ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի որոշում Գործ թիվ ՎԲ-67/07 |
ՎԲ-67/07 | ||
Գործ ՔԳՀ 128/06 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան/
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Դ. Ավետիսյանի | |
Հ. ասատրյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
|
Ս. Օհանյանի | |
|
քարտուղար` |
Ք. Մ արտիրոսյանի |
2007 թվականի մայիսի 04-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հրայր Միրզոյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Հրայր Միրզոյանի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից նախապատրաստված նյութերով 2006 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ մերժվել է Երևան քաղաքի նոտար Աշոտ Ղազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության պատճառով։
Հ.Միրզոյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Առաջին ատյանի դատարանը 2006 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության 2006 թվականի հուլիսի 27-ի որոշման դեմ բերված բողոքը մերժել է։
Առաջին ատյանի դատարանի որոշումը Հ.Միրզոյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը բողոքարկել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան։ Վերջինս 2006 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 2006 թվականի մայիսի 25-ի փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի համաձայն ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը իրավասու չէ քննության առնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ նյութերը, որը ամրագրված է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 20-րդ որոշման 5-րդ կետում»։
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման դեմ Ս.Սաֆարյանը բերել է վճռաբեկ բողոք։
ՀՀ վճռաբեկ դատարանը 2007 թվականի մարտի 22-ի որոշմամբ բողոքը ընդունել է վարույթ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։
2. Գործի փաստական հանգամանքները.
Հ.Միրզոյանը 1991 թվականին ըստ կտակի ընդունել է ժառանգություն և ստացել ժառանգության վկայական, սակայն նույն տան նկատմամբ 2001 թվականին բացվել է ըստ օրենքի ժառանգություն Հ.Միրզոյանի խորթ մոր անվամբ։ Վերջինս 2003 թվականին օտարել է Հ.Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող ժառանգական գույքը։
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոք բերած անձը գտնում է, որ 2006 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը չի բխումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի պահանջներից։
Մասնավորապես, վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ քրեական գործով ՀՀ վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի խախտում, քանի որ բողոքն առանց քննության թողնելու փաստով Հ.Միրզոյանը զրկվել է օրենքով երաշխավորված իր իրավունքներից և այդ ճանապարհով խոչընդոտվել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը և վեճի ճիշտ լուծումը։
Բացի այդ, վճռաբեկ բողոք բերած անձի կարծիքով` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ և 384-րդ հոդվածների կարգով։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի` քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումներն ու գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարանին։
Բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ և 387-րդ հոդվածների պահանջները։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ կետի` քրեական գործերի քննությունը վերաքննիչ դատարանում իրականացվում է երեք դատավորի կազմով, իսկ 387-րդ հոդվածով սահմանված է, որ գործը վերաքննիչ դատարանում քննվում է երեք դատավորի կազմով, որոնցից մեկը նախագահողն է։
Ըստ բողոքի հեղինակի` ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը` արդար դատաքննության իրավունքը և 13-րդ հոդվածը` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։
Խախտվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածը, ըստ որի` յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում, իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքը։
Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումը չի կարող ունենալ բարձրագույն իրավաբանական ուժ, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի` ՀՀ-ում բարձրագույն իրավաբանական ուժ ունի Սահմանադրությունը, օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությունը և օրենքներին։
Բողոք բերած անձը խնդրել է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ 2007 թվականի փետրվարի 27-ին Վճռաբեկ դատարանը նույնատիպ գործով բավարարել է Հ.Դանիելյանի բողոքը, բեկանել է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքն առանց քննության թողնելու մասին և գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով քննելու համար։
Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը և գործն ուղարկել վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու համար։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.
4.1 Քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը վերացնելու պահանջը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու իրավունքը.
Հ.Միրզոյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը պատճառաբանվել է այն հանգամանքով, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 2006 թվականի մայիսի 25-ին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի համաձայն ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը իրավասու չէ քննության առնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ նյութերը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 2006 թվականի մայիսի 25-ին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի ձևակերպումը հետևյալն է. «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»։ Այս իրավանորմը քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը վերացնելու պահանջը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու արգելք չի պարունակում։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված «սույն օրենսգրքով սահմանված» կարգը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն` քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան։
Բացի այդ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 384-րդ հոդվածի` սույն գլխի կանոններով («Գլուխ 46. Վերաքննիչ բողոք») բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։ Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետը «վերջնական որոշում» հասկացությունը սահմանվում է որպես «քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթն սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության»։
Այսպիսով, վերաքննիչ բողոքարկման կանոններով վերանայման ենթակա որոշումը առնվազն պետք է համապատասխանի հետևյալ երկու չափանիշներին` կայացված լինի առաջին ատյանի դատարանի կողմից, բացառի գործով վարույթը սկսելը կամ շարունակելը կամ գործը լուծի ըստ էության։
Ներկայացված նյութերից երևում է, որ Հ.Միրզոյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել քննիչի` քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Բողոքարկված որոշումը բավարարում է վերը նշված երկու չափանիշներին, դրանք են` այն կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից և բացառում է գործով վարույթը շարունակելը։
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատում է, որ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը վերացնելու պահանջը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է վերաքննիչ բողոքարկման և վերաքննիչ դատարանում քննության (տե՛ս Հ.Դանիելյանի վերաբերյալ գործով որոշում, կայացվել է 27.02.2007թ., կետ 4.2)։
Հետևաբար, Հ.Միրզոյանն իրավունք ուներ քննիչի` քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերելու վերաքննիչ բողոք, իսկ վերաքննիչ դատարանը իրավասու չէր Հ.Միրզոյանի վերաքննիչ բողոքը քննության չընդունելու։
4.2 Վերաքննիչ դատարանում գործի քննությունը մեկ դատավորի կազմով.
Գործի նյութերից երևում է, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, գործը քննելով մեկ դատավորի կազմով, թույլ է տվել դատավարական իրավունքի մի շարք խախտումներ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի և 387-րդ հոդվածի հիման վրա` վերաքննիչ դատարանում գործը քննվում է երեք դատավորի կազմով։ Այս ընդհանուր իրավանորմից զատ գոյություն չունի ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի գործունեությունը կանոնակարգող որևէ հատուկ իրավադրույթ, որը սահմաներ քրեական գործ քննող վերաքննիչ դատարանի այլ կազմ, քան երեք դատավորից բաղկացած դատական կազմն է։
Հետևաբար, վերաքննիչ դատարանն իրավասու չէր Հ.Միրզոյանի բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնել մեկ դատավորի կազմով։
Այսպիսով, խախտվել է օրինականության սկզբունքը։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի` հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող այլ անձինք պարտավոր են պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները։
Գործը մեկ դատավորի կազմով քննելով և լուծելով` վերաքննիչ դատարանը խախտել է քրեական դատավարության ևս մեկ սկզբունք` արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից։ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի` ոչ ոքի չի կարելի զրկել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով։ Օրենքով վերաքննիչ դատարանի մեկ դատավորին վերապահված չէ քրեական գործ քննելու լիազորություն։ Ուստի Հ.Միրզոյանը զրկվել է իր գործը այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է օրենքով, այսինքն` իր գործը վերաքննիչ դատարանի երեք դատավորի կազմով քննվելու իրավունքից։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի համատեքստում վերաքննիչ դատարանի մեկ դատավորը տվյալ գործով չի կարող դիտվել որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»։ Ուստի վերաքննիչ դատարանում Հ.Միրզոյանը գործի քննությունը մեկ դատավորի կազմով խախտում է դիմողի արդար դատաքննության իրավունքը։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց՝ օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»։
Նախկինում ընդունված որոշման մեջ նույնպես ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանում գործը չի կարող քննվել մեկ դատավորի կազմով (տե՛ս Ա.Քրմոյանի վերաբերյալ գործով որոշում, կայացվել է 27.02.2007թ., կետ 4.2)։
4.3 Բողոքն առանց քննության թողնելը.
Համաձայն Հ.Միրզոյանի գործով վերաքննիչ դատարանի կողմից որոշման կայացման օրը գործող օրենքի` վերաքննիչ բողոքը կարող էր առանց քննության թողնվել միայն հետևյալ երկու դեպքերում.
ա) բողոքը ստորագրված չէ անձի կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մաս)
բ) բողոքը ժամկետանց է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Ուստի, բացի նշված երկու դեպքից, վերաքննիչ դատարանը լիազորված չէր Հ.Միրզոյանի բողոքը թողնել առանց քննության։
Հ.Միրզոյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց չէր, այն ստորագրված էր և պարունակում էր նշում բողոքարկվող որոշման մասին։ Հետևաբար վերաքննիչ դատարանի կայացրած` Հ.Միրզոյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը չէր բխում օրենքի պահանջներից։
Նախկինում ընդունված որոշման մեջ նույնպես ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վերաքննիչ դատարանը կարող է վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության միայն այն դեպքում, երբ այն ստորագրված չէ, կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին, կամ ժամկետանց է (տե՛ս Ա.Քրմոյանի վերաբերյալ գործով որոշում, կայացվել է 27.02.2007թ., կետ 4.3)։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Հրայր Միրզոյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը բավարարել. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը բեկանել, և նյութերն ուղարկել նույն դատարան քննության առնելու համար։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Տ. Սահակյան |
Դատավորներ` |
Դ. Ավետիսյան |
Հ. ասատրյան | |
Հ. Ղուկասյան | |
Մ. Սիմոնյան | |
|
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|