Գլխավոր տեղեկություն
Номер
N 756-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 27.05.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.2022
Дата вступления в силу
28.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2022 թվականի N 756-Լ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-244-27.04.2022-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


26.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-244-27.04.2022-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է՝

- ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ,

- կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղևորների կողմից աջակցող միջոցների տեղափոխման գործընթացը,

- հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղևորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում,

- սահմանել մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար,

- սահմանել մատչելիության պարտադիր պահանջ մինչև նախագիծն ուժի մեջ մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.

1. Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ներհամայնքային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային և ներմարզային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության համար հարմարեցված ավտոբուսների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:», հաշվի առնելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։

2. 2-րդ հոդվածը հանել, քանի որ երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները ներգրավվում են ՀՀ կառավարության 03.12.2020 թ. N 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) պահանջներին համապատասխան գնահատման արդյունքում՝ երթուղային ցանցը կազմակերպող մարմնի որոշմամբ։ Հետևաբար հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների ապահովման վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարումն իրականացվում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինների կողմից, և երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք նախատեսելը համարում ենք ոչ նպատակահարմար։

3. Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 14-րդ հոդվածի 3-րդ մասում 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտովարորդներն անհրաժեշտության դեպքում պետք է աջակցեն հաշմանդամություն ունեցող ուղևորներին (ներառյալ ֆիզիկական աջակցությունը և տեղեկատվության տրամադրումը) օգտվելու տրանսպորտային սպասարկման իրենց իրավունքից։»։

4. 6-րդ հոդվածից հանել «և/կամ դրանց մաս կազմող սարքավորումներ» բառերը, նկատի ունենալով որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված է «աջակցող միջոցներ» հասկացությունը:

5. Նախագծին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք գնահատել ներկայացված նախագծի արդյունավետությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության, կարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները:

Սույն դիտողությունը բխում է այն հանգամանքից, որ նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում նախատեսվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ. «Ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:», սակայն նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ բացակայում են միայն ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցների համար նման պահանջ սահմանելու վերաբերյալ հիմնավորումները, քանի որ վերջինս կարող է սահմանափակել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ հաշվի առնելով այն, որ գործող կարգավորումներով նման պահանջ նախատեսվում է միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթներին ներկայացվող տրանսպորտային միջոցների համար, որոնց նվազագույն քանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ օբյեկտիվորեն կարող է անհնար լինել ներհամայնքային փոխադրումների մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցներն ապահովել նշված պայմաններով։

Բացի այդ, անհասկանալի է նշված դրույթում «մերձհամայնքային, միջքաղաքային և միջպետական» բառերի սահմանումը, քանի որ Օրենքի 11-րդ հոդվածը ներառում է միայն միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթի վերաբերյալ կարգավորումներ, որոնց վերաբերյալ նույնպես բացակայում են վերլուծություններ ու հիմնավորումներ։

Սույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի 3-րդ հոդվածով սահմանվող կարգավորումների հիմնավորմանը։

Ինչ վերաբերում է նախագծին կից ներկայացված այն հիմնավորմանը, որ առկա կարգավորմամբ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետը չեն բխում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի պահանջից, հարկ է նշել, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի մշակումն ու իրականացումը, ընդ որում, ծրագրով առնվազն պետք է նախատեսվեն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի անցկացման կարգում, որպես մրցութային պայման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ավտոբուսների պարտադիր պայմանի ամրագրումը, ինչը չի ենթադրում, որ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ բարձրացված խնդիրների համատեքստում նախագծով առաջարկվող կարգավորումների հիմնավորվածությունը և օբյեկտիվ անհրաժեշտությունը լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն:

6. Բացի այդ՝ նախագծում առկա են օրենսդրական տեխնիկայի կանոնների առումով խմբագրման կարիք ունեցող դրույթներ, մասնավորապես՝

1) նախագծի 1-ին հոդվածի՝

ա. 1-ին մասի «21» թիվը փոխարինել «5» թվով,

բ. 1-ին մասում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի» արտահայտությունը շարադրել մասի տեսքով, իսկ «4-րդ մասի 2-րդ նախադասությունը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ՝. «Ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:»:» արտահայտությունը կետի տեսքով:

Այս առումով անհրաժեշտ է խմբագրել նաև նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը,

գ. 1-ին մասում «վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով։ Հետևաբար՝ քննարկվող դրույթը ենթակա է վերանայման,

դ. 2-րդ մասում «Օրնքի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Օրենքի» բառով։

Սույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի համանման վրիպակներին.

2) նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված դրույթն անհրաժեշտ է սահմանել նախագծի անցումային դրույթներում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով նաև կառավարության սույն առաջարկների 1-ին կետը:

Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ ակտով են հաստատվելու մատչելիության չափորոշիչները.

3) նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի որ կետում կամ որ կետից հետո է անհրաժեշտ կատարել համապատասխան լրացումը և «բովանդակությամբ» բառը փոխարինել «նախադասությամբ» բառով:

Սույն դիտողությունը վերաբերում է նաև նախագծի համանման կարգավորումներին.

4) նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին, քանի որ 7-րդ մասը չի կարող ունենալ 7.1-ին մաս.

5) նախագծի 7-րդ հոդվածի`

ա. «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» վերնագիրն անհրաժեշտ է շարադրել որպես 7-րդ հոդվածի վերնագիր և «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ» բառից առաջ լրացնել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ» բառերով,

բ. 1-ին մասում անհրաժեշտ է սահմանել օրենքի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ, որը հնարավորություն կտա նախագծով սահմանվող կարգավորումների հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագիծը լրամշակել՝ հաշվի առնելով ներկայացված դիտարկումները: