրությամբ դատարանի այդ լիազորությունների իրականացման կարգը սահմանված է [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի «Դատական որոշումների կատարումը» վերտառությամբ 49-րդ գլխում, որին համապատասխան՝ դատարանի կողմից լուծման ենթակա հարցերը վերաբերում են, մասնավորապես, դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությանը, դատական որոշումն ի կատար ածելու փուլում դատապարտյալի իրավունքների ապահովմանը՝ կապված դատական որոշման կատարման հետ, դատական որոշման վերաբերյալ կասկածների և անհստակությունների լուծմանը, դատական որոշման կատարման հետաձգմանը, տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելուն, պատիժը կրելուց ազատելուն հիվանդության պատճառով, այն դատապարտյալին պատժից ազատելուն, որի նկատմամբ դատական որոշման կատարումը հետաձգված է, ինչպես նաև դատական որոշման կատարման հետաձգումը վերացնելուն, պատժից պայմանական վաղակետ ազատելուն և պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելուն, դատապարտյալի հետախուզմանը, բուժական հիմնարկում գտնվելու ժամանակի հաշվանցմանը պատժի ժամկետի մեջ:

Ինչ վերաբերում է [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին, համաձայն որի՝ դատարանի լիազորությունների շարքին է դասվում նաև «օրենքով նախատեսված դեպքերում այլ հարցեր լուծելը», ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեադատավարական օրենսդրությամբ, այդ թվում՝ այլ օրենքով, այս կամ այն հարցի, գործի կամ նյութի քննությունը կհամարվի դատարանի ընդդատությանը վերապահված, եթե այդ օրենքով այն ուղղակիորեն նախատեսված կլինի որպես քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանի լիազորություն:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, վերոհիշյալ կանոնակարգումների համաձայն, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա են պատժի կատարման հետ կապված միայն օրենքով նախատեսված գործերը: Այդ պատճառով սահմանադրական օրենքը քրեական մասնագիտացման դատավորին ընդդատյա՝ պատժի կատարման հետ կապված գործերը որոշակիացնելու համար ընտրել է օրենքով հատուկ նախատեսված լինելու կանխատեսելի չափանիշը:

Ներկայիս օրենսդրական կարգավորումների պայմաններում այդպիսին են [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 49-րդ գլխով սահմանված հարցերը կամ գործերը (…)»7։

Արդյունքում, ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «մինչև Ազգային ժողովի կողմից սույն որոշմամբ արտահայտված առկա համակարգային իրավական անորոշության հաղթահարումը, քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, քանի դեռ պատժի կատարման հետ կապված կոնկրետ գործի, նյութի կամ հարցի քննության իրավասությունն օրենքով հստակ վերապահված չէ քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին»8:

14.1. Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանը փաստել է, որ մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունները, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունների կամ անգործության դեմ ներկայացված բողոքները ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, եթե, իհարկե, կոնկրետ գործը կամ նյութը օրենսդրորեն չի վերապահվել քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ գլխում հստակ ամրագրված են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա` պատժի կատարման հետ կապված գործերը։ Հարկ է նկատել, որ վերոնշյալ գործերի թվին են դասվում նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում և կարգով, դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է դատարան: (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Հիվանդության կամ հաշմանդամության պատճառով պատիժը կրելուց ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցերը լուծվում են դատապարտյալի պատիժը կրելու վայրի դատարանի որոշմամբ, անկախ այն բանից, թե որ դատարանն է կայացրել դատական որոշումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 438-րդ հոդվածի համաձայն՝«(…) 3.1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը կամ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), պրոբացիայի ծառայությանը և քրեակատարողական ծառայությանը:

(…)

3.6. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`

1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, կամ

2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին»։

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «(…) Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Սույն մասով նախատեսված դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը կրկին քննարկելու կարգի, ինչպես նաև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու իրավունքի մասին: Որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում»։

16. Նախորդ կետում մեջբերված իրավանորմերի համադրված վերլուծության, ինչպես նաև սույն որոշման 14-րդ կետում մեջբերված ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշման հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատական որոշումների կատարման փուլում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից լուծման ենթակա հարցերի շարքին է դասում նաև դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը՝ նախատեսելով նշված լիազորության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր։

Այսպես` գործող օրենսդրական կարգավորումների համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննում է ինչպես դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի միջնորդագրի, այնպես էլ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշման դեմ բերված բողոքի դեպքում։ Այլ կերպ՝ թե՛ միջնորդագրի, թե՛ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի վերը նշված որոշման դեմ բերված բողոքի դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը՝ համապատասխանաբար կայացնելով դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում:

17. Միևնույն ժամանակ, պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինումը դատարանի կողմից մերժվելու դեպքում վերոնշյալ հարցերի կրկին քննարկումը հնարավոր է միայն որոշակի ժամանակահատված անց: Այլ կերպ՝ համապատասխան ժամկետներն անցած լինելը պարտադիր նախապայման է դատապարտյալի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համապատասխան օրենսդրական կառուցակարգերը կրկին գործադրելու և դատարանի առջև վերոնշյալ հարցը բարձրացնելու համար, հակառակ դեպքում նշված հարցի քննության հնարավորությունը բացառվում է։

Վերոշարադրյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ բոլոր այն դեպքերում, երբ առաջանում է համապատասխան ժամկետներն անցած լինելու կամ չլինելու վերաբերյալ իրավական վեճ, դատապարտյալը պետք է դատարանի առջև վերոնշյալ հարցը բարձրացնելու հնարավորություն ունենա՝ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի համապատասխան գործողությունը կամ անգործությունը վիճարկելու միջոցով։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի խնդրո առարկա գործողության կամ անգործության դեմ դատապարտյալի կողմից ներկայացված բողոքը ենթակա է քննության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ Այսպես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը կրկին քննարկման առարկա դարձնելու և դատարանի առջև բարձրացնելու համապատասխան ժամկետների հետ կապված իրավական վեճն ուղղակիորեն վերաբերում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցին, հանդիսանում է այդ ինստիտուտի կենսագործման համար անհրաժեշտ նախադրյալ, ուստի դրա վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի գործողության կամ անգործության դեմ բերված բողոքը ևս ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

17.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը դատարանի կողմից մերժվելու դեպքում այդ հարցը կրկին քննարկման առարկա դարձնելու համապատասխան ժամկետները և դրանց հաշվարկման կարգն ամրագրված են ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Այլ կերպ՝ քրեական դատավարության օրենսդրությամբ կանոնակարգվել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի կրկին գործադրման համար անհրաժեշտ նվազագույն ժամկետները և դրանց հաշվարկման կարգը, ուստի այդ ժամկետներն անցած լինելու կամ չլինելու կապակցությամբ առաջացած հարցերը ենթակա են քննության և լուծման քրեադատավարական տիրույթում՝ քրեաիրավական և քրեադատավարական կառուցակարգերի գործադրման միջոցով։

Վերոշարադրյալը համահունչ է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված՝ սույն որոշման 14-14.1-րդ կետերում մեջբերված այն իրավական դիրքորոշմանը, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունների կամ անգործության դեմ ներկայացված բողոքները ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, եթե, իհարկե, կոնկրետ գործի, նյութի կամ հարցի քննության իրավասությունն օրենսդրորեն չի վերապահվել քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին: Այսպես՝ ՀՀ քրեական դատվածության օրենսգրքի 49-րդ գլխում՝ որպես դատական որոշումների կատարման հետ կապված գործեր, սահմանվել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու և պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերը: Ընդ որում, վերոնշյալ գլխում կանոնակարգվել են նաև պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի կրկին գործադրման համար անհրաժեշտ համապատասխան ժամկետները, հետևաբար դրանց վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի գործողության կամ անգործության դեմ բերված բողոքները ենթակա են քննության քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների շրջանակներում՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- ի պատասխան դատապարտյալ Ա.Արծրունու դիմումի՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կազմվել է տեղեկանք առ այն, որ դատապարտյալ Ա.Արծրունուն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կարող է կրկին քննարկվել գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո9,

- Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքով դատապարտյալ Ա.Արծրունին փաստել է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տեղեկանքում վկայակոչված՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կրկին քննարկման ներկայացնելու գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետային սահմանափակումը չի կարող տարածվել իր վրա, քանի որ հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված՝ իր համար վատթարացնող հետևանք առաջացնող կարգավորումը չի կարող տարածվել նախքան այդ օրենքի ընդունումը ծագած հարաբերությունների նկատմամբ10,

- Առաջին ատյանի դատարանը մերժել է ներկայացված բողոքը՝ գտնելով, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետևություններն իրավաչափ են11,

- Վերաքննիչ դատարանը, ըստ էության քննության չենթարկելով ներկայացված բողոքի փաստարկները, վկայակոչել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1439 որոշումը, բեկանել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտը և մերժել դատապարտյալ Ա.Արծրունու բողոքը՝ այն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը ենթակա չլինելու պատճառաբանությամբ12։

19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-17.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատապարտյալ Ա.Արծրունու բողոքի ընդդատության հարցի կապակցությամբ եկել է սխալ եզրահանգման։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, մեջբերելով ՍԴՈ-1439 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և արձանագրելով, որ Ա.Արծրունու սկզբնական բողոքը ենթակա է ՀՀ վարչական դատարանի քննությանը, պատշաճ վերլուծության չի ենթարկել այն, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ենթադրյալ անգործության դեմ ներկայացված բողոքն ըստ էության վերաբերում է հարցերի այնպիսի շրջանակի, որի քննության իրավասությունը վերապահված է քրեական գործ քննող առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։ Այսպես՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անգործության դեմ ներկայացված բողոքով դատապարտյալ Ա.Արծրունին բարձրացրել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի կրկին գործադրման համար անհրաժեշտ նվազագույն ժամկետը լրացած լինելու, հետևաբար՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու հարցը կրկին քննարկելու ու դատարանի առջև բարձրացնելու հիմնախնդիրը։

Հիմք ընդունելով սույն որոշման 17-17.1-րդ կետերում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հարցն ուղղակիորեն վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերի շրջանակին, հանդիսանում է դրանց կենսագործման համար պարտադիր նախադրյալ, ուստի դրա վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի գործողության կամ անգործության դեմ բերված բողոքը ևս ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել են այն ժամկետները, որոնց լրանալու պարագայում միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը կարող է կրկին քննարկման առարկա դառնալ։ Այլ կերպ՝ քրեական դատավարության օրենսդրությամբ հստակ կանոնակարգվել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի կրկին գործադրման համար անհրաժեշտ նվազագույն ժամկետները և դրանց հաշվարկման կարգը, ուստի այդ ժամկետներն անցած լինելու կամ չլինելու կապակցությամբ առաջացած հարցերը ենթակա են քննության և լուծման քրեադատավարական տիրույթում՝ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների շրջանակներում։

20. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ դատապարտյալ Ա.Արծրունու ներկայացրած բողոքն ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, հիմնավոր չէ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ և 434-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար13:

Գործի նոր քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, պետք է քննարկման առարկա դարձնի դատապարտյալ Ա.Արծրունու ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքում բարձրացված փաստարկները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Արսեն Արայի Արծրունու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

_______________________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 7:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 2-6:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 35-37:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 26-36:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամվել Ղազարյանի վերաբերյալ գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշումը:

6 Ընդդատության վերաբերյալ տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գևորգ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը:

7 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հունվարի 22-ի ՍԴՈ-1439 որոշումը:

8 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի նույն որոշումը:

9 Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:

10 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

11 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

12 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: