11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2020 թվականի N 1514-Ն
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, այն, որ Հայաստանի Հանրապետությունում ևս հիվանդությունը ստացել է լայնածավալ տարածում, և երկրում առաջացել է համաճարակ՝ հիմք հանդիսանալով արտակարգ իրավիճակի առաջացման, հաշվի առնելով նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին, կարևորելով բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, հաշվի առնելով առողջապահության ոլորտի լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան առաջարկությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 20.3-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «թ» և «ժ» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել կարանտին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2022 թվականի հունիսի 20-ը ներառյալ:
(1-ին կետը փոփ. 11.01.21 N 1-Ն, 09.07.21 N 1127-Ն, 11.11.21 N 1834-Ն)
2․ Սահմանել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները` համաձայն հավելվածի:
3․ Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
11.09.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման |
ԿԱՐԱՆՏԻՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1.
ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ
1. (կետն ուժը կորցրել է 11.01.21 N 1-Ն)
2. Հայաստանի Հանրապետության տարածք պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործող անձանց նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով: Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:
(2-րդ կետը խմբ. 31.10.20 N 1756-Ն, լրաց. 11.01.21 N 1-Ն, 06.05.21 N 727-Ն, լրաց., փոփ. 27.08.21 N 1384-Ն, փոփ. 08.09.21 N 1454-Ն, 11.11.21 N 1834-Ն, 06.12.21 N 1986-Ն, լրաց. 07.04.22 N 434-Ն, խմբ. 28.04.22 N 568-Ն)
2.1. (կետն ուժը կորցրել է 28.04.22 N 568-Ն)
3. (կետն ուժը կորցրել է 28.04.22 N 568-Ն)
4. (կետն ուժը կորցրել է 28.04.22 N 568-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 28.04.22 N 568-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 28.04.22 N 568-Ն)
7. Անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սույն հավելվածի 2-րդ կետի հիմքով հոսպիտալացման կիրառման դեպքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ և ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ անձն ուղեկցվում է մինչև շտապ օգնության մեքենա և տեղափոխվում համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն:
(7-րդ կետը փոփ., լրաց. 31.10.20 N 1756-Ն, խմբ. 06.05.21 N 727-Ն, փոփ., լրաց. 07.04.22 N 434-Ն, խմբ. 28.04.22 N 568-Ն)
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն միջոցներ են ձեռնարկում ապահովելու արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց սույն գլխով սահմանված կանոնների վերաբերյալ նախապես իրազեկելու ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն բոլոր կոմերցիոն ավիափոխադրողներին տրամադրում է ծանուցման թերթիկներ՝ չվերթի ժամանակ ուղևորների կողմից լրացվելու համար։
9. (կետն ուժը կորցրել է 28.04.22 N 568-Ն)
ԳԼՈՒԽ 2.
ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ
10. Անձին ինքնամեկուսացման հրահանգ տրվում է անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատման դեպքում, եթե վերջինս ենթակա չէ հոսպիտալացման: Պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով: Ինքնամեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ կամ ՀԾ ԱԱԹ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը չպատվաստված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հուլիսի 16-ի N 2322-Լ հրամանի համաձայն գնահատված և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման համար ՊՇՌ հետազոտության մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու թույլտվություն ունեցող, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.moh.am հրապարակված ցանկում ներառված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:
(10-րդ կետը փոփ. 31.10.20 N 1756-Ն, խմբ. 11.01.21 N 1-Ն, 31.01.22 N 101-Ն, լրաց. 07.04.22 N 434-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 11.01.21 N 1-Ն)
12. Ինքնամեկուսացված անձի նկատմամբ իրականացվում է օբսերվացիա:
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
13. (կետն ուժը կորցրել է 11.01.21 N 1-Ն)
13.1. (կետն ուժը կորցրել է 11.01.21 N 1-Ն)
14. (կետն ուժը կորցրել է 11.01.21 N 1-Ն)
ԳԼՈՒԽ 4.
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
15. (կետն ուժը կորցրել է 18.02.21 N 204-Ն)
15.1. (կետն ուժը կորցրել է 28.04.22 N 568-Ն)
15.2. (կետն ուժը կորցրել է 28.04.22 N 568-Ն)
16. Երկարատև խնամքի ծառայություններ մատուցող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում տեսակցություններ թույլատրվում են բացառապես կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) գործող դեպքերի բացակայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում:
17. (կետն ուժը կորցրել է 09.07.21 N 1127-Ն)
17.1. (կետն ուժը կորցրել է 28.04.22 N 568-Ն)
ԳԼՈՒԽ 5.
ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
18. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված ցանկի, կիրառման դեպքերի և կարգի:
19. Հանրային իշխանության մարմինները, տնտեսական գործունեության առանձին տեսակներ իրականացնող, ծառայություններ մատուցող և տնտեսական գործունեությամբ չզբաղվող կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում ապահովում են լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը: Սույն կանոնի պահպանման նկատմամբ սահմանվում է վերահսկողություն՝ օրենքով սահմանված կարգով:
(19-րդ կետը խմբ. 27.08.21 N 1384-Ն, փոփ. 16.09.21 N 1490-Ն)
20. Բոլոր ուսումնական հաստատություններում և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող կազմակերպություններում ուսումնական գործընթացը կարող է իրականացվել միայն լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանված լինելու դեպքում:
21. Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում:
22. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի կամ դրա պատճենի (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) առկայությունը պարտադիր է: Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (այդ թվում՝ էլեկտրոնային պատճենը) պետք է լինի տեսանելի, իսկ դրանում առկա տվյալները՝ բավարար չափով պարզ և ընթեռնելի՝ անձի նույնականացումն ապահովելու համար։
(22-րդ կետը լրաց. 29.10.20 N 1743-Ն)
ԳԼՈՒԽ. 6
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ
23. Առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմինները, կազմակերպությունները և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները (այսուհետ՝ առողջապահական կազմակերպություններ) Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրում իրենց հայտնի՝ ստուգված (թեստավորված), վարակակիր, հիվանդության ախտանիշներ ունեցող, հիվանդացած, բուժվող և նրանց հետ շփում ունեցած (կոնտակտավոր), ինչպես նաև ինքնամեկուսացված կամ օբսերվացիայի ենթակա անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները՝ անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրի հասցեն, ինքնամեկուսացման վայրի հասցեն, ինքնամեկուսացում սկսելու ամսաթիվը, բուժում անցնելու վայրի հասցեն, հեռախոսահամարները, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայության համարանիշը:
24. Սույն հավելվածի 23-րդ կետով նախատեսված տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորը փոխանցում է Տեսչական մարմին և ոստիկանություն:
(հավելվածը լրաց. 18.09.20 N 1548-Ն, խմբ., լրաց. 29.10.20 N 1743-Ն, խմբ., փոփ., լրաց. 31.10.20 N 1756-Ն, 11.01.21 N 1-Ն, փոփ. 18.02.21 N 204-Ն, լրաց., փոփ., խմբ. 06.05.21 N 727-Ն, խմբ., փոփ. 09.07.21 N 1127-Ն, լրաց., փոփ., խմբ. 27.08.21 N 1384-Ն, փոփ. 08.09.21 N 1454-Ն, 16.09.21 N 1490-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.11.21 N 1834-Ն, փոփ., խմբ. 06.12.21 N 1986-Ն, խմբ. 20.01.22 N 52-Ն, 31.01.22 N 101-Ն, լրաց., խմբ., փոփ. 07.04.22 N 434-Ն, խմբ., փոփ. 28.04.22 N 568-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|