Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.01.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.01.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
26.01.2007
Дата вступления в силу
26.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 3-34
(ՎԴ)

Քաղաքացիական գործ թիվ 3-34(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
Դատավորներ՝

Ա. Խառատյան

Ա. Թումանյան

Քաղաքացիական գործ թիվ 06-3100/2006 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Ս. Սարգսյանի

Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի

 

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ

Է. Հայրիյանի

 

2007 թվականի հունվարի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նունե Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 06-3100/2006թ. քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ հայցի Նունե Մանուկյանի ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն)՝ աշխատանքում վերականգնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանն իրեն վերականգնել նախկին աշխատանքում։

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի վճռով Նունե Մանուկյանի հայցը բավարարվել է։

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2006 թվականի սեպտեմբերի 25-ի վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Մանուկյանը։

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 3-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից չի պահպանվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջն այն մասին, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից։ Նման առաջարկ հայցվորն Ընկերությունից չի ստացել։

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չպետք է կիրառեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, քանի որ պայմանագիր կնքելիս կողմերը փոխադարձ համաձայնությամբ այն չեն ընդգրկել պայմանագրում, փոխարենը նախատեսել են միայն նույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործատուի պարտավորությունը՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողին ոչ ուշ, քան երկու ամիս առաջ ծանուցելու վերաբերյալ։

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Պատասխանողի ներկայացուցիչն առաջին ատյանի դատարանում հայտնել է, որ չի կարող որևէ ապացույց ներկայացնել, այն մասին, որ հայցվորին համապատասխան աշխատանք առաջարկելու հնարավորությունները բացակայել են։ Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, հայցը մերժելիս հիմք է ընդունել Ընկերության մարդկային ռեսուրսների գլխավոր տնօրինության տեղեկանքն այն մասին, որ գործատուն իրեն համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն չի ունեցել։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գործում առկա բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ։

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 2002 թվականի հոկտեմբերի 2-ին Ընկերության և Նունե Մանուկյանի միջև կնքված պայմանագրով վերջինս նշանակվել է աշխատանքի տնտեսագետի պաշտոնում։

2) Ընկերության տնօրենների խորհրդի 2005 թվականի հուլիսի 22-ի թիվ 06/05 որոշմամբ հաստատվել է Ընկերության նոր կառուցվածքը, և որոշվել է, արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված, աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով թվով 374 աշխատող ազատել աշխատանքից։

3) 2006 թվականի ապրիլի 18-ին Նունե Մանուկյանը ծանուցվել է 2006 թվականի ապրիլի 21-ից աշխատանքից ազատման և Ընկերության հետ կնքած աշխատանքային պայմանագրի լուծման մասին։

4) Ընկերության գործադիր գլխավոր տնօրենի 2006 թվականի ապրիլի 19-ի թիվ 503-Կ հրամանով Նունե Մանուկյանն ազատվել է աշխատանքից, և լուծվել է նրա հետ կնքված թիվ 1077 աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշվել է վերջնահաշվարկ կատարել և ծանուցման ժամկետանց 57 օրվա համար վճարել տուժանք։

5) Ընկերության կողմից Վերաքննիչ դատարանին ներկայացված գրության (ամսաթիվը և համարակալումը բացակայում են) համաձայն՝ Ընկերությունն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում Նունե Մանուկյանին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն չի ունեցել։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր որոշմամբ արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տես` Աշոտ Միրզոյան ընդդեմ «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերության, 2006 թվականի հոկտեմբերի 26, քաղ. գործ թիվ 3-1775/ՎԴ (աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը բռնագանձելու պահանջներով))։

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին և գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավաuարության հիման վրա։ Մրցակցության սկզբունքի տարրեր են սահմանված նույն օրենսգրքի 48-րդ հոդվածում, համաձայն որի` գործին մաuնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։

Սույն գործով որոշելու համար թե դատավարության որ կողմի վրա է ընկնում Ընկերությունում համապատասխան այլ աշխատանքի առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը, Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում, հայցվորը կարող է նման ապացույց ձեռք բերել միայն պատասխանողից, քանի որ Ընկերությունում համապատասխան այլ աշխատանքի առկայության կամ բացակայության փաստը հավաստող ապացույցը պետք է առկա լիներ Ընկերության ներքին փաստաթղթերում.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործատուն չի կարող անմիջականորեն կիրառել աշխատանքից ազատելու իր լիազորությունը, քանի որ այդ լիազորության իրականացման համար անհրաժեշտ է աշխատողի հրաժարումը առաջարկված աշխատանքից։

Հետևաբար, գործատուն կրում է անուղղակի ապացուցման պարտականություն աշխատողի հանդեպ նրան արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում աշխատանքից ազատելիս ապացուցելու, որ իր մոտ բացակայում է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք։

Որպես ապացուցման պարտականության կատարման և դատարանի կողմից դրանց գնահատման չափանիշ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված է ապացույցների թույլատրելիությունը, ըստ որի` գործի հանգամանքները, որոնք oրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաuտատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաuտատվել այլ ապացույցներով։

Սույն քաղաքացիական գործով բացակայում է համապատասխան թույլատրելի ապացույցը (օրինակ՝ կազմակերպության աշխատողների քանակը և պաշտոնների անվանումները սահմանող փաստաթղթերը) այն մասին, որ պատասխանող Ընկերությունում առկա չէ հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք։

Նունե Մանուկյանի մասնագիտական պատրաստվածությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք չլինելու վերաբերյալ փաստը Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել Ընկերության կողմից ներկայացված գրությամբ, համաձայն որի՝ Ընկերությունն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում Նունե Մանուկյանին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորություն չի ունեցել։

Դատաքննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչը պնդել է Ընկերությունում համապատասխան աշխատանքի բացակայությունը, սակայն այդ փաստը հաստատող թույլատրելի և վերաբերելի որևէ ապացույց դատարանին չի ներկայացրել։

Նշված հետևությունների համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն հանգամանքը, որ Ընկերության ներկայացուցիչը համապատասխան աշխատանքի բացակայության վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ որևէ ապացույց չի ներկայացրել, մինչդեռ նման ապացույցը պետք է առկա լիներ և հիմք հանդիսանար Նունե Մանուկյանին առանց այլ համապատասխան աշխատանք առաջարկելու աշխատանքից ազատման հրամանի համար։ Վերաքննիչ դատարանում Ընկերության կողմից ներկայացված ապացույցը Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստերից ելնելով, թույլատրելի չի համարում։

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին ծանուցել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետները չպահպանելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար, որը հաշվարկվում է` հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձի չափը։ Ընկերության գլխավոր տնօրենի 2006 թվականի ապրիլի 19-ի թիվ 503-Կ հրամանում նախատեսվում է պատասխանողին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վճարել նրա միջին ժամային աշխատավարձը 57 օրվա համար։

Տվյալ դեպքում տուժանքի գումարի վճարումը ազատում է պատասխանողին տվյալ նորմի խախտման հետ կապված հետագա որևիցե պատասխանատվությունից։

Բացի այդ, հայցվորի պնդումը, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պայմանագիր կնքելիս կողմերին հայտնի է եղել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, սակայն կողմերը փոխադարձ համաձայնությամբ այն չեն ընդգրկել պայմանագրում, ուստի և այն կիրառելի չէ, անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ աշխատանքային օրենսդրությամբ։ Աշխատանքային օրենսգրքով կարգավորման բացակայության պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առաջացած իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրի պայմանների մասին ընդհանուր դրույթները, մասնավորապես 437-րդ հոդվածի 4-րդ մասը, որի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով։ Նույն օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված՝ կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին)։

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ չեն կարող փոփոխել կամ իրենց միջև ծագող պայմանագրային հարաբերությունների նկատմամբ չկիրառել օրենքով նախատեսված նորմատիվ պահանջը։

Այսպիսով, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված գործատուի պարտականության չկատարման միակ իրավական հետևանք է հանդիսանում նույն հոդվածի 2-րդ մասում սահմանված տուժանքի վճարումը և չի կարող հանգեցնել աշխատանքային պայմանագրի լուծման կապակցությամբ ընդունած իրավական ակտի անվավերությանը։

3) բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Բողոքի առաջին հիմքի պատճառաբանությունից ուղղակիորեն բխում է, որ Վերաքննիչ դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի գնահատել գործում առկա ապացույցները։

Այսպիսով, սույն բողոքի առաջին և երրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

Ս. Սարգսյան

Վ. Աբելյան
Ս. Անտոնյան

 

Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ

 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան