Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-101
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.07.2002-30.01.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 1997.02.20/2
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.12.1996
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.01.1997
Дата вступления в силу
01.03.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«3» դեկտեմբերի 1996 թ.

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ (ՍՆԱՆԿԱՑՄԱՆ) ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
 

1. Սույն օրենքով սահմանվում են իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետև` պարտապան) անվճարունակ (սնանկ) ճանաչելու հիմքերը և կարգը, անվճարունակ (սնանկ) ճանաչված պարտապանի ֆինանսական առողջացման ու լուծարման ընթացակարգերը և դրանց մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

2. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բյուջետային կազմակերպությունների և հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների անվճարունակ (սնանկ) ճանաչելու վերաբերյալ վեճերը:

(1-ին հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-360-Ն)

 

Հոդված 2. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ (ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ)
 

1. Սույն օրենքի համաձայն անվճարունակ (սնանկ) (այսուհետև` անվճարունակ) կարող է ճանաչվել այն պարտապանը, որը պարտատերերի հանդեպ ստանձնած պարտավորության (պարտավորությունների) կատարման ժամկետը լրանալուց 30 օր հետո չի կատարել իր պարտավորությունները կամ պարտատերերի համար ընդունելի այլ բավարարում չի տվել և 30-օրյա ու ավելի ժամկետանց պարտքերի հանրագումարը գերազանցում է մեկ միլիոն դրամը:

2. Սույն օրենքի 1 հոդվածի 1 կետում նշված պարտապաններին անվճարունակ է ճանաչում դատարանը` սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 3. ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Անվճարունակության վերաբերյալ գործը քննում է պարտապանի գտնվելու վայրի տնտեսական դատարանը (այսուհետև` դատարան):

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 4. ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՀԻՄՔԸ

 

Անվճարունակության վերաբերյալ գործի հարուցման հիմքը պարտատիրոջ (պարտատերերի) կամ պարտապանի հայցադիմումն է:

 

Հոդված 5. ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ և ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ

 

1. Սույն օրենքի 2 հոդվածի համաձայն պարտապանին անվճարունակ ճանաչելու նպատակով դատարան հայցադիմում կարող են ներկայացնել`

ա) պարտապանը` սեփական անվճարունակությունը ճանաչելու նպատակով.

բ) մեկ և ավելի պարտատերերը:

2. Սեփական անվճարունակությունը ճանաչելու նպատակով հայցադիմում ներկայացնելու և այն հետ վերցնելու իրավունք ունեն`

ա) իրավաբանական անձանց անունից` դրանց կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ` նրա կողմից լիազորված անձը (մարմինը).

բ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անունից` սեփականատերերը կամ սեփականատերերից մեկը (տնտեսական ընկերակցություններում` լիակատար անդամների միաձայն որոշմամբ` նրանցից մեկը).

գ) անհատ ձեռներեցի անունից` անհատ ձեռներեցը:

Պետական բաժնետիրական ընկերությունները և պետական ձեռնարկությունները սեփական անվճարունակությունը ճանաչելու նպատակով հայցադիմումը ներկայացնում են հիմնադրի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից այդ մասին ընդունած որոշման հիման վրա:

3. Մեկից ավելի պարտատերերի ներկայացրած հայցադիմումները կարող են հետ վերցվել միայն բոլոր դիմած պարտատերերի համաձայնությամբ:

4. Հայցադիմումը կարող է հետ վերցվել միայն մինչև պարտապանին անվճարունակ ճանաչելը` սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 6. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՁևԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայցադիմումը դատարան է տրվում գրավոր:

2. Հայցադիմումում պետք է նշված լինեն`

ա) այն դատարանի անունը, որին տրվում է հայցադիմումը.

բ) հայցվորը, նրա հասցեն, իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի համար` նաև նրա գտնվելու վայրը, ինչպես նաև ներկայացուցիչը, նրա հասցեն և գտնվելու վայրը, եթե հայցադիմումը տրվում է ներկայացուցչի կողմից.

գ) պարտապանի անվանումը (անունը), հասցեն և գտնվելու վայրը.

դ) հայցագինը, եթե հայցադիմումը ներկայացնում է պարտատերը.

ե) ապացույցները, որոնք հաստատում են հայցվորի պահանջը.

զ) հայցադիմումին կցված փաստաթղթերի ցանկը:

 

Հոդված 7. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
 

Պարտապանի կողմից սեփական անվճարունակությունը ճանաչելու նպատակով հայցադիմում ներկայացնելու դեպքում հայցադիմումին կցվում են, իսկ սույն օրենքի 10 հոդվածով սահմանված դեպքերում պարտապանը, դատարանի որոշման համաձայն, պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) պարտապանի` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով պահվող ընթացիկ հաշվապահական հաշվառման մատյանները.

բ) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկը, համաձայն վերջին գույքագրման արդյունքների` ներառյալ կապիտալ և ֆինանսական ներդրումները, հիմնական և շրջանառու միջոցները, ինչպես նաև ոչ նյութական ակտիվները և նշված կազմին չպատկանող այլ միջոցները.

գ) պարտապանի պարտատերերի ցուցակը, նրանց անունները (անվանումները), հասցեները, գտնվելու վայրը և առանձին պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների` ներառյալ արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը և գումարը: Սույն կետով սահմանված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած պայմանական այլ պարտավորությունները.

դ) պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.

ե) եթե պարտապանն ընկերակցություն է` լիակատար անդամների անունները (անվանումները) և հասցեները (գտնվելու վայրը).

զ) պարտապանի հայտարարությունը ֆինանսական առողջացման մտադրության մասին: Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա պարտավոր է ներկայացնել սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:

 

Հոդված 8. ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼը և ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Սեփական անվճարունակության ճանաչման նպատակով պարտապանի հայցադիմումը գրանցվում է դատարանում` այն ներկայացնելու պահին:

2. Սույն օրենքի 7 հոդվածում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ սույն օրենքով և այլ իրավական ակտերով դրանց ներկայացվող պահանջներին չբավարարելու դեպքում, հայցադիմումի գրանցման պահից 5 օրվա ընթացքում դատավորի առաջարկությամբ պարտապանը պարտավոր է ներկայացնել նշված փաստաթղթերը 10-օրյա ժամկետում:

Եթե այդ ժամկետում նշված պահանջներին բավարարող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են, ապա դրանք ներկայացնելու օրը դատավորը որոշում է կայացնում անվճարունակության վերաբերյալ գործը դատարանի վարույթ ընդունելու և պարտապանին անվճարունակ ճանաչելու մասին: Հակառակ դեպքում նույն օրը դատավորը որոշում է կայացնում պարտապանի հայցադիմումը մերժելու մասին:

 

Հոդված 9. ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ և ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ ՊԱՐՏԱՏԻՐՈՋ (ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ) ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Պարտատիրոջ (պարտատերերի) հայցադիմումը գրանցվում է դատարանում` այն ներկայացնելու պահին:

2. Դատարանը հայցադիմումի գրանցման պահից մեկ օրվա ընթացքում պետք է ծանուցագիր ուղարկի պարտապանին` դրան կցելով հայցադիմումի պատճենը:

Եթե ծանուցագիրը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր անվճարունակ լինելը, ապա նույն օրը դատավորը որոշում է կայացնում անվճարունակության վերաբերյալ գործը դատարանի վարույթ ընդունելու և պարտապանին անվճարունակ ճանաչելու, կամ սույն հոդվածի 5 կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում` հայցադիմումը մերժելու մասին:

3. Եթե դատական ծանուցագիրը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր անվճարունակությունը, այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարանին, ապա դատավորը պետք է դատական նիստ հրավիրի, քննության առնի կողմերի ներկայացրած ապացույցները և նույն օրը միանձնյա որոշում կայացնի` անվճարունակության վերաբերյալ գործը դատարանի վարույթ ընդունելու և պարտապանին անվճարունակ ճանաչելու կամ պարտապանի առարկությունները բավարարելու և պարտատիրոջ հայցադիմումը մերժելու մասին:

Դատավորը պետք է գործի քննության օրվա, ժամի և տեղի մասին ծանուցի կողմերին` պարտապանին և հայցադիմում ներկայացրած պարտատիրոջը (պարտատերերին), գործը քննության առնելու օրվանից առնվազն 2 օր առաջ:

4. Սույն հոդվածի 3 կետով նախատեսված դեպքում դատարանը պարտատիրոջից կարող է պահանջել դատարանի անունով բանկային ավանդի ներդրում Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ բանկում հայցադիմումի գումարի 10 տոկոսի չափով, բայց 500 հազար դրամից ոչ ավելի, որն անհրաժեշտ է հայցադիմումի մերժման դեպքում դատական ծախսերը փոխհատուցելու համար:

Եթե դատավորը որոշում է կայացնում անվճարունակության վերաբերյալ գործը դատարանի վարույթ ընդունելու և պարտապանին անվճարունակ ճանաչելու մասին, բանկային ավանդը վերադարձվում է պարտատիրոջը` որոշումը կայացնելու պահից 2 բանկային օրվա ընթացքում:

Եթե հայցադիմումը մերժվում է, դատական ծախսերը փոխհատուցվում են բանկային ավանդից: Դատական ծախսերը փոխհատուցելուց հետո բանկային ավանդի մնացորդը վերադարձվում է պարտատիրոջը` որոշումը կայացնելու պահից 2 բանկային օրվա ընթացքում:

Եթե սույն օրենքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնող պարտատերը (պարտատերերը) դատարանի պահանջից հետո 5 օրվա ընթացքում բանկային ավանդի ներդրումը հաստատող փաստաթուղթ չի ներկայացնում, հայցադիմումը մերժվում է:

5. Դատավորը որոշում է կայացնում հայցադիմումը մերժելու մասին, եթե`

ա) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.

բ) հայցադիմում ներկայացրած պարտապանը չի պահպանել սույն օրենքի 6 հոդվածի պահանջները.

գ) հայցադիմումում նշված պարտապանի նկատմամբ անվճարունակության վերաբերյալ գործ կա դատարանի վարույթում.

դ) սույն հոդվածի 3 կետով նախատեսված դատական նիստում պարզվում է, որ պարտատիրոջ ներկայացրած պահանջներն ամբողջովին բավարարված են դատական նիստի հրավիրման օրվա դրությամբ.

ե) հայցադիմումում բերված հիմքերը չեն բավարարում սույն օրենքի 2 հոդվածով սահմանված պահանջները.

զ) հայցադիմումը հայցվորի անունից ներկայացրել է մի անձ, որը չի ունեցել այն ներկայացնելու լիազորություններ.

է) հայցադիմումը ներկայացրել է անգործունակ ճանաչված անձը.

ը) հայցադիմումը ներկայացրած անձը չի վճարել օրենքով սահմանված տուրքը, և դատարանը որոշում չի կայացրել նրան տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ:

6. Դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 5 կետով սահմանված հիմքերի, այլ հիմքերով չի կարող մերժել անվճարունակության վերաբերյալ գործերով ներկայացված հայցադիմումի ընդունումը: Դատավորը, մերժելով հայցադիմումի ընդունումը, այդ մասին կայացնում է պատճառաբանված որոշում: Որոշման մեջ դատավորը պարտավոր է ցույց տալ մերժման հիմքերը` նշելով սույն օրենքի համապատասխան հոդվածները:

Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշման պատճենը ներկայացված փաստաթղթերի հետ միասին հանձնվում կամ ուղարկվում է հայցվորին, իսկ սույն հոդվածի 2 կետով սահմանված դեպքում` նաև պարտապանին:

 

Հոդված 10. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
 

1. Գործն իր վարույթ ընդունելու և պարտապանին անվճարունակ ճանաչելու պահից դատարանը`

ա) սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում է կառավարիչ.

բ) հայցադիմումի ընդունման օրվանից 28 օրվա ընթացքում, բայց 10 օրվանից ոչ շուտ, նշանակում է պարտատերերի առաջին ժողովը.

գ) 2 օրվա ընթացքում անվճարունակության վերաբերյալ գործն իր վարույթ ընդունելու և պարտապանին անվճարունակ ճանաչելու, ինչպես նաև պարտատերերի առաջին ժողովի հրավիրման ժամկետների և տեղի մասին պաշտոնապես տեղեկացնում է`

պարտապանին.

այդ օրվա դրությամբ դատարանին հայտնի բոլոր պարտատերերին.

պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին.

անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին.

այն հարկային մարմնին, որտեղ պարտապանը գրանցված է որպես հարկատու.

դ) պարտապանին անվճարունակ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողովը նշանակելու մասին տեղեկությունները հրապարակում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցներով և փակցնում դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում.

ե) կառավարչի կամ կողմերի միջնորդությամբ հրավիրում է դատական նիստ` սույն օրենքով սահմանված կարգով.

զ) պարտապանին պարտավորեցնում է 10 օրվա ընթացքում ներկայացնել սույն օրենքի 7 հոդվածով սահմանված փաստաթղթերը, եթե հայցադիմումը ներկայացրել է պարտատերը.

է) կատարում է սույն օրենքի պահանջներից բխող և սույն օրենքին չհակասող այլ գործողություններ:

 

Հոդված 11. ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ
 

Եթե նույն պարտապանի նկատմամբ դատարանի վարույթում են գտնվում երկու կամ ավելի բռնագանձման վերաբերյալ գործեր և բռնագանձման վերաբերյալ հայցերով ներկայացված գումարային և ժամկետային պահանջները համապատասխանում են սույն օրենքի 2 հոդվածի պահանջներին, ապա դատավորը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով այդ հայցերի հիման վրա պարտապանի նկատմամբ անվճարունակության վերաբերյալ գործն իր վարույթ ընդունել և պարտապանին անվճարունակ ճանաչել:

 

Հոդված 12. ԿԱՌԱՎԱՐՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

1. Դատավորը պարտապանին անվճարունակ ճանաչելու պահից 2 օրվա ընթացքում պետք է կառավարիչ նշանակի և սահմանի նրա վարձատրության չափը: Եթե կառավարիչ նշանակված անձը 3 օրվա ընթացքում հրաժարվում է կառավարչի պարտականությունները ստանձնելուց, ապա դատավորը 2 օրվա ընթացքում կառավարիչ է նշանակում այլ անձի: Կառավարչի նշանակման պահից 5 օրվա ընթացքում նշանակման պահին դատարանին հայտնի և պարտապանի նկատմամբ 50 տոկոս և ավելի պահանջներ ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) առարկության դեպքում դատավորը պարտավոր է 2 օրվա ընթացքում այլ կառավարիչ նշանակել:

2. Կառավարիչը պետք է լինի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից լիցենզավորված աուդիտոր, հաշվապահ կամ անվճարունակության վերաբերյալ գործերով կառավարիչ:

Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը, որը`

ա) ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար, կամ որի նկատմամբ որպես պատիժ կիրառվել է որոշակի պաշտոններ վարելու իրավունքից զրկելը.

բ) կառավարիչ նշանակվելու պահին քրեական գործով հանդես է գալիս որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.

գ) պարտապանի նկատմամբ ունի հարյուր հազար դրամից ավելի պահանջ կամ պարտավորություն.

դ) ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

ե) վերջին երեք տարիների ընթացքում հանդիսացել է սույն օրենքով սահմանված կարգով լուծարված և պարտատերերի պահանջներն ամբողջությամբ չբավարարած իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության ղեկավար մարմնի անդամ, գլխավոր հաշվապահ կամ անվճարունակ ճանաչված անհատ ձեռներեց.

զ) վերջին մեկ տարվա ընթացքում երեք անգամ հրաժարվել է կառավարչի պաշտոնում նշանակվելուց, եթե հրաժարման պատճառը չի եղել տվյալ պահին անվճարունակության վերաբերյալ այլ գործով կառավարիչ լինելու հանգամանքը.

է) վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի նախաձեռնությամբ վաղաժամկետ ազատվել է կառավարչի պաշտոնից.

ը) պարտապանին անվճարունակ ճանաչելու պահին և դրան նախորդող մեկ տարվա ընթացքում հանդիսացել է պարտապանի ղեկավար մարմնի անդամ կամ գլխավոր հաշվապահ կամ անվճարունակ ճանաչված անհատ ձեռներեց, ինչպես նաև նշված անձանց մերձավոր ազգական է:

3. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից կամ այլ գույքի իրացումից ստացված դրամական միջոցներից կամ պարտատերերի կողմից փոխհատուցման պայմանով տրամադրված դրամական միջոցներից: Կառավարչի վարձատրության ամսական չափը սահմանվում է դատարանի կողմից վերջին տարում կառավարչի պաշտոնում նշանակված անձի կամ պարտապանի գլխավոր տնօրենի տարեկան վաստակի 1/12-րդի չափով: Կառավարչի միջնորդությամբ և կառավարչի նշանակման պահին դատարանին հայտնի և պարտապանի նկատմամբ 50 տոկոս և ավելի պահանջներ ունեցող պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությամբ, դատարանը կառավարչի համար սահմանում է հավելյալ վարձատրություն պարտատերերի պահանջների բավարարման մակարդակի նկատմամբ` տոկոսներով, բայց 10 տոկոսից ոչ ավելի, և բավարարման ժամկետներում:

 

Հոդված 13. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 

Անվճարունակության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը լիազորված է կատարել հետևյալ գործողությունները`

ա) վերգրել և արգելադրել պարտապանին պատկանող գույքը.

բ) կատարել գույքագրում և պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ.

գ) իր հայեցողությամբ կամ պարտապանի նկատմամբ առկա պահանջների 5 տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրել պարտատերերի ժողովներ և նախագահել դրանցում.

դ) դատական կարգով լուծում պահանջող հարցերով դիմել դատարան.

ե) պարտապանին պատկանող գույքի կառավարման ընթացքում վերահսկել իր կողմից վարձված անձանց աշխատանքները.

զ) ստուգել պարտապանին ներկայացվող պահանջների օրինականությունը.

է) պարտապանի կողմից առանց համարժեք փոխհատուցման օտարված գույքը և փոխանցված գումարները վերականգնելու կամ ապօրինի կամ կեղծ փաստաթղթերով կատարված փոխանցումներն անվավեր ճանաչելու և օրենքով սահմանված բավարարման այլ միջոցներ կիրառելու նպատակով միջնորդություն ներկայացնել դատարան.

ը) սույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում վերահսկել և կառավարել պարտապանի գործունեությունը.

թ) հիմնական կապիտալի մեծությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին հինգ առևտրային բանկերից մեկում բացել անվճարունակության հատուկ հաշիվ և դրան հաշվեգրել պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.

ժ) պարտապանի ոչ դրամական գույքը վերածել դրամի.

ժա) պարտապանի կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում անհրաժեշտ տեղեկությունները չներկայացնելու դեպքում նշված տեղեկությունները ներկայացնելու համար ներգրավել համապատասխան մասնագետներ և նրանց վարձատրել պարտապանի հաշվին` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով պարտատերերի խորհրդին, իսկ վերջինիս ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 10 պարտատերերին.

ժբ) պարտապանի ներկայացրած տեղեկությունների հավաստիության հաստատման համար ներգրավել համապատասխան մասնագետներ և նրանց վարձատրել պարտապանի հաշվին` այդ մասին նախօրոք տեղյակ պահելով պարտատերերի խորհրդին, իսկ վերջինիս ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 10 պարտատերերին.

ժգ) դատարանի հանձնարարությամբ ծանուցել բոլոր համապատասխան անձանց` պարտապանին հասցեագրվելիք ողջ թղթակցությունը և բոլոր փոխանցումները կառավարչին կամ անվճարունակության հատուկ հաշվին փոխանցելու նպատակով.

ժդ) դատարանի հանձնարարությամբ ծանուցել բոլոր բանկերին, որտեղ պարտապանն ավանդներ ունի, պարտապանին անվճարունակ ճանաչելու մասին.

ժե) դատարանի հանձնարարությամբ ծանուցել անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի գրանցումն իրականացնող համապատասխան մարմիններին` պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի վրա արգելանք դնելու մասին:

 

Հոդված 14. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԸ և ԴՐԱ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
 

1. Դատարանի կողմից պարտապանին անվճարունակ ճանաչելու պահից առանց դատավորի որոշման արգելվում է պարտապանին պատկանող գույքի վաճառքը կամ այլ ձևով օտարումը, վարձակալության տալը կամ գրավադրումը, այդ թվում` առկա պարտավորությունների կատարման նպատակով:

2. Պարտապանին պատկանող գույքի կազմի մեջ ներառվում են`

ա) պարտապանին պատկանող ողջ շարժական և անշարժ գույքը (ներառյալ երրորդ անձանց նկատմամբ ունեցած պահանջները), որի վրա դատարանի որոշմամբ կարող է բռնագանձում տարածվել.

բ) պարտապանին անվճարունակ ճանաչելուց հետո մեկ տարվա ընթացքում ստացված ժառանգությունը, ապահովագրական և այլ չնախատեսված գումարները.

գ) գույքի օգտագործումից ստացվող եկամուտները.

դ) պայմանագրային իրավունքները:

 

Հոդված 15. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԺՈՂՈՎԸ և ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

1. Կառավարիչը նախագահում է պարտատերերի ժողովում: Ժողովը գումարվում է կառավարչի կամ պահանջների 5 տոկոս և ավելի պահանջներ ունեցող պարտատիրոջ կամ պարտատերերի նախաձեռնությամբ: Պարտատիրոջ նախաձեռնությամբ ժողովը հրավիրվում է, եթե պարտատերը համաձայնվում է վճարել ժողովի կազմակերպման բոլոր ծախսերը: Կառավարչի նախաձեռնությամբ հրավիրված ժողովների ծախսերը վճարվում են պարտապանի հաշվին:

2. Պարտատերերի ժողովում պարտադիր է պարտապանի ներկայությունը` բացառությամբ կառավարչի գրավոր թույլտվությամբ բացակայության դեպքերի: Պարտատերերի ժողովին կարող են մասնակցել բոլոր պարտատերերը:

3. Պարտատերերի ժողովում պարտապանը պարտավոր է պատասխանել կառավարչի և պարտատերերի ցանկացած հարցին` կապված իր ֆինանսատնտեսական գործունեության հետ:

4. Պարտատերերի առաջին ժողովն ընտրում է պարտատերերի խորհուրդ: Խորհրդի կազմում ընդգրկվում են առավել խոշոր երեք կամ հինգ չապահովված կամ մասնակի ապահովված պահանջներ ունեցող պարտատերեր` պահանջների մեծությանը համապատասխան: Պարտատերերի խորհուրդն ընտրվում է, եթե անհրաժեշտ քանակի չապահովված կամ մասնակի ապահովված պարտատերեր համաձայն են ընդգրկվել խորհրդի կազմում: Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող չապահովված կամ մասնակի ապահովված պարտատերերի քանակը երեքից պակաս լինելու դեպքում խորհուրդը չի ձևավորվում:

 

Հոդված 16. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
 

Կառավարիչն իրավունք չունի վաճառել կամ այլ կերպ օտարել պարտապանին պատկանող գույքը, եթե`

ա) պարտապանը պնդում է իր մտադրությունը ֆինանսական առողջացման վերաբերյալ, և դատարանը պարտապանի լուծարման կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ դեռ որոշում չի ընդունել.

բ) ընդունվել է ֆինանսական առողջացման ծրագիրը, որով նշված գույքի օտարումը նախատեսված չէ:

 

Հոդված 17. ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆԳԱՏԱՐԿԵԼԸ և ՆՐԱՆ ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

1. Պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են գանգատարկել դատարան կառավարչի գործողությունները կամ սույն օրենքով սահմանված գործողություններ չիրականացնելը: Գանգատը կարող է դատարան ներկայացվել գանգատարկվող գործողության կատարման օրվանից 3 օրվա ընթացքում կամ սույն օրենքով սահմանված գործողությունները կատարելու ժամկետները լրանալուց հետո: Գանգատարկման պահից 5 օրվա ընթացքում դատարանը գանգատը ընդունելու կամ մերժելու մասին որոշում է կայացնում և այդ մասին տեղեկացնում պարտատերերին և պարտապանին: Գանգատարկումը չի կասեցնում կառավարչի գործողությունները:

2. Դատարանը` իր նախաձեռնությամբ կամ պարտապանի կամ չապահովված և մասնակի ապահովված պահանջների հանրագումարի 10 տոկոս և ավելին ունեցող պարտատերերի միջնորդությամբ ազատում է կառավարչին իր պարտականությունների կատարումից, եթե վերջինս չի կատարում կամ անբարեխիղճ է կատարում սույն օրենքով սահմանված պարտականությունները` այդ մասին տեղեկացնելով պարտապանին և պարտատերերին:

 

Հոդված 18. ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Պարտապանին անվճարունակ ճանաչելու պահից կասեցվում են պարտատերերի բոլոր գործարքները, դատավարությունները, ցանկացած այլ գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը, ներառյալ`

ա) պարտապանի կողմից ապրանքների առաքմանը, ծառայությունների մատուցմանը, վճարումներին ներկայացվող բոլոր պահանջները.

բ) գույքի նկատմամբ սեփականության իրավունքի սուբյեկտի փոփոխման հետ կապված գործարքները.

գ) դատավարությանն առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող գործողությունները.

դ) գույքի պահպանման, արգելադրման կամ գրավադրման վրա ազդող գործողությունները.

ե) պարտապանի այլ պայմանագրերը, եթե պարտապանն անվճարունակության պատճառով խախտել է պայմանագրային պարտավորությունները.

զ) պարտապանի պարտքի (այդ թվում` պետական հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների) մարումը, դրա վրա հաշվարկված տույժերի կամ կիրառված տուգանքների գծով ապառքները, եթե այդ պարտքը ծագել է նախքան պարտապանին անվճարունակ ճանաչելը:

2. Ապահովված պարտատիրոջ պահանջով դատարանը հետաձգում է սույն հոդվածի 1 կետի «բ» ենթակետով նախատեսված կասեցումը մինչև կառավարիչը կամ պարտապանը կապահովեն այդ պարտատիրոջ` ապահովված պահանջի համարժեք պաշտպանությունը: Համարժեք պաշտպանություն է համարվում`

ա) ապահովված պահանջների գումարի արժեզրկման և վնասների դիմաց ապահովված պարտատիրոջը համապատասխան փոխհատուցումը կանոնավոր կանխիկ վճարումներով.

բ) գույքի փոխանակումը, արգելադրումը, գրավով ապահովումը.

գ) գրավադրված գույքով կամ այլ կերպ ապահովված պարտատերերի պահանջի ապահովումն այն դեպքերում, եթե պարտապանին անվճարունակ ճանաչելու պահին գրավադրված գույքը եկամուտներ կբերեր:

3. Գրավի վաճառքից, օգտագործումից, օտարումից ստացած եկամուտները կառավարիչը պարտավոր է հանձնել համապատասխան ապահովված պարտատիրոջը` վերջինիս ապահովված պահանջի չափով:

 

Հոդված 19. ՊԱՐՏԱՊԱՆԻ` ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
 

Պարտապանն իր ֆինանսական առողջացման կամ լուծարման ընթացքում պարտավոր է համագործակցել կառավարչի հետ և նրան տրամադրել իր գործունեության և միջոցների մասին պահանջվող փաստաթղթեր և հավաստի տեղեկություններ, այդ թվում` պարտապանին անվճարունակ ճանաչելուց առաջ մեկ տարվա ընթացքում պարտապանի կատարած 50 հազար դրամ գումարը գերազանցող վճարումների, փոխանցումների և գույքի օտարման մասին` առանձին նշելով պարտապանի ղեկավար մարմինների անդամներին և նրանց մերձավոր ազգականներին կատարած վճարումները, փոխանցումները և գույքի օտարումը:

 

Հոդված 20. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ և ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

 

1. Եթե պարտապանը սույն օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել իր առաջարկությունը ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ կամ դատարանը չի ընդունել այն կամ կայացրել է պարտապանին լուծարելու մասին որոշում, գույքը կառավարելու կամ օտարելու պարտապանի բոլոր իրավունքները կասեցվում են դատավորի որոշմամբ:

2. Մինչև սույն օրենքով սահմանված ֆինանսական առողջացման ծրագրի ներկայացման ժամկետի լրանալը կառավարիչը, պարտատերերը, պարտատերերի ժողովը, պարտատերերի խորհուրդը, պարտապանը կարող են միջնորդություն ներկայացնել դատարան` պարտապանի իրավունքները կասեցնելու վերաբերյալ: Դատարանը կազմակերպում է դատաքննություն ներկայացված միջնորդությունը քննելու համար: Դատարանը միջնորդությունը բավարարում է այն դեպքում, եթե պարտապանի գործունեության շարունակությունը բերել է կամ ակնհայտ է, որ կբերի պարտապանին պատկանող գույքի արժեքի նվազեցմանը, կամ ակնհայտ է, որ պարտապանը չի կարող ներկայացնել պարտատերերի համար ընդունելի առողջացման ծրագիր:

3. Եթե պարտապանի գործունեությունը կասեցվել է սույն հոդվածի 1 կետով սահմանված կարգով, դատարանի որոշմամբ և կառավարչի ղեկավարությամբ պարտապանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսել իր գործունեությունը մեկ տարուց ոչ ավելի ժամկետով, եթե կառավարիչը կապացուցի դատարանին, որ իր առաջարկած պայմաններով պարտապանի գործունեության վերսկսումը կավելացնի պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունը:

Պարտատերերը և պարտապանը կարող են առարկել պարտապանի գործունեությունը վերսկսելու մասին դատարանի որոշումը: Առարկությունները դատարանում քննարկվում են դրանց ներկայացման պահից 10 օրվա ընթացքում: Քննարկմանը կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը:

Դատարան ներկայացված առարկությունը չի դադարեցնում պարտապանի գործունեության վերսկսման մասին որոշումը:

4. Եթե պարտապանը սույն օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է իր առաջարկությունը ֆինանսական առողջացման ծրագրի վերաբերյալ և դատարանն ընդունել է այն, ապա պարտապանի կառավարման մարմինները գործում են դատարանի կողմից սահմանափակված իրենց իրավասության շրջանակներում, կառավարչի վերահսկողության ներքո, մինչև ֆինանսական առողջացման ծրագիրն ավարտելու կամ դադարեցնելու և պարտապանին լուծարելու մասին դատարանի կողմից որոշման ընդունումը:

 

Հոդված 21. ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱԴՐՈՒՄԸ և ԳՐԱՎԱԴՐՈՒՄԸ

 

1. Պարտապանին անվճարունակ ճանաչելուց հետո նրան սեփականության իրավունքով պատկանող գույքի արգելադրման և գրավադրման օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական գրանցումը կամ պարտապանին պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, պարտապանի նկատմամբ պահանջների մեծության կամ առաջնահերթության փոփոխումը անվավեր է առանց դատարանի որոշման:

2. Պարտապանին պատկանող գույքի արգելադրումը, գրավադրումը կամ որևէ այլ փոփոխություն, որը չի գրանցվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, կառավարչի պահանջով և դատավորի որոշմամբ անվավեր է ճանաչվում:

 

Հոդված 22. ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Պարտապանին կոմունալ ծառայություններ (էլեկտրաէներգիա, բնական գազ, ջուր, հեռախոսային կապ և այլն) մատուցող կազմակերպությունները չեն կարող հրաժարվել, մերժել, դադարեցնել իրենց ծառայությունները պարտապանին, դատարանի կողմից պարտապանին անվճարունակ ճանաչելու պատճառով, եթե պարտապանն անվճարունակ ճանաչվելուց հետո ժամանակին կատարում է նշված ծառայությունների դիմաց ընթացիկ վճարումները և սույն հոդվածի 2 կետով սահմանված հետագա ընթացիկ վճարումների երաշխիքներ է տրամադրում:

2. Կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպության պահանջով դատարանը պետք է պարտապանին կամ կառավարչին պարտադիր առևտրային բանկերից մեկում համապատասխան հաշիվ բացել` այդ կազմակերպության մատուցած ծառայությունների դիմաց վճարելու համար: Այդ հաշվին փոխանցված գումարի մեծությունը չպետք է գերազանցի պարտապանին անվճարունակ ճանաչելուց մեկ ամիս առաջ համապատասխան կազմակերպության կողմից պարտապանին մատուցած կոմունալ ծառայությունների ամսական արժեքը:

 

Հոդված 23. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ և ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

Կառավարիչը հաշվառում և հաշվարկում է պարտապանի նկատմամբ ներկայացված բոլոր պահանջների (այդ թվում` ապահովված) չափերը և առաջնահերթությունը:

 

Հոդված 24. ԱՊԱՀՈՎՎԱԾ և ՄԱՍՆԱԿԻ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ապահովված են համարվում պարտապանին պատկանող համապատասխան գույքի գրավով ապահովված պահանջները: Ապահովված պահանջներ ունեցող պարտատերերը (այսուհետև` ապահովված պարտատերեր) կարող են պահանջել անմիջապես բավարարել իրենց պահանջները գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից, եթե կառավարիչը կամ պարտապանը սույն օրենքի 18 հոդվածի 2 կետի համաձայն չի ապահովել պարտատիրոջ ապահովված պահանջի համարժեք պաշտպանությունը:

Եթե գրավի վաճառքից ստացված միջոցներն անբավարար են ապահովված պահանջներն ամբողջովին մարելու համար, ապա պարտատիրոջ պահանջի չբավարարված մասը համարվում է չապահովված պահանջ, իսկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

2. Ապահովված պարտատերը կարող է մասնակցել պարտապանին պատկանող չգրավադրված գույքի իրացումից ստացված այն գումարների բաշխմանը, որոնք առաջացել են նախքան գրավադրված գույքի վաճառքը:

Այդ բաշխումից ստացված գումարի մեծությունը հետագայում հանվում է գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցների գումարից:

 

Հոդված 25. ՉԱՊԱՀՈՎՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ
 

Պարտապանին սնանկ ճանաչելու պահից չապահովված պահանջների վրա տոկոսներ կամ այլ գումարներ չեն հաշվարկվում:

 

Հոդված 26. ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՉԼՐԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Պարտապանին սնանկ ճանաչելու պահից նրա` կատարման ժամկետը չլրացած բոլոր պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են լրացած, իսկ դրանցից բխող պահանջները բավարարվում են սույն օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

Հոդված 27. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

1. Եթե պարտապանին սնանկ ճանաչելու պահին գրավադրված գույքի արժեքը գերազանցում է պահանջի գումարը, ապա ապահովված պահանջն ընդգրկվում է ապահովված պահանջների ցուցակում` պահանջի գումարի չափով:

2. Չապահովված պահանջները կամ ապահովված պահանջների չապահովված մասը գրանցվում են պահանջների ցուցակում` իրենց ողջ գումարով:

 

Հոդված 28. ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ ՆԱԽՔԱՆ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼԸ

 

Եթե պարտապանին անվճարունակ ճանաչելուց առաջ բավարարվել է պարտատիրոջ պահանջների մի մասը, ապա ընդհանուր պահանջների ցանկում ընդգրկվում են միայն չբավարարված պահանջները:

 

Հոդված 29. ՊԱՐՏԱՊԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

1. Պարտապանի միջոցներն ավելացնելու նպատակով, կառավարչի ներկայացմամբ դատարանը կարող է լուծել կամ ուժի մեջ թողնել ցանկացած պայմանագիր, այդ թվում` վարկ տրամադրելու, վարձակալության, կամ այլ երկարաժամկետ պայմանագրերը(բացառությամբ սույն օրենքի 291 հոդվածով նախատեսված դեպքերի), եթե մասնակից կողմերն այդ պայմանագրերն ամբողջությամբ կամ մեծամասամբ չեն կատարել: Կառավարիչը պարտավոր է 5 օրվա ընթացքում պատասխանել պայմանագրի մյուս կողմի պահանջին` ծանուցելով նրան պայմանագիրը լուծելու կամ ուժի մեջ թողնելու մասին:

2. Եթե տվյալ գույքի սեփականատերը մինչև վաճառքի գումարի ամբողջական մարումը պահպանում է այդ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը, ապա վաճառքի գումարի ամբողջական մարումից հետո վաճառքը համարվում է կատարված, և սույն հոդվածի 1 կետի պայմանները նրա վրա չեն տարածվում:

3. Աշխատողներ վարձելու պայմանագրերը լուծվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Աշխատողներ վարձելու կամ գույքի վարձակալական պայմանագրերը լուծվում են միայն սույն հոդվածում նշված ժամկետում այդ մասին տեղեկացնելուց հետո:

5. Պայմանագիրը կառավարչի կողմից մերժելու հետևանքով առաջացող վնասների փոխհատուցման նպատակով պայմանագրի մյուս կողմը ներկայացնող անձինք կարող են սույն օրենքով սահմանված կարգով դատարան ներկայացնել իրենց պահանջները:

6. Եթե պայմանագրով նախատեսվում են պարբերական վճարումներ պարտապանի կողմից, ապա կառավարիչը կարող է դրանք կատարել միայն սույն օրենքով սահմանված պահանջների ցուցակը և դրանց բավարարման հերթականությունը դատարանի կողմից հաստատելուց հետո:

(29-րդ հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-346-Ն)

Հոդված 291.

Պարտապանի ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը

 

1. Եթե սնանկ ճանաչված պարտապանը հանդիսանում է վարձակալ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով, որով նախատեսվում է վարձակալված գույքը վարձակալին սեփականության իրավունքով փոխանցելու հնարավորություն, ապա կառավարչի ներկայացմամբ և վարձատուի համաձայնությամբ դատարանը կարող է լուծել այդ պայմանագիրը և վարձակալված գույքը սեփականության իրավունքով հանձնել պարտապանին (վարձակալին), եթե վերջինս կատարել է այդ պայմանագրով նախատեսված գնի (վարձավճարների) առնվազն 80 տոկոսի վճարումը:

2. Վարձակալված գույքը վարձակալին սեփականության իրավունքով փոխանցման պահից համարվում է վարձատուի մոտ գրավ դրված` ի ապահովումն գույքի համար պայմանագրով սահմանված գնի չվճարված մասով պարտապանի (վարձակալի) վճարման պարտավորության կատարման:

3. Վարձատուն սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն համարվում է պայմանագրով նախատեսված գույքի համար վճարման ենթակա գնի (վարձավճարների) չվճարված մասով ապահովված պահանջ ունեցող պարտատեր:

(291-ին հոդվածը լրաց. 20.05.02 ՀՕ-346-Ն)

 

Հոդված 30. ՏԱՐԱՆՑՄԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔԸ

 

Եթե պարտատիրոջ կողմից պարտապանին վաճառված գույքը դատարանում պահանջը գրանցելու պահին գտնվում է տարանցման վիճակում և այդ գույքի նկատմամբ պարտապանը ձեռք չի բերել սեփականության իրավունք, ապա պարտատերը կարող է այն հետ վերադարձնել: Այդ դեպքում վերադարձման հետ կապված բոլոր ծախսերը կրում է պարտատերը, վերադարձնելով նաև պարտապանի կողմից մուծված կանխավճարը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Եթե պարտատերն իրականացնում է գույքի առաքումը, ապա նա կարող է վերականգնել գումարը` պահանջելով ընդգրկել իր պահանջն ընդհանուր պահանջների ցանկում: Կառավարիչը կարող է պահանջել գույքի առաքումը, եթե նրա գրավոր հանձնարարությամբ պարտապանը մուծում է գործարքի պայմանագրային ամբողջ գումարը:

 

Հոդված 31. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ և ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե պարտապանը կնքել է պայմանագիր, որով պարտավորվել է սահմանված ժամկետներում փոխանցել բորսաներում կամ այլ շուկաներում առք և վաճառքի ենթակա որոշակի ապրանքներ կամ արժեթղթեր, և այդ ժամկետները լրանում են պարտապանին անվճարունակ ճանաչելուց հետո, ապա դրանց գնման գնի և պարտապանին անվճարունակ ճանաչելու պահին բորսայում կամ շուկայում ձևավորված գնի միջև տարբերությունը հատուցվում է պարտապանին, եթե գործարքն ակտիվային է, կամ ընդգրկվում է ընդհանուր պահանջների ցանկում, եթե գործարքը պասիվային է:

 

Հոդված 32. ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

 

Եթե անվճարունակ ճանաչված պարտապանը հանդիսանում է երրորդ անձի գործակալ (միջնորդ), որն այդ անձի կողմից լիազորված է ստանալ նրա դեբիտորական պարտքերը և (կամ) կատարել նրան պատկանող գույքի իրացումը, ապա գործակալին (միջնորդին) լիազորած անձն իրավասու է հետ կանչել լիազորագիրը կամ լուծել միջնորդության պայմանագիրը կամ գործակալից (միջնորդից) պահանջել բավարարել պահանջները:

 

Հոդված 33. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԸ

 

1. Եթե պարտապանն իրացնում է երրորդ անձին պատկանող գույքը, ապա պարտապանին անվճարունակ ճանաչելու պահից երրորդ անձն իրավասու է հետ պահանջել իր գույքը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

2. Եթե պարտապանին անվճարունակ ճանաչելու պահին իրացվելիք գույքի կամ դրա մի մասի վերադարձը հնարավոր չէ, սեփականատերն իր պահանջը ցուցակագրում է պահանջների ցանկում պայմանագրային արժեքով, իսկ վերջինիս որոշման անհնարինության դեպքում` պարտապանին անվճարունակ ճանաչելու պահի դրությամբ դրա իրացման արժեքով: Եթե պարտապանին անվճարունակ ճանաչելու պահի դրությամբ պարտապանը տնօրինում է իրացվելիք գույքը, սակայն դրա որակական հատկանիշները կարող են էապես վատանալ պահպանման կամ տեղափոխման դեպքում (արագ փչացող ապրանքներ), ապա այդ գույքի պայմանագրային արժեքը սեփականատիրոջ պահանջով ընդգրկվում է պահանջների ցանկում:

 

Հոդված 34. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

 

1. Կառավարիչը կարող է կատարել պայմանագրերը, որոնց համաձայն պարտապանը պարտավորվել է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված մասնագիտական որակավորում պահանջող ծառայություններ մատուցել, այն դեպքում, եթե պայմանագրի մյուս կողմը համաձայն է դրանք ընդունել կառավարչի կամ նրա լիազորած անձի կողմից, և վերջիններս ունեն համապատասխան մասնագիտական որակավորում կամ տվյալ գործունեությունն իրականացնելու թույլտվություն:

 2. Եթե կառավարիչը չի կատարում սույն հոդվածի 1 կետով սահմանված պարտավորությունները, ապա դրանցից բխող պարտատիրոջ (պարտատերերի) պահանջները բավարարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 35. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ և ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ

 

1. Կառավարիչը կամ դատարանի թույլտվությամբ` պարտատերերի խորհուրդը, իսկ եթե վերջինս չի ձևավորվել` պարտատերերի ժողովը, կարող են պարտապանին անվճարունակ ճանաչելուց մեկ տարվա ընթացքում դիմել դատարան` չեղյալ համարելու կամ հետ ստանալու պարտապանի կողմից երրորդ անձանց կատարած`

ա) անհատույց փոխանցումները և նվիրատվությունները պարտապանի ղեկավար մարմինների անդամներին և նրանց մերձավոր ազգականներին, ինչպես նաև անհատ ձեռներեցի մերձավոր ազգականներին, որոնք կատարվել են պարտապանին անվճարունակ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.

բ) անհատույց փոխանցումները և նվիրատվությունները երրորդ անձանց, որոնք կատարվել են պարտապանին անվճարունակ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում.

գ) պարտապանին անվճարունակ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով առաջացած գների տարբերությունը, եթե պարտապանի կողմից փոխանցված կամ օտարված գույքի արժեքը փոխանցման կամ օտարման պահին գերազանցել է դրա դիմաց ստացված հատուցումը.

դ) պարտապանին անվճարունակ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքները, որոնք նպատակ են ունեցել թաքցնել պարտապանի միջոցները:

2. Պարտապանին անվճարունակ ճանաչելուն նախորդող մեկ տարվա ընթացքում պարտապանի հետ համագործակցող անձանց կատարված փոխանցումները, որոնք պարտապանի հետ համագործակցող անձանց համար ավելի բարենպաստ են եղել, քան կլինեին այլ անձանց նկատմամբ, կարող են դատական կարգով անվավեր ճանաչվել:

Պարտապանի հետ համագործակցող անձինք են`

ա) պարտապանի կանոնադրական հիմնադրամի առնվազն 20 տոկոսի սեփականատերը.

բ) պարտապանի ղեկավար մարմինների անդամները.

գ) պարտապանի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձը կամ մարմինը:

 

Հոդված 36. ՊԱՏՇԱՃ ԿԵՐՊՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ

 

Դատարանը չի կարող անվավեր ճանաչել պարտապանի պատշաճ փոխանցումները կամ գույքի օտարումը, եթե դրանք կատարվել են պարտապանի գործունեության կամ ֆինանսական գործարքների կանոնավոր ընթացքով, կամ եթե դա համահավասար արժեքների փոխանակում է, կամ եթե փոխանցումից հետո ստացողը նոր` պարտապանին պատկանող գույքի գրավով չապահովված վարկ է տրամադրել պարտապանին և մինչև նրան անվճարունակ ճանաչելու պահը պարտապանը այն չի մարել:

 

Հոդված 37. ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՐԾԱՐՔՆԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
 

1. Սույն օրենքի 35 հոդվածի համաձայն փոխանցում ստացողը պարտավոր է վերադարձնել այն գույքով, իսկ դրա բացակայության դեպքում` պարտապանի կողմից փոխանցման պահին գույքին համարժեք դրամով:

2. Պարտապանի փոխանցումը վերադարձրած անձը պահանջ է ներկայացնում գործարքն իրականացնելու ժամանակ պարտապանի ստացած հատուցմանը համապատասխան չափով, եթե փոխանցված գույքը վերադարձվում է որակապես անփոփոխ վիճակում:

 

Հոդված 38. ՀԱՋՈՐԴՈՂ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՒՄԸ

 

Դատարանը հետ է պահանջում պարտապանի փոխանցած գույքը կամ դրան համարժեք փոխհատուցումը հաջորդող փոխանցումը ստացողից, եթե վերջինս չի վերադարձրել գույքը կամ դրա համարժեք գումարը:

Հաջորդող փոխանցում է համարվում նախորդ ստացողի կողմից նույն գույքի փոխանցումը հաջորդ ստացողին:

 

Հոդված 39. ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԿԱՄ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ և ԴՐԱ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

 

1. Պարտապանի կողմից կատարված անշարժ կամ պետական գրանցման ենթակա այլ գույքի փոխանցումն անվավեր ճանաչելու մասին դատարանի կայացրած որոշման մասին ծանուցվում է վերոհիշյալ գույքը գրանցող համապատասխան մարմնին:

2. Անձը, որն անշարժ կամ պետական գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ ունի գրավադրման կամ այլ իրավունք, դիմում է կառավարչին` գույքը կամ դրան համարժեք փոխհատուցումը ստանալու համար:

 

Հոդված 40. Պարտապանին պատկանող գույքի վերգրումը, կնքումը և արգելադրումը

 

1. Դատարանի կողմից պարտապանի լուծարման վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո 7 օրվա ընթացքում կառավարիչը վերգրում և կնքում է պարտապանի ողջ գույքը և արգելադրում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքը` բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով սահմանված կարգով բռնագանձում չի կարող տարածվել:

2. Եթե պարտապանը սեփականության իրավունքով գույք ունի այլ երկրներում, ապա կառավարիչը Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի որոշման համաձայն դիմում է այդ երկրների դատարաններին` նշված գույքը վերգրելու, կնքելու և արգելադրելու մասին ծանուցմամբ: Այլ երկրներում պարտապանին պատկանող գույքի վերգրումը և կնքումը կարող են իրականացվել միայն տվյալ երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 41. Պարտապանին պատկանող գույքի պահպանումը և իրացումը

 

1. Պարտապանին պատկանող գույքի վերգրման և կնքման ժամանակ կառավարիչը ձեռնարկում է պարտապանին պատկանող ողջ գույքի պահպանման համար անհրաժեշտ բոլոր միջոցները:

2. Դատարանի համաձայնությամբ կառավարիչն իրավասու է վաճառել պարտապանին պատկանող արագ փչացող ապրանքները, ինչպես նաև պահպանման էական ծախսեր պահանջող գույքը: Պահպանման էական ծախսեր են համարվում գույքի արժեքի 10 տոկոսը գերազանցող ծախսերը:

3. Սույն հոդվածի 2 կետի գործարքներից ստացված միջոցները հաշվակցվում են պարտապանի անվճարունակության հատուկ հաշվին:

 

Հոդված 42. Պարտապանին պատկանող գույքի գույքագրումը
 

1. Կառավարիչը պարտավոր է կատարել պարտապանին պատկանող գույքի գույքագրում` նրան անվճարունակ ճանաչելուց 20 օրվա ընթացքում: Կառավարչի պահանջով պարտապանի համապատասխան աշխատակիցները (տնօրենը և գլխավոր հաշվապահը) պարտավոր են ներկա լինել և աջակցել գույքագրմանը:

2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ողջ (ներառյալ` չկնքված) գույքը` նշելով գույքագրման պահին դրա հաշվեկշռային արժեքը: Պարտապանի միջոցների հաշվին կառավարիչը կարող է վարձել փորձագետ` պարտապանին պատկանող գույքի գնահատման համար, այդ մասին նախօրոք տեղյակ պահելով պարտատերերի խորհրդին, իսկ վերջինիս ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 10 պարտատերերին:

3. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որը ստորագրում են կառավարիչը, կառավարչի վարձած փորձագետը և գույքագրմանը մասնակցած պարտապանի ներկայացուցիչը: Վերջինիս ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը և երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանի ներկայացուցիչը ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը:

 

Հոդված 43. Պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը կառավարչի կողմից

 

Իր նշանակումից հետո 20 օրվա ընթացքում կառավարիչը դատարան է ներկայացնում պարտապանի անվճարունակության առաջացման պատճառներն ու հանգամանքները, պարզաբանում է պարտավորությունները չկատարելու պատճառները, ներկայացնում է այլ հարակից փաստեր և տեղեկություններ` պարտապանի ղեկավար անձնակազմի, աշխատակիցների, վերահսկիչի, հիմնական գործընկերների, այլ համագործակցող անձանց և այլ պարտատերերի պարտավորությունների մասին:

 

Հոդված 44. Պահանջների հաստատումը

 

1. Պարտապանին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումը հրապարակելու պահից 60 օրվա ընթացքում պարտատերերը պետք է դատարան ներկայացնեն պարտապանի հանդեպ իրենց պահանջները: Պահանջները սահմանված կարգով գրանցվում են դատարանում` այդ նպատակով վարվող գրանցամատյանում:

2. Պահանջների գրանցումից 1 օր հետո գործը վարող դատավորն այդ մասին ծանուցում է կառավարչին, պարտապանին և պարտատերերի խորհրդին, իսկ վերջինիս ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 10 պարտատերերին:

3. Դատարան ներկայացված բոլոր պահանջները դատավորն օրինական է ճանաչում, եթե կառավարիչը, պարտապանը կամ պարտատերերից որևէ մեկը ծանուցումը ստանալուց 10 օրվա ընթացքում դատավորին առարկություն չեն ներկայացնում: Եթե պահանջն առարկվում է, դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, գումարը, առաջնահերթությունը և ապահովվածությունը` սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 45. Պահանջների նախնական ցուցակը

 

Սույն օրենքի 44 հոդվածի 3 կետով սահմանված ժամկետներում դատարանում գրանցված պահանջների քննությունից հետո կառավարիչը հնարավոր սեղմ ժամկետում կազմում և դատարան է ներկայացնում բոլոր ներկայացված պահանջների նախնական ցուցակը` նշելով ապահովված, չապահովված, պայմանական և առաջնահերթ պահանջները, ինչպես նաև դրանց վերաբերյալ իր առարկությունները:

 

Հոդված 46. Պահանջների առարկությունը

 

Կառավարչի, պարտապանի կամ պարտատերերից որևէ մեկի կողմից պարտատիրոջ պահանջն առարկելու դեպքում, կողմերը պետք է ծանուցվեն դատարանում առարկության հարցը լսելուց ոչ ուշ, քան 20 օր առաջ:

Կառավարիչը, պարտապանը կամ պարտատերերից որևէ մեկը կարող են առարկել ցանկացած պահանջը կամ դրա առաջնահերթությունը` սույն օրենքով սահմանված ժամկետում և կարգով:

 

Հոդված 47. Պահանջների վերջնական ցուցակը

 

Դատարանի կողմից առարկությունների քննարկումների հետևանքով ընդունված որոշումների հիման վրա կառավարիչը հնարավոր սեղմ ժամկետում կազմում և դատարան է ներկայացնում բոլոր պահանջների վերջնական ցուցակը` նշելով ապահովված և չապահովված պահանջները, գումարների մեծությունը և առաջնահերթությունը:

 

Հոդված 48. Կառավարչի հաշվետվությունը պարտապանի գործունեության վերսկսման ընթացքում

 

Կառավարիչը պարտավոր է ամիսը երկու անգամ դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի վերսկսած գործունեության վերաբերյալ: Հաշվետվությունները պարտատերերի ժողովում կամ խորհրդում քննարկվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Հոդված 49. Ֆինանսական առողջացման ծրագիրը և այն ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրականացվող պարտապանի ցանկացած վերակազմավորումը կամ որպես ամբողջություն վաճառքը, որի արդյունքում պարտապանը չի լուծարվում:

2. Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական հիմնադրամի առնվազն 1/3-ին տիրապետող անձինք:

3. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է առաջարկվի պարտապանին անվճարունակ ճանաչելուց հետո 60 օրվա ընթացքում, եթե կառավարչի կամ պարտատերերի ժողովի (խորհրդի, եթե այն ձևավորվել է) միջնորդությամբ դատարանի որոշմամբ ժամկետը չի հետաձգվում մինչև 90 օր:

4. Պարտատիրոջ, պարտապանի կանոնադրական հիմնադրամի 1/3-ին տիրապետող անձանց կողմից առաջարկված ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ծախսերը և դրա ընդունման համար անհրաժեշտ դատական ծախսերը կատարվում են առաջարկողի հաշվին: Կառավարչի կամ պարտապանի կողմից առաջարկված ֆինանսական առողջացման ծրագրի ծախսերը կատարվում են պարտապանին պատկանող գույքի հաշվին:

 

Հոդված 50. Ֆինանսական առողջացման ծրագրի բովանդակությունը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի`

ա) ապահովված, չապահովված և այլ խմբերի պարտատերերին կատարվելիք վճարումների կարգը, ժամկետները և չափը, նրանց պահանջների դիմաց փոխհատուցումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքով, պարտապանի կողմից նոր պարտքեր ստանալու կարգը, պարտատերի պահանջների բավարարման երաշխիքները` ըստ պարտատերերի ձևավորված խմբերի.

բ) պարտապանին պարտավորություններից ազատելու, դրանք հետաձգելու կամ վերաձևակերպելու կարգը և չափերը.

գ) պարտապանի վճարունակությունը վերականգնելու համար նախատեսված միջոցառումների բովանդակությունը և իրականացման ժամկետները (կազմակերպչական, կառուցվածքային, իրավաբանական, ֆինանսական, տեխնիկական և աշխատանքային).

դ) պարտապանին պատկանող գույքի վաճառքի կարգը և դրանից ստացվելիք եկամուտները, պարտապանի գործունեության շարունակման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները.

ե) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ` կառավարչի, վարձու մասնագետների վարձատրության և վարչական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը.

զ) ֆինանսական առողջացման ծրագրի իրականացումը դադարեցնելու հետևանքով պարտապանի լուծարման դեպքում պարտատերերի խմբերի միջև լուծարումից ստացված միջոցների բաշխման կարգը և չափերը:

է) ֆինանսական ծրագրի կատարման ընթացքում պարտապանի` սույն օրենքի 291-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերով սահմանված գնի (վարձավճարների) վճարման կարգն ու ժամկետները, եթե վարձատուի հետ այլ համաձայնություն ձեռք չի բերվել:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է նախատեսի դրա կատարման ընթացքում անուղղակի հարկերի գծով առաջացող ընթացիկ պարտավորությունների առաջնահերթ մարում` գրավ դրված գույքի նկատմամբ գրավառուի պահանջների բավարարումից հետո:

(50-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-124, 20.05.02 ՀՕ-346-Ն)

 

Հոդված 51. Ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը ներկայացնելու իրավունք ունեցող անձանց կողմից ներկայացվող ֆինանսական առողջացման ծրագիրը դատարանի կողմից ընդունվում է քննարկման, եթե այն համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին: Մինչև ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը դատարանը կարող է պահանջել փորձագետի եզրակացությունը` ծրագրի բովանդակության մասին:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը դատարանի կողմից պետք է առաքվի կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին:

3. Դատարանի կողմից ֆինանսական առողջացման ծրագիրը քննարկելու մասին որոշումը պետք է հրապարակվի 1000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլի միջոցներով` նշելով ծրագիրը ներկայացնողի անունը (անվանումը), քվեարկության օրը և դատարանի կողմից սահմանված քվեարկության կարգը: Հեռակա քվեարկության դեպքում քվեարկող իրավաբանական անձինք դատարան են ներկայացնում իրենց կնիքով վավերացված քվեաթերթիկը, իսկ ֆիզիկական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները` նոտարական կարգով վավերացված քվեաթերթիկը:

 

Հոդված 52. Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագրի առաքումից ոչ ուշ, քան 40 օր հետո դատարանը կազմակերպում է սույն օրենքով սահմանված կարգով ապահովված, չապահովված և առաջնահերթ պահանջներ ունեցող պարտատերերի ժողովը: Պարտապանը և կառավարիչը գրավոր հրավիրվում են ժողովին:

2. Եթե քննարկվելու են մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրեր, ապա բոլոր ծրագրերի քվեարկությունը պետք է կատարվի մեկ ժողովի ընթացքում:

3. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն այն պարտատերերը, որոնց պահանջները դատարանն ընդունել է, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը նախապես լիազորում է այլ պարտատերերին մասնակցել քվեարկությանը:

4. Պարտատերերի հետևյալ խմբերը ձևավորվում և քվեարկում են առանձին`

ա) պարտատերերը, որոնց ներկայացրած ապահովված պահանջներից յուրաքանչյուրը կազմում է բոլոր պահանջների 10 տոկոսը և ավելին.

բ) ապահովված պահանջներ ունեցող այլ պարտատերերը.

գ) սույն օրենքի 61 հոդվածի «դ» և «զ» ենթակետերով սահմանված պահանջների առաջնություն ունեցող պարտատերերը.

դ) հիմնական չապահովված պահանջներ ունեցող պարտատերերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքային բյուջեների նկատմամբ պարտավորությունների:

5. Քվեարկության սկզբում դատարանը տեղեկացնում է բոլոր պարտատերերին հեռակա քվեարկության արդյունքում ստացված ձայների մասին:

6. Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված պարտատերերի խմբի կողմից, եթե դրա ընդունման օգտին են քվեարկել տվյալ խմբի պահանջների պարզ մեծամասնությանը տիրապետող պարտատերերը:

 

Հոդված 53. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումը

 

1. Ֆինանսական առողջացման ծրագիրն ընդունվում է դատարանի կողմից, եթե այն ընդունել են սույն օրենքի 52 հոդվածի 4 կետում թվարկված պարտատերերի առնվազն երկու խումբ, որոնցից թեկուզ մեկը տուժած խումբ է: Տուժած է համարվում այն խումբը, որի պահանջների չափը և առաջնահերթությունը տվյալ ծրագրով նվազեցվում են:

Հակառակ դեպքում դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և պարտապանին լուծարելու մասին:

2. Եթե սույն հոդվածի 1 կետի համաձայն ընդունվում են մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրերի նախագծեր, ապա դատարանն ընդունում է պարտապանի ներկայացրած ծրագրի նախագիծը: Եթե պարտապանի նախագիծը չի հաստատվում, ապա դատարանը հաստատում է առավել տուժած խմբի ներկայացրած ծրագրի նախագիծը:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման մասին քվեարկությունը համարվում է կայացած, եթե դրան մասնակցել են քվեարկողների ոչ պակաս, քան 2/3-ը:

Ֆինանսական առողջացման ծրագիրն ընդունվում է քվեարկողների ձայների պարզ մեծամասնությամբ:

 

Հոդված 54. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդունման հետևանքները

 

1. Ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումից հետո, համապատասխանաբար վերափոխվում է պարտապանի գործունեությունը, իսկ պարտատերերի և այլ շահագրգիռ կողմերի պահանջները և իրավունքները վերաձևակերպվում են ծրագրի համաձայն: Պարտատերերը, հաստատված ծրագրի հիման վրա, կարող են ներկայացնել իրենց այն պահանջները, որոնք վերջնական են և բավարարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

2. Պարտապանը պարտավոր է կատարել ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Դատարանի որոշմամբ կառավարիչը վերահսկում է պարտապանի գործունեությունը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

Հոդված 55. Պարտապանին պատկանող գույքի վաճառքը

 

1. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը:

2. Պարտապանին պատկանող գույքի այն մասի, որի արժեքը գերազանցում է պարտապանի դեմ պահանջների արժեքի 10 տոկոսը, ենթադրվող վաճառքի իր մտադրության մասին, վաճառքի օրվանից առնվազն 20 օր առաջ, կառավարիչը ծանուցում է բոլոր այն պարտատերերին, որոնց պահանջները գերազանցում են պարտապանի դեմ ներկայացված պահանջների 5 տոկոսը: Ծանուցման մեջ նշվում են վաճառքի ձևը` աճուրդով կամ ուղղակի գործարքով, վաճառքի մեկնարկային գինը, վճարման պայմանները և ապագա գնորդի մասին տեղեկությունները, եթե դրանք կառավարչին նախօրոք հայտնի են դարձել:

3. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է աճուրդով, ինչպես նաև կառավարչի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ` ուղղակի գործարքի միջոցով: Պարտապանին պատկանող գույքն ուղղակի գործարքով վաճառելու մասին կառավարիչը տեղեկացնում է պարտատերերին, պարտապանին, գրավի և այլ իրավունքներ ունեցող, ինչպես նաև սույն օրենքով սահմանված այլ անձանց: Եթե պարտապանը կամ պարտատերերից որևէ մեկն առարկում է ուղղակի գործարքի միջոցով պարտապանին պատկանող գույքի վաճառքը, դատարանն անց է կացնում քննություն` առարկությունը քննարկելու համար, այն ստանալուց հետո 20-օրյա ժամկետում` նախօրոք տեղեկացնելով պարտատերերին և պարտապանին:

4. Կառավարիչը ծանուցում է դատարանին, բոլոր պարտատերերին, գրավի կամ այլ իրավունքներ ունեցող անձանց և պարտապանին գույքն աճուրդով վաճառելու իր մտադրության մասին` առաջարկվող օրվանից 30 օր առաջ: Ծանուցման մեջ նշվում են աճուրդի հանվող գույքի գտնվելու վայրը, գույքի մանրամասն նկարագրությունը, անշարժ գույքի գրանցամատյանում գրանցման ամսաթիվը, աճուրդի մեկնարկային գինը: Եթե որևէ պարտատեր կամ պարտապանն առարկում է առաջարկված աճուրդի պայմաններին, դատարանն անց է կացնում քննություն` 20 օր շուտ տեղեկացնելով պարտատերերին կամ պարտապանին:

5. Կառավարիչն առնվազն երկու անգամ 1000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլի միջոցներով հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի աճուրդի մասին, որը փակցվում է նաև դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում:

 

Հոդված 56. Պարտապանին պատկանող գույքի վաճառքի ժամկետները

 

Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան պաշտոնական օրաթերթում տրված վերջին հայտարարությունից 20 օր հետո` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 57. Գույքի օգտագործումից ստացված եկամուտը

 

Պարտապանին պատկանող գույքի կառավարումից և օգտագործումից ստացված եկամուտը փոխանցվում է պարտապանի հաշվին և հետագայում բաշխվում պարտատերերի միջև` գույքի վաճառքից ստացված միջոցների հետ զուգահեռ:

 

Հոդված 58. Աճուրդից ստացված միջոցների փոխանցումը

 

Աճուրդից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի անվճարունակության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին:

 

Հոդված 59. Լուծարումից հետո միջոցների բաշխումը

 

Կառավարիչը պարտավոր է պարտապանին անվճարունակ ճանաչելու պահից յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ դատարան ներկայացնել հաշվետվություն` լուծարման, պահանջների բավարարման և պարտատերերին պարտապանին պատկանող գույքի վաճառքից ստացված միջոցների բաշխման ծրագրի մասին: Դատարանը կարող է ոչ ավել, քան մեկ ամսով երկարացնել հաշվետվության և պարտատերերին պարտապանին պատկանող գույքի վաճառքից ստացված միջոցների բաշխման ծրագրի ներկայացման ժամկետները: Նշված ծրագիրը հաստատվում է դատարանի կողմից և կառավարչի միջոցով ուղարկվում է պարտատերերին` վավերացված ծանուցմամբ: Յուրաքանչյուր պարտատեր կարող է առարկել կառավարչի հաշվետվության դեմ` այն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում: Դատարանը, ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում, ստանալով պարտատերերի գրավոր առարկությունները, հրավիրում է դատական նիստ` դրանց քննարկման համար:

 

Հոդված 60. Գույքի վաճառքից ստացված միջոցների արտահերթ բաշխումը

 

1. Պարտապանի պարտավորությունների դիմաց գրավ չդրված գույքի վաճառքից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են վաճառքի հետ կապված ծախսերը, որից հետո մնացած միջոցները բաշխվում են սույն օրենքի 61 հոդվածով սահմանված հերթականությամբ:

2. Գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են վաճառքի հետ կապված ծախսերը, որից հետո մնացած միջոցներից բավարարվում է տվյալ գույքի գրավով ապահովված պարտատիրոջ պահանջը: Դրանից հետո մնացած միջոցները բաշխվում են սույն օրենքի 61 հոդվածով սահմանված հերթականությամբ:

 

Հոդված 61. Միջոցների բաշխման առաջնայնությունը

 

Ըստ լուծարման ծրագրի պահանջները բավարարվում են հետևյալ հաջորդականությամբ ձևավորված խմբերով`

ա) ապահովված պահանջները.

բ) դատական ծախսերը և կառավարչի վարձատրությունը.

գ) վարչական ծախսերը, այդ թվում` գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը և վարչական ապարատի բոլոր վճարները և ծախսերը, ինչպես նաև պարտապանի գույքի իրացման ժամանակ անուղղակի հարկերի գծով առաջացող ընթացիկ պարտավորությունները.

դ) չապահովված պահանջները, որոնք առաջացել են պարտապանին անվճարունակ ճանաչելու պահից սույն օրենքով սահմանված կարգով իրականացված գործառնությունների (այդ թվում` գործունեությունը վերսկսելու) հետևանքով, ինչպես նաև, եթե պարտապանն անհատ ձեռներեց է, նրա անչափահաս երեխաների համար անհրաժեշտ ծախսերը.

ե) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները, որոնք նախորդել են պարտապանին անվճարունակ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, և որոնք յուրաքանչյուր ամսվա համար չպետք է գերազանցեն նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկը.

զ) պարտապանի ալիմենտները.

է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած պարտավորությունները` բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.

ը) ստորադաս չապահովված պարտատերերի պահանջները` համաձայն սույն օրենքի 62 հոդվածի.

թ) պարտապանի սեփականատերերի (հիմնադիրների, մասնակիցների կամ բաժնետերերի, անդամների կամ գործընկերների) պահանջները:

(61-րդ հոդվածը լրաց. 26.12.00 ՀՕ-124)

 

Հոդված 62. Ստորադաս չապահովված պահանջները

 

Ստորադաս չապահովված պահանջների խմբին դասվում են`

ա) պարտապանին անվճարունակ ճանաչելու պահից չապահովված պահանջների, ինչպես նաև սույն հոդվածի «բ» և «գ» ենթակետերով սահմանված պահանջների վրա հաշվարկված տոկոսները կամ այլ եկամուտները.

բ) իրավաբանական անձ հանդիսացող պարտապանին իր սեփականատերերի կողմից տրամադրված վարկերից կամ այլ փոխատվություններից առաջացած պահանջները.

գ) պարտապանի կողմից տեղաբաշխված տասը տարի և ավելի ժամկետ ունեցող պարտատոմսերով, ինչպես նաև արտոնյալ արժեթղթերով ներկայացված պահանջները.

դ) նվիրատվությունների, ժառանգական գույքի ստացման ժամանակ ծագած պահանջները:

 

Հոդված 63. Պահանջների բավարարումը

 

Միևնույն առաջնություն ունեցող խմբի պահանջները բավարարվում են յուրաքանչյուր պահանջի գումարին համամասնաբար: Հերթական խմբին դասվող պահանջների բավարարումը կարող է սկսվել միայն նախորդ խմբի պահանջների լրիվ բավարարումից հետո:

 

Հոդված 64. Պարտապանի գործունեության վերսկսման հետևանքով առաջացած պահանջները

 

Պահանջները, որոնք առաջացել են պարտապանի գործունեության վերսկսման հետևանքով, դիտարկվում են որպես վարչական ծախսեր և վճարվում են սույն օրենքի 61 հոդվածի համապատասխան:

 

Հոդված 65. Սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջների բավարարումը

 

Սույն օրենքով սահմանված ժամկետում դատարան չներկայացված պահանջները բավարարվում են միայն համապատասխան խմբի բոլոր պահանջները բավարարելուց հետո: Պահանջները սահմանված ժամկետներում ոչ իրենց մեղքով չներկայացրած պարտատերերի պահանջների հիմնավորման դեպքում դատավորի որոշմամբ դրանք բավարարվում են սույն օրենքի 61 հոդվածին համապատասխան:

 

Հոդված 66. Պահուստավորվող գումարները

 

Դատավորի որոշմամբ կարող են միջոցներ պահուստավորվել չապահովված պահանջների դիմաց բաշխման ենթակա միջոցների 5 տոկոսը չգերազանցող գումարի չափով: Նշված պահուստավորված միջոցներից կարող են բավարարվել`

ա) պարտատերերի այն պահանջները, որոնք վիճարկելի են և դատարանի կողմից դեռ չեն հաստատվել.

բ) ըստ ներկայացնողի փաստաթղթերի կամ արժեթղթերի ներկայացնողներին վճարման ենթակա գումարները.

գ) պահանջների ցանկում ընդգրկված այն պարտատերերը, որոնք մասնակցել են միջոցների բաշխմանը միայն մասնակիորեն` մինչև նրանց կարգավիճակի հստակեցումը.

դ) գույքի պահպանման հետ կապված հետագա ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ

 

Հոդված 67. Կառավարչի վերջնական հաշվետվությունը

 

1. Պարտապանին պատկանող գույքը վաճառելուց և բոլոր վիճելի պահանջները լուծելուց հետո կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվություն` հաշվեկշռային հաշվետվության հետ միասին, որոնց պատճենները վավերացված ծանուցմամբ ուղարկում է բոլոր պարտատերերին և պարտապանին: Պարտատերերը կամ պարտապանը կարող են առարկել վերջնական հաշվետվությունը` դրա ներկայացումից հետո 10 օրվա ընթացքում: Վերոհիշյալ ծանուցումը ուղարկելու պահից ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում, դատարանը դատական նիստ է հրավիրում կառավարչի վերջնական հաշվետվության քննարկման և հաստատման համար:

2. Պահանջները, որոնք չեն ամրագրվել վերջնական հաշվետվության մեջ, չեն մարվում:

 

Հոդված 68. Կառավարչի վերջնական հաշվետվության հաստատման հետևանքները

 

Կառավարչի վերջնական հաշվետվությունը դատարանի կողմից հաստատվելուց հետո կառավարիչն իրականացնում է պարտապանին պատկանող գույքի վերջնական բաշխումը: Կառավարիչը դատարանի տնօրինությանն է փոխանցում բոլոր այն միջոցները, որոնք չեն բաշխվել 90 օրվա ընթացքում:

Դատարանը միջոցները ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դրանք ընդունման-հանձնման ակտով փոխանցում է պարտապանին:

 

Հոդված 69. Անվճարունակության վերաբերյալ գործի ավարտը

 

1. Պարտապանի լուծարման դեպքում անվճարունակության վերաբերյալ գործն ավարտվում է, երբ դատարանը հաստատում է կառավարչի վերջնական հաշվետվությունը և կառավարչի առաջարկությամբ որոշում է կայացնում անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի մասին: Որոշման պատճենները հանձնվում են բոլոր պարտատերերին և պարտապանին:

2. Ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման դեպքում անվճարունակության վերաբերյալ գործն ավարտվում է հաստատված ծրագրի կատարումից հետո` ծրագիրն առաջարկողի դիմումի համաձայն: Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ավարտվել է պարտապանի լուծարմամբ, ապա այն ավարտվում է սույն հոդվածի 1 կետի համաձայն:

 

Հոդված 70. Անվճարունակության վերաբերյալ գործի ավարտը կառավարչի ներկայացմամբ

 

Դատավարության յուրաքանչյուր փուլում դատարանը կառավարչի ներկայացմամբ որոշում է կայացնում անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե բացահայտվում է, որ պարտապանի միջոցները բավարար չեն դատական ծախսերը փոխհատուցելու համար:

 

Հոդված 71. Անվճարունակության վերաբերյալ գործի ավարտը պարտապանին պատկանող գույքի վաճառքից հետո

 

Կառավարչի դիմումով դատարանը կայացնում է որոշում անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի մասին` պարտապանին պատկանող գույքի վաճառքից և գրանցված պահանջների լրիվ բավարարումից հետո:

 

Հոդված 72. Անվճարունակության վերաբերյալ գործի ավարտը պահանջ չներկայացնելու պատճառով

 

Սույն օրենքով սահմանված ժամկետում պարտատերերի կողմից պահանջներ չներկայացնելու դեպքում դատարանի որոշմամբ գործն ավարտվում է:

 

Հոդված 73. Անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի գանգատարկումը

 

Յուրաքանչյուր պարտատեր կարող է անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի մասին դատարանի կողմից որոշում կայացնելու պահից 30 օրվա ընթացքում այն գանգատարկել դատարան: Դատարանը կազմակերպում է պարտատիրոջ դիմումի քննությունը դատական նիստում` պարտատերերին և պարտապանին այդ մասին տեղեկացնելուց 20 օր հետո:

 

Հոդված 74. Անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները

 

1. Իրավաբանական անձ հանդիսացող պարտապանը համարվում է լուծարված, իսկ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության և անհատ ձեռներեցի գործունեությունը` դադարած սույն օրենքի 69 հոդվածի 1 կետի և 70 հոդվածի համաձայն անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի մասին պետական գրանցման համապատասխան մարմնում գրանցվելու պահից:

2. Սույն օրենքի 69 հոդվածի 2 կետի, 71 և 72 հոդվածների համաձայն անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը:

3. Անվճարունակության վերաբերյալ գործի ավարտից հետո կառավարչի, նրա կողմից վարձված մասնագետների, պարտապանի և պարտատերերի` սույն օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները դադարեցվում են:

4. Անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի պահից դատարանը պարտապանին ազատված է հայտարարում չվճարված բոլոր պարտքերի վճարումից, և այդ պահից արգելվում է նրա նկատմամբ դատական կարգով կատարվող ցանկացած հետապնդում` պարտքերի մարման նպատակով, բացառությամբ սույն հոդվածի 5 և 6 կետերով նշված դեպքերի:

5. Եթե պարտապանն անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է, ապա նշված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության սեփականատերերը չեն կարող ազատ ճանաչվել`

ա) ալիմենտների վճարումից.

բ) պարտապանի կողմից անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի նկատմամբ պարտատերերի պահանջներից.

գ) սույն օրենքով սահմանված կարգով պարտապանի կողմից ներկայացման ենթակա, բայց չներկայացված պարտատերերի պահանջներից.

դ) պարտապանին անվճարունակ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած գումարներից վճարման ենթակա հարկերից և այլ պարտադիր վճարումներից:

6. Եթե պարտապանն իրավաբանական անձ է, ապա նրա որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող սեփականատերերի և ղեկավար մարմնի անդամների վրա անվճարունակության վերաբերյալ գործի ավարտի մասին դատարանի որոշմամբ կարող է դրվել պարտապանի` սույն հոդվածի 5 կետի «բ», «գ» և «դ» ենթակետերով սահմանված պարտավորությունները, եթե դատական քննությամբ պարզվում է այդ անձանց ուղղակի պատասխանատվությունը նշված պարտավորությունների ծագման համար:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 75. Սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված պարտապաններին անվճարունակ ճանաչելը

 

1. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված և դեռ չսեփականաշնորհված կամ չապապետականացված ձեռնարկություններն անվճարունակ են ճանաչվում սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված և դեռ չսեփականաշնորհված կամ չապապետականացված ձեռնարկությունները չեն կարող սեփական անվճարունակությունը ճանաչելու նպատակով հայցադիմում ներկայացնել դատարան:

3. Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված և դեռ չսեփականաշնորհված կամ չապապետականացված պարտապանին անվճարունակ ճանաչելու մասին պարտատիրոջ (պարտատերերի) հայցադիմումը սույն օրենքով սահմանված կարգով գրանցում է դատարանը և այդ մասին 1 օրվա ընթացքում ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` կցելով հայցադիմումի պատճենը:

4. Դատարանը սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված և դեռ չսեփականաշնորհված կամ չապապետականացված պարտապանին պարտատիրոջ (պարտատերերի) հայցադիմումի հիման վրա անվճարունակ ճանաչելու վերաբերյալ գործն իր վարույթ ընդունելու մասին, եթե`

ա) դատարանի ծանուցումը ստանալուց 60 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքով սահմանված կարգով տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին որոշում չի ընդունում.

բ) տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում ընդունելու պահից անցել է 150 օր.

գ) տվյալ ձեռնարկության` միջազգային մրցույթով սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունելու դեպքում` ձեռնարկությունը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու կամ ապապետականացնելու, ինչպես նաև մրցույթը չկայանալու պահից անցել է մեկ ամիս, եթե այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ ձեռնարկության սեփականաշնորհման կամ ապապետականացման մասին այլ որոշում չի ընդունել:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 76. Անվճարունակության վերաբերյալ գործերը վարող դատարանները և կառավարչի նշանակումը

 

1. Մինչև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական դատարանների կազմավորումը անվճարունակության վերաբերյալ գործերը քննում են հետևյալ ժողդատարանները`

ա) Երևան քաղաքի Էրեբունու շրջանային ժողովրդական դատարանը, եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն թաղային համայնքների, Արարատի, Վայոց ձորի կամ Սյունիք մարզերի համայնքներից որևէ մեկի տարածքում.

բ) Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանային ժողովրդական դատարանը, եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ, Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքների կամ Արմավիրի մարզի համայնքներից որևէ մեկի տարածքում.

գ) Երևան քաղաքի Մաշտոցի շրջանային ժողովրդական դատարանը, եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի կամ Արագածոտնի մարզի համայնքներից որևէ մեկի տարածքում.

դ) Վանաձորի քաղաքային ժողովրդական դատարանը, եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) Լոռվա մարզի համայնքներից որևէ մեկի տարածքում.

ե) Գյումրի քաղաքի Մոսկովյան նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը, եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) Շիրակի մարզի համայնքներից որևէ մեկի տարածքում.

զ) Սևանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը, եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) Գեղարքունիքի կամ Տավուշի մարզի համայնքներից որևէ մեկի տարածքում.

է) Հրազդանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանը, եթե պարտապանը գտնվում է (գրանցված է) Կոտայքի մարզի համայնքներից որևէ մեկի տարածքում:

2. Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով կառավարչի պաշտոնում կարող են նշանակվել նաև վերջին տասը տարիների ընթացքում գլխավոր հաշվապահի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքի փորձ ունեցող կամ բարձրագույն իրավաբանական, տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն և վերջին հինգ տարվա ընթացքում իրավաբանական անձանց ղեկավար մարմիններում առնվազն երեք տարվա աշխատանքի փորձ ունեցող անձինք:

 

Հոդված 77. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 1997 թվականի մարտի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` բացառությամբ սույն հոդվածի 4 կետով նախատեսված դեպքերի:

3. Սույն օրենքի հրապարակման պահից սեփականաշնորհման ու ապապետականացման ծրագրերում ընդգրկված և օրենքով սահմանված կարգով դեռ չսեփականաշնորհված կամ չապապետականացված ձեռնարկությունների նկատմամբ «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և դատարանի վարույթում գտնվող անվճարունակության (սնանկացման) գործերը կասեցվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերում ընդգրկված և օրենքով սահմանված կարգով դեռ չսեփականաշնորհված կամ չապապետականացված ձեռնարկությունների նկատմամբ անվճարունակության (սնանկացման) նոր գործեր չեն կարող հարուցվել:

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով հարուցված և դատարանների վարույթում գտնվող անվճարունակության վերաբերյալ գործերը շարունակվում են վարվել «Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` բացառությամբ սույն հոդվածի 3 կետով նախատեսված դեպքերի:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

9 հունվարի 1997 թ.
ՀՕ-101

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.12.2003, ՀՕ-17-Ն 30.01.2004, ՀՕ-101
29.05.2002, ՀՕ-360-Ն 04.07.2002, ՀՕ-101
20.05.2002, ՀՕ-346-Ն 26.06.2002, ՀՕ-101
26.12.2000, ՀՕ-124 01.01.2001, ՀՕ-101
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան