ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԿԴ3/0022/01/19 | ||||||
Գործ թիվ ԿԴ3/0022/01/19 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ե. Դանիելյանի | |
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի |
28 փետրվարի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Անդրանիկ Սաշիկի Դոդորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 18-ի որոշման դեմ պաշտպան Ս.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2021 թվականի հուլիսի 19-ի դատավճռով Անդրանիկ Սաշիկի Դոդորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ ու ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, հանցանքների համակցությամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով՝ վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում ՝ 11 (տասնմեկ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
2. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճռի դեմ պաշտպան Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2021 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ, թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ս.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հունվարի 27-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունվարի 31-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
4. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հուլիսի 19-ի դատավճիռը պաշտպան Ս.Ասլանյանը ստացել է նույն թվականի օգոստոսի 12-ին1:
5. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ պաշտպան Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, DLEO100147166AM բեռնային համարով փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկելու նպատակով, հանձնվել է փոստային ծառայությանը2:
6. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ նշված բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին3:
7․ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ պաշտպան Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում ստացվել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին4 ։
8. Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճիռը հրապարակվել է 2021թ. հուլիսի 19-ին, որը պաշտպան Սարգիս Ասլանյանին տրամադրվել է 2021թ. օգոստոսի 11-ին:
Վերը նշված փաստական հանգամանքների պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործով պաշտպան Ս.Ասլանյանի կողմից բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել առնվազն դատավճիռը վերջինի կողմից ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատավճռի օրինակը պաշտպանին տրամադրվել է 2021թ. օգոստոսի 11-ին, որպիսի պայմաններում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2021թ. հուլիսի 19-ի դատավճռի բողոքարկման ժամկետն ավարտվում է 2021թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 24.00-ին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021թ. սեպտեմբերի 12-ը ոչ աշխատանքային օր է (կիրակի օր է):
Ուսումնասիրելով 2021թ. սեպտեմբերի 16-ին փոստային ծառայության միջոցով Վերաքննիչ դատարանում ստացված պաշտպան Սարգիս Ասլանյանի վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը փոստին հանձնվել է 2021թ. սեպտեմբերի 14-ին, մինչդեռ Առաջին ատյանի դատարանի 2021թ. հուլիսի 19-ի դատավճռի բողոքարկման ժամկետն ավարտվում էր 2021թ. սեպտեմբերի 13-ին, ժամը 24.00-ին:
Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2.1-րդ մասի պահանջը, այն է` վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Սարգիս Ասլանյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության:
Ինչ վերաբերում է բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու մասին պաշտպան Ս.Ասլանյանի խնդրանքին, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված հարցը կարող է քննարկվել միայն վերոհիշյալ դատական ակտը կայացրած դատարանի կողմից»5 ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը գտել է, որ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ժամկետների պահպանմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց գնահատելով և առանց քննության թողնելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն իր բնույթով էական է, ազդել է գործի ելքի վրա և հիմք է դատական ակտը բեկանելու համար:
Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ ինքը ստորադաս դատարանին է ներկայացրել համապատասխան ապացույցներ առ այն, որ վերաքննիչ բողոքը ներկայացրել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին։
Բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանի կողմից որևէ ջանք չի գործադրվել իր կողմից վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքը հաստատող համապատասխան փաստական տվյալներ ձեռք բերելու ուղղությամբ, ինչը հանգեցրել է նրան, որ դատարանի հետևությունները, բողոքի ժամկետանց գնահատվելու իրավաչափության առումով, հիմնված չեն հստակ և որոշակի փաստական տվյալների վրա, որի հետևանքով էլ իր կողմից ներկայացված բողոքն անհիմն կերպով թողնվել է առանց քննության:
10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննության։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք պաշտպան Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
12. ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:
13. Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող՝ դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը։ Մասնավորապես, համապատասխան փաստական տվյալները կարող են ձեռք բերվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով6։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հուլիսի 19-ի դատավճիռը պաշտպան Ս.Ասլանյանը ստացել է նույն թվականի օգոստոսի 12-ին7,
- Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ պաշտպան Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքը, փոստային առաքման միջոցով, DLEO100147166AM բեռնային համարով, փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի համաձայն՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան8,
- «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ DLEO100147166AM բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին9,
- «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն՝ պաշտպան Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում ստացվել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին10,
- Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ պաշտպանի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինակը վերջինս ստացել է 2021 թվականի օգոստոսի 11-ին, իսկ վերաքննիչ բողոքը փոստին հանձնվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին, մինչդեռ նշված դատական ակտի բողոքարկման ժամկետն ավարտվում էր 2021 թվականի սեպտեմբերի 13-ին11:
15. Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերն Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հուլիսի 19-ի դատավճիռը ստացել է նույն թվականի օգոստոսի 12-ին, իսկ դրա դեմ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան ուղարկելու նպատակով նույն թվականի սեպտեմբերի 13-ին հանձնել է փոստային ծառայությանը։
Ավելին, ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ պաշտպան Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում ստացվել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին։
Վերոգրյալի պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամկետը հաշվելիս և բողոքը ժամկետանց դիտարկելիս, Վերաքննիչ դատարանը չպետք է հիմք ընդուներ միայն փոստային ծրարի դիմային երեսին առկա դրոշմի վրա նշված ժամկետը:
16. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պաշտպան Ս.Ասլանյանը վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է ուղարկել բողոքարկման ժամկետի պահպանմամբ:
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պաշտպան Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
17. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար12:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի պաշտպան Ս.Ասլանյանի վերաքննիչ բողոքը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Անդրանիկ Սաշիկի Դոդորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հոկտեմբերի 18-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________________________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 18, թերթ 52:
2Տե'ս քրեական գործ, հատոր 18, թերթ 107:
3Տե'ս https://www.haypost.am
4Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, Անդրանիկ Դոդորյանի վերաբերյալ թիվ ԿԴ/0036/01/19 քրեական գործը:
5Տե'ս քրեական գործ, հատոր 18, թերթեր 110-113:
6Տե'ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:
7Տե'ս սույն որոշման 4-րդ կետը:
8Տե'ս սույն որոշման 5-րդ կետը:
9Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
10Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:
11Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
12Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
|
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ե. Դանիելյան | |
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: