Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1654
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2022
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
31.05.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
31.05.2022
Дата вступления в силу
31.05.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

31 մայիսի 2022 թ.

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.2-ՐԴ ՄԱՍԻ, 79-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 7-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 287-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Վարդևանյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Ա. Մնացականյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի, 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Վարչական դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 3-րդ հոդվածի 1.2-րդ մասի բովանդակությունը հետևյալն է.

«1.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո»:

Օրենսգրքի նշված հոդվածի 1-ին մասը 23.10.19 ՀՕ-207-Ն օրենքով լրացվել է վիճարկվող 1.2-րդ մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Հայցադիմումը վերադարձնելը» վերտառությամբ 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի բովանդակությունը հետևյալն է.

«1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`

(...)

7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքում վարչական ակտը չի բողոքարկվել (գանգատարկվել) վարչական կարգով»:

Օրենսգրքի նշված հոդվածի 1-ին մասը՝ վիճարկվող դրույթով, մասնավորապես 7-րդ կետով, լրացվել է 23.10.19 ՀՕ-207-Ն օրենքով, որը փոփոխության է ենթարկվել 09.12.19 ՀՕ-306-Ն օրենքով: Մասնավորապես՝ Օրենսգրքի նշված հոդվածի 1-ին մասը 23.10.19 ՀՕ-207-Ն օրենքով լրացվել է 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքում վարչական ակտը չի բողոքարկվել (գանգատարկվել) վերադասության կարգով»: Այնուհետև 09.12.19 ՀՕ-306-Ն օրենքով վերոնշյալ կետում «վերադասության» բառը փոխարինվել է «վարչական» բառով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Վարչական իրավախախտման վերաբերյալ որոշման գանգատարկման (բողոքարկման) կարգը» վերտառությամբ 287-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունը հետևյալն է.

«2. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 129.3-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո»:

Նույն օրենսգրքի վերոնշյալ հոդվածի 2-րդ մասը 23.10.19 ՀՕ-206-Ն օրենքով շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ, 123.5-րդ (բացառու-թյամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ, 128-րդ, 129.2-րդ, 131-րդ, 132-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո»:

Այնուհետև 09.12.19 ՀՕ-300-Ն օրենքով վիճարկվող 2-րդ մասը «129.2-րդ,» թվից հետո լրացվել է «129.3-րդ,» թվով:

Գործի քննության առիթն Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի՝ 2021 թվականի սեպտեմբերի 10-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, պատասխանող կողմի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Ըստ դիմողի՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը լրացվեց վիճարկվող 1.2-րդ մասով, անձի համար արգելափակվեց վարչական արդարադատության հնարավորությունը պայմանով, որ սպառվի վերադասության կարգով բողոքարկումը՝ այն էլ սելեկտիվ գործերով: Հատկանշական է, որ նշյալ կարգավորումը վերաբերում է հենց վարչական դատարանին հասցեագրված հայցադիմումը վերադարձնելուն, այսինքն՝ ինքնին իրավական վեճի քննության նույնիսկ ձևավորման հնարավորությունը բացառվում է:

Դիմողն արձանագրում է, որ այդ սելեկտիվ գործերը սահմանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասում, ընդ որում, ըստ դիմողի, առանց որևէ իրավաչափ նպատակի հետապնդման:

Դիմողը նշում է, որ առհասարակ վերադասության կարգով բողոքարկման ինստիտուտը որպես պարտադիր բաղադրիչ նախ պետք է լինի արդյունավետ, և դրա համար պետք է լինեն իրական երաշխիքներ: Տվյալ դեպքում փաստացի նախատեսված պարտադիր գանգատարկումը որևէ առանձնահատկություն կամ անաչառության հավելյալ շեմ չի երաշխավորում: Պարզապես հավելյալ բարդություն է առաջացնում վարչական ակտի նկատմամբ անհամաձայնություն ունեցող անձանց համար:

Ըստ դիմողի՝ օրենսդիրը պարտադրում է անձանց ակնկալել օբյեկտիվություն և անկողմնակալություն վարչական մարմնի կողմից իր իսկ կայացրած վարչական ակտի վերանայման հարցում: Նման պարագայում բացակայելու է առնվազն անկողմնակալության օբյեկտիվ չափորոշիչը:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերի պարագայում «մեկ միասնական վարչական մարմնից պահանջվում է մի դեպքում հանդես գալ իրավախախտում արձանագրողի մյուս դեպքում իրավախախտման օրինականության ստուգողի կարգավիճակում փաստացի կրկնելով ՀՀ վարչական դատարանի գործառույթը կրկին հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական դատարանը գործը քննում է ի պաշտոնե»:

Վկայակոչելով դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այդ թվում՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք դիրքորոշումներ՝ դիմողը գտնում է, որ տվյալ դեպքում առկա չէ որևէ իրավական նպատակ և արդար հավասարակշռություն: Ինչպես նշել էր օրենսդրական նախաձեռնության հեղինակը, պարզապես սրանով փորձ է արվում ստեղծել «խոչընդոտ»՝ անձանց կողմից վարչական դատարան դիմելու համար, քանի որ վերջինս ծանրաբեռնված է: Այսինքն՝ պետության պոզիտիվ պարտականությունն իրականացվում է մարդկանց իրավունքի սահմանափակման միջոցով, ինչն առհասարակ անընդունելի է ժողովրդավարական հասարակությունում:

Դիմողի կարծիքով՝ նույն ՃՈ տեսուչի կողմից վարչական իրավախախտման արձանագրության բողոքարկումը նույն ՃՈ պետին չի կարող որևէ իրավիճակում լինել արդյունավետ, համաչափ և իրավաչափ նպատակ հետապնդող:

Ելնելով վերոգրյալից՝ դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2֊րդ մասը, 79֊րդ հոդվածի 1֊ին մասի 7-րդ կետը և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2֊րդ մասն ուղղակիորեն չեն համապատասխանում սահմանադրի կողմից սահմանված պահանջներին և հակասում են Սահմանադրության 3, 61, 63 և 78-րդ հոդվածներին:

Անդրադառնալով դատարանների բեռնաթափման հարցին՝ դիմողը գտնում է, որ դատարանների բեռնաթափման նման հիմնավորումը պետք է իրականացվի բացառապես այն սկզբունքը հաշվի առնելով, որ «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով' որպես անմիջականորեն գործող իրավունք», այլ կերպ հնարավոր միջոցները և լուծումները երբեք չեն կարող իրականացվել այն ելակետով, որի արդյունքում ինտեսիվ միջամտություն է իրականացվում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին, տվյալ դեպքում արդար դատաքննության հասանելիությանը և մատչելիությանը, առավել ևս առանց իրական գործուն անկախ վերադասության, գանգատարկման մեխանիզմի:

Ըստ դիմողի՝ դատարանները բեռնաթափելուն ուղղված տվյալ միջոցն իրացվել է ի հաշիվ Սահմանադրության 3-րդ հոդվածի:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները.

Ազգային ժողովը (այսուհետ՝ նաև պատասխանողը), վկայակոչելով Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռները, ինչպես նաև վերլուծության առարկա դարձնելով վիճարկվող նորմերի իրավական բովանդակությունը, նշում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի «Վարչական իրավախախտումներ տրանսպորտում, ճանապարհային տնտեսության և կապի բնագավառում» վերտառությամբ 10-րդ գլխով նախատեսված որոշակի խումբ իրավախախտումների համար օրենսդիրը նախատեսել է դատական կարգով վիճարկելու նախապայման, այն է՝ դրանք պետք է բողոքարկվեն վարչական կարգով։ Նման նախապայմանի ամրագրումը միտված է եղել սահմանելու անձի իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր, ապահովելու նյութական ռեսուրսների խնայողությունը, անձի՝ ողջամիտ ժամկետում իրավունքների պաշտպանության հնարավորությունը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումը, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացումը։

Պատասխանողի գնահատմամբ՝ օրենսդրական նման փոփոխությունը խթանում է նաև վեճերի լուծման արտադատական մեխանիզմը՝ դրանց լուծումն իրականացնելով առավել արագ, առանց ծախսերի և ավելի պարզ ընթացակարգով։

Պատասխանողը գտնում է նաև, որ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ նախապայմանն իրագործելի է, ողջամիտ և չի հանգեցնում իրավունքի էության խախտման, քանզի վարչական կարգով բողոքարկելուց հետո անձը զրկված չէ վարչական ակտը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից։

Ամփոփելով իր դիրքորոշումը՝ պատասխանողը եզրահանգում է, որ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության մեխանիզմների մշակումն օգնում է խուսափել դատարաններն անհարկի ծանրաբեռնելուց՝ միևնույն ժամանակ չզրկելով անհատին անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքից։

 

3. Սահմանադրաիրավական վեճի շրջանակները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակները հանգում են նրան, որ որոշ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը պարտադիր վարչական կարգով գանգատարկելը (բողոքարկելը) որպես դատարան դիմելու նախապայման սահմանելն անհամաչափորեն սահմանափակում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

 

4. Գործի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով դիմումում բերված փաստարկներն ու հիմնավորումները` Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների սահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է համարում պարզել՝

արդյո՞ք դատարան դիմելու համար որոշ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը պարտադիր վարչական կարգով գանգատարկելու (բողոքարկելու) նախապայմանն անհամաչափորեն սահմանափակում է անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի շրջանակներում անձի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների երաշխավորման խնդրին անդրադառնալիս սահմանադրաիրավական վեճի առարկա իրավակարգավորումների սահմանադրականությունը գնահատել նաև իր որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների, վարչական ակտի բողոքարկման արտադատական և դատական ընթացակարգերի կիրառմամբ պայմանավորված՝ անձի իրավունքների պաշտպանությունն ապահովող սահմանադրական և օրենսդրական կարգավորումների համապատասխան դրույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների իրավական պրակտիկայի համատեքստում:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրական դատարանն իր առանձին որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար դատաքննության իրավունքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում: Մասնավորապես՝ 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 և 2019 թվականի հունվարի 22-ի ՍԴՈ-1439 որոշումներում անդրադառնալով Սահմանադրությամբ երաշխավորված մարդու և քաղաքացու իրավունքների իրացման խնդրին և ելնելով այն հանգամանքից, որ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները սահմանադրական այն հիմնարար իրավունքներից են, որոնց իրացմամբ երաշխավորվում են սահմանադրական մի շարք այլ իրավունքների հարգումն ու պաշտպանությունը, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից»:

Իսկ մեկ այլ` 2018 թվականի հունիսի 19-ի ՍԴՈ-1420 որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդհանրացրել և վերահաստատել է իր նախկին որոշումներում արտահայտված՝ դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումները, մասնավորապես, կատարել է արձանագրում, որ՝

«(...)

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման»:

Այստեղից, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի իրացումը երաշխավորելու տեսանկյունից ընդհանրապես անհրաժեշտ է կարևորել, թե որքանո՞վ է մատչելի (հասանելի) արդարադատությունը, ինչպիսի՞ իրավական պայմաններ են առաջադրված դատարան դիմելու իրավունքն իրացնելու, հետևաբար, նաև դրանով պայմանավորված՝ դատավարական (քրեական, քաղաքացիական և վարչական) կոնկրետ ընթացակարգի շրջանակներում արդար, հրապարակային դատաքննությամբ անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար:

Չնայած այն հանգամանքին, որ դատարան դիմելու իրավունքի իրացման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով, այն դեպքում, երբ այդ իրավունքն անմիջականորեն նախատեսված չէ Սահմանադրությամբ, այնուհանդերձ, նույն Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությունից բխում է անձի՝ դատարան դիմելու հնարավորությունը, որի՝ որպես իրավունքի իրացման երաշխավորումը դիտարկվում է իրավական առաջնահերթ նախապայման անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար: Հետևաբար՝ այդ հանգամանքով է պայմանավորված վեճի առարկա իրավակարգավորումների սահմանադրականությունը գնահատելու անհրաժեշտությունը:

5.2. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վարչական կարգով պարտադիր բողոքարկման ինստիտուտի դերին և նշանակությանը՝ անձի խախտված իրավունքների վերականգնման և վեճերի լուծման համատեքստում` որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովող այլընտրանքային հնարավորություն:

Վարչական կարգով բողոքարկումը վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն ձև է, որն առավելապես կոչված է մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունն ապահովելուն, սակայն կատարում է ոչ միայն անձի իրավունքների պաշտպանության գործառույթ, այլ նաև իրականացնում է հանրային և մասնավոր շահերի հավասարակշռում, ինչը ենթադրում է, որ բողոքարկման վարույթում պաշտպանության է ենթակա նաև հանրային շահն այն հաշվառմամբ, որ պետական կառավարման մակարդակում վեճերի լուծումը խթանում է պետական մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացումը, նպաստում է պետական ռեսուրսների խնայողությանը, բացի դրանից, հնարավորություն է տալիս հանրային իշխանության անունից հանդես եկող սուբյեկտին ինքնուրույն վերացնել համապատասխան «թերությունները»:

Հատկանշական է նաև այն, որ Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների կողմից ևս խրախուսվում են վեճերի լուծման այլընտրանքային միջոցների ներդրումն ու կիրարկումը: Այսպես օրինակ` անդրադառնալով սույն գործով վիճարկվող իրավակարգավորումների էության շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով հաստատագրված պրակտիկային՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում կարևորել հետևյալ դիրքորոշումները, համաձայն որոնց՝

ա) «(...) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները» (տե՛ս Case of Beleš and Others v. The Czech Republic, §49, 12 November 2002),

բ) «(...) դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ»: (...) որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս Case of Bellet v. France, §36, §38, 4 December 1995),

գ) «(...) դատարանի իրավունքը» և մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը» (տե՛ս Case of Philis v. Greece (1), §59, 27 August 1991, Case of de Geouffre de la Pradelle v. France, §28, 16 December 1992, Case of Stanev v. Bulgaria [ՄՊ], §229, 17 January 2012),

դ) «(...) դատարանի մատչելիության իրավունքը ենթակա է սահմանափակումների, մասնավորապես, երբ քննարկվում են բողոքի ընդունելիության պայմանները: Այս համատեքստում կարգավորումներ սահմանելու հարցում պետություններն ունեն որոշակի հայեցողություն» (տե՛ս Case of Mamikonyan v. Armenia, Application no. 25083/05, 16.03.2010, § 25, Scholz AG v. Armenia, Application no. 16528/10, 24.01.2019, § 57),

ե) «(...) այնուամենայնիվ, կիրառվող սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Ավելին, որևէ սահմանափակում համատեղելի չի լինի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն չի հետապնդում «իրավաչափ նպատակ», և եթե «գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերություն» (տե՛ս Case of Ashingdane v. United Kingdom, 14/1983/70/106, App No 8225/78, 1985, § 57, Fayed v United Kingdom. (1994), § 65, տե՛ս Case of Markovic and Others v.Italy, 14.12.2006, § 99),

զ) «(...) դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, և կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև պետք է առկա լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն. հակառակ պարագայում այդպիսի սահմանափակումները չեն համապատասխանի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին (տե՛ս Case of Khalfaoui v. France, Application no. 34791/97, 14.12.1999, § 36, տե՛ս Case of Hirschhorn v. Romania, Application no. 29294/02, 26.07.2007, § 50),

է) «(...) անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճան լինեն, որ վնաս հասցնեն այդ իրավունքի բուն էությանը» (տե՛ս Case of Luordo v. Italy, Application no. 32190/96, 17.07.2003, § 85, տե՛ս Case of Staroszczyk v. Poland, Application no. 59519/00, 22.03.2007, § 124, տե՛ս Case of Stanev v. Bulgaria, Application no. 36760/06, 17.01.2012, § 230),

ը) «(...) եթե դատարանի մատչելիության իրավունքն օրենքով կամ գործնականում սահմանափակված է, ապա Դատարանն ուսումնասիրում է, թե արդյոք այդ սահմանափակումն ազդում է իրավունքի էության վրա և, մասնավորապես, թե արդյոք այն հետապնդում է իրավաչափ նպատակ, և թե արդյոք գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջև կա համաչափության ողջամիտ հարաբերություն»: «(...) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում չի կարող հայտնաբերվել, եթե սահմանափակումը համատեղելի է Դատարանի կողմից սահմանված սկզբունքների հետ» (տե՛ս Case of Ashingdane v. United Kingdom, 14/1983/70/106, App No 8225/78, 1985),

թ) «(...) ընթացակարգային նորմերը կիրառելիս ներպետական դատարանները պետք է խուսափեն և՛ չափազանցված ձևականությունից, որը կազդի ընթացակարգի արդարացիության վրա, և՛ չափազանցված ճկունությունից, որը կհանգեցնի օրենքով սահմանված ընթացակարգային պահանջների վերացմանը (տե՛ս Case of Walchli v. France, Application no. 35787/03, 26.07.2007, § 29, Peca v. Greece (no. 2), Application no. 33067/08, 10.06.2010, § 30),

ժ) «(...) դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի» (տե՛ս Case of Efstathiou and others v. Greece, Application no. 36998/02, 27.07.2006, § 24, տե՛ս Case of Vamvakas v. Greece, Application no. 36970/06, 16.10.2008, § 26, տե՛ս Case of Louli-Georgopoulou v. Greece, Application no. 22756/09, 16.03.2017, § 39) և այլն:

Միաժամանակ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն (այսուհետ նաև` Նախարարների կոմիտե) իր` «Արդարադատության մատչելիության ուղիների վերաբերյալ» թիվ R(81)7 հանձնարարականում նշել է, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ` նպաստելու կամ խրախուսելու կողմերի հաշտությունը կամ վեճի խաղաղ լուծումը, նախքան դատական վարույթի սկսվելը կամ վարույթի ընթացքում (կետ 3):

Մեկ այլ` «Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածության անթույլատրելիության և սահմանափակման միջոցառումների վերաբերյալ» թիվ R(86)12 հանձնարարականով1 Նախարարների կոմիտեն առաջարկել է անդամ պետություններին անհրաժեշտության դեպքում խթանել կողմերի հաշտեցումն ինչպես արտադատական համակարգում, այնպես էլ մինչ դատավարության սկսվելը կամ դրա ընթացքում (կետ 1):

Բացի դրանից, Նախարարների կոմիտեն «Վարչական մարմինների և մասնավոր անձանց միջև առաջացած վեճերի դատական քննության այլընտրանքների մասին» թիվ Rec(2001)9 հանձնարարականով2 խորհուրդ է տվել անդամ պետություններին նպաստել վարչական մարմինների և մասնավոր անձանց միջև առաջացած վեճերի այլընտրանքային միջոցների կիրառմանը (կետ 13):

Միաժամանակ, նույն հանձնարարականով Նախարարների կոմիտեն, որոշումների ներքին վերանայումը համարելով վարչական մարմինների ու մասնավոր անձանց միջև վեճի լուծման այլընտրանքային տարբերակ, սահմանելով, որ որոշումների ներքին վերանայումը սկզբունքորեն պետք է հնարավոր լինի ցանկացած վարչական ակտի առնչությամբ, և դա կարող է վերաբերել ակտի նպատակահարմարությանը և/կամ օրինականությանը, եզրահանգել է, որ «(...) որոշ դեպքերում որոշումների ներքին վերանայումը կարող է պարտադիր լինել որպես դատավարության նախապայման» (Rec(2001)9 հանձնարարական, հավելված, մաս 3, կետ 1):

Վարչական կարգով բողոքարկման` որպես վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն միջոցի սպառման պայմանին է անդրադարձել նաև Նախարարների կոմիտեի՝ «Վարչական ակտերի դատական վերանայման վերաբերյալ» թիվ Rec(2004)20 հանձնարարականը3, որով սահմանվել են վարչական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողության առանձին իրավական չափորոշիչներ: Մասնավորապես, անդրադառնալով դատարանի մատչելիության պայմաններին` Նախարարների կոմիտեն սահմանել է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք առաջացած տարաձայնությունները կարող են լուծել այլ միջոցներով, մինչ դատարան դիմելը: Նույն հանձնարարականով սահմանվել է նաև, որ`

1) «(…) դատարան դիմելը կարող է պայմանավորվել ներպետական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու պայմանով» (կետ 42),

2) «(…) դատական վերանայման իրավունքի հասանելիությունը պետք է լինի արդյունավետ, և պաշտպանության բոլոր միջոցներից օգտվելու պայմանի սահմանումը չպետք է խոչընդոտ հանդիսանա այն անձանց համար, որոնք ցանկանում են վերանայել վարչական ակտը» (կետ 43):

Միևնույն ժամանակ, Նախարարների կոմիտեի՝ «Արդյունավետ վարչարարության վերաբերյալ» թիվ CM/Rec(2007)7 հանձնարարականում օգտագործվող եզրութաբանության և դրանց սահմանումների հիման վրա Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանման կողմից մեկնաբանությունների շրջանակում նախապատրաստված` «Վարչարարությունը և Դուք. Վարչական իրավունքի սկզբունքները` անհատների և պետական մարմինների միջև հարաբերությունների առնչությամբ» ձեռնարկում (2018) վարչական ակտերի ներքին վերանայման սկզբունքի բովանդակությունը բացահայտելիս արձանագրվել է, որ`

ա) «(…) պետական մարմնի կողմից կայացված վարչական որոշման հետևանքով բացասական ազդեցություն կրած յուրաքանչյուր ոք իրավունք ունի պահանջելու այդ որոշման ներքին վերանայում»,

բ) «(…) ներքին վերանայման բնույթը պայմանավորված կլինի վերանայման ենթակա վարչական որոշման տեսակով, և այն պետք է իրականացվի պետական մարմնում գործող իրավասու անձանց կողմից»,

գ) ներքին վերանայումը կարող է լինել նախապայման՝ դատարան բողոք ներկայացնելու համար»,

դ) (...) ներքին վերանայման սկզբունքը հիմնված է այն ենթադրության վրա, որ ներքին վերանայումները նախորդում են դատական վարույթներին, և դա նախընտրելի տարբերակն է, չնայած որոշ իրավական համակարգերում դատարան բողոք ներկայացնելու հետևանքով ներքին վերանայումը կասեցվում է այնքան ժամանակով, քանի դեռ դատարանը բողոքի առնչությամբ որոշում չի կայացրել»4:

Միաժամանակ, արտադատական (վարչական) պաշտպանության միջոցներն սպառելու պարտադիր պայմանի առկայության դեպքում այդ միջոցների արդյունավետ լինելու հրամայականի անհրաժեշտությունն ընդգծվել է նաև Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) «Վարչական արդարադատության մշտադիտարկման (մոնիթորինգի) մասին» ձեռնարկում (2013), որտեղ կատարվել են հետևյալ արձանագրումները. «(…) վարչաիրավական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու պահանջը չպետք է խախտի վարչական արդարադատության իրավունքի էությունը», և «օրինակ` եթե մինչև դատական վարույթը վարչական պաշտպանության միջոցների դիմելը հանգեցնում է տվյալ անձի շահերի անդառնալի վնասի, ապա նման իրավիճակը փաստացի հանդիսանում է անձին դատարանի մատչելիության իրավունքից զրկում» (կետ 4.2.1)5:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ վարչական գործերով այլընտրանքային պաշտպանության միջոցի դիմելու պարտադիրությունն արդիական է որոշ պետություններում6:

Այսպիսով, ընդհանրացնելով արտադատական կարգով պարտադիր բողոքարկման ինստիտուտի կիրառման միջազգային իրավական փորձը` Սահմանադրական դատարանը կարևորել է իրավակարգային այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են՝

- վարչական կարգով բողոքարկումը և դրանով պայմանավորված վեճերի այլընտրանքային լուծումը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր երաշխիքներից է,

- արտադատական կարգով բողոքարկման պարտադիր պահանջի սահմանումը կարող է անհրաժեշտ համարվել, եթե բողոքարկման ընթացակարգերն իրապես արդյունավետ են, հակառակ պարագայում այն կխաթարի անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի էությունն ու կհանդիսանա անհամաչափ խիստ ներգործություն,

- վարչաիրավական պաշտպանության բոլոր միջոցները, այդ թվում՝ արտադատական կարգով բողոքարկման միջոցով սպառելու պահանջը, չպետք է խախտեն վարչական արդարադատության իրավունքի էությունը:

Վերոհիշյալ իրավաչափ նպատակների իրացման անհրաժեշտությունից ելնելով` Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է միջազգային իրավակիրառական պրակտիկայի զարգացման այն միտումը, համաձայն որի` առկա է արտադատական կարգով վարչական ակտերի պարտադիր բողոքարկման ու դրանցով պայմանավորված հանրային վեճերի անմիջական լուծման հնարավորությունն առավելագույնի հասցնելու և մինչդատական այդպիսի ընթացակարգերի պահպանումից հետո միայն դատարան դիմելու իրավունքի իրացման նախապատվություն տալու ընդհանուր միտում:

5.3. Անդրադառնալով սահմանադրաիրավական վեճի առարկա իրավակարգավորումների շրջանակներում վարչական ակտի բողոքարկման արտադատական և դատական ընթացակարգերի կիրառմամբ պայմանավորված՝ անձի իրավունքների պաշտպանության, մասնավորապես` արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների երաշխավորման խնդրին, հաշվի առնելով դիմող կողմի հարցադրումները՝ Սահմանադրական դատարանը կարևորում է բացահայտել՝ արդյո՞ք վիճարկվող իրավակարգավորումներով իրավունքների պաշտպանության արտադատական միջոցները որպես դատական պաշտպանության իրավունքի իրացման նախապայման սահմանելը հետապնդում է իրավաչափ նպատակ, և առկա՞ է արդյոք համաչափություն գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջև` Սահմանադրության 78-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությանը համապատասխան։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասն ուղղակիորեն սահմանում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված՝ որոշակի խումբ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը դատական կարգով վիճարկելու հնարավորություն միայն վարչական կարգով՝ գանգատարկելուց (բողոքարկելուց) հետո: Այսինքն` որոշ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով՝ բացառապես պարտադիր վարչական կարգով գանգատարկելուց (բողոքարկելուց) հետո, ընդ որում՝ վիճարկվող կարգավորումներով ոչ թե ուղղակիորեն սահմանափակված է որոշ վարչական ակտերի դեմ անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը, այլ այն իրացնելու համար նախատեսվել է հատուկ պայման:

Ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ արտադատական պաշտպանության միջոցն սպառելու պարտադիր պայմանի նախատեսումը, այդուհանդերձ, հանդիսանում է դատական պաշտպանության իրավունքի իրացման պարտադիր նախապայման, ինչի արդյունքում անձի համար արդարադատության հասանելիությունն, ըստ էության, «հետաձգվում է» մինչ վարչական կարգով պարտադիր բողոքարկման պահանջի իրացումը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է գնահատել վիճարկվող կարգավորումների համապատասխանությունը դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման համաչափության սահմանադրական սկզբունքին:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը։

Սահմանադրական դատարանը, իր՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման շրջանակներում անդրադառնալով համաչափության սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությանն ու նշանակությանը, փաստել է, որ «Համաչափության սկզբունքի էությունը մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների սահմանափակումն է մասնավոր և հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռության ապահովման միջոցով, և հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին ներկայացվող սահմանադրական պահանջների շարքում այն ունի առանձնահատուկ կարևորություն»:

Հիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը հատկորոշել է նաև համաչափության սկզբունքով պայմանավորված` օրենքով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջները, որոնք են.

«1) սահմանափակման նպատակի լեգիտիմությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը.

2) սահմանափակման համար ընտրված միջոցների`

ա) պիտանիությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.

բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար.

գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

Նախ, անդրադառնալով վարչական ակտի արտադատական կարգով բողոքարկման՝ որպես դատական պաշտպանության իրավունքի իրացման նախապայմանի սահմանման նպատակի լեգիտիմության խնդրին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն հետապնդում է անձանց իրավունքների առավել արդյունավետ և սեղմ ժամկետում պաշտպանության, ինչպես նաև ոչ դատական կարգով հանրային ու մասնավոր շահերի հաշտեցման նպատակ։ Ընդ որում՝ նման նախապայմանի սահմանման երկրորդային նպատակներից է իրապես նաև դատական համակարգի ծանրաբեռնվածության կրճատումը, ինչը ոչ թե ինքնին միակ և գերակա խնդիր է, այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության նպատակին հասնելու միջոցներից մեկը: Հետևաբար՝ արտադատական կարգով բողոքարկման պարտադիրության սահմանմամբ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը ոչ թե հիմնական նպատակ է, այլ անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության հասնելու միջանկյալ նպատակ այն պատճառաբանությամբ, որ դատարանների գերծանրաբեռնվածությունն ուղիղ համեմատական է իրավունքների պաշտպանության արդյունավետության նվազմանը:

Միևնույն ժամանակ, վերոգրյալը չի ենթադրում, որ դատարանների բեռնաթափման նպատակն ինքնին կարող է դրվել ցանկացած իրավունքի սահմանափակման հիմքում և խաթարել դատարանի մատչելիության իրավունքը: Այն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ենթակա է քննարկման և գնահատման՝ համակարգային իրողությունների ամբողջության լույսի ներքո:

Այս առումով Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների համակարգային վերլուծությունը ևս վկայում է այն մասին, որ որոշ դեպքերում դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը համարվել է իրավաչափ նպատակ և, ավելին, այդ համատեքստում ընդգծվել է նաև վեճերի լուծման այլընտրանքային միջոցների կարևորությունը: Մասնավորապես, Սահմանադրական դատարանն իր՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է. «(…) չի բացառվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների կիրառմամբ դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման և/կամ այլ իրավաչափ նպատակ հետապնդող նկատառումներից ելնելով տարբեր արտադատական ինստիտուտների և ընթացակարգերի ներդրումը վեճերի լուծման ներպետական համակարգում: Այդուհանդերձ, դա պետք է իրականացվի դատարանի մատչելիության և արդար դատաքննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումներն այն աստիճանի չսահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցությունը»:

Միաժամանակ, 2019 թվականի դեկտեմբերի 17-ի ՍԴՈ-1497 որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ՝ ««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող՝ 96-րդ հոդվածով սահմանված նախապայմանի հիմնական նպատակն է, մի կողմից՝ վնասի հատուցման հիմնական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական նախադրյալների ստեղծումը՝ հատկապես արտադատական կարգով այդ իրավունքն առավել սեղմ ժամկետում իրականացնելու համար, մյուս կողմից՝ վարչական մարմինների և դատարանների անհարկի ծանրաբեռնման կանխարգելումը»:

Այսպիսով, արտադատական կարգով իրավունքների պաշտպանության միջոցների սպառման պահանջի՝ որպես դատարան դիմելու նախապայմանի օրենսդրորեն սահմանելու նպատակը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, իրավաչափ է, քանի որ դրա հիմնական խնդիրը, մի կողմից, իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ օրենսդրական նախադրյալների ստեղծումն է, հատկապես՝ արտադատական կարգով այդ իրավունքն առավել սեղմ ժամկետում և նվազ ռեսուրսներով իրականացնելու համար, մյուս կողմից՝ ոչ դատական կարգով հանրային ու մասնավոր շահերի հաշտեցումն է, ինչպես նաև արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելու համար դատարանների անհարկի ծանրաբեռնվածության կանխարգելումը:

Հաջորդիվ անդրադառնալով վիճարկվող կարգավորումների նախատեսմամբ օրենսդրի կողմից նախանշված նպատակներին հասնելու համար ընտրված միջոցների պիտանիությանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինների ակտերի, գործողության կամ անգործության մինչդատական կարգով բողոքարկումը կարող է ընկալվել որպես իրավունքների պաշտպանության արագ և արդյունավետ կառուցակարգ, քանի որ, ի համեմատություն դատական պաշտպանության, այդ կառուցակարգի իրականացման ժամանակ բացակայում է բողոքին ներկայացվող խիստ ֆորմալիզացված (ձևականացված) ձևի պահանջը, և կարող է սահմանվել բողոքի քննարկման արդյունքների ամփոփ կարգ, ինչպես նաև բացակայում է բողոք ներկայացնելու համար պետական տուրք կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պահանջը:

Վերոգրյալից բխում է, որ որոշ վարչական ակտերի պարտադիր բողոքարկման սահմանմամբ փորձ է արվում բարձրացնել այդ ակտերի հասցեատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետությունը՝ հաշվի առնելով արտադատական կարգով իրավունքի պաշտպանությունը բնութագրող դրական տարրերը: Բացի դրանից, մինչդատական փուլում անձանց իրավունքների պաշտպանությունը նպաստում է «դատարաններում գործերի կուտակման» կանխարգելմանը՝ դրանով իսկ ապահովելով արդարադատության պատշաճ իրականացումը:

Միևնույն ժամանակ, արտադատական կարգով իրավունքի պաշտպանության կառուցակարգի սահմանումը բխում է նաև հանրային շահից այն հաշվառմամբ, որ անհատի ու պետության միջև առաջացած վեճը հնարավոր կլինի լուծել ոչ դատական ձևաչափով՝ խուսափելով չափազանց բարդ ընթացակարգերից, նպաստելով անհատի և պետական մարմինների փոխգործակցությանը, ինչպես նաև հնարավորություն տալով վարչական մարմիններին ինքնուրույն վերացնել «իրենց սխալները»։ Ավելին, այն հնարավորություն է ընձեռում զերծ մնալ պետական ռեսուրսների անտեղի վատնումից: Ընդ որում՝ վարչական կարգով բողոքարկման համար անձի կողմից ևս ենթադրվում է ռեսուրսների նվազ վատնում՝ ի տարբերություն դատական պաշտպանության իրավունքի իրացման դեպքերի։

Այնուհետև, անդրադառնալով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման համար ընտրված արտադատական պաշտպանության միջոցն սպառած լինելու պայման նախատեսելու անհրաժեշտությանը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում օրենսդիրն արտադատական կարգով բողոքարկման պարտադիր պահանջ է սահմանել միայն որոշ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով, որոնք սահմանված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածով, և որոնց համակարգային վերլուծությունը վկայում է, որ դրանք առավելապես վերաբերելի են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահպանմանը, և այդպիսի գործերի քննությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (նույն օրենսգրքի 224-րդ հոդված):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ տրամաբանորեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումներով գործերն անհամեմատ մեծ թիվ են կազմում, ինչը կարող է հանգեցնել վարչական դատարաններում գործերի անհարկի կուտակման, որի արդյունքում նվազում է արդարադատության պատշաճ իրականացման հնարավորությունը: Ընդ որում` խնդիրը ոչ միայն գործերի կուտակումն է, այլ նաև պետական ռեսուրսների մեծածավալ օգտագործումը7:

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների վերաբերյալ դատական գործերի մեծաքանակությունը վկայում է նաև այն մասին, որ անձանց մեծամասնությունն իրավունքի պաշտպանության դատական ձևն առավել նախընտրելի և «վստահելի» է համարում` չիրացնելով վարչական կարգով բողոքարկման հնարավորությունը: Սահմանադրական դատարանի գնահատմամբ՝ հանրային իշխանության նկատմամբ վստահության պակասն ինքնին չի կարող նսեմացնել վերջիններիս գործունեության արդյունավետությունը։

Նման պայմաններում Օրենսդիրը ողջամտորեն «սահմանափակել է» անձանց դատական պաշտպանության իրավունքը` որոշ վարչական գործերով արտադատական կարգով պաշտպանության միջոցներն սպառելու պայմանի տեսքով` հետապնդելով վկայակոչված խնդիրները լուծելու նպատակ, մասնավորապես` ոչ միայն դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումը, որի արդյունքում երաշխավորվում է նաև արդար դատաքննության տարր հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, այլ նաև նվազ ռեսուրսների կիրառմամբ վեճի լուծումը, ինչը նպաստում է նաև հանրության մոտ պետական մարմինների նկատմամբ վստահության բարձրացմանը:

Անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի իրացման նախապայման հանդիսացող՝ վարչական կարգով բողոքարկման պարտադիրության արդյունավետությանը` մի կողմից հարկ է նկատել, որ վարչական կարգով պարտադիր բողոքարկման պայմանի նախատեսման դեպքում օրենսդիրն ունի պարտականություն՝ ապահովելու այդպիսի պաշտպանության միջոցի արդյունավետությունը` անձի դատական պաշտպանության իրավունքի էությունը խաթարելուց զերծ մնալու նպատակով: Այսինքն` սկզբունքորեն անթույլատրելի է պարտադիր վարչական բողոքարկման այնպիսի միջոցի գոյությունը, որին դիմելը հանգեցնում է այսպես կոչված «դեպի վատթարացում շրջադարձի անթույլատրելիության» (Reformatio in peius) սկզբունքի խախտման:

Վերոգրյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման շրջանակում (Սահմանադրության 50-րդ հոդված) սահմանվում են վարչական մարմինների առջև մասնավոր անձանց իրավական պաշտպանության արդյունավետության հատկանիշներն ու չափանիշները` դրանով իսկ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը բարձրացնելով մեկ այլ` որակապես նոր մակարդակի: Ընդ որում` արդար դատաքննության իրավունքի արդյունավետությունը որոշակիորեն կախված է նաև մինչդատական, նախնական (ex-ante) պաշտպանությունից, որն իրացվում է պատշաճ վարչարարության իրավունքի ընթացակարգային երաշխիքների պահպանման միջոցով` դրանով կանխորոշելով վարչական մարմինների գործունեության արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ ուղենիշները:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի ինչպես վիճարկվող (հոդվ. 287), այնպես էլ համակարգային առումով փոխկապակցված այլ կարգավորումների (հոդվ. 288, 291, 292 և այլն) համակարգային տրամաբանությունից հետևում է, որ օրենսդրությամբ նախատեսված են վարչական բողոքարկման արդյունավետությանն ուղղված այլ ընթացակարգային անհրաժեշտ երաշխիքներ, մասնավորապես՝

ա) բողոքարկման վարույթի ժամկետներն օրենքով հստակորեն կանխորոշված լինելը` ի տարբերություն դատական քննության ժամկետների,

բ) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատը և բողոքն իրավազոր մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից դրանց ստացման օրվանից երեսնօրյա ժամկետում քննելը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ,

գ) վարչական մարմնի կողմից գանգատը ողջ ծավալով քննելը՝ ստուգելով ոչ միայն ակտի օրինականությունը, այլ նաև հիմնավորվածությունը,

դ) վարչական կարգով էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ առավել պարզ եղանակով և սեղմ ժամկետում բողոքարկումն իրականացնելը և այլն:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ վարչական կարգով բողոքարկման համար սահմանված չէ որևէ տեսակի պետական տուրք կամ պարտադիր այլ վճար՝ ի տարբերություն դատարան ներկայացվող հայցադիմումների համար վճարվող պետական տուրքի գումարների: Այս առումով նաև վիճարկվող կարգավորումը նպաստում է դատական ռեսուրսների խնայողությանը: Բացի դրանից, վարչական կարգով բողոքարկման վարույթի վարչական ծախսերը հիմնականում կրում է վարույթն իրականացնող վարչական մարմինը, և պահանջը չբավարարվելու դեպքում ծախսերի փոխհատուցման պարտականությունը չի դրվում անձի վրա:

Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ վարչական կարգով բողոքարկման վարույթում դիմումին ներկայացվող խիստ ֆորմալիզացված (ձևականացված) պահանջները բացակայում են («Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդված)` ի տարբերություն հայցադիմումներին ներկայացվող պահանջների (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդված):

Բացի դրանից, վիճարկման ենթակա ակտը վարչական կարգով կարող է գանգատարկվել ոչ միայն այն ընդունած վարչական մարմին, այլ նաև վարչական մարմնի վերադաս վարչական մարմին կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավասու վարչական մարմին, ինչը քննարկվող դեպքում լրացուցիչ երաշխիք է անձի համար ընտրելու՝ իր բողոքն ակտը կայացրած վարչական մարմի՞ն ներկայացնել, թե՞ վերադաս վարչական մարմին:

Այսպիսով, ընդհանրացնելով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վարչական կարգով մինչդատական պաշտպանության միջոցի սպառման պարտադիր նախապայմանի հետ միաժամանակ առկա են նաև մի շարք օրենսդրական երաշխիքներ, որոնք ընդգծում են այդ միջոցի արդյունավետությունը, ինչը, սակայն, չի բացառում օրենսդրի շարունակական պարտականությունը կատարելագործելու և նպաստելու խնդրո առարկա ինստիտուտի զարգացմանը:

Ինչ վերաբերում է վիճարկվող իրավակարգավորումներով անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման իրավաչափության գնահատման խնդրին, Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ օրենսդրի կողմից ընտրված միջոցը համարժեք է սահմանափակվող իրավունքին այն հաշվառմամբ, որ վիճարկվող կարգավորումներով անձը ոչ թե զրկվում է դատարանի մատչելիության իրավունքից, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 287-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական գանգատարկումից հետո կարող է ողջ ծավալով իրացնել իր դատական պաշտպանության իրավունքը:

Ամփոփելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական կարգով բողոքարկումը՝ իբրև դատական պաշտպանության իրավունքի իրացման նախապայման, համաչափորեն է սահմանափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքը` ապահովելով այլընտրանքային պաշտպանության միջոցի արդյունավետության համար անհրաժեշտ օրենսդրական նախադրյալները:

Միևնույն ժամանակ, պատշաճ վարչարարության իրավունքի երաշխավորման, ինչպես նաև անձի` դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացման համար օրենսդիրը չպետք է սահմանափակվի սոսկ առկա կարգավորումներով և պարտականություն ունի պարբերաբար ձեռնարկելու ողջամիտ քայլեր և անհրաժեշտ միջոցներ՝ վարչական կարգով բողոքարկման արդյունավետությունը բարձրացնելու համար՝ հաշվի առնելով նաև վարչական մարմինների գործունեության փաստացի արդյունավետությունը: Ասվածը վերաբերելի է նաև վարչական մարմիններին, որոնք ի պաշտոնե իրենց գործունեության ընթացքում պետք է ձեռնամուխ լինեն անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխավորմանը։

5.4. Անդրադառնալով վիճարկվող իրավակարգավորումներով արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ դիմողի փաստարկներին` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող կարգավորումներով սահմանափակված է անձանց` դատարանի մատչելիության իրավունքը, հետևաբար՝ տվյալ դեպքում պարտադիր վարչական գանգատարկման նախապայմանի սահմանումն արդար դատաքննության իրավունքի պաշտպանության առարկայական ոլորտում չի գտնվում, ուստիև՝ վիճարկվող կարգավորումներով արդար դատաքննության իրավունքին հակասության մասին խոսք լինել չի կարող:

Բավարար չափով հիմնավոր չեն նաև դիմողի փաստարկները` վիճարկվող կարգավորումներով Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված՝ մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու հանրային իշխանության պարտականությանը հակասելու մասով։ Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանն իր՝ 2021 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴՈ-1612 որոշմամբ արձանագրել է, որ՝ «(...) Սահմանադրությունը, մարդուն ճանաչելով բարձրագույն արժեք՝ կանխորոշել է պետության պարտականությունը՝ հարգել, ապահովել և պաշտպանել մարդու իրավունքները և ազատությունները (հոդվ. 3)։ Այս հիմնարար սկզբունքի հետ անխզելիորեն կապված է մարդու արժանապատվության անօտարելի լինելու սկզբունքը»։

Տվյալ դեպքում դիմողի կողմից վիճարկվող նորմերով ներդրվել է առանձին խումբ վարչական ակտերի պարտադիր կարգով գանգատարկման ինստիտուտը, որն, ինչպես վերը նշվեց, հանդես է գալիս իբրև դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման պայման և համապատասխանում է համաչափության սկզբունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, ուստի՝ դատարանի մատչելիության իրավունքը հարգելու և պաշտպանելու՝ հանրային իշխանության պարտականությունը պատշաճ չիրացնելու վերաբերյալ դիմողի պնդումը հիմնավոր և փաստարկված չէ։

5.5. Այսպիսով ընդհանրացնելով բերված հիմնավորումներն ու եզրահանգումները՝ Սահմանադրական դատարանը կարևորում է հետևյալ արձանագրումը, որ վեճի առարկա իրավակարգավորումներում օրենսդիրը, նախնական նշանակություն հաղորդելով վարչական ակտի բողոքարկման հատկապես արտադատական կարգին, ամենևին էլ չի բացառել դատական պաշտպանության իրավունքը, այլ վերջինիս իրացման համար սահմանել է որոշակի նախապայման, ինչը միտված չէ այդ իրավունքի արգելափակմանը։ Հետևաբար՝ ինքնին հիշյալ իրավակարգավորումը միտված է, նախ, հաստատելու ողջամիտ հարաբերակցություն` վարչական ակտի ընդունմամբ պայմանավորված իրավունքի պաշտպանությունն արտադատական (վարչական) և դատական կարգով իրացնելու երկու իրավական ընթացակարգերի (եղանակների) միջև, ընդ որում՝ վարչական ակտի արտադատական բողոքարկման շրջանակներում ապահովելով հանրային իշխանության իրավասու մարմինների առավել ընդգրկվածություն և պատասխանատվության բարձրացում, ինչպես նաև արդարադատությանն օբյեկտիվորեն տրամադրվող ժամանակի և ռեսուրսների խնայողություն, ինչը համահունչ է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի պահանջներին։

Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորումները սահմանադրական են միայն հետապնդվող հիշյալ իրավական նպատակների շրջանակում, և սահմանադրաիրավական նման նախապայմանի դեպքում իրավունքի պաշտպանության առաջարկվող միջոցները կլինեն պիտանի ու անհրաժեշտ` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1.2-րդ մասը և 79-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

________________________

1 Հասանելի է հետևյալ հղումով` http://hrlibrary.umn.edu/russian/euro/RRec(86)12.html, անգլերեն տարբերակը` https://rm.coe.int/16804f7b86 :

2 Հասանելի է հետևյալ հղումով` https://www.refworld.org.ru/publisher,COEMINISTERS,,,55c464414,0.html, անգլերեն տարբերակը` https://rm.coe.int/16805e2b59:

3 Հասանելի է հետևյալ հղումով` http://ecsocman.hse.ru/data/889/482/1209/%D0%A0%D0%B5%D0%BA%D0%BE%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B4%D0%B0%D1%86%D0%B8%D0%B8%20114-132.pdf,

4 Հասանելի է հետևյալ հղումով` https://rm.coe.int/cmrec-2007-7-of-the-cm-to-ms-on-good-administration /16809f007 c

5 Հասանելի է հետևյալ հղումով` https://fba.se/contentassets/db0b1c481c404e4294a298e97755cbda/handbook-on-administrative-justice_rus.pdf

6 Այսպես՝ վարչական մարմինների բոլոր ակտերի, գործողությունների կամ անգործության արտադատական կարգով պարտադիր բողոքարկման պայման սահմանված է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ վարչական ակտի դատական կարգով բողոքարկում կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ այն վիճարկման առարկա է դարձել արտադատական ընթացակարգով, բացառությամբ որոշ դեպքերի: Կամ, Ռուսաստանի Դաշնության վարչական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը ևս նախատեսում է որոշ խումբ վարչական գործերով վարչական կամ այլ հանրային վեճերի լուծման պարտադիր մինչդատական կարգավորումների առկայության դեպքում այդպիսի ընթացակարգերի պահպանումից հետո միայն դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավորություն: Իսկ Էստոնիայի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի «Մինչդատական վարույթ» վերտառությամբ 47-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ օրենքով կարող է սահմանվել որոշակի տեսակի բողոքները քննելու պարտադիր վարույթ կամ այլ մինչդատական պարտադիր վարույթ, և բողոք կարող է ներկայացվել այն պարագայում, եթե անձը պահպանել է բողոքի քննության համար սահմանված մինչդատական ընթացակարգը և այն ծավալով, որով համապատասխան ժամկետում տվյալ կարգով չի բավարարվել իր բողոքը: Գրեթե համանման կարգավորումներ առկա են նաև այլ երկրների օրենսդրություններում (օրինակ՝ Ղազախստանի Հանրապետության վարչական դատավարաընթացակարգային օրենսգիրք (հոդվ. 9, մաս 3), Ղրղզստանի Հանրապետության վարչական ընթացակարգային օրենսգիրք (հոդվ. 5, մաս 4) և այլն):

7 Այս առումով ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն իր՝ 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ նշել է. «(…) բազմաթիվ են այն գործերը, որոնցով վիճարկվող վարչական ակտերով նշանակված տուգանքների գումարները հիմնականում կազմում են 5.000 ՀՀ դրամ: Դեռ ավելին, պետական մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործերի 91.5 տոկոս հայցվորները ֆիզիկական անձինք են ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության (հայցագինը հիմնականում 5.000 ՀՀ դրամ է), ովքեր, սակայն, նշված 82 գործերի շրջանակներում ազատված են պետական տուրք վճարելու պարտավորությունից, մինչդեռ, ՀՀ ճանապարհային ոստիկանությունը՝ դատարանի կողմից այդ հայցերի բավարարման դեպքում, պարտավորվում է վճարել և պետական տուրքի գումարը՝ ըստ օրենքի 4000 ՀՀ դրամը, և նշված գործերի շրջանակներում պարտավորվում է փոխհատուցել ֆիզիկական անձի ներկայացուցչի՝ փաստաբանի, դատարանի կողմից սահմանված ողջամիտ վարձատրությունը, որն ընտրանքային եղանակով ուսումնասիրված գործերի շրջանակներում կազմում է միջինը 15000 ՀՀ դրամ», էջ 81-82:

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

31 մայիսի 2022 թվականի

ՍԴՈ-1654

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2022 թվական: