Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.04.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
22.04.2022
Дата вступления в силу
22.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ2/0045/06/21

Նախագահող դատավոր՝  Տ. Սիմոնյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

22 ապրիլի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 30 որոշման դեմ մեղադրյալ Լևոն Դավիթի Արշակյանի պաշտպան Ա.Մակինյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է թիվ 44103621 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Լևոն Դավիթի Արշակյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Լ.Արշակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամսով։

2. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մեղադրյալ Լ.Արշակյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ, մերժվել է։

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը բեկանել է, նախաքննության մարմնի միջնորդությունը՝ բավարարել, և մեղադրյալ Լ.Արշակյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացրել է:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Լ.Արշակյանի պաշտպան Ա.Մակինյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի մարտի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մարտի 15-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Լևոն Արշակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա 2021 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 18:10-ին փորձել է սպանել՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Մասիս քաղաքի Նոր թաղամաս 15-րդ շենք 11-րդ հասցեի բնակիչ Արտակ Գարիկի Գաբրիելյանին, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Այսպես. Լևոն Արշակյանը և Արտակ Գաբրիելյանը դեռևս 2020 թվականին միջանձնային հարաբերությունների շուրջ վիճաբանություն ունենալով միմյանց հետ, այդ ժամանակահատվածից սկսված միմյանց հետ գտնվել են լարված, կոնֆլիկտային փոխհարաբերությունների մեջ: 2021 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 18:10-ին Լևոն Արշակյանը իր կողմից վարած «Volvo» մակնիշի 36 ZZ 444 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Մասիս քաղաքի Դպրոցական փողոցից երթևեկելով դեպի Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցական փողոցների խաչմերուկի ուղղությամբ, նկատելով Դպրոցական փողոցում տեղակայված «Լալվար» անվամբ վաճառակետի դիմացի հակառակ մայթեզրով քայլող Արտակ Գաբրիելյանին, մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, այնուհետև մեքենան կայանելով փողոցում, սկսել է վիճաբանել Արտակ Գաբրիելյանի հետ: Այդ ընթացքում, երբ Արտակ Գաբրիելյանը հատել է փողոցը, և փորձել է անցնել Լևոն Արշակյանի մեքենայի դիմացի հատվածով՝ փողոցի հակառակ մայթեզր անցնելու նպատակով, այդ ժամանակ Լևոն Արշակյանը, Արտակ Գաբրիելյանի հետ ունեցած լարված, կոնֆլիկտային փոխհարաբերությունների շարժառիթով, չհանդուրժելով նրա անձը և դրսևորած վարքագիծը, Արտակ Գաբրիելյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր կողմից վարած «Volvo» մակնիշի 36 ZZ 444 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի դիմացի հատվածով վրաերթի է ենթարկել վերջինիս, այնուհետև մեքենան վարել է նրա մարմնի վրայով, որի հետևանքով Արտակ Գաբրիելյանը ստացել է մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց և ենթարկվել անհետաձգելի բուժօգնության:

Այսինքն Լևոն Արշակյանի ապօրինաբար կյանքից զրկելուն անմիջականորեն ուղղված, ուղղակի դիտավորությամբ կատարված գործողությունների արդյունքում հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցրել, քանի որ Արտակ Գաբրիելյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և ստացել անհետաձգելի բուժօգնություն (…)»1։

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն՝ «(…) ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գ.Մկրտչյանի կողմից ներկայացված նյութերի ուսումնասիրությունը և դատական նիստում նրա բերած հիմնավորումները հիմք են տալիս դատարանին հանգելու այն հետևության, որ մեղադրյալ Լ.Արշակյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը, այսինքն` առկա է տվյալ ենթադրյալ հանցագործության կատարման մեջ հիմնավոր կասկածը, առնչությունը, ինչպես նաև դեպքի համընկնումը այն ենթադրյալ հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ Լ.Արշակյանը մեղադրվում է: Դրա վկայությունն են (…) միջնորդության մեջ շարադրված, ինչպես նաև միջնորդությանը կից ներկայացված ապացույցները, մասնավորապես՝ դեպքի վայրերի զննության արձանագրությունը, ավտոմեքենայի զննություն կատարելու մասին արձանագրությունը, տուժող Արտակ Գաբրիելյանի, վկաներ Վանուշ Աղասի Հարությունյանի, Դավիթ Գուրամի Մարգարյանի, Գևորգ Մարտինի Համբարձումյանի, Բագրատ Գաբրիելյանի և Գարիկ Գաբրիելյանի ցուցմունքները, տեսաձայնագրությունները զննելու մասին արձանագրությունը։

(…)

Ինչ վերաբերում է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդության մեջ նշված կալանավորման երեք հիմքերին, դատարանն արձանագրում է, որ ՀԿԳ ավագ քննիչն իր միջնորդությունը չի պատճառաբանել փաստական հանգամանքների հիման վրա կատարված ողջամիտ ենթադրություններով: (…)

Այսպես՝ ՀԿԳ ավագ քննիչը միջնորդության մեջ որպես կալանավորման հիմքեր նշել է ազատության մեջ մնալու դեպքում Լ.Արշակյանի կողմից նոր հանցանք կատարելու և քննությունից թաքնվելու հնարավորությունը, որպիսի ենթադրության համար հիմք է հանդիսացել մեղադրյալի կողմից ենթադրյալ հանցանքը ավարտին չհասցնելու հանգամանքը և մտավախություն[ը], որ մեղադրյալը ազատության մեջ մնալով կարող է հանցանքն ավարտին հասցնել՝ կատարել նոր հանցավոր արարք և բացի այդ, քննության ներկայացել է հանցանքը կատարելուց հետո 4-5 ժամ անց։

Մինչդեռ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով մեղադրյալ Լևոն Արշակյանի պաշտպան Արման Կարապետյանի վերաքննիչ բողոքը, 16.09.2021 թվականի որոշմամբ արձանագրել է, որ քննիչին չի հաջողվել դատարանին ներկայացնել կալանավորման հիմքի առկայությունը հաստատող ապացույցներ, տեղեկություններ կամ տվյալներ և այդ պատճառով արձանագրել է, որ կալանավորման երկու՝ քննությունից թաքնվելու և նոր հանցանք կատարելու հիմքերը բացակայում են։ Նշված որոշումը վարույթն իրականացնող մարմնի կողմից Վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

Ինչ վերաբերում է մեղադրյալի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հիմքի մատնանշմանը, դատարանն արձանագրում է , որ ՀԿԳ ավագ քննիչի կողմից դատական նիստի ընթացքում պատասխանելով նախագահողի հարցին հայտնել է, որ դա զուտ վարույթն իրականացնող մարմնի ենթադրությունն է, այդ կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ որևէ փաստական տվյալ առկա չէ։

Դատարանն արձանագրում է, որ չնայած Լ.Արշակյանի նկատմամբ կալանքն որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացնելու ժամանակ առկա է եղել քննությանը խոչընդոտելու հիմքը, սակայն ներկա փուլում, երբ ներկայացվել է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն՝ նույն հանգամանքի վկայակոչումը դատարանը բավարար չի համարում ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը հիմնավորված համարելու և այն բավարարելու համար՝ նկատի ունենալով այն, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնելիս անհրաժեշտ է կիրառել միջնորդության պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ և ոչ թե բավարարվել օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքով։

Դատարանն արձանագրում է, որ ՀԿԳ ավագ քննիչի կողմից վերը նշված կալանավորման հիմքերի վկայակոչումը հիմնված չեն գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա և դատարանը գտնում է, որ այդ հիմքերը բացակայում են:

(…) [Կ]ալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշմանը կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2021 թվականի օգոստոսի 26-ին մեղադրյալ Լևոն Արշակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելուց հետո ՀԿԳ ավագ քննիչ Գ.Մկրտչյանի կողմից կատարվել են հետևյալ գործողությունները.

1) 27.08.2021 թվականին կատարվել է վկա Բագրատ Գաբրիելյանի հարցաքննությունը, որը սկսվել է ժամը 13։00-ին և ավարտվել ՝ 14։40-ին, տևել է 1 ժամ 40 րոպե:

2) 01.09.2021 թվականին կատարվել է տուժող Արտակ Գաբրիելյանի հարցաքննությունը, որը սկսվել է ժամը 15։25-ին, ավարտվել ՝ 17։00-ին, տևել է 1 ժամ 35 րոպե.

3) 22.09.2021 թվականին կատարվել է տուժող Գարիկ Գաբրիելյանի լրացուցիչ հարցաքննությունը, որը սկսվել է ժամը 10։10-ին, ավարտվել ՝ 11։00-ին, տևել է 50 րոպե.

Փաստորեն, մեղադրյալ Լ.Արշակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 26.08.2021 թվականին դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո մինչև ՀԿԳ ավագ քննիչի կողմից 14.10.2021 թվականին կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում՝ 49 (քառասունինը) օրվա ընթացքում ՀԿԳ ավագ քննիչ Գ.Մկրտչյանը կալանքի տակ գտնվող Լ.Արշակյանի գործով կատարված քննչական գործողությունների վրա «ծախսել է» ընդամենը 4 (չորս) ժամ 05 (հինգ) րոպե, ընդ որում, տևական ժամանակ որևէ քննչական գործողություն չի կատարել։

Վերոգրյալներն իրենց համակցության մեջ գնահատության ենթարկելով` դատարանը հանգում է այն համոզման, որ վարույթն իրականացնող մարմինը նաև անհրաժեշտ ջանասիրություն չի դրսևորել ապահովելու գործի քննության ընթացքը (…)»2:

6.1. Նախաքննության մարմնի կողմից Լ.Արշակյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությանը կից, ի թիվս այլոց, ներկայացվել են վկաներ Բագրատ և Գարիկ Գաբրիելյանների, տուժող Արտակ Գաբրիելյանի հարցաքննության արձանագրությունները, նախաքննության մարմնի չթվագրված հանձնարարությունը՝ թիվ 44103621 քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պետի՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետին հասցեագրված՝ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ գրությունն առ այն, որ Լևոն Արշակյանի հայրը, ով ոստիկանության աշխատակից է, ինչպես անձամբ, այնպես էլ հարազատների միջոցով փորձում է ճնշումներ գործադրել տուժողի և նրա հարազատների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով նախաքննությանը3:

7. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի որոշման համաձայն՝ «(…) Անդրադառնալով կալանավորման հիմքերի հանգամանքին՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել հետևյալը.

(…)

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալ Լևոն Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ վերջինս մեղադրվում է մարդու կյանքի դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, որպիսի հանգամանքը չի կարող անտեսվել Վերաքննիչ դատարանի կողմից։

Լևոն Արշակյանին մեղսագրվող հանցանքի ծանրությունը և հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են գործի քննությանը խոչընդոտելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս փաստական հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս Վերաքննիչ դատարանին հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության վերաբերյալ:

Հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցանքների կատարման բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատիժը, ինչպես նաև ենթադրյալ հանցանքի կատարումից հետո վերջինիս դրսևորած վարքագիծը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Լևոն Արշակյանը կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Նշվածը հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.

 - քրեական գործով դեռևս չեն հարցաքննվել Սարգիս Կարապետյանը, Դավիթ Արշակյանը, Արման Սիմոնյանը, Գոռ Համբարձումյանը, Դավիթ Համբարձումյանը, Արամայիս Գրիգորյանը, «Լալվար» վաճառակետի աշխատակցուհին, դեպքի վայրի հարակից բոլոր վաճառակետերի աշխատակիցները, մեղադրյալ Լևոն Արշակյանի ընտանիքի անդամները, ընկերները, մանրամասն պարզելու նպատակով նրա և Արտակ Գաբրիելյանի վիճաբանության առիթը, նրանց փոխհարաբերությունների բնույթը, առերես չեն հարցաքննվել մեղադրյալը և տուժողը, Դավիթ Մարգարյանը, Բագրատ Գաբրիելյանը, Գարիկ Գաբրիելյանը։

Բացի այդ՝ գործում առկա են մի շարք վկաների կողմից տրված ցուցմունքներ, որոնք վկայում են Լ.Արշակյանի կողմից հնարավոր հանցանքը կատարելու մասին։ Նշված անձանց նկատմամբ անձամբ կամ այլ անձանց միջոցով Լ.Արշակյանի կողմից ապօրինի ազդեցության հավանականությունը բարձր է։ Վերջինս, օգտագործելով իր և իր հարազատների կապերը, կարող է ներազդել վերոնշյալ անձանց նկատմամբ՝ իր օգտին ցուցմունքներ տալու կամ ցուցմունք տալուց խուսափելու համատեքստում։

- մեղադրյալը ենթադրյալ հանցանքը կատարելուց հետո դեպքի վայրից դիմել է փախուստի, թաքնվել է քննությունից և թաքցրել իրեղեն ապացույց հանդիսացող իր մեքենան, որից հետո դեպքից 4-5 ժամ անց միայն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

- առերևույթ հանցանքը ենթադրաբար խափանվել է մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով, ինչը մեծացնում է նոր հանցանքի կատարման հավանականությունը։

Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանի պնդումն առ այն, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել պատշաճ ջանասիրություն, անառարկայական է, քանզի գործի նյութերում առկա փաստական հանգամանքների ուսումնասիրությունը հանգեցնում է հակառակ հետևության։

(…)

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննիչի կողմից ներկայացվել են բավարար նյութեր՝ գործի ընթացքն ապահովելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորած պատշաճ ջանասիրության վերաբերյալ, մասնավորապես՝ 27.08.2021 թվականին որպես վկա հարցաքննվել է Արամ Էդիկի Տոնոյանը, իսկ 30.08.2021 թվականին որպես վկա հարցաքննվել է Մաքսիմ Հովհաննեսի Խաչատրյանը: Նոր հանցանքի կատարումը կանխարգելելու համար՝ դատախազի կողմից դեպքի հանգամանքների, նախկինում տուժողի և մեղադրյալի միջև տեղի ունեցած վիճաբանության, թշնամական հարաբերությունների պարզման, դրանց հետագայում կրկնվելու հավանականության կանխման և համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և ՕՀՄ-ներ անցկացնելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ-ին տրվել է համապատասխան հանձնարարություն: 28.08.2021 թվականին քննիչի կողմից ոստիկանության Մասիսի բաժնին՝ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու, վկաներ հայտնաբերելու, նախկինում տեղի ունեցած վիճաբանության, դրանց դրդապատճառների, մեղադրյալի և նրա հարազատների կողմից հնարավոր խոչընդոտների, ինչպես նաև գաղտնալսման վերաբերյալ տրվել է բազմածավալ հանձնարարություն: 29.08.2021 թվականին տուժողի հիվանդության պատմագրերը ստանալու վերաբերյալ գրություններ է ուղարկվել «Էրեբունի» և «Մասիս» ԲԿ-ներ: 02.09.2021 թվականին ոստիկանության Մասիսի բաժնից ստացվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին գրություն առ այն, որ Լևոն Արշակյանի հայրը, ով հանդիսանում է ոստիկանության աշխատակից ինչպես անձամբ, այնպես էլ հարազատների միջոցով փորձում է ճնշումներ գործադրել տուժողի և նրա հարազատների նկատմամբ, այդ կերպ խոչընդոտելով նախաքննությանը: 22.09.2021 թվականին ոստիկանության մարզային վարչության պետի կողմից վարույթն իրականացնող մարմնին է ուղարկվել գրություն, ըստ որի պարզվել է նախկինում տուժողի և մեղադրյալի միջև տեղի ունեցած վեճի դրդապատճառները և միաժամանակ հայտնվել է, որ իրականացվում են հեռախոսային խոսակցությունների վերահսկման ՕՀՄ-ներ: 22.09.2021 թվականին քննիչի կողմից զննվել են տուժողի վերաբերյալ ստացված հիվանդության պատմագրերը: 22.09.2021 թվականին քննիչի կողմից ծանուցագրեր են ուղարկվել 4 վկաների, ովքեր ականատես են եղել տեղի ունեցած դեպքին: 28.10.2021 թվականին քննիչի կողմից զննված հիվանդության պատմագրերը եզրակացություն տալու համար ուղարկվել են դատաբժշկին: 01.10.2021 թվականին հարցաքննվել է վկա Էդգար Կարենի Հարությունյանը: 02.10.2021 թվականին հարցաքննվել է վկա Թաթուլ Հայրապետյանը: 14.10.2021 թվականին 2 անձի վերաբերյալ կայացվել է բերման ենթարկելու մասին որոշում, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցներին:

Այսպիսով՝ անդրադառնալով կալանավորման հիմքերի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից նշված փաստարկներին` Վերաքննիչ դատարանն ընդունելի չի համարում դրանք և գտնում է, որ քննիչի կողմից առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում առկա են եղել համապատասխան տեղեկություններ և փաստեր, որոնք թույլ են տալիս հիմնավորված ենթադրություն կատարել առ այն, որ ազատության մեջ մնալով` մեղադրյալ Լևոն Արշակյանը կարող է կատարել քրեական օրենքով արգելված նոր արարք, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով (…)»4։

8. 2021 թվականի դեկտեմբերի 30-ին թիվ ԱՎԴ2/0115/01/21 քրեական գործն ըստ մեղադրանքի Լևոն Դավիթի Արշակյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, ընդունվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ, իսկ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին՝ 2022 թվականի հունվարի 13-ի որոշմամբ ԼԱրշակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխարինվել է այլ խափանման միջոցով՝ գրավով5:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

 9. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն օրինական և հիմնավոր չէ, քանի որ դրանում արված հետևությունները հիմնված չեն դատական քննության ժամանակ հետազոտված փաստական տվյալների վրա։

9.1. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը քննելիս բողոքում շարադրված՝ վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ առկա, սակայն նախաքննական գաղտնիքով պայմանավորված` դատարան չներկայացված և դատարանի կողմից քննության առարկա չդարձված հանգամանքները քննության առարկա դարձնելու, ինչպես նաև միայն բողոքում ներկայացվածը որպես հաստատված փաստ գնահատելու ու դրանք ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման հիմքում դնելու իրավաչափության կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

9.2. Բողոք բերած անձը նշել է, որ ըստ Վերաքննիչ դատարանի՝ Առաջին ատյանի դատարանի պնդումն առ այն, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել պատշաճ ջանասիրություն, անառարկայական է, քանզի գործի նյութերում առկա փաստական հանգամանքների ուսումնասիրությունը հանգեցնում է հակառակ հետևության՝ վկայակոչելով պաշտպանական կողմի համար անհայտ աղբյուրներից ստացված նյութեր, որոնք թե՛ Առաջին ատյանի դատարանում և թե՛ Վերաքննիչ դատարանում չեն հետազոտվել և դատարանների տրամադրության տակ չեն եղել։

9.3. Բողոք բերած անձն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանը կալանավորման հիմքերի մասին վկայող նոր փաստական տվյալներ չունենալու պայմաններում, հաստատել է կալանավորման երեք հիմքերի առկայությունն այն դեպքում, երբ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նույն կազմով քննության առնելով Լ.Արշակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, հիմնավորված չէր համարել Լ.Արշակյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը և գտել էր, որ առկա են միայն դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու և թաքնվելու ռիսկերը։ Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախկինում հաստատված էր համարել միայն գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը:

9.4. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական քննության ընթացքում չի ստուգել դատախազի ներկայացրած փաստարկների ճշմարտացիությունը, որի արդյունքում ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված գրության բովանդակության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալը Վերաքննիչ դատարանի կողմից համարվել է ճշմարտացի ու դրվել կայացված որոշման հիմքում։

10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ և մերժել նախաքննության մարմնի` Լևոն Արշակյանի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու մասին միջնորդությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Լևոն Արշակյանին կալանքի տակ պահելու հիմքերի առկայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով՝

(…)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով uահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1.Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով: (…)»:

Նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում`

1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը.

2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. (…)»:

13. Մեջբերված նորմերի վերլուծության շրջանակում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, հարուցված քրեական գործի, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով6:

13.1. Ընդ որում, Վճռաբեկ դատարանն Արամ Ճուղուրյանի վերաբերյալ գործով որոշմամբ փաստել է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը:

(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Դա նշանակում է, որ կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ»:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով նախաքննության մարմնի՝ Լ.Արշակյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, արձանագրել է, որ դրանում նշված կալանավորման հիմքերը չեն պատճառաբանվել փաստական հանգամանքների վերլուծության հիման վրա կատարված ողջամիտ ենթադրություններով։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Լ.Արշակյանի կողմից թաքնվելու և նոր հանցանք կատարելու հիմքերը բացակայում են, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, 2021 թվականի սեպտեմբերի 16-ին քննության առնելով պաշտպան Ա.Կարապետյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ նախաքննության մարմնին չի հաջողվել դատարանին ներկայացնել կալանավորման հիմքի առկայությունը հաստատող ապացույցներ, տեղեկություններ կամ տվյալներ, նշված որոշումը վարույթն իրականացնող մարմնի կողմից վճռաբեկության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։ Բացի այդ, անդրադառնալով Լ.Արշակյանի կողմից մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հիմքին՝ Առաջին ատյանի դատարանը նշել է, որ Լ.Արշակյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացնելու ժամանակ առկա է եղել քննությանը խոչընդոտելու հիմքը, սակայն ներկա փուլում, երբ ներկայացվել է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն, նույն հանգամանքի վկայակոչումը բավարար չէ նախաքննության մարմնի միջնորդությունը հիմնավորված համարելու և այն բավարարելու համար7։

- Վերաքննիչ դատարանը գտել է, որ մեղադրյալին վերագրվող ենթադրյալ հանցանքի կատարման բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, սպառնացող հնարավոր պատիժը, ինչպես նաև ենթադրյալ հանցանքի կատարումից հետո վերջինիս դրսևորած վարքագիծը վկայում են, որ Լ.Արշակյանը կարող է կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։ Վերաքննիչ դատարանն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ քրեական գործով դեռևս անհրաժեշտ է կատարել քննչական և դատավարական գործողություններ, որ մեղադրյալը դիմել է փախուստի, թաքնվել է քննությունից և թաքցրել իրեղեն ապացույց հանդիսացող իր մեքենան, դեպքից 4-5 ժամ անց է միայն ինքնակամ ներկայացել ոստիկանություն, և որ առերևույթ հանցանքը ենթադրաբար խափանվել է մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով, ինչը մեծացնում է նոր հանցանքի կատարման հավանականությունը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ կալանավորման հիմքերի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից նշված փաստարկները հիմնավոր չեն և ընդգծել, որ նախաքննության մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում առկա են եղել համապատասխան տեղեկություններ և փաստեր, որոնք թույլ են տվել հիմնավորված ենթադրություն կատարել կալանավորման նշված հիմքերի առկայության վերաբերյալ8։

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդության մեջ նշված՝ ԼԱրշակյանին շարունակաբար կալանքի տակ պահելու բոլոր երեք հիմքերն առկա համարելով՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել մի շարք փաստական հանգամանքներ: Մասնավորապես, անդրադառնալով կալանավորման հիմքերի առկայությունը հիմնավորող՝ Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ Լ.Արշակյանը թաքնվել է դեպքի վայրից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է իր իսկ կողմից վկայակոչված այն հանգամանքը, որ մեղադրյալը ժամեր անց ինքն է ինքնակամ ներկայացել ոստիկանություն:

Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում նաև Լ.Արշակյանի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու հիմքում դրված այն փաստարկը, որ ենթադրյալ հանցանքը խափանվել է մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով։ Հանցափորձը (երբ արարքն ավարտին չի հասցվում անձի կամքից անկախ հանգամանքներով) ինքնին չի կարող հիմնավորել նոր հանցանք կատարելու հիմքի առկայությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված հիմքերի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը չի հիմնավորվում քրեական գործի նյութերում առկա որևէ փաստով կամ ապացույցով, իսկ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը բավարար չեն այդ հիմքերի առկայության վերաբերյալ հիմնավորված ենթադրություն անելու համար:

16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լ.Արշակյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությանը կից ներկայացված նյութերում բացակայել է որևէ փաստական տվյալ առ այն, որ նա, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և կատարել քրեական օրենքով արգելված արարք։

17Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում գործի քննությանը խոչընդոտելու հիմքի բացակայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործով դեռևս ձեռնարկվելիք քննչական և այլ դատավարական գործողությունների համատեքստում Առաջին ատյանի դատարանը պատշաճ չի գնահատել դատարան ներկայացված՝ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պետի գրությունը՝ տուժողի և նրա հարազատների նկատմամբ ճնշումներ գործադրելու և դրանով նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասով, որ նախաքննության մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում առկա են եղել համապատասխան տեղեկություններ և փաստեր, որոնք թույլ են տվել հիմնավորված ենթադրություն կատարել առ այն, որ ազատության մեջ մնալով, մեղադրյալ Լ.Արշակյանը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով։

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լևոն Արշակյանին կալանքի տակ պահելու՝ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայության մասով Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր է:

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք նախաքննության մարմնի կողմից «անհրաժեշտ ջանասիրություն» դրսևորած չլինելու հիմքով Լևոն Արշակյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։

20. Անդրադառնալով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն Ասլան Ավետիսյանի գործով կայացված որոշման մեջ ընդգծել է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

ա) շարունակում են առկա լինել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները կամ ի հայտ են եկել անձին կալանքի տակ պահելու նոր հիմքեր.

բ) գործի քննությունն իրականացնող մարմնի կողմից դրսևորվել է անհրաժեշտ ջանասիրություն` ապահովելու գործի քննության ընթացքը9:

21. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով կալանքի ժամկետի երկարացման պայմաններից` նախաքննություն իրականացնող մարմնի «հատուկ ջանասիրությանը», իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ քննության բարդությունը և առանձնահատկությունները գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել՝ պարզելու համար, թե արդյոք իրավասու մարմինները վարույթն իրականացրել են «հատուկ ջանասիրությամբ»10։

22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննությունն իրականացնող մարմնի «անհրաժեշտ ջանասիրությունը» կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրութաբանությամբ` «հատուկ ջանասիրությունը» (due diligence) մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմաններից է։

Մասնավորապես, հիմնավոր կասկածի կենսունակությունը, համաձայն որի՝ ձերբակալված անձն է կատարել հանցագործությունը sine qua non պայման է կալանքի երկարաձգման օրինականության համար, սակայն ժամանակի ընթացքում այն այլևս բավարար չէ կալանքի երկարաձգումն արդարացնելու համար։ Երբ «հիմնավոր կասկածի» առկայությունն այլևս բավարար չէ կալանքի հետագա երկարացման համար, պետք է հիմնավորվի, թե արդյո՞ք անազատության մեջ պահելու հիմքերը շարունակում են լինել «հիմնավոր» և «բավարար», և արդյո՞ք իշխանությունները «հատուկ ջանասիրություն» են ցուցաբերել գործի քննության ընթացքում11։

 22.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման օրինականության ստուգման համատեքստում «հատուկ ջանասիրության» գնահատումը նպատակ է հետապնդում երաշխավորելու մեղադրյալի ազատության իրավունքը։ Այսպես, դատական քննության «սպասող» մեղադրյալի ազատության կանխավարկածի հաղթահարումը չի կարող արդարացվել ավելի երկար ժամանակահատվածով, քան անհրաժեշտ է գործի համակողմանի քննությունն իրականացնելու համար։ Ուստի, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունն ապահովելու նկատառումներով անձի ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այնքան ժամանակ, քանի դեռ նախաքննական մարմինն ակտիվ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ։ Կարևոր է ընդգծել, որ անձի ազատության իրավունքի գերակայության գաղափարից ելնելով` այդ իրավունքի սահմանափակման ժամանակահատվածում վարույթն իրականացնող նախաքննական մարմինը պետք է քննի գործը հատուկ ջանասիրությամբ` նպատակ հետապնդելով հնարավորինս սեղմ ժամկետում ավարտել գործի նախաքննությունը և գործն ուղարկել դատարան` անձի` իր վերաբերյալ գործի հրապարակային դատական քննությունն ապահովելու համար։ Հակառակ պարագայում, եթե նշված պայմանը պահպանված չէ և գործով ակտիվ նախաքննությունը հարաբերականորեն դադարեցված է, ապա, արտակարգ հանգամանքների բացակայության պարագայում12, անձի ազատության իրավունքի շարունակական սահմանափակումն այլևս արդարացված համարվել չի կարող13։

22.2. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը կրկին ընդգծում է, որ նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումների բավարարությունը որոշելիս կարևոր է գնահատել նաև գործի նախաքննության ընդհանուր տևողությունը, կալանքի ժամկետի երկարացմանը նախորդող ժամանակահատվածում կատարված և հաջորդող ժամանակահատվածում պլանավորվող քննչական և դատավարական գործողությունների ծավալը, վերջինիս հարաբերակցությունը գործի ընդհանուր քննության ծավալի և կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետի հետ։

Վերոգրյալի հետ մեկտեղ, կալանքի ժամկետի երկարացման նկատմամբ դատական վերահսկողության արդյունավետությունն ապահովելու նպատակով, նախաքննության մարմինը պետք է գործի բարեխղճորեն և դատարանին ներկայացնի «հատուկ ջանասիրության» դրսևորումը հիմնավորող նյութերը։ Դատարանին պետք է ներկայացվեն համապատասխան փաստական տվյալներ՝ անձի ազատության իրավունքի սահմանափակմանը կամ կալանքի տակ պահելու ժամկետի նախորդ երկարացմանը հաջորդող ժամանակահատվածում ձեռնարկված միջոցառումների մասին։ Նշվածի գնահատման պայմաններում միայն կարող է հաղթահարվել անձի ազատության կանխավարկածը և ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը։ Նախաքննության մարմնի` «հատուկ ջանասիրությունը» հիմնավորող նյութերի գնահատմամբ միայն կարող է արդյունավետ դատական վերահսկողություն իրականացվել անձի ազատության իրավունքի հետագա սահմանափակման անհրաժեշտության նկատմամբ։ Դատարանի խնդիրն է որոշել, թե նախաքննական մարմինն արդյո՞ք անհրաժեշտ ջանասիրությամբ ակտիվ քննություն է կատարում գործի հանգամանքների պարզման ուղղությամբ անձի ազատության իրավունքի սահմանափակման ժամանակահատվածում։ Ուստի, այդպիսի նյութեր չներկայացնելը կարող է դիտարկվել որպես «հատուկ ջանասիրության» բացակայություն14։

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- Նախաքննության մարմնի կողմից Լ.Արշակյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությանը կից ներկայացվել են մինչև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ձեռք բերված նյութերը, ինչպես նաև վկաներ Բագրատ և Գարիկ Գաբրիելյանների, տուժող Արտակ Գաբրիելյանի հարցաքննության արձանագրությունները, նախաքննության մարմնի չթվագրված հանձնարարությունը՝ թիվ 44103621 քրեական գործով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պետի՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետին հասցեագրված գրությունը՝ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ15,

- Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ արաձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել անհրաժեշտ ջանասիրություն՝ ապահովելու գործի քննության պատշաճ ընթացքը, մասնավորապես՝ 2021 թվականի օգոստոսի 26-ին մեղադրյալ Լ.Արշակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելուց հետո նախաքննության մարմնի կողմից հարցաքննվել են միայն Բագրատ, Արտակ և Գարիկ Գաբրիելյանները, և որևէ տևական ժամանակով քննչական գործողություն չի կատարվել16,

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չի դրսևորվել պատշաճ ջանասիրություն, անառարկայական է, և իր դիրքորոշման հիմքում դրել է վկաներ Արամ Տոնոյանին, Մաքսիմ Խաչատրյանին, Էդգար Հարությունյանին, Թաթուլ Հայրապետյանին հարցաքննելու, հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություններ տալու, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների վերաբերյալ գրություններ ստանալու, նախաքննության մարմնի կողմից հիվանդության պատմագրեր ստանալու համար գրություններ ուղարկելու, ստացված հիվանդության պատմագրերը նախաքննության մարմնի կողմից զննելու, դրանք եզրակացության տալու համար դատաբժշկին ուղարկելու, թվով չորս վկաների ծանուցագրեր ուղարկելու վերաբերյալ փաստական տվյալները17:

24. Սույն որոշման նախորդ կետում վկայակոչված փաստական տվյալների վերլուծությունից բխում է, որ նախաքննության մարմնի կողմից Լ.Արշակյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությանը կից, ներկայացվել են մինչև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը ձեռք բերված նյութերը, ինչպես նաև վկաներ Բագրատ և Գարիկ Գաբրիելյանների, տուժող Արտակ Գաբրիելյանի հարցաքննության արձանագրությունները, որոնք և Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից «պատշաճ ջանասիրություն» դրսևորած չլինելու հանգամանքի վերաբերյալ եզրահանգում անելիս: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հանգելով հակառակ դիրքորոշման, դրա հիմքում դրել է ոչ միայն վերոնշյալ փաստական տվյալները և ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պետի՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետին հասցեագրված գրությունը՝ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների վերաբերյալ, այլև նախաքննության մարմնի կողմից առանձին քննչական և դատավարական գործողություններ կատարած լինելու վերաբերյալ փաստական տվյալներ, որոնք նախաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերում առկա չեն, և թե՛ Առաջին ատյանի և թե՛ Վերաքննիչ դատարանի կողմից չեն հետազոտվել։

25. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ նախաքննության մարմնի կողմից անհրաժեշտ ջանասիրություն դրսևորած չլինելու հիմքով Լևոն Արշակյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

26. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թեև Լ.Արշակյանին շարունակաբար կալանքի տակ պահելու՝ գործի քննությանը խոչընդոտելու հիմքի առկայության վերաբերյալ հանգել է ճիշտ հետևության, սակայն Լ.Արշակյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը բեկանելու մասին որոշում կայացնելով՝ թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, ԼԱրշակյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է նոր որոշում18, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ այն եղել է ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին կորցրել է իր իրավական նշանակությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Մեղադրյալ Լևոն Դավիթի Արշակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________________________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 52-53։

2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 127-137։

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 71-89, 91։

4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 60-77։

5 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԱՎԴ2/0115/01/21 քրեական գործը:

6 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշումը:

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Scott v. Spain գործով 1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 21335/93, կետ 75:

11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Magee v. The United Kingdom գործով 2015 թվականի մայիսի 12-ի որոշումը, գանգատներ թիվ 26289/12, 29062/12, 29891/12, կետ 88:

12 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Fenech v. Malta գործով 2021 թվականի մարտի 23-ի որոշումը, գանգատ թիվ 19090/20, կետ 96։ Նշված վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում չի արձանագրել, երբ COVID-19 համավարակով պայմանավորված բացառիկ հանգամանքների պայմաններում քրեական վարույթը շուրջ երեք ամիս կասեցված է եղել, սակայն դրանից առաջ և հետո քրեական վարույթը ակտիվ ընթացքի մեջ է գտնվել:

13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Աղասի Թաթուլյանի գործով 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԼԴ/0012/06/20 որոշման 14-րդ կետը։

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Աղասի Թաթուլյանի գործով 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ԼԴ/0012/06/20 որոշման 14-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան