Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.05.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
25.05.2020
Дата вступления в силу
25.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵՔՐԴ/0205/01/08

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս. Օհանյանի
 

քարտուղարությամբ`
մասնակցությամբ դատախազ`
դիմող՝
 

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
Պ.
ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ա. ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻ

 

2020 թվականի մայիսի 25-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արամ Բաբկենի Բարեղամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, 2008 թվականի մարտի 1-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը:

2008 թվականի մարտի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ թիվ 62202508 քրեական գործը միացվել է 62202608 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:

2008 թվականի մարտի 7-ին Արամ Բաբկենի Բարեղամյանը ձերբակալվել է:

2008 թվականի մարտի 10-ին Գարեգին Քամալյանը ճանաչվել է տուժող։

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 10-ի որոշմամբ Արամ Բարեղամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ Ա.Բարեղամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Ա.Բարեղամյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2008 թվականի ապրիլի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 14-ի դատավճռով Արամ Բարեղամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին մասով ճանաչվել է անմեղ և արդարացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Արամ Բարեղամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով. ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով՝ պատիժները մասնակի գումարելու միջոցով, Ա.Բարեղամյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) տարի ժամկետով։

3. Ամբաստանյալ Ա.Բարեղամյանի պաշտպան Հ.Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2008 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի հուլիսի 14-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի մայիսի 7-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Բարեղամյանի պաշտպան Վ.Զուռնաչյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

5. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը՝ հիմնարար խախտման հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 17-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Արամ Բարեղամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է հետևյալ արարքների համար. «(…) երբ Ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների մասնակիցների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07-ի սահմաններում, Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը՝ Արամ Բարեղամյանը չենթարկվելով դրանց, մի խումբ այլ անձանց հետ հարձակում է գործել ոստիկանության ծառայողների վրա, որի ընթացքում կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գարեգին Քամալյանի նկատմամբ, դիտավորությամբ փայտե մահակով հարվածել է վերջինիս գլխին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ (…)»1:

6.1 Արամ Բարեղամյանը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 630-ի սահմաններում Ազատության հրապարակ են մտել ոստիկանության աշխատակիցները, որոնք ցանկացել են տեղահան անել հրապարակում գտնվող քաղաքացիներին։ Այդ ժամանակ ինքը մի շարք քաղաքացիների հետ միասին գտնվել է Ազատության հրապարակում գտնվող Սպենդիարյանի արձանի մոտակայքում։ Այդ պահին իրենց է մոտեցել գնդապետի ուսադիրներով ոստիկանության մի աշխատակից և առաջարկել դուրս գալ հրապարակից, որից հետո իրենք քայլել են Թումանյան փողոցի ուղղությամբ։ Քայլելու ժամանակ ինքը հարված է ստացել գլխին և վայր ընկել։ Մի կերպ հասել է Հյուսիսային պողոտա, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել է հանրապետական հիվանդանոց, որտեղ բուժվել է յոթ օր, այնուհետև իր պահանջով դուրս է գրվել։ Դուրս գրման օրը՝ 2008 թվականի մարտի 7-ին, հիվանդանոց են եկել ոստիկանության աշխատակիցները և իրեն հրավիրել ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա հայտնել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները մտել են Ազատության հրապարակ, թե ինքը և թե իր հետ գտնվող անձինք ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց չեն տվել և ինքը որևիցե մեկին մարմնական վնասվածք չի հասցրել2։

6.2. Տուժող Գարեգին Քամալյանն ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է ոստիկանության Մալաթիայի բաժնում՝ որպես բաժնի պետի տեղակալ։ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Մալաթիայի բաժնի պետի հրամանով անձնակազմը մեկնել է Ազատության հրապարակ՝ տեղում կատարվող զննություններին օժանդակելու և հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Տեղում կազմել են շղթա և բացել միջանցք՝ հանրահավաքի մասնակիցների ելքը հրապարակից անվտանգ ապահովելու համար։ Սակայն հանրահավաքի որոշ մասնակիցներն իրենց դիմավորել են քարերով, փայտե, մետաղյա մահակներով, մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված այլ առարկաներով և դուրս չեն եկել հրապարակից։ Մի քանի աշխատակիցների հետ փորձել է միտինգավորների համար հրապարակից դեպի Հյուսիսային պողոտա դուրս գալու ճանապարհ բացել, որի ընթացքում միջին տարիքի, երկար դեմքով, գանգուր մազերով անծանոթ երիտասարդը, որը, ինչպես հետագայում պարզվել է՝ Արամ Բարեղամյանն է եղել, ձեռքի ձողով հարվածել է իր գլխի ճակատային մասին։ Հարվածից ինքը կորցրել է գիտակցությունը։ Այնուհետև, ավագ լեյտենանտ Միհրան Սիրեկանյանը ուշքի է բերել իրեն։ Դրանից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն է ստացել։ Հարվածի հետևանքով իր առողջությանը պատճառվել է ծանր վնաս, և մոտ մեկ ամիս ինքն աշխատանքի չի ներկայացել։ Իրեն ձողով հարվածող Արամ Բարեղամյանին անմիջապես ճանաչել է ինչպես լուսանկարով, այնպես էլ անձին ճանաչման ներկայացնելիս։ Տուժողն իր ցուցմունքները պնդել է նաև Ա.Բարեղամյանի հետ առերես հարցաքննության ժամանակ3:

6.3 Վկա Միհրան Սիրեկանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է ոստիկանության Մալաթիայի բաժնում՝ որպես տեղամասային տեսուչ։ Նույն բաժնում՝ որպես բաժնի պետի տեղակալ աշխատում է նաև Գարեգին Քամալյանը։ 2008 թվականի մարտի 1-ին, ժամը 6-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի հրամանով ամբողջ անձնակազմը մեկնել է Ազատության հրապարակ, որտեղ կազմել են շղթա և բացել միջանցք՝ դեպի Հյուսիսային պողոտա։ Այնուհետև, բարձրախոսներով հայտարարվել է, որ հրապարակում գտնվող քաղաքացիները կարող են դուրս գալ հրապարակից և չդիմադրեն ոստիկանության աշխատակիցներին ու, քանի որ նրանց հրապարակից դուրս գալու համար ստեղծվել է միջանցք, վերջիններս հանգիստ դուրս են եկել։ Այդ ամենն արվել է առանց ուժ գործադրելու, սակայն որոշ անձինք սկսել են դիմադրել և առաջացել է քաշքշուկ։ Որոշ ժամանակ անց նկատել է, որ իր թիկունքում կանգնածներից մեկն ընկել է։ Շրջվել ու տեսել է, որ ընկնողն իրենց բաժնի պետի տեղակալ Գ.Քամալյանն է։ Տեսել է նաև փախչող՝ միջին հասակի մի տղամարդու։ Ինքը մոտեցել է Գ.Քամալյանին, գետնից վերցրել է «Ջերմուկի» շիշը, բացել է այն և լվացել կիսագիտակից վիճակում գտնվող Գ.Քամալյանի արյունոտ դեմքը։ Այնուհետև օգնել է նրան և «Օպերա ակումբի» կողմով տարել է Սայաթ-Նովա փողոց, որտեղ նստեցրել է պատահական տաքսի ավտոմեքենա և վերադարձել ծառայության վայր։

Վկան հայտնել է նաև, որ Գ.Քամալյանին հարվածելու պահը չի տեսել, չի տեսել նաև փախչող տղամարդու դեմքը, համոզված չէ, որ հենց Ա.Բարեղամյանն է հասցրել հարվածը և, որ դեպքից հետո մոտ մեկ ամիս Գ.Քամալյանը աշխատանքի չի ներկայացել: Վկան իր ցուցմունքները պնդել է նաև Ա.Բարեղամյանի հետ առերես հարցաքննության ժամանակ4։

6.4 Վկա Արսեն Բեյբությանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ որպես նյարդաբան-վիրաբույժ։ Արամ Բարեղամյանը հիվանդանոցի ընդունարան է տեղափոխվել 2008 թվականի մարտի 1-ին։ Նրա գլխի ձախ գագաթային շրջանում առկա է եղել արյունահոսող՝ մոտ 4սմ երկարությամբ վերք։ Ընդունարանում կատարվել է վերքի մշակում, որպեսզի դադարեցվի արյունահոսությունը, այնուհետև հիվանդը ենթարկվել է ռենտգենաբանական հետազոտության և նրա մոտ կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ Հետագայում հիվանդը տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։ Հաջորդ օրն անհրաժեշտ հետազոտություններից հետո պարզվել է, որ Ա.Բարեղամյանի մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ճակատային շրջանում սալջարդ վերք, որի կապակցությամբ վերջինիս նկատմամբ բուժում է նշանակվել։ Ա.Բարեղամյանը հիվանդանոցում է գտնվել մինչև 2008 թվականի մարտի 7-ը, որից հետո ինքնակամ հրաժարվել է հետագա բուժումը շարունակելուց և ցանկություն է հայտնել դուրս գրվել հիվանդանոցից։ Նկատի ունենալով, որ Ա.Բարեղամյանի առողջական վիճակը թույլ է տվել բուժումը շարունակել արտահիվանդանոցային պայմաններում, վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից5։

6.5. ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի թիվ 348 եզրակացության համաձայն՝ Գ.Քամալյանի մարմնական վնասվածքն, ըստ բժշկական փաստաթղթերի տվյալների՝ ճակատոսկրի կոտրվածքի ձևով, հասցվել է բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում, և պատճառել է առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող6։

6.6. Անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին 2008 թվականի մարտի 17-ի արձանագրության համաձայն՝ տուժող Գարեգին Քամալյանը որպես իրեն մարմնական վնասվածք պատճառողի ճանաչել է թիվ 3 լուսանկարում պատկերված անձին՝ Արամ Բարեղամյանին7։

6.7. Անձին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ 2008 թվականի ապրիլի 21-ի արձանագրության համաձայն՝ տուժող Գարեգին Քամալյանը որպես իրեն մարմնական վնասվածք պատճառողի ճանաչել է ձախից 3-րդը կանգնած տղամարդուն, որը հանդիսացել է Արամ Բարեղամյանը8։

7. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա.Բարեղամյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, արձանագրել է. «(...) Ինչ վերաբերում է Արամ Բարեղամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքին, ապա դատարանն ապացուցված է համարում ամբաստանյալի կողմից սույն թվականի մարտի 1-ին, ժամը 07.00-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում Գարեգին Քամալյանի՝ որպես իշխանության ներկայացուցչի, նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որն արտահայտվել է Գ.Քամալյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելով։

Արամ Բարեղամյանի կատարած արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասին և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և ամբաստանյալը պետք է պատիժ կրի կատարած հանցագործության համար (…)»9:

8. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ, իր դատական ակտում նշել է, որ Արամ Բարեղամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը հաստատված է գործի քննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված բավարար, հավաստի ու արժանահավատ հետևյալ ապացույցներով. մասնավորապես՝ տուժող Գարեգին Քամալյանի ցուցմունքներով, որոնք նա պնդել է նաև ամբաստանյալ Ա.Բարեղամյանի հետ առերես հարցաքննվելիս, վկա Միհրան Սիրեկանյանի ցուցմունքներով, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի թիվ 348 եզրակացությամբ, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու վերաբերյալ 2008 թվականի մարտի 17-ի արձանագրությամբ, անձին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ 2008 թվականի ապրիլի 21-ի արձանագրությամբ:

8.1. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատաքննությամբ և գործով ձեռք բերված ապացույցներով վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ Արամ Բարեղամյանը կատարել է հանցանքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Ամբաստանյալ Արամ Բարեղամյանի կատարած հանցավոր արարքները որակված են ճիշտ, կատարած հանցանքների համար նա ենթակա է պատժի և պետք է կրի այն:

Այսպիսով, վերաքննիչ դատարանը ստուգելով գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, հանգում է այն հետևության, որ Երևան քաղաքի քրեական դատարանը դատական քննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների պատշաճ գնահատմամբ հանգել է ճիշտ եզրակացության: Սույն գործի քննության և լուծման ընթացքում ապահովվել է ամբաստանյալ Արամ Բարեղամյանի նյութական և դատավարական իրավունքների պաշտպանությունը:

Արամ Բարեղամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Երևան քաղաքի քրեական դատարանի 2008 թվականի հուլիսի 14-ի դատավճիռը օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, այն բեկանելու հիմքեր չկան:

Քրեական գործում բացակայում են ամբաստանյալ Արամ Բարեղամյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու հիմքերը (…)»10:

9. 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ 2018 թվականի օգոստոսի 11-ին և հոկտեմբերի 8-ին տված ցուցմունքներում Արամ Բարեղամյանն ըստ էության պնդել է 2008 թվականին նախաքննության և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները, նշելով, որ դատարանում բազմիցս հայտնել է, որ Գ.Քամալյանը ստում է, նրան չի հարվածել և մարմնական վնասվածքներ չի պատճառել, իր մոտ փայտե մահակ կամ նմանատիպ առարկա չի եղել, այդ անձի հետ չի առնչվել11:

91 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի նախկին տեղակալ Գարեգին Քամալյանը 2018 թվականի օգոստոսի 22-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 12-ին և հոկտեմբերի 5-ին ըստ էության ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ 6:00-ից 6:30-ի սահմաններում, «Ազատության» հրապարակում գտնվող անձանց տարհանելիս ցուցարարներից մեկը ձողով հարվածել է իր գլխի ճակատային հատվածին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածք և վայր ընկել: Հարված ստանալու պահին մեկ ակնթարթ տեսել է իրեն հարվածող անձին: Դրանից հետո՝ մոտ 10 օր անց, հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ ցուցմունքով մոտավոր նկարագրել է իրեն հարվածած անձի արտաքին տվյալները: Այնուհետև իր մասնակցությամբ կատարվել է լուսանկարով ճանաչում, ինչպես նաև անձի ճանաչում, որոնց ընթացքում իրեն հարվածող անձին նմանեցրել է ճանաչման ներկայացված Արամ Բարեղամյանին և հայտնել է, որ հենց վերջինս է եղել իրեն հարվածողը: Հայտնել է նաև, որ այն ժամանակ, ընդամենը նմանեցնելու պարագայում, չպետք է հաստատապես մատնանշեր Արամ Բարեղամյանին՝ որպես իրեն հարվածող և մարմնական վնասվածք պատճառած անձի, քանի որ դրանում համոզված չէ: Գ.Քամալյանը նշել է, որ դա հետևանք է դեպքի արդյունքում ուղեղի ցնցում ստանալու12:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը փաստել է, որ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Բողոքաբերը վկայակոչելով Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ՝ նշել է, որ Արամ Բարեղամյանի վերաբերյալ կայացված դատական ակտերում իբրև մեղադրական բնույթ կրող ապացույցները չէին կարող բավարար լինել՝ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշով մեղսագրվող հանցագործության կատարման մեջ Արամ Բարեղամյանի մեղավորությունը հաստատված համարելու համար:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Արամ Բարեղամյանի առնչությունն իրեն մեղսագրվող հանցագործությանը, բացի ոստիկանության ծառայող հանդիսացող տուժողի կողմից հայտնած, այն էլ ոչ հստակ և ոչ միանշանակ բովանդակությամբ տեղեկություններից, այլ փաստական տվյալով չի հաստատվում:

Բողոքաբերը նշել է նաև, որ ոստիկանության ծառայող Գարեգին Քամալյանի ցուցմունքի արժանահավատությունը կասկածի տակ դնող էական հանգամանքներ են հանդիսանում նաև Արամ Բարեղամյանի՝ ի սկզբանե ապօրինի հանրահավաքին մասնակցելու կասկածանքով բերման ենթարկվելը, վերջինիս ձերբակալվելուց, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի և 2251-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցանքներ կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավվելուց միայն օրեր անց տուժողի կողմից ճանաչվելը՝ այն էլ ոչ հստակ, առավել ևս որ վերջինս 2018 թվականի օգոստոսի 23-ի և հետագա ցուցմունքներով միանշանակ կասկածի տակ է դրել իր նախկին ցուցմունքների արժանահավատությունը:

Բողոքաբերը նշել է նաև, որ Գ.Քամալյանը 2018 թվականի օգոստոսի 22-ին, օգոստոսի 23-ին, սեպտեմբերի 12-ին և հոկտեմբերի 5-ին տրված ցուցմունքներում նշել է, որ նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքները հետևանք են դեպքի արդյունքում ուղեղի ցնցում ստանալու և պնդել է, որ համոզված չէ Արամ Բարեղամյանի կողմից իրեն հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու հարցում:

Դրանից բացի, ըստ բողոքաբերի՝ 2008 թվականի մարտի 10-ին մեղադրյալ Արամ Բարեղամյանին առաջադրված մեղադրանքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված արարքից տուժած անձի վերաբերյալ կոնկրետ նշում, ավելին՝ դրանում որպես բռնության ենթարկված և մարմնական վնասվածք ստացած անձինք են նշված ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները:

Նման պայմաններում, բողոքաբերի պնդմամբ, դատարանները կոպտորեն խախտել են ապացույցների գնահատման կարգը՝ դրանց բավարարության տեսանկյունից, ինչը հանգեցրել է դատական քննության ընթացքում թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումների, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

11 Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Արամ Բարեղամյանի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել և փոփոխել՝ ճանաչելով ու հռչակելով նրա անմեղությունը մեղսագրված արարքներում:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Արամ Բարեղամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում արդյո՞ք թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

13 ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ13:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը14։

13.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

13.2. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»15:

13.3. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»16:

14. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

14.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռում17 արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ18,

- որպես ընդհանուր կանոն՝ դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել՝ արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը՝ կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած իր հակառակորդի հետ»19,

- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածին20,

- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն21,

- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները22:

15. Սույն գործի նյութերից երևում է, որ՝

- Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Ա.Բարեղամյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նշել է, որ ապացուցված է համարել ամբաստանյալի կողմից 2008 թվականի մարտի 1-ին, ժամը 7-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում Գարեգին Քամալյանի՝ որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որն արտահայտվել է Գ.Քամալյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելով23,

- Առաջին ատյանի դատարանը, 2008 թվականի հուլիսի 14-ի դատավճռով Ա.Բարեղամյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար, որպես արարքի կատարումը հիմնավորող ապացույցներ հիմք է ընդունել տուժող` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գ.Քամալյանի, վկա՝ նույն բաժանմունքի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեղամասային տեսուչ Մ.Սիրեկանյանի ցուցմունքները, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի թիվ 348 եզրակացությունը, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու մասին 2008 թվականի մարտի 17-ի և անձին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ 2008 թվականի ապրիլի 21-ի արձանագրությունները24,

- Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ, եզրահանգել է, որ Արամ Բարեղամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը հաստատված է գործի քննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված բավարար, հավաստի ու արժանահավատ հետևյալ ապացույցներով. մասնավորապես՝ տուժող Գ.Քամալյանի ցուցմունքներով, որոնք նա պնդել է նաև ամբաստանյալ Ա.Բարեղամյանի հետ առերես հարցաքննվելիս, վկա Միհրան Սիրեկանյանի ցուցմունքներով, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի թիվ 348 եզրակացությամբ, անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու վերաբերյալ 2008 թվականի մարտի 17-ի արձանագրությամբ, անձին ճանաչման ներկայացնելու վերաբերյալ 2008 թվականի ապրիլի 21-ի արձանագրությամբ25։

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-14.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ստորադաս դատարանները, Ա.Բարեղամյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվել են ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա։ Ընդ որում, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ստորադաս դատարանները Ա.Բարեղամյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր են հատկացրել ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ այն դեպքում, երբ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ստորադաս դատարանները հիմնավորել են Ա.Բարեղամյանի մասնակցությունը նրան վերագրված արարքների կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից` տուժող` ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գարեգին Քամալյանի ցուցմունքներն են։ Ինչ վերաբերում է վկա՝ նույն բաժանմունքի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեղամասային տեսուչ Մ.Սիրեկանյանի ցուցմունքներին, ապա դրանք, չնայած դրվել են դատական ակտի հիմքում, սակայն ուղղակիորեն չեն հիմնավորել Ա.Բարեղամյանի մեղքը նրան մեղսագրված արարքում, քանի որ թեև վկան գտնվել է դեպքի վայրում, սակայն ամբաստանյալի կողմից տուժողին հարված հասցնելուն ականատես չի եղել26։

17 Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պատշաճ վերլուծության չի ենթարկել նաև այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` Ա.Բարեղամյանին բերման և քրեական հետապնդման ենթարկելուն նախորդող և հաջորդող իրադարձությունների համատեքստում, արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն՝ դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ գործի լուծման համար բավարարությունը որոշելու տեսանկյունից:

Այսպես, դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների և գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է.

- Ա.Բարեղամյանը մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքին, որտեղ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 7-ի սահմաններում տեղի է ունեցել իրեն մեղսագրվող դեպքը27,

- դեպքից էական ժամանակահատված հետո՝ 2008 թվականի մարտի 7-ին Ա.Բարեղամյանը ձերբակալվել է28,

- 2008 թվականի մարտի 10-ին ԳՔամալյանը ճանաչվել է տուժող29,

- նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 10-ի, ապրիլի 21-ի, ապրիլի 25-ի որոշումներով Ա.Բարեղամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով, ինչն առավելապես հիմնավորվել է վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից ոստիկանների ցուցմունքներով30,

-2008 թվականի մարտի 17-ին լուսանկարով ճանաչման, իսկ ապրիլի 21-ին՝ անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողությունների կատարման ընթացքում տուժող ոստիկանը ճանաչել է ԱԲարեղամյանին՝ որպես իրեն մարմնական վնասվածք պատճառած անձի31,

- տուժող Գ.Քամալյանը 2018 թվականին տրված իր ցուցմունքներով նշել է, որ նախկինում, ընդամենը նմանեցնելու պարագայում, չպետք է հաստատապես մատնանշեր Արամ Բարեղամյանին՝ որպես իրեն հարվածող անձի, կարծում է, որ դա հետևանք է դեպքի արդյունքում ուղեղի ցնցում ստանալու՝ պնդելով, որ համոզված չէ Արամ Բարեղամյանի կողմից իրեն հարվածելու և մարմնական վնասվածք պատճառելու հարցում32:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դեպքի վերոնշյալ ժամանակագրությունը` հանրահավաքին Ա.Բարեղամյանի մասնակցելու պահից մինչև յոթ օր անց նրա ձերբակալվելը, դրանից միայն երեք օր անց ԳՔամալյանին տուժող ճանաչելը, Ա.Բարեղամյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված արարքի մեղսագրումը մինչև տուժողի կողմից նրան ճանաչելը, առավելապես վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակից՝ ոստիկանության ծառայողների ցուցմունքների հիման վրա քրեական հետապնդում իրականացնելը, իսկ այնուհետև՝ տուժող ճանաչված ոստիկանության ծառայող ԳՔամալյանի կողմից նախկինում տրված ցուցմունքներին որոշակիորեն հակասող ցուցմունքներ տալը, Մուշեղ Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, առերևույթ ստվերում են գործով ձեռքբերված ապացուցողական զամբյուղի լիարժեքությունն ու վկայում ԱԲարեղամյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքների խախտման մասին։

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը։

18 Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով թույլ տրված խախտումները վերացնելու ամենապատշաճ միջոցը, ըստ Վճռաբեկ դատարանի, վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Արամ Բաբկենի Բարեղամյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 14-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանելու և գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պետք է գնահատման ենթարկի գործով ձեռքբերված ապացույցների արժանահավատությունը, այդ թվում՝ քննարկման առարկա դարձնելով տուժողի ցուցմունքների միջև առկա որոշակի հակասությունները, ըստ այդմ՝ անդրադառնալով նաև սույն որոշման 10-րդ կետում նշված բողոքաբերի փաստարկներին և որոշելով գործի լուծման համար Արամ Բարեղամյանի մեղադրանքի հիմքում դրված ապացույցների բավարարությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Արամ Բաբկենի Բարեղամյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 14-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը մասնակիորեն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանել ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 106-109:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 71-73, 90, 101, 167, հատոր 2-րդ, թերթեր 35-37:

3 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 108-110, 159, 160-161, հատոր 2-րդ, թերթեր 38-39:

4 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 119-120, հատոր 2-րդ, թերթեր 40-41:

5 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 72-73:

6 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 121-122:

7 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 118:

8 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 158:

9 Տես քրեական գործ , հատոր 2-րդ, թերթեր 108-109:

10 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 101-107:

11 Տե'ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 66-70, 74-79:

12 Տե'ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթեր 71-73, 80-82, 83-85, 86-89:

13 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։

14 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։

15 Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։

16 Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։

17 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

18 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր:

19 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր:

20 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bricmont v. Belgium գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ:

21 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Topić v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ։

22 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ։

23 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

24 Տե՛ս սույն որոշման 6.2-րդ-6.7-րդ կետերը:

25 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

26 Տե՛ս սույն որոշման 6.3.-րդ կետը։

27 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

28 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

29 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

30 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը,, նաև սույն որոշման 6-րդ կետը։

31 Տե՛ս սույն որոշման 6.6-րդ և 6.7-րդ կետերը։

32 Տե՛ս սույն որոշման 11.1-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: