Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.05.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
25.05.2020
Дата вступления в силу
25.05.2020

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/0231/13/18

Գործ թիվ ԵԴ/0231/13/18

Նախագահող դատավոր՝  ՍՄարաբյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

 

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Ա. Պողոսյանի

 

 

 

քարտուղարությամբ`

Ս. Օհանյանի

Ն. Թումանյանի

     

2020 թվականի մայիսի 25-ին

ք. Երևանում

             

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի փետրվարի 22-ի որոշման դեմ դատապարտյալ Հասմիկ Սեյրանի Պապոյանի պաշտպան ԼԱսլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի մարտի 11-ի դատավճռով Հասմիկ Սեյրանի Պապոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով դատապարտվել ազատազրկման՝ 4 (չորս) տարի ժամկետով և տուգանքի՝ 800000 ՀՀ դրամի չափով:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետի միջնորդությունը բավարարվել է, և դատապարտյալ Հասմիկ Պապոյանի նկատմամբ վերը նշված դատավճռով նշանակված 800.000 ՀՀ դրամ տուգանք պատժատեսակը փոխարինվել է 2200 ժամ տևողությամբ հանրային աշխատանքներ պատժատեսակով:

2Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ մերժվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ նշանակված՝ 2200 ժամ տևողությամբ հանրային աշխատանքները տուգանքով փոխարինելու և այն մեկ տարի ժամկետով տարաժամկետելու մասին դատապարտյալ ՀՊապոյանի միջնորդությունը։

3ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ դատապարտյալ ՀՊապոյանի պաշտպան ԼԱսլանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի օգոստոսի 2-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

4Վերաքննիչ դատարանի՝ վերոնշյալ որոշման դեմ դատապարտյալ ՀՊապոյանի պաշտպան ԼԱսլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը, մերժելով դատապարտյալ ՀՊապոյանի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ նշանակված հանրային աշխատանքները տուգանքով փոխարինելու և այն մեկ տարի ժամկետով տարաժամկետելու մասին վերջինիս միջնորդությունը, իր դատական ակտում արձանագրել է. «(․․․) ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներից պարզ է դառնում, որ դրանում, ինչպես նաև գործող որևէ այլ իրավակարգավորումներով առկա չէ օրենսդրական նորմ, որը կարող է վերաբերել հանրային աշխատանքներ պատժատեսակը տուգանքով փոխարինելուն։

Հետևաբար, դատարանը փաստում է, որ արդեն իսկ Հ.Պապոյանի նկատմամբ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումը՝ տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին, անդառնալի է, ուստի, վերջինիս նկատմամբ նշանակված՝ 2200 (երկու հազար երկու հարյուր) ժամ հանրային աշխատանքները չեն կարող կրկին փոխարինվել 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքով՝ օրենքով սահմանված նման ընթացակարգի բացակայության հիմքով»2:

6. Վերաքննիչ դատարանը, միանձնյա կարգով քննարկելով պաշտպան ԼԱսլանյանի վերաքննիչ բողոքը, արձանագրել է. «(...) ՀՀ քրեական օրենսգրքի քննարկվող իրավահարաբերությունները կանոնակարգող նորմերի վերլուծությունից հետևում է, որ դրանցում նախատեսված չեն այնպիսի կանոնակարգումներ, որոնք հնարավորություն կտան դատարանին տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելուց հետո այն կրկին տուգանք պատժատեսակով փոխարինելու մասին, հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ իրավաչափ են Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններ[ը] (․․․)»3:

               

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ։

Ի հիմնավորումը վերոգրյալի՝ բողոքի հեղինակը փաստարկել է, որ հանրային աշխատանքներ պատժատեսակը տուգանք պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատապարտյալ ՀՊապոյանի միջնորդության քննարկման արդյունքում կայացված որոշումը ևս գործն ըստ էության լուծող դատական ակտ է, և դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը պետք է քննարկվի կոլեգիալ կազմով, իսկ բողոքարկման համար պետք է կիրառվի դատավճիռների բողոքարկման համար սահմանված ընթացակարգը:

8Վերոշարադրյալի հիման վրա, դատապարտյալ ՀՊապոյանի պաշտպան ԼԱսլանյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատապարտյալ ՀՊապոյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված հանրային աշխատանքները տուգանքով փոխարինելու և այն մեկ տարի ժամկետով տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կարգով քննության առնելը։

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի համաձայն` «[Գ]ործն ըստ էության լուծող դատական ակտեր [են] առաջին ատյանի դատարանի դատավճիռ[ը], քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում[ը], բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշում[ը], ինչպես նաև այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտեր[ը], ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն` «(…) 4.Վերաքննիչ դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ «Գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերաքննիչ դատարանում վերանայվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով (…)»:

10.1 Վերը նշյալ իրավանորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ դատարանի այն որոշումը, որտեղ քննարկվում և իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող այնպիսի հարցեր, ինչպես օրինակ` պատժատեսակի և պատժաչափի որոշումը, ևս գործն ըստ էության լուծող դատական ակտ է և ենթակա է բողոքարկման այն նույն դատավարական ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է դատավճիռները բողոքարկելիս: Այսինքն` նման դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս և վերաքննիչ բողոքը քննելիս ենթակա են կիրառման, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված դատավարական պահանջները4:

11 Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանրային աշխատանքները տուգանքով փոխարինելու մասին դատապարտյալի (պաշտպանի) միջնորդությունը քննարկելիս դատարանն անդրադառնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածով նախատեսված այնպիսի իրավական հարցերի (պատժատեսակի և պատժաչափի որոշում), որոնք օրենքի ուժով (ex lege) վերապահված են գործն ըստ էության լուծող դատական ակտի` դատավճռի լուծմանը, հետևաբար նշված միջնորդության քննարկման արդյունքում կայացվող դատական ակտը պետք է բողոքարկվի և բողոքը քննության առնվի այն նույն դատավարական ընթացակարգով, ինչը նախատեսված է գործն ըստ էության լուծող դատական ակտի համար: Այլ կերպ` քննարկման առարկա դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս կիրառման են ենթակա, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով, 379-րդ և 387-րդ հոդվածներով սահմանված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկմանը ներկայացվող պահանջները5

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մերժել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ նշանակված՝ 2200 ժամ տևողությամբ հանրային աշխատանքները տուգանքով փոխարինելու և այն մեկ տարի ժամկետով տարաժամկետելու մասին դատապարտյալ ՀՊապոյանի միջնորդությունը6։

Վերաքննիչ դատարանը, վերը նշյալ դատական ակտի դեմ պաշտպանի կողմից ներկայացրած բողոքը միանձնյա կարգով քննության առնելով, մերժել է այն7:

13 Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 2-ի որոշումը` որպես գործն ըստ էության լուծող, պետք է բողոքարկվեր և քննության առնվեր, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ, այն է` վերաքննիչ բողոքը պետք է քննության առնվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով` այդ կերպ ապահովելով օրինականության սկզբունքի և արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առկայության պահանջը8:

14Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ ՀՊապոյանի նկատմամբ որպես պատիժ նշանակված հանրային աշխատանքները տուգանքով փոխարինելու և այն մեկ տարի ժամկետով տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կարգով քննության առնելն իրավաչափ չէ։

15. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  39-րդ հոդվածի 4-րդ մասի և 387-րդ հոդվածի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու հիմք են9:

Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է կոլեգիալ կազմով քննության առնի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ և 423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

           

Ո Ր Ո Շ Ե Ց

           

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Հասմիկ Սեյրանի Պապոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_________________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 39-44:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 44-47:

4 Տե՛ս Արսեն Արծրունու գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշման 11-րդ կետը, Գարեգին Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԱՐԱԴ/0017/13/12 որոշման 11.1-րդ կետը, Արթուր Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԼԴ/0125/13/17 որոշման 13-րդ կետը:

5 Տե՛ս, mutatis mutandis, Էդիկ Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշումը:

6 Տե΄ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը:

7 Տե΄ս սույն որոշման 6-րդ կետը:

8 Մանրամասն տե՛ս Էդիկ Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշումը:

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

                          

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: