Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-62-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.08.2006-10.11.2007)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.01.31/8(380) Հոդ.159
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
14.12.2004
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.01.2005
Дата вступления в силу
02.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները:

Հոդված 2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենսդրությունը

1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) բարձրագույն մասնագիտական կրթություն` առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հենքի վրա բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի ծրագրերով իրականացվող մասնագիտական կրթություն.

2) բարձրագույն ուսումնական հաստատություն` կրթական հաստատություն, որն իրականացնում է բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրեր. 

3) հետբուհական մասնագիտական կրթություն` բարձրագույն մասնագիտական կրթության (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) հենքի վրա ասպիրանտի, հետազոտողի, հայցորդի ծրագրով իրականացվող մասնագիտական կրթություն.

4) լրացուցիչ կրթություն` մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական որակավորումն անընդհատ լրացնող կրթություն.

5) ուսանող՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն սահմանված կարգով ընդունված և բարձրագույն մասնագիտական կրթության կրթական որևէ ծրագրով ուսումնառու անձ.

6) դասախոս` բարձրագույն մասնագիտական կրթական համակարգի գիտամանկավարժական աշխատող, որը տեսական, գործնական, մասնագիտական գիտելիքներ է դասավանդում ուսանողներին, սովորողներին և նպաստում է դրանց յուրացմանը.

7) ասպիրանտ՝ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի) կրթություն ունեցող, հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունն ասպիրանտուրայում շարունակող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը հետբուհական մասնագիտական կրթական ծրագրով ատեստավորման արդյունքում կարող է ստանալ հետազոտողի որակավորման աստիճան.

8) դոկտորանտ՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստելու համար համապատասխան կարգով ձևակերպված անձ.

9) հայցորդ՝ բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող և առանց ասպիրանտուրայում սովորելու՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման նպատակով ատենախոսություն պատրաստող անձ, որը սահմանված կարգով կցված է հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությանը.

10) հեռավար (դիստանցիոն) ուսուցում՝ համակարգված ուսուցման ձև, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով.

11) դրսեկություն (էքստեռնատ)՝ ինքնակրթությամբ և գիտելիքների ու կարողությունների ընթացիկ, ամփոփիչ գնահատման եղանակով ուսումնական հաստատությունում իրականացվող կրթության ձև.

12) պետական հավատարմագրում՝ պետության կողմից բուհի, կրթական ծրագրի, մասնագետների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչում.

13) ինքնավերլուծություն՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, անձնակազմի և կառուցվածքի արդյունավետության և որակի ուսումնասիրություն, որը, կրթական չափորոշիչներին համապատասխան, իրականացնում է բարձրագույն ուսումնական հաստատությունը.

14) որակի գնահատում (ատեստավորում)՝ բարձրագույն ուսումնական հաստատության մասնագիտությունների, կրթական ծրագրերի, ուսուցման մեթոդների, անձնակազմի և կառուցվածքի արդյունավետության գնահատում.

15) որակի ապահովում՝ պետական կրթական չափորոշիչներին և հավատարմագրման չափանիշներին կրթության որակի համապատասխանության և բարելավման անընդհատ գործընթաց.

16) ակադեմիական կրեդիտ (չափանիշ)` ուսումնական բեռնվածության չափման ժամաքանակով արտահայտվող պայմանական միավոր.

17) կրեդիտային (չափանիշային) համակարգ` ուսումնական գործընթացի կազմակերպման, ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով չափման, հաշվառման և փոխանցման համակարգ, որը ներառում է դասավանդումը, գործնական և անհատական պարապմունքները, խորհրդատվությունները, ռեֆերատների, այլ աշխատանքների պատրաստումը, քննությունների նախապատրաստումը, գնահատումը և այլն.

18) կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգ (ԿԿՓԵՀ)` համաեվրոպական կրեդիտային համակարգ, որն ապահովում է ակադեմիական կրեդիտների համեմատելիությունը և փոխանցելիությունը, դյուրացնում է ուսանողների շարժունակությունը ընդհանուր եվրոպական բարձրագույն կրթական տարածքում.

19) ուսանողական նպաստ՝ ուսանողի ուսման վարձի փոխհատուցում՝ պետական բյուջեի ֆինանսավորման, բարձրագույն ուսումնական հաստատության, հիմնադրամների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հատկացումների հաշվին։

Հոդված 4. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության  բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են՝

1) մարդու և քաղաքացու` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքի ապահովումը և պաշտպանությունը.

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մատչելիությունը.

3) կրթական գործընթացի անընդհատությունը, հաջորդայնությունը և շարունակականությունը.

4) մրցութայնությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը.

5) եվրոպական և օտարերկրյա այլ պետություններում Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթության որակավորման աստիճանների համեմատելիությունը և դիպլոմների ճանաչելիությունն ապահովելը.

6) ուսանողների միջազգային շարժունությանը նպաստելը.

7) բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունները և ինքնավարությունը խթանելն ու զարգացնելը.

8) հայազգի օտարերկրյա քաղաքացիների (սփյուռքի համար), ինչպես նաև հայագիտության զարգացման նպատակով մասնագիտական պատրաստումը և որակավորման բարձրացումը:

Հոդված 5. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները

1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`

1) բարձրագույն և հետբուհական կրթության որակի ապահովումը.

2) պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանն աջակցելը.

3) միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը և դրա ինտեգրմանը նպաստելը.

4) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը միջազգային ասպարեզում.

5) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնահատման և հավատարմագրման միջազգային (եվրոպական) չափանիշների ներդրումը.

6) հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովումը՝ անկախ սեփականության ձևից:

2. Պետությունն ապահովում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետևյալ ձևերով.

1) անցում բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգի.

2) հետբուհական կրթության համակարգի կատարելագործում.

3) կրթության զարգացման պետական ծրագրերի մշակում և իրականացում.

4) կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատանքային շուկայի պահանջներին.

5) պետության պահանջներից ելնելով` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ֆինանսավորում.

6) օրենքով սահմանված կարգով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին և ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ և մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր).

7) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման և որակի գնահատման, ուսուցման կազմակերպման նոր ձևերի, ներառյալ՝ կրեդիտային համակարգի ներդրում.

8) կրթական նոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրում` զարգացում ապահովելու նպատակով.

9) բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտության և կրթության ինտեգրման ապահովում, գիտահետազոտական ստորաբաժանումների կազմակերպում:

3. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն ստանալու հնարավորություն:

Հոդված 6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, իրավասությունը և ակադեմիական ազատությունները

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը`

1) իրականացնում է իր ինքնավարությունը ինքնակառավարման և կոլեգիալության սկզբունքներով.

2) ինքնուրույն է ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի և պարբերականության ընտրության հարցերում.

3) ինքնուրույն է որոշում բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնում է աշխատողների ընտրությունը և բաշխումը, ներառյալ՝ գիտամանկավարժական կազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.

4) իրավունք ունի օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեության:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության իրավասությունն է՝

1) ըստ կրթական ծրագրերի՝ դիմորդների, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպումը.

2) բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերի մշակումը և ընտրությունների անցկացումը.

3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի մշակումն ու հաստատումը, ուսումնական գրականության և ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակումը.

4) ըստ ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների` աշխատողների տեղաբաշխումը.

5) մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման դասընթացների կազմակերպումը.

6) տեղական և միջազգային գիտակրթական և հետազոտական ծրագրերին մասնակցությունը և իրականացումը, գիտական հետազոտությունների կատարումը.

7) հետազոտական աշխատանքներում սովորողների մասնակցության ապահովումը.

8) վճարովի կրթական ծառայությունների (վճարովի ուսուցում և այլն) իրականացումը.

9) ֆինանսների կառավարում, ներառյալ՝ աշխատավարձի, կրթաթոշակի վճարում, ուսման վարձի փոխհատուցում, ուսանողական նպաստների տրամադրում, բարձրագույն ուսումնական հաստատության պահպանմանը և զարգացմանը, գիտահետազոտական գործունեությանը նպատակաուղղված ծախսերի կատարումը.

10) հետբուհական կրթության իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Բարձրագույն ուսումնական հաստատությունն ինքնուրույն է որոշում իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, ներառյալ՝ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգը և չափերը, սահմանում է կրթաթոշակներ:

4. Ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան:

Պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ինչպես նաև սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը։

Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Պետական կրթաթոշակի տրման կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Բարձրագույն ուսումնական հաստատություններն ինքնուրույն են իրենց կառուցվածքի ձևավորման հարցում:

Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և գործառույթները սահմանվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բարձրագույն ուսումնական հաստատության կառուցվածքային ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հանրակրթական, միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթության ծրագրեր:

6. Բարձրագույն ուսումնական հաստատությունը օտարերկրյա պետությունների կրթական կառավարման համապատասխան մարմինների հետ կնքած պայմանագրերով, համաձայնագրերով իրականացնում է օտարերկրյա քաղաքացիների ընդունելություն, մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձևերով, ինչպես նաև մասնագետների փոխանակում, համատեղ գիտական աշխատանքներ, ծրագրեր, օտարերկրյա պետություններում ստեղծում է մասնաճյուղեր, ստորաբաժանումներ և այլն:

7. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր գործունեության համար պատասխանատու է անհատի, հասարակության և պետության առջև:

Բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներին վերահսկում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը (հիմնադիրները), լիազորված մարմինը և օրենքով սահմանված կարգով լիազորված այլ մարմիններ:

Գ Լ ՈՒ Խ  2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 7. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգը

Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգը ներառում է՝

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը, պետական հավատարմագրման չափանիշները.

2) լիցենզավորված բարձրագույն ուսումնական հաստատությունները և համապատասխան հետբուհական ու լրացուցիչ մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունները.

3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կառավարման մարմինները, ինչպես նաև դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները:

Հոդված 8. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները և կրթական ծրագրերը

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնք ապահովում են՝

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակը.

2) եվրոպական և օտարերկրյա այլ պետությունների կրթական չափորոշիչների հետ համեմատելիության հնարավորությունները.

3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության գնահատման հիմքը.

4) օտարերկրյա պետությունների բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորումների և փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը:

2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչները ներառում են՝

1) ընդհանուր պահանջներ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի վերաբերյալ.

2) պահանջներ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի, դրանց իրականացման պայմանների, ներառյալ՝ ուսումնական, արտադրական և նախաավարտական պրակտիկաների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ձևերի, յուրաքանչյուր մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման մակարդակի վերաբերյալ.

21) անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ.

3) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպման ժամկետները կամ անհրաժեշտ կրեդիտային միավորների քանակը.

4) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:

3. Պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ներկայացմամբ (ռազմական, ոստիկանական բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության դեպքում` Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների հետ համաձայնեցված):

4. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է հիմնական և լրացուցիչ հետևյալ կրթական ծրագրերով.

1) բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով`

- բակալավրի,

- մագիստրոսի (կլինիկական օրդինատորի),

- դիպլոմավորված մասնագետի.

2) հետբուհական մասնագիտական հիմնական կրթական ծրագրով`

- հետազոտողի.

3) լրացուցիչ կրթական ծրագրերով՝

- վերապատրաստման,

- մասնագետների որակավորման բարձրացման:

5. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերը մշակում և հաստատում են բարձրագույն ուսումնական հաստատությունը, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը` պետական կրթական չափորոշիչների հիման վրա:

6. Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության` ըստ մասնագիտությունների, մասնագիտացումների ուսումնական պլանները և դասընթացները երաշխավորում են տարբեր կրթական փուլերում սովորողների ուսումնառության գործընթացը (մուտքը կրթական ծրագիր և ելքը ծրագրից)` ապահովելով կրթական կրեդիտների կուտակումը, փոխանցումը և որակավորման աստիճանների շնորհումը:

(8-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-47-Ն)

Հոդված 9. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսուցման ժամկետները և ձևերը

1. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել անընդհատ և (կամ) ընդհատումներով՝ ըստ աստիճանների:

2. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է բարձրագույն մասնագիտական կրթության երկաստիճան որակավորման համակարգ:

Ամփոփիչ ատեստավորումն անցած անձին շնորհվում է`

1) առաջին աստիճանում` բակալավրի որակավորում.

2) երկրորդ աստիճանում` մագիստրոսի որակավորում:

Հայաստանի Հանրապետությունում պահպանվում է նաև դիպլոմավորված մասնագետի որակավորումը:

3. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետբուհական մասնագիտական կրթության` հետազոտողի որակավորման աստիճանը:

4. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերի ուսուցման տևողությունն է`

1) բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 4 տարվա, բժշկական մասնագիտությունների համար՝ առնվազն 5 տարվա.

2) դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 5 տարվա, արվեստի և ֆիզիկական կուլտուրայի մասնագիտությունների համար` առնվազն 4 տարվա.

3) մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 1 տարվա, բժշկական մասնագիտությունների համար` մինչև 4 տարվա.

4) հետազոտողի որակավորման աստիճան ստանալու համար` առնվազն 3 տարվա:

5. Այն անձինք, ովքեր ստացել են բարձրագույն մասնագիտական կրթության համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ, իրավունք ունեն սահմանված կարգով շարունակելու ուսումնառությունը հաջորդ աստիճանի կրթական ծրագրով:

Բարձրագույն կրթության տարբեր աստիճանների կրթական ծրագրերով առաջին անգամ կրթություն ստանալը չի դիտվում որպես երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն:

6. Բարձրագույն մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսուցման տարբեր ձևերով` առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի): Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու առկա և այլ ձևերի զուգակցումը չի արգելվում:

Այն մասնագիտությունների ցանկը, որոնցով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը չի թույլատրվում հեռակա, հեռավար (դիստանցիոն) կամ դրսեկության (էքստեռնատի) ձևերով, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Չհավատարմագրված բուհի ուսանողները և շրջանավարտները կարող են դրսեկության կարգով մասնակցել հավատարմագրված բուհի ընթացիկ, ամփոփիչ ատեստավորմանը:

7. Հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ուսուցման ձևերով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 10. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը

1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության ավարտական փաստաթուղթ՝ համապատասխան ներդիրով.

- բակալավրի դիպլոմ,

- մագիստրոսի դիպլոմ,

- բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ,

- հետազոտողի դիպլոմ:

2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագիրը չավարտած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ակադեմիական տեղեկանք:

3. Լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության սահմանած նմուշի ավարտական փաստաթուղթ (հավաստագիր, վկայական):

Հոդված 11. Բարձրագույն ուսումնական հաստատության խնդիրները

Բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական խնդիրներն են՝

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը բարձրագույն և (կամ) հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

2) գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.

3) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.

4) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

5) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

6) սովորողի` ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.

7) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

8) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության կառավարման պայմաններում:

Հոդված 12. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսակները և անվանումները

Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տեսակները.

1) համալսարան.

2) ինստիտուտ.

3) ակադեմիա.

4) կոնսերվատորիա և այլն:

Բարձրագույն ռազմական, ոստիկանական ուսումնական հաստատությունների գործունեության կարգը սահմանվում է սույն և այլ օրենքներով։

Հոդված 13. Բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը, վերակազմակերպումը, լուծարումը, լիցենզավորումը, հավատարմագրումը

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Բարձրագույն և հետբուհական կրթական գործունեության լիցենզավորումը՝

1) բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) կրթական գործունեության լիցենզիան ուսումնական հաստատությանը տալիս է լիազորված մարմինը: Կրթական ծրագրերի լիցենզավորումն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) ուսումնական հաստատության լիցենզավորման համար հիմք են մանկավարժական և պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի, լաբորատոր բազայի և ուսումնական տարածքի, ուսումնաարտադրական պրակտիկայի բազայի, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը և ուսումնամեթոդական ապահովումը:

3. Պետական հավատարմագրումը

1) պետական հավատարմագրումն իրականացնում է լիազորված մարմինը, անկախ ուսումնական հաստատության գերատեսչական ենթակայությունից, ուսումնական հաստատության և դրա սովորողների ատեստավորման վերաբերյալ եզրակացության հիման վրա.

2) բարձրագույն ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների, հետբուհական կրթական ծրագրերի պետական հավատարմագրումն իրականացվում է լիցենզիայի առկայության դեպքում.

3) բարձրագույն մասնագիտական կրթության գծով պետական հավատարմագրումն իրականացվում է ըստ ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների.

4) հավատարմագրման կարգը, չափանիշները և ժամկետները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

5) պետական հավատարմագրման նպատակն է ուսուցման և առանձին մասնագիտությունների գծով շրջանավարտների պատրաստման որակի` պետական կրթական չափորոշիչներին համապատասխանության ճանաչումը, ինչպես նաև նպաստելը ուսումնական հաստատության զարգացման ծրագրերի արդյունավետության բարձրացմանը.

6) պետական հավատարմագրման վկայականը հավաստում է ուսումնական հաստատության իրականացրած կրթական ծրագրերի մակարդակի, դրանց բովանդակության և շրջանավարտների որակի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչների պահանջներին.

7) ուսումնական հաստատությունների, դրանց մասնագիտությունների հավատարմագրումն իրականացվում է առանձին փուլերով՝ ըստ կրթական ծրագրերի.

8) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում պետական հավատարմագրման ենթակա են բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերը.

9) պետական հավատարմագրման վկայականը տրվում է բարձրագույն ուսումնական հաստատությանը ուսումնական հաստատության և դրա ուսանողների և երկու տարվա շրջանավարտների առնվազն 60 տոկոսի ատեստավորման վերաբերյալ դրական եզրակացության հիման վրա, ինչպես նաև այդ հաստատության մասնագիտությունների առնվազն 75 տոկոսի պետական հավատարմագրման առկայության դեպքում.

10) ուսումնական հաստատության մասնաճյուղերը հավատարմագրվում են ընդհանուր հիմունքներով՝ մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատության հայտի հիման վրա, մայր բուհի կազմում.

11) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա այլ պետությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ուսումնական հաստատությունները և դրանց մասնաճյուղերն իրավահավասար են պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ և լիցենզավորվում, հավատարմագրվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով.

12) բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում (դիպլոմում) նշվում է ուսումնական հաստատության, դրա առանձին մասնագիտության հավատարմագրված լինելու փաստը:

4. Բարձրագույն ուսումնական հաստատությունը կարող է ստանալ նաև հասարակական հավատարմագրում, որը հասարակական հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից իրենց չափանիշներին և պահանջներին բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության մակարդակի համապատասխանության ճանաչումն է:

Հոդված 14. Ընդունելությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում

1. Բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունը բարձրագույն կրթության առաջին աստիճանում` բակալավրիատում, դիպլոմավորված մասնագետի ծրագրում անցկացվում է առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով, օրենքով կամ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ նախատեսված մրցութային հիմունքներով:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իրավունք ունի ընդունելություն հայտարարելու լիցենզիայի առկայության դեպքում:

Բարձրագույն ուսումնական հաստատությունը պարտավոր է ծանոթացնել դիմորդին իր լիցենզիային, կանոնադրությանը և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), որի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են դիմորդի ընդունելության փաստաթղթերում:

3.  Բարձրագույն ուսումնական հաստատությունն ուսանողի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում է դիմորդներին:

Բարձրագույն ուսումնական հաստատության և ուսանողի միջև կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում են սովորելու տարիների տևողությունը և տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում բարձրագույն կրթության յուրաքանչյուր աստիճանի համար նախատեսված ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների:

Ուսանողի հետ կնքված պայմանագիրը, այդ թվում` այդ պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա` ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն:

4. Բարձրագույն կրթության երկաստիճան համակարգում երկրորդ աստիճանի (մագիստրատուրայի) մրցութային ընդունելությունն իրականացվում է առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ։

5. Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը, ըստ կրթական ծրագրերի (բակալավրի, դիպլոմավորված մասնագետի), սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընդունելությունը բարձրագույն ուսումնական հաստատություններ կատարվում է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի` մատչելիության, հրապարակայնության, արդարության, վստահելիության, թափանցիկության, հավասարության սկզբունքների կիրառմամբ:

6. Ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի ծրագրով, դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ասպիրանտուրայի ընդունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ և նախապես տրամադրվում դիմորդին։ Օրինակելի պայմանագրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Դոկտորանտուրայի փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի և դոկտորական թեզի համար գիտական թեմայի առկայության հիման վրա:

(14-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն, խմբ. 07.07.06 ՀՕ-163-Ն)

Հոդված 15. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումը

1. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ, բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի գործառույթների իրականացմամբ:

2. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան։ Խորհրդի նախագահի և անդամների իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:

Խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից:

Խորհրդի ձևավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ, առնվազն 20 հոգի:

Խորհրդի գործունեության մեջ մտնում են հաստատության բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության տարեկան հաշվետվության (որը ներկայացնում է ռեկտորը) լսումն ու գնահատումը, ռեկտորի ընտրությունը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրության, դրա մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկության ներկայացումը հիմնադրին:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան և լուծում է բարձրագույն ուսումնական հաստատության ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման, պլանավորման և կառավարման հիմնահարցերը:

Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե մտնում են ռեկտորը, որը գիտական խորհրդի նախագահն է, պրոռեկտորները և բարձրագույն ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ` բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

Գիտական խորհրդի լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

4. Բարձրագույն ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ ռեկտորը:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է ռեկտորի նոր ընտրություն:

Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է գիտական խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է գիտական խորհրդի որոշումը:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

6. Պետական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի տնօրենը ընտրվում է ուսումնական հաստատության խորհրդի նիստում գաղտնի (փակ) քվեարկությամբ, 5 տարի ժամկետով, բաց մրցույթով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել մասնաճյուղի տնօրենի պաշտոնում:

7. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոռեկտորները (մասնաճյուղի տնօրենի տեղակալները) նշանակվում են ռեկտորի (մասնաճյուղի տնօրենի) հրամանով, և նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

8. Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի), ամբիոնի վարիչի պաշտոնները ընտրովի են, որոնց ընտրության կարգը սահմանվում է բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ֆակուլտետի դեկանի (ուսումնական ստորաբաժանման ղեկավարի) գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

9. Նոր ստեղծվող կամ վերակազմակերպված բարձրագույն ուսումնական հաստատությունում մինչև խորհրդի ձևավորումը բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադիրը նշանակում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:

10. Բարձրագույն ուսումնական հաստատությունները մշակում և հաստատում են հնգամյա կրթական ռազմավարական ծրագրեր: Ռազմավարական ծրագրով սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության հիմնական նպատակները, դրանց հասնելու միջոցառումների ցանկը: Ռազմավարական ծրագիրը հաստատում է խորհուրդը:

Ռազմավարական ծրագիրը լիազորված մարմնի կողմից բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետությունը գնահատելու հիմնական ծրագրային փաստաթուղթն է:

Հոդված 16. Հասարակական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում

Հասարակական-քաղաքական, հասարակական, կրոնական կազմակերպությունները և միավորումները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում չեն գործում, բացառությամբ արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

Գ Լ ՈՒ Խ  3

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հոդված 17. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողները

1. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը բարձրագույն (հետբուհական) կրթության սուբյեկտ է:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողները, ասպիրանտները (այսուհետ՝ սովորողներ) կարող են իրենց հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրել մասնագիտություն, բարձրագույն ուսումնական հաստատության տեսակը և ուսուցման ձևը, տեղափոխվել բարձրագույն ուսումնական այլ հաստատություն (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների), զբաղվել հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատել կամ շարունակել բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունը, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան՝ լիիրավ մասնակցել բարձրագույն ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինների աշխատանքներին:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի՝

1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր դասընթացներ, որոնք տրամադրում են համապատասխան ֆակուլտետը (ուսումնական ստորաբաժանումը) և ամբիոնը.

2) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)՝ պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.

3) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է տվյալ կամ ցանկացած այլ բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ այդ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

4) մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` նախատեսված օրենքով կամ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ.

5) անվճար օգտվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից, մասնակցելու գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին, սեմինարներին և սիմպոզիումներին.

6) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

7) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

8) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.

9) ծանոթանալու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը և նորմատիվ այլ փաստաթղթերի, կնքելու պայմանագիր բարձրագույն ուսումնական հաստատության հետ` ուսումնառության պայմանների վերաբերյալ.

10) լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու ակադեմիական արձակուրդ մինչև մեկ տարի ժամկետով, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

11) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ, գտնվելու արձակուրդում՝ ոչ պակաս, քան յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.

12) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով ստանալու հանրակացարանում համապատասխան տեղ.

13) փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն, ներառյալ՝ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություն` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.

14) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով:

4. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները:

6. Բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքում ուսանողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր՝ ընդհուպ բարձրագույն ուսումնական հաստատությունից հեռացնելը:

Արգելվում է ուսանողներին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:

7. Բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսանողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և ուսանողական այլ կազմակերպություններում, որոնց ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Հոդված 18. Ասպիրանտները, դոկտորանտները և հայցորդները

1. Ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ասպիրանտուրայում պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետները պարտավոր են առնվազն երեք տարի աշխատել բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում՝ ելնելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից։

Մասնագետների աշխատանքի տեղավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Ընտրված գիտական թեմաների, գիտական հետազոտությունների հետ կապված աշխատանքների կատարման համար ասպիրանտները, հայցորդները և դոկտորանտները բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների գիտամանկավարժական և գիտական աշխատողների հետ հավասարապես օգտվում են լաբորատորիաներից, սարքավորումներից, ուսումնամեթոդական կաբինետներից, գրադարաններից, ինչպես նաև գործուղումների իրավունքից:

(18-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն)

Հոդված 19. Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները

1. Բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական և գիտական աշխատողներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ ծրագրի շրջանակներում ուսումնական առարկան շարադրելու, գիտական հետազոտությունների թեմաներ ընտրելու և դրանք իրենց ընտրած մեթոդներով իրականացնելու:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում սահմանվում են գիտամանկավարժական, պրոֆեսորադասախոսական (դեկան, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, դասախոս, ասիստենտ) կազմ, գիտական աշխատողներ, ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:

3. Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը և կանոնակարգերին համապատասխան:

4. Բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել նոր աշխատանքային պայմանագիր մինչև 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա: Նշված պաշտոնների տեղակալման կարգը հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատության, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության աշխատողն իրավունք ունի՝

1) բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

2) մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

3) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական և բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից՝ բարձրագույն ուսումնական հաստատության, հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությանը և (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.

4) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.

5) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

6) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեության համար:

6. Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության աշխատողները պարտավոր են՝

1) ապահովել կրթական և գիտական գործընթացների արդյունավետությունը.

2) պահպանել բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.

4) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ.

5) ոչ պակաս, քան 5 տարին մեկ, սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում։

7. Բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով:

Հոդված 20. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին օտարերկրյա պետությունների փաստաթղթերի ճանաչումն ու համարժեքության հաստատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև կնքված միջպետական, միջկառավարական պայմանագրերով, համաձայնագրերով:

Գ Լ ՈՒ Խ  4

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 21. Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում

1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգի հաստատումը.

3) բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգի հաստատումը.

4) կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի հաստատումը.

5) ըստ հիմնական կրթական ծրագրերի` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի հաստատումը.

6) հաստատում է դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցում իրականացվող մասնագիտությունների ցանկը.

7) պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմորդների ընդունելության կարգի և գիտելիքների գնահատման միասնական համակարգի մշակումը և հաստատումը.

8) ուսանողներին մեկ բարձրագույն ուսումնական հաստատությունից մեկ ուրիշը փոխադրելու կարգի հաստատումը.

9) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտների և հայցորդների ձևակերպման կարգի հաստատումը.

91) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.

92) բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգի սահմանումը.

10) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերի հաստատումը, փոփոխությունների և լրացումների կատարումը.

11) հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկերի հաստատումը.

12) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու, կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.

13) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների գրանցումը, դրանցում լրացումների և փոփոխությունների կատարումը:

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

2. Լիազորված մարմնի իրավասությունն է՝

1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների մշակումն ու հաստատումը.

2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի վերահսկողության իրականացումը.

3) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգերի մշակումը.

4) համապատասխան մարմինների հետ աշխատաշուկայի վերլուծության կատարումը և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության վերաբերյալ առաջարկների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

5) մասնագետների պատրաստման, աշխատողների և գիտամանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և վերապատրաստման, պետական բյուջեից գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորման ծավալների մասին առաջարկությունների ներկայացումը.

6) բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգի հաստատումը.

7) երկրորդ մասնագիտություն ստանալու կարգի հաստատումը.

8) առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցման կարգերի հաստատումը:

Լիազորված մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ իրավասություններ:

(21-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-45-Ն)

Հոդված 22. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովումը և դրա նկատմամբ պետական վերահսկողությունը

1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն ուղղված է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության ապահովմանը, մասնագետների պատրաստման որակի բարձրացմանը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի և այլ միջոցների արդյունավետ օգտագործմանը:

2. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը` լիցենզավորման և հավատարմագրման, ինչպես նաև որակի ապահովման գործընթացների կազմակերպմամբ, որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների միջոցով:

3. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի ապահովման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատությունը և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունը պարտավոր են հրապարակել որակի գնահատման և (կամ) հավատարմագրման չափանիշները, որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպության տված եզրակացությունները, ինչպես նաև որակի գնահատման ընթացիկ արդյունքները:

4. Բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում որակի գնահատում և (կամ) հավատարմագրում իրականացնող կազմակերպությունների կողմից կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգը հաստատում է լիազորված մարմինը։

5. Բարձրագույն և հետբուհական կրթության համակարգում որակի ապահովման գործընթացների սկզբունքներն են գնահատման օբյեկտիվությունը, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը:

Գ Լ ՈՒ Խ  5

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 23. Սեփականության հարաբերությունները բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում

1. Կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով հիմնադիրը (հիմնադիրները) բարձրագույն ուսումնական հաստատությանը սեփականության կամ օգտագործման (անհատույց կամ հատուցելի) իրավունքով տրամադրում է շենքեր, շինություններ, տրանսպորտ, հողամասեր, սարքավորումներ, ինչպես նաև սպառողական, սոցիալական, մշակութային և այլ նշանակության անհրաժեշտ գույք:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին հիմնադիրը (հիմնադիրները) գույքը տրամադրում է անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

2. Բարձրագույն ուսումնական հաստատությունը սեփականության իրավունք ունի ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատության գործունեության արդյունք համարվող մտավոր և ստեղծագործական աշխատանքի արդյունքների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններին կարող են անհատույց կամ հատուցելի կարգով օգտագործման հանձնել ուսումնական տարածքներ և հողամասեր:

Հոդված 24. Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումը

Բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 25. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողների  աշխատանքի վարձատրությունը

1. Բարձրագույն ուսումնական հաստատությունն իր ունեցած և աշխատողների աշխատանքի վարձատրության համար նախատեսված միջոցների սահմաններում ինքնուրույն է որոշում աշխատանքի վարձատրության ձևը և համակարգը, լրավճարների, հավելումների, պարգևատրումների և նյութական խրախուսման այլ միջոցների չափերը, ինչպես նաև բոլոր տարակարգերի աշխատողների աշխատավարձի դրույքաչափերը` առանց աշխատավարձի առավելագույն դրույքաչափեր սահմանելու:

2. Բարձրագույն ուսումնական հաստատության աշխատողին աշխատավարձի դրույքաչափը վճարվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված գործառական պարտականությունների և աշխատանքների կատարման համար:

3. Բարձրագույն ուսումնական հաստատության կրթական գործունեությունն ապահովելու նպատակով պետական բյուջեից հատկացվող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին պետական, օտարերկրյա պետությունների մասնակցությամբ ստեղծված բարձրագույն ուսումնական հաստատությունները ինքնուրույն ձևավորում են աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդ:

Գ Լ ՈՒ Խ  6

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 26. Անցումային դրույթներ

1. Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` կապված բարձրագույն կրթության երկաստիճան համակարգի ներդրման հետ, բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելությունն իրականացվում է միայն բակալավրի կրթական ծրագրով: Արվեստի բարձրագույն ուսումնական հաստատություններում առանձին մասնագիտությունների գծով ուսուցում կարող է իրականացվել դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով:

2. Մինչև 2009-2010 թվականների ուսումնական տարին գործում է նաև միաստիճան որակավորման համակարգ` դիպլոմավորված մասնագետի որակավորմամբ:

3. Մինչև 2010 թվականը շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:

4. Դիպլոմավորված մասնագետի ծրագրով բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառությունն սկսած ուսանողը բանակ զորակոչվելուց կամ հարգելի պատճառով ուսումնառությունն ընդհատելուց հետո, եթե վերականգնվում է երկաստիճան կրթական համակարգում, հնարավորություն է ստանում սովորելու մագիստրատուրայում: Եթե մագիստրատուրան երկու տարով է, ապա բարձրագույն ուսումնական հաստատության ֆինանսավորման հաշվին ազատվում է մեկ տարվա ուսման վարձից:

5. Բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի պարտադիր ներդրումը սկսվում է 2007-2008 թվականների ուսումնական տարվանից:

6. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում 2005-2006 թվականների ուսումնական տարվանից:

(26-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-163-Ն)

 

Հոդված 27. Եզրափակիչ դրույթ


Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունվարի 18
Երևան
ՀՕ-62-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան