ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2022 թվականի N 261-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-155-03.02.2022-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
28.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-155-03.02.2022-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է՝
1) խմբագրել ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և, ըստ էության, «մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների» բառերը փոխարինել «գրականության, գրքերի, դասագրքերի, ձեռնարկների, խնդրագրքերի և ժողովածուների, ուսումնական հրատարակությունների» բառերով: Միաժամանակ առաջարկվում է հանել նույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը Կառավարության կողմից սահմանելու դրույթը (Հոդված 1).
2) օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 58-րդ կետով և սահմանել, որ ԱԱՀ-ից ազատվում է Հայաստանի Հանրապետության տարածք օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-ին (ընդ որում՝ օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում 2.1-ին կետ առկա չէ) և 24-րդ (թերթերի և ամսագրերի օտարումը) կետերում նշված ապրանքների տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումը (Հոդված 2):
Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ նախագծի նպատակը ընթերցանության, կրթվածության և հրատարակչական գործունեության խթանումն ու ամրապնդումն է Հայաստանի Հանրապետությունում:
Այդ կապակցությամբ հայտնում ենք հետևյալը:
Նախագծի 1-ին հոդվածով ներկայացված առաջարկության վերաբերյալ
1. Նոր հարկային արտոնությունների տրամադրումը հակադրվում է ներկա փուլում ՀՀ կառավարության կողմից իրականացվող՝ հայտարարված հարկային քաղաքականությանը: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության ծրագրի 6.8-րդ բաժնի չորրորդ պարբերության 3-րդ կետի համաձայն՝ հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բարձրացնելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագրերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպատակով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ: Կրճատվելու են հասցեականություն չունեցող կամ ոչ արդյունավետ հարկային արտոնությունները, դրանց կիրառումն ու արդյունավետության գնահատումն իրականացվելու է համալիր խթանների և միջոցառումների շրջանակներում:
Այլ կերպ ասած՝ ներկա փուլում խնդիր է դրված ոչ միայն ձեռնպահ մնալ նոր հարկային արտոնությունների տրամադրումից, այլ նաև կիրառությունից հանել բոլոր այն հարկային արտոնությունները, որոնց կիրառությունը չի հիմնավորվում ծախսեր /օգուտներ հարաբերակցության տեսանկյունից։
Հարկ է նկատել նաև, որ համաձայն ՀՀ կառավարության ծրագրի 6.8-րդ բաժնի չորրորդ պարբերության` Կառավարությունը նպատակ ունի ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավում առնվազն 2.6 տոկոսային կետով՝ 2026 թվականին հարկեր /ՀՆԱ ցուցանիշը հասցնելով առնվազն 25 տոկոսի:
Ավելին, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ ՀՀ ֆինանսների նախարարության միջոցառումների 7-րդ կետով որպես միջոցառում սահմանված է ցածր արդյունավետություն ունեցող և հասցեականություն չունեցող հարկային արտոնությունների կրճատման նպատակով առաջարկություններով հանդես գալու միջոցառումը:
Այս առումով հայտնում ենք, որ նախագծով ներկայացված առաջին առաջարկությունը հակադրվում է Կառավարության կողմից ի սկզբանե սահմանված նպատակներին և ներկա փուլում իրականացվող՝ հայտարարված հարկային քաղաքականությանը:
2. Նախագծով ներկայացված առաջին առաջարկության ընդունումը գրահրատարակչության ոլորտի համար վտանգավոր է այն առումով, որ ներկայում ԱՏԳ ԱԱ 4901 ծածկագրին դասվող տպագիր գրքերի ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից, ինչը նշանակում է, որ ներմուծվող գրքերի հետագա օտարումը նույնպես ԱԱՀ-ով չհարկվելու դեպքում ներմուծվող գրքերն այլ հավասար պայմաններում ունենալու են գնային առումով մրցակցային առավելություններ: Նշյալը հիմնավորվում է այն հանգամանքով, որ ներմուծվող գրքերն արտահանման ժամանակ արտահանող երկրում հարկվում են ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով, ինչը նշանակում է, որ այդ գրքերի գնի մեջ մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումար ներառված չէ, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում արտադրված գրքերի օտարումն ԱԱՀ-ից ազատելը ուղիղ նշանակելու է, որ այդ գրքերի արտադրության ժամանակ օգտագործվող տարբեր տեսակի հումքի և նյութերի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ն ներառվելու է ապրանքի ինքնարժեքի մեջ և դրանով իսկ բարձրացնելու է այդ ապրանքների ինքնարժեքն ու գները:
3. Պարզ չէ, թե ինչու է որպես հրատարակչական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գործունեության միջավայրի բարելավման ուղղություն դիտարկվում հենց հարկային արտոնությունների տրամադրումը: Այդ մոտեցմամբ հարկային արտոնությունների տրամադրումը կարող է հավասարապես դիտարկվել որպես տնտեսության բոլոր ոլորտների համար նպաստավոր միջավայրի ձևավորման ուղղություն, իսկ հարկային արտոնությունների բացակայությունը՝ որպես տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացմանը խոչընդոտող գործոն: Ակնհայտ է, սակայն, որ այս թեզը բավարար մասնագիտական հիմնավորում չունի: Այս առումով պարզ չէ, թե արդյոք բազմակողմանիորեն ուսումնասիրվել են հրատարակչական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը խոչընդոտող այլ հնարավոր հանգամանքները, և թե արդյոք հարկային արտոնությունների տրամադրումն այն լավագույն և արդյունավետ տարբերակն է, որն անհրաժեշտ է հրատարակչական գործունեությունը խթանելու համար:
4. Հայտնում ենք նաև, որ յուրաքանչյուր նոր հարկային արտոնության տրամադրում ենթադրում է հարկային եկամուտների կորուստ, հետևաբար նաև՝ կրթության, գիտության, մշակույթի, պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության, սոցիալական ապահովության, բնապահպանության և այլ հանրօգուտ ոլորտներում չկատարված բյուջետային ծախսեր: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ պետության ծախսային քաղաքականության շրջանակներում պետական աջակցության բյուջետային գործիքակազմն ավելի հասցեական ու հետևաբար նաև՝ ավելի արդյունավետ է, ակնհայտ է դառնում, որ հարկային արտոնությունների տրամադրումը պետական աջակցության լավագույն միջոցը չէ, քանի որ հարկային արտոնությունը դրա իրական հասցեատերերի համար որոշակի կոնկրետ արդյունք չերաշխավորելով հանդերձ՝ հանգեցնում է հարկային ծախսերի առաջացման՝ պետությանը զրկելով աջակցության ավելի հասցեական ծրագրեր իրականացնելու հնարավորությունից:
5. Հայտնում ենք, որ ԱԱՀ-ից ազատման արտոնությունները՝ որպես սպառման հարկից ազատման արտոնություններ, հիմնականում պետք է նախատեսված լինեն հասարակության սոցիալապես անապահով խմբերի սպառումը մատչելի դարձնելու համար: Գործնականում, սակայն, ԱԱՀ-ից ազատման արտոնություններից օգտվում են ինչպես հասարակության սոցիալապես անապահով խմբերը, այնպես էլ բարձր եկամուտներ ունեցող խմբերը և վերջիններս՝ թերևս անհամեմատ ավելի մեծ չափով, քանի որ նրանք ավելի շատ են սպառում ԱԱՀ-ից ազատված ապրանքներ և ծառայություններ: Այս առումով ԱԱՀ-ից ազատման արտոնությունները կորցնում են իրենց հասցեականությունը և իրենց հիմնական նպատակին չեն ծառայում:
Գրականության և գրքերի պարագայում նույնպես այլ հավասար պայմաններում ավելի շատ սպառում իրականացվում է բնակչության սոցիալապես ապահով քաղաքացիների կողմից, ինչը նշանակում է, որ առաջարկության ընդունման դեպքում արտոնության հիմնական շահառու կլինեն նշյալ անձինք: Մինչդեռ սոցիալական պետության հիմնական գործառույթներից մեկը՝ վերաբաշխման գործառույթը, ենթադրում է հասարակության բարձր եկամուտներ ունեցող խմբերի լիարժեք հարկում և սոցիալապես անապահով խմբերին աջակցության տրամադրում:
6. Մյուս կողմից, օրենսգրքով նախատեսված՝ հարկման արտոնյալ մոտեցումները նպատակ ունեն նպաստելու տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող և գերակա համարվող ոլորտների զարգացմանը: Թերևս վերոնշյալ սկզբունքներից ելնելով՝ օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ԱԱՀ-ից ազատվել է դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների օտարումը:
Այս առումով հայտնում ենք, որ ԱԱՀ-ից ազատման արտոնությունների վերոնշյալ շրջանակի սահմանման հիմքում դրված է սոցիալական ու կրթական գերակայությունների վրա հիմնված կոնկրետ քաղաքականություն, որից, սակայն, չի բխում, որ, օրինակ՝ գեղարվեստական կամ մասնագիտական գրականության օտարումը նույնպես պետք է ազատվի ԱԱՀ-ից:
7. Նախագծի ընդունման հիմնավորմամբ ներկայացված՝ գների նվազման և արդյունքում պահանջարկի աճի հետ կապված դիտարկման վերաբերյալ հայտնում ենք, որ ԱԱՀ-ի մասով արտոնությունների կիրառության նախորդ տարիների փորձը բազմիցս ապացուցել է, որ ԱԱՀ-ի արտոնությունների կիրառությունն ուղղակիորեն չի հանգեցնում ապրանքների գների՝ ԱԱՀ-ի դրույքաչափին համապատասխանող գումարի չափով նվազեցման: Նշյալ հանգամանքն ունի ևԲ օբյեկտիվ, ևԲ սուբյեկտիվ պատճառներ: Մասնավորապես՝ որպես օբյեկտիվ պատճառ կարելի է նշել այն, որ ապրանքների իրացումն ԱԱՀ-ից ազատելը դեռևս չի նշանակում, որ տնտեսավարող սուբյեկտներն ազատվում են մատակարարներին ԱԱՀ վճարելու պարտավորություններից: Արդյունքում ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները արտոնության շահառու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները ստիպված են լինում միացնել ապրանքների ձեռքբերման ծախսերին, ինչի արդյունքում ապրանքների գինն ԱԱՀ-ի դրույքաչափին համապատասխանող գումարի չափով չի կարող նվազել:
Սուբյեկտիվ պատճառները հիմնականում պայմանավորված են այն հանգամանքով, որ տնտեսավարող սուբյեկտները, որպես կանոն, ԱԱՀ-ից ազատելու արտոնությունն օգտագործում են որպես նախկինում ստացված շահույթներից ավելի մեծ շահույթներ ստանալու հնարավորություն՝ անփոփոխ թողնելով կամ ընդամենը շատ քիչ չափով նվազեցնելով ԱԱՀ-ից ազատված ապրանքի գինը: Այլ կերպ ասած՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը կորցնում է իր հասցեականությունը և իրական շահառուների շահերին ծառայելու փոխարեն նպաստում է արտոնության կիրառության իրական շահառու չհամարվող այլ տնտեսավարող սուբյեկտների գործունեությանը։ Արդյունքում պետական բյուջեն կրում է չհիմնավորված հարկային ծախսեր։ Այս առումով, ներկայացված առաջարկության ընդունման պարագայում այս ռիսկը չի կարող անտեսվել:
8. Բացի այդ, նախագծի շրջանակում ներկայացված չեն համապատասխան ուսումնասիրություններ և վերլուծություններ, որոնք կհիմնավորեին այն թեզը, որ Հայաստանի Հանրապետությունում գրքերի սպառման փոքր ծավալները կամ ընթերցանության ցածր մակարդակը առավելապես պայմանավորված են գրքերի բարձր գներով: Այս առումով գտնում ենք, որ գրքերի սպառման ծավալները կախված են ամենատարբեր պատճառներից՝ սկսած ընթերցանության մշակույթի արմատավորման մակարդակից և վերջացրած տեղեկատվության ստացման ու տարածման նոր տեխնոլոգիական լուծումների տարածվածությամբ ու հասանելիությամբ:
9. Ցանկացած հարկային արտոնության տրամադրում կամ արտոնյալ մոտեցումների սահմանում ենթադրում է հարկումից խուսափելու հնարավորությունների ստեղծում, քանի որ հարկային արտոնությունների կիրառության նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ տարբեր հնարքների ու չարաշահումների կիրառությամբ արտոնություններից սկսում են օգտվել նաև այնպիսի շահագրգիռ կողմեր, որոնց համար ի սկզբանե դրանք նախատեսված չեն եղել: Հարկային արտոնությունները, որպես պետական աջակցության գործիքներ, չունեն բավարար հասցեականություն, հետևաբար ծախսերի ու օգուտների համադրմամբ դրանց արդյունավետությունը չի հիմնավորվում այն առումով, որ հարկային արտոնության տրամադրման արդյունքում պետության կորցրած հարկային եկամուտները շատ ավելի մեծ են, քան արտոնության իրական շահառուների օգուտները կարող են լինել։
Մասնավորապես, առաջարկության ընդունման դեպքում գիրք և գրականություն չհամարվող նյութերի օտարումը կարող է ներկայացվել որպես գրքի և գրականության օտարում և ազատվել ԱԱՀ-ով հարկումից: Հարկ է նկատել, որ նախագծով չեն որոշակիացվել «գրքերե, «գրականությունե հասկացությունները և դրանց շրջանակը:
Նախագծով ներկայացված առաջարկությունները խնդրահարույց են նաև արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնելու տեսանկյունից: Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված է, որ նույն կետով սահմանված արտոնությունների կիրառության շրջանակը սահմանում է Կառավարությունը: ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածով կարգավորվել է, թե որոնք են համարվում մանկական և դպրոցական գրականություն, ուսումնական հրատարակություն՝ սահմանելով նաև, որ դրանց օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, եթե դրանք պաշտոնապես հաստատվել կամ երաշխավորվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից:
Նախագծով առաջարկվող փոփոխություններով, ըստ էության, պահպանվում են ներկայում կիրառվող ԱԱՀ-ից ազատման արտոնության շրջանակները` որոշ դեպքերում ընդլայնելով արտոնության կիրառության շրջանակները (օրինակ՝ գրականության, անկախ մանկական կամ դպրոցական համարվելու հանգամանքից, օտարման մասով), իսկ որոշ դեպքերում էլ սահմանափակելով կամ խնդրահարույց դարձնելով արտոնության կիրառումը (օրինակ՝ ուսումնամեթոդական ուղեցույցների, ուսումնական դիտողական ձեռնարկի, ուսումնամեթոդական ձեռնարկի և այլնի օտարման մասով, որոնք ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1317-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածին համապատասխան՝ համարվում են ուսումնական հրատարակություններ): Մյուս կողմից նախագծով հանվում են Կառավարության որոշմամբ արտոնության կիրառման շրջանակները սահմանելուն վերաբերող դրույթները, ինչը համարում ենք ոչ նպատակահարմար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնության կիրառության շրջանակը Կառավարության որոշմամբ սահմանելը և արտոնության կիրառման համար լիազոր մարմնի կողմից մանկական և դպրոցական գրականության, ուսումնական հրատարակության պաշտոնապես հաստատված կամ երաշխավորված լինելը պայմաններ է ապահովում դրանց օտարման մասով հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարման, իսկ հարկային մարմնի կողմից առավել արդյունավետ հարկային վարչարարության իրականացման համար: Ընդ որում` հարկային վարչարարության իրականացման տեսանկյունից հարկային մարմնի կողմից չեն ստուգվում մանկական և դպրոցական գրականության, ուսումնական հրատարակության համապատասխանությունը սահմանված չափանիշներին, այլ լիազոր մարմնի կողմից մանկական և դպրոցական գրականության, ուսումնական հրատարակության պաշտոնապես հաստատված կամ երաշխավորված լինելը հիմնավորող փաստաթուղթը հիմք է ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառման համար։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության ընդունումը խնդիրներ է առաջացնելու հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարման և հարկային մարմնի կողմից հարկային վարչարարության իրականացման համար:
10. Ինչ վերաբերում է նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված՝ տնտեսության ակտիվացման, տնտեսության մեջ ներդրումների խթանման, տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռի նվազեցման հետ կապված դիտարկումներին, ապա հարկ ենք համարում նշել, որ հարկային օրենսդրությամբ սահմանված են բազմաթիվ հարկային արտոնություններ, որոնք ուղղված են նոր ներդրումներ կատարող տնտեսավարող սուբյեկտներին աջակցելուն: Ավելին՝ վերջին շրջանում այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվել են հարկային օրենսդրության մի շարք համակարգային փոփոխություններ:
Նախագծի 2-րդ հոդվածով ներկայացված առաջարկության վերաբերյալ
1. Գրքերի և գրականության, ինչպես նաև թերթերի և ամսագրերի տպագրության համար անհրաժեշտ հումքի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու առաջարկության վերաբերյալ հարկ է նկատել, որ խնդրո առարկա հումքը կարող է օգտագործվել ոչ միայն նշյալ ապրանքների տպագրության համար, այլ նաև՝ այլ նպատակներով, օրինակ՝ առևտրային բնույթի փաստաթղթեր պատրաստելու համար, ինչպիսիք են այցեքարտերը, ճաշացանկերը, գովազդային բուկլետները և այլն:
Բացի այդ, հայտնում ենք, որ ապրանքների ներմուծման պահին մաքսային հսկողության արդյունքում հնարավոր չէ պարզել կամ ստուգել, թե տպագրության համար անհրաժեշտ այս կամ այն հումքը ներմուծվում է գիրք, գրականություն, թերթ կամ ամսագիր տպագրելո՞ւ, թե՞ այլ նպատակով օգտագործելու համար:
2. Այդուհանդերձ, հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 20212026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ ՀՀ ֆինանսների նախարարության միջոցառումների բաժնով նախատեսված է ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու հնարավորությունների և նպատակահարմարության գնահատման միջոցառում, որն առավելապես պետք է վերաբերի ներդրումային նշանակություն ունեցող ապրանքներին և հատկապես այն ապրանքներին, որոնք Հայաստանի Հանրապետությունում չեն արտադրվում և տեսանելի ապագայում նմանատիպ արտադրությունների գործարկում չի ակնկալվում։
Այս առնչությամբ հայտնում ենք, որ գրահրատարակչական ոլորտին վերաբերող՝ ներդրումային նշանակության ապրանքների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու հարցը կարող է քննարկվել նշված միջոցառման շրջանակներում՝ վերը նշված ընդհանուր սկզբունքի ներքո։
3. Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումն ունի խմբագրման կարիք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը 2.1-ին կետ չունի:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար և առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ:
Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարելու ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառության շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշման մեջ: