Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.02.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
28.02.2022
Дата вступления в силу
28.02.2022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԱՎԴ/0008/01/19

Գործ թիվ ԱՎԴ/0008/01/19

Նախագահող դատավոր՝  Ս. Մարաբյան

Դատավորներ՝

 Տ. Սահակյան

 Ռ. Բարսեղյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ե. Դանիելյանի

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 

28 փետրվարի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Գրիգոր Արմենակի Մաղաքյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 26176418 քրեական գործը:

2018 թվականի դեկտեմբերի 10-ին թիվ 26176418 քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Կ.Ադամյանի վարույթ:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Գրիգոր Արմենակի Մաղաքյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ Գ.Մաղաքյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2019 թվականի մարտի 22-ին թիվ 26176418 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով Գ.Մաղաքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:
Գ.Մաղաքյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Ամբաստանյալի և պաշտպանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ներկայացված բողոքները բավարարել է՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանել և փոփոխել. Գ.Մաղաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել: Վերջինիս նկատմամբ սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով, իսկ նրա վարքի նկատմամբ վերահսկողությունը հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանմանը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:

Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հունվարի 20-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Գրիգոր Մաղաքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ «(...) 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչներ Արտյոմ Յուրիկի Օհանյանը, Յուրիկ Սուրենի Խուդաթյանը և Էդգար Կարապետի Գևորգյանը վերջինիս պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի, 35 DQ 391 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գտնվել են Արարատի մարզի Տափերական գյուղի Շառլ Ազնավուր փողոցի 2 հասցեում գործող «Արմեն Նիկողոսյան» ԱՁ-ին պատկանող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում, որտեղ Արտյոմ Օհանյանը հանդիպել է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ Գրիգոր Արմենակի Մաղաքյանին և վերջիններիս միջև քաղաքական հարցերի շուրջ սկսված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Արտյոմ Օհանյանը բռունցքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Գրիգոր Մաղաքյանի դեմքին, ինչից դրդված՝ Գրիգոր Մաղաքյանն իր տաբատի աջ գրպանից հանել է իրեն պատկանող գաղտնի փականով դանակը, բացել է շեղբը և դիտավորությամբ նախ մեկ անգամ հարվածել է Արտյոմ Օհանյանի ձախ դաստակի ափային մակերեսին և վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնաս՝ ձախ դաստակի ափային մակերեսին փոքր թմբկության պրոյեկցիայով կտրած վերքի ձևով մարմնական վնասվածք, որից հետո Արտյոմ Օհանյանը վազել է դեպի գյուղի հիմնական ճանապարհի ուղղությամբ, սակայն Գրիգոր Մաղաքյանը հետապնդել է նրան, բռնել բաճկոնի հետևի հատվածից, Արտյոմ Օհանյանը շրջվել է և մեկ անգամ ոտքով հարվածել է Գրիգոր Մաղաքյանի ձախ ազդրային հատվածին, այդ ընթացքում վերջինս նույն դանակով դիտավորությամբ ևս մեկ անգամ հարվածել է Արտյոմ Օհանյանի գլխի ձախ հատվածին և վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախից քունքային շրջանի ծակած-պատռած վերքի, փակ գանգուղեղային վնասվածքի, ձախից քունքոսկրի խրթեշի բեկորային կոտրվածքի, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, սուբարախնոիդալ արյունազեղման, պնևմոցեֆալիայի ձևով մարմնական վնասվածքներ»1:

6. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Գ.Մաղաքյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելով, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «() Դատարանը, որպես ամբաստանյալ Գրիգոր Արմենակի Մաղաքյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, հաշվի է առնում տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը:
Դրա հետ մեկտեղ, Դատարանը նաև փաստում է, որ ամբաստանյալ Գրիգոր Արմենակի Մաղաքյանի կողմից մեղքն ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալն ու կատարածի համար զղջալը, որպես նրա հետհանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մասին, որ ամբաստանյալը գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունն ու զղջացել է դրա համար, որպիսի պարագայում քրեական պատժի նպատակների իրացումը, այդ թվում` պատժի ենթարկված անձին ուղղելու հավանականությունը, զգալիորեն բարձրանում է: Ուստի, այդ հանգամանքը ևս՝ Դատարանը գնահատում է որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող: Միաժամանակ, որպես ամբաստանյալ Գրիգոր Արմենակի Մաղաքյանի անձը բնութագրող տվյալներ, Դատարանն արձանագրում է, որ նա երիտասարդ է, ստացել է միջնակարգ կրթություն, փաստացի ամուսնացած է, կինը գտնվում է 18-19 շաբաթական հղիության մեջ, նախկինում դատված չի եղել, չի աշխատում, ունի լսողության հետ կապված առողջական խնդիրներ, բնութագրվում է դրականԴատարանը նաև արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված` ամբաստանյալ Գրիգոր Արմենակի Մաղաքյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

(…) [Գ]նահատելով ամբաստանյալ Գրիգոր Արմենակի Մաղաքյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում` նրա կատարած արարքը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, դրա արդյունքում պատճառված վնասը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, հանցանքը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, դրանք համադրելով (…) նրա անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող որևէ հանգամանքի բացակայության փաստի հետ՝ Դատարանը գտնում է, որ Գրիգոր Արմենակի Մաղաքյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված միակ պատժատեսակի` ազատազրկման ձևով` 3 (երեք) տարի ժամկետով, որը նա պետք է կրի, դրանով իսկ հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացվելիությունը (…)»2

7. Վերաքննիչ դատարանը, փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «() [Ք]ննարկելով ամբաստանյալ Գ.Մաղաքյանի նկատմամբ նշանակված պատիժը ռեալ կրելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանն այն բավարար չափով չի պատճառաբանել և հաշվի չի առել մի շարք էական հանգամանքներ, որի արդյունքում թույլ է տվել դատական սխալ
Թեև Առաջին ատյանի դատարանը թվարկել է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները (երիտասարդ է, նախկինում դատապարտված չի եղել, ծառայել է ՀՀ զինված ուժերում, բնութագրվում է որպես վստահելի անձնավորություն, վատ սովորություններ և հակումներ չունի, զբաղվում է անասնապահությամբ, ունի լսողության հետ կապված խնդիրներ, փաստացի ամուսնացած է, կինը գտնվում է 18-19 շաբաթական հղիության մեջ), պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները 1) տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, 2) մեղքն ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալն ու կատարածի համար զղջալը), նրա հետհանցավոր դրական վարքագիծը, տուժողի կողմից բողոք չներկայացնելը, սակայն դրանց գնահատմանը ցուցաբերել է ձևական մոտեցում, քանի որ այդ հանգամանքները համակցության մեջ վկայում են թե՛ ամբաստանյալի անձի նվազ վտանգավորության մասին, թե՛ նշանակված պատիժն առանց ռեալ կրելու նրա ուղղվելու հնարավորության մասին:

Ուշագրավն այն է, որ Առաջին ատյանի դատարանը ևս արձանագրել է, որ առկա մեղմացնող հանգամանքների պայմաններում Գ.Մաղաքյանի ուղղվելու հավանականությունը զգալիորեն բարձրանում է, սակայն դրանից հետո առանց որևէ լուրջ պատճառաբանության և հակասելով ինքն իրեն՝ գտել է, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է միայն նշանակված պատիժը ռեալ կրելու պայմաններում:
     Հիմք ընդունելով Դատարանի կողմից հաստատված և սույն որոշմամբ թվարկված ամբաստանյալ Գ.Մաղաքյանի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, հետհանցավոր դրական վարքագիծը, տուժողի դիրքորոշումը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում Դատարանը թույլ է տվել դատական սխալ, այն է՝ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որը սույն դեպքում ենթակա էր կիրառման, որպիսի հանգամանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի հիման վրա բավարար է դատական ակտը պատժի մասով բեկանելու և փոփոխելու համար(...)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա:

 Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, Գ.Մաղաքյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, պատշաճ չի գնահատել վերջինիս արարքի բնույթը և դրա հանրային վտանգավորության աստիճանը, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքները:

Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն, որ.

 ա) ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը ոչ միայն խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, այլև կարող էր առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մահ, բ) Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ամբաստանյալի բնութագրական տվյալները, այն է՝ երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, ՀՀ զինված ուժերում ծառայած լինելը, ինչպես են նվազեցնում վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորությունը, գ) տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում հարվածներ հասցնելու հանգամանքը, դ) դատարանները չեն նշել, թե հանցագործության բացահայտմանն աջակցելն ամբաստանյալի ինչպիսի գործողություններով է դրսևորվել, վերջինիս կողմից ինչ տեղեկություններ են հաղորդվել, որոնք նախաքննության մարմնի և դատարանի համար կարող էին հետաքրքրություն ներկայացնել և մինչ այդ նրանց անհայտ են եղել։ Ավելին, գործի նյութերով պարզվել է, որ մինչ Գ.Մաղաքյանի քննությանը ներկայանալը, արդեն իսկ տվյալներ եղել են հանցագործություն կատարած անձի վերաբերյալ և իր գործողություններով ամբաստանյալը ոչ թե աջակցել է հանցագործության բացահայտմանը, այլ նկարագրել է դեպքի հանգամանքները:

Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի, Վերաքննիչ դատարանը սահմանափակվելով միայն ամբաստանյալին վերագրվող պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող կամ անձը բնութագրող հանգամանքների պարզ թվարկմամբ, համապատասխան վերլուծության չի ենթարկել այդ հանգամանքների հարաբերակցությունը արարքի արդյունքում առաջացած հանրորեն վտանգավոր հետևանքների հետ։ Ավելին, Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները շարադրելիս, մեղմացնող նշանակություն է տվել այնպիսի հանգամանքների, որոնք այդպիսի նշանակություն չեն կարող ունենալ:

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ գործում առկա չեն ամբաստանյալ Գ.Մաղաքյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու անձը բնութագրող այնպիսի հանգամանքներ, որոնցով կհիմնավորվեր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտությունը։

9. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանել՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք ամբաստանյալ Գ.Մաղաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»։

Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու հարցերին անդրադարձել է Արմեն Շահբազյանի գործով որոշման շրջանակներում՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև տուժողի մահ։ Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (…):

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով։ Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել՝ իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն։ Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը։ Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան։ Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա։ Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս։

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը։ Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը։ (…)»4:

12. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը, այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, տեղակայումը, բնույթը և այլն:

Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները կամ առարկաները (հրազեն, դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն), կյանքի համար վտանգ ներկայացնող վնասի պատճառումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը։ Հետևաբար, նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը5:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Մաղաքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա 2018 թվականի նոյեմբերի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում հանդիպել է Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ա.Օհանյանին, վերջիններիս միջև քաղաքական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Ա.Օհանյանը բռունցքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է Գ.Մաղաքյանի դեմքին, ինչից դրդված՝ Գ.Մաղաքյանն իր տաբատի աջ գրպանից հանել է իրեն պատկանող գաղտնի փականով դանակը, բացել է շեղբը և դիտավորությամբ նախ մեկ անգամ հարվածել է Ա.Օհանյանի ձախ դաստակի ափային մակերեսին և վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնաս՝ ձախ դաստակի ափային մակերեսին փոքր թմբկության պրոյեկցիայով կտրած վերքի ձևով մարմնական վնասվածք, որից հետո Ա.Օհանյանը վազել է դեպի գյուղի հիմնական ճանապարհի ուղղությամբ, սակայն Գ.Մաղաքյանը հետապնդել է նրան, բռնել բաճկոնի հետևի հատվածից: Ա.Օհանյանը շրջվել է և մեկ անգամ ոտքով հարվածել Գ.Մաղաքյանի ձախ ազդրային հատվածին, այդ ընթացքում վերջինս նույն դանակով դիտավորությամբ ևս մեկ անգամ հարվածել է Ա.Օհանյանի գլխի ձախ հատվածին և վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախից քունքային շրջանի ծակած-պատռած վերքի, փակ գանգուղեղային վնասվածքի, ձախից քունքոսկրի խրթեշի բեկորային կոտրվածքի, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի, սուբարախնոիդալ արյունազեղման, պնևմոցեֆալիայի ձևով մարմնական վնասվածքներ6։

Առաջին ատյանի դատարանը, գնահատելով կատարված հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, հանցագործության կատարման հանգամանքները, եղանակն ու գործիքը, հաշվի առնելով տուժողի վարքագծի հակաօրինականությունը, ամբաստանյալ Գ.Մաղաքյանի անձը բնութագրող տվյալները, գտել է, որ Գ.Մաղաքյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը` ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, որը նա պետք է կրի7: 

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և հաշվի առնելով Գ.Մաղաքյանի կողմից կատարած հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրա անձը, ընտանեկան դրությունը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործության կատարումից հետո դրսևորած դրական վարքագիծը, տուժողի դիրքորոշումը, արձանագրել է, որ Գ.Մաղաքյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ8։

14. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ.Մաղաքյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

գ) հանցագործության գործիքը, մասնավորապես՝ ամբաստանյալի մոտ սուր կտրող-ծակող գործիքի՝ դանակի առկայությունը և հանրորեն վտանգավոր արարքը դանակի գործադրմամբ կատարելը,

դ) հանցագործության եղանակը և իրադրությունը՝ այն, որ Գ.Մաղաքյանն իր մոտ պահվող դանակով և դիտավորությամբ նախ մեկ անգամ հարվածել է Ա.Օհանյանի ձախ դաստակի ափային մակերեսին ու վերջինիս առողջությանը պատճառել թեթև վնաս, որից հետո, չնայած Ա.Օհանյանը փախել է գյուղի հիմնական ճանապարհի ուղղությամբ, սակայն, Գ.Մաղաքյանը, չբավարարվելով մեկ հարվածով, հետապնդել է տուժողին և նույն դանակով դիտավորությամբ ևս մեկ անգամ հարվածել Ա.Օհանյանի գլխի ձախ հատվածին՝ պատճառելով ծանր վնաս։

 ե) հասցված մարմնական վնասվածքի բնույթն ու տեղակայումը, մասնավորապես այն, որ ամբաստանյալը հարված է հասցրել տուժողի կենսական կարևոր օրգանի շրջանում` գլխի ձախ հատվածին` քունքային շրջանին և առողջությանը պատճառել այնպիսի ծանր մարմնական վնասվածք, որն ուղեկցվել է ձախից քունքային շրջանի ծակած-պատռած վերքով, փակ գանգուղեղային վնասվածքով, ձախից քունքոսկրի խրթեշի բեկորային կոտրվածքով, գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդով, սուբարախնոիդալ արյունազեղմամբ, պնևմոցեֆալիայի ձևով մարմնական վնասվածքներով, որոնք վտանգավոր են կյանքի համար:

15. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ամբաստանյալ Գ.Մաղաքյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեր վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության արդյունքում, իսկ դրանք անտեսելը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացման:

 Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ անձը բնութագրող տվյալները՝ երիտասարդ լինելը, նախկինում դատապարտված չլինելը, ՀՀ զինված ուժերում ծառայելը, որպես վստահելի անձնավորություն բնութագրվելը, վատ սովորություններ և հակումներ չունենալը, անասնապահությամբ զբաղվելը, լսողության հետ կապված խնդիրներ ունենալը, փաստացի ամուսնացած լինելը, կնոջ 18-19 շաբաթական հղիության մեջ գտնվելը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները՝ տուժողի վարքագծի հակաօրինականությունը, մեղքն ընդունելը, խոստովանական ցուցմունքներ տալն ու կատարածի համար զղջալը, հետհանցավոր դրական վարքագիծը, տուժողի կողմից բողոք չներկայացնելը, կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում, չեն կարող ողջամտորեն նվազեցնել Գ.Մաղաքյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ: Ուստի, նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալ Գ.Մաղաքյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները բավարար չեն կարող համարվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանական չկիրառելու համար:

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ.Մաղաքյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն: Նշանակված պատիժը ամբաստանյալի կողմից փաստացի չկրելու պայմաններում պատժի նպատակների իրացվելիության վերաբերյալ հետևությունը պետք է հիմնված լինի գործի կոնկրետ հանգամանքների վրա։

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ յուրաքանչյուր դեպքում որևիցե հանգամանք մեղմացնող համարելու համար, այն պետք է բավարարի որոշակի չափանիշների: Մասնավորապես,

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, 

 

Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ամբաստանյալի բնութագրական տվյալները, այն է՝ երիտասարդ լինելը, դրական բնութագրվելը, նախկինում դատապարտված չլինելը, ՀՀ զինված ուժերում ծառայած լինելը, ինչպես են նվազեցնում վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորությունը՝ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալով։

 Սույն գործով, ստորադաս դատարանների կողմից չեն մատնանշվել կոնկրետ փաստական տվյալներ, որոնք կհիմնավորեին, թե հանցագործության բացահայտմանն աջակցելն ամբաստանյալի ինչպիսի գործողություններով է դրսևորվել, վերջինիս կողմից ինչ տեղեկություններ են հաղորդվել, որոնք նախաքննության մարմնի համար կարող էին հետաքրքրություն ներկայացնել և մինչ այդ նրան անհայտ են եղել։

16. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն ամբաստանյալ Գ.Մաղաքյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, այսինքն` թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում:

Մինչդեռ, սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գրիգոր Արմենակի Մաղաքյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 171-174:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 237-244:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 57-64:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը:

5 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15 որոշումները:

6 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

 

Հ. Ասատրյան

Դատավորներ`

 

Ե. Դանիելյան

 

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան