ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Հիմնական հասկացություններ |
1. Բժշկական օգնություն և սպասարկում` բնակչությանը կանխարգելիչ բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում:
2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակներ ցուցաբերող ֆիզիկական և իրավաբանական անձ, անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն` անկախ կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:
3. Առողջապահական պետական նպատակային ծրագրեր` ամենամյա ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և որոնց ֆինանսավորումն արտահայտված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում:
Առողջապահության պետական նպատակային ամենամյա ծրագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը պետական բյուջեի նախագծի հետ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով: Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են առողջապահության պետական նպատակային ծրագրերին համապատասխան:
(1-ին հոդվածը խմբ. 21.03.00 ՀՕ-43)
Հոդված 2. |
Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակները |
Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակներն են`
ա) առաջնային բժշկական օգնությունը` որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից.
բ) մասնագիտացված բժշկական օգնությունը` որպես ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ:
Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 3. |
Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ձևերը |
Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են`
հիվանդանոցային ձևով, երբ անհրաժեշտ է բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, տևական հսկողություն և հատուկ խնամք.
արտահիվանդանոցային ձևով, երբ դրա իրականացման համար չեն պահանջվում հիվանդանոցային պայմաններ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 4. |
Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մարդու իրավունքը |
Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին:
Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
Հոդված 5. |
Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս |
Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի`
ա) ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին.
բ) ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում.
գ) պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.
դ) իրազեկ լինել իր հիվանդության մասին և համաձայնություն տալ բժշկական միջամտության համար.
ե) հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից.
զ) արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից:
Հոդված 6. |
Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում հասցված վնասի փոխհատուցում ստանալու մարդու իրավունքը |
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ընթացքում իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալ փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 7. |
Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը |
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:
Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից:
18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին:
Հոդված 8. |
Համաձայնություն բժշկական միջամտության համար |
Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:
Բուժողի կամ բուժվողի պահանջով համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր:
18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդին, ինչպես նաև այն դեպքերում, երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից:
Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:
Հոդված 9. |
Մարդու վերարտադրողական իրավունքը |
Յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի`
ա) որոշել իր երեխաների թիվը և նրանց ծնվելու ժամկետները.
բ) անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ և անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:
գ) հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Հղիության արհեստական ընդհատումը և բժշկական ամլացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դրանց բարդությունների և հետևանքների մասին:
(9-րդ հոդվածը լրաց. 06.11.00 ՀՕ-110)
Հոդված 10. |
Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու երեխայի իրավունքը |
Յուրաքանչյուր երեխա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալ անվճար բժշկական օգնություն և սպասարկում:
Հոդված 11. |
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը |
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 12. |
Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները |
Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 13. |
Զինծառայողների և զորակոչիկների բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը |
Զինծառայողները և զորակոչիկներն իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 14. |
Արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները |
Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ բժշկական օգնություն և սպասարկում են ստանում անվճար` պետության կողմից երաշխավորված կարգով:
Հոդված 15. |
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները |
Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
Հոդված 16. |
Բժշկական օգնության և սպասարկման իրականացումը առանց մարդու համաձայնության |
Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 17. |
Բժշկական միջամտությունից հրաժարվելը |
Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն, բացի սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված դեպքերից:
Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը` հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և հավաստվում հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից:
Գ Լ ՈՒ Խ 3
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 18. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները |
Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:
Բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում համապատասխան կրթություն, մասնագիտացում ստացած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու լիցենզիա ստացած անձինք:
Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձանց թույլատրվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել բժշկական գործունեություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`
ա) միավորվել մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցել առողջապահական պետական նպատակային և ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական գործունեության լիցենզավորմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը.
բ) պաշտպանել իրենց մասնագիտական պատիվը և արժանապատվությունը.
գ) ապահովագրել իրենց մասնագիտական գործունեությունը:
Հոդված 19. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են`
ա) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից.
բ) ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին.
գ) յուրաքանչյուրին տեղյակ պահել նրան տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին.
դ) յուրաքանչյուր մարդու կամ բժշկական օգնության համար այլ վճարողների պահանջով տրամադրել անհրաժեշտ տվյալներ հիվանդին ցուցաբերած բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների և այդ նպատակով կատարված ծախսերի մասին.
ե) ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.
զ) ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
է) հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել հիվանդների նկատմամբ:
Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու դեպքում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Հոդված 20. |
Գործունեության առանձնակի տեսակներով զբաղվող մարդկանց պարտադիր բժշկական հետազոտումը |
Առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով, նախքան նրանց աշխատանքի ընդունվելը և աշխատելու ընթացքում պարտավոր են պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գործատուները պարտավոր են հատուցել իրենց աշխատողների պարտադիր բժշկական հետազոտությունների անցկացման ծախսերը:
Հոդված 21. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառումը և կենսաբժշկական հետազոտությունների անցկացումը |
Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս թույլատրվում է նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառում և կենսաբժշկական հետազոտությունների անցկացում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Մարդկանց բուժման նպատակով նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառումը, ցանկացած կենսաբժշկական հետազոտություն կարող է իրականացվել միայն նրանց իրազեկված գրավոր համաձայնության դեպքում:
Մարդը իրավունք ունի հրաժարվել հետազոտությանը մասնակցելուց դրա ցանկացած փուլում:
Հոդված 22. |
Բժշկական փորձաքննությունը |
Մարդկանց առողջական վիճակի որոշման նպատակով հիվանդության, վնասվածքի, աշխատունակության կորստի և այլ դեպքերում կատարվում է բժշկական փորձաքննություն:
Բժշկական փորձաքննության ձևերն են`
- ժամանակավոր անաշխատունակության,
- բժշկասոցիալական,
- ռազմաբժշկական,
- դատաբժշկական:
Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը որոշում է մարդու աշխատանքից ժամանակավոր ազատման անհրաժեշտությունը և ժամկետները` պայմանավորված աշխատողի առողջական վիճակով, նրա ժամանակավոր կամ մշտապես այլ աշխատանքի փոխադրումը, ինչպես նաև մարդու բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման հարցը:
Բժշկասոցիալական փորձաքննությունը որոշում է մարդու աշխատունակության կորստի աստիճանը, հաշմանդամության խումբը և պատճառը, սահմանում է նրա բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման տեսակները, ծավալը և անցկացման ժամկետները, տալիս է երաշխավորություն աշխատանքի տեղավորման համար:
Ռազմաբժշկական փորձաքննությունը որոշում է զինվորական ծառայության անցնելու ենթակա քաղաքացիների, զինծառայողների, պահեստազորի զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված զինծայության պիտանիությունը, հաստատում է զինծառայողների և զինծառայությունից արձակվածների հիվանդությունների, վնասվածքների պատճառահետևանքային կապը զինծառայության հետ, սահմանում է բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման իրականացման տեսակները, ծավալը և ժամկետները:
Դատաբժշկական փորձաքննությունն իրականացվում է իրավասու մարմինների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
Բժշկական փորձաքննության իրականացման, վիճելի դեպքերում կրկնական, լրացուցիչ, ինչպես նաև անկախ բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական փորձաքննության եզրակացության դատական կարգով գանգատարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
(22-րդ հոդվածը փոփ. 11.10.00 ՀՕ-90)
Հոդված 23. |
Էվթանազիայի արգելումը |
Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Էվթանազիան` հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով:
Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 24. |
Ախտաբանաանատոմիական հերձումները |
Ախտաբանաանատոմիական հերձումներն անցկացվում են մահվան պատճառի որոշման և ախտորոշիչ նպատակներով:
Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 25. |
Բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրները |
Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրներն են`
ա) հատկացումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.
բ) ապահովագրական հատուցումները.
գ) մարդկանց անմիջական վճարումները.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացնում է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման երաշխավորված ֆինանսավորում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին` անկախ դրանց կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:
Բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն ապահովագրական հատուցումներով իրականացվում է կնքված ապահովագրական պայմանագրերի համաձայն:
Մարդկանց կողմից անմիջական վճարումներ կատարվում են, եթե մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների և ծավալների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասամբ չի իրականացվում սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ» և «դ» կետերում նշված աղբյուրներից:
Գ Լ ՈՒ Խ 6
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Հոդված 26. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
4 ապրիլի 1996 թվականի, |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|