Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (19.01.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
19.01.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
19.01.2022
Дата вступления в силу
19.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0462/02/15

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0462/02/15

Նախագահող դատավոր՝  Ա. Մխիթարյան

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան

 Ա. Մկրտչյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2022 թվականի հունվարի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Խառատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մանուշ Մկրտչյանի ընդդեմ Տիգրան Խառատյանի, Սուսաննա և Անահիտ Զոհրանյանների` բնակարանի նկատմամբ սեփականության և հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքները ճանաչելու պահանջների մասին, ու ըստ հակընդդեմ հայցի Տիգրան Խառատյանի ընդդեմ Մանուշ Մկրտչյանի` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մանուշ Մկրտչյանը պահանջել է Վանաձոր քաղաքի Թատերական փողոց թիվ 8 շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Թատերական փողոց թիվ 8/9 հողամասի նկատմամբ ճանաչել իր կառուցապատման իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տիգրան Խառատյանը պահանջել է հարգելի համարել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետն իր կողմից բաց թողնելու պատճառը և իրեն ճանաչել ժառանգատու Արամայիս Զոհրանյանի ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 04.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2019 թվականի որոշմամբ Տիգրան Խառատյանի և Սուսաննա Զոհրանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակիորեն: Որոշվել է Դատարանի 04.09.2018 թվականի վճիռը` «Ժառանգությունն ընդունած լինելու հիմքով ՀՀ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 8 շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ ճանաչել Մանուշ Արամայիսի Մկրտչյանի սեփականության իրավունքը» մասով, բեկանել և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան սահմանված ծավալով նոր քննության: Դատարանի 04.09.2018 թվականի վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Խառատյանը (ներկայացուցիչ` Արտակ Ոսկանյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մանուշ Մկրտչյանը (ներկայացուցիչ` Կարեն Թումանյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետը, չի կիրառել 01.01.2012 թվականից ուժի մեջ մտած խմբագրությամբ գործող «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, որը ենթակա չէր կիրառման:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը կասկածի տակ է դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի թիվ 3-753 (ՎԴ) և 10.10.2007 թվականի թիվ 3-1345 (ՎԴ) որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների իրավաչափությունը, ինչը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տիգրան Խառատյանը, որպես ըստ կտակի ժառանգ, ունեցել է սուբյեկտիվ իրավունք ժառանգելու ժառանգատու Արամայիս Զոհրաբյանի ունեցվածքը, սակայն ժառանգության բացման օրվանից օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի` «Վանաձոր» նոտարական տարածքի նոտարին ըստ կտակի ժառանգությունն ընդունելու մասին դիմում չի ներկայացրել, քանի որ իր այդ սուբյեկտիվ իրավունքի գոյության մասին օբյեկտիվ պատճառներով չի իմացել:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու հիմք է հանդիսանում նաև կտակի առկայության մասին ժառանգի տեղյակ չլինելը, իսկ դատարանն այդ հիմքով ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելով կարող է ժառանգին ճանաչել ժառանգությունն ընդունած այն դեպքում, երբ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգը դիմել է դատարան այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո վեց ամսվա ընթացքում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ժառանգատու Արամայիս Զոհրանյանը մահացել է 25.06.2014 թվականին, իսկ նրա կտակի առկայության մասին Տիգրան Խառատյանը տեղեկացել է ըստ կտակի ժառանգությունն ընդունելու սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո` 2015 թվականի ապրիլ ամսին, երբ ստացել է դատարանի կողմից իրեն ուղարկված սույն քաղաքացիական գործով Մանուշ Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը: Այսինքն, Արամայիս Զոհրանյանի ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվել են 2015 թվականի ապրիլ ամսին, որից հետո երկամսյա ժամկետում` մինչև ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառի վերանալուց հետո դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտը, Տիգրան Խառատյանը հակընդդեմ հայցով դիմել է դատարան:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Տիգրան Խառատյանն օրենքի ուժով համարվում է Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 8 շենքի, թիվ 9 բնակարանի ¼ մասի սեփականատեր դեռևս 1994 թվականից: Դատարանը, սակայն, վճռով ճանաչել է Մանուշ Մկրտչյանի սեփականության իրավունքը վիճելի ամբողջ բնակարանի նկատմամբ` Տիգրան Խառատյանին զրկելով դրա ¼ մասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից:

Սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում և բազմաթիվ այլ գործերով ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած մի շարք դատական ակտերում միևնույն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված նորմը կիրառվել է հակասող` այնպիսի մեկնաբանությամբ, որ կտակի մասին չիմանալը հանդիսանում է ժառանգությունն ընդունելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ, որը հիմնավոր համարվելու դեպքում դատարանը կարող է ժառանգի դիմումի հիման վրա վերջինիս ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Տիգրան Խառատյանն իմացել է ժառանգության բացման մասին, իմացել է ժառանգատուի մահվան փաստի մասին: Միաժամանակ, կտակի առկայության մասին տեղյակ չլինելը, որպես առանձին գործող պայման, օրենսդրությամբ նախատեսված չէ: Հետևաբար, չի կարող դատարանն օրենսդրությամբ նախատեսված հիմքերին ավելացնել այլ հիմքեր: Այսինքն, կտակի առկայության մասին տեղյակ լինելու պարտավորություն սահմանված չէ, սակայն, եթե ժառանգը տեղյակ է ժառանգության բացման, այսինքն` ժառանգատուի մահվան մասին, ապա կտակի առկայության մասին իմանալը պետք է բխի նրա գործողություններից և շահագրգռվածությունից:

Միաժամանակ, ի հակադրումն բողոք բերած անձի վկայակոչած դատական ակտերի, առկա են մի շարք այլ դատական ակտեր, որոնցով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ կտակի մասին չիմանալը չի կարող համարվել ժառանգության ընդունման ժամկետը հարգելի համարելու հիմք:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՔԿԱԳ Կիրովականի տարածքային բաժնի կողմից 19.06.1963 թվականին տրված թիվ I-ЗЖ 637364 ծննդյան վկայականի համաձայն` Մանուշ Արամայիսի Զոհրանյանը ծնվել է 20.05.1963 թվականին, հայրն է` Արամայիս Հմայակի Զոհրանյանը, մայրը` Հրանուշ Ոսկանի Աբրահամյանը (հատոր 1-ին, գ.թ. 22)

2) ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնի կողմից 02.07.2014 թվականին տրված թիվ ԱԲ152599 մահվան վկայականի համաձայն` Արամայիս Հմայակի Զոհրանյանը մահացել է 25.06.2014 թվականին, որի վերաբերյալ մահվան ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 757 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 24)

3) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Վանաձորի տարածքային ստորաբաժանման կողմից 04.06.2008 թվականին տրված թիվ 1930015 վկայականի համաձայն` Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Թատերական փողոցի թիվ 8/9 հասցեի հողամասի նկատմամբ գրանցվել է Արամայիս Հմայակի Զոհրանյանի կառուցապատման իրավունքը` թիվ 2431, 29/05/2008 հաստատված կառուցապատման պայմանագրի հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 25-26)

4) ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Վանաձորի տարածքային ստորաբաժանման կողմից 12.05.2003 թվականին տրված թիվ 1719159 վկայականի համաձայն` քաղաք Վանաձոր, Թատերական փողոցի թիվ 8 շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ գրանցվել է Արամայիս Հմայակի Զոհրանյանի սեփականության իրավունքը` 27.05.1994 թվականի Վանաձորի քաղ. գործկոմի թիվ 10/13-68 որոշման հիման վրա (հատոր 1-ին, գ.թ. 27-28)

5) «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մ. Ասլանյանի կողմից 26.07.2013 թվականին վավերացված և սեղանամատյանում թիվ 3125 համարի տակ գրանցված կտակի համաձայն` Արամայիս Զոհրանյանն իրեն պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը, որտեղ էլ այն գտնվի, ինչից էլ որ այն կայանա, որն առ իր մահվան օրը պատկանելիս է եղել իրեն, կտակում է Տիգրան Խառատյանին (հատոր 1-ին, գ.թ. 49)

6) Համաձայն Մանուշ Մկրտչյանի կողմից 10.12.2014 թվականին Վանաձորի նոտարական տարածք ներկայացրած դիմումի, որը գրանցվել է սեղանամատյանում թիվ 5183 համարի տակ, 25.06.2014 թվականին մահացած հոր` Արամայիս Զոհրանյանին պատկանող ամբողջ գույքն ինքն ընդունում է ըստ օրենքի: Հանգուցյալ Արամայիս Հմայակի Զոհրանյանը մինչև մահը մշտապես բնակվել է ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թատերական փողոց, շենք 8, բնակարան 9 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 32)

7) «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մ. Ասլանյանի կողմից 20.01.2015 թվականին փաստաբան Կարեն Թումանյանին ուղղված թիվ 18 գրության համաձայն` 25.06.2014 թվականին մահացած Արամայիս Զոհրանյանը 26.07.2013 թվականին կազմել է կտակ: Նրա մահից հետո ըստ կտակի ժառանգություն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել և ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել (հատոր 1-ին, գ.թ. 33)

8) «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մ. Ասլանյանի կողմից 29.01.2015 թվականին Մանուշ Մկրտչյանին ուղղված թիվ 018 գրության համաձայն` քաղաքացի Արամայիս Զոհրանյանի մահից հետո մնացած ժառանգական գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին դիմումին ընթացք չի կարող տրվել, քանի որ հանգուցյալը 26.07.2013 թվականին «Վանաձոր» նոտարական գրասենյակում կազմել է կտակ և ըստ կտակի ժառանգի ժառանգությունն ընդունելու փաստը դեռևս ճշտված չէ (հատոր 1-ին, գ.թ. 35)

9) «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մ. Ասլանյանի կողմից 21.04.2015 թվականին Տիգրան Խառատյանին հասցեագրված թիվ 018 գրության համաձայն` Արամայիս Զոհրանյանի մահից հետո ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 8 շենքի թիվ 9 բնակարանի և ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 8/9 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր չի կարող տրվել հանգուցյալի մահից հետո օրենքով սահմանված վեց ամսյա ժամկետում ժառանգություն ընդունելու մասին դիմում չներկայացնելու պատճառով (հատոր 1-ին, գ.թ. 50)

10) Համաձայն 18.03.1994 թվականի բնակ. տարածության սեփականաշնորհման մասին դիմումի` բնակ. տարածության իրավունք ունեցող չափահասները համաձայնել են, որ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 8 շենքի թիվ 9 բնակարանը, որում բնակվում է 1 ընտանիք, 4 մարդ, ձևակերպվի բնակ. տարածության վարձակալ Արամայիս Զոհրանյանի անունով` որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ սեփականություն։ Տվյալ բնակ. տարածությունում բնակ. մակերեսի իրավունքով գրանցված բնակվում են` Արամայիս Զոհրանյան, ծննդյան թիվ` 1933թ., Հրանուշ Աբրահամյան, ծննդյան թիվ` 1931թ., Սուսաննա Զոհրանյան, ծննդյան թիվ` 1960թ., Տիգրան Խառատյան, ծննդյան թիվ` 1987թ. (հատոր 4-րդ, գ.թ. 14)

11) Հայաստանի Հանրապետության պատգամավորների Վանաձորի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 27.05.1994 թվականի թիվ 10/13-68 որոշման համաձայն` գործադիր կոմիտեն որոշել է սեփականաշնորհել Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 8 շենքի թիվ 9 բնակարանն Արամայիս Զոհրանյանին, որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ սեփականություն (հատոր 4-րդ, գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի մեկնաբանությունը հակասում է 06.07.2007 թվականի թիվ 3-753 (ՎԴ) և 10.10.2007 թվականի թիվ 3-1345 (ՎԴ) քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի իրավանորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.

կտակի գոյության մասին տեղյակ չլինելու պատճառով ժառանգության ընդունման ժամկետի բացթողնումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածում որպես ժամկետի վերականգնման հիմք չնախատեսելը կարո՞ղ է արդյոք որակվել իրավունքի բաց և հաղթահարվել իրավունքի անալոգիայի (praeter legem) սկզբունքի կիրառմամբ:

Նշված իրավական հարցադրմանը պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ իրավանորմում իրավունքի բացը բնութագրող հատկանիշներին և դրանց հաղթահարման իրավական մեխանիզմներին:

Իրավանորմում իրավունքի բացը դրսևորվում է`

1. իրավանորմի հիփոթեզում այն նվազագույն վավերապայմանների բացակայությամբ, որոնք անհրաժեշտ են տվյալ հարաբերության նկատմամբ դիսպոզիցիայում ամրագրված կանոնը կիրառելու համար,

2. իրավանորմի դիսպոզիցիայում ամրագրված այն կանոնակարգման բացակայությամբ, որը թույլ կտա իրավական կարգավորման տակ ներառել տվյալ հասարակական հարաբերությունը,

3. իրավանորմի սանկցիայի և դրա կիրառման դրույթների ոչ բավարար ամրագրմամբ:

Վերոգրյալը թույլ է տալիս եզրակացնել, որ իրավանորմի բացն այն իրավիճակն է, երբ կոնկրետ իրավանորմի տարրերի կառուցվածքային կազմը հնարավորություն չի տալիս իրավական կարգավորման ենթարկել այն հասարակական հարաբերությունը, որը բովանդակային առումով գտնվում է որևէ իրավական ինստիտուտի կարգավորման տիրույթում: Այդ առումով հարկ է տարանջատել այն դեպքերը, երբ օրենսդրի դիտավորությունը եղել է տվյալ հարաբերությունը դուրս թողնել իրավական կարգավորման ոլորտից և այդ առումով նման հարաբերությանը չտալ իրավահարաբերության որակում, և երբ տվյալ հարաբերությունը դուրս է մնացել իրավական կարգավորումից` օրենսդրական անկատարության հետևանքով:

Մասնավորապես` օրենսդրական անկատարության դրսևորում է հանդիսանում այն իրավիճակը, երբ օրենքով նախատեսված իրավաբանական փաստի վրա հասնելու արդյունքում, օրենքի ուժով իրավունքի սուբյեկտը ձեռք է բերում կոնկրետ իրավական կարգավիճակ, սակայն բացակայում են այդ կարգավիճակով պայմանավորված սուբյեկտիվ իրավունքների իրականացման իրավական մեխանիզմները: Նման պայմաններում, իրավունքի սուբյեկտը, անկախ օրենքով նախատեսված կարգավիճակ ձեռք բերած լինելու հանգամանքից, իրավական հնարավորություն չի ստանում ներառվելու համապատասխան իրավահարաբերության մեջ և օգտվելու այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմող իրավական արդյունավետ միջոցների կիրառումից:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածը, սահմանելով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից օգտվելու անձի իրավունքը, ազդարարում է, որ յուրաքանչյուր ոք, ում կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) արձանագրել է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը երաշխավորում է ներպետական օրենսդրության մեջ իրավական պաշտպանության այնպիսի միջոցի առկայությունը, որը հնարավոր է դարձնում Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը (տե՛ս, Rotaru c. Roumanie [GC], 2000, § 67):

Մեկ այլ որոշմամբ Եվրոպական դատարանը, անդրադառնալով իրավունքի արդյունավետ պաշտպանության հիմնախնդրին, մասնավորապես նշել է, որ իրավունքի պաշտպանության միջոցը համարվում է «արդյունավետ», եթե այն հնարավորություն է տալիս կանխել խախտումը, դադարեցնել դրա շարունակությունը, կամ ստանալ համապատասխան փոխհատուցում արդեն իսկ տեղի ունեցած խախտման դեպքում (տե՛ս, Kudła c.Pologne [GC], 2000, § 158; Ramirez Sanchez c. France [GC], 2006, § 160):

Նշված կոնվենցիոն պահանջից ակնհայտ է դառնում, որ պետության պոզիտիվ պարտականություններից է հանդիսանում իրավունքի սուբյեկտի համար նախատեսել այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան նրան, իր կարգավիճակին համապատասխան, իրացնել իրավունքի արդյունավետ միջոցներ:

Հիշատակվածն անմիջականորեն վերաբերում է նաև այն դեպքերին, երբ իրավունքի սուբյեկտին, օրենսդրի կողմից վերապահվելով որոշակի իրավական վիճակ, միաժամանակ չեն ապահովվում նրա սուբյեկտիվ իրավունքների իրականացման համար անհրաժեշտ և բավարար իրավական մեխանիզմները:

Վերոգրյալ թույլ է տալիս եզրակացնել, որ իրավանորմի բացը հանդիսանում է նորմատիվային բնույթ կրող այնպիսի թերություն, որի առկայությունը խաթարում է սուբյեկտի իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության նորմ-սկզբունքի պահանջը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդված): Ուստի, պետության պոզիտիվ պարտականության մեջ է մտնում իրավունքի բացի հաղթահարումը: Այդ առումով օրենսդիրը նախատեսել է օրենսդրության անկատարության վերացման այնպիսի ինքնուրույն իրավական մեխանիզմ, ինչպիսին է իրավանորմի բացի հաղթահարումը, որը կարող է իրականացվել իրավակիրառ մարմնի կողմից՝ իրավանորմի բաց պարունակող կոնկրետ իրավանորմի մեկնաբանության միջոցով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Նշված իրավանորմից ակնհայտ է դառնում, որ օրենսդիրն իրավական կարգավորման տիրույթ է ներառում քաղաքացիական իրավունքի այն սուբյեկտներին, որոնք ժառանգական իրավահարաբերությունում ունեն ժառանգի կարգավիճակ: Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը վերաբերում է այն անձանց, որոնք օրենսդրի կողմից որակվում են որպես ժառանգներ: Այդ առումով գործնական կարևորություն ունի այն հարցի պարզումը, թե օրենսդիրը որ դեպքերում և պայմաններում է անձին որակում ժառանգ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածը, որում ամրագրված են ժառանգության հիմքերը, սահմանում է, որ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանով տնօրինված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը:

Նույն օրենսգրքի 1190-րդ հոդվածն ազդարարում է, որ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները: Ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:

Վերը նշվածը թույլ է տալիս եզրակացնել, որ ժառանգի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով օրենսդիրը ժառանգի համար չի նախատեսել այդ կարգավիճակի ձեռք բերման որևէ գործընթաց: Անձը ժառանգ է դառնում անկախ որևէ գործողություն կատարելու հանգամանքից, օրենքի հիման վրա, ժառանգության բացման փաստի ուժով, երբ ժառանգատուն իր գույքը կամ դրա մի մասը, կտակի միակողմանի գործարքի ուժով, ժառանգում է վերջինիս, իսկ դրա բացակայության դեպքում, ժառանգի կարգավիճակ են ձեռք բերում ժառանգատուի ազգականները` ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականության: Փաստորեն, ըստ օրենքի ժառանգման դեպքում օրենսդիրը ժառանգատու-ժառանգ հարաբերության հիմքում դրել է նրանց միջև գոյություն ունեցող ազգակցական կապը: Դրան համապատասխան, ըստ օրենքի ժառանգման հրավիրված անձի համար, ժառանգության բացված լինելու փաստին տեղյակ լինելու դեպքում, օբյեկտիվ հնարավորություն է ստեղծվում իրազեկվել ժառանգի կարգավիճակ ձեռք բերած լինելու մասին և դրան համապատասխան իրացնելու ժառանգի համար օրենքով նախատեսված իր սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները, այլ կերպ ասած՝ ներառվելու ժառանգության ընդունման կամ ժառանգությունից հրաժարվելու գործընթացներին:

Իրավիճակն այլ է ըստ կտակի ժառանգման դեպքում, երբ ժառանգի կարգավիճակի ձեռք բերման համար ազգակցական կապը որոշիչ նշանակություն չի ստանում: Նման պայմաններում, մինչև ժառանգության ընդունման գործընթացին ներգրավվելը, անձը պետք է իրազեկված լինի կտակի ուժով ժառանգության հրավիրված ժառանգի կարգավիճակ ձեռք բերած լինելու մասին: Առավել ևս, երբ կտակը հանդիսանում է միակողմանի գործարք և դրա հրապարակայնությունը կամ կտակի գոյության մասին ժառանգին իրազեկելն օրենքով նախատեսված չէ:

 Տվյալ դեպքում, իր կարգավիճակի մասին տեղյակ չլինելու պայմաններում, անձն օբյեկտիվորեն դուրս է մնում ժառանգական իրավահարաբերության մեջ ներառվելու հնարավորությունից: Այդ խոչընդոտը կվերանա այն պահից, երբ նա կիրազեկվի իր վերաբերյալ ժառանգատուի կողմից թողած կտակի գոյության մասին: Այսինքն` ժառանգի կարգավիճակի ձեռք բերումը կտակի դեպքում ոչ միայն պայմանավորված է ժառանգության բացման և կտակի գոյության փաստով, այլև կտակի գոյության մասին իրազեկված լինելու հանգամանքով: Ուստի, կտակի ուժով ժառանգի կարգավիճակի ստանձնումը դեռևս բավարար չէ այդ կարգավիճակով պայմանավորված իրավունքների իրացման համար, քանի դեռ անձն իրազեկված չէ այդ կարգավիճակը ձեռք բերած լինելու մասին: Այսինքն` այն փաստական կազմը, որն անձի համար օբյեկտիվորեն իրավական հնարավորություն կստեղծի կտակի ուժով մտնել ժառանգական իրավահարաբերությունների մեջ, պայմանավորված կլինի հետևյալ վավերապայմանների միաժամանակյա առկայությամբ.

1. ժառանգության բացում,

2. ժառանգության բացման մասին իրազեկվածություն,

3. կտակի գոյություն,

4. կտակի գոյության մասին իրազեկվածություն:

Քննարկվող պարագայում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածը, նախատեսելով ժառանգության ընդունման ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի համարելու մեկ հիմք` ժառանգության բացման մասին ժառանգի անիրազեկությունը, փաստորեն, ըստ օրենքի ժառանգության հրավիրված ժառանգների համար ստեղծում է արտոնյալ վիճակ: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ եթե ըստ օրենքի ժառանգական իրավահարաբերությունների մեջ մտնելու համար բավարար է միայն ժառանգության բացման մասին տեղեկացված լինելը, ապա ըստ կտակի ժառանգության հրավիրված անձի համար այդ փաստական հանգամանքը բավարար չէ, և նա պետք է նաև իրազեկված լինի իր վերաբերյալ կտակի գոյության մասին:

Նման իրավակարգավորման պայմաններում խախտվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նորմ-սկզբունքը, որի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության վրա, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետն ըստ օրենքի ժառանգների համար ըստ կտակի ժառանգների համեմատությամբ ստեղծում է անհավասար պայմաններ: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի նորմը սահմանում է կամքի ինքնավարության սկզբունքը, ինչը տվյալ դեպքում հանդիսանում է կտակարարի կամքի ազատ դրսևորման պահանջը` միակողմանի գործարքի ուժով տնօրինելու իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը, իր հայեցողությամբ որոշած անձին, իր մահվան դեպքում, համապարփակ իրավահաջորդությամբ փոխանցելու կամահայտության մասին և վերոգրյալ իրավակարգավորման պայմաններում չի ապահովվում ժառանգատուի ինքնավար կամքի իրացումը:

Վերոգրյալ երկու նորմ-սկզբունքները հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող պարագայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետն առկա խմբագրությամբ խաթարում է`

1. ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգության հրավիրման ենթակա անձանց` ժառանգական իրավահարաբերություններում հավասար պայմանների ապահովումը,

2. կտակարարի կողմից իր գույքի տնօրինման ազատ կամքի և կամահայտության հետագա իրացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է կտակի մասին չիմանալը ժառանգությունն ընդունելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի գնահատելու իրավական խնդրին՝ արձանագրելով, որ ժառանգության բացման պահից առաջացել է իրավահարաբերություն, որի բովանդակության տարրերից մեկը եղել է ժառանգի սուբյեկտիվ իրավունքը ժառանգելու ժառանգատուի ունեցվածքը: Եվ այդ սուբյեկտիվ իրավունքի դադարման փաստը եղել է ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված ժամկետի ավարտը: Հետևաբար, ժառանգն իրավունք ունի դիմելու դատարան ժառանգությունն ընդունած համարվելու պահանջով` հիմք ընդունելով ժառանգության համար նախատեսված ժամկետի բացթողման հարգելի պատճառները, քանի որ նրա սուբյեկտիվ իրավունքը գոյություն է ունեցել, սակայն դրա մասին նա օբյեկտիվ պատճառներով չի իմացել (տե՛ս, Աթանես Ստեփանյանն ընդդեմ Ռազմիկ Ստեփանյանի, երրորդ անձինք Գառնիի գյուղապետարան և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման թիվ 3-753 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետի բաց թողնելու պատճառը պետք է հիմնավոր լինի: Այն կարող է դատարանի կողմից հարգելի ճանաչվել, եթե ժառանգության բացման, կտակի առկայության մասին ժառանգը տեղյակ չի եղել, կամ ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողել այլ հարգելի պատճառներով (ժառանգի անչափահաս լինելը, ժառանգի ծանր հիվանդությունը, նրա անօգնական վիճակում գտնվելը, անգրագիտությունը, իրավաբանական գործողություններ կատարելու հնարավորությունը բացառող կամ սահմանափակող պայմաններում երկարատև գործուղման մեջ գտնվելը և այլն) (տե՛ս, Սամսոն Շահվերդյանն ընդդեմ Զոյա Գրիգորյանի, Մարգարիտա և Սոննա Շահվերդյանների` թիվ 3-1345 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի հիփոթեզում առկա նորմատիվային բացը պետք է լրացնել այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ ըստ կտակի ժառանգման դեպքում ժառանգության ընդունման ժամկետի բացթողնման համար հարգելի պատճառ կարող է հանդիսանալ նաև կտակի գոյության մասին իրազեկված չլինելու իրավաբանական փաստը:

Նորմատիվային այդ բացը հաղթահարելով` իրավական հնարավորություն կստեղծվի ապահովելու նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածում ամրագրված մյուս սկզբունքը, որը որպես հրամայական պահանջ նախատեսում է քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության պահանջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավունքի բացը praeter legem կանոնի կիրառմամբ վերացնելը պայմանավորված է ինչպես ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածում ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի առաքելությամբ և այդ առումով իրավունքի զարգացումն ապահովելու օրենսդրական կարգավորումով, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում ամրագրված պետության պոզիտիվ պարտականության, այն է` «ժառանգելու իրավունքը երաշխավորվում է», սկզբունքի ապահովմամբ:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` ժառանգատու Արամայիս Հմայակի Զոհրանյանը մահացել է 25.06.2014 թվականին, որի վերաբերյալ մահվան ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 757 գրանցումը, ինչպես նաև ՔԿԱԳ Վանաձորի տարածքային բաժնի կողմից 02.07.2014 թվականին տրված թիվ ԱԲ152599 մահվան վկայականը:

«Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մ. Ասլանյանի կողմից 26.07.2013 թվականին վավերացված և սեղանամատյանում թիվ 3125 համարի տակ գրանցված կտակի համաձայն` Արամայիս Զոհրանյանն իրեն պատկանող ամբողջ շարժական և անշարժ գույքը, որտեղ էլ այն գտնվի, ինչից էլ որ այն կայանա, որն առ իր մահվան օրը պատկանելիս է եղել իրեն, կտակել է Տիգրան Խառատյանին:

Համաձայն Մանուշ Մկրտչյանի կողմից 10.12.2014 թվականին Վանաձորի նոտարական տարածք ներկայացրած դիմումի, որը գրանցվել է սեղանամատյանում թիվ 5183 համարի տակ, 25.06.2014 թվականին մահացած հոր` Արամայիս Զոհրանյանին պատկանող ամբողջ գույքն ինքն ընդունել է ըստ օրենքի:

«Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մ. Ասլանյանի կողմից 20.01.2015 թվականին փաստաբան Կարեն Թումանյանին ուղղված թիվ 18 գրության համաձայն` 25.06.2014 թվականին մահացած Արամայիս Զոհրանյանը 26.07.2013 թվականին կազմել է կտակ: Նրա մահից հետո ըստ կտակի ժառանգություն ընդունելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել և ժառանգության իրավունքի վկայագիր չի տրվել:

Այնուհետ, «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մ. Ասլանյանի կողմից 29.01.2015 թվականին Մանուշ Մկրտչյանին ուղղված թիվ 018 գրության համաձայն` քաղաքացի Արամայիս Զոհրանյանի մահից հետո մնացած ժառանգական գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու մասին դիմումին ընթացք չի կարող տրվել, քանի որ հանգուցյալը 26.07.2013 թվականին «Վանաձոր» նոտարական գրասենյակում կազմել է կտակ և ըստ կտակի ժառանգի ժառանգությունն ընդունելու փաստը դեռևս ճշտված չէ:

Միաժամանակ, «Վանաձոր» նոտարական տարածքի նոտար Մ. Ասլանյանի կողմից 21.04.2015 թվականին Տիգրան Խառատյանին հասցեագրված թիվ 018 գրության համաձայն` Արամայիս Զոհրանյանի մահից հետո ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 8 շենքի թիվ 9 բնակարանի և ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 8/9 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիր չի կարող տրվել հանգուցյալի մահից հետո օրենքով սահմանված վեց ամսյա ժամկետում ժառանգություն ընդունելու մասին դիմում չներկայացնելու պատճառով:

Դատարանը Մանուշ Մկրտչյանի հայցի բավարարման հիմքում դրել է այն, որ «(...) Մանուշ Մկրտչյանը հանդիսանում է ժառանգատուի առաջին հերթի ժառանգ և ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում փաստացի տիրապետել է ժառանգական գույքը, սեփականության իրավունքով օգտագործել այն, կատարել տան հետ կապված որոշ ծախuեր և կոմունալ վճարներ»: Դատարանն ամրագրել է նաև, որ «(...) փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած լինելու հիմքով Մանուշ Մկրտչյանին պետք է ճանաչել Վանաձոր համայնքի Թատերական փողոցի թիվ 8 շենքի 9 բնակարանի սեփականատեր, հետևաբար պետք է ճանաչել նաև Վանաձոր համայնքի Թատերական փողոցի թիվ 8/9 հասցեի հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը: (...)»:

Անդրադառնալով Տիգրան Խառատյանի հակընդդեմ հայցին և այն մերժելով` Դատարանն արձանագրել է, որ «(...) Արամայիս Զոհրանյանը մահացել է 25.06.2014 թվականին: Նրա մահից հետո նրա ժառանգական գույք հանդիսացող բնակարանում բնակվել է դուստրը` Մանուշ Խառատյանը: Տիգրան Խառատյանը օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում չի դիմել գույքի գտնվելու վայրի նոտարական գրասենյակ, ըստ կտակի պապի ժառանգությունն ընդունելու համար: (...) ժառանգության բացման վայրի նոտարին դրա բացման օրվանից վեցամսյա ժամկետում դիմում չհանձնելու պայմաններում Տիգրան Խառատյանի կողմից չի կատարվել գործողություն, որն ուղղված կլիներ ըստ կտակի ժառանգության ընդունմանը»: Ինչ վերաբերում է ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելուն, ապա Դատարանն արձանագրել է, որ «(...) սույն գործով որպես ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառ` հայցվորը վկայակոչել է կտակի մասին չիմանալու հանգամանքը` դա հիմնավորող ապացույց ներկայացնելով Մանուշ Մկրտչյանի դատարան դիմելուց հետո ծանուցում ստանալու հանգամանքը: Մինչդեռ Դատարանն արժանահավատ չի համարում այդ ապացույցը: Հետևաբար շուրջ 2 տարվա վաղեմություն ունեցող կտակի մասին միայն 2015 թվականի մարտ ամսին տեղեկանալու մասին Տիգրան Խառատյանի պնդումը Դատարանն անիրատեսական է դիտում»:

Վերաքննիչ դատարանը, 12.02.2019 թվականի որոշմամբ, մասնակիորեն բավարարել է Տիգրան Խառատյանի և Սուսաննա Զոհրանյանի կողմից բերված վերաքննիչ բողոքները և Դատարանի վճիռը` հայցը բավարարելու, այն է` ժառանգությունն ընդունած լինելու հիմքով ՀՀ Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի թիվ 8 շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ Մանուշ Մկրտչյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասով, բեկանել է և գործն այդ մասով ուղարկել է նույն դատարան սահմանված ծավալով նոր քննության: Դատարանի 04.09.2018 թվականի վճիռը` մնացած մասով, թողնվել է անփոփոխ։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(…) Արամայիս Զոհրանյանի մահվան օրվա մասին Տիգրան Խառատյանը ոչ միայն տեղյակ է եղել, այլ նաև զբաղվել է Արամայիս Զոհրանյանի հուղարկավորության հետ կապված բոլոր հարցերով։ Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առկա չէ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու օրենքով սահմանված հիմքը, այն է՝ ժառանգության բացման մասին չիմանալու պայմանը։ Իսկ կտակի մասին չիմանալու հանգամանքը որևէ իրավական հետևանք առաջացնել չի կարող: (…)»:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

Վերաքննիչ դատարանը Տիգրան Խառատյանի վերաքննիչ բողոքի` ըստ կտակի ժառանգության ընդունման համար նախատեսված ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու մասով, մերժումը պայմանավորել է ժառանգության բացման ժամանակի, այսինքն` Արամայիս Զոհրանյանի մահվան մասին Տիգրան Խառատյանի տեղյակ լինելու հանգամանքով: Այսինքն, ըստ Վերաքննիչ դատարանի տրամաբանության, այն փաստը, որ Տիգրան Խառատյանն իմացել է ժառանգատուի` Արամայիս Զոհրանյանի մահվան, հետևաբար նաև` ժառանգության բացման ժամանակի մասին, արդեն իսկ հիմք է արձանագրելու, որ Տիգրան Խառատյանն իրազեկված է եղել նաև կտակի առկայության մասին:

Վճռաբեկ դատարանը, սակայն, գտնում է, որ մինչև ժառանգության ընդունման գործընթացին ներգրավվելը` անձը պետք է իրազեկված լինի կտակի ուժով ժառանգության հրավիրված ժառանգի կարգավիճակ ձեռք բերված լինելու մասին:

Տվյալ դեպքում, ինչպես նշվեց, Վերաքննիչ դատարանը Տիգրան Խառատյանի կողմից ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելը մերժել է բացառապես վերոգրյալ հիմքերով: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի` վերը նշված մեկնաբանության արդյունքում ակնհայտ է դառնում, որ Վերաքննիչ դատարանի կողմից պետք է քննարկման առարկա դառնա, թե Տիգրան Խառատյանն արդյոք երբ է տեղեկացել կտակի գոյության մասին և արդյոք տեղեկանալուց հետո պահպանել է ժամկետի վերականգնման համար դատարան դիմելու՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետով պայմանավորված վեցամսյա ժամկետը: Նշված հանգամանքները պարզելուց հետո միայն Վերաքննիչ դատարանը կկարողանար հանգել համապատասխան եզրակացության` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու կամ մերժելու տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ նման պայմաններում հիմնավոր են նաև բողոք բերած անձի փաստարկները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետին Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը` կտակի մասին չիմանալը ժառանգությունն ընդունելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի գնահատելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 06.07.2007 թվականի թիվ 3-753 (ՎԴ) և 10.10.2007 թվականի թիվ 3-1345 (ՎԴ) քաղաքացիական գործերով նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասելու վերաբերյալ:

Անդրադառնալով բողոք բերած անձի փաստարկին` Վանաձոր քաղաքի Թատերական փողոցի 8-րդ շենքի թիվ 9 բնակարանի 1/4 մասի նկատմամբ Տիգրան Խառատյանի սեփականատեր հանդիսանալու հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից հաշվի չառնելու վերաբերյալ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն այդ մասով բողոքը բավարարել է, Դատարանի վճիռը այդ մասով բեկանել է և նշված մասով գործն ուղարկել է նոր քննության: Հետևաբար վճռաբեկ բողոքի նշված հիմքը վերստին քննության առարկա չի դարձվում:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը` Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասով բեկանելու և գործն այդ մասով, ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու կամ մերժելու տեսանկյունից սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան։

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի մասնակի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է մասնակի բեկանման, իսկ գործը` հակընդդեմ հայցի մասով, ուղարկվում է նոր քննության, որպիսի պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի որոշման` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 04.09.2018 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի որոշումը` մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող և զեկուցող

 

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական: