ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2022 թվականի N 568-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1514-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության տարածք պետական սահմանի ցամաքային և օդանավակայաններում տեղակայված անցման կետերով մուտք գործող անձանց նկատմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշների դեպքում լրացուցիչ հարցումների իրականացում)՝ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով: Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 2.1-ին, 3-6-րդ, 9-րդ, 15.1-ին, 15.2-րդ և 17.1-ին կետերը.
3) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սույն հավելվածի 2-րդ կետի հիմքով հոսպիտալացման կիրառման դեպքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ և ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ անձն ուղեկցվում է մինչև շտապ օգնության մեքենա և տեղափոխվում համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն:»:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել որոշման հավելվածի 8-րդ կետի պահանջները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
28.04.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|