ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
Հանրապետության Նախագահի առարկություններով
և առաջարկություններով
«22» հոկտեմբերի 1996 թ.
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1.
Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է միավորումներ կազմելու` անձի սահմանադրական իրավունքի իրականացման ժամանակ ծագող հասարակական հարաբերությունները` կապված հասարակական կազմակերպությունների ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման հետ:
Հոդված 2.
Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունների վրա:
Հոդված 3.
Այլ անձանց հետ հասարակական կազմակերպություններ կազմելու մարդու իրավունքը
Այլ անձանց հետ հասարակական կազմակերպություններ կազմելու մարդու իրավունքը ներառում է հասարակական կազմակերպություն ստեղծելու, նրան անդամակցելու և անդամությունից անարգել դուրս գալու իրավունքները:
Հոդված 4.
Հասարակական կազմակերպությունը
Հասարակական կազմակերպությունը անձանց` շահերի ընդհանրության հիման վրա, հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու նպատակով ստեղծված կամավոր միավորում է:
Հասարակական կազմակերպությունը համարվում է մանկապատանեկան, եթե նրա կանոնադրությամբ նախատեսվում է երեխաների անդամություն և նպատակ է հետապնդում գործունեության ծավալում երեխաների շրջանում:
Հոդված 5.
Հասարակական կազմակերպության ստեղծման և գործունեության սկզբունքները
Հասարակական կազմակերպության ստեղծման և գործունեության սկզբունքներն են` օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը:
Հասարակական կազմակերպությունը ղեկավարվում է իր կանոնադրությամբ, որը չի կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին:
Հասարակական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:
Արգելվում է կուսակցությունների մասնակցությունը մանկապատանեկան հասարակական կազմակերպությունների գործունեությանը:
Արգելվում է զինված ուժերում և իրավապահ մարմիններում հասարակական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:
Հոդված 6.
Հասարակական կազմակերպության հիմնադիրները և անդամները
Հասարակական կազմակերպության հիմնադիր կարող է լինել 18 տարին լրացած անձը կամ հասարակական կազմակերպությունը:
Հասարակական կազմակերպության անդամ կարող է դառնալ 10 տարին լրացած անձը` հասարակական կազմակերպության կանոնադրությանը համապատասխան:
Հասարակական կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած անձը:
Հասարակական կազմակերպության ղեկավար մարմնում ընդգրկված անձինք հասարակական կազմակերպության կողմից կարող են վարձատրվել միայն վերջինիս կանոնադրությամբ նախատեսված կարգով ու դեպքերում:
Հոդված 7.
Հասարակական կազմակերպությունների միությունը
Հասարակական կազմակերպություններն իրենց գործունեությունը համակարգելու, իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում ընդհանուր շահեր ներկայացնելու նպատակով կարող են միավորվել միություններում:
Հասարակական կազմակերպությունների միությունը հասարակական կազմակերպություն է: Միության մեջ միավորված հասարակական կազմակերպությունները պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը:
Միության ստեղծումը, գործունեությունը, վերակազմակերպումը և լուծարումն իրականացվում են սույն օրենքին համապատասխան:
Հոդված 8.
Պետությունը և հասարակական կազմակերպությունը
Պետությունն ապահովում է հասարակական կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից հասարակական կազմակերպության գործունեությանը միջամտելն արգելվում է` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Անձի անդամակցությունը հասարակական կազմակերպությանը չի կարող հանդիսանալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմք, պետական մարմիններում պաշտոն զբաղեցնելու պայման կամ արգելք:
Արգելվում է հասարակական կազմակերպությանն անձի անդամությունը նշելու պահանջը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Հոդված 9.
Հասարակական կազմակերպության ստեղծումը
Հասարակական կազմակերպությունը ստեղծվում է նրա հիմնադիրների (առնվազն երեք ֆիզիկական անձի կամ երկու հասարակական կազմակերպության) նախաձեռնությամբ հրավիրված հիմնադիր համագումարի (համաժողովի) կամ ժողովի որոշմամբ:
Հասարակական կազմակերպությունը հիմնադիր համագումարում (համաժողովում) կամ ժողովում ընդունում է իր կանոնադրությունը, ընտրում է ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններ:
Հոդված 10.
Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը
Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը համագումարը (համաժողովը) կամ ընդհանուր ժողովն է, որն ունի հասարակական կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:
Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը հրավիրվում է ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ:
Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը կարող է որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են անդամների (պատվիրակների) առնվազն կեսից ավելին:
Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությունն է`
1) կանոնադրության ընդունումը և փոփոխումը.
2) ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը.
3) վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
4) լուծարման մասին որոշման ընդունումը:
(10-րդ հոդվածը փոփ. 25.10.99 ՀՕ-17)
Հոդված 11.
Հասարակական կազմակերպության անվանումը, խորհրդանիշը և գտնվելու վայրը
Հասարակական կազմակերպությունն ունի իր անվանումը և կարող է ունենալ խորհրդանիշ:
Հասարակական կազմակերպության անվանումը (անվանման հապավումը) և խորհրդանիշը պետք է տարբերվեն այլ հասարակական կազմակերպության անվանումից (անվանման հապավումից) և խորհրդանիշից:
Հասարակական կազմակերպության անվանումը (անվանման հապավումը) և խորհրդանիշը Հայաստանի Հանրապետության անվանման (անվանման հապավման) և պետական խորհրդանիշների հետ կարող են համընկնել միայն կառավարության որոշմամբ:
Հասարակական կազմակերպության գտնվելու վայր է ճանաչվում նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը:
Հոդված 12.
Հասարակական կազմակերպության կանոնադրությունը
Հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, որը պարտադիր պետք է բովանդակի`
1) անվանումը (անվանման հապավումը), խորհրդանիշի (եթե այն նախատեսվում է) նկարագիրը.
2) գտնվելու վայրը.
3) նպատակները և խնդիրները.
4) անդամագրվելու և անդամությունից դուրս գալու կարգը.
5) անդամների իրավունքները և պարտականությունները.
6) կազմակերպական կառուցվածքը, առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու կարգը.
7) գործունեության տարածքը.
8) բարձրագույն մարմնի հրավիրման կարգը և ժամկետները, իրավազորությունը և որոշումների ընդունման կարգը.
9) ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմնի (մարմինների) իրավասությունը, ընտրության կարգը, լիազորությունների ժամկետը և որոշումների ընդունման կարգը.
10) ղեկավար մարմնի գործունեության նկատմամբ հասարակական կազմակերպության կողմից վերահսկողություն իրականացնելու կարգը.
11) սեփականության գոյացման աղբյուրները և օգտագործման կարգը.
12) տարեկան ընդհանուր ծախսերում կազմակերպչական ծախսերի մասնաբաժնի առավելագույն չափը (տոկոսներով).
13) կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու կարգը.
14) լուծարման և այդ դեպքում գույքի օգտագործման կարգը:
Կանոնադրությունում կարող են նախատեսվել հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ այլ դրույթներ:
Եթե հասարակական կազմակերպության կանոնադրությունը հակասում է նոր ընդունված օրենքներին, ապա հասարակական կազմակերպությունը պարտավոր է բարձրագույն մարմնի առաջիկա նիստում իր կանոնադրությունը համապատասխանեցնել օրենքներին, իսկ մինչ այդ այն շարունակում է գործել օրենքներին համապատասխան:
Հոդված 13.
Հասարակական կազմակերպության առանձնացված ստորաբաժանումները
Հասարակական կազմակերպությունն իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրականացնելու նպատակով կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
Ներկայացուցչություն է համարվում հասարակական կազմակերպության այն առանձնացված ստորաբաժանումը, որը գտնվում է հասարակական կազմակերպության գտնվելու վայրից դուրս, ներկայացնում է հասարակական կազմակերպությունը և իրականացնում նրա շահերի պաշտպանությունը:
Մասնաճյուղ է համարվում հասարակական կազմակերպության այն առանձնացված ստորաբաժանումը, որը գտնվում է հասարակական կազմակերպության գտնվելու վայրից դուրս և իրականացնում է նրա ֆունկցիաները կամ դրանց մի մասը` այդ թվում ներկայացուցչության ֆունկցիաները:
Հասարակական կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներն իրավաբանական անձ չեն, կարող են օժտվել գույքով` իրենց ստեղծող հասարակական կազմակերպության կողմից և գործում են հասարակական կազմակերպության կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:
Հոդված 14.
Հասարակական կազմակերպության պետական գրանցումը
Հասարակական կազմակերպության պետական գրանցումն իրականացնում է արդարադատության նախարարությունը:
Հասարակական կազմակերպությունը պետական գրանցման նպատակով արդարադատության նախարարություն է դիմում հիմնադիր համագումարի (համաժողովի) կամ ժողովի ավարտից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում:
Հասարակական կազմակերպությունը պետական գրանցման նպատակով արդարադատության նախարարություն է ներկայացնում`
1) պետական գրանցման մասին դիմում.
2) հիմնադիր համագումարի (համաժողովի) կամ ժողովի արձանագրության պատճենը.
3) հիմնադիրների անձնագրային տվյալները.
4) կանոնադրության 4 օրինակ` ստորագրված կազմակերպության ղեկավար պաշտոնատար անձի (անձանց) կողմից.
5) ղեկավար պաշտոնատար անձանց անձնագրային տվյալները.
6) փաստաթուղթ` իրեն գտնվելու վայր տրամադրելու համաձայնության մասին.
7) մուծած պետական տուրքի անդորրագիրը:
Հասարակական կազմակերպությունների միությունների գրանցման համար ներկայացվում է նաև հասարակական կազմակերպությունների միություն ստեղծելու մասին հասարակական կազմակերպության համապատասխան մարմնի որոշման պատճենը:
Արդարադատության նախարարությունն անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու մասին գրանցման մատյանում գրառում կատարելուց հետո 30 օրվա ընթացքում պարտավոր է քննարկել հասարակական կազմակերպության պետական գրանցման մասին դիմումը և որոշում կայացնել հասարակական կազմակերպության պետական գրանցման կամ պետական գրանցումը մերժելու մասին: Պետական գրանցման համար սահմանված ժամկետում հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժելու դեպքում հասարակական կազմակերպությունը համարվում է գրանցված: Պետական գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո երեք օրվա ընթացքում արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությանը հանձնում է հասարակական կազմակերպության պետական գրանցման մասին վկայականը կամ պետական գրանցումը մերժելու մասին որոշման պատճենը` նշելով մերժման հիմքերը:
Հասարակական կազմակերպությունը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
Հասարակական կազմակերպության կանոնադրության փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում սույն հոդվածով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
Հոդված 15.
Հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժելը
Հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ սխալ տվյալներ.
2) ներկայացված կանոնադրությունը հակասում է Սահմանադրությանը և օրենքներին.
3) գրանցված է նույն անվանումով (անվանման հապավումով) կամ խորհրդանիշով այլ հասարակական կազմակերպություն.
4) հասարակական կազմակերպությունը ստեղծվել է սույն օրենքով սահմանված պահանջների խախտումով:
Հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է գանգատարկվել դատարան` հիմնադիրների կողմից:
Հոդված 16.
Պետական գրանցման տուրքը
Հասարակական կազմակերպությունն իր և իր կանոնադրության փոփոխությունների պետական գրանցման նպատակով մուծում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 17.
Հասարակական կազմակերպության վերակազմակերպումը
Հասարակական կազմակերպությունների վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը) իրականացվում է նրանց բարձրագույն մարմինների որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Հասարակական կազմակերպությունը համարվում է վերակազմակերպված, բացառությամբ միացման ձևի, նոր առաջացած հասարակական կազմակերպության սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
Հասարակական կազմակերպությունն այլ հասարակական կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպվելիս, նրանցից առաջինը վերակազմակերպված է համարվում միացած հասարակական կազմակերպության գործունեության դադարման մասին արդարադատության նախարարությունում գրանցում կատարելու պահից:
Վերակազմակերպումից հետո նոր կազմավորված հասարակական կազմակերպությունների պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 18.
Հասարակական կազմակերպությունների միաձուլումը
Հասարակական կազմակերպությունների միաձուլում է համարվում նոր հասարակական կազմակերպության ստեղծումը` նրան երկու կամ ավելի միաձուլվող հասարակական կազմակերպությունների իրավունքների և պարտականությունների փոխանցմամբ և միաձուլվող հասարակական կազմակերպությունների գործունեության դադարմամբ:
Հոդված 19.
Հասարակական կազմակերպության միացումը
Մեկ հասարակական կազմակերպությունը մեկ ուրիշ հասարակական կազմակերպության միանալու դեպքում առաջինի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս:
Հոդված 20.
Հասարակական կազմակերպության բաժանումը
Հասարակական կազմակերպության բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր կազմավորված հասարակական կազմակերպություններին:
Հոդված 21.
Հասարակական կազմակերպության վերակազմակերպման դեպքում պարտատերերի իրավունքների երաշխիքները
Հասարակական կազմակերպության վերակազմակերպման մասին որոշում ընդունած մարմինը պարտավոր է հինգ օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնել պարտատերերին:
Վերակազմակերպվող հասարակական կազմակերպության պարտատերն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում և այն պարտավորության դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, որով այդ հասարակական կազմակերպությունը պարտապան է:
Եթե հնարավոր չէ որոշել վերակազմակերպված հասարակական կազմակերպության իրավահաջորդին, ապա նոր կազմավորված հասարակական կազմակերպությունները համապարտ պատասխանատվություն են կրում վերակազմակերպված հասարակական կազմակերպության պարտավորություններով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 22.
Հասարակական կազմակերպության իրավունքները
Հասարակական կազմակերպությունը, իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`
1) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.
2) հիմնադրել լրատվության միջոցներ.
3) կազմակերպել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր.
4) ներկայացնել և պաշտպանել իր և իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում.
5) իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` իր կողմից հիմնադրված ձեռնարկությունների միջոցով:
Հասարակական կազմակերպությունն իրավունք ունի իրականացնել կանոնադրությամբ նախատեսված և օրենքներով չարգելված այլ գործունեություն:
Հոդված 23.
Հասարակական կազմակերպության պարտականությունները
Հասարակական կազմակերպությունը պարտավոր է`
1) հրապարակել իր գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունը.
2) տարին մեկ անգամ արդարադատության նախարարությանը տեղեկացնել իր գործունեության շարունակման մասին.
3) հինգ օրվա ընթացքում արդարադատության նախարարություն ուղարկել իր ղեկավար մարմնի (մարմինների) նորընտիր անդամների անձնագրային տվյալները.
4) արդարադատության նախարարության պահանջով նրան ներկայացնել իր բարձրագույն մարմնի, իսկ պետական արտոնություններից օգտվող հասարակական կազմակերպությունները` նաև ղեկավար մարմնի (մարմինների) և պաշտոնատար անձի (անձանց) որոշումների պատճենները.
5) թույլ տալ արդարադատության նախարարության ներկայացուցչին ներկա լինել իր բարձրագույն մարմնի նիստերին.
6) հինգ օրվա ընթացքում արդարադատության նախարարությանը տեղեկացնել առանձնացված ստորաբաժանում ստեղծելու մասին.
7) վարել իր անդամների հաշվառում:
Հոդված 24.
Հասարակական կազմակերպության սեփականությունը
Հասարակական կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ շենքեր, շինություններ, բնակարանային ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:
Հասարակական կազմակերպության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Հասարակական կազմակերպության անդամը հասարակական կազմակերպության սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:
Հասարակական կազմակերպությունն իր սեփականությունը, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները, օգտագործում է միայն կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար:
Գ Լ ՈՒ Խ 5
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 25.
Հասարակական կազմակերպության պատասխանատվությունը
Հասարակական կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով` օրենքով սահմանված կարգով:
Հասարակական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, իսկ նրա անդամները պատասխանատվություն չեն կրում հասարակական կազմակերպության պարտավորությունների համար:
Հասարակական կազմակերպությունների միությունը պատասխանատու չէ իր կազմի մեջ մտնող հասարակական կազմակերպության պարտավորությունների համար, իսկ միության կազմի մեջ մտնող հասարակական կազմակերպությունը պատասխանատու չէ միության պարտավորությունների համար, եթե միության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
Հասարակական կազմակերպությունը, որն իր անօրինական գործունեությամբ վնաս է հասցրել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պարտավոր է այն հատուցել իր գույքի հաշվին` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 26.
Հասարակական կազմակերպության գործունեության վերահսկողությունը
Հասարակական կազմակերպության գործունեության վերահսկողությունն իրականացնում են արդարադատության նախարարությունը և օրենքով սահմանված դեպքերում` այլ իրավասու պետական մարմինները:
Հասարակական կազմակերպությունը Սահմանադրությունը, օրենքները կամ իր կանոնադրությունը խախտելու դեպքում գրավոր նախազգուշացվում է արդարադատության նախարարության կողմից:
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
Հոդված 27.
Հասարակական կազմակերպության գործունեության կասեցումը
Սահմանադրության, օրենքների կամ հասարակական կազմակերպության կանոնադրության պահանջները խախտելու դեպքում հասարակական կազմակերպության գործունեությունը կարող է կասեցվել դատարանի որոշմամբ` մինչև 6 ամիս ժամկետով:
Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպության գործունեության կասեցման հայցով կարող է դիմել դատարան, եթե իր գրավոր նախազգուշացումից հետո մեկամսյա ժամկետում հասարակական կազմակերպությունը չի վերացրել նշված խախտումները:
Գործունեության կասեցման դեպքում հասարակական կազմակերպությունը կասեցման ամբողջ ժամանակահատվածում չի կարող օգտվել լրատվության միջոցների հիմնադրի իրավունքից, հիմնադրել ձեռնարկություններ, կազմակերպել հանրահավաքներ, երթեր և ցույցեր, օգտագործել բանկային հաշիվներ` բացառությամբ գույքի պահպանության, աշխատանքային պայմանագրերի և տուգանքների վճարման համար անհրաժեշտ ծախսերի:
Հասարակական կազմակերպությունն իր գործունեության կասեցման ժամանակահատվածում պարտավոր է իրականացնել կասեցման հիմքերի վերացմանն ուղղված գործունեություն:
Հոդված 28.
Հասարակական կազմակերպության լուծարումը
Հասարակական կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա դադարմանը` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Հասարակական կազմակերպությունը կարող է լուծարվել իր բարձրագույն մարմնի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ:
Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը հասարակական կազմակերպության լուծարման մասին պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել արդարադատության նախարարությանը, որը հասարակական կազմակերպությունների պետական գրանցման միասնական մատյանում գրառում է կատարում հասարակական կազմակերպության լուծարման գործընթացում գտնվելու մասին:
Հասարակական կազմակերպության բարձրագույն մարմինը արդարադատության նախարարության համաձայնությամբ կազմավորում է լուծարքային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծարման կարգը և ժամկետները:
Հասարակական կազմակերպության լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է նրա կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծում է դատարանը:
Հասարակական կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են օրենքով սահմանված կարգով:
Հոդված 29.
Հասարակական կազմակերպության լուծարումը դատարանի կողմից
Հասարակական կազմակերպությունը կարող է լուծարվել դատարանի որոշմամբ, եթե`
1) նրա գործունեությունը ոտնահարում է անձանց իրավունքները և օրինական շահերը.
2) նրա գործունեությունն ուղղված է սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն և պատերազմ քարոզելուն.
3) գործունեության կասեցման ժամանակահատվածում չի վերացնում խախտումները կամ թույլ է տալիս օրենքի նոր խախտում.
4) հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո պարզվում է, որ գրանցման համար ներկայացվել են կեղծ տեղեկություններ:
Սույն հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությունը լուծարելու մասին հայցով կարող է դիմել դատարան:
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Հոդված 30.
Հասարակական կազմակերպության միջազգային կապերը
Հասարակական կազմակերպությունն իր կանոնադրությանը համապատասխան կարող է անդամակցել միջազգային հասարակական կազմակերպությունների, ունենալ միջազգային կապեր, կնքել համաձայնագրեր օտարերկրյա ոչ առևտրական և ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Հասարակական կազմակերպությունն իր կանոնադրությանը համապատասխան կարող է առանձնացված ստորաբաժանումներ ստեղծել օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 31.
Միջազգային հասարակական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում
Միջազգային հասարակական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով գրանցվում են որպես հասարակական կազմակերպություններ:
Միջազգային հասարակական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքած համաձայնագրերի հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 32.
Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից`
1) ուժը կորցրած ճանաչել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1989 թվականի հոկտեմբերի 30-ի «Քաղաքացիների միավորումների կանոնադրությունները գրանցելու ժամանակավոր կարգի մասին» հրամանագիրը.
2) «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի առաջին մասից հանել «առանց դրանց ղեկավար մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքի, եթե դա չի հակասում այդ կազմակերպությունների կանոնադրություններին» բառերը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
1 նոյեմբերի 1996 թ. ՀՕ-82 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.12.2001, ՀՕ-268 | 27.12.2001, ՀՕ-82 | |
25.10.1999, ՀՕ-17 | 16.12.1999, ՀՕ-82 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|