Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.12.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
24.12.2021
Дата вступления в силу
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

          

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

        

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում   

Քաղաքացիական գործ թիվ  ԵԱՔԴ/5045/02/15

2021 թ.      

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/5045/02/15

Նախագահող դատավոր՝  Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Տ. Նազարյան

 Ն. Բարեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 24-ին

 

 

գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Մինասյանի ընդդեմ «Ալ Համռա Ռիել Իսթեյթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,

             

Պ Ա Ր Զ Ե Ց

               

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վարդան Մինասյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել հողամասը նախկին վիճակին բերելու՝ անհրաժեշտ շինարարական աշխատանքների  իրականացման  համար պահանջվող ծախսերի հատուցման գումարը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 04.10.2018 թվականի վճռով հայցը  բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան, դատավորներ՝ Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 28.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.10.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.08.2019 թվականի  որոշմամբ  Ընկերության  վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ  քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.12.2020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ «ԱՎԱ-2000» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վերաքննիչ բողոքը  բավարարվել  է` Դատարանի 04.10.2018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մինասյանը (ներկայացուցիչ՝ Արմեն  Օհանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Հայկ  Բուզանդյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել 17.06.1998 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական  դատավարության  օրենսգրքի  53-րդ, 205-րդ հոդվածները,  227-րդ հոդվածի 2-րդ  մասի  3-րդ կետը, 362-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  66-րդ  հոդվածը: 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ  դատարանն  անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 18.07.2015 թվականին հարուցված թիվ 14143615 քրեական գործի նյութերի համաձայն՝ 2012 թվականին Ընկերության աշխատակիցները՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ,  քանդել են հողամասի մի մասը՝ պատճառելով գույքային վնաս:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Կազմակերպությունը սույն գործի ելքով պայմանավորված շահագրգիռ անձ չի համարվում և բողոքարկվող դատական ակտով բողոքաբերի որևէ իրավունք չի շոշափվել, ուստի վերջինս չի հանդիսացել բողոք բերելու իրավունք ունեցող  անձ, քանի որ Ընկերությունը հանդիսանալով կառուցապատող, կրում է իր  կողմից իրականացվող շինարարությամբ պատճառված վնասի հատուցման պարտականությունը, ինչը Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով դրվել է բացառապես Ընկերության վրա, որին Կազմակերպությունը որևէ առնչություն  չունի, սակայն որպես արհեստական հիմք դիմողի կողմից վկայակոչվել է 17.09.2009 թվականին  Ընկերության և Կազմակերպության  միջև կնքված շինարարական կապալի  պայմանագիրը: 

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել  վերաքննիչ բողոքով ներկայացվող փաստերն ու գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքի պատասխանում նշված փաստարկները, այդ  թվում՝ Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու օբյեկտիվ շահագրգռվածության բացակայության վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ  օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ վնասը պատճառվել է Ընկերության կողմից 2012 թվականին, մինչդեռ Կազմակերպության շինարարական կապալի պայմանագրի կնքման և կատարման ժամկետը եղել է 2009 թվականը, ինչը նշանակում է, որ Կազմակերպությունը Վարդան Մինասյանին պատճառված վնասի հետ առնչություն չունի,  հետևաբար  Ընկերության կողմից Կազմակերպության նկատմամբ ռեգրեսիվ պահանջ չի կարող ներկայացվել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել  «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԱՔԴ/5045/02/15 քաղաքացիական գործով 04.12.2020 թվականի որոշումը, և փոփոխել` «ԱՎԱ-2000» ՍՊ ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Տվյալ դեպքում Կազմակերպության և Ընկերության միջև 19.09.2009 թվականի շինարարական կապալի պայմանագրի համաձայն՝ Կազմակերպությունը պատվիրատու Ընկերության հանձնարարությամբ պարտավորվել է կատարել հողային աշխատանքներ:

Սույն գործով Դատարանը վճռել է Ընկերությունից հօգուտ Վարդան Մինասյանի բռնագանձել 86.423.900 ՀՀ դրամ՝ որպես սեփականության իրավունքի խախտումները վերացնելու, մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելուն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար պահանջվող գումար: Տվյալ դեպքում Ընկերությունը ձեռք է բերել ռեգրեսի իրավունք և Կազմակերպությանը  ներկայացրել է նախապահանջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) տարածքային ստորաբաժանման՝ 18.08.2004 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1461724 վկայականի համաձայն՝ Վարդան Մինասյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Վերին Անտառային փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող 0,11 հա մակերեսի նկատմամբ գրանցվել է պետական գրանցման միասնական  01006-4-107 մատյանի 00295 համարի տակ (հատոր 1-ին, գ.թ. 7-12):

  2)ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 18.07.2015 թվականին  հարուցված թիվ 14143615 քրեական գործի նյութերի համաձայն՝ 2012 թվականին Ընկերության աշխատակիցները շինարարական աշխատանքներ իրականացնելիս քանդել են Վարդան Մինասյանին  պատկանող հողամասի մի մասը՝ պատճառելով գույքային վնաս  (հատոր  1-ին, գ.թ. 13):

  3) ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 13.10.2015 թվականի թիվ 36871507 Փորձագետի եզրակացության համաձայն՝  Ընկերության կողմից իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող հողամասի բնական վիճակի խախտում, այն է հետազոտվող հողամասից հատվել և տեղափոխվել է 501,6 մ3 ծավալով գրունտի՝ ապարների. զանգված, քանդված հատվածի միջին  մակերեսը կազմում է՝ 149 մ2, որի միջին լայնությունը կազմում է՝ 3,5 մ, երկարությունը՝ 42,6 մ, իսկ բարձրությունն ամենաբարձր հատվածում, կազմում է՝ 8 մ և այն աստիճանաբար նվազում է դեպի հետազոտվող հողամասի ետնամաս, հասնելով զրոյական նիշի: Շինարարական աշխատանքներ կատարելով և վնասելով հետազոտվող հողամասի եզրային հատվածը, տեղի է ունեցել տվյալ հատվածի ապարների ամբողջականության խախտում, որը բերել է բնական հավասարակշռված ուժերի ազդեցության վերաբաշխման, հետևաբար նաև տվյալ հատվածի կայունության խաթարման: Նախաձեռնողի կողմից առաջադրված՝ «Ինչ գործոնի հետևանքով է տեղի ունեցել հողամասի բնական վիճակի խախտումը» հարցի կապակցությամբ կատարված հետազոտություններից երևում է, որ նշված հասցեում գտնվող հողամասի բնական վիճակի խախտումը տեղի է ունեցել կից տարածքում Ընկերության կողմից շինարարական հողային աշխատանքներ կատարելու ժամանակ նշված հողամասի սահմանը խախտելով գրունտի հատման աշխատանքներ կատարելու արդյունքում: Նախաձեռնողի կողմից առաջադրված «Ինչպես և ինչ կոնստրուկցիոն եղանակով է հնարավոր վերականգնել վնասված հողամասի նախկին բնական վիճակը, որպեսզի հնարավոր լինի դրա վերականգնած մասի վրա կառուցեք նվազագույնը հինգ հարկանի բազմաբնակարան շենք և ներկա շուկայական գներով որքան գումարի ծախս է պահանջվում դրա համար» հարցի կապակցությամբ կատարված հետազոտություններից երևում է, որ անհրաժեշտ է կառուցման ենթակա երկաթբետոնյա հենապատը հիմնային հատվածում ամրացնել ապարներին, այդ հենապատի և հողամասի առկա հատվածքի միջնամասում կատարել խամքարբետոնե լիցքի իրականացում ու դրա ամրացում, ինչպես հենապատին, այնպես էլ՝ ապարներին: Բացի այդ, անհրաժեշտ է նաև դրենաժային համակարգի իրականացմամբ կատարել համապատասխան շինարարական միջոցառումներ, տվյալ հատվածից ջրերի հեռացման համար: Նշված լուծումներով շինարարական աշխատանքների իրականացումը հնարավորինս կբերի հողամասի վնասված հատվածի նախկին վիճակի վերականգնմանը, որպիսի պայմաններում վերականգնված հատվածում հնարավոր կլինի իրականացնել նվազագույնը հինգ հարկանի բազմաբնակարան շենքի կառուցումը: Վերոհիշյալ կոնստրուկտիվ կառուցվածքով վիճելի հասցեի հողամասի վնասված հատվածի վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը, տվյալ համալիր փորձաքննության կատարման դրությամբ կարող է կազմել՝ 86.423.900 ՀՀ դրամ  (հատոր 2-րդ, գ.թ.  11-67):

4) Կադաստրի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի՝ 02.02.2018 թվականի թիվ ԿԳ-1/418 տեղեկանքի համաձայն՝ ըստ Կադաստրի Երևանի տարածքային ստորաբաժանումների կողմից տրամադրված տվյալների՝ Վարդան Մինասյանին և Ընկերությանը պատկանող հողամասերն անմիջապես սահմանակից են, դրանց միջև ազատ գոտի առկա չէ  (հատոր 6-րդ, գ.թ. 39-47):

5) «Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի 16.07.2018 թվականի թիվ Ք-072-02-18 եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 20/1 հասցեի հողամասի նախկին տեսքի՝ մայր գրունտի կամ դրան մոտ ֆիզիկամեխանիկական հատկությունների վերականգնման համար անհրաժեշտ ծախսը ներկայիս շուկայական գներով կազմում է 86.750.000 ՀՀ դրամ (հատոր 7-րդ, գ.թ. 65-73):

6) Ընկերության և Կազմակերպության միջև 17.09.2009 թվականին կնքված շինարարական կապալի պայմանագրի համաձայն՝ շինարարական աշխատանքների ժամկետը սահմանվել է 19.09.2009 թվականից մինչև 06.11.2009 թվականը  (հատոր 3-րդ, գ.թ. 93-98):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.  արդյո՞ք 2012 թվականին կատարված շինարարական աշխատանքների հետևանքով վնաս պատճառելու հանգամանքը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարող է վերաբերել 2009 թվականին շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ պայմանագիր կնքած այլ սուբյեկտի իրավունքներին և պարտականություններին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի  361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

Նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: 

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին  մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ  վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարանը), անդրադառնալով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ այն անհրաժեշտ է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որը, ի թիվս այլոց, իրավունքի գերակայությունն ամրագրում է որպես Պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մաս: Իրավունքի գերակայության բաղադրատարրերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն իր հերթին ենթադրում է res judicata սկզբունքի հարգում: Վերջինս էլ նշանակում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջելու վերջնական և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և վեճը նորից լուծելու նպատակով: Գործը վերանայելու՝ վերադաս դատարանի իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման արդյունքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերջնական և կատարման ենթակա դատական ակտի վիճարկումը թույլատրելի է միայն էական և անհետաձգելի հանգամանքների դեպքում (տե՛ս Ռյաբիխն ընդդեմ Ռուսաստանի Եվրոպական դատարանի 24.07.2003 թվականի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետ 51-52):

Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ Եվրոպական դատարանի վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես` գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշռություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին  մասնակից չդարձված  այն անձանց իրավունքների և պարտականությունների միջև, որոնց իրավունքներին և պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Անելիք բանկ» ՓԲԸ-ի և «Երդիկ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ գործին մասնակից չդարձված  անձանց` դատական  ակտը բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին։ 

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն  ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 18.07.2015 թվականին  հարուցված թիվ 14143615 քրեական գործի նյութերի համաձայն՝ 2012 թվականին Ընկերության աշխատակիցները շինարարական աշխատանքներ իրականացնելիս քանդել են Վարդան Մինասյանին պատկանող հողամասի մի մասը՝ պատճառելով գույքային վնաս: 

«Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ-ի 16.07.2018 թվականի թիվ Ք-072-02-18 եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 20/1 հասցեի հողամասի նախկին տեսքի՝ մայր գրունտի կամ դրան մոտ ֆիզիկամեխանիկական հատկությունների վերականգնման համար անհրաժեշտ ծախսը ներկայիս շուկայական գներով կազմում է 86.750.000 ՀՀ դրամ:

Ընկերության և Կազմակերպության միջև 17.09.2009 թվականին կնքված շինարարական  կապալի  պայմանագրի  համաձայն՝ շինարարական աշխատանքների ժամկետը սահմանվել է 19.09.2009 թվականից մինչև 06.11.2009 թվականը:

Վերաքննիչ դատարանը գործին մասնակից չդարձված Կազմակերպության բողոքը բավարարելու հիմքում դրել է Ընկերության և Կազմակերպության միջև 17.09.2009 թվականին կնքված շինարարական կապալի պայմանագիրը և հաստատված է համարել,  որ վիճելի հասցեում գտնվող հողամասում Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծի համաձայն G-H և F մասնաշենքերի հիմքերի փորման, հարթեցման և առաջացած հիմնային տեղափոխման աշխատանքները կատարվել է Կազմակերպության կողմից, հետևաբար հայցի բավարարման հետևանքով  Ընկերությունը ձեռք է բերում հատուցած վնասի չափով հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք Կազմակերպության նկատմամբ։ Հետևաբար այդ մասով  կայացված դատական ակտն առնչվում է Կազմակերպության իրավունքներին և պարտականություններին այնքանով, որքանով այդ աշխատանքները, որոնց կատարման հետևանքով Վարդան Մինասյանին պատճառվել է վնաս, կատարվել են կապալառու Կազմակերպության կողմից, հետևաբար վնասների պատճառման, դրանում վերջինիս մեղքի, վնասի հատուցման և այլ հարցերի կապակցությամբ, այդ թվում՝ վնասի չափն էական են Կազմակերպության  համար, քանի որ վնասը հատուցելու դեպքում բռնագանձված գումարի չափով ռեգրեսի հիմքով Ընկերությունն այն օրենքի ուժով ուղղելու է Կազմակերպության դեմ։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին առ  այն,  որ  հայցի բավարարման  հետևանքով Ընկերությունը ձեռք է բերում հատուցած վնասի չափով հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք Կազմակերպության նկատմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որ 2012 թվականին Կազմակերպությունը որևէ աշխատանք է Կատարել Ընկերության հանձնարարությամբ, իսկ սույն գործի փաստերի համաձայն, այդ թվում՝ ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 18.07.2015 թվականին հարուցված թիվ 14143615 քրեական գործի նյութերով և  օրինական ուժի մեջ մտած դատական  ակտով, հաստատվել է, որ Վարդան Մինասյանին հասցված վնասը պատճառվել է 2012 թվականին Ընկերության կողմից, իսկ այդ ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ Կազմակերպությունն Ընկերության հետ շինարարական կապալի պայմանագիր չի ունեցել, ուստի Ընկերությունը հետադարձ պահանջի (ռեգրեսի)  իրավունք Կազմակերպության նկատմամբ  ձեռք բերել  չի  կարող, ինչից  էլ  հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական  ակտը որևէ  կերպ  չի  առնչվում Կազմակերպության իրավունքներին և  պարտականություններին:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. 

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ  մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

ՀՀ վճռաբեկ դատարանը «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականի որոշմամբ արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված անձինք, օգտվելով գործին մասնակցող անձանց բոլոր իրավունքներից և կրելով գործին մասնակցող անձանց համար սահմանված նույն պարտականությունները, մի կողմից` իրավունք ունեն պահանջելու դատական ծախսերի հատուցում, մյուս կողմից` կարող են նաև կրել գործին մասնակցող անձանց դատական ծախսերի հատուցման պարտականություն՝ դատական ծախսերի բաշխման ընդհանուր կանոնին համապատասխան: 

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի 04.12.2020 թվականի որոշումը ենթակա է բեկանման, որի արդյունքում օրինական ուժ է տրվում Դատարանի 04.10.2018 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը, գտնում է, որ Կազմակերպությունից հօգուտ Վարդան Մինասյանի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2018 թվականի վճռին։

2. «ԱՎԱ-2000» ՍՊԸ-ից հօգուտ Վարդան Մինասյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

            

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

           

24.12.2021 թ.

         

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/5045/02/15 քաղաքացիական գործով  24.12.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

      

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 24.12.2021 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի  (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.12.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Մինասյանի ընդդեմ «Ալ Համռա Ռիել Իսթեյթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել  է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.10.2018 թվականի վճռին։

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանս, Գոռ Հակոբյանս և Հովսեփ Բեդևյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան, Վարդան Մինասյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել հողամասը նախկին վիճակին բերելու՝ անհրաժեշտ շինարարական աշխատանքների  իրականացման  համար պահանջվող ծախսերի հատուցման գումարը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Մազմանյան) (այսուհետ` Դատարան) 04.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան, դատավորներ՝ Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 28.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 04.10.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.08.2019 թվականի  որոշմամբ  Ընկերության  վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Վերաքննիչ  դատարանի 04.12.2020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ «ԱՎԱ-2000» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) վերաքննիչ բողոքը  բավարարվել  է` Դատարանի 04.10.2018 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մինասյանը (ներկայացուցիչ՝ Արմեն  Օհանյան):

Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2020 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 04.10.2018 թվականի վճռին։

Վկայակոչելով և վերլուծության ենթարկելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի  1-ին կետը, նշված իրավանորմի վերաբերյալ Ռյաբիխն ընդդեմ  Ռուսաստանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) 24.07.2003 թվականի վճռով (գանգատ թիվ 52854/99, կետ 51-52), Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչպես նաև վկայակոչելով գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների առնչությամբ դատական ակտ կայացնելու և այդ դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման  վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշմամբ, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ  վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշմամբ, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված  անձանց` դատական  ակտը  բողոքարկելու իրավունքը չի կրում բացարձակ բնույթ և կարող է իրացվել միայն այն ժամանակ, երբ տվյալ դատական ակտով անմիջականորեն խախտվում են գործին մասնակից չդարձված անձի իրավունքները, այսինքն՝ այն ժամանակ, երբ դատական ակտն ուղղակի առնչվում է գործին մասնակից չդարձված անձի իրավունքներին և պարտականություններին։ 

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն  ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Վեորգրյալ իրավական վերլուծությունները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

«(…) սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որ 2012 թվականին Կազմակերպությունը որևէ աշխատանք է Կատարել Ընկերության հանձնարարությամբ, իսկ սույն գործի փաստերի համաձայն, այդ թվում՝ ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 18.07.2015 թվականին հարուցված թիվ 14143615 քրեական գործի նյութերով և օրինական ուժի մեջ մտած դատական  ակտով, հաստատվել է, որ Վարդան Մինասյանին հասցված վնասը պատճառվել է 2012 թվականին Ընկերության կողմից, իսկ այդ ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ Կազմակերպությունն Ընկերության հետ շինարարական կապալի պայմանագիր չի ունեցել, ուստի Ընկերությունը  հետադարձ պահանջի  (ռեգրեսի)  իրավունք  Կազմակերպության  նկատմամբ  ձեռք  բերել  չի  կարող,  ինչից  էլ  հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական  ակտը  որևէ  կերպ  չի  առնչվում  Կազմակերպության իրավունքներին և  պարտականություններին»:

 

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը (տե՛ս, Վճռաբեկ դատարանի որոշման 4-րդ բաժինը), պետք է ենթադրել, որ Վերաքննիչ դատարանին վերագրվող նշված դատավարական խախտումը Վճռաբեկ դատարանը փաստորեն համարել է հաստատված, քանի որ կայացրել է վճռաբեկ բողոքը բավարարելու,  Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և Դատարանի վճռին օրինական ուժ տալու մասին դատական ակտ։

 

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ վերլուծությունների և եզրահանգումների հետ համաձայն չենք հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով դիմելով դատարան՝ Վարդան Մինասյանը պահանջել է վերացնել Ընկերության` տիրապետումից զրկելու հետ չկապված` սեփականության իրավունքի խախտումները։

Դատարանի 04102018 թվականին կայացված վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան, դատավորներ՝ Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան) 28.03.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 04.10.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.08.2019 թվականի  որոշմամբ  Ընկերության  վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Վերաքննիչ  դատարանը 04.12.2020 թվականի որոշմամբ բավարարել  է գործին մասնակից չդարձված անձ Կազմակերպության վերաքննիչ բողոքը, Դատարանի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է և այն չի կարող բեկանվել հետևյալ պատճառաբանությամբ.

Նախևառաջ՝ հարկ ենք համարում նշել, որ սույն գործով կիրառելի են 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) դատավարական կանոնները, քանի որ հայցադիմումը Դատարան է ներկայացվել 2015 թվականին։

Ըստ այդմ, Նախկին օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, ինչպես նաև գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել։

Նախկին օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

Նախկին օրենսգրքի 362-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակից չդարձած անձը դատարանի կողմից ծանուցվել է քննվող գործի վերաբերյալ, սակայն չի դիմել գործի քննությանը ներգրավվելու համար:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսել է դատական ակտի բեկանման հիմքերը, այն է` նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները կամ սխալ կիրառումը: Ավելին՝ դատական ակտը դատավարական իրավունքի նորմերի խախտումների կամ սխալ կիրառման հիմքով ենթակա է բեկանման, եթե նորմի սխալ կիրառումը կամ խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Միաժամանակ օրենսդիրը սահմանել է այն դեպքերի սպառիչ ցանկը, երբ դատական ակտը ենթակա է անվերապահ բեկանման, այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման, թե ոչ: Դրանց թվին է դասվում նաև այն դեպքը, երբ դատական ակտը շոշափում է գործին մասնակից չդարձված անձանց իրավունքները և պարտականությունները:

Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորը հայցադիմումի փաստական հիմքում դրել է այն, որ Ընկերության կողմից կատարված շինարարական աշխատանքների հետևանքով իրեն վնաս է պատճառվել։

Կազմակերպությունը ներկայացված վերաքննիչ բողոքով փաստարկել է, որ վնասի հիմքում ընկած շինարարական աշխատանքները կատարվել են իր կողմից, ուստի հայցի բավարարման հետևանքով Ընկերության մոտ ծագում է ռեգրեսի հնարավորություն և վերջինս հատուցած վնասի սահմաններում կարող է իրեն պահանջ ներկայացնել։ Ընդ որում, վերջինիս փաստարկմամբ նման պահանջ արդեն իսկ ներկայացվել է բողոքաբերին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10711-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով:
Հոդվածից հետևում է, որ անշարժ գույքի կառուցապատման ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով։

Սույն գործի փաստերի հաշվառմամբ գտնում ենք, որ Ընկերության և Կազմակերպության միջև 17.09.2009 թվականին կնքված շինարարական կապալի պայմանագրի համաձայն՝ կապալառուն պարտավորվել է պատվիրատուի հանձնարարությամբ կատարել հողային աշխատանքներ, այն է՝ պատվիրատուին սեփականության իրավունքով պատկանող, ք. Երևան, Անտառային փողոց 160/5 հասցեում գտնվող հողամասում կատարել Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծի համաձայն G-H և F մասնաշենքերի հիմքերի փորման, հարթեցման և առաջացած հիմնահողի տեղափոխման աշխատանքները, իսկ պատվիրատուն պարտավորվել է ընդունել աշխատանքի արդյունքը և վճարել դրա համար (հատոր 8-րդ, գթ 55)։

Այսինքն՝ հաստատված է այն, որ ք. Երևան, Անտառային փողոց 160/5 հասցեում գտնվող հողամասում Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված նախագծի համաձայն G-H և F մասնաշենքերի հիմքերի փորման, հարթեցման և առաջացած հիմնահողի տեղափոխման աշխատանքները կատարվել են Կազմակերպության կողմից, հետևաբար հայցի բավարարման հետևանքով Ընկերությունը ձեռք է բերում հատուցած վնասի չափով Կազմակերպությունից հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք։ Հետևաբար այդ մասով կայացված դատական ակտն առնչվում է Կազմակերպության իրավունքներին և պարտականություններին այնքանով, որքանով այդ աշխատանքները, որոնց կատարման հետևանքով հայցվորին պատճառվել է վնաս, կատարվել են Կազմակերպության կողմից, հետևաբար վնասների պատճառման, դրանում վերջինիս մեղքի, վնասի հատուցման և այլ հարցերի կապակցությամբ, այդ թվում՝ վնասի չափը էական են Կազմակերպության համար։ Քանի որ վնասը հատուցելու դեպքում բռնագանձված գումարի չափով ռեգրեսի հիմքով Ընկերությունն այն օրենքի ուժով ուղղելու է Կազմակերպության դեմ։

Ընդ որում, հարկ ենք համարում ընդգծել, որ վերոգրյալի մասին Դատարանին հայտնել է նաև Ընկերությունը՝ Դատարանին ներկայացնելով Կազմակերպությանը՝ պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու վերաբերյալ միջնորդություն։

Ավելի քան ակնհայտ է, որ սույն գործով քննարկվել է այնպիսի պահանջ, որը բավարարվելու դեպքում այն ռեգրեսի հիմքով ուղղորդված ձևով ազդելու է Կազմակերպության վրա՝ առաջացնելով վերջինիս համար Ընկերությանը վնասի չափով գումար հատուցելու պարտականություն։

Վերոգրյալի հիման վրա հիմնավորված ենք համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Կազմակերպությունը ևս պետք է սույն գործով մասնակից դարձվեր, քանի որ սույն գործի քննությանը մասնակից չդարձվելով, վերջինս զրկվում է գործին մասնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար սահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում էլ խախտվում է վերջինիս՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված և երաշխավորված` հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի այն եզրահանգմանը, որ Վարդան Մինասյանին հասցված վնասը պատճառվել է 2012 թվականին Ընկերության կողմից, իսկ այդ ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ Կազմակերպությունն Ընկերության հետ շինարարական կապալի պայմանագիր չի ունեցել, ուստի Ընկերությունը  հետադարձ պահանջի  (ռեգրեսի)  իրավունք  Կազմակերպության  նկատմամբ  ձեռք  բերել  չի  կարող,  ինչից  էլ  հետևում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական  ակտը  որևէ  կերպ  չի  առնչվում  Կազմակերպության իրավունքներին և  պարտականություններին, ապա հարկ ենք համարում արձանագրել հետևյալը.

Վերոգրյալ եզրահանգումը հիմնավորելու նպատակով Վճռաբեկ դատարանը վկայակոչել է ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 18.07.2015 թվականին հարուցված թիվ 14143615 քրեական գործի նյութերը և օրինական ուժի մեջ մտած դատական  ակտ՝ առանց հղում կատարելու սույն քաղաքացիական գործի համապատասխան այն հատորին և գործ թերթին, որում առկա են նշված նյութերն ու օրինական ուժի մեջ մտած դատական  ակտը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ սույն գործի նյութերում առկա է միայն «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին» ՀՀ  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 18.07.2015 թվականի որոշումը՝ քրեական գործ թիվ 14143615, սակայն նշված քրեական գործի նյութերը սույն գործում առկա չեն, հետևաբար Վճռաբեկ դատարանը չէր կարող սույն գործի նյութերում գոյություն չունեցող  թիվ 14143615 քրեական գործի նյութերի հիման վրա եզրահանգումներ կատարել, առավել ևս հաստատված համարել, որ Վարդան Մինասյանին հասցված վնասը պատճառվել է 2012 թվականին Ընկերության կողմից, իսկ այդ ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ Կազմակերպությունն Ընկերության հետ շինարարական կապալի պայմանագիր չի ունեցել: Բացի այդ, նշված որոշումը փաստում է միայն, որ Ընկերության կողմից Վարդան Մինասյանին  գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն այդ որոշումը բավարար չէ հետևություն անելու այն մասին, թե ինչ ընթացք է ունեցել նշված քրեական գործը, ինչ է պարզվել և հաստատվել քրեական գործի քննության արդյունքներով:

Միևնույն ժամանակ պարզ չէ, թե օրինական ուժի մեջ մտած ինչ դատական ակտի հիման վրա է Վճռաբեկ դատարանը հաստատված համարել, որ Ընկերության կողմից Վարդան Մինասյանին վնասը պատճառվել է 2012 թվականին, իսկ այդ ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ Կազմակերպությունն Ընկերության հետ շինարարական կապալի պայմանագիր չի ունեցել: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի որոշման մեջ չի վկայակոչվել ո՛չ գործի համարը, ո՛չ գործի տեսակը (քրեական, քաղաքացիական, վարչական), որով կայացված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և դրանով հաստատվել են որոշակի փաստական հանգամանքներ: Նման պայմաններում հնարավոր չէ նույնիսկ դատողություններ անել այդ դատական ակտի սույն գործով նախադատելի լինելու կամ այդ դատական ակտով հաստատված հանգամանքները սույն գործով ապացուցման ոչ ենթակա լինելու մասին:

Այսպիսով, գտնում ենք, որ առկա են եղել ծանրակշիռ փաստարկներ և բավարար իրավական հիմքեր Կազմակերպության, որպես գործին մասնակից չդարձված անձի, կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա Դատարանի վճիռը բեկանելու համար, որպիսի իրավաչափ հետևության հանգել է Վերաքննիչ դատարանը:

Նման պայմաններում գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանին չէր կարող վերագրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի խախտում, քանի որ Կազմակերպության վերաքննիչ բողոքի հիման վրա բեկանելով Դատարանի վճիռը և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելով, Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ դատական ակտ, ուստի համաձայն չենք Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և Դատարանի վճռին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի եզրահանգման հետ, հետևաբար գտնում ենք, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վճռաբեկ բողոքը մերժելու և  դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

       

ԴԱՏԱՎՈՐ

ԴԱՏԱՎՈՐ

ԴԱՏԱՎՈՐ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Հ ԲԵԴԵՎՅԱՆ

                

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական: