Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 106
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.09.2021-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
17.08.2021
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
17.08.2021
Дата вступления в силу
23.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2021 թվականի

թիվ 106

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 100 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի հենասարքի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի «Ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի մասին» թիվ 100 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

ա) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն արտադրված ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի ձևաթղթերն օգտագործվում են այն ձևաթղթերի հետ միասին, որոնք պատրաստված են՝ հաշվի առնելով սույն որոշման հավելվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխությունները.

բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձևակերպված ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների անձնագրերը գործում են առանց սահմանափակումների՝ այն ձևաթղթերով ձևակերպված անձնագրերի հետ միասին, որոնք պատրաստված են՝ հաշվի առնելով սույն որոշման հավելվածի 2-րդ կետով նախատեսված փոփոխությունները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի օգոստոսի 17-ի

թիվ 106 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 100 որոշման մեջ կատարվող

 

1. 2-րդ կետի «ա» ենթակետի իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«տպագրական համար, որը կազմված է երկրի երկտառ ծածկագրից (ISO 3166-1 (alpha-2) տեղեկագրքին համապատասխան), ձևաթղթի սերիայից (2 մեծատառ) և ձևաթղթի հերթական համարից (6 արաբական թվանշան).»:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևում՝

ա) 8-րդ դաշտում «Համապատասխանության հավաստագիրը (համապատասխանության մասին հայտարարագիրը)» բառերը փոխարինել «Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը» բառերով.

բ) 9-րդ դաշտում՝ [փոխոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]։

3. Նշված որոշմամբ հաստատված՝ ինքնագնաց մեքենայի և տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևի լրացման կարգում՝

ա) 3-րդ կետի երկրորդ պարբերությունը «անձնագրի» բառից հետո լրացնել «(անձնագրի բնօրինակում դաշտերի համարակալումը բացակայում է)» բառերով.

բ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Անձնագրի 1-ից մինչև 25-րդ դաշտերը պետք է լրացվեն:

Անձնագրի մնացած դաշտերը լրացվում են ըստ անհրաժեշտության՝ սույն կարգին համապատասխան:».

գ) 5-րդ կետում՝

1-ին ենթակետը «կատարված» բառից հետո լրացնել «ձևաթղթի պատրաստման դեպքում տպագրական եղանակով» բառերով.

7-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Մինչև 2016 թվականի հունվարի 1-ը շրջանառության մեջ բաց թողնված մեքենաների առնչությամբ 7-րդ դաշտում բերված է «չի որոշվում» գրառումը.».

8-րդ ենթակետում՝

առաջին և երկրորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«8) 8-րդ դաշտում՝ համապատասխանության հավաստագրի կամ Մաքսային միության «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 010/2011) կամ Մաքսային միության «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորների և դրանց կցանքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 031/2012) պահանջներին համապատասխանության մասին հայտարարագրի կամ տրանսպորտային միջոցի տեսակի հաստատման կամ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջներին տրանսպորտային միջոցի համապատասխանությունը հավաստող՝ տրանսպորտային միջոցի կոնստրուկցիայի անվտանգության մասին վկայականի կամ Միության նշված տեխնիկական կանոնակարգերից մեկի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ համարվող արտադրանքի մասով տրված կամ ընդունված՝ Միության մարմինների ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին գործող փաստաթղթերի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ մինչև Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը (ամսաթիվը նշվում է բառաթվային եղանակով. ամսաթիվը՝ արաբական երկու թվանշաններով (չակերտներում), ամիսը՝ բառով, տարին՝ արաբական չորս թվանշաններով (տարվա կրճատ նշմամբ՝ «թ.»)):

Միության անդամ չհանդիսացող պետության օրենսդրությանը համապատասխան նախկինում գրանցված կամ ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման համար անդամ պետության տարածք ներմուծված մեքենայի համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անձնագրի ձևակերպման դեպքում, 8-րդ դաշտում բերվում է «բացակայում է» գրառումը:

Լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ անդամ պետության տարածքում նախկինում գրանցված մեքենայի անձնագիրը ձևակերպելիս 8-րդ դաշտում նշվում են Միության մարմինների ակտերով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին այն փաստաթղթերի վավերապայմանները, որոնք գործել են մեքենան շրջանառության մեջ բաց թողնելու ամսաթվի դրությամբ:

«Բացակայում է» գրառումը 8-րդ դաշտում բերվում է լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից այն մեքենայի անձնագիրը ձևակերպելիս, որը շրջանառության մեջ է բաց թողնվել մինչև անձնագրի միասնական ձևի կիրառման մեկնարկը, գրանցվել է անդամ պետության տարածքում և, որի նկատմամբ այն շրջանառության մեջ բաց թողնելու պահի դրությամբ բացակայել են Միության մարմինների ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջները:

Սույն ենթակետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված դեպքերում անձնագրի 26-րդ դաշտում ներմուծվում են այն փաստաթղթերի մասին տեղեկությունները, որոնցով հաստատվում է այն, որ մեքենան նախկինում գրանցված է եղել Միության անդամ պետության տարածքում կամ անդամ չհանդիսացող պետության տարածքում կամ ներմուծվել է անդամ պետության տարածք` ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման համար:».

երրորդ պարբերությունում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) 9-րդ դաշտում՝ անձնագրի 8-րդ դաշտում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը տրամադրած (գրանցած) մարմնի անվանումը:

Եթե անձնագրի 8-րդ դաշտում բերվում է «բացակայում է» գրառումը, ապա 9-րդ դաշտում նույնպես բերվում է «բացակայում է» գրառումը.».

12-րդ ենթակետում.

առաջին պարբերությունում «և դրանց քանակը» բառերը փոխարինել «իսկ եթե շարժիչների քանակը մեկից ավելի է՝ դրանց քանակը» բառերով.

16-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Կցանքների (կիսակցանքների) մասով 16-րդ դաշտում բերվում է «բացակայում է» գրառումը.».

18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18) 18-րդ դաշտում մեքենայի տեխնիկապես թույլատրելի առավելագույն զանգվածը կիլոգրամներով, որը որոշվում է՝

տրակտորների մասով՝ որպես արտադրողի կողմից սահմանված՝ տրակտորի առավելագույն զանգված՝ պայմանավորված դողերի բեռնամբարձությամբ, տրակտորի տարրերի կառուցվածքային բնութագրերով և տրված բնութագրերի ու անվտանգության ցուցանիշների ապահովմամբ, որը ներառում է տրակտորի հանդերձանքով (շահագործման) զանգվածը ամենածանր համալրմամբ, բալաստի անվանական զանգվածը և անվանական օգտակար բեռնվածքը.

բացառապես բեռների և (կամ) ուղևորների փոխադրման համար նախատեսված կցանքների (կիսակցանքների) և ինքնագնաց մեքենաների մասով՝ որպես արտադրողի կողմից սահմանված՝ հանդերձանքով, բեռով և (կամ) ուղևորներով մեքենայի (կցանքի, կիսակցանքի) առավելագույն զանգված, որը պայմանավորված է դրա կոնստրուկցիայով և տրված բնութագրերով.

այլ մեքենաների մասով՝ որպես ստանդարտ աշխատանքային սարքավորումներով (այդ թվում՝ գործիքով, ամբողջությամբ լցավորված վառելիքային բաքով (բաքերով), յուղման, հովացման համակարգերով և հիդրոհամակարգով), օպերատորով (75 կգ) և, եթե նախատեսված է կոնստրուկցիայով՝ դատարկ շերեփով, բունկերով կամ այլ աշխատանքային օրգանով՝ մեքենայի (ներառյալ, եթե նախատեսված է կոնստրուկցիայով, շրջվելու դեպքում պաշտպանության սարքվածք, քարշային կուտակային մարտկոցներ)՝ արտադրողի կողմից սահմանված զանգված: Եթե մեքենայի կոնստրուկցիայով նախատեսված է մեքենայով բեռի (ուղևորների) փոխադրում, ապա նշված զանգվածում նաև ներառվում է փոխադրվող բեռի (ուղևորների) զանգվածը.».

21-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան նախատեսված է մեքենաների գրանցում՝ տնտեսավարման կամ օպերատիվ կառավարման իրավունքով դրանք տիրապետող անձանց կողմից, ապա անձնագրի 21-րդ, 22-րդ, 36-րդ և 37-րդ դաշտերում նշվում են մեքենան տնտեսավարման կամ օպերատիվ կառավարման իրավունքով տիրապետող անձի մասին տեղեկությունները.».

26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26) 26-րդ դաշտում՝

2016 թվականի հունվարի 1-ից հետո անդամ պետությունների տարածքներում արտադրված մեքենաների մասով՝ անդամ պետություն, որի տարածքում մեքենան նախատեսված է նախնական շրջանառության համար՝ Միության մարմինների ակտերով կամ այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը հաստատելու պայմանով:

Միության տեխնիկական կանոնակարգերի կամ մինչև Միության տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ մտնելու օրը անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին մեքենայի համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի առկայության դեպքում 26-րդ դաշտում բերվում է «Առանց շրջանառության սահմանափակման» գրառումը: Սույն գրառումը կատարվում է արտադրողի կամ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ անձնագրի նախնական ձևակերպման ժամանակ:

26-րդ դաշտում բերվում է նաև անձնագրում պարունակվող տեղեկությունների փոփոխության մասին տեղեկատվությունը (այդ տեղեկությունների փոփոխության փաստը հաստատող փաստաթղթի վավերապայմանների նշմամբ): Այդպիսի տեղեկատվությունը նշվում է գրանցման համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից և կարող է ներառել ստորև նշվածների մասին տեղեկությունների փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն՝

սեփականատեր (անվանում (իրավաբանական անձի համար) կամ ազգանուն, անուն և հայրանուն (առկայության դեպքում) (ֆիզիկական անձի համար), հասցե (գտնվելու վայր (իրավաբանական անձի հասցե), փաստացի հասցե (իրավաբանական անձի համար) կամ բնակության վայր (ֆիզիկական անձի համար)).

համարային ագրեգատներ (շարժիչի փոխարինում, շրջանակի փոխարինում)՝ ագրեգատի նոր համարի նշմամբ.

մեքենայի գրանցման վկայական կամ գրանցման նշան (պետական գրանցման նշան, պետական գրանցման համարանիշ)՝ դրանց վավերապայմանների և փոխարինման ամսաթվի նշմամբ.

սխալների ուղղման մասին:

Անձնագրում առկա տեղեկությունների փոփոխության մասին տեղեկատվությունը 26-րդ դաշտում ներմուծելը արտադրողի կամ լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից անձնագրի նախնական ձևակերպման դեպքում չի թույլատրվում:

26-րդ դաշտում թույլատրվում է նաև նշել տեղեկություններ՝

արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի սարքվածքների (համակարգի) նույնականացման համարի,

մաքսային սահմանափակումների,

օգտահանման վճարի վճարման,

դատարանի որոշման կամ ժառանգության իրավունքի մասին փաստաթղթի հիման վրա անձնագրի 36-րդ դաշտում մեքենայի սեփականատիրոջ մասին տեղեկությունների ներմուծման (համապատասխան փաստաթղթի վավերապայմանների նշմամբ),

մեքենայի սեփականատիրոջ մասնաճյուղի կամ ներկայացուցչության (դրա անվանման, գտնվելու վայրի հասցեի), եթե մեքենայի գրանցումը կատարվում է ըստ մեքենայի սեփականատիրոջ մասնաճյուղի կամ ներկայացուցչության գտնվելու հասցեով,

լիզինգառուի (անվանում (իրավաբանական անձի համար) կամ ազգանուն, անուն և հայրանուն (առկայության դեպքում) (ֆիզիկական անձի համար), հասցե (գտնվելու վայր (իրավաբանական անձի հասցե), փաստացի հասցե (իրավաբանական անձի համար), կամ բնակության վայր (ֆիզիկական անձի համար)),

լիզինգի պայմանագրի (վավերապայմաններ և գործողության ժամկետ), եթե անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, մեքենայի գրանցումը կատարվում է լիզինգառուի կողմից,

անձնագրի կրկնօրինակի տրամադրման մասին.».

39-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«39) 39-րդ դաշտում՝ մեքենայի նախկին սեփականատիրոջ, նոտարի կամ դատարանի որոշումը կատարելու համար լիազորված անձի ստորագրությունը (դրա կնիքը (առկայության դեպքում), իսկ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների գրանցման համար լիազորված մարմնի (կազմակերպության) կնիքը դնելով):».

դ) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Եթե սեփականության իրավունքը հաստատված է ժառանգության իրավունքի մասին փաստաթղթով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ապա անձնագրի 36-ից մինչև 39-րդ դաշտերը լրացվում են նոտարի կամ դատարանի որոշումը կատարելու համար լիազորված անձի կողմից (կնիքը (առկայության դեպքում) դնելով): Ընդ որում, անձնագրի 26-րդ դաշտում ներմուծվում են համապատասխան փաստաթղթի վավերապայմանների մասին տեղեկությունները:».

ե) 9-րդ կետի հինգերորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«Եթե անձնագրում լրացված են 36-ից մինչև 39-րդ դաշտերը, որոնցից հետո բացակայում է անձնագրի հերթական 29-րդ դաշտը, ապա այդ անձնագրի փոխարեն կրկնօրինակը տրամադրվում է գրանցման համար լիազորված մարմնի (կազմակերպության) կողմից՝ մեքենան գրանցման ներկայացնելու ժամանակ:

Անձնագրի կրկնօրինակը տրամադրելիս անձնագրի կրկնօրինակի 26-րդ դաշտում բերվում է «ԿՐԿՆՕՐԻՆԱԿ. Տրված է ԻՄԱ-ի փոխարեն» գրառումը, ինչպես նաև նշվում են անձնագրի ձևանմուշի տպագրական համարը և այն անձնագրի տրամադրման ամսաթիվը, որի փոխարեն տրամադրվում է կրկնօրինակը, իսկ անձնագրի կրկնօրինակի 21-րդ և 22-րդ դաշտերում ներմուծվում են տեղեկություններ այն անձնագրում նշված վերջին սեփականատիրոջ մասին, որի փոխարեն տրամադրվում է կրկնօրինակը:

Այն անձնագիրը, որի փոխարեն տրամադրվել է կրկնօրինակը, (բացառությամբ կորցրած անձնագրի փոխարեն կրկնօրինակի տրամադրման դեպքի) ենթակա է պահման՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան