Գլխավոր տեղեկություն
Номер
N 374-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 25.03.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.03.2022
Дата вступления в силу
26.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2022 թվականի N 374-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-172-23.02.2022-ՏՏԳՇ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

24.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-172-23.02.2022-ՏՏԳՇ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ հողային օրենսգիրք) 7-րդ հոդվածի 9-րդ մասում «ձկնաբուծական արհեստական լճակների» բառերից հետո լրացնել «, ոռոգման նպատակով ջրավազանների» բառերը, որի արդյունքում ստացվում է, որ հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոփոխելու դեպքում հողամասերի կադաստրային արժեքների վճարման պահանջը չի վերաբերում այն դեպքերին, երբ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվում է ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների կամ ձկնաբուծական արհեստական լճակների, ոռոգման նպատակով ջրավազանների կառուցման համար:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ հիմնավորում) համաձայն՝ օրենքի նախագծով առաջարկվում է հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու դեպքում հողամասի կադաստրային արժեքների նպատակային նշանակման փոփոխման պահին առկա տարբերությունը չվճարելու բացառությունների շարքին ավելացնել նաև ոռոգման նպատակով ջրավազանները՝ հաշվի առնելով դրանց դերն ու անհրաժեշտությունը գյուղատնտեսության ինտենսիվ մի շարք ուղղությունների զարգացման գործում: Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով հստակ սահմանվել է այն կառույցների ցանկը, որոնք անհրաժեշտ են ժամանակակից և մրցունակ գյուղարտադրություն կազմակերպելու համար: Նույն ցանկը սահմանված է նաև 7-րդ հոդվածի 9-րդ մասում, բացառությամբ ոռոգման նպատակով ջրավազանի: Սույն փոփոխությամբ առաջարկվում է շտկել այդ բացթողումը:

Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների, ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կամ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը, բացառությամբ հատուկ պահպանվող տարածքների, փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որոնք արտացոլվում են հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:

Այս առումով առաջարկում ենք հստակեցնել՝ արդյո՞ք նախագծի 1-ին հոդվածում խոսքը չպետք է վերաբերի ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազաններին՝ հաշվի առնելով հիմնավորման բովանդակությունը:

Ներկայացված տեսքով նախագծի ընդունման դեպքում ոռոգման նպատակով ջրավազանների կառուցման բոլոր դեպքերում կգործի հողամասի կադաստրային արժեքի վճարումից ազատման արտոնություն, իսկ հողամասի նպատակային նշանակության փոփոխության պարզեցված կարգը կկիրառվի միայն ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման համար:

Հարկ ենք համարում նշել նաև, որ անհրաժեշտ է նույնաբովանդակ լրացում կատարել նաև հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 11-րդ մասում:

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները՝ առաջարկում ենք. նախագծի 1-ին հոդվածից հանել «ՀՕ-185» հերթական համարը:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք՝

1. Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասում «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների» բառերից հետո լրացնել «, ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների (պայմանով, որ ոռոգման նպատակով ջրավազանների կառուցման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը չի գերազանցի սեփականության իրավունքով գրանցված հողամասի ընդհանուր մակերեսի 10 տոկոսը)» բառերով,

11-րդ մասում «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսությունների» բառերից հետո լրացնել «, ոռոգման նպատակով մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների)» բառերով:»: