Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-163
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (13.01.2005-06.06.2009)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.12.25/29
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.11.1997
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.12.1997
Дата вступления в силу
04.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
17 նոյեմբերի 1997 թ.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ոստիկանության ԶՈՐՔԵՐԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը (այսուհետ` ոստիկանության զորքեր) ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) համակարգի մեջ և կոչված են պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը:

(1-ին հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 2.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի խնդիրներն են`

- հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը.

- հատուկ և կարևորագույն օբյեկտներ ու հատուկ բեռներ պահպանելը.

- քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելը.

- Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը:

(2-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 3.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 (վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն և ազատությունները հարգելու, միանձնյա ղեկավարման, կենտրոնացված կառավարման սկզբունքների հիման վրա:

(3-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 4.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԿԱԶՄԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի կազմում ընդգրկվում են`

ա) օպերատիվ նշանակության զորամասերը.

բ) հատուկ մեքենայացված զորամասերը.

գ) հատուկ և կարևորագույն օբյեկտների և հատուկ բեռների պահպանության զորամասերը.

դ) քրեակատարողական հիմնարկների պահպանության, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցող զորամասերը.

ե) ոստիկանության զորքերի կառավարման մարմինները.

զ) ոստիկանության զորքերի գործունեությունն ապահովող ավիացիայի, շինարարական, կապի և այլ բնույթի հիմնարկներն ու զորամասերը:

(4-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 5.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԹՎԱԿԱԶՄԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի թվակազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 6.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԳՈՒՅՔԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերը տիրապետում են պետական սեփականություն համարվող գույքը:

Ոստիկանության զորքերը հողի, ընդերքի, օդային տարածության և ջրերի օգտագործումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 7.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի հիման վրա:

(7-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 8.

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ և ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ոստիկանության ԶՈՐՔԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ոստիկանության զորքերին` նրանց վրա դրված պարտականությունները կատարելու գործում:

Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառում լիազոր մարմինը իրականացնում է քաղաքացիների զորակոչը և զորահավաքը` ոստիկանության զորքերում ծառայելու համար և պայմանագրային հիմունքներով օժանդակում է ոստիկանության զորքերի սպայական կազմի պատրաստմանն և որակավորման բարձրացմանը:

Հայաստանի Հանրապետության նախարարությունները և պետական կառավարման այլ մարմիններ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացմամբ, իրենց օդանավակայաններում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ապահովում են ոստիկանության զորքերի առջև դրված խնդիրների իրականացման նպատակով հատուկ թռիչքային հանձնարարություններ կատարող օդանավերի վայրէջքը, կայանումը, լցավորումը, թռիչքի նախապատրաստումը և թռիչքը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառի հանրապետական գործադիր մարմինը ոստիկանության զորքերին վարձակալական հիմունքներով տրամադրում է հատուկ վագոններ, երկաթուղային կայարաններում վագոններ կանգնեցնելու համար առանձնացնում է հատուկ կայանատեղեր` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց տեղափոխելու և տեղավորման հարցերը հոգալու համար:

Տրանսպորտի կառավարման մարմինների պաշտոնատար անձինք, զինվորական պարետները, տրանսպորտային զինվորական և հատուկ փոխադրամիջոցների գծով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ աջակցում են նրանց տեղափոխմանը, այդ թվում` արտակարգ իրավիճակների պայմաններում` արտահերթ:

(8-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 9.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի անձնակազմը բաղկացած է զինծառայողներից և քաղաքացիական անձնակազմից:

Ոստիկանության զորքերի զինծառայողներին շնորհվում են զինվորական կոչումներ: Ոստիկանության զորքերի զինծառայողները կրում են ծառայողական համազգեստ և տարբերանշաններ, որոնց ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանության զորքերի քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

(9-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 10.

