Գլխավոր տեղեկություն
Номер
N 205-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.04.2022-01.08.2024)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.03.18/14(1103) Հոդ.185
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.02.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2015
Дата вступления в силу
19.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2015 թվականի N 205-Ն

 

ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի 5-րդ մասը և 2021 թվականի նոյեմբերի 17-ի «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-361-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 15.04.22 N 509-Ն)

1. Հաստատել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. մարտի 10
 Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 19-ի N 205-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի (այսուհետ՝ հիպոթեքային վարկ) սպասարկման համար վճարվող տոկոսների (այսուհետ՝ տոկոս) գումարների չափով վարձու աշխատողներին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով գանձված) եկամտային հարկը վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո բնակարան ձեռք բերող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների (այսուհետ՝ վարկառու) վրա՝ վերջիններիս կողմից սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը հարկային մարմին ներկայացվելու դեպքում: Սույն կարգի կիրառման իմաստով վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող հիպոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում:

(2-րդ կետը փոփ. 24.09.21 N 1578-Ն)

3. Եթե վարկառուն միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր է, ապա հաշվետու տարվա համար ներկայացված տարեկան հաշվարկի հիման վրա հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է տվյալ տարվա ընթացքում հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների հանրագումարի և տվյալ տարվա եռամսյակների ամիսների համար վճարված և վերադարձված (վերադարձման ենթակա) եկամտային հարկի հանրագումարի դրական տարբերության չափով: Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում վարձու աշխատողին աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկի կողմից հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում հաշվարկված եկամտային հարկի գումարը մարված չէ կամ մարված է մասնակի, ապա վարկառուին այդ գործատուի պահած եկամտային հարկի վերադարձը կատարվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական մարումից հետո՝ վարկառուի կողմից սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվելուց հետո:

4. Վարձու աշխատողին հաշվետու եռամսյակի որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն: Սույն կետով սահմանված դեպքում եկամտային հարկի վերադարձվող գումարի չափը հարկային մարմնի կողմից որոշվում է միայն տվյալ ամսվա համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումարից՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 1.1-ին կետերով սահմանված դրույքաչափերով:

(4-րդ կետը փոփ. 24.09.21 N 1578-Ն)

5. Հարկային մարմնի կողմից հիպոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում՝ ժառանգը՝ եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում (մեկից ավելի ժառանգ ունենալու դեպքում՝ այն ժառանգը, որին բոլոր ժառանգների համաձայնությամբ կփոխանցվի եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքը)) հարկային մարմին է ներկայացնում «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.2-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ (այսուհետ՝ հայտ)` հարկային մարմնի կողմից սահմանված ձևի: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները`

1) վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).

3) հիպոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի նոտարական կարգով վավերացված պատճենը, հիպոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը և գրավադրված գույքի սեփականության (կամ գրավադրված գույքի նկատմամբ իրավունքի կամ գույքի կառուցապատման իրավունքի) պետական գրանցման վկայական.

4) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքը կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն.

5) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում բնակարանի առուվաճառքի կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակ:

Բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու դեպքում սույն կետով սահմանված հայտը ներկայացվում է 2023 թվականի հունվարի 1-ից:

(5-րդ կետը խմբ. 24.09.21 N 1578-Ն, լրաց. 15.04.22 N 509-Ն)

5.1. Հայտը ներկայացնելուն հաջորդող տասնհինգ, իսկ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու դեպքում՝ երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում վարկառուն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմում՝ հարկային մարմնի սահմանած կարգով, իսկ հայտի մերժման դեպքում՝ սույն կետով սահմանված համապատասխան ժամկետում հարկային մարմինը վարկառուին ծանուցում է հայտի մերժման հիմքերի մասին։ Սույն կետի կիրառության իմաստով՝ հայտը մերժվում է, եթե չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։

(5.1-ին կետը լրաց. 24.09.21 N 1578-Ն, լրաց., փոփ. 15.04.22 N 509-Ն)

5.2. Հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում հիպոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում՝ ժառանգը՝ եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում (մեկից ավելի ժառանգ ունենալու դեպքում՝ այն ժառանգը, որին բոլոր ժառանգների համաձայնությամբ կփոխանցվի եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքը)) բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում՝ եկամտային հարկի վերադարձման համար՝ հարկային մարմնի սահմանած կարգով, որում վարկառուն ներկայացնում է իրեն պատկանող բանկային վավեր հաշվի համար, իսկ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` նաև հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:

(5.2-րդ կետը լրաց. 24.09.21 N 1578-Ն, 15.04.22 N 509-Ն)

5.3. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի մեջ նշված վարկառուի բանկի հաշվի համարի՝ առնվազն ութօրյա վավերականությունը և վարկառուին պատկանելիությունը, ստուգվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ սահմանած կարգին համապատասխան, որի նպատակով վարկառուն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի միջոցով տրամադրում է իր համաձայնությունը՝ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի միջոցով իր բանկային հաշվի համարի վավերականությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ կատարված հարցմամբ ստուգելու համար։

(5.3-րդ կետը լրաց. 24.09.21 N 1578-Ն)

5.4. Հիպոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմին է ներկայացվում նաև հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին։ Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ԱՔՌԱ վարկային բյուրո) միջոցով էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով: Սույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմնին ներկայացնելու նպատակով վարկառուն հիպոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը տրամադրում է համաձայնություն:

Ընդ որում, մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու եռամսյակների համար դիմում ներկայացնելու դեպքում վարկառուն տեղեկացնում է հիփոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համապատասխան եռամսյակ(ներ)ի համար սույն կետում նշված տեղեկատվությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով հարկային մարմնին տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ։

(5.4-րդ կետը լրաց. 24.09.21 N 1578-Ն, 15.04.22 N 509-Ն)

5.5. Սույն կարգի 5.4-րդ կետով սահմանված տեղեկանքում ներառվում են վարկառուի անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), հիպոթեքային վարկի տրամադրման պայմանագրի համարը և ամսաթիվը (այդ թվում` փոփոխության դեպքում), հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա և վճարված տոկոսների գումարները՝ դրամով։ Սույն կարգի 5.4-րդ կետով սահմանված տեղեկանքում ներառված տեղեկատվության հավաստիության համար պատասխանատու է հիպոթեքային վարկը տրամադրած Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունը։

(5.5-րդ կետը լրաց. 24.09.21 N 1578-Ն)

6. Հետագա հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում միայն սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմումը, իսկ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` նաև համապատասխան տեղեկանքը՝ հարկային մարմնի սահմանած կարգով, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:

(6-րդ կետը խմբ. 24.09.21 N 1578-Ն)

7. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում վարկառուն պարտավոր է փոփոխության կատարման ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ դրա մասին տեղեկացնել հարկային մարմնին՝ ներկայացնելով փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:

(7-րդ կետը փոփ. 24.09.21 N 1578-Ն)

8. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին: Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է և (կամ) վարկառուին դիմումը լրացնելու պահին տեղեկացվում է, որ դիմումը հնարավոր չէ հանձնել, եթե`

1) այն ներկայացնելու պահին համապատասխան ժամանակահատվածի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված կամ համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարներն ամբողջությամբ մարված չեն.

2) չեն ներկայացվել սույն կարգի 5.4-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.

3) ներկայացվել է ոչ ճշգրիտ բանկային հաշվի համար.

4) դիմումը ներկայացնելու պահի դրությամբ առկա է վարկառուին որևէ հիմքով ավել վերադարձված եկամտային հարկի գումար, որի վերաբերյալ սույն կարգի 13-րդ կետին համապատասխան վարկառուն ծանուցվել է և այդ գումարը՝ հաջորդ հաշվետու ժամանակահատվածների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից վերադարձնելու վերաբերյալ չի ստացվել վարկառուի համաձայնությունը։

(8-րդ կետը խմբ. 24.09.21 N 1578-Ն, լրաց. 15.04.22 N 509-Ն)

8.1. Հաշվետու ժամանակահատվածներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար հիպոթեքային վարկի վարկառու ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի վերադարձի մասին դիմումներ ներկայացվելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար այդ դիմումների հիման վրա վերադարձվող գումարները հաշվարկվում են՝ ըստ դրանց ներկայացման հերթականության։

(8.1-ին կետը լրաց. 24.09.21 N 1578-Ն)

9. Եկամտային հարկի վերադարձման մերժման հիմքերի բացակայության դեպքում վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով հարկային մարմինը դիմումը ներկայացնելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով համապատասխան հանձնարարականի հիման վրա գանձապետարանի միջոցով վերադարձվող գումարը փոխանցում է առևտրային բանկեր՝ վարկառուի բանկային հաշվին:

(9-րդ կետը խմբ. 24.09.21 N 1578-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 24.09.21 N 1578-Ն)

11. Վերադարձվող գումարը վարկառուին փոխանցելու նպատակով գանձապետարանում բացվում է տարանցիկ հաշիվ: Հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները`

1) վարկառուի անունը, ազգանունը.

2) վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում) կամ անձը հաստատող փաստաթղթի համարը/սերիան.

3) (ենթակետն ուժը կորցրել է 15.04.22 N 509-Ն)

4) վարկառուի հաշվի համարը.

5) վերադարձվող գումարի չափը.

6) տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարի վերաբերյալ կազմված եզրակացության համարը.

7) գանձապետարանի տարանցիկ հաշվի համարը, որից պետք է վերադարձվի գումարը:

(11-րդ կետը փոփ. 24.09.21 N 1578-Ն, լրաց., փոփ. 15.04.22 N 509-Ն)

12. Հանձնարարականը ներկայացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը փոխանցվում է վարկառուի բանկային հաշվին:

(12-րդ կետը լրաց. 24.09.21 N 1578-Ն, փոփ. 15.04.22 N 509-Ն)

13. Վարկառու ֆիզիկական անձանց որևէ հիմքով հաշվետու ժամանակահատվածի համար ավել վերադարձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձն իրականացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածների վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից՝ դրա մասին տվյալ ֆիզիկական անձանց ծանուցելու և նրանց համաձայնությունն ստանալու միջոցով: Սույն կետում նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության դեպքերում հարկային մարմինն իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և սույն կետում նշված վարկառու ֆիզիկական անձինք ավել վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում են համապատասխան գանձապետական հաշվին: Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(13-րդ կետը լրաց. 24.09.21 N 1578-Ն)

14. Վարկառու ֆիզիկական անձանց հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարից որևէ հիմքով պակաս վերադարձված գումարների վերադարձն իրականացվում է վարկառուի կողմից հարկային մարմին եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում ներկայացվելու դեպքում։

(14-րդ կետը լրաց. 24.09.21 N 1578-Ն)

15. Վերադարձված գումարը բանկի կողմից մերժվելու դեպքում բանկի կողմից փոխանցվում է գանձապետարանի տարանցիկ հաշվին՝ նշելով մերժման հիմքը, որի մասին հարկային մարմինը ծանուցում է վարկառուին: Վարկառու ֆիզիկական անձը համապատասխան տվյալները ճշտելուց հետո ներկայացնում է եկամտային հարկի վերադարձի մասին նոր դիմում, որի հիման վրա կատարվում է գումարի վերադարձ վարկառուի բանկային հաշվին՝ գանձապետարանի տարանցիկ հաշվից։

(15-րդ կետը լրաց. 24.09.21 N 1578-Ն)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 24.09.21 N 1578-Ն, լրաց., փոփ. 15.04.22 N 509-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան