Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.03.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.03.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
30.03.2007
Дата вступления в силу
30.03.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ

դատարանի որոշում Գործ թիվ ՎԲ-48/07

ՎԲ-48/07

հ. գործ 04-Ն-01

Նախագահող դատավոր՝  Ա. Դանիելյան

 

    ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը /այսուհետ` Վճռաբեկ դատարան/

               

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Դ. Ավետիսյանի

Հ. ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

 

քարտուղար`

Ք. Մարտիրոսյան

     

2007 թվականի մարտի 30-ին

ք. Երևանում

   

դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Քոչինյանի ներկայացուցիչ Արմեն Նավոյանի վճռաբեկ բողոքը` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Դանիելյանի 2007 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ,

  

Պ Ա Ր Զ Ե Ց

  

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության քննիչ Գ.Գևորգյանի կողմից 2006 թվականի օգոստոսի 3-ին կայացվել են որոշումներ` Լևոն Քոչինյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, թիվ 10205306 քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Նույն համայնքների առաջին ատյանի դատարանը 2006 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ, բավարարելով Արմեն Նաջարյանի բողոքը, վերացրել է քննիչի նշված որոշումները։

Լևոն Քոչինյանի ներկայացուցիչ Արմեն Նավոյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ։

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Դանիելյանը 2007 թվականի հունվարի 22-ի որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 290-րդ հոդվածներով, Լ.Քոչինյանի ներկայացուցիչ Ա.Նավոյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների բողոքարկման արդյունքում վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն։

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ Լևոն Քոչինյանի ներկայացուցիչ Արմեն Նավոյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մարտի 5-ի որոշմամբ ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ։

   

2. Գործի փաստական հանգամանքները.

Քաղաքացի Արմեն Նաջարյանի բազմաթիվ բողոքների հիման վրա` 2004 թվականի հոկտեմբերի 26-ին Արարատի մարզի դատախազի կողմից Երևան քաղաքի բնակիչներ Լևոն Քոչինյանի և Վազգեն Մարդոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

2006 թվականի մարտի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով կարճել է Լ.Քոչինյանի և Վ.Մարդոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` նկատի ունենալով, որ առկա է անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին նախաքննական մարմնի չվերացված որոշում, որը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանք է։

2006 թվականի ապրիլի 11-ին քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատախազություն` վարույթ հարուցելու և նյութեր նախապատրաստելու ցուցումով։

2006 թվականի հունիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հաստատել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումները վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի 1-ին կետերի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշումը` նկատի ունենալով, որ հարուցված վարույթով ի հայտ են բերվել նոր երևան եկած հանգամանքներ` Լ.Քոչինյանի և մյուսների կողմից Արմեն Նաջարյանին ապօրինի ազատությունից զրկելու միջոցով, ֆիզիկական սպառնալիքների ներքո նրանից ստացական և լիազորագիր ձեռք բերելու, դրանց ապօրինի օգտագործմամբ նրա առանձնապես խոշոր չափերի գույքին խարդախությամբ տիրանալու, տան առուվաճառքը վավերացնելու ընթացքում նոտարական գրասենյակի կողմից խախտումներ թույլ տալու, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումներ կատարելու վերաբերյալ։

2006 թվականի հունիսի 20-ին քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության քննիչ Գ.Գևորգյանի վարույթ։

2006 թվականի օգոստոսի 03-ին քննիչը որոշումներ է կայացրել` Լևոն Քոչինյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցակազմի բացակայության հիմքով, հարկադիր կատարողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։

  

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Ըստ վճռաբեկ բողոքի` այն բերելու հիմք են Լևոն Քոչինյանին իր գործը վերաքննիչ դատարանում քննելու իրավունքից զրկելու արդյունքում քրեադատավարական օրենքի էական և նյութական իրավունքների խախտումները։ Մասնավորապես. խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված սկզբունքը, համաձայն որի` ոչ ոքի չի կարելի զրկել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննելու իրավունքից, որոնց ընդդատությանն այն վերապահված է։ Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ և 379-րդ հոդվածների համաձայն` քննիչի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի գործողությունները և որոշումները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան։

Ըստ բողոք բերած անձի` խախտվել է նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները։

Բացի այդ, վերաքննիչ դատարանն ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի` իրավասու է առանց քննության թողնել միայն ժամկետանց բողոքները։

Վերաքննիչ դատարանի կողմից նշված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 290-րդ հոդվածները բողոքն առանց քննության թողնելու հիմքեր ու կարգ չեն սահմանում, դրանք չեն արգելում նաև առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը վերաքննիչ դատարան։

Գտնելով, որ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է հանգեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ և 290-րդ հոդվածների սխալ կիրառման դատական նախադեպի ստեղծմանը, ըստ որի` նմանատիպ դեպքերում առաջին ատյանի դատարանի որոշումները կհամարվեն վերջնական և բողոքարկման ոչ ենթակա, բողոք բերած անձն օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով խնդրել է վերացնել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 22-ի որոշումը։

   

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

1/ Քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ քննիչի որոշումը վերացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու իրավունքը։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։

Ներկայացված նյութերից երևում է, որ Լևոն Քոչինյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Առաջին ատյանի դատարանի որոշումը հնարավորություն է տալիս Լ.Քոչինյանի նկատմամբ քրեական գործը նորոգել և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Հետևաբար տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը վերաքննիչ դատարան բխում է անմիջապես ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածից։

Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»։ Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը չի ամրագրում առաջին ատյանի դատարանի որոշումը վերադաս դատարան բողոքարկելու հնարավորություն։

Այնուհանդերձ, քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին նախնական քննություն իրականացնող մարմնի որոշումների դատական բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, այլ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով։

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության համաձայն` «Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան»։

Սույն գործով Լևոն Քոչինյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը համապատասխանում էր վերաքննիչ բողոքին ներկայացվող այլ օրենսդրական պահանջներին ևս։ Մասնավորապես, այն սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ, 379-րդ հոդվածներ), բողոքի բովանդակությունը համապատասխանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։ Հետևաբար Լ.Քոչինյանն իրավունք ուներ իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերելու վերաքննիչ բողոք, իսկ վերաքննիչ դատարանը որևէ իրավական հիմք չուներ այդ վերաքննիչ բողոքը քննության չընդունելու և դրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխի կանոնները, ինչպես նաև այդ գլխի հետ օրգանապես կապված 47-րդ գլխի որոշ կանոններ չկիրառելու համար։

2/ Վերաքննիչ դատարանում գործի քննությունը մեկ դատավորի կազմով.

3/ Բողոքն առանց քննության թողնելը.

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2007 թվականի փետրվարի 27-ի` Ա.Քրմոյանի վերաբերյալ, Հ.Դանիելյանի վերաբերյալ համանման գործերով ձևավորված մոտեցմամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է իր դիրքորոշումը բողոքում բարձրացված իրավական այս խնդիրների վերաբերյալ։

Տվյալ գործով օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 22-ի որոշումը ենթակա է բեկանման, նյութերն ուղարկելով նույն դատարան` ըստ էության քննության առնելու համար։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

  

Ո Ր Ո Շ Ե Ց

  

Վճռաբեկ բողոքը բավարարել։

ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 22-ի որոշումը բեկանել և նյութերն ուղարկել նույն դատարան` ըստ էության քննության առնելու համար։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

    

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Դ. Ավետիսյան

Հ. ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

 

Ս. Օհանյան