Գլխավոր տեղեկություն
Номер
N 486-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (17.04.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 16.04.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.04.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.04.2022
Дата вступления в силу
17.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի N 486-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-205-22.03.2022-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

15.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-205-22.03.2022-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետև՝ նախագիծ) նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնման կարգը նախատեսող՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 14-րդ հոդվածում՝ հիշյալ ընթացակարգը պարզեցնելու նպատակով նախատեսելով քաղաքացիության վերականգնման հիմքերի, այդ հարցը լուծող սուբյեկտների և ժամկետների վերաբերյալ նոր կարգավորումներ: Մասնավորապես՝ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու կամ քաղաքացիության վերականգնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունելու լիազորությունը վերապահել՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններին՝ ԱԱԾ-ի կողմից տրամադրված դրական եզրակացության հիման վրա:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման նպատակը նախկինում ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց ՀՀ քաղաքացիության վերականգնման ընթացակարգի պարզեցումն է: Բացի այդ՝ հիմնավորմամբ նշվում է նաև, որ Սահմանադրության 134-րդ հոդվածով սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը օրենքով կարգավորելու հնարավորություն:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձի քաղաքացիությունն իր դիմումի համաձայն կարող է վերականգնվել, եթե բացակայում են սույն օրենքի 13-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված հիմքերը, և եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով: Օրենքի սույն հոդվածի վերլուծության արդյունքում հարկ է նշել, որ օրենսդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած անձին տվել է քաղաքացիություն ստանալու համար կրկին դիմելու իրավունք, ինչն էլ ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը վերականգնելու համար քաղաքացին պետք է դիմի քաղաքացիություն ստանալու համար և անցնի նույն ընթացակարգով: Նշված տրամաբանությունն ինքնանպատակ չէ և կոչված է ապահովելու ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն և լուծում՝ իրավասու մարմիններից ստացված ամփոփ եզրակացությունների հաստատման միջոցով:

Հարկ է նշել, որ Սահմանադրության 134-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով:

Օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով, լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:

Սահմանադրության 134-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքերն ու կարգը սահմանվում են օրենքով, սակայն Սահմանադրության հիշյալ հոդվածով ամրագրված է, որ հիշյալ հարցերի լուծումը Հայաստանի Հանրապետության նախագահի բացառիկ սահմանադրական լիազորությունն է, որը սահմանված է նաև օրենքի 26-րդ հոդվածով:

Օրենքի 27-րդ հոդվածի 1-4-րդ մասերով հստակ սահմանված են քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումի ներկայացման և դրանց հետագա քննարկման ընթացակարգը:

Օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը (այսուհետ՝ կարգ) սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-րդ N 1390-Ն որոշմամբ:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ օրենքի 27-րդ հոդվածի կիրարկման նպատակով ընդունվել և գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշումը, որով սահմանված է հիշյալ դիմումի քննարկման ընթացակարգը, որը կոչված է ապահովելու օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ սահմանված մերժման հիմքերի առկայության կամ բացակայության հարցի ողջամիտ լուծում՝ համապատասխան լիազոր մարմինների կողմից եզրակացությունների տրամադրման և դրանց լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության միջոցով:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ հայտնում ենք հետևյալը:

1. Օրենքի նախագծի ընդունումը խնդրահարույց է հեղինակի ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 14-րդ հոդվածի մեկնաբանման տեսանկյունից:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու (այդ թվում՝ վերականգնելու) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը ենթակա են լուծման ՀՀ նախագահի կողմից և հանդիսանում են նրա բացառիկ սահմանադրական լիազորությունը, ուստի հարկ է նշել, որ քաղաքացիության շնորհման դեպքերի և ընթացակարգի ցանկացած փոփոխության պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել բացառապես ՀՀ նախագահի հրամանագրով:

3. Գործող օրենքի 27-րդ հոդվածով և կարգով սահմանված կարգավորումները ինքնանպատակ չեն և կոչված են ապահովելու ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն և լուծում՝ իրավասու մարմիններից ստացված ամփոփ եզրակացությունների հաստատման միջոցով:

4. ՀՀ քաղաքացիությունը վերականգնելու վերաբերյալ որոշման ընդունումը, միայն ԱԱԾ-ի կողմից տրված դրական եզրակացությամբ պայմանավորելը խնդրահարույց է, և տվյալ պարագայում ամբողջությամբ չի ապահովվի օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ պարբերությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժման տարբեր հիմքերի առանձնակի պարզաբանումը: Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով քաղաքացիությունը դադարեցնելը, անկախ Ազգային անվտանգության ծառայության դրական եզրակացությունից, արդեն իսկ բավարար է ՀՀ քաղաքացիությունը վերականգնելը մերժելու համար, քանի որ այն նախկինում ձեռք է բերվել կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա:

5. Բացի այդ՝ նախագծով առաջարկվում է սահմանել դիմումի վերականգման հստակ ժամկետ, այն է՝ դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, մինչդեռ հարկ է նշել, որ կարգի դրույթներով սահմանված են եզրակացությունների տրամադրման ժամկետներ՝ օրենքով սահմանված առանձին փաստերի ստուգման համար, իսկ կարգի 21-րդ կետով նաև նախատեսված է կարգավորում, համաձայն որի՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու անհրաժեշտության դեպքերում Ազգային անվտանգության ծառայությունը եզրակացությունը ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգել մինչև 15 օրով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծով նախատեսվող՝ քաղաքացիության վերականգնման իրականացման համար դիմումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո 1-ամսյա ժամկետի սահմանումը ողջամիտ չէ, քանի որ տարաբնույթ իրավիճակներով պայմանավորված՝ հնարավոր են դեպքեր, երբ եզրակացությունների քննարկման և ամփոփ եզրակացության տրամադրման համար լիազոր մարմիններից պահանջվի ավելի երկար ողջամիտ ժամկետ: Մասնավորապես՝ նախագծով սահմանվում են 5-օրյա ժամկետներ` համապատասխանաբար քաղաքացիությունը վերականգնելու դիմումը Ազգային անվտանգության ծառայություն ուղարկելու և Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունը ստանալուց հետո որոշում կայացնելու համար, ինչը պրակտիկայում հնարավոր չէ ապահովել: Հարկ է նշել, որ միայն անձի դիմումը բավարար չէ վարույթի նյութերն ամբողջական համարելու համար, քանի որ ինչպես արդեն նշվեց, դիմումի քննարկման ընթացքում կարող է առաջանալ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու, ստուգումներ կատարելու անհրաժեշտություն, ուստի նշված ժամկետը ևս պետք է վերանայվի, ինչպես նաև հաշվարկվի աշխատանքային օրերով։

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ բարձրացված խնդիրների համատեքստում՝ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան