Գլխավոր տեղեկություն
Номер
ԲԴԽ-23-Ո-Կ-5
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.03.21-2022.04.03 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2022
Принят
Բարձրագույն դատական խորհուրդ
Дата принятия
10.03.2022
Подписан
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար
Дата подписания
10.03.2022
Дата вступления в силу
10.03.2022

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ք. Երևան

10 մարտի 2022 թ.

ԲԴԽ-23-Ո-Կ-5

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի

նախագահի պաշտոնակատար


Գ. Ջհանգիրյանի,

   

մասնակցությամբ՝

 

անդամներ

Գ. Բեքմեզյանի,

 

Դ. Խաչատուրյանի,

 

Մ. Մակյանի,

 

Լ. Մելիքջանյանի,

Ա. Մխիթարյանի, 
Ս. Չիչոյանի,
 

Վ. Քոչարյանի,

   

Արդարադատության նախարարի
տեղակալ

Գ. Մինասյան,

Արդարադատության նախարարի
ներկայացուցիչ

 

Գ. Հարությունյանի,
Հ․ Սանոյանի,

 

Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանի
դատավոր

Վ Մելիքյանի,

 

քարտուղարությամբ՝

Ա. Շիլաջյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 11-Ա որոշմանը և կից ներկայացված փաստաթղթերին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց.

 

1.Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից 19․01․2021 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Վահագն Մելիքյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հաղորդումը։

Նախարարի 05․01.2022 թվականի որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 31․01․2022 թվականի N11-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2.Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Նախարարը վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 308-րդ հոդվածի 1-ին մասը, 314-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 134-րդ հոդվածի 1-ին մասը, 135-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումները մասնավորապես նշել է, որ Դատավորը, Նաիրա Տեր-Ստեփանյանի (այսուհետ՝ նաև Մեղադրյալ) նկատմամբ կալանավորման հիմքերի առկայության հարցը քննարկելով Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների շրջանակներում, որոնք դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, քննության առարկա չի դարձրել Մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հանգամանքը: Մինչդեռ, Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի` միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից, իսկ քննարկվող դեպքում թիվ 58156720 քրեական գործով Մեղադրյալին մեղսագրված հանցավոր արարքներն առերևույթ ավարտվել են 19.01.2015 թվականին, այսինքն՝ միջնորդության քննության պահին արդեն իսկ դրանց վաղեմության ժամկետներն անցած են եղել, ուստի Դատավորը պետք է արձանագրեր կալանավորման տվյալ պայմանի բացակայությունը, որպիսի պայմաններում Oրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերի առկայության հարցը չպետք է քննարկվեր և քննիչի միջնորդությունը պետք է ամբողջությամբ մերժվեր:

Միաժամանակ Նախարարը միջնորդությամբ նշել է, որ Դատավորի կայացրած որոշումը հանգեցրել է Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված` մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման՝ անհիմն կալանավորման ձևով:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակում Դատավորը Արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որով հայտնել է․ «Ստանալով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և կից նյութերը, նկատի ունենալով, որ Նաիրա Երվանդի Տեր-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, ուսումնասիրել եմ վերոգրյալ հոդվածներով կալանավորման պայմանների և հիմքերի առկայության հարցը, որի դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված քրեական վարույթը բացառող հանգամանքներ առկա չեն եղել:

Նաիրա Երվանդի Տեր-Ստեփանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը և ձերբակալման իրավաչափության վերաբերյալ պաշտպանների բողոքը միաժամանակյա քննության առնելու պայմաններում հեռանալով խորհրդակցական սենյակ եկել եմ եզրահանգման, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Նաիրա Տեր-Ստեփանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանել արարքի փաստական նկարագրությանը, իսկ այդ արարքի փաստական կողմը տվյալ փուլում առերևույթ վկայել է արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Միաժամանակ արձանագրելով գտել եմ, որ Նաիրա Տեր-Ստեփանյանին մեղսագրվող արարքներն առերևույթ համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին և կալանավորման հիմքերի առկայության հարցը քննարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների շրջանակներում:

Վերոգրյալի պայմաններում իմ կողմից թույլ տրված անուշադրության արդյունքում բաց է թողնվել այն հարցի քննարկումը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի պայմաններում արդեն իսկ առկա է եղել քրեական վարույթը բացառող հանգամանք՝ անցած են եղել վաղեմության ժամկետները:

Ամփոփելով բացատրությունս արձանագրում եմ, որ թույլ տրված խախտումը ոչ թե դիտավորության կամ կոպիտ անփութության արդյունքում է տեղի ունեցել, այլ բացառապես անուշադրության արդյունքում:»:

Բարձրագույն դատական խորհրդին Դատավորը պատասխան չի ներկայացրել, սակայն Բարձրագույն դատական խորհրդի նիստում պնդել է Արդարադատության նախարարին ներկայացրած բացատրությունը։

 

4.Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. 12․05․2020 թվականին ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 58156720 քրեական գործը։

2. Նախաքննական մարմնի կողմից 23․07․2020 թվականին Նաիրա Տեր-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

3. Դատարանը, 23.07.2020 թվականին, թիվ ԵԴ/0680/06/20 դատական գործով քննության առնելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մեղադրյալի պաշտպանների կողմից ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը, որոշել է բավարարել Մեղադրյալի պաշտպանների բողոքը և արձանագրել վերջինիս ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Միաժամանակ, Դատարանը նույն որոշմամբ մասնակի բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ մեկ ամիս ժամկետով:

4. Դատարանը որոշման պատճառաբանական մասում անդրադառնալով Մեղադրյալի առերևույթ առնչությանը Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքին՝ արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը փաստում է, որ մեղադրանքի նկարագրության մեջ նշված «էական վնաս»-ը և «ծանր հետևանքներ»֊ը, ըստ էության ունեն նույն բովանդակությունը: Ստացվել է այնպես, որ նույն հետևանքը հիմք է ընդունվել ինչպես «էական վնաս» այնպես էլ «ծանր հետևանքներ» առաջանալու հանգամանքը նկարագրելու համար: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մեղադրանքի նկարագրությունում խոսք չկա «ծանր հետևանքների» անզգուշությամբ առաջացած լինելու մասին: Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրում է, որ Նաիրա Տեր-Ստեփանյանին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, իսկ այդ արարքի փաստական կողմը սույն փուլում վկայում է արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:»:

5. Վերաքննիչ քրեական դատարանը 04.08.2020 թվականին որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ պաշտպանների վերաքննիչ բողոքը բավարարվել՝ վիճարկվող որոշումը բեկանել է և Մեղադրյալը ազատվել է կալանքից:

6. Վճռաբեկ դատարանի 09.12.2020 թվականի որոշմամբ ներկայացված բողոքը վարույթ ընդունվելը մերժվել է:

 

5.Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Նախարարի հաղորդումը, ինչպես նաև Նախարարի տեղակալի և ներկայացուցչի դիրքորոշումները, Դատավորի պատասխանը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին՝

1. արդյո՞ք թիվ ԵԴ/0680/06/20 դատական գործով 23.07.2020 թվականին կայացված որոշմամբ Դատավորի կողմից թույլ է տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմի/նորմերի խախտում.

2. արդյո՞ք թիվ ԵԴ/0680/06/20 դատական գործով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը կատարվել է Օրենքի իմաստով դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

 Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, իսկ նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը՝

1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցանքի կազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ.

2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցանքի կազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով.

3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցանքի կազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում դատավորի կողմից թույլ տրված անձի իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը գնահատելու համար որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից թույլ տրված իրավունքի խախտման կարևորության աստիճանը, Դատավորի սուբյեկտիվ վերաբերմունքը խախտման նկատմամբ և խախտման հնարավոր և փաստացի հետևանքների ծանրությունը մարդու իրավունքների, տվյալ դեպքում՝ անձի անձնական ազատության սահմանադրական իրավունքի ապահովման տեսանկյունից:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հինգ տարի:

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:

Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:

Վճռաբեկ դատարանը մի շարք նախադեպային որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը: Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ կալանավորման հիմքերին: Ավելին, եթե առկա չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված՝ կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է:

Հիմնավոր կասկածի հետ մեկտեղ կալանավորման պայմաններ են նաև համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, գործի նյութերում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված տարիքը, որոշակի խումբ անձանց համար, օրինակ` պատգամավորներ, դատավորներ, անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը:

Մեկնաբանելով անձի ազատության սահմանափակման համար անհրաժեշտ պայմանը՝ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած առ այն, որ նա իրավախախտում է կատարել, ընդ որում` յուրաքանչյուր դեպքում կասկածը պետք է լինի ողջամիտ: (տե՛ս Վահրամ Գևորգյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշում)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից ևս բխում է, որ կալանքի հիմնավորվածության կարևոր տարրերից են կասկածների արժանահավատությունն ու բարեխղճությունը (տե՛ս Մյուրեյն ընդդեմ Միացյալ Թագավորության (MURRAY v. THE UNITED KINGDOM) 1994թ. հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 61):

Վճռաբեկ դատարանը մեկ այլ նախադեպային որոշմամբ արձանագրել է, որ անձի ազատության սահմանափակման դեպքում դատարանները, ի թիվս կալանավորման հիմքերի և այլ պայմանների, քննարկման առարկա պետք է դարձնեն նաև Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը: Եթե կոնկրետ դեպքում առերևույթ առկա և կիրառելի են քրեական վարույթը բացառող հանգամանքներից որևէ մեկը, ապա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ նախաքննության մարմնի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման։ Այսինքն` անձի ազատությունը սահմանափակելը կհամարվի օրինական և հիմնավորված միայն կալանավորման հիմքերի և այլ պայմանների միաժամանակյա առկայության և քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում:

Բացի այդ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ կալանավորման հիմքերի և այլ պայմանների միաժամանակյա առկայության անտեսմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելը դատական վերահսկողությունը դարձնում է ձևական և ոչ արդյունավետ միջոց, որի հետևանքով էլ չի իրականացվում դատական վերահսկողության առաքելությունը` անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովումը և այդ իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումների բացառումը:

Սույն կարգապահական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանը 23.07.2020 թվականին թիվ ԵԴ/0680/06/20 դատական գործով քննության առնելով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մեղադրյալի պաշտպանների կողմից ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը, որոշել է բավարարել Մեղադրյալի պաշտպանների բողոքը և արձանագրել վերջինիս ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը: Միաժամանակ, Դատարանը նույն որոշմամբ մասնակի բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով:

Դատարանը, որոշման պատճառաբանական մասում անդրադառնալով Մեղադրյալի առերևույթ առնչությանը, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքին՝ արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը փաստում է, որ մեղադրանքի նկարագրության մեջ նշված «էական վնաս»-ը և «ծանր հետևանքներ»֊ը, ըստ էության ունեն նույն բովանդակությունը: Ստացվել է այնպես, որ նույն հետևանքը հիմք է ընդունվել ինչպես «էական վնաս» այնպես էլ «ծանր հետևանքներ» առաջանալու հանգամանքը նկարագրելու համար: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մեղադրանքի նկարագրությունում խոսք չկա «ծանր հետևանքների» անզգուշությամբ առաջացած լինելու մասին: Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրում է, որ Նաիրա Տեր-Ստեփանյանին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, իսկ այդ արարքի փաստական կողմը սույն փուլում վկայում է արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով»:

Բարձրագույն դատական խորհուրդը 07․06․2021 թվականի ԲԴԽ-29-Ո-Կ-11 որոշմամբ արձանագրել է հետևյալը.

«15․ Այլ խոսքերով, պահանջվում է, որպեսզի դատարանը գնահատի նաև, թե արդյոք արարքը պարունակում է տվյալ կոնկրետ հանցագործության՝ քրեական օրենքով սահմանված հատկանիշները: Փաստորեն, դատարանից պահանջվում է ստուգել ոչ թե այն, թե արդյոք մեղսագրվող արարքը ունի ընդհանրապես հանցագործության առերևույթ հատկանիշներ, այլ նաև այն, թե արդյոք արարքը պարունակում է տվյալ կոնկրետ հանցակազմի հատկանիշները, այսինքն՝ թե արդյոք արարքի փաստակազմին տրվել է ճիշտ իրավական գնահատական՝ քրեաիրավական որակում:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության առանձնահատկություններից ելնելով, այն իրականացնելիս՝ արարքի կոնկրետ քրեաիրավական գնահատականի հիմնավորվածության՝ գործի ըստ էության քննության սահմաններից դուրս բովանդակային ստուգման արդյունքում հիմնավոր կասկածի բացակայությամբ կալանավորումը կարող է մերժվել դատարանի կողմից միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, մասնավորապես, երբ՝

1) մեղսագրվող արարքի փաստական հանգամանքները վկայում են ընդհանրապես ոչ հանցավոր արարքի (դեպքի կամ իրադարձության) առկայության մասին (oրինակ՝ պահանջվող հատուկ սուբյեկտի բացակայություն, կամ՝ մեղադրյալի և տուժողի միջև ոչ թե քրեաիրավական, այլ բացառապես քաղաքացիաիրավական հարաբերությունների առկայություն) կամ այնպիսի արարքի առկայության մասին, որով, այն գործով փաստերը ճիշտ որակվելու դեպքում, կալանավորումը հնարավոր չէր լինի կիրառել օրենքի ուղիղ արգելքի պատճառով, մասնավորապես՝ Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված պարտադիր պայմանի (անձը կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է) բացակայության դեպքում, և

2) եթե վերը նշված իրավական նշանակություն ունեցող հանգամանքները հնարավոր է հաստատված համարել առանց դատաքննության:»:

Վերը նշված փաստերի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատարանը, քննելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքին Մեղադրյալի առնչության տեսակետից, նշված միջնորդության առթիվ կայացված դատական ակտում դրսևորելով Մեղադրյալի անձնական ազատության իրավունքի սահմանափակման նկատմամբ պատշաճ դատական վերահսկողություն, արձանագրել է, որ Մեղադրյալին մեղսագրված արարքին «տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, իսկ այդ արարքի փաստական կողմը սույն փուլում վկայում է արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով»: Դատարանը, հիմնավոր կասկածի կամ առնչության հավանականության փաստի առկայության հարցի քննության շրջանակներում եզրահանգել է, որ Մեղադրյալին ներկայացված մեղադրանքում առկա են ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները նկարագրող տեղեկություններ, որոնցով փաստացի կարող է հիմնավորվել անձի առնչությունը միայն միջին ծանրության հանցագործությունների համար, իսկ վերջիններիս ներքո քրեական հետապնդման վաղեմության ժամկետը համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` 5 տարի է։ Նշված ժամկետի անցնելու պարագայում քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման և անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Դատարանը մեղադրյալի նկատմամբ կալանավորման գլխավոր պայմանի՝ առնչության առկայության հարցը լուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների շրջանակներում, որոնք դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, և միջնորդության քննության պահին արդեն իսկ դրանց վաղեմության ժամկետները անցած են եղել, այնուամենայնիվ Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 1 ամսով կալանավորումը։

Այսպիսով, պատշաճ դատական վերահսկողություն իրականացնելով Մեղադրյալի անձնական ազատության իրավունքի սահմանափակման նկատմամբ և այդ շրջանակներում հաստատելով Մեղադրյալի առնչությունը՝ որոշման կայացման պահի դրությամբ քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալու հետևանքով ոչ կալանելի հոդվածով նախատեսված արարքին, Դատավորն այնուհետև անուշադրության է մատնել իր ձևավորած դիրքորոշման արդյունքում պարտադիր առաջ եկող հետևանքները, մասնավորապես՝ վաղեմության ժամկետը լրացած ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածով առաջադրված մեղադրանքով անձի կալանավորման անհնարինությունը: Այսպիսով, Դատավորի կողմից խախտումը կատարվել է դիտավորության բացակայության պայմաններում: Միաժամանակ, Դատավորը դրսևորել է կոպիտ անփութություն, քանի որ պարտավոր էր և կարող էր գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը գործում է որպես մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող միջոց, ուստի Դատարանն այս դեպքում որոշում է բացառապես անձի իրավունքների սահմանափակման օրինականության և հիմնավորվածության հարցը, որն էլ նշանակում է, որ խափանման միջոց կալանքը ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս դատարանը պետք է անդրադառնա քրեական վարույթը բացառող հանգամանքների առերևույթ առկայության և կիրառելիության հարցին։

Միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը չի կարող անհետևանք թողնել որոշման կայացման պահին ոչ կալանելի հոդվածի պայմաններում (նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի նախատեսված վաղեմության ժամկետները անցնելու փաստը բացառում է այդ հոդվածով մեղադրանքի օրինականությունը) Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը մեկ ամիս ժամկետով որպես խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև Մեղադրյալի՝ 23.07.2020 թվականից մինչև 04.08.2020 թվականը կալանքի տակ գտնվելու փաստերը։

Այսպիսով, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատարանը կալանավորման գլխավոր պայմանի՝ հիմնավոր կասկածի բացակայության փաստն արձանագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված և միջին ծանրության հանցագործություններ հանդիսացող արարքների համար օրինականության պահանջներին բավարարող մեղադրանքի տեսակետից, իր իսկ կողմից իրականացված պատշաճ դատական վերահսկողության արդյունքում ձևավորված և արտահայտած դիրքորոշումը անփութորեն թողել է անհետևանք՝ քննության առարկա չի դարձրել Մեղադրյալին մեղսագրվող հանցավոր արարքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում Դատարանը քննարկման առարկա չի դարձրել քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի, այն է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները անցած լինելու առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը:

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը կարգապահական տույժի ենթարկված չի եղել:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին հայտարարել նկատողություն։

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

 

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

ԱՆԴԱՄՆԵՐ՝

 

Գ. ԲԵՔՄԵԶՅԱՆ

   

Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 

Մ. ՄԱԿՅԱՆ

   

Լ. ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆ

Ա. Մխիթարյան
   

Ս. Չիչոյան

   

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան