Գլխավոր տեղեկություն
Номер
N 847-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.06.2022-26.12.2023)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.06.2022
Дата вступления в силу
15.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

9 հունիսի 2022 թվականի N 847-Ն

 

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում սույն որոշմանը համապատասխան սահմանել՝ հոգեբանի որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը, հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը, որակավորված հոգեբանի՝ առնվազն երեք տարին մեկ անգամ վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը, որակավորման վկայականի ձևը:

3. Սահմանել, որ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ, ինչպես նաև ընտանեկան բռնության գործերով քրեական վարույթին ներգրավելու նպատակով՝ Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցչության և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության համագործակցության շրջանակում՝ 2021 թվականին վերապատրաստման դասընթաց անցած (համապատասխան վկայական ստացած) 25 հոգեբաններին՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, ճանաչել որպես՝ 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորված հոգեբաններ և տրամադրել սույն որոշման hավելվածի 55-րդ կետով նախատեսված որակավորման վկայականներ՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը գործողության ժամկետով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

09.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 9-ի N 847-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների (այսուհետ՝ հոգեբան) որակավորման հետ կապված հարաբերությունները։

 

2. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

2. Հոգեբանի որակավորման համար կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի (այսուհետ՝ դիմորդ), որն ունի հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն և անցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված՝ հոգեբանի որակավորման դասընթացներ (այսուհետ՝ հոգեբանի որակավորման դասընթացներ):

3. Դիմորդ չի կարող լինել այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատապարտվել է հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ:

4. Հոգեբանի հերթական, իսկ անհրաժեշտությունից ելնելով արտահերթ որակավորումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում: Հերթական որակավորումն անցկացվում է առնվազն յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Որակավորում անցկացնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (այսուհետ` www.azdarar.am) կայքէջում հայտարարություն է հրապարակվում որակավորման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ նշելով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ներկայացման վայրն ու վերջնաժամկետը:

5. Թեստավորման կազմակերպման և իրականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

6. Դիմորդն անձամբ նախարարություն է ներկայացնում`

1) դիմում, որտեղ պետք է նշվեն`

ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն.

2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի.

3) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.

4) հոգեբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստացած լինելու փաստը հավաստող դիպլոմը և պատճենը.

5) հոգեբանի որակավորման դասընթացներն անցած լինելու փաստը հավաստող վկայականն ու պատճենը.

6) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն դատվածության բացակայության մասին։

7. Նախարարությունը ներկայացված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և համապատասխանության դեպքում ընդունում դրանք՝ բնօրինակները վերադարձնելով դիմորդին:

8. Դիմումը համարվում է ընդունված, եթե դիմորդի կողմից նախարարություն են ներկայացվել սույն կարգի 6-րդ կետով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

9. Փաստաթղթերի ներկայացման ժամկետի ավարտից հետո նախարարությունը, ըստ անհրաժեշտության, դիմորդների կողմից ներկայացված փաստաթղթերի իսկության մեջ հավաստիանալու նպատակով կարող է կատարել հարցումներ՝ համապատասխան իրավասու մարմիններ: Եթե ներկայացված փաստաթղթերի մեջ պարունակվում են հանցանքի հատկանիշներ, ապա նախարարությունն այդ մասին հաղորդում է ներկայացնում իրավասու մարմին:

10. Նախարարությունը սույն կարգի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները բավարարող յուրաքանչյուր դիմորդի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում որակավորումն իրականացնող հանձնաժողովին, իսկ սույն կարգի 2-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջները չբավարարող դիմումները և կից փաստաթղթերը թերի կամ սխալ լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով մերժվում են՝ այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դիմորդին:

 

3. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Որակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը՝ կազմված 7 անդամից (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են՝

1) նախարարության երկու ներկայացուցիչ.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ՝ հոգեբանություն մասնագիտությամբ որակավորում (բակալավրի կամ մագիստրոսի) շնորհող Հայաստանի Հանրապետությունում գործող հավատարմագրված երկու բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ մեկական ներկայացուցիչ.

3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հոգեբանական ուղղվածություն ունեցող երկու ոչ առևտրային կազմակերպություններից՝ մեկական ներկայացուցիչ.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մեկ ներկայացուցիչ:

12. Հանձնաժողովի կազմում ընդգրկվող բարձրագույն ուսումնական հաստատությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների թեկնածությունները որոշում են՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարները, նախարարության ներկայացուցիչների թեկնածությունները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների թեկնածությունները՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

13. Համաձայնության դեպքում բարձրագույն ուսումնական հաստատությունները, ոչ առևտրային կազմակերպությունները՝ հանձնաժողովի իրենց թեկնածուների վերաբերյալ տվյալները նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի գրավոր հարցումն ստանալուց ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը:

14. Հանձնաժողովի անդամների կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով: Հանձնաժողովի նախագահին և տեղակալին նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` հանձնաժողովի կազմից:

15. Հանձնաժողովի աշխատանքներին օժանդակելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով, նախարարության ներկայացուցիչներից մեկը նշանակվում է հանձնաժողովի քարտուղար:

16. Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին:

17. Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:

18. Հանձնաժողովը՝

1) կազմակերպում է դիմորդների որակավորման գործընթացը.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով քննում է որակավորման անցկացման վերաբերյալ դիմորդների բողոքները.

3) ընդունում է որակավորման կազմակերպման ընթացակարգին վերաբերող այլ որոշումներ:

19. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

20. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) իրականացնում է հսկողություն որակավորման անցկացման ընթացքի նկատմամբ:

21. Հանձնաժողովի քարտուղարը որակավորման անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ դիմորդների կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով իրազեկում է վերջիններիս որակավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:

 

4. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

22. Որակավորումն անցկացվում է հայերենով:

23. Որակավորման անցկացմանը հետևելու համար կարող են հրավիրվել դիտորդներ, իսկ այն լուսաբանելու համար՝ լրատվական գործունեություն իրականացնող անձինք:

24. Դիտորդները և լրատվական գործունեություն իրականացնող անձինք սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտարարությունը նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնում են որակավարման գործընթացին մասնակցելու կամ այն լուսաբանելու հայտ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սույն կետում նշված հայտերի վերաբերյալ որոշում է կայացվում մեկշաբաթյա ժամկետում:

25. Որակավորումն անցկացվում է գրավոր թեստավորման միջոցով:

26. Դիմորդը թեստավորմանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

27. Հանձնաժողովի նախագահը կամ անդամներից մեկը ստուգում է դիմորդի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել քննասենյակ, որտեղ դիմորդը կարող է զբաղեցնել ցանկացած ազատ նստարան: Դիմորդների մուտքը քննասենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:

28. Թեստավորման անցկացման կազմակերպչական գործընթացն ապահովում է նախարարությունը:

29. Թեստերը կազմում է նախարարությունը՝ դիմորդների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - 5 հարց.

2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք - 15 հարց.

3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք - 10 հարց.

4) Հոգեբանություն - 30 հարց.

5) «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա - 5 հարց.

6) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք - 5 հարց.

7) ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոններն անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ («Պեկինյան կանոններ») - 5 հարց.

8) Անչափահաս տուժողների և վկաների հարցերով արդարադատության ՄԱԿ-ի ուղեցույց - 5 հարց:

30. Թեստավորման յուրաքանչյուր խմբի համար համակարգչային ծրագիրը՝ մինչև քննությունն սկսելը, համապատասխան թեստերի բազայից պատահականության սկզբունքով գեներացնում է թեստի տարբերակը՝ պահպանելով սույն կարգի 29-րդ կետով սահմանված ոլորտների համամասնությունը:

31. Թեստավորման ողջ ընթացքը տեսանկարահանվում է: Թեստավորման օբյեկտիվությունն ու անաչառությունն ապահովելու նպատակով թեստավորումն անցկացվում է դիմորդների ծածկագրման կիրառմամբ, որպեսզի բացառվի յուրաքանչյուր դիմորդի և նրա աշխատանքի նույնականացումը:

32. Թեստավորման մեկնարկից առաջ հանձնաժողովի նախագահը կամ անդամներից մեկը ներկայացնում է թեստավորման անցկացման ընթացակարգն ու պատասխանում այդ կապակցությամբ դիմորդների հնչեցրած հարցերին: Կազմակերպչական գործընթացի վերաբերյալ պարզաբանումները ներկայացնում է նախարարությունը:

33. Դիմորդներին չի թույլատրվում`

1) քննասենյակ տանել որևէ նյութ, թուղթ, գրիչ, պայուսակ, հեռահաղորդակցման և համակարգչային սարքեր, այդ թվում՝ բջջային հեռախոս, ձայնագրիչներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ կամ այլ տեխնիկական սարքավորումներ.

2) օգտագործել մեկնաբանության գրքեր, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, նախապես կազմված գրառումներ կամ այլ նյութեր, այդ թվում՝ այդպիսի տեղեկություններ պարունակող կամ տրամադրող ձայնային կամ այլ տեխնիկական միջոցներ կամ սարքավորումներ.

3) քննասենյակում և դրա հարակից տարածքներում այլ դիմորդի հետ խոսել կամ ժեստերով և (կամ) որևէ այլ կերպ հաղորդակցվել.

4) ծխել կամ ծխելու պատրվակով դուրս գալ.

5) քննության ընթացքում, բացի սանհանգույցից, այլ տարածք մուտք գործել.

6) աշխատանքը հանձնելուց հետո քննասենյակում կամ անմիջապես հարակից տարածքներում մնալ:

34. Դիմորդի կողմից սույն կարգի 33-րդ կետում նշված պահանջները խախտելու դեպքում հանձնաժողովը դադարեցնում է վերջինիս թեստավորումը և նրան հեռացնում քննասենյակից: Դիմորդին քննասենյակից հեռացնելու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Խախտում թույլ տված դիմորդը համարվում է թեստավորումը չհաղթահարած:

35. Քննության ժամանակ դիմորդին չի թույլատրվում տեխնիկական, այդ թվում՝ կապի միջոցներով օգտվել ինտերնետային կայքէջերից (ինտերնետ հասանելիությունը սահմանափակվում է):

36. Մինչև քննությունն սկսելը դիմորդին տրամադրվում են քննության համար անհրաժեշտ և սույն կարգով նախատեսված պարագաներ, ինչպես նաև խմելու ջուր:

37. Թեստային առաջադրանքների տարբերակները բաշխելու նպատակով քննասենյակում անցկացվում է վիճակահանություն, որի ընթացքում դիմորդներից մեկը փակ ծրարները պատահականության սկզբունքով բաժանում է քննասենյակում գտնվող դիմորդներին:

38. Յուրաքանչյուր դիմորդ ստանում է ծրար, որը պարունակում է՝

1) համապատասխան գրավոր առաջադրանքի թղթային տարբերակը.

2) նախարարության կնիքով դրոշմված թղթեր՝ սևագրություն և նշումներ կատարելու համար.

3) գրիչ:

39. Յուրաքանչյուր թեստ բաղկացած է 80 հարցից, որոնց լուծման համար դիմորդին տրվում է չորս ժամ:

40. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից, որոնք ունեն ենթադրյալ պատասխաններ: Թեստավորման յուրաքանչյուր առաջադրանք պարունակում է մեկ հարց՝ պատասխանի հնարավոր չորս տարբերակներով, որոնցից մեկը՝ ամբողջական ճիշտ պատասխանն է: Թեստում ընդգրկված հարցի պատասխանը համարվում է ճիշտ միայն այն դեպքում, երբ դիմորդն ընտրել է ամբողջական ճիշտ պատասխանը:

41. Թեստային հարցին առաջադրված չորս պատասխաններից ընտրվում է մեկ տարբերակ, և դրա դիմաց գտնվող վանդակում «V» նշում է կատարվում դիմորդի կողմից:

42. Դիմորդին արգելվում է գրավոր աշխատանքի մեջ գրել իր անունը կամ կատարել որևէ այլ նշում, որը կարող է անհատականացնել գրավոր աշխատանքը, այդ թվում՝ «V» նշումից բացի որևէ այլ նշում կատարելը:

43. Աշխատանքն ավարտելու, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելու դեպքում դիմորդը հարցաթերթիկը հանձնում է հանձնաժողովին:

44. Թեստավորման ավարտից անմիջապես հետո հանձնաժողովը հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

45. Թեստերի լուծման ճշտությունը ստուգում է հանձնաժողովը:

46. Աշխատանքը հանձնվում է հանձնաժողովի նախագահին կամ անդամին, որից հետո վերջինս աշխատանքը լուսապատճենում է և էլեկտրոնային ֆայլը պահպանում համակարգչում: Դրանից հետո համակարգչից տպիչի միջոցով տպվում է աշխատանքի լուսապատճենահանված (կրկնօրինակ) տարբերակը, որի վրա դիմորդը գրում է իր անունը և ստորագրում բոլոր էջերը: Աշխատանքի լուսապատճենահանված տարբերակը տրամադրվում է դիմորդին: Հանձնաժողովի նախագահը կամ անդամն աշխատանքի բնօրինակ տարբերակի առաջին էջի վրա փակցնում է մտապահելու հնարավորությունը բացառող համապատասխան ծածկագիր: Այնուհետև, հանձնաժողովի նախագահը կամ անդամը մտապահելու հնարավորությունը բացառող ծածկագիրը փակցնում է դիմորդի ստորագրած աշխատանքի կրկնօրինակ տարբերակի առաջին և վերջին էջերի վրա: Դիմորդն աշխատանքի բնօրինակը ծալելուց հետո այն տեղադրում է թափանցիկ և կնքված արկղի մեջ: Սույն կետում նշված արկղը թույլատրվում է բացել քննության ավարտից հետո:

47. Քննության ընթացքում դիմորդի կատարած սևագրության էջերը չեն հանձնվում: Նախարարության կողմից կնիքով դրոշմված չօգտագործված թղթերը հանձնվում են նախարարության ներկայացուցչին:

48. Դիմորդի կողմից սույն կարգի 42-րդ կետի պահանջները խախտելու դեպքում աշխատանքը, հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, գնահատվում է զրո միավոր, և դիմորդը համարվում է թեստավորումը չհաղթահարած:

49. Դիմորդի կողմից քննության ժամանակ սույն կարգի պահանջների խախտում թույլ տալու դեպքում խախտման փաստն արձանագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից, դիմորդը հեռացվում է քննասենյակից: Արձանագրությունը ստորագրում է քննասենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ: Այդ դեպքում դիմորդը համարվում է թեստավորումը չհաղթահարած:

50. Թեստավորման արդյունքում յուրաքանչյուր առաջադրանքի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Դիմորդի կողմից իր նշած պատասխանը ջնջելու և փոխելու դեպքում տվյալ հարցի համար գնահատվում է զրո միավոր:

51. Թեստավորման արդյունքների մասին դիմորդը պատշաճ ձևով տեղեկացվում է ոչ ուշ, քան թեստավորման ավարտին հաջորդող աշխատանքային օրը:

52. Դիմորդը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ դատարան՝ օրենքով սահմանված կարգով: Թեստավորման արդյունքները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կարող են բողոքարկվել` արդյունքների մասին տեղեկացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։ Բողոք ներկայացնելու դեպքում այն քննության է առնվում բողոքը նախարարություն մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Բողոքարկման արդյունքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` որակավորման ստուգման արդյունքներն անփոփոխ թողնելու կամ որակավորման ստուգման արդյունքները փոփոխելու և (կամ) մասնակցին` որակավորման ստուգումն անցած համարելու մասին:

53. Անցողիկ փուլը հաղթահարած են համարվում այն դիմորդները, որոնք ճիշտ են պատասխանել առնվազն 64 առաջադրանքի:

54. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո, ինչպես նաև բողոք չլինելու դեպքում բողոքարկման նախատեսված ժամանակի ավարտից հետո նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում են որակավորված դիմորդների տվյալները:

55. Որակավորման անցկացման ավարտի օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում որակավորված անձանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից տրվում են որակավորման վկայականներ, որոնք հաշվառվում են նախարարության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

    

 

09.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական: