Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.03.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
30.03.2007
Дата вступления в силу
30.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 3-608(ՎԴ)

Քաղաքացիական գործ թիվ 3-608(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Դատավորներ՝

Կ. Հակոբյան

Վ. Ավանեսյան

 

Քաղաքացիական գործ թիվ 06-3761

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի մարտի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2006 թվականի վճռի դեմ ըստ հայցի Հերիքնազ Կարապետյանի ընդդեմ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ ազատման հրամանն անվավեր ճանաչելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին թիվ 06-3761 քաղաքացիական գործով,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Հայցվորը դիմելով դատարան, խնդրել է իր մասով անվավեր ճանաչել 01.07.2005 թվականի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ազատման հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես տարրական դասարանների դասվար։

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.12.2005 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը։

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ, 342-րդ հոդվածների պահանջները, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով։

Հայցվորը 1975 թվականից աշխատել է պատասխանող կազմակերպությունում։ 01.07.2005 թվականի թիվ 24 հրամանով Հերիքնազ Կարապետյանն ազատվել է աշխատանքից՝ դասաժամերի կրճատման և համապատասխան մասնագիտական կրթություն չունենալու հիմքով։ Ազատման հրամանը Հ.Կարապետյանը ստացել է 07.07.2005 թվականին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ.Կարապետյանը 07.07.2005 թվականին ստանալով աշխատանքից ազատման մասին 01.07.2005 թվականի հրամանը, դատարան է դիմել 29.11.2005 թվականին, դատաքննության ընթացքում պատասխանող կողմը գրավոր միջնորդությամբ խնդրել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել։

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ հայցվորը հայցային վաղեմության ժամկետը բաց է թողել տարբեր պետական մարմինների դիմելու պատճառով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի հիմքով նշված ժամկետի բաց թողումը հարգելի է ճանաչել և այն վերականգնել է։ Սակայն Հ.Կարապետյանին հասցեագրված ՀՀ կրթության և գիտության նախարարության 07.10.2005 թվականի գրության բովանդակությունից պարզ է դառնում, որ հայցվորը ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և ՀՀ կրթության և գիտության նախարարություն դիմել է 2005 թվականի սեպտեմբեր ամսին, այսինքն՝ ազատման հրամանը ստանալուց մեկ ամիս լրանալուց հետո։

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2006 թվականի վճիռը և օրինական ուժ տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 29.12.2005 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 01.07.2005 թվականի հրամանով Հերիքնազ Կարապետյանը 01.07.2006 թվականին ազատվել է աշխատանքից։ Ազատման հրամանը Հ.Կարապետյանը ստացել է 07.07.2005 թվականին։

2) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին հասցեագրված ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 07.11.2005 թվականի թիվ Կ-427/183 գրությամբ տնօրենին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերանայել 01.07.2005 թվականի հրամանը և Հերիքնազ Կարապետյանին վերականգնել նախկին աշխատանքում։

3) Հայցվորն իր իրավունքների պաշտպանության համար դատարան է դիմել 27.11.2005 թվականին։

4) 29.12.2005 թվականի թիվ 271 գրավոր միջնորդությամբ պատասխանողը միջնորդել է կիրառել հայցային վաղեմություն և այդ հիմքով հայցապահանջը մերժել։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը ստանալու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի դիմելու դատարան։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հերիքնազ Կարապետյանն աշխատանքից ազատվել է տնօրենի 01.07.2005 թվականի հրամանով։ Նշված հրամանը Հերիքնազ Կարապետյանը ստացել է 07.07.2005 թվականին, մինչդեռ իր իրավունքների պաշտպանության հայցով դատարան դիմել է 27.11.2005 թվականին, այսինքն՝ 01.07.2005 թվականի հրամանը ստանալուց չորս ամիս հետո՝ բաց թողնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված դատարան դիմելու վաղեմության ժամկետը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածը կիրառելի չէ, հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների oգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական oրենuդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեuված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ oրենuդրությամբ։

Տվյալ դեպքում աշխատանքային օրենսդրությամբ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ կապված վեճերով աշխատողին տրված է համապատաuխան հրամանը (փաuտաթուղթը) uտանալու oրվանից հետո մեկամսյա ժամկետում դատարան դիմելու իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով սահմանված՝ աշխատանքային վեճերով դատարան դիմելու մեկամսյա ժամկետը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի իմաստով հայցային վաղեմության ժամկետ չի կարող համարվել, քանի որ այն ըստ էության, սահմանում է դատարան դիմելու իրավունքի իրականացման ժամկետ։ Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված հայցային վաղեմության ժամկետն ընդամենն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է ակնկալել իր իրավունքների դատական պաշտպանություն։ Այդ ժամկետը չի սահմանափակում դատարան դիմելու հայցվորի իրավունքը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմությունը կարող է կիրառվել միայն պատասխանողի համապատասխան միջնորդության հիման վրա, մինչդեռ աշխատանքային վեճերով դատարան դիմելու՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված մեկամսյա ժամկետը գործում է ուղղակիորեն, անկախ պատասխանողի կողմից միջնորդություն ներկայացված լինելու հանգամանքից, և այդ ժամկետի բացթողումը հայցադիմումի ընդունումը մերժելու կամ գործի վարույթը կարճելու անվերապահ հիմք է հանդիսանում։

Գործում առկա՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթական վարչության 07.10.2005 թվականի թիվ 3122Կ-2276 գրությամբ հիմնավորվում է, որ Հ.Կարապետյանի կողմից ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը դիմում-բողոքներ ներկայացվել են 16.09.2005 թվականին, այսինքն՝ դարձյալ ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ժամկետի ավարտից հետո։ Նշված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում Հ.Կարապետյանին առաջարկվել է 01.07.2005 թվականի հրամանը բողոքարկել Գեղարքունիքի մարզպետին կամ դատարան։ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթական վարչության 07.10.2005 թվականի թիվ 3122Կ-2276 գրության հիման վրա ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 07.11.2005 թվականի թիվ Կ-427/183 գրությամբ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերանայել 01.07.2005 թվականի հրամանը և Հ.Կարապետյանին վերականգնել նախկին աշխատանքում։

Փաստորեն Հ.Կարապետյանի կողմից վիճելի հրամանը ի սկզբանե վիճարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով դատարան դիմելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի ավարտից հետո։ Այսինքն՝ մինչև ժամկետի բացթողնման պատճառ հանդիսացող հանգամանքների առաջանալը, հայցվորն արդեն բաց էր թողել դատարան դիմելու օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը, հետևաբար կորցրել է տվյալ հրամանը դատարանում վիճարկելու իրավական հնարավորությունը, իսկ վեճը ենթակա չի եղել դատարանում քննության։

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության։

Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու հիմքն ի հայտ է եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով գործի վարույթը կարճելու հիմքը ի հայտ է եկել ստորադաս դատարանում գործի քննության ընթացքում, որպիսի պայմաններում քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2006 թվականի վճիռը պետք է բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 21.11.2006 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել։

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան