Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-7-Ո-Կ-3
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 07.04.2022
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
24.03.2022
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
24.03.2022
Дата вступления в силу
24.03.2022

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ք. Երևան

24 մարտի 2022 թ.

ԲԴԽ-7-Ո-Կ-3

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ, ԱՄՐԱՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար


Գ. Ջհանգիրյանի,

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Դ. Խաչատուրյանի,

Ա. Մխիթարյանի, 
Ս. Չիչոյանի,
 

Վ. Քոչարյանի,

   

Արդարադատության նախարարի
տեղակալ

Գ. Մինասյան,

Արդարադատության նախարարի
ներկայացուցիչներ

Հ․ Սանոյանի,
Գ. Հարությունյանի,

 

Վերաքննիչ դատարանի դատավորներ

Կ. Չիլինգարյանի,
Ա. Պետրոսյանի,
Լ. Գրիգորյանի,

Վերաքննիչ դատարանի դատավոր
Կ. Չիլինգարյանի ներկայացուցիչ
 

Ա Օհանյանի,
 

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատաս-խանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հունվարի 3-ի N 1-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացիներ Աշոտ Զաքարյանի և Հասմիկ Հովսեփյանի կողմից 15.09.2021 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) դատավորներ Կարեն Չիլինգարյանի, Ամրահի Պետրոսյանի և Լևոն Գրիգորյանի (այսուհետ նաև՝ Դատավորներ) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը:

Նախարարի 29.11․2021 թվականի N 89-Ա որոշմամբ Դատավորների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 03.01.2022 թվականի N 1-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Նախարարը ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 374-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վերաքննիչ բողոքի քննության համար նախատեսել է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ընթացակարգեր: Որպես վարույթ ընդունված վերաքննիչ բողոքի քննության և դրա վերաբերյալ որոշում կայացնելու ընդհանուր կարգ սահմանված է գրավոր ընթացակարգը: Վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում դիտվում է բացառություն ընդհանուր կարգից, որի կիրառման հիմքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի եզրահանգումն է վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Ընդ որում, օրենսդրությամբ վերաքննիչ դատարանին հնարավորություն է ընձեռնված գրավոր ընթացակարգից բանավորին անցում կատարելու երկու եղանակ՝ կողմի միջնորդության հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ: Այսպիսով՝ օրենսդիրը վերաքննիչ դատարանին իրավունք է վերապահում շեղվել վերաքննիչ բողոքի քննության գրավոր ընթացակարգից և իրականացնել վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում, սակայն վերաքննիչ դատարանի կողմից օրենքով սահմանված բացառությունն ընտրելու պայմաններում վերաքննիչ դատարանի համար գրավոր ընթացակարգին վերադառնալու կամ այն կիրառելու որևէ հնարավորություն չի նախատեսում:

Միաժամանակ Նախարարը նշել է, որ սույն կարգապահական վարույթի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանն «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ի (այսուհետ` Պատասխանող կամ Ընկերություն) և երրորդ անձինք «Էներջի Լայֆ» ՍՊԸ-ի և Գրիգոր Գրիգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները վարույթ է ընդունել 09.06.2020 թվականի և 22.06.2020 թվականի որոշումներով, իսկ Աշոտ Զաքարյանի և Հասմիկ Հովսեփյանի (այսուհետ նաև՝ Դիմումատուներ) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ 09.06.2020 թվականի որոշմամբ: Նույն որոշումներով Վերաքննիչ դատարանը որոշել է բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում՝ դատական նիստի օր նշանակելով 16.07.2020 թվականը: Այսինքն՝ վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելիս Վերաքննիչ դատարանի մոտ ձևավորվել է եզրահանգում՝ դրանց քննությունն Օրենսգրքի 375-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացնելու անհրաժեշտության մասին, որը հիմք է հանդիսացել Վերաքննիչ դատարանի համար վերաքննիչ բողոքների քննությունն իրականացնել ոչ թե ընդհանուր կարգով, այլ՝ դատական նիստի միջոցով: Սակայն արդեն իսկ այդպիսի որոշումներ կայացված լինելու և դրանցով վերաքննիչ բողոքների քննության կարգը որոշված լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից 14.07.2020 թվականին կայացվել է վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով շարունակելու մասին որոշում, որի արդյունքում 16.07.2020 թվականին նշանակված դատական նիստը չի կայացել և վերաքննիչ բողոքների քննությունը, դրանց վերաբերյալ 10.09.2020 թվականի որոշումը կայացրել է գրավոր ընթացակարգով: Արդյունքում, Վերաքննիչ դատարանի կողմից 14.07.2021 թվականի որոշման կայացմամբ խախտվել է Օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը:

Բացի այդ Նախարարը նշել է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ 14.07.2020 թվականի որոշմամբ դատական ակտի հրապարակման օր է նշանակել 10.09.2020 թվականին այն դեպքում, երբ տվյալ գործով 16.07.2020 թվականին ժամը 10:00-ին արդեն նշանակված է եղել դատական նիստ: Քննարկվող դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր կայացնելու 14.07.2021 թվականի որոշումը, սակայն այնուամենայնիվ, այդպիսի որոշում կայացնելու արդյունքում կրում էր դատական ակտի հրապարակման օրվա մասին գործին մասնակցող անձանց (Դիմումատուներին) պատշաճ կարգով տեղեկացնելու պարտականություն: Մինչդեռ, ընդամենը 2 օր առաջ գրավոր ընթացակարգին անցում կատարելու վերաբերյալ որոշման կայացման դեպքում դատավարության կողմերն օբյեկտիվորեն հնարավորություն չէին ունենալու 2 օրվա ընթացքում ստանալու տվյալ որոշումը, ծանոթանալու դրա հետ և անհարկի չներկայանալու դատարան:

Վերը նշված իրավական վերլուծությունների շրջանակներում արդեն իսկ հիմնավորվել է Դատավորների կողմից դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տալու փաստը:

Միաժամանակ Նախարարը նշել է, որ կարգապահական վարույթի փաստերի և Դատավորների բացատրություններից հետևում է, որ Դատավորների կողմից դատավարական իրավունքի նորմի խախտումը կատարվել է մեղավորությամբ, որը տվյալ դեպքում դրսևորվել է դիտավորությամբ, այսինքն՝ Դատավորները գիտակցել են իրենց վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

3 Դատավորների դիրքորոշումները հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում դատավոր Կարեն Չիլինգարյանը Նախարարին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը՝ հետևյալ հիմնավորմամբ.

«Իր նախագահությամբ, որպես կանոն, գրավոր ընթացակարգով իրականացվում է միայն միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների միանձնյա քննությունը, որից բացառությունները պայմանավորված են օբյեկտիվ և անկանխատեսելի հանգամանքներով, ծանրաբեռնվածության փոփոխություններով, բողոքի քննության ողջամիտ ժամկետները հնարավորինս պահպանելու հրամայականով և այլն:

16.07.2020 թվականին նշանակված դատական նիստերում քննվելիք բոլոր բողոքների (նաև թիվ ԱՎԴ/0092/02/19, թիվ ԵԿԴ/0126/04/15 դատական գործերով) քննությունը գրավոր ընթացակարգով շարունակելու մասին որոշումները կայացվել են բացառապես կորոնավիրուսի տարածման կապակցությամբ իրավասու մարմինների (այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի) որոշումներով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարված, հետագայում՝ նաև անձանց տեղաշարժի սահմանափակումներ և ինքնամեկուսացման պահանջ, այլ սահմանափակումներ ու հատուկ կանոններ սահմանված լինելու հանրահայտ փաստերի թելադրանքով, ինչպես նաև Սահմանադրության 63-րդ և 85-րդ հոդվածներով անձանց երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և առողջության պահպանման իրավունքների խախտումները հնարավորինս բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

Բոլոր որոշումները կայացվել են 14.07.2020 թվականին՝ 16.03.2020 թվականից մեկնարկած արտակարգ դրության ժամկետը հերթական անգամ ևս 30 օրով (մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը) երկարաձգելու մասին Կառավարության 13.07.2020 թվականի թիվ 1161-Ն որոշման կայացման հաջորդ օրը՝ բացառապես այդ որոշման ու դրա հիմքում դրված հանգամանքների, ինչպես նաև գործին մասնակցող անձանց իրավունքների խախտումներից զերծ մնալու նպատակի վկայակոչմամբ:

Վերաքննիչ բողոքի քննության կարգը սահմանող նորմերը Վերաքննիչ դատարանին լիազորում են բողոքի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով կամ դատական նիստում՝ սեփական հայեցողությամբ ընտրելով դրանցից մեկը կամ մյուսը: Դատական նիստին նախապատվություն տալը որպես բացառություն նշված լինելու հանգամանքն ինքնին չի կարող մեկնաբանվել որպես այդպիսի ընտրության քանակական սահմանափակում, և Վերաքննիչ դատարանը կարող է բոլոր բողոքները քննել դատական նիստում, ընդ որում՝ առանց դրա շարժառիթները բացահայտելու:

Վերաքննիչ դատարանի կողմից կայացված և 10.09.2020 թվականին հրապարակված որոշման դեմ Դիմումատուների ներկայացրած վճռաբեկ բողոքը (նաև Վերաքննիչ դատարանի կողմից 14.07.2020 թվականի որոշումը կայացնելու իրավասություն չունենալու հիմքով) վարույթ ընդունելը մերժելու մասին 13.01.2021 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում բերված փաստարկները բավարար չի համարել «բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համարե, որպիսի փաստն Օրենքի 13-րդ և Օրենսգրքի 5-րդ հոդվածի ուժով բացառում է օրինական ուժի մեջ մտած և Բարձրագույն դատական ատյանի կողմից անիրավաչափ չհամարված դատական ակտի օրինականությունը որևէ սուբյեկտի կողմից անգամ կասկածի տակ դնելու իրավաչափ հնարավորությունը:

Օրենքի 142-րդ և 144-րդ հոդվածները բացառում են դատավորին նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու և այդ նպատակով վարույթ հարուցելու հնարավորությունը, քանի դեռ այդ խախտումը չի կատարվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, մինչդեռ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն իսպառ զուրկ է Դատավորներին վերագրվող խախտումը դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու մասին դատողություններից: Լիազոր մարմինն անտեսել է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ Օրենքի 142-րդ հոդվածով նախատեսված հիմքերն ոչ միայն առերևույթ, այլ իրապես և իսպառ բացակայում են, ինչը նույնպես կարգապահական վարույթի հարուցումն արգելող պայման է՝ ամրագրված Օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով:

Վերաքննիչ դատարանի 14.07.2020 թվականի որոշումը «www.datalex.am» դատական տեղեկատվական կայքում զետեղված լինելու փաստով հաստատվում է, որ Վերաքննիչ դատարանը դատավարության մասնակիցների պատշաճ իրազեկումն ապահովել է բոլոր հնարավոր միջոցներով»:

- Դատավոր Ամրահի Պետրոսյանը Նախարարին ներկայացրած իր բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը մասնավորապես հետևյալ հիմնավորմամբ.

«Վերաքննիչ դատարանն ինքն է որոշում վերաքննիչ բողոքը քննել գրավոր ընթացակարգով, թե դատական նիստում՝ բանավոր լսումների միջոցով, մինչդեռ՝ լիազոր մարմինը կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ հանգել է այն հետևության, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր իր հայեցողությամբ լուծել այդ հարցը և կայացնել 14.07.2020 թվականի՝ վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով շարունակելու, իսկ դատական ակտը՝ 10.09.2020 թվականին հրապարակելու մասին որոշում:

Ըստ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ ստեղծված տպավորության՝ Վերաքննիչ դատարանը «մեղադրվում է» այն բանում, որ չի ապահովել դատավարության կողմերի անհարկի դատարան չներկայանալը:

Քանի դեռ ապացուցված և հիմնավորված չէ Դատավորների կողմից դատավարական իրավունքի նորմերի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտում թույլ տալու փաստը՝ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել: Կարգապահական վարույթը հարուցվել է ոչ թե նշելով կարգապահական վարույթ հարուցելու հիմքը, այն է՝ դատավարական իրավունքի նորմի խախտումը դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարելը, այլ՝ կարգապահական վարույթ հարուցելը բացառող հիմքերի բացակայությունը, որը նախատեսված է Օրենքի 146-րդ հոդվածով: Վարույթ հարուցելու այս հիմնավորումն իրավաչափ չէ այն պատճառով, որ խախտումը դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարելու փաստի բացակայության պայմաններում առկա է քննարկվող հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը՝ բացակայում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առերևույթ հիմքը:

Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմամբ և հաղորդմամբ չի նշվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա և որը պայմանավորված է եղել գրավոր ընթացակարգով վերաքննիչ բողոքը քննելու հետ: Չի հիմնավորվում, որ տեղի է ունեցել Դիմումատուների ազատությունների և հիմնարար իրավունքների խախտում, ինչը գործով հաստատվել է նաև Դիմումատուների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի ընդունումը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ»:

- Դատավոր Լևոն Գրիգորյանը Նախարարին ներկայացրած իր բացատրությամբ հերքել է կարգապահական խախտում թույլ տալու փաստը մասնավորապես հետևյալ հիմնավորմամբ.

«Վերաքննիչ բողոքի քննության կարգը սահմանող` Օրենսգրքի 374-րդ հոդվածով որևէ սահմանափակում չի նախատեսվել բողոքը բանավոր կարգով քննության ենթարկելու կարգ ընտրելուց հետո անհրաժեշտ հիմքերի առկայությամբ քննության գրավոր կարգին անցնելու մասին որոշում կայացնելու համար (ելնելով համավարակի պայմաններից):

Բացառվում է դատավորին նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու և այդ նպատակով վարույթ հարուցելու հնարավորությունը, քանի դեռ այդ խախտումը չի կատարվել դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, իսկ քննարկվող դեպքում այդպիսիք բացակայում են»:

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այժմ՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) դատավոր Սերգեյ Սահակյանի (այսուհետ՝ Դատարան) կողմից քննվել է թիվ ԱՎԴ/3375/02/16 քաղաքացիական գործն ըստ հայցի Դիմումատուների ընդդեմ «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ի և Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն), երրորդ անձինք՝ «Էներջի Լայֆ» ՍՊԸ և Գրիգոր Գրիգորյան՝ Ընկերության մասնակիցների 25.07.2016 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի թիվ 2016/07/25 արձանագրությամբ հաստատված որոշումն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք Ընկերության կանոնադրության հավելվածի և բուն կանոնադրության փոփոխությունը գրանցելու մասին Գործակալության վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

2) Դիմումատուների, Ընկերության և երրորդ անձանց կողմից վերը նշված գործով վճռի դեմ բերվել են վերաքննիչ բողոքներ:

3) Վերաքննիչ դատարանը (նախագահությամբ Կ. Չիլինգարյանի) Դիմումատուների կողմից բերված վերաքննիչ բողոքը 09.06.2020 թվականի որոշմամբ վարույթ ընդունելով՝ որոշել է բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում՝ այն նշանակելով 16.07.2020 թվականին ժամը 10:00-ին:

4) Վերաքննիչ դատարանը Ընկերության, երրորդ անձանց կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ Ընկերությանը և երրորդ անձ Գրիգոր Գրիգորյանին վերաբերող մասով 09.06.2020 թվականի որոշմամբ վարույթ ընդունելով՝ որոշել է բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում՝ այն նշանակելով 16.07.2020 թվականին ժամը 10:00-ին:

5) Վերաքննիչ դատարանը երրորդ անձ «Էներջի Լայֆ» ՍՊԸ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքը 22.06.2020 թվականի որոշմամբ վարույթ ընդունելով՝ որոշել է բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում՝ այն նշանակելով 16.07.2020 թվականին ժամը 10:00-ին:

6) Վերաքննիչ դատարանի կողմից 14.07.2020 թվականին կայացվել է «Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով շարունակելու մասին» որոշում: Որոշման պատճառաբանական մասում նշվել է հետևյալը. «Հանրահայտ փաստեր են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 11.03.2020 թվականին կորոնավիրուսի տարածումը որակել է որպես համաճարակ, իսկ Կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշմամբ էլ այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 16.03.2020 թվականից հայտարարվել է արտակարգ դրություն (հետագայում մտցվել են նաև անձանց տեղաշարժի սահմանափակումներ և ինքնամեկուսացման պահանջ, իսկ Կառավարության 13.07.2020 թվականի թիվ 1161-Ն որոշմամբ էլ փոփոխություններ են կատարվել Կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշման մեջ ու արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով՝ մինչև 12.08.2020 թվականը), որպիսի փաստերի հիման վրա, առաջնորդվելով անձանց արդար դատաքննության իրավունքի և բնակչության առողջության պահպանման իրավունքի հավասարակշռման անհրաժեշտությամբ ու Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով, Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքների քննությունը շարունակել գրավոր ընթացակարգով։»: Եվ 16.07.2020 թվականին ժամը 10:00-ին նշանակված դատական նիստը չի կայացել:

7) Վերաքննիչ դատարանի 10.09.2020 թվականի որոշմամբ Դիմումատուների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ընկերության և երրորդ անձանց կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել. Վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել:

8) Վճռաբեկ դատարանի 13.01.2021 թվականի որոշմամբ Դիմումատուների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

9) Ըստ «www.datalex.am» դատական տեղեկատվական կայքում առկա տվյալների՝ թիվ ԵԱՔԴ/4498/02/15 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանում (մասնակցությամբ՝ դատավորներ Լևոն Գրիգորյանի (նախագահող), Կարեն Չիլինգարյանի և Ամրահի Պետրոսյանի) 16.07.2020 թվականին ժամը 11:30-ին նշանակված դատական նիստը կայացել է:

10) Կառավարության 13.07.2020 թվականի թիվ 1161-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում 16.03.2020 թվականին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչև 11.09.2020 թվականը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցչի բացատրությունները, Դատավորների և դատավոր Կարեն Չիլինգարյանի ներկայացուցիչ Արմեն Օհանյանի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

1. արդյո՞ք թիվ ԱՎԴ/3375/02/16 քաղաքացիական գործով Դատավորները խախտել են դատավարական իրավունքի նորմ (նորմեր),

2. եթե այո, ապա արդյո՞ք թիվ ԱՎԴ/3375/02/16 քաղաքացիական գործով կատարված խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքի իրացումը երաշխավորված է ներպետական օրենսդրությամբ՝ ինչպես առաջին ատյանի դատարաններում գործերի քննության, այնպես էլ վերաքննության և վճռաբեկության կարգով դատական ակտերի վերանայման գործուն կառուցակարգերի սահմանմամբ:

Այդ կառուցակարգերի մեջ իր ուրույն տեղն է գրավում դատական ակտերի վերաքննության ինստիտուտը:

Վերաքննության ինստիտուտի դատավարական կանոնակարգումների էությունը հանգում է նրան, որ ներկայումս սահմանված է սահմանափակ վերաքննության հնարավորություն, որի էությունը կայանում է նրանում, որ վերաքննիչ դատարանն իրավունք չունի դուրս գալու վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներից, և պարտավոր է անդրադառնալ բողոքում նշված, առաջին ատյանի դատարանում քննության առարկա դարձված հանգամանքների, գործով պարզված և բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերի առնչությանը բողոքարկվող դատական ակտով ամրագրված ելքին:

Սույն որոշմամբ սահմանված առաջին հարցադրմանը պատասխանելու համար Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ էական են հանդիսանում նաև վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննության ընթացակարգերի դատավարական կանոնակարգումները, որոնք սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Այսպես, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել վերաքննիչ բողոքում կամ վերաքննիչ բողոքի պատասխանում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշմամբ։

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը վերաքննության փուլում սահմանել է վերաքննիչ բողոքի քննության երկու ընթացակարգ՝ գրավոր և բանավոր: Ընդ որում, հոդվածի կարգավորումներից ուղղակիորեն հետևում է, որ նշված դատական ատյանում որոշումները կայացվում են գրավոր ընթացակարգով, ինչը՝ վերաքննիչ դատարանի գործառույթային կարգավիճակի հաշվառմամբ, արդարացված է՝ դատական խնայողության, բողոքների քննության օրենսդրական սահմանափակ ժամկետների պահպանման տեսանկյունից: Ըստ այդմ՝ բողոքների քննության գրավոր ընթացակարգը Վերաքննիչ դատարանում հանդիսանում է հիմնական, իսկ բանավոր ընթացակարգը՝ բացառություն՝ վերաքննիչ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու համար և միայն այն դեպքում, եթե Վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ դա անելն անհրաժեշտ է: ՀՀ սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1452 որոշմամբ անդրադառնալով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործերի քննության գրավոր ընթացակարգի սահմանադրականության հարցի պարզաբանմանը նշել է, որ. «թե՛ օրենսդրորեն, թե՛ գործնականում չի կարող բացառվել, որ նշված ատյանում ևս անհրաժեշտություն առաջանա իրականացնել բանավոր քննություն՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, այդ թվում նաև՝ դատավարության կողմերի համար նախորդող դատական ատյաններում արդար դատաքննության երաշխիքների, հատկապես՝ լսվելու իրավունքի փաստացի ապահովման հանգամանքով»:

ՀՀ Սահմանադրական դատարանի նշված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումից և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավական կարգավորումից հետևում է, որ բանավոր կարգով բողոքի քննության իրականացումը պետք է պայմանավորված լինի այնպիսի հանգամանքներով, որոնց բնույթի գնահատումն ու յուրաքանչյուր դեպքում գործի քննության ընթացակարգի ընտրության իրավունքը վերապահել է Դատարանին:

Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում եվրոպական դատարանը շեշտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` գործի հրապարակային քննության իրավունքն անհրաժեշտաբար ներառում է «բանավոր լսման» իրավունքը: Այնուամենայնիվ, նման լսումներ անցկացնելու պարտավորությունը բացարձակ չէ: Այսպես, բանավոր քննության բացակայությունը կարող է համատեղելի լինել 6-րդ հոդվածի պահանջների հետ, երբ քննության ենթակա հարցը չի բարձրացնում փաստի կամ իրավունքի հետ կապված այնպիսի հարց, որը կարող է պատշաճ ձևով լուծվել գործի նյութերի հիման վրա` առանց կողմերի բանավոր դիտարկումների (Elsholz v. Germany, Judgment of 13 July 2000, p.66, Fredin v. Sweden (no. 2), Judgmeut of 23 February 1994, pp. 21-22; Fischer v. Austria, Judgment of 26 April 1995, p. 44):

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ սույն կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թիվ ԱՎԴ/3375/02/16 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը քաղաքացիներ Աշոտ Զաքարյանի և Հասմիկ Հովսեփյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը 09.06.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունել և իր նախաձեռնությամբ որոշել է բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում՝ այն նշանակելով 16.07.2020 թվականին, ժամը 10:00-ին: Վերաքննիչ դատարանը «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ի, երրորդ անձանց կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ին և երրորդ անձ Գրիգոր Գրիգորյանին վերաբերող մասով 09.06.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունել և իր նախաձեռնությամբ որոշել է բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում՝ այն նշանակելով 16.07.2020 թվականին ժամը 10:00-ին: Վերաքննիչ դատարանը երրորդ անձ «Էներջի Լայֆ» ՍՊԸ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքը 22.06.2020 թվականի որոշմամբ վարույթ է ընդունել և իր նախաձեռնությամբ որոշել է բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում՝ այն նշանակելով 16.07.2020 թվականին ժամը 10:00-ին: 16.07.2020 թվականին ժամը 10:00-ին նշանակված դատական նիստը չի կայացել:

Վերաքննիչ դատարանի կողմից 14.07.2020 թվականին կայացվել է «Վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով շարունակելու մասին» որոշում: Որոշման պատճառաբանական մասում նշվել է հետևյալը. «Հանրահայտ փաստեր են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 11.03.2020 թվականին կորոնավիրուսի տարածումը որակել է որպես համաճարակ, իսկ Կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշմամբ էլ այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 16.03.2020 թվականից հայտարարվել է արտակարգ դրություն (հետագայում մտցվել են նաև անձանց տեղաշարժի սահմանափակումներ և ինքնամեկուսացման պահանջ, իսկ Կառավարության 13.07.2020 թվականի թիվ 1161-Ն որոշմամբ էլ փոփոխություններ են կատարվել Կառավարության 16.03.2020 թվականի թիվ 298-Ն որոշման մեջ ու արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է ևս 30 օրով՝ մինչև 12.08.2020 թվականը), որպիսի փաստերի հիման վրա, առաջնորդվելով անձանց արդար դատաքննության իրավունքի և բնակչության առողջության պահպանման իրավունքի հավասարակշռման անհրաժեշտությամբ ու Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածով, Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքների քննությունը շարունակել գրավոր ընթացակարգով։»:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սույն գործի փաստերը գնահատելով վերոգրյալ իրավական նորմերի և մեկնաբանությունների լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի քննության համար հիմնական՝ գրավոր ընթացակարգից բացառիկի՝ բանավորին անցնելու համար իրավաչափորեն անհրաժեշտ է դատարանի կողմից որոշման կայացումը, քանի որ Վերաքննիչ դատարանը գնահատում է դրա անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը և կարևորությունը: Եվ եթե դատարանն ի սկզբանե որոշում է կայացրել բողոքի քննությունը իրականացնել բանավոր ընթացակարգով, այնուհետև, որոշակի հանգամանքներով պայմանավորված եկել է եզրահանգման և որոշում կայացրել բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին, ապա Դատարանին չի կարող վերագրվել դատավարական իրավունքի որևէ նորմի խախտում, այնքանով, որքանով բացառության կիրառումը չի հանգեցնում հիմնական կանոնի վերացմանը: Այլ կերպ ասած՝ եթե կիրառվել է դատավարական նորմով սահմանված կանոնից բացառություն, ապա դա չի վերացնում հիմնական կանոնի գոյությունը, հետևաբար դրանով բողոքի քննությունը շարունակելու հնարավորությունը, հակառակ պարագայում ուղղակիորեն սահմանված կլիներ նման գործողություն կատարելու հստակ օրենսդրական արգելք:

Սույն դեպքում պետք է նշել, որ բողոքի քննության բանավոր ընթացակարգի ընտրությունը եղել է Վերաքննիչ դատարանի նախաձեռնությունը, նշված որոշման փոփոխումը պայմանավորված է եղել որոշակի այնպիսի հանգամանքների հավասարակշռմամբ, որի արդյունքում վերացել է այդ նպատակահարմարությունը, ինչի վերաբերյալ ներկայացվել է համապատասխան պատճառաբանություն և սույն դեպքում էական է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ դատավարության մասնակիցները, ստանալով դատարանի որոշումը գրավոր եղանակով բողոքի քննություն շարունակելու վերաբերյալ, որևէ կերպ դիրքորոշում չեն այդ կապակցությամբ չեն ներկայացրել:

Ուստի վերոնշյալի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորների կողմից թույլ չի տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում:

Ինչ վերաբերում է վարույթ հարուցող մարմնի այն փաստարկին, որ վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննությունը գրավոր կարգով իրականացնելու վերաբերյալ որոշման կայացմամբ կողմերը զրկվել են բողոքի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու իրավունքից, ինչը հանգեցրել է լսված լինելու իրավունքի անհարկի սահմանափակմանը, ապա Բարձրագույն դատական խորհուրդն հարկ է համարում անդրադառնալ լսված լինելու իրավունքի իրավական բովանդակության բացահայտմանը։

Այսպես, արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքի իրացման տեսանկյունից անձի լսված լինելու իրավունքը համարվում է նշված իրավունքների բաղկացուցիչ տարրից մեկը, միաժամանակ նաև պատշաճ արդարադատության իրականացման կարևորագույն երաշխիք: Լսված լինելու հիմնարար իրավունքը ավելի լայն հասկացություն է, որը չի սահմանափակվում միայն վերաքննիչ դատարանում բանավոր լսումներին մասնակցելու և բանավոր եղանակով դիրքորոշում հայտնելու հնարավորությամբ: Լսված լինելու իրավունքը ներառում է գործին մասնակցող անձանց կողմից քննարկվող հարցի կապակցությամբ գրավոր եղանակով դիրքորոշումներ հայտնելը, առարկություններ ներկայացնելը, որին համապատասխանում է դատարանի պարտականությունը ընդունելու և քննարկման առարկա դարձնելու այդ դիրքորոշումներն ու փաստարկները:

Ըստ էության, անձի լսված լինելու իրավունքի իրականացումը ապահովում է արդյունավետ դատական պաշտպանության հնարավորություն, մասնավորապես դատավարության ցանկացած փուլում լսված լինելը մի կողմից համարվում է մարդու և քաղաքացու իրավական պաշտպանության միջոց, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ, ներկայացնի ապացույցներ և կատարի այլ ընթացակարգային գործողություններ, մյուս կողմից, այն ունի նաև գործառնական նշանակություն, քանի որ հնարավորություն է տալիս դատարանին դատավարության մասնակիցների դիրքորոշումների, ներկայացված ապացույցների ինչպես ընթացակարգային գործողությունների կատարմամբ ապահովելու գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը:

Վերը նշվածի հաշվառմամբ Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է, համարում նշել, որ քաղաքացիական դատավարությունում վերաքննության փուլում օրենսդիրն անձանց լսված լինելու իրավունքն ապահովում է վերաքննիչ բողոք ներկայացնելու, դրա դեմ պատասխան ներկայացնելու, ինչպես նաև դատավարական այլ գործողություններ իրականացնելու կառուցակարգերի սահմանմամբ: Հարկ է նկատել, որ քաղաքացիական դատավարությունում օրենսդիրը սահմանել է սահմանափակ վերաքննության ինստիտուտը, որից հետևում է, որ վերաքննիչ դատարանը սահմանափակված է ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով, այլ կերպ ասած դատավարության մասնակիցները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող հանգամանքների վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնում են վերաքննիչ բողոքում և համապատասխանաբար վերաքննիչ բողոքի պատասխանում: Միաժամանակ թեԲ վերաքննիչ բողոքը և թեԲ վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է ներկայացվեն բացառապես գրավոր եղանակով: Ասվածը հիմնավորվում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, որը իրավունք է վերապահում դատական կազմում ընդգրկված դատավորներին անհրաժեշտության դեպքում հարցեր տալու կողմերին։ Իրավունքը ենթադրում է, որ դատավորները իրենք են որոշում հարց տալու և նիստում կողմին լսելու անհրաժեշտությունը, ուստի անկախ բանավոր խոսքով հանդես գալու կամ չգալու փաստից, կողմը գրավոր բողոք կամ պատասխան ներկայացնելով, արդեն իսկ իրացնում է իր լսված լինելու իրավունքը։

 Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում դատավարության մասնակցի լսված լինելու իրավունքի առկայության կամ բացակայության հարցը քննարկելիս պետք է գնահատման առարկա դառնան լսված լինելու իրավունքի բոլոր պայմաններն ու նախադրյալները և դրանց հնարավոր ազդեցությունը դատավարության մասնակիցների իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև գործի ելքի վրա: Ըստ էության, սույն գործով վարույթը հարուցած մարմնի կողմից չի ներկայացվել որևէ փաստարկ, որից հնարավոր կլիներ եզրահանգում կատարել անձի լսված լինելու իրավունքի և կամ դրա բաղադրատարրերի սահմանափակման վերաբերյալ, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ վարույթ հարուցած մարմնի փաստարկներն անհիմն են և միջնորդությունը ենթակա է մերժման:

Ինչ վերաբերում է վարույթ հարուցած մարմնի փաստարկներին առ այն, որ նույն օրը, նույն դատական կազմի կողմից անցկացվել է այլ դատական նիստ, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կրկին վերահաստատում է քաղաքացիադատավարական օրենքով նախատեսված կանոնակարգումների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումը և արձանագրում, որ բողոքի քննության ընթացակարգի որոշման հայեցողական իրավունքով օժտված է միայն Վերաքննիչ դատարանը և յուրաքանչյուր դեպքում Դատարանն է որոշում այս կամ այն ընթացակարգի նպատակահարմարությունը, արդյունավետությունը, ուստի նշված փաստարկը ևս չի կարող պայմանավորել Դատավորներին որևէ խախտում վերագրելու հնարավորություն:

Ելնելով վերոգրյալից Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԱՎԴ/3375/02/16 քաղաքացիական գործով Դատավորների կողմից թույլ չի տրվել Միջնորդությամբ վերագրվող դատավարական խախտումը։

Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում անդրադառնալ նաև դատավոր Կարեն Չիլինգարյանի կողմից ներկայացված փաստաբանի վարձատրության միջնորդությանը։

Դատավոր Կարեն Չիլինգարյանը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած միջնորդությամբ հայտնել է, որ նույն կարգապահական վարույթի շրջանակներում իր շահերը ներկայացնելու նպատակով պայմանագիր է կնքել փաստաբան Արմեն Օհանյանի հետ, ում կողմից մատուցվելիք ծառայությունների գինը սահմանվել է այնքան, որքան խելամիտ կհամարի Բարձրագույն դատական խորհուրդը: Խնդրել է միջնորդության քննության՝ իր համար բարենպաստ ելքի պարագայում լուծել նաև փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի հատուցման հարցը:

Օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ դատավորն իրավունք ունի ստանալու փաստաբանի խելամիտ վարձատրության փոխհատուցում, եթե կարգապահական պատասխանատվության չի ենթարկվում:

Վերը նշված հոդվածի իրավակարգավորումից բխում է, որ օրենսդիրը սահմանել է դատավորի համար իր փաստաբանին տրված վարձատրության փոխհատուցում, այն դեպքում, երբ դատավորը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվում, դրա չափի որոշման ելակետում ունենալով փաստաբանին վճարվելիք գումարի խելամտությունը։ Անձինք ազատ են կնքելու իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր իրենց նախընտրած փաստաբանի կամ ներկայացուցչություն իրականացնելու իրավասություն ունեցող ցանկացած անձի հետ՝ վճարելով փոխադարձ համաձայնությամբ որոշված ցանկացած գումար: Այդուհանդերձ, այդ գումարների փոխհատուցման ակնկալիք նրանք կարող են ունենալ միայն ծախսերի այն ծավալով, որը հավասարակշռված կամփոփի այն իրական ծախսը, որը կատարել է դատավորը և այն ծախսը, որն իրապես անհրաժեշտ է եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Տվյալ պարագայում դատավոր Կարեն Չիլինգարյանի կողմից ներկայացված 2022թ. հունվարի 24-ին փաստաբան Արմեն Օհանյանի հետ կնքած վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրում բացակայում է պայմանագրի գինը, ինչի պարագայում Բարձրագույն դատական խորհուրդը դրա խելամտության չափը որոշելու ելակետային տվյալ չունի, ուստի ներկայացված միջնորդությունը՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի հատուցման մասին, ենթակա է մերժման:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 9-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին և Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի միջնորդությունը ներկայացուցչի ծախսերը հատուցելու վերաբերյալ՝ մերժել։

3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

   

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա. Մխիթարյան
   

Ս. Չիչոյան

   

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2022 թվական: