Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.09.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.04-2022.04.17 Պաշտոնական հրապարակման օրը 04.04.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.09.2021
Подписан
Նախագահող
Дата подписания
10.09.2021
Дата вступления в силу
10.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԴ/0236/04/18

2021 թ.

Սնանկության գործ թիվ ԵԴ/0236/04/18

Նախագահող դատավոր՝  Ս. Թորոսյան

Դատավորներ՝

 Ա. Խառատյան

 Դ. Սերոբյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի սեպտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի` «Յունիբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 15.04.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 15.04.2019 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (այսուհետ` Կոնվենցիա), «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ, 94-96-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Այսպես, սույն սնանկության գործով դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին Դատարանի որոշումը, սնանկության վարույթում կայացված բոլոր որոշումները, այդ թվում՝ 15.04.2019 թվականի վճիռը, բողոքաբերը չի ստացել: Այսինքն, Դատարանը հնարավորություն չի տվել բողոքաբերին ներկայացնելու իր դիրքորոշումը, ներկայացնել իր բանավոր փաստարկները: Արդյունքում ակնհայտ է, որ Դատարանի կողմից բողոքաբերին հնարավորություն չընձեռելով (պատշաճ չծանուցելով) ներկայացնելու իր դիրքորոշումները և փաստարկները, խախտվել են բողոքաբերի ինչպես վերը թվարկված դատավարական իրավունքները, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները։

Սույն գործով Դատարանի վճիռը կայացվել է 15.04.2019 թվականին, սակայն դրա մասին բողոք բերած անձն իմացել է այն ժամանակ, երբ 04.03.2020 թվականին ծանոթացել է սույն սնանկության գործի նյութերին և ստացել է այդ վճիռը:

Վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը, բողոք բերած անձը նշել է, որ որոշումից պարզ չէ որ իրականացվել են հետախուզական գործողություններ և այդ գործողությունների արդյունքում չի հայտնաբերվել պարտապանը: Հաշվի առնելով այն փաստական հանգամանքը, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ իրականացվել են հետախուզական գործողություններ և արդյունքում չի հայտնաբերվել պարտապանը, Դատարանն իրավունք չուներ շարունակել գործի քննությունը պարզեցված կարգով:

Դատարանն ընդամենը ձևական հետախուզման որոշում է կայացրել և չսպասելով հետախուզության արդյունքներին՝ որոշել է գործի քննությունը շարունակել, որն իրավաչափ չէ։

Վկայակոչելով `«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, բողոք բերած անձը նշել է, որ բողոքաբերին սնանկ ճանաչելու մասին վճիռն ուժի մեջ է մտել 15.04.2019 թվականին, գույքագրում է իրականացվել 20.05.2019 թվականին, այսինքն ոչ թե 30 օրյա ժամկետում, այլ ավելի ուշ, գույքագրումը կատարվել է օրենքի խախտմամբ, քանի որ գույքագրվել է ոչ թե Ընկերության գույքը, այլ երրորդ անձանց գույքը, իսկ վերջում նշված է, որ Սաթիկ Հարությունյանին պատկանող այլ գույք չի հայտնաբերվել:

Հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածը՝ բողոքաբերը նշել է, որ ֆինանսական վիճակի վերլուծությունը կառավարիչը ներկայացրել է դատարան 35 օրից ավելի ժամկետի խախտմամբ, որն անթույլատրելի է։ Ֆինանսական վիճակի վերլուծության մեջ առկա չեն բողոքաբերի վճարունակության վերականգնման հնարավորությունների մասին և բողոքաբերի կնքած վիճարկելի գործարքների մասին տվյալները, այստեղ ակնհայտ է որ տեղի է ունեցել վերը նշված հոդվածի խախտում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2020 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Բանկը 22032018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին (հավելված հատոր 1-ին, գ.թ. 3-5):

2) Դատարանի «Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» 27032018 թվականի որոշմամբ՝ Բանկի դիմումը, ընդունվել է վարույթ և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Սամսոն Ղուկասյանը։ (հավելված հատոր 1-ին, գ.թ. 1):

3)  Դատարանը, պարզելով, որ 28032018 թվականին պարտապան Ընկերությանն ուղարկված ծրարը հետևյալ փաստաթղթերով՝ սնանկության դիմում, «Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» 27032018 թվականի որոշումը, վերադարձվել է դատարան «չպահանջված» նշագրումով, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասը, 26072018 թվականի որոշմամբ Ընկերության և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Միաժամանակ հաջորդ օրը տրվել է կատարողական թերթ (հավելված հատոր 1-ին, գ.թ. 110-112):

4) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի (այսուհետ` Ծառայություն) հարկադիր կատարող արդարադատության կապիտան Կ Մարտիրոսյանի՝ «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 31072018 թվականի որոշման համաձայն` Ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ 27072018 թվականին հարուցված կատարողական վարույթն ավարտվել է: Միաժամանակ որոշման մեջ նշվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում պարտապանի անունով գույք չի հայտնաբերվել և տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (հավելված հատոր 1-ին, գ.թ. 114):

5) Սույն գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ Ս Ղուկասյանի կողմից Դատարանին 07032019 թվականին ներկայացված միջնորդության համաձայն` «(…)իմ պարտականությունների կատարման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարտապանը չի հայտնաբերվել։ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26072018 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է և «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ի, նրա գույքի և դրամական միջոցների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ձեզ եմ ներկայացնում ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժնի որոշումը՝ «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/0236/04/18 սնանկության գործով թիվ 04387525 կատարողական վարույթն ավարտելու մասին և միջնորդում եմ դատարանին վերսկսել «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/0236/04/18 սնանկության գործը։ (…)» (հավելված հատոր 1-ին, գ.թ. 68):

6) Դատարանը 11032019 թվականին կայացրել է որոշում՝ սնանկության գործի վարույթը շարունակել պարզեցված ընթացակարգով։ 11032019 թվականին որոշումը «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Համբարձումյանին ուղարկվել է քաղաք Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 15-րդ շենք, բնակարան թիվ 51 հասցեով, որը վերջինս ստացել է 21032019 թվականին։ «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ին ուղարկվել է քաղաք Երևան, Վ Համբարձումյան թիվ 8/1 շենք, 25-րդ բնակարան հասցեով, վերջինիս առաքանին վերադարձվել է Դատարան «չպահանջված» նշումով (հավելված հատոր 1-ին, գ.թ 115-123):

7) Դատարանի 15042019 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է։ Ընկերությունը ճանաչվել է սնանկ։ Դատարանի վճիռը «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Համբարձումյանին ուղարկվել է քաղաք Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, 15-րդ շենք բնակարան թիվ 51 հասցեով, որը վերադարձվել է Դատարան «չպահանջված» նշումով։ «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ին ուղարկվել է քաղաք Երևան, Վ Համբարձումյան թիվ 8/1 շենք, 25-րդ բնակարան հասցեով որը, նույնպես վերադարձվել է Դատարան «չպահանջված» նշումով (հավելված հատոր 1-ին, գ.թ. 123-134, 136-138):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա հարուցված վարույթի մասին պարտապանի պատշաճ ծանուցման հարցին, ինչպես նաև վերջինիս պատշաճ չծանուցելու դեպքում` կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտման իրավական խնդրին:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝

(...)

2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը: Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բացակայող պարտապանի և (կամ) նրա գույքի հայտնաբերման դեպքում կառավարչի միջնորդությամբ դատարանը կարող է որոշում կայացնել` սնանկության պարզեցված ընթացակարգի դադարեցման և նույն օրենքով նախատեսված սնանկության ընդհանուր ընթացակարգերին անցնելու մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթի մասին պարտապանին ծանուցելը պայմանավորված է սնանկության վարույթի առանձնահատկությամբ և նպատակ ունի ապահովելու սնանկ ճանաչվող պարտապանի մասնակցությունը սնանկության վարույթին՝ դրանով իսկ երաշխավորելով սնանկության վարույթի ընթացքում սնանկ ճանաչվող պարտապանի՝ օրենքով սահմանված իրավունքների լիարժեք իրականացումը (օրինակ՝ վիճարկելու սնանկության հիմքերը, ներկայացնելու անհրաժեշտ ապացույցներ և այլն): Նման անհրաժեշտությունը բխում է նաև դատավարությունում, այդ թվում՝ սնանկության վարույթի ողջ ընթացքում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները պահպանելու սահմանադրաիրավական և կոնվենցիոն դրույթներից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով 01.02.2008 թվականի որոշմամբ անդրադառնալով դատավարությունում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներին, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38): Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սնանկության վարույթի ընթացքում սնանկ ճանաչված պարտապանի նկատմամբ, ըստ էության, կիրառելի են որոշակի սահմանափակումներ (օրինակ՝ մորատորիումը և այլն), միաժամանակ հաշվի առնելով այն, որ սնանկության վարույթը կարող է հանգեցնել սնանկ ճանաչվող պարտապանի՝ քաղաքացիաիրավական շրջանառությունից դուրս գալուն, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանել է սնանկության վարույթի մասին պարտապանին ծանուցելու ընթացակարգը: Այսպես՝ հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի պատճենը:

Օրենսդիրը միաժամանակ պարտապանի կողմից իր սնանկությունը չվիճարկելու դեպքերի համար սնանկ ճանաչելու հարցի լուծման համար նախատեսել է հետևյալ ընթացակարգերը.

ա/ ընդհանուր կարգը, երբ պարտապանը, ստանալով իր սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը, դրան հաջորդող 15 օրվա ընթացքում գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 16-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը,

բ/ պարզեցված կարգը, երբ պարտապանը բացակայում է, և նրա գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ: Ընդ որում, բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման վարույթի ավարտից հետո, եթե չի հայտնաբերվում պարտապանի որևէ ներկայացուցիչ, ապա դատարանը ծանուցում է բացակայող պարտապանին նրա վերջին հայտնի` գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Հատկանշական է, որ դատավորը 10-րդ օրը, առանց դատական նիստ հրավիրելու, վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում, քանի որ նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար, եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը:

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկը 22032018 թվականին դիմում է ներկայացրել Դատարան` Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին: Դատարանը, պարզելով, որ 28032018 թվականին պարտապան Ընկերությանն ուղարկված ծրարը հետևյալ փաստաթղթերով՝ սնանկության դիմումը, «Դիմումը վարույթ ընդունելու և սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին» 27032018 թվականի որոշումը, վերադարձվել է դատարան «չպահանջված» նշագրումով։ Հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասը, 26072018 թվականի որոշմամբ Ընկերության և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Միաժամանակ հաջորդ օրը տրվել է կատարողական թերթ:

Ծառայության հարկադիր կատարող, արդարադատության կապիտան  Կ Մարտիրոսյանի «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 31072018 թվականի որոշման համաձայն` Ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական այլ փաստաթղթերի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ 27072018 թվականին հարուցված կատարողական վարույթն ավարտվել է: Միաժամանակ որոշման մեջ նշվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում պարտապանի անունով գույք չի հայտնաբերվել և տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Համաձայն սույն գործում առկա՝ սնանկության ժամանակավոր կառավարիչ Ս Ղուկասյանի կողմից Դատարանին 07032019 թվականին ներկայացված միջնորդության` «…իմ պարտականությունների կատարման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարտապանը չի հայտնաբերվել։ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26072018 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է և «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ի, նրա գույքի և դրամական միջոցների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Ձեզ եմ ներկայացնում ՀՀ հարկադիր  կատարումն ապահովող ծառայության Երևան  քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժնի որոշումը՝ «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/0236/04/18 սնանկության գործով թիվ 04387525 կատարողական վարույթը ավարտելու մասին և միջնորդում եմ  դատարանին վերսկսել «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/0236/04/18 սնանկության գործը։…»

Դատարանը, կիրառելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածը և դիմումը բավարարելով, պատճառաբանել է, որ «․․․դատարանը պատշաճ կարգով, պատվիրված նամակով` հանձնման մասին հետադարձ ծանուցմամբ, «ԳՐԻՍՏԵ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը և ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանին ուղարկել է 2019 թվականի մարտի 11-ի որոշումը` թիվ ԵԴ/0236/04/18 սնանկության գործի վարույթը վերսկսելու մասին, ինչպես նաև 27.03.2018թ-ի որոշումը` դիմումը վարույթ ընդունելու մասին կից գրությամբ և դիմումի օրինակը: Միաժամանակ տեղեկացվել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա 10-րդ օրը դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին, սակայն «ԳՐԻՍՏԵ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանն ուղարկված դատավարական փաստաթղթերը հետ են վերադարձվել «չի պահանջվել» պատճառաբանությամբ, իսկ ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանը ստանալով դատարանի որոշումները և դիմումի օրինակը, օրենքով սահմանված ժամկետում չի վիճարկել «ԳՐԻՍՏԵ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության սնանկությունը, հետևաբար, պարտապանը չի առարկում ընկերությանն առաջադրված վճարային պարտավորությունների դեմ, որը նույնպես վճարային պարտավորության անվիճելիության հիմք է»: 

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, արձանագրել է, որ «(․․․) Դատարանի կողմից պատշաճ կերպով իրականացվել են օրենքով նախատեսված այն բոլոր անհրաժեշտ և բավարար գործողությունները, որոնք ուղղված են եղել Պարտապանի պատշաճ ծանուցումը ապահովելուն և գործը կողմերի մասնակցությամբ քննելուն: Բացի այդ, Բողոքաբերի՝ սնանկության գործի շրջանակներում կայացված որոշումների մասին ծանուցված չլինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը և հերքվում են գործում առկա գրավոր ապացույցներով, որոնք հաստատում են այն փաստը, որ Դատարանի 11.03.2019 թվականի որոշումը պարունակող ծանուցագիրը «Գրիստե Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Համբարձումյանը ստացել է 21.03.2019 թվականին, իսկ Դատարանը վճռել է Պարտապանին ճանաչել սնանկ 15.04.2019 թվականին։ Այսինքն՝ Բողոքաբերը 21.03.2019 թվականի ծանուցագիրը ստանալուց հետո ունեցել է ողջամիտ ժամանակ որևէ դատավարական գործողություն կատարելու համար, ինչպես նաև վերաքննիչ բողոքում վկայակոչված փաստարկները Դատարանին ներկայացնելու՝ իր սնանկությունը վիճարկելու համար, որոնք բխում են դատավարության տնօրինչականության սկզբունքի էությունից»:

Մինչդեռ վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ նախ՝ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված եղանակներով չի ծանուցել պարտապանին վերջինիս նկատմամբ հարուցված սնանկության վարույթի մասին, բացի այդ, Դատարանը կարող էր շարունակել գործի վարույթը միայն այն դեպքում երբ բացակայող պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզման արդյունքում, չէր հայտնաբերվել պարտապանի որևէ ներկայացուցիչ:

Գործում առկա «Կատարողական վարույթն ավարտելու մասին» 31.07.2018 թվականի որոշմամբ նշվել է` «Կատարողական գործողությունների ընթացքում պարտապանի անունով գույք չի հայտնաբերվել և տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»: Այսինքն՝ որոշումից հետևում է, որ պարտապանի գույքի նկատմամբ հետախուզման գործողությունների արդյունքում գույք չի հայտնաբերվել, իսկ տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և այն ավարտված չէ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի նկատմամբ հետախուզում հայտարարելն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ, այն նպատակ է հետապնդում ապահովելու պարտապանի՝ սնանկության վարույթի վերաբերյալ իրապես տեղեկացված լինելու իրավունքը, հետևաբար հետախուզման արդյունքների նկատմամբ դատարանը պարտավոր է լինել հետևողական, որպիսի հետևողականության դեպքում դատարանը չի կարող հետախուզման արդյունքները ստացած չլինելու պայմաններում, անցում կատարել սնանկ ճանաչելու հարցի լուծման պարզեցված ընթացակարգին և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ: Մինչդեռ Դատարանը, չսպասելով իր իսկ որոշմամբ հայտարարված հետախուզման արդյունքներին, անցում է կատարել սնանկ ճանաչելու հարցի լուծման պարզեցված ընթացակարգին, և դա այն պարագայում, երբ գործում առկա չէ որևէ ապացույց հետախուզման արդյունքում պարտապանի ներկայացուցչի չհայտնաբերվելու վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարության մասնակից պարտապանը զրկված է եղել սնանկության վարույթում իրեն վերապահված իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, չապահովելով սնանկ ճանաչված Ընկերության սնանկության վարույթի վերաբերյալ իրապես տեղեկացված լինելու իրավունքը, սահմանափակել են վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում բերված նյութական իրավունքի նորմերի (տվյալ դեպքում՝ սնանկության հիմքերի) խախտման վերաբերյալ փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքի նման եղանակով սահմանափակման պայմաններում հնարավոր չի համարում դրանց անդրադառնալ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու։

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12062020 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան