Գլխավոր տեղեկություն
Номер
N 276-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.2022-07.06.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.03.2022
Дата вступления в силу
05.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2022 թվականի N 276-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 276-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

ԳԼՈՒԽ 1․ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է հանրապետությունում տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։

2. Ծրագիրը կմեկնարկի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում։

3. Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) անասնաբուծության ճյուղում` տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով ներդրում իրականացնող, ռեզիդենտ և գյուղատնտեսության ոլորտում առնվազն 2 տարի գործունեություն ծավալող իրավաբանական անձինք, այդ թվում` վերջիններիս հետ փոխկապակցված իրավաբանական անձինք (սույն ծրագրի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով) (այսուհետ՝ շահառու), որոնք՝

ա․ ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունեն ձևավորված վարկային պատմություն,

բ․ ունեցել են բարվոք հարկային պատմություն, այսինքն` դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ դիմումը ներկայացնելու օրը 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ առկա չեն.

3) ներդրումային ծրագիրը գնահատող ֆինանսական կառույցը (այսուհետ՝ ՖԿ).

4) ներդրումային ծրագրի իրագործումը գնահատող «Խոշոր քառյակի» մասնագիտացված խորհրդատվական և աուդիտորական ընկերությունները (Դելոյթ Թուշ Թոմացու Լիմիթեդ՝ Deloitte Touche Tohmatsu Limited, ՓրայսուոթերհաուսԿուպերս՝ PricewaterhouseCoopers, Էրնստ ընդ Յանգ Գլոբալ Լիմիտեդ՝ Ernst & Young Global Limited, Քեյ Փի Էմ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթեդ՝ KPMG International Limited) (այսուհետ՝ ընկերություն):

4. Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության ուղղություններով առնվազն 10,0 մլրդ դրամի, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ՝ առնվազն 8,0 մլրդ դրամի ներդրումային ծրագիր (անասնաբուծական համալիր, որը պետք է ներառի անասնաշենքեր, օժանդակ շինություններ, տեխնոլոգիական ապահովման սարքավորումներ, կարող է ներառել նաև անասնաբուծական մթերքների վերամշակման կարողություններ) իրականացնող տնտեսավարողները։ Ընդ որում, ներդրումների կառուցվածքում կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 տոկոս և ավելին, որի առնվազն 60 տոկոսը պետք է կազմի շենքեր-շինությունների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։ 1 ներդրումային ծրագրի շրջանակում կարող են ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի ուղղություններ՝ միասին առնվազն 10,0 մլրդ դրամի չափով։

5. Ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը՝ առավելագույնը 5 փուլով՝ ներդրումների՝ ծրագրի պահանջներին համապատասխանության և չափերի (ծավալի) վերաբերյալ ընկերության կողմից տրված եզրակացությունների, ինչպես նաև շահառուի կողմից հաշվարկված և վճարված հարկերի հիման վրա: 1 շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարն առավելագույնը կկազմի ընդամենը կատարված ներդրումների 35%-ը, բայց ոչ ավելի, քան 3,5 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ ոչ ավելի, քան 2,8 մլրդ դրամը։ Սույն ծրագրի իմաստով հարկերը ներառում են յուրաքանչյուր հարկային տարին ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված և վճարված շահութահարկը, ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը, եկամտային հարկը, բնապահպանական հարկը, անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը։

6. Յուրաքանչյուր շահառու ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցությունից կարող է օգտվել միայն մեկ ներդրումային ծրագրի համար։

7. Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ (նախարարություն դիմումի մուտքագրման օրը) էլեկտրոնային եղանակով դիմում են նախարարություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը), գրանցումն ու հիմնադրումը հավաստող փաստաթղթերը (պատճենները), ՖԿ-ի կողմից տրամադրված վարկունակությունը և վճարունակությունը հավաստող փաստաթուղթը (ներդրումային ծրագիրն ամբողջությամբ կամ մասնակի վարկային միջոցներով իրականացնելու դեպքում), Վարկային բյուրոյից զեկույց՝ վարկային դրական պատմության վերաբերյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ բարվոք հարկային պատմության վերաբերյալ, ներդրումային ծրագիրը (առնվազն հետներդրումային 5 տարվա արդյունքային ցուցանիշներով), ընկերության կողմից տրամադրված դրական եզրակացությունը (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ներդրումային ծրագրի միջազգային առաջադեմ փորձի կիրառման, մթերատվության և արտադրության նախատեսվող ծավալների, վերամշակող կարողությունների (առկայության դեպքում) և առաջիկա տարիներին նախատեսվող վճարվելիք հարկերի վերաբերյալ տեղեկություններ) կամ ՖԿ-ի կողմից տրամադրված ներդրումային ծրագրի վերաբերյալ դրական եզրակացությունը, շենքեր-շինությունների դեպքում ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը (կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կնքելուց հետո 3 ամսվա ընթացքում)։ Ընդ որում, ծրագրի շրջանակում ընկերության կամ ՖԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների համար վճարում է շահառուն։

8. Ծրագրի մասնակցության պայմանագիր նախարարությունը կնքում է միայն 7-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացրած շահառուների հետ՝ դիմումն ստանալու օրվանից հաշված 10 աշխատանքային օրվա ընթացքում։ 7-րդ կետում նշված ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը պայմանագիրը կնքելուց հետո 3 ամսվա ընթացքում չներկայացնելու դեպքում՝ պայմանագիրը համարվում է լուծված։

9. Պայմանագիր կնքելուց հետո՝ ներդրումային ծրագրի իրականացման 10-րդ կետում նշված ժամանակահատվածում շահառուն չի կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող նույն նպատակի համար նախատեսված աջակցության այլ ծրագրերից։

10. Շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումը (շահագործման համար պատրաստ) ավարտել 8-րդ կետում նշված պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 2 տարվա ընթացքում (անհաղթահարելի ուժի հետևանքով ներդրումային ծրագիրը ժամկետում չավարտելու դեպքում՝ ժամկետը կարող է երկարացվել անհաղթահարելի ուժի ժամկետով՝ նախարարության համաձայնությամբ)։

11. Ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ) շահառուն դիմում է նախարարություն՝ ներկայացնելով ընկերության կողմից կատարված մոնիթորինգի և գնահատման դրական եզրակացությունը (պետք է պարտադիր ներառի ներդրումային ծրագրի կատարման ժամկետների պահպանման և ներդրումային ծրագիրը բնութագրող ցուցանիշների ու պահանջների, ինչպես նաև կատարված ներդրումների ծավալների և ուղղությունների վերաբերյալ դրույթներ), ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի վկայականի պատճենը, բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը, որից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա 5-րդ կետով հաշվարկված փոխհատուցման գումարի 20%-ը, բայց ոչ ավելի, քան 0,7 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ՝ ոչ ավելի, քան 0,56 մլրդ դրամը, 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։

12. Ներդրումային ծրագրի իրականացումից (շահագործումից հետո) մեկ տարին լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում՝ 4 տարի տարեկան պարբերականությամբ շահառուն նախարարություն պետք է ներկայացնի ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման դրական եզրակացությունը (ներդրումային ծրագրով ներկայացված տարեկան ցուցանիշների առնվազն 80%-ի չափով ապահովում) և եզրակացությունը ներկայացնելու տարվան նախորդող տարվա համար հաշվարկված և վճարված հարկերի վերաբերյալ փաստաթուղթը (փաստաթղթերը), որից հետո 8-րդ կետում կնքված պայմանագրի հիման վրա նախորդ հարկային տարին ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված և վճարված հարկերի (բացառությամբ ավելացված արժեքի հարկի) 100 տոկոսի և ավելացված արժեքի հարկի 50 տոկոսի հանրագումարի չափով 1 ամսվա ընթացքում փոխանցվում է շահառուի հաշվեհամարին։

13. Փոխհատուցման 1-ին փուլի մերժման համար հիմք է հանդիսանում ընկերության կողմից տրամադրված մոնիթորինգի և գնահատման բացասական եզրակացությունը և ծրագրի 11-րդ կետում նշված փաստաթղթերի չներկայացնելը, իսկ հետագա տարիների դեպքում՝ ընկերության կողմից կատարված աուդիտի և գնահատման բացասական եզրակացությունը և նախորդ տարվա համար վճարված հարկերի չափի վերաբերյալ փաստաթղթերի չներկայացնելը։

14. Ծրագրի 12-րդ կետում նշված եզրակացության բացասական լինելու դեպքում փոխհատուցված գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման նախարարություն։ Ծրագրի որևէ փուլի բացասական եզրակացության դեպքում շահառուի նկատմամբ նախարարության պարտավորություններն ավարտվում են, և շահառուն չի կարող հաջորդ տարիներին դիմել՝ փոխհատուցում ստանալու նպատակով։

15. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ծրագրի բյուջեն գնահատվում է 17,5 մլրդ դրամ` 5 ներդրումային ծրագրի հաշվով՝ 2023-2027 թվականներին՝ յուրաքանչյուր տարի շուրջ 3,5 մլրդ դրամ։

16. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են՝

1) հանրապետությունում 5 խոշոր և արդիական անասնաբուծական համալիրների առկայություն.

2) անասնաբուծական թարմ և վերամշակված արտադրանքի ծավալների ավելացում.

3) տավարի, խոզի և թռչնի մսի, կաթի ինքնաբավության մակարդակի բարձրացում.

4) կաթի որակական հատկանիշների բարելավում.

5) նոր լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում.

6) թռչնաբուծության ուղղությամբ 8,0 մլրդ դրամ ներդրման դեպքում կարտադրվի տարեկան միջինը շուրջ 6000 տոննա (կենդանի քաշով) թռչնի միս՝ շուրջ 8,6 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի արդյունքում ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 6 %-ով, խոզաբուծության ուղղվածության 10,0 մլրդ դրամ ներդրման դեպքում կարտադրվի տարեկան միջինը շուրջ 2000 տոննա խոզի միս՝ շուրջ 5,7 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի արդյունքում ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 14,5 %-ով, տավարաբուծության ուղղվածության 10,0 մլրդ դրամ ներդրման դեպքում կարտադրվի տարեկան միջինը շուրջ 340 տոննա տավարի միս՝ շուրջ 1,0 մլրդ դրամի համախառն արտադրանք և 10000 տոննա կաթ՝ շուրջ 4,3 մլրդ դրամի համախառն արտադրանք, որի արդյունքում տավարի մսի ինքնաբավության մակարդակը կբարձրանա շուրջ 0.6 %-ով, իսկ կաթի ինքնաբավության մակարդակը՝ շուրջ 0.2 %-ով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2022 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան