Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.05.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
25.05.2020
Дата вступления в силу
25.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԴ1/0002/11/18

ԱՐԴ1/0002/11/18

Նախագահող դատավոր՝  Ա. Նիկողոսյան

 

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

2020 թվականի մայիսի 25-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Ժենիկ Լևոնի Հովսեփյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մարտի 20-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում 2016 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 57131916 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ Նիկողոս Արամայիսի Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ Խաչիկ Լևոնի Հովսեփյանը ճանաչվել է տուժող: Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ Ժենիկ Լևոնի Հովսեփյանը ճանաչվել է տուժող Խ.Հովսեփյանի իրավահաջորդ:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, Ն.Անտոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով իրականացված քրեական հետապնդումը դադարեցվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Արմավիրի մարզի դատախազ Վ.Հովհաննիսյանի` 2018 թվականի հունվարի 8-ի որոշմամբ` նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման դեմ Ժ.Հովսեփյանի բողոքը մերժվել է:

2. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ դիմող Ժ.Հովսեփյանի բողոքը բավարարվել է, վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել քրեական գործով տուժող Խ.Հովսեփյանի (տուժողի իրավահաջորդ Ժ.Հովսեփյանի) խախտված իրավունքները:

3. Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մ.Տիգրանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2019 թվականի մարտի 20-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը, առանց ըստ էության քննության առնելու դատախազի բողոքը և հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածին, իր որոշմամբ փաստել է. «(...) [Ե]լնելով դատական ատյանների գործառութային և ինստիտուցիոնալ տարանջատման սկզբունքներից` օրենսդիրը սահմանել է յուրաքանչյուր հաջորդող դատական ատյան բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների տարբերակված շրջանակ, մասնավորապես` վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտել է մեղադրողին և վերադաս դատախազին, ինչն էլ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ որևէ կերպ չի սահմանափակում դատախազի` անսահմանափակ բողոքարկման իրավունքի կենսագործումը, քանզի և՛ մեղադրողը, և՛ վերադաս դատախազը քրեադատավարական օրենսդրության և դատախազության միասնական համակարգի հասկացության իմաստով ևս հանդիսանում են դատախազներ:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մ.Տիգրանյանը տվյալ բողոքի քննության կապակցությամբ չի կարող համարվել ոչ միայն վերադաս դատախազ, այլև մեղադրող, քանզի քրեական գործն ըստ էության լուծման համար դատարանի վարույթում չէ և վերջինս էլ չի հանդիսանում այդ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ: Ասվածն առավել հատկանշական է դառնում այն հանգամանքի լույսի ներքո, որ ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Վ.Հովհաննիսյանն է հենց հանդիսանում իր` 2018 թվականի հունվարի 8-ի բողոքը մերժելու մասին որոշման անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ արտահայտված տեսակետների «սեփականատերը», իսկ օրենսդրի կամքն ուղղված է այն գաղափարին, որ այդ տեսակետներն արտահայտած դատախազի ստորադաս դատախազը չներկայացնի վերաքննիչ բողոք` ի պաշտպանություն վերադաս դատախազի տեսակետների, մինչդեռ այդ որոշումն ըստ էության գնահատման ենթարկած Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մ.Տիգրանյանը (…)»2։

5.1. Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մ.Տիգրանյանը, ով նաև մասնակցել է Առաջին ատյանի դատարանում բողոքի քննությանը3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածը նեղ մեկնաբանելու հետևանքով, սահմանափակել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն իր վերլուծությունների հիմքում, ըստ էության, դրել է այն տրամաբանությունը, համաձայն որի՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրավասու չէ մինչդատական քրեական վարույթն ավարտող՝ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության վիճարկման ընթացակարգում մասնակցելու, քանի որ այդ որոշման դեմ բերված բողոքը վերադաս դատախազի կողմից մերժվել է, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված լիազորությունների տրամաբանությունից։ Հակառակը՝ եթե վերադաս դատախազը մերժել է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված 7-օրյա ժամկետում օրինական համարված որոշման դեմ բերված բողոքը, ապա վերջիններս՝ տվյալ դատախազը և իր վերադաս դատախազը համակարծիք են քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման օրինական և հիմնավոր լինելու հարցում։ Տվյալ դեպքում, ըստ բողոքաբերի, գործառութային տարանջատման սկզբունքի խախտման մասին խոսք լինել չի կարող։

6.1. Բացի այդ, բողոքաբերն անդրադարձել է նաև Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությանն ու պատճառաբանություններին` նշելով, որ Առաջին ատյանի դատարանը, իր հերթին, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ անտեսվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մարտի 20-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մ.Տիգրանյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ։

9. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն` «1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝

(...)

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

(...)

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

(...)

4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը` (…)

22) քրեական հետապնդման մարմիններ` դատախազը (մեղադրողը), (…)

31) դատավարության մասնակիցներ` դատախազը (մեղադրողը) (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն` «1.Դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն (…) բողոքարկում է դատարանի դատավճիռները և այլ վերջնական որոշումները: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է մեղադրող:

(...)

3. Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա, և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1.Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

(...)

11) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ. (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը, (…):»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝ (...)

5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «(…) Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել վերադաս դատախազը»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ` դատախազություն) միասնական համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ):

2. Դատախազությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն) իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազների միջոցով»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1.Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն (այսուհետ՝ հսկողություն), որպես կանոն, իրականացնում է վերադաս դատախազի կողմից նման հանձնարարություն ստացած դատախազը, կամ հսկողությունը ստանձնում է անձամբ վերադաս դատախազը: Ի սկզբանե հսկողություն իրականացնող վերադաս դատախազը կարող է տվյալ քրեական գործով հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի:

2. Հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է և գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության և համաձայնության: (…)»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը կամ վերադաս դատախազի հանձնարարությամբ` այլ դատախազ»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է:

(…)

7. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է վերադաս դատախազը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ` այլ դատախազ:

8. Վերադաս դատախազը վերաքննիչ կամ վճռաբեկ վարույթին մասնակցությունը կարող է հանձնարարել այլ դատախազի (դատախազների):

9. Դատախազի բերած բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը (…)»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հանձնարարականը կամ ցուցումն իրենց իրավասության սահմաններում վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին օրենքով սահմանված կարգով տրված բանավոր կամ գրավոր, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելիս միայն գրավոր հրահանգ է` կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալու որևէ գործողություն կատարելուց»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատախազության գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության և միասնականության ապահովման սկզբունքի վրա»:

10. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակին, Նարեկ Հարությունյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Վ]երաքննության կարգով բողոքարկման ենթակա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով սահմանված` Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտներին օրենսդիրն ըստ բողոքարկման իրավունքի ծավալի տարանջատել է խմբերի։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին նախադասության բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է բողոքարկման իրավունք ունեցող սուբյեկտների ընդհանուր շրջանակը, ովքեր օժտված են բողոքարկման անսահմանափակ իրավունքով։ Այդ սուբյեկտների շարքում ընդգրկված են (...) մեղադրողը կամ վերադաս դատախազը (...)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողը` որպես վերաքննիչ բողոքարկման անսահմանափակ իրավունքով օժտված սուբյեկտ, ներառված է գործն ըստ էության չլուծող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-6-րդ կետերով նախատեսված որոշումները բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակում։ (...)

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մեկնաբանությունը (...) համահունչ է դատախազի կարգավիճակի վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշներին։ Այսպես` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 1-ին հոդվածի համաձայն` դատախազները պետական իշխանությամբ օժտված մարմինների ներկայացուցիչներ են, ովքեր հասարակության անունից և հանուն հանրային շահի ապահովում են օրենքի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտումը հանգեցնում է քրեական սանկցիաների` հաշվի առնելով ինչպես անձի իրավունքները, այնպես էլ քրեական արդարադատության համակարգի պատշաճ արդյունավետությունը։ Հանձնարարականի 2-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ քրեական արդարադատության բոլոր համակարգերում դատախազները կարող են բողոքարկել բոլոր կամ որոշ դատական որոշումներ։ Նշված հանձնարարականի բացատրական նամակում տրված 2-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` դատական որոշումները բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է (...)»4։

11. Դատախազությունը` որպես պետական մարմին, իր առջև դրված խնդիրների իրականացման համար օժտված է պետաիշխանական լիազորություններով, որոնք ամրագրված են օրենսդրությամբ և իրականացվում են այդ մարմնի պաշտոնատար անձանց` դատախազների միջոցով։ Միևնույն ժամանակ, դատախազությանը բնորոշ առանցքային հատկանիշներից է դատախազության մարմինների միասնականությունը։

Դատախազության միասնականության սկզբունքը, որը նաև անմիջականորեն ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում, նշանակում է, որ դատախազության ամբողջ համակարգը կազմակերպվում է միևնույն սկզբունքներով, ղեկավարվում է միևնույն օրենսդրությամբ, հետապնդում է միևնույն նպատակները և լուծում է միևնույն խնդիրները: Բոլոր դատախազները, իրենց վերապահված իրավասության շրջանակում, իրականացնում են ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դատախազության բոլոր լիազորությունները: Այսինքն` յուրաքանչյուր դատախազ իր իրավասության շրջանակներում օժտված է միևնույն լիազորություններով և դրանց իրականացման իրավական միջոցներով:

12. Սույն որոշման 9-րդ կետում վկայակոչված իրավադրույթներից հետևում է, որ դատախազության միասնականության սկզբունքի համատեքստում յուրաքանչյուր դատախազ`

- իրավասու է հսկողություն իրականացնել քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ և բողոքարկել դատարանների դատական ակտերը,

- իրավասու է քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն որոշումներ ընդունել` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա, և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար,

- գործի քննությանը մասնակցելիս` պարտավոր է բողոքարկել այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է:

Նշվածի համատեքստում հարկ է նկատել, որ սույն որոշման 9-րդ կետում վկայակոչված իրավադրույթների համալիր վերլուծությունից հետևում է, որ դատարանների դատական ակտերը բողոքարկելու իրավասությամբ դատախազության միասնական համակարգում օժտված են դատավարությանը մասնակցած դատախազները, ովքեր նաև լիազորված են մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնել, և հետագայում, գործը դատարան ուղարկելու դեպքում, որպես կանոն, հենց իրենք էլ իրականացնում են դատարանում մեղադրանքի պաշտպանությունը և հանդես գալիս որպես մեղադրող։ Այսինքն` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի իրավական կարգավիճակը քրեական գործը դատարան ուղարկելու հետ մեկտեղ վերաճում է մեղադրողի իրավական կարգավիճակի։ Հենց այդ հանգամանքով է պայմանավորված նաև այն, որ օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում «դատախազ» և «մեղադրող» եզրույթներն ամրագրում է որպես համասեռ հասկացություններ և «մեղադրող» եզրույթը փակագծերի մեջ ներառելով, ըստ էության, այն դիտարկում որպես «դատախազ» եզրույթի այլընտրանք։

Բացի այդ, քրեական դատավարությունում «մեղադրող» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելնել նաև այդ եզրույթի ընդհանուր հասկացությունից («generalia verba sunt generaliter intelligenda» իրավամեկնաբանման հնարք)։ Այսինքն` «մեղադրող» եզրույթը պետք է մեկնաբանել նաև հաշվի առնելով դրա` ընդհանուր առմամբ ընկալելի բուն իմաստը։ Այդ առումով «մեղադրող» եզրույթը մեկնաբանելիս պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր մեղադրող ընդհանուր առմամբ նախևառաջ հանդիսանում է դատախազ (ինչպես օրինակ` յուրաքանչյուր պաշտպան նախևառաջ հանդիսանում է փաստաբան)։ Այլ կերպ, յուրաքանչյուր մեղադրողի «բազային» կարգավիճակը ներառում է դատախազ լինելու պայմանը։ Այդ համատեքստում պետք է հաշվի առնել, որ դատախազի և մեղադրողի դատավարական կարգավիճակները` իրենց սահմանադրական գործառույթներով և դատավարական լիազորություններով ըստ էության նույնանում են` այն տարբերությամբ, որ պայմանավորված դատավարական փուլերով՝ մեղադրողը հանդես է գալիս դատարանում՝ մեղադրանքը պաշտպանելու սահմանադրական գործառույթն իրացնելիս։ Սակայն, բոլոր դեպքերում, թե՛ դատախազը, թե՛ մեղադրողն օժտված են դատական ակտերի բողոքարկման անսահմանափակ իրավունքով։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում` Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող մեղադրողի դատավարական կարգավիճակի ներքո պետք է դիտարկել նաև այն դատախազին, ով հսկողություն է իրականացրել քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ և հետագայում, քրեական գործը դատարան ուղարկելիս, որպես կանոն, նշված գործերով հանդես է գալու մեղադրողի դատավարական կարգավիճակով։ Միաժամանակ, հարկ է նշել, որ մեղադրողի դատավարական կարգավիճակի ներքո պետք է դիտարկել նաև այն դատախազին, ով թեև հսկողություն չի իրականացրել մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ, սակայն վերադաս դատախազի կողմից լիազորված է եղել մասնակցելու դատավարությանը, որպիսի պայմաններում, որպես դատավարությանը մասնակցող դատախազ, օրենքի ուժով (ex lege) լիազորված է վերաքննիչ բողոք բերել Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ և արտահայտել իր անհամաձայնությունը` իր մասնակցությամբ տեղի ունեցած դատավարության արդյունքում կայացված դատական ակտի հետ։

Վերը նշված մոտեցումները համապատասխանում են նաև Նարեկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումներին, որոնցով մեղադրողի դատավարական կարգավիճակ ունեցող դատախազը մեկնաբանվել է որպես առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները վերաքննության կարգով բողոքարկելու իրավասություն ունեցող սուբյեկտ։ Ավելին, հարկ է նկատել, որ այդպիսի մեկնաբանությունը համապատասխանում է նաև նույն որոշման մեջ վկայակոչված` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի՝ «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականում և դրա բացատրական նամակում տրված` դատական որոշումները բողոքարկելու դատախազի իրավունքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումներին։

13. Վերը նշվածի պայմաններում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հակառակ դեպքում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում նշված` Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու սուբյեկտներ ենթադրող «մեղադրող» կամ «վերադաս դատախազ» եզրույթները ենթարկվեն ինքնավար մեկնաբանության և մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված դատական ակտերի դեմ բողոք բերելու իրավասությունը վերագրվի բացառապես վերադաս դատախազին, ապա որոշ դեպքերում կարող է վտանգվել բողոք բերելու իրավասություն ունեցող սուբյեկտների դասակարգման հիմքում օրենսդրի կողմից դրված տրամաբանությունը, որը տարբերակվում է` պայմանավորված դատական ատյանների գործառութային և ինստիտուցիոնալ առանձնահատկություններով (օրինակ` դատախազական հսկողության կառուցակարգով ՀՀ գլխավոր դատախազի կողմից բողոքը քննության առնելու դեպքում կարող է ստեղծվել այնպիսի անտրամաբանական վիճակ, երբ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավասությամբ օժտված լինի բացառապես ՀՀ գլխավոր դատախազը՝ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավասությամբ օժտված են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները)։

Բացի այդ, հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի այդպիսի մեկնաբանությունը նաև կարող է խնդրահարույց համարվել այն տեսանկյունից, որ եթե օրենսդիրը նպատակ հետապնդեր բողոքարկման իրավասություն վերապահել բացառապես վերադաս դատախազին, ապա նույն տրամաբանությունը պետք է կիրառվեր քրեական գործով առաջին ատյանի դատարանի դատավճռի բողոքարկման դեպքում։ Այլ կերպ, պայմանավորված գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի բողոքարկման կառուցակարգում տարբերակված մոտեցում դրսևորելու օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի բացակայությամբ` օրենսդիրը նույնկերպ պետք է դատավճիռների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավասությունը վերապահեր վերադաս դատախազին։ Մինչդեռ, օրենսդիրը դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ դիտարկում է նաև դատարանում քրեական գործի ըստ էության քննությանը մասնակցած դատախազին (մեղադրողին), ով, ինչպես վերը նշվեց, իր դատավարական կարգավիճակով (իրավունքներով և պարտականություններով) ըստ էության նույնանում է քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի դատավարական կարգավիճակի հետ։ Նման պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում տրված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավասություն ունեցող «մեղադրող» և «վերադաս դատախազ» հասկացությունները չեն կարող դիտարկվել որպես դատախազի կողմից բողոք բերելու իրավասության բացառման և օրենսդրի կողմից հատուկ՝ տարբերակված կարգավորման սահմանման դրսևորում։ Այսինքն՝ տվյալ համատեքստում, ընդհանուր կարգավորման նկատմամբ հատուկ կարգավորման նախապատվության («Lex specialis derogat generali») իրավամեկնաբանման հնարքը կիրառվել չի կարող։

14. Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով վերադաս դատախազի և ստորադաս դատախազի փոխհարաբերություններին ու գործով ստորադաս դատախազի կողմից վերադաս դատախազի տեսակետը դատարանում ներկայացնելու հնարավորությանը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատախազության մարմինների միասնականության սկզբունքի հետ սերտ կապի մեջ է գտնվում նաև կենտրոնացվածության սկզբունքը։ Մասնավորապես, այդ սկզբունքի համատեքստում`

- յուրաքանչյուր դատախազ պատասխանատվություն է կրում իր ենթակայության տակ գտնվող դատախազների աշխատանքի համար,

- օրենքով նախատեսված դեպքերում իր լիազորությունների իրականացման ընթացքում դատախազը կարող է փոխարինվել մեկ այլ դատախազով կամ վերադաս դատախազը կարող է իր վրա վերցնել ստորադաս դատախազի պարտականությունների կատարումը,

- վերադաս դատախազը լիազորված է ստորադաս դատախազին տալ գրավոր կամ բանավոր հանձնարարական, ցուցում կամ հրահանգ` կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալու որևէ գործողություն կատարելուց,

- բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք է բերել վերադաս դատախազը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ` այլ դատախազ,

- վերադաս դատախազը վերաքննիչ կամ վճռաբեկ վարույթին մասնակցությունը կարող է հանձնարարել այլ դատախազի (դատախազների):

Վերոնշյալի լույսի ներքո պետք է փաստել, որ «վերադաս դատախազ» և «ստորադաս դատախազ» փոխհարաբերությունները հստակ կանոնակարգված են և կենտրոնացվածության սկզբունքի շրջանակներում ստորադաս դատախազը իրավասու է ներկայացնել նաև վերադաս դատախազի տեսակետը, այդ թվում` վերաքննիչ բողոքարկման կառուցակարգի շրջանակներում։ Ընդ որում, այս առումով ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերադաս դատախազը ստորադաս դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքի հետ համաձայն չլինելու դեպքում օժտված է այն հետ վերցնելու լիազորությամբ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մաս, «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 9-րդ մաս): Նշված քրեադատավարական երաշխիքը բացառում է բոլոր այն հնարավոր «մտահոգությունները», որոնք կարող են առաջանալ վերադաս դատախազի և ստորադաս դատախազի փոխհարաբերությունների ու գործով ստորադաս դատախազի կողմից վերադաս դատախազի տեսակետը դատարանում ներկայացնելու հնարավորության հետ։

15. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը ներառում է նաև մեղադրողի դատավարական կարգավիճակին համարժեք` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև որպես դատավարության մասնակից` վերադաս դատախազի կողմից լիազորված այլ դատախազին։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Նախաքննության մարմնի՝ քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման դեմ Ժ.Հովսեփյանի բողոքը Արմավիրի մարզի դատախազ Վ.Հովհաննիսյանի` 2018 թվականի հունվարի 8-ի որոշմամբ մերժվել է5,

- Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ դիմող Ժ.Հովսեփյանի բողոքը բավարարվել է, վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնել քրեական գործով տուժող Խ.Հովսեփյանի (տուժողի իրավահաջորդ Ժ.Հովսեփյանի) խախտված իրավունքները6: Առաջին ատյանի դատարանում գործի քննությանը մասնակցել է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած՝ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մ.Տիգրանյանը7,

- Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մ.Տիգրանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողելով օրինական ուժի մեջ՝ ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մ.Տիգրանյանի` վերաքննիչ բողոք ներկայացնելու ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու պատճառաբանությամբ8:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի` քրեական գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն վերադաս դատախազը, հակասում է տվյալ իրավանորմը սահմանելիս օրենսդրի կամքին, դատախազության մարմինների միասնականության և կենտրոնացվածության սկզբունքներին, անհարկի սահմանափակում է դատախազի՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Մ.Տիգրանյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ, հիմնավոր չէ։

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 20-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության9: Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը, այդ թվում` բողոքաբերի` սույն որոշման 6.1-րդ կետում բարձրացրած փաստարկները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Ժենիկ Լևոնի Հովսեփյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մարտի 20-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 38-44:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 86-88, հավելված, թերթեր 105, 127, 174-175, 191, 203, 209։

4 Տե՛ս Նարեկ Հարությունյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշման 14.1-15-րդ կետերը:

5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

6 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9 Տե՛ս, mutatis mutandis, Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան