Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.05.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
25.05.2020
Дата вступления в силу
25.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՔՐԴ/0286/01/08

ԵՔՐԴ/0286/01/08

Նախագահող դատավոր՝  Գ. Մելիք-Սարգսյան

Դատավորներ՝

 Մ. Պետրոսյան

 Ս. Համբարձումյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

 


Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

 

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ՝

Պ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

2020 թվականի մայիսի 25-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Դավիթ Շիլլերի Աղայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը, իսկ մարտի 2-ին՝ թիվ 62202608 քրեական գործը, որոնք 2008 թվականի մարտի 2-ին միացվել են մեկ վարույթում՝ 62202608 համարով:

2008 թվականի մայիսի 5-ին Դավիթ Շիլլերի Աղայանը ձերբակալվել է:

2008 թվականի մայիսի 8-ին Դավիթ Աղայանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի հունիսի 9 որոշմամբ թիվ 62202608 քրեական գործից անջատվել են Դ.Աղայանի վերաբերյալ գործի նյութերը, կազմվել է թիվ 62212108 քրեական գործը:

2008 թվականի հունիսի 12ն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով Դ.Աղայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով, 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:

3. Դ.Աղայանի պաշտպան Կարեն Ղազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. 2019 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է բերել Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի որոշմամբ Դ.Աղայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ. «(…) [Ն]ա անմիջական մասնակցություն է ունեցել 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, իսկ 2008թ. մարտի 1-ին՝ 07-ի սահմաններում, երբ Ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների մասնակիցների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, Դավիթ Աղայանը հրապարակում գտնվող մի խումբ այլ անձանց հետ հարձակում է գործել ոստիկանության ծառայողների վրա, որի ընթացքում մահակով հարվածելու եղանակով՝ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արկադի Նավասարդյանի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ, իսկ վերջինիս վայր ընկնելուց հետո խլել է նրա վահանը։

Բացի այդ, նա անմիջական մասնակցություն է ունեցել 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, խմբակային հարձակումներով իրականացված զանգվածային անկարգություններին, որոնց ընթացքում Դավիթ Աղայանը դիմադրություն է ցույց տվել Գրիգոր Լուսավորչի պողոտայում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին` հայհոյանքներ, սպառնալիքներ է տվել նրանց հասցեին և Արկադի Նավասարդյանից խլած վահանով հարվածել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկաններին»1:

6. Առաջին ատյանի դատարանը Դ.Աղայանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ՝ դատավճռի հիմքում դրել է վկաներ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ոստիկաններ Արկադի Նավասարդյանի, Վահան Սարատիկյանի, Նորայր Աբրահամյանի, Մհեր Գևորգյանի, Արմեն Խեչումյանի ցուցմունքները, դեպքի վայրի զննության արձանագրությունները, փորձագիտական եզրակացությունները, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի՝ 2008 թվականի մարտի 27-ի գրությունը2:

7. Վերաքննիչ դատարանը 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ արձանագրել է, որ «(…) հետազոտելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցությամբ` հանգում է հետևության, որ Դավիթ Շիլլերի Աղայանին մեղսագրված արարքը ապացուցված է, նրա կատարած արարքը ճիշտ է որակված, մեղավորությունը հաստատվել է, նշանակվել է արդարացի և համաչափ պատիժ, հետևաբար նրա [պաշտպանի] բողոքը բավարարելու և նրան արդարացնելու հիմքեր չկան: (…)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնցով խաթարվել է արդարադատության բուն էությունը և խախտվել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ըստ բողոքի հեղինակի՝ սույն քրեական գործով դատարանները, ի թիվս այլնի, խախտել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 358-րդ հոդվածների պահանջները:

Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները Դ.Աղայանի մեղքը հիմնավորել են առավելապես հիմնվելով դեպքից տևական ժամանակ անց ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքների վրա, արդյունքում չեն ապահովվել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարանները Դ.Աղայանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Դ.Աղայանի մասնակցությունը նրան վերագրված արարքների կատարմանը, դա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ոստիկաններ Արկադի Նավասարդյանի, Վահան Սարատիկյանի, Նորայր Աբրահամյանի, Մհեր Գևորգյանի, Արմեն Խեչումյանի ցուցմունքներն են։

Բողոքաբերը հատկանշական է համարել այն, որ Դ.Աղայանը որպես վիճարկվող իրադարձությունների ակտիվ մասնակից և ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրող, ոստիկանություն բերման է ենթարկվել հիշյալ իրադարձություններից տևական ժամանակ անց՝ 2008 թվականի մայիսի 5-ին՝ այն պատճառաբանությամբ, որ ծառայություն իրականացնող ոստիկաններ Ն.Աբրահամյանը և Մ.Գևորգյանը նշված օրը վերաքննիչ դատարանի բակում հավաքված բազմության մեջ նկատել են Դ.Աղայանին և նույնացրել վերը հիշատակված արարքները կատարող անձի հետ։ 

9. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել Դ.Աղայանին մեղսագրվող արարքի կատարման ժամանակահատվածում:

Բողոքաբերն ընդգծել է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` Դ.Աղայանին բերման և քրեական հետապնդման ենթարկելուն նախորդող և հաջորդող իրադարձությունների համատեքստում արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ գործի լուծման համար բավարարությունը որոշելու տեսանկյունից:

Բողոքաբերը շեշտել է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Դ.Աղայանը կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքները։

10. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Դ.Աղայանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը բեկանել ու փոփոխել՝ ճանաչելով և հռչակելով Դ.Աղայանի անմեղությունը մեղսագրված արարքներում։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Դ.Աղայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում արդյո՞ք թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիային կից 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ4:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը5։

12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

12.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

12.3. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»6:

12.4. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»7:

13. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

13.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով8 արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ9,

- որպես ընդհանուր կանոն՝ դատարաններն են գնահատում իրենց ներկայացված ապացույցները, ինչպես նաև այն ապացույցների վերաբերելիությունը, որոնք վկայակոչում է պաշտպանության կողմը: Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով նրանց թույլատրվում է, կրկին որպես ընդհանուր կանոն, որոշել՝ արդյոք անհրաժեշտ է անձանց որպես վկա կանչելը՝ կոնվենցիոն համակարգում այդ բառին տրված «ավտոնոմ» նշանակությամբ: Ապացույցները վերցնելու համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ ուշադրություն է դարձրել կողմերի հավասարության սկզբունքին համապատասխանությանը, որն արդար դատաքննության հիմնարար հայեցակետերից մեկն է, և որով ենթադրվում է, որ դիմումատուին պետք է «տրվի իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն, որն իր համար ոչ բարենպաստ պայմաններ չի ստեղծի՝ համեմատած իր հակառակորդի հետ»10,

- չնայած սովորաբար ազգային դատարաններն են որոշում կայացնում վկային կանչելու անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ հանգամանքներում կարող է հանգել այն եզրակացության, որ այդպես չվարվելը հակասում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին11,

- եթե վկաներին հարցաքննելու մասին մեղադրյալի միջնորդությունն ավելորդ բարդություններ չի առաջացնում, բավարար հիմնավորված է, առնչվում է մեղադրանքի էությանը և թերևս կարող է ամրապնդել պաշտպանությունը կամ նույնիսկ հանգեցնել արդարացման դատավճռի, ապա ներպետական իշխանություններն այդ միջնորդությունը մերժելու համար պետք է համապատասխան պատճառաբանություններ ներկայացնեն12,

- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին13,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները14:

 14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

 - Դ.Աղայանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի փետրվարի 20-ից Երևան քաղաքում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, իսկ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, երբ Ազատության հրապարակում անընդմեջ իրականացվող հրապարակային զանգվածային միջոցառումների մասնակիցների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության ծառայողները Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը, Դ.Աղայանը հրապարակում գտնվող մի խումբ այլ անձանց հետ հարձակում է գործել ոստիկանության ծառայողների վրա, որի ընթացքում մահակով հարվածելու եղանակով՝ կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ոստիկան Արկադի Նավասարդյանի նկատմամբ՝ կապված նրա ծառայողական պարտականությունները կատարելու հետ, իսկ վերջինիս վայր ընկնելուց հետո՝ խլել է նրա վահանը։

 Բացի այդ, նա անմիջական մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, խմբակային հարձակումներով իրականացված զանգվածային անկարգություններին, որոնց ընթացքում Դ.Աղայանը դիմադրություն է ցույց տվել Գրիգոր Լուսավորչի պողոտայում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին` հայհոյանքներ, սպառնալիքներ է տվել նրանց հասցեին և Ա.Նավասարդյանից խլած վահանով հարվածել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ոստիկաններին15:

- Առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի ոստիկաններ Արկադի Նավասարդյանի, Վահան Սարատիկյանի, Նորայր Աբրահամյանի, Մհեր Գևորգյանի, Արմեն Խեչումյանի ցուցմունքները, դեպքի վայրի զննության արձանագրությունները, փորձագիտական եզրակացությունները, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի՝ 2008 թվականի մարտի 27-ի գրությունը16:

- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ Դավիթ Աղայանին մեղսագրված արարքներն ապացուցված են, նրա կատարած արարքները ճիշտ են որակված և նրա նկատմամբ նշանակվել է արդարացի և համաչափ պատիժ17:

15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Դ.Աղայանի մեղադրանքը հիմնավորելիս առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարանները Դ.Աղայանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Դ.Աղայանի մասնակցությունը նրան վերագրված արարքների կատարմանը՝ դա վիճարկվող իրադարձություններին անմիջական մասնակցություն ունեցած՝ ՀՀ ոստիկանության ծառայողներ Արկադի Նավասարդյանի, Վահան Սարատիկյանի, Նորայր Աբրահամյանի, Մհեր Գևորգյանի ցուցմունքներն են: Միևնույն ժամանակ, զննության արձանագրությունները և փորձագիտական եզրակացությունները, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի գրությունը18, որոնց դատարանները ևս հղում են կատարել, չեն հաստատում Դ.Աղայանի առնչությունը մեղսագրվող արարքներին:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու ոստիկանության վերոհիշյալ ծառայողների ցուցմունքները, այն էլ այն դեպքում, որ վերջիններս ակտիվ դեր են ունեցել Դ.Աղայանին մեղսագրվող արարքների կատարման ժամանակահատվածում: Այլ կերպ, ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված տվյալներն անվերապահորեն ընդունելը՝ առանց ստուգելու այդ ցուցմունքների իսկությունը, սույն գործով հանգեցրել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման:

 16. Վերոգրյալի հաշվառմամբ, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքները կատարելու մեջ Դ.Աղայանի մեղավորության հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

 ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1.Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում։ Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»։

17. Վերլուծելով ապացուցման քրեադատավարական կանոնները, մասնավորապես անդրադառնալով «ապացույցների բավարարություն» հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որոշման մեջ նշել է, որ. «(…) «[Ա]պացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.

1) անմեղության կանխավարկածը,

2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,

3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը։

(…) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։

(…) Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։

(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.

ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),

բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),

(…)։

Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։

Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա։

(…) Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս՝ դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (…)։

(…) [Ք]րեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը։ Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»19։

18. Սույն որոշման 16-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով որոշման 14-րդ կետում ներկայացված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` սույն գործի փաստական հանգամանքների և գործի նյութերի համատեքստում արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն՝ դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ գործի լուծման համար բավարարությունը որոշելու տեսանկյունից:

Այսպես. դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների և գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է, որ Դ.Աղայանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել ոստիկանության աշխատակիցների կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ զանգվածային անկարգություններին մասնակցություն ունենալու համար, որպիսիք քրեական վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել է վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակիցներ՝ ոստիկաններ Ա.Նավասարդյանի, Վ.Սարատիկյանի, Ն.Աբրահամյանի, Մ.Գևորգյանի և Ա.Խեչումյանի ցուցմունքներով։

Դեպքի ժամանակագրությունը, մասնավորապես այն, որ ըստ մեղադրանքի՝ Դ.Աղայանը 2008 թվականի մարտի 1-ին, նախ Երևանի Ազատության հրապարակում, իսկ ժամեր անց նաև Երևանի Գրիգոր Լուսավորչի պողոտայում, մասնակցել է հանրահավաքին, այնուհետև, տևական ժամանակ անց՝ 2008 թվականի մայիսի 5-ին, ոստիկաններն այլ վայրում ծառայություն իրականացնելիս, պատահական տեսել են նրան և որպես մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների ակտիվ մասնակցի բերման ենթարկել ոստիկանություն, ողջամտորեն ստվերում են Դ.Աղայանի մեղադրանքը հիմնավորող, գործով ուղղակի ապացույց հանդիսացող՝ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վստահելիությունն ու ճշգրտությունը՝ կասկածի տակ դնելով դրանց արժանահավատությունը: Նման պայմաններում, ստորադաս դատարանները չեն օգտագործել յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու այն ոստիկանության ծառայողների մեղադրական ցուցմունքները, որոնք ակտիվ դեր են ունեցել մեղսագրվող արարքների կատարման ժամանակահատվածում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Դ.Աղայանը կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքները։

19. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Դ.Աղայանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում և քրեական գործի վարույթը կարճելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

20. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դավիթ Շիլլերի Աղայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի քրեական դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը բեկանել:

2. Դավիթ Շիլլերի Աղայանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 200-202:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 190-197, 209, 219-222, 223-224, 157-158, 175-176, 159-160, 173-174, 155-156, 8-27, 39-97, 99-103, 108-110, 113-117, 124-136, 145-148, 137-141:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 163-166:

4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։

6 Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։

7 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։

8 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

9 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր:

10 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 57-58-րդ կետեր:

11 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bricmont v. Belgium գործով 1989 թվականի հուլիսի 7-ի վճիռը, գանգատ թիվ 10857/84, 89-րդ կետ, Popov v. Russia գործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, 188-րդ կետ, Dorokhov v. Russia գործով 2008 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատ թիվ 66802/01, 65-րդ կետ:

12 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Topić v. Croatia գործով 2013 թվականի հոկտեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 51355/10, 42-րդ կետ, Polyakov v. Russia գործով 2009 թվականի հունվարի 29-ի վճիռը, գանգատ թիվ 77018/01, 36-րդ կետ։

13 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը, 206-րդ կետ։

14 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ։

15 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

19 Տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-31-րդ և 33-րդ կետերը:

 

Նախագահող`

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան