Գլխավոր տեղեկություն
Номер
N 274-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.03.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.03.2022
Дата вступления в силу
05.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2022 թվականի N 274-Լ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 274-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի շրջանառության բոլոր փուլերում պետական վերահսկողությունն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):

2. Սննդամթերքի արտադրությունը և շրջանառությունն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որպեսզի առաջնահերթ բացառվեն կենդանական ծագման սննդամթերքի անվտանգությանն սպառնացող ռիսկերը, որոնց հիմնական մասը ծագում է հումքից և անմիջականորեն սպառնում է մարդու առողջությանը: Այս համատեքստում խիստ կարևոր է մարդկանց կողմից սպառվող կենդանական ծագման մթերքի մեջ հակաբիոտիկների, անասնաբուժական օգտագործման դեղամիջոցների, պեստիցիդների մնացորդային նյութերի և թունավոր տարրերի (այսուհետ՝ մնացորդային նյութ) և ծանր մետաղների հսկողությունը, որը պետք է կրի մշտական և պարբերական բնույթ:

3. Կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) արդյունավետ իրականացման դեպքում ապահովվում է սպառողների պաշտպանությունը, ինչպես նաև մնացորդային նյութերի ռիսկի հսկողությունը և կառավարումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում ներմուծվող, արտադրվող և արտահանվող սննդամթերքի անվտանգությունը երաշխավորելու համար:

4. Կենդանական ծագման մթերքի արտադրության և վերամշակման ոլորտում ներկա ժամանակահատվածում հրամայական է շուկայի դիվերսիֆիկացումը՝ հատկապես եվրոպական շուկայի, որտեղ լայն պահանջարկի պայմաններում թելադրված է ապրանքի անվտանգության և որակի խիստ հսկողությունը: Եվրոպական շուկայում կենդանական ծագման մթերքի և դրանից ստացված արտադրանքի շուկայահանման գլխավոր պայմանը հումքի՝ մեղրի, ձկան անվտանգությունն է և նրա մեջ մնացորդային նյութերի և ծանր մետաղների մշտական հսկողությունը: Ծրագրի արդյունավետ իրականացումը թույլ կտա Եվրոպայի սննդի անվտանգության լիազոր մարմնի կողմից ստանալ արտահանման թույլտվություն ոչ միայն ձկան և մեղրի, այլև կենդանական ծագման այլ սննդամթերքի համար և ավելացնել Հայաստանի Հանրապետությունից կենդանական ծագման մթերքի արտահանման ծավալները:

5. Մատուցվող ծառայությունների շրջանակի մասին նկարագրությունը տրվում է՝ համաձայն N 1 աղյուսակի.

 

Աղյուսակ N 1

 

«Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակի նկարագրության ամփոփ աղյուսակ

NN ը/կ

Ծառայությունների շրջանակի նկարագրությունը

Շահառուների շրջանակի նկարագրությունը

Պետական հատվածի ծառայության փոխհատուցման ծավալը

1.

Ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողության իրականացում

կենդանական մթերք սպառող

ՀՀ ազգաբնակչություն, կենդանական մթերք արտադրող կամ վերամշակող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք,

ՀՀ կառավարություն և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ամբողջությամբ

 2.

Մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողության իրականացում

կենդանական մթերք սպառող

ՀՀ ազգաբնակչություն, կենդանական մթերք արտադրող կամ վերամշակող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք,

ՀՀ կառավարություն և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ամբողջությամբ

3.

Կաթի մեջ մնացորդային նյութերի հսկողության իրականացում

կենդանական մթերք սպառող

ՀՀ ազգաբնակչություն, կենդանական մթերք արտադրող կամ վերամշակող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք,

ՀՀ կառավարություն և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ամբողջությամբ

 

II. ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետությունում ձկնաբուծության և մեղվաբուծության առկա պոտենցիալը հաշվի առնելով՝ միջնաժամկետ ծախսային ծրագրի շնորհիվ իրականացված ձկան և մեղրի մեջ մնացորդային նյութերի հսկողությունը լուրջ հիմք է հանդիսացել տեղական արտադրության ձկան և ձկնամթերքի, մեղրի եվրոպական շուկա արտահանման թույլտվություն ստանալու համար:

7. Վերջին տարիների ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվել են ձուկ և մեղր արտադրողների մշտադիտարկումներ, մնացորդային նյութերի հսկողության նպատակով իրականացվել են տարեկան նմուշառումներ՝ ձկան և մեղրի համապատասխանաբար 150-ական և 130-ական: Ձկան և մեղրի նմուշները եվրոպական ստանդարտներին և մեթոդներին համապատասխան ենթարկվել են լաբորատոր փորձարկումների Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրությամբ սահմանված արգելված և թույլատրելի առավելագույն քանակության սահմանաչափ ունեցող նյութերի հայտնաբերման նպատակով:

8. Մնացորդային նյութերի հսկողության նպատակով անհրաժեշտ լաբորատոր փորձարկումներն իրականացվում են տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, քանի որ վերջինս հագեցած է եվրոպական ստանդարտներին համապատասխանող լաբորատոր սարքավորումներով և ախտորոշիչներով, մասնագիտական կարողություններով:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել ձկան, մեղրի և կաթի մեջ, որը կբացահայտի և կհավաստի, որ նշված կենդանական ծագում ունեցող մթերքները պարունակում են կամ չեն պարունակում արգելված նյութեր, կամ հայտնաբերված նյութերի պարունակությունը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն թույլատրելի մնացորդային քանակների սահմանաչափերը, որն իր հերթին հնարավորություն կընձեռի վերոնշյալ արտադրանքը Եվրոպական միություն արտահանելու համար: Հայաստանում ձկնաբուծության առկա պոտենցիալը հաշվի առնելով՝ վերջին տարիներին միջնաժամկետ ծախսային ծրագրի շնորհիվ իրականացված ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողությունը լուրջ հիմք է հանդիսացել տեղական արտադրության ձկան և ձկնամթերքի եվրոպական շուկա արտահանման թույլտվություն ստանալու խնդրում:

10. Ծրագրով նախատեսվում է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել մեղրի և ձկան, ինչպես նաև կաթի մեջ, ինչը հնարավորություն կստեղծի ավելացնել Եվրոպական միություն արտահանման ծավալները:

11. Ծրագրի հիմնական խնդիրներն են՝

1) Եվրամիությունում ընդունված չափանիշներին համապատասխան Հայաստանում արտադրվող և վերամշակվող կենդանական ծագման մթերքի անվտանգության և որակի ապահովումը և պետական վերահսկողությունը.

2) Հայաստանի Հանրապետությունում արտադրված կենդանական ծագման մթերքի մեջ մնացորդային նյութերի քանակական հայտնաբերում` ըստ պարունակության, կենդանական ծագման մթերքի տեսակի և մնացորդային նյութերի դասակարգման (պատկանելիության):

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

12. Ծրագրի իրականացման ռիսկերն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում արտադրված կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության համար պահանջվող լաբորատոր փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունը կամ սակավությունը, առաջնային արտադրությունում պատշաճ գյուղատնտեսական պրակտիկա ծրագրի չկիրառելը.

2) մնացորդային նյութերի հսկողության համար անհրաժեշտ ախտորոշիչների բացակայությունը կամ պակաս ձեռքբերումը, մնացորդային նյութերի հսկողության համար պահանջվող ստանդարտների և մեթոդների չկիրառումը կամ թերի կիրառումը:

13. Ռիսկերի հաղթահարման ուղղությամբ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գնումների գործընթացը, ինչպես նաև կարողությունների բարելավման և կատարելագործման, մասնագիտական անձնակազմի վերապատրաստման աշխատանքները:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

14. Ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովմանը: Մասնավորապես, ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովելու դեպքում յուրաքանչյուր տարի ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) քանակական՝ հայկական արտադրության կենդանական ծագման մթերքի արտահանման ծավալների մեծացում.

2) որակական՝

ա. ռիսկերի վերլուծության, մնացորդների ռիսկի հսկողության և կառավարման հնարավորության ստեղծում,

բ. սպառողների պաշտպանության խթանում:

 

ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ցուցանիշի անվանումը

Ձկան, մեղրի, կաթի մեջ մնացորդային նյութերի հսկողության իրականացում

Համառոտ նկարագրությունը

Ծրագրով նախատեսված է իրականացնել ձկան, մեղրի, կաթի մեջ մնացորդային նյութերի հսկողություն:

Նպատակը/կարևորությունը

Ծրագրի իրականացման նպատակն է մնացորդային նյութերի հսկողություն իրականացնել ձկան, մեղրի, կաթի մեջ, որը կբացահայտի և կհավաստի, որ նշված կենդանական ծագում ունեցող մթերքները պարունակում են կամ չեն պարունակում արգելված նյութեր կամ հայտնաբերված նյութերի պարունակությունը չի գերազանցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված առավելագույն թույլատրելի մնացորդային քանակների սահմանաչափերը, որն իր հերթին հնարավորություն կընձեռի վերոնշյալ արտադրանքը Եվրոպական միություն արտահանելու համար:

Տեղեկատվության հավաքագրումը/աղբյուրը

Ծրագրի շրջանակներում ձևավորվում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, մասնավորապես, լաբորատոր փորձաքննությունների արդյունքները, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պարտավոր է առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել:

Հաշվարկման մեթոդը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մշակում է հաշվարկման մեթոդաբանությունը, որը հաստատում է տեսչական մարմինը:

Տեղեկատվության սահմանափակումները

Ծրագրի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանափակ է երրորդ կողմի համար:

Ցուցանիշի տեսակը

Ցուցանիշը չափում է ծրագրի իրականացման ուղղակի արդյունքը:

Չափի միավորը

Նմուշ

Ներկայացման եղանակը

Կատարողականները ներկայացվում են ամսական կտրվածքով:

Հաշվետվողականության ցիկլը

Ամսական, վերջնական հաշվետվություն

Թույլատրելի շեղումը

Մեթոդաբանությունը սահմանվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Պատասխանատուն

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

 

15. Ծրագրի իրականացումը կրում է շարունակական բնույթ:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

16. Ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ նախատեսելով միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

 

VII. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

17. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է տեսչական մարմնի կողմից:

18. Ծրագրի շրջանակներում ձևավորվում է վիճակագրական տվյալների բազա, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, մասնավորապես, լաբորատոր փորձաքննությունների արդյունքները, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

19. Կազմակերպությունը պարտավոր է առնվազն 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել տեսչական մարմին:

20. Հաշվետվությունը պետք է պարունակի պարտադիր տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին:

21. Ծրագրով նախատեսվում է իրականացնել հետազոտություն կաթի, ձկան և մեղրի նմուշների նկատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշման և Եվրոպական միության 1997 թվականի հոկտեմբերի 27-ի N 97/747/EC և 1996 թվականի ապրիլի 29-ի N 96/23/EC դիրեկտիվների, իսկ արդյունքները՝ ներկայացուցչական: Մեթոդաբանության համար հիմք են հանդիսացել Եվրամիության երկրների փորձը, իսկ ընտրանքի համար հիմք է հանդիսացել տեսչական մարմնի վարչական ռեգիստրում առկա տեղեկատվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 274-Լ որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔՈՒՄ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Ժամկետը

Պատասխանատու կատարողը

1.

Մեղրի և ձկան մեջ մնացորդային նյութերի հսկողություն

յուրաքանչյուր տարվա 2-րդ կիսամյակ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին,

«Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

2.

Կաթի մեջ մնացորդային նյութերի հսկողություն

յուրաքանչյուր տարվա 2-րդ կիսամյակ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին,

«Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մարտի 2022 թվական: