Գլխավոր տեղեկություն
Номер
N 724-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 20.05.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.05.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.05.2022
Дата вступления в силу
21.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2022 թվականի N 724-Լ

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-236-14.04.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

19.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-236-14.04.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) վերաբերյալ ներկայացնում է իր առաջարկությունները:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք հանել, նկատի ունենալով, որ այդ մասում արդեն իսկ նշված է, որ դիվանագիտական ծառայությունն իրականացնում են դիվանագետները:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը քաղաքացիական ծառայող է։»:

3. Նախագծի 5-րդ հոդվածը, առկա օրենսդրական բացի պատճառով խնդրահարույց իրավիճակները բացառելու նպատակով առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5․ Մինչև օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնում նշանակվելը դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցրած անձը պաշտոնավարության ավարտից հետո գրանցվում է դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում՝ դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում դիվանագետներին գրանցելու և ռեզերվից հանելու կարգին համապատասխան։»։

4․ Նախագծի 6-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1-ին մասով.

«1) Արտաքին գործերի նախարարության համակարգի պաշտոնները դասակարգվում են ըստ քաղաքական, վարչական, հայեցողական պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների».

2) 1-ին մասը համարակալել որպես 2-րդ մաս և «հիմնական» բառը փոխարինել «հիմնական մասնագիտական» բառերով՝ նկատի ունենալով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի կառուցվածքային ստորաբաժանումները դասակարգվում են երկու տեսակի՝ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«4) 7-րդ մասում 2-րդ կետը դարձնել 3-րդ կետ և շարադրել՝ «արտակարգ դեսպանորդ լիազոր նախարար», 3-րդ կետը դարձնել 2-րդ կետ, իսկ 7-րդ կետը՝ հանել։»:

Առաջարկված փոփոխությունը պայմանավորված է տեխնիկական վրիպակի ուղղման անհրաժեշտությամբ, քանի որ, երբ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքի է նշանակվում արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի պաշտոն զբաղեցնող դիվանագետը, որը գործող օրենքով ավելի բարձր պաշտոն է համարվում, քան Գլխավոր հյուպատոսի պաշտոնը, որը նույնպես դիվանագիտական ծառայության պաշտոն է, ուստի անհրաժեշտություն է առաջացել տալ համապատասխան կարգավորում՝ դիվանագիտական ծառայության մարմնում ղեկավարման հետ հարաբերությունները կարգավորելու համար.

4) ներկայացված առաջարկությունների արդյունքով 2-րդ մասը համարակալել որպես 4-րդ մաս։

5․ Նախագծի 7-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5․ Դիվանագիտական աստիճաններն են`

1) ավագ խորհրդականի աստիճանը.

2) խորհրդականի աստիճանը.

3) առաջին քարտուղարի աստիճանը.

4) երկրորդ քարտուղարի աստիճանը.

5) երրորդ քարտուղարի աստիճանը.

6) կցորդի աստիճանը։»:

Առաջարկության նպատակը դիվանագիտական աստիճանները համաշխարհային պրակտիկայում ընդունված դիվանագիտական աստիճաններին համահունչ դարձնելն է։

6․ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից առաջարկում ենք հանել «երկրորդ դասի» բառերը։ Առաջարկությունը բխում է նախկին առաջարկություններից:

7. Նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ և 10-րդ հոդվածներով.

«Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ռոտացիայի կարգը և դրա համար հավասարազոր պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:

Հոդված 10. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին մասով.

«3.1) Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետում հիշատակված անձինք։»։

Առաջարկությունը պայմանավորված է կարգավորումները գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու հանգամանքով և բխում է նախագծի 5-րդ հոդվածում կատարված՝ կադրերի ռեզերվում գրանցելու մասին առաջարկությունից:

Ըստ այդմ հոդվածների համարակալումն անհրաժեշտ է վերանայել:

8․ Նախագծի 10-րդ հոդվածը համարակալել որպես 12-րդ հոդված և փոփոխվող հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 50․ Դիվանագիտական անձնագրի տրամադրման, մերժման և անվավեր ճանաչման կարգը

1. Դիվանագիտական անձնագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով։

2. Դիվանագիտական անձնագրի տրամադրման ժամկետների առումով սույն օրենքի իմաստով գործում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները։

3․ Դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է, եթե՝

1) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

2) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

3) դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, բացառությամբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ անձին դիվանագիտական անձնագրի տրամադրման դեպքի։

4. Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում՝ պաշտոնավարման ավարտից հետո 10-օրյա ժամկետում:

Օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության ավարտից հետո Հայաստանի Հանրապետություն վերադարձած դիվանագետների ընտանիքի անդամներն իրենց դիվանագիտական անձնագրերն ի պահ են հանձնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում՝ վերադառնալուց հետո 5-օրյա ժամկետում:

5. Սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջներին համապատասխան` չհանձնված, ինչպես նաև կորած, կեղծված․ սույն օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճանաչում է անվավեր:

6. Դիվանագիտական անձնագիր տալու, հաշվառելու, մերժելու, հետ վերցնելու և անվավեր հայտարարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»։

9․ Նախագծի 11-րդ հոդվածից առաջ ավելացնել հետևյալ առաջարկությունը.

«Հոդված 13. Օրենքի 52-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1․ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը (այսուհետ` դիվանագիտական դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2․1-ին մասով.

«2.1. Դիվանագիտական դպրոցում ուսանելու ժամանակաշրջանը դիվանագիտական դպրոցի շրջանավարտի՝ դիվանագիտական ծառայության պաշտոնի ըստ կարգի նշանակվելու դեպքում ներառվում է դիվանագիտական ծառայության ստաժում։»:

Առաջին մասով ներկայացված առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենսդրությամբ դիվանագիտական դպրոցն ունի ՊՈԱԿ-ի կարգավիճակ, ինչը սահմանափակում է դիվանագիտական դպրոցի կողմից ֆինանսական այլ միջոցների ներգրավումը, տնօրինումը, ինչի հետևանքով սահմանափակվում է դիվանագիտական դպրոցի կողմից առաջարկված ծրագրերի, վերապատրաստման դասընթացների իրականացումը։

Երկրորդ մասով ներկայացված առաջարկության նպատակը դիվանագետի աշխատանքային հարաբերությունների առավել համապարփակ կարգավորումն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիվանագիտական դպրոցում ուսանելու ժամանակահատվածը բովանդակային առումով հանդիսանում է դիվանագետին աշխատանքի ընթացքում ձեռք բերած ստաժին՝ գիտելիքների և հմտությունների առումով, ինչը հնարավորություն է տալիս նորանշանակ դիվանագետին դիմել հերթական ատեստավորման համար նշանակումից հետո առավել կարճ ժամկետում:

10․ Նախագծի 11-րդ հոդվածը համարակալել որպես 14-րդ հոդված և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) մինչև այն ուժի մեջ մտնելն ստացված դիվանագիտական աստիճանները պահպանվում են։ Այն դիվանագետներին, որոնք օրենքի գործող կարգավորումներով սահմանված կարգով արդեն իսկ ծառայել են այն ժամկետով, որով վերջիններիս կարող էր շնորհվել հերթական դիվանագիտական աստիճան, սակայն դեռ չի շնորհվել, շնորհվում է հերթական դիվանագիտական աստիճան․

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող դիվանագետները շարունակում են պաշտոնավարել իրենց պաշտոններում՝ մինչև մեկ տարվա ընթացքում նրանց տեղափոխումը նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ կամ ենթակա մարմին համապատասխան դիվանագիտական պաշտոնների.

3) երկրորդ դասի խորհրդականին շնորհվում է խորհրդականի դասային աստիճան, իսկ առաջին դասի խորհրդականին՝ ավագ խորհրդականի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.

4) առաջին և երկրորդ դասերի երկրորդ քարտուղարի դասային աստիճան ունեցողներին շնորհվում է երկրորդ քարտուղարի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.

5) առաջին և երկրորդ դասերի առաջին քարտուղարի դասային աստիճան ունեցողներին շնորհվում է առաջին քարտուղարի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.

6) արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհման համար կարող են դիմել միայն այն դիվանագետները, որոնց դեպքում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դա չի իրականացվել։»։

Առաջարկը բխում է ԱԳՆ բազմամյա գործունեության փորձից և դիվանագետների կարիքների առավել արդարացի և արդյունավետ բավարարման սկզբունքից՝ հաշվի առնելով նաև իրավական կարգավորումների համար անհրաժեշտ ժամանակահատվածները։