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ոստիկանության ԶՈՐՔԵՐՈՒՄ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի համալրումն իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Ոստիկանության զորքերի զինծառայողների զինվորական ծառայության անցկացման կարգը, պայմանները, նրանց որակավորումը, զինվորական կոչումների շնորհումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ոստիկանության զորքերի զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներից և ազատություններից` Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմանափակումներով:

Ոստիկանության զորքերում ծառայության անցնելու առանձնահատկություններից ելնելով` զորակոչիկների ընտրությանը մասնակցում են ոստիկանության զորքերի համապատասխան ծառայությունները` նպատակ ունենալով համալրել ոստիկանության զորքերը նախկինում չվարկաբեկված, բարոյահոգեբանական, ֆիզիկական բարձր հատկանիշներ և առնվազն միջնակարգ կրթություն ունեցող զորակոչիկներով:

(10-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 11.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման աշխատանքներն իրականացվում են ոստիկանության զորքերի և այլ ռազմաուսումնական հաստատություններում:

(11-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 12.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի զինծառայողները զինվորական ծառայության պարտականությունները կատարում են մարտական ծառայության պահակախմբերի և զինվորական վերակարգերի անձնակազմերի միջոցով:

Սույն օրենքով նախատեսված խնդիրների կատարման համար նշանակված պահակախմբերի և զինվորական վերակարգերի կազմում զինծառայողների ծառայությունը համարվում է մարտական ծառայություն:

Ոստիկանության զորքերի զինծառայողների մարտական ծառայության անցնելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

(12-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ եվ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 13.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը` ոստիկանության զորքերի հրամանատարը:

(13-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 14.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործում ոստիկանության զորքերի զորամասերի պարտականություններն են`

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համապատասխան մարմինների հետ համատեղ պարեկապահակային ծառայությունը.

- վթարների, խորտակումների, հրդեհների, տարերային աղետների ժամանակ և այլ արտակարգ իրավիճակներում մարդկանց փրկության, առանց հսկողության մնացած գույքի և հասարակական կարգի պահպանության ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելիս Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններին աջակցելը.

- զանգվածային անկարգությունների կանխմանը և խափանմանը մասնակցելը.

- հետախուզաորոնողական բնույթի միջոցառումներ իրականացնելը` սույն հոդվածով նախատեսված պարտականությունների կատարման տարածքում:

Խաղաղ, առանց զենքի ժողովները, հանրահավաքները, երթերը և ցույցերը կանխելու համար ոստիկանության զորքերի ներգրավումն արգելվում է:

(14-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 15.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ և ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԲԵՌՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հատուկ և կարևորագույն օբյեկտներն ու հատուկ բեռները պահպանելիս, ոստիկանության զորքերի զորամասերի պարտականություններն են`

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված հատուկ և կարևորագույն օբյեկտներն ու հատուկ բեռները, հաղորդակցության կառույցները պահպանելը.

- պահպանվող կառույցներում և օբյեկտներում վթարների, խորտակումների, տարերային աղետների, հրդեհների և այլ պատահարների հետևանքների վերացմանը մասնակցելը.

- պահպանվող տարածքներ մուտք գործած անձանց որոնմանը և ձերբակալմանը մասնակցելը:

(15-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 16.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐը քրեակատարողական ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ, ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁևՈՎ ՊԱՏԻԺ ԿՐՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ և ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԵԿՑԵԼԻՍ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Քրեակատարողական հիմնարկները պահպանելիս, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին ու կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելիս ոստիկանության զորքերի զորամասերի պարտականություններն են`

- Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված քրեակատարողական հիմնարկները պահպանելը.

- ոստիկանության զորքերի կողմից պահպանվող քրեակատարողական հիմնարկներից ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին արտադրական օբյեկտներ ուղեկցելը և վերադարձնելը, ինչպես նաև նրանց աշխատանքի ժամանակ այդ օբյեկտները պահպանելը.

- ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց` սահմանված պլանային երթուղիներով քննչական մեկուսարաններից քրեակատարողական հիմնարկներ ուղեկցելը և վերադարձնելը, իսկ ամբաստանյալներին` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված դատարաններ ուղեկցելը և դատավարության ընթացքում նրանց պահպանելը.

- ոստիկանության զորքերի կողմից ուղեկցելու ժամանակ փախուստի դիմած` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց հետախուզմանը մասնակցելը.

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ոստիկանության զորքերի նյութատեխնիկական բազաները և պահեստները պահպանելը:

(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 17.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի զինծառայողները մարտական ծառայության ընթացքում իրենց պարտականությունները կատարելիս իրավունք ունեն`

ա) քաղաքացիներից և պաշտոնատար անձանցից պահանջել պահպանել հասարակական կարգը, խափանել հանցագործությունները, վարչական իրավախախտումները և այն գործողությունները, որոնք խոչընդոտում են նրանց պարտականությունները կատարելուն.

բ) ստուգել քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, եթե նրանց` իրավախախտումների կատարման մեջ կասկածելու բավարար հիմքեր կան.

գ) Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկել իրավախախտումներ կամ իրավախախտման փորձ կատարած անձանց.

դ) մինչև երեք ժամ (մինչև Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններին հանձնելը) ոստիկանության զորքերի ծառայողական սենյակներում պահել պահպանվող օբյեկտների վրա ոտնձգություն կատարած անձանց, պարզել նրանց անձնավորությունը, կատարել անձանց և իրերի զննում, իսկ անհրաժեշտության դեպքում վերցնել նրանց իրերն ու փաստաթղթերը.

ե) փախուստի դիմած` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց փնտրելիս, պահպանվող տարածք մուտք գործած անձանց հետապնդելիս, զանգվածային անկարգությունները և հասարակական կարգի խմբակային խախտումները խափանելիս, ինչպես նաև տարերային աղետների, վթարների, խորտակումների, համաճարակների, անասնահամաճարակների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելիս, ավագ օպերատիվ պետի, իսկ բացառիկ դեպքերում` զորամասի կամ ստորաբաժանման հրամանատարի հրամանով կատարել տեղանքի կամ առանձին շինությունների, օբյեկտների շրջափակում, տրանսպորտային միջոցների զննում.

զ) ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին և կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելիս կամ հետախուզման ընթացքում նրանց ձերբակալելիս օրենքով սահմանված կարգով կատարել խուզարկություն:

(17-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ԶԵՆՔ եվ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 18.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ, ԶԵՆՔ և ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐեԼու պայմանները և սահմանները

 

Ոստիկանության զորքերն իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ, պահել և օգտագործել հատուկ միջոցներ, հաշվեցուցակային զենք և մարտական տեխնիկա` միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով.

Ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստվածություն, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք, մարտական տեխնիկա գործադրելու պիտանիության պարբերական ստուգումներ, ինչպես նաև ունենալ տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն:

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է`

- դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին` բավարար ժամանակ տալով նրանց իր պահանջները կատարելու համար` բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կամ մարտական տեխնիկա գործադրելու հապաղումը վտանգի տակ է դնում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների կյանքն ու առողջությունը, կարող է այլ ծանր հետևանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անտեղի է կամ անհնարին.

- ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը.

- սահմանված կարգով զեկուցել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին:

Ոստիկանության զորքերի հրամանատարը և զորամասի հրամանատարները պարտավոր են համապատասխան դատախազին անհապաղ տեղեկացնել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա գործադրելու հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին:

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա կիրառելու լիազորությունների սահմանազանցումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(18-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 19.

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Ոստիկանության զորքերի զինծառայողները հանցագործությունները և վարչական իրավախախտումները խափանելիս, նման գործողություններ կատարած անձանց ձերբակալելիս, ոստիկանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելիս իրավունք ունեն գործադրել ֆիզիկական ուժ, եթե այլ միջոցներով հնարավոր չէ կատարել իրենց վրա դրված պարտականությունները:

(19-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 20.

ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել հետևյալ դեպքերում`

ա) քաղաքացիների, զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների վրա հարձակումները դիմագրավելիս.

բ) ոստիկանության զորքերի զինծառայողներին, իրենց պարտականությունները կատարելիս, ցույց տրվող դիմադրությունը կասեցնելիս.

գ) քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության դեմ ուղղված հանցագործություն կատարելիս բռնված և փախուստի փորձ կատարող անձանց ձերբակալելիս.

դ) այն անձանց ձերբակալելիս, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրանք ունեն զինված դիմադրություն ցույց տալու մտադրություն.

ե) ձերբակալված անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելիս, ձերբակալվածներին և վարչական կալանքի ենթարկված կամ կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելիս և պահպանելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց, կամ եթե ոստիկանության զորքերի զինծառայողներին դիմադրություն են ցույց տալիս.

զ) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների և բեռների վրա կատարվող հարձակումները հետ մղելիս.

է) պատանդներին, ինչպես նաև կառույցները, շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները և տեղամասերը ազատագրելիս.

ը) տրանսպորտի, կապի, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատանքները խանգարող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կազմալուծող զանգվածային անկարգությունները և գործողությունները կանխելիս.

թ) տրանսպորտային փոխադրամիջոցներով փախուստի դիմած` ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին կամ կալանքի տակ գտնվող անձանց ձերբակալելիս.

ժ) փախուստի դիմած և կալանքի տակ գտնվող անձանց որոնելիս և ձերբակալելիս:

Ոստիկանության զորքերի զինծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են գործադրել`

- ռետինե մահակներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «գ», «զ», «է», և «ը» կետերով նախատեսված դեպքերում.

- արցունքաբեր գազ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «զ», «է», «ը» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում.

- ձեռնաշղթաներ` սույն հոդվածի առաջին մասի «բ», «գ», «դ», «ե», «ը» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում: Ձեռնաշղթաների բացակայության դեպքում զինծառայողն իրավունք ունի կապելու նպատակով օգտագործել ձեռքի տակ եղած այլ միջոցներ.

- ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «դ», «զ», «է», «ը», և «ժ» կետերով նախատեսված դեպքերում, եթե դրանք վնաս չեն պատճառում անձի կյանքին կամ առողջությանը.

- արգելքները քանդելու միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի «դ», «զ», «է», «ը» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում.

- փոխադրամիջոցի հարկադիր կանգնեցման միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի «թ» և «ժ» կետերով նախատեսված դեպքերում.

- ջրանետներ և զրահամեքենաներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «դ», «զ», «է», «ը», և «ժ» կետերով նախատեսված դեպքերում և միայն զորամասի հրամանատարի կամ նրա տեղակալի ցուցումով` դրանց գործադրման պահից 24 ժամվա ընթացքում այդ մասին ծանուցելով դատախազին.

- ծառայողական շներ` սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», և «ժ» կետերով նախատեսված դեպքերում:

Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաև սույն օրենքի 21 հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անչափահասների նկատմամբ` բացառությամբ նշված անձանց կողմից ցույց տրվող զինված դիմադրության, մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող գործողությունների դեպքերի:

Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության զորքերի զինծառայողը հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած այլ միջոց:

(20-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 21.

ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրել հետևյալ դեպքերում`

ա) քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող հարձակումներից պաշտպանելիս.

բ) զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների ու իրենց վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, երբ վտանգ է սպառնում նրանց կյանքին կամ առողջությանը, ինչպես նաև նրանց զենքին տիրելու փորձերը խափանելիս.

գ) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները և մարտական տեխնիկան ազատագրելիս.

դ) քաղաքացիների կյանքի, առողջության և սեփականության դեմ ուղղված հանցագործություն կատարելիս բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

ե) հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվածների, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց փախուստը, ինչպես նաև նշված անձանց բռնի ազատազրկման փորձերը խափանելիս.

զ) տրանսպորտային միջոցները վնասելով դրանք կանգնեցնելիս, եթե վարորդը ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում հրաժարվում է կանգնեցնել այն` չկատարելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակցի կամ ոստիկանության զորքերի զինծառայողի իրավասության սահմաններում առաջադրված պահանջը.

է) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների, կազմակերպությունների վրա խմբակային կամ զինված հարձակումները հետ մղելիս.

ը) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին զինծառայողի իրավասության սահմաններում առաջադրված պահանջները.

թ) կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս, եթե նրանք վտանգ են սպառնում մարդկանց կյանքին և առողջությանը.

ժ) զենք գործադրելու մտադրության մասին քաղաքացիներին զգուշացնելիս, տագնապի ազդանշան տալիս և օգնության կանչելիս:

Զենք գործադրելն առանց զգուշացման թույլատրվում է զենքով, մարտական տեխնիկայով, տրանսպորտային միջոցներով, թռչող ապարատներով կատարվող հարձակումները հետ մղելիս, զենքով կալանքից փախչելիս կամ տրանսպորտի միջոցներով, թռչող ապարատներով, ինչպես նաև սահմանափակ տեսանելիության պայմաններում փախչելիս:

Արգելվում է զենք գործադրել կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններով անձանց և անհայտ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցուցաբերելու կամ մարդկանց կյանքին սպառնացող խմբակային հարձակման դեպքերի:

(21-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 22.

ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

 

Ոստիկանության զորքերի հաստիքային մարտական տեխնիկան գործադրվում է հետևյալ դեպքերում`

ա) պատանդներին, ինչպես նաև զավթված պահպանվող օբյեկտները, կառույցները, բեռները և մարտական տեխնիկան ազատագրելիս.

բ) զինված դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

գ) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, շինությունների և բեռների, քաղաքացիների բնակարանների, պետական մարմինների շենքերի, հիմնարկների և կազմակերպությունների վրա խմբակային, զինված կամ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ հարձակումները հետ մղելիս.

դ) զինված խմբերի դիմադրությունը ճնշելիս, եթե նրանք հրաժարվում են կատարել հակաօրինական գործողությունները դադարեցնելու և իրենց մոտ եղած զենքն ու մարտական տեխնիկան հանձնելու մասին ոստիկանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջները:

(22-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 23.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի մերկացնել զենքը և այն բերել պատրաստ վիճակի, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են սույն օրենքի 21 հոդվածով նախատեսված` զենք գործադրելու հիմքեր ծագել:

Ոստիկանության զորքերի զինծառայողն իրավունք ունի սույն օրենքի 21 հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված դեպքերում` զենք գործադրել, եթե ձերբակալվող անձը ոստիկանության զորքերի զինծառայողին մոտենալու փորձեր է կատարում մերկացված սառը զենքով, հրազենով կամ այնպիսի առարկաներով, որոնցով հնարավոր է մարմնական վնասվածքներ հասցնել նրան:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների անվտանգության ապահովման շահերից ելնելով` չի թույլատրվում զորամասերի տեղաբաշխման (վերատեղաբաշխման) վայրերի, զինված հանցավոր խմբերի հետ ընդհարումներին մասնակցած ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայության և բնակության վայրի մասին տեղեկությունների հրապարակումը զանգվածային լրատվության միջոցներով:

Ոստիկանության զորքերի ծառայողական, մարտական գործունեության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կամ ոստիկանության զորքերի հրամանատարի թույլտվությամբ:

(23-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ եվ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 24.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԼԻՆԵԼԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց համար:

Ոստիկանության զորքերի զինծառայողների իրավասության սահմաններում առաջադրված պահանջները չկատարելը, ինչպես նաև այնպիսի գործողություններ կատարելը, որոնք խոչընդոտում են ոստիկանության զորքերի զինծառայողների պարտականությունների կատարմանը, առաջացնում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:

Որևէ մեկն իրավունք չունի միջամտել ոստիկանության զորքերի զինծառայողի` օրենքով սահմանված գործողությանը, բացի նման լիազորությամբ օժտված անձանցից:

(24-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 25.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի զինծառայողների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

(25-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 26.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի զինծառայողներն իրենց զանցանքների և այլ իրավախախտումների համար կրում են օրենքին համապատասխան պատասխանատվություն:

Ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից քաղաքացիներին և կազմակերպություններին ապօրինի գործողություններով պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:

(26-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ եվ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 27.

Ոստիկանության ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Ոստիկանության զորքերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(27-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հոդված 28.

ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Ներքին զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ներքին գործերի հանրապետական մարմնի ներկայացմամբ:

Ռազմական տեխնիկայի նորոգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի ենթակայության կազմակերպություններում և հիմնարկներում` պայմանագրային հիմունքներով:

Ներքին զորքերի հրամանատարության, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման նպատակով շենքերի և շինությունների տրամադրումը, ինչպես նաև դրանց կոմունալ սպասարկումը, նորոգումը և նոր շենքերի ու շինությունների կառուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար սահմանված կարգով ու նորմատիվներով:

(28-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-1-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
17 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-163