Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1635
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 28.02.2022
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
25.02.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
25.02.2022
Дата вступления в силу
25.02.2022

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

            

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

25 փետրվարի 2022 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

ՀՀ կառավարության ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարությունն իր` 2021 թվականի 23 դեկտեմբերի N 2137-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով դրամաշնորհային համաձայնագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ցանցը բարելավելու և օդի աղտոտումը նվազեցնելու նպատակով, ավտոբուսների ձեռքբերմանը ֆինանսավորելու հարցում աջակցելու համար դրամաշնորհ ստանալու նպատակով:

 

2. Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 8 հոդվածներից և Հավելվածից, որը նվիրված է դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող պարագաներին, և երկու Առդիրներից՝ «Միջոցների հատկացման հայտի ձևանմուշ» և «Լիազորված ստորագրողների նշանակման մասին նամակի ձևանմուշ» վերտառությամբ:

Ըստ քննության առարկա Համաձայնագրի՝ Բանկը նպատակ ունի կնքել վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության` որպես Վարկառուի հետ, համաձայն որի Բանկը՝ որպես վարկատու, կտրամադրի վարկ՝ մինչև 20 000 000 (քսան միլիոն) եվրո գումարի չափով՝ Ծրագրի մի մասի ֆինանսավորման համար, ինչպես նկարագրված է Ծրագրին կից ներկայացված Հավելված 1-ում (Ծրագիր)` վարկային համաձայնագրում սահմանված ժամկետներին և պայմաններին համապատասխան, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել (Վարկային համաձայնագիր):

 Բանկի հիմնադրման մասին համաձայնագրի 20-րդ հոդվածի համաձայն՝ Բանկը ստեղծել է «Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամ» (Հիմնադրամ), որը կառավարվում և գործում է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի՝ 2014 թվականի հուլիսի 23-ի կանոններին համապատասխան (2019 թվականի մարտի 11-ի փոփոխությամբ), որոնք ժամանակ առ ժամանակ կարող են փոփոխության ենթարկվել (Հիմնադրամի կանոններ)։

Հիմնադրամի կանոններով սահմանված պայմանների համաձայն՝ Բանկը համաձայնել է Հիմնադրամի ռեսուրսներից Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես` Ծրագրի իրականացման կազմակերպությանը, 5 000 000 (հինգ միլիոն) եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ (Դրամաշնորհի միջոցներ) տրամադրել Ծրագրի հետ կապված որոշակի ապրանքների ու աշխատանքների և դրանց հետ կապված ծառայությունների գնման նպատակով՝ Դրամաշնորհային համաձայնագրով սահմանված պայմաններին համապատասխան:

Համաձայնագրում հղումներ են կատարվում Բանկի` 2018 թվականի հոկտեմբերի 1-ով թվագրված Ստանդարտ պայմաններին, մասնավորապես` Համաձայնագրի III Հոդվածի 3.02 Բաժնի «բ» կետով սահմանվում է, որ Ստանդարտ պայմանների Բաժին 4.02-ի (Ծրագրի իրականացմանը վերաբերող պարտականություններ) դրույթները կիրառվում են այնպես, ինչպես եթե դրանք ամբողջությամբ շարադրված լինեին Համաձայնագրում համապատասխան փոփոխություններով՝ չսահմանափակելով դրանց ընդհանուր բնույթն այնպես, որ «Վարկառու»-ին արվող հղումներն ընդունվեն որպես «Պետությանն» արվող հղումներ, և «Վարկի գումար»-ին արվող հղումներն ընդունվեն որպես «Դրամաշնորհի միջոցների գումարին» արվող հղումներ:

 

3. Սույն Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

3.1. Վարկային համաձայնագրով սահմանված վարկային միջոցները Ծրագրի իրականացման նպատակով փոխանցել Ծրագրի իրականացման կազմակերպությանը` ժամկետների և պայմանների համաձայն, և այդ համաձայնագիրը կնքել Հայաստանի Հանրապետության, Քաղաքապետարանի և Ծրագրի իրականացման կազմակերպության միջև, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկվել (Իրականացման համաձայնագիր) (Նախաբան, կետ «Դ»),

3.2. եթե Բանկի կողմից այլ բան նախատեսված չէ, ապա՝ Դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող պարագաները համաֆինանսավորել Դրամաշնորհի միջոցների և Վարկային միջոցների հաշվին` Գնումների պլանում նախատեսվող համամասնությամբ և չափերով, ինչպես նաև երաշխավորել, որ Դրամաշնորհի միջոցների գումարը, որը Գնումների պլանի համաձայն բաշխվում է Դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող որոշակի պարագաների գնման համար, ցանկացած պահի չի գերազանցի պայմանագրի արժեքի 20 տոկոսը՝ Դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող նշված պարագաների մասով (Հոդված II, Բաժին 2.01, կետ «ե»),

3.3. ապահովել, որ Դրամաշնորհային համաձայնագրով նախատեսված` Բանկին վճարման ենթակա ցանկացած գումար վճարվի առանց հաշվանցման կամ հակադարձ հայտի, եվրոյով, նշանակված ամսաթվին, Լոնդոնում, Անգլիայում կամ մեկ այլ վայրում գտնվող հաշվին, ինչպես Բանկը ժամանակ առ ժամանակ կնշի Պետությանն ուղարկված ծանուցման մեջ (Հոդված II, Բաժին 2.06, կետ «գ»),

3.4. Ծրագրի ավարտի ամսաթվին կամ Համաձայնագրի դադարեցման պահից՝ նայած որն է տեղի ունենում շուտ, ապահովել, որ Դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող պարագաների նկատմամբ սեփականության իրավունքը (դրանք գնելուց հետո) փոխանցվի Քաղաքապետարանին կամ Ծրագրի իրականացման կազմակերպությանը, և եթե կիրառելի է, պահել դրանց նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող փաստաթղթային ապացույցը (Հոդված III, Բաժին 3.02, կետ «գ»),

3.5. ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է շահերի բախման պատճառ դառնալ: Շահերի բախումն առկա է, երբ խախտվում է Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործառույթների անկողմնակալ և օբյեկտիվ իրականացումը (Հոդված III, Բաժին 3.02, կետ «դ»),

3.6. չձեռնարկել որևէ գործողություն և թույլ չտալ Հայաստանի Հանրապետության որևէ գործակալի կամ դուստր ընկերության՝ ձեռնարկել որևէ գործողություն, որը կխոչընդոտի կամ կմիջամտի Ծրագրի իրականացմանը կամ Ծրագրի նյութատեխնիկական օբյեկտների արդյունավետ շահագործմանը կամ Ծրագրի իրականացման կազմակերպության կողմից Դրամաշնորհային համաձայնագրին համապատասխան իր պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև ապահովել, որ այդպիսի գործողություններ չձեռնարկվեն կամ չթույլատրվեն Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքական կամ վարչական ստորաբաժանման կամ Հայաստանի Հանրապետությանը պատկանող և նրա կողմից վերահսկվող կամ Հայաստանի Հանրապետության կամ այդ ստորաբաժանումների ներքո կամ ի շահ դրանց գործող սուբյեկտների կողմից (Հոդված III, Բաժին 3.04, կետ «ա»),

3.7. եթե Բանկն այլ բան չի սահմանում, ապա պատշաճ կերպով կատարել Համաձայնագրով և Վարկային համաձայնագրով սահմանված Հայաստանի Հանրապետության բոլոր պարտավորությունները (Հոդված III, Բաժին 3.04, կետ «բ», ենթակետ 1)),

3.8. եթե Բանկն այլ բան չի սահմանում, ապա եթե կիրառելի և ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար, աջակցել Ծրագրի իրականացման կազմակերպությանը կատարելու Համաձայնագրով սահմանված իր պարտականությունները, այդ թվում՝ ձեռնարկելով բոլոր օրենսդրական, կարգավորող կամ այլ անհրաժեշտ կամ ցանկալի գործողություններ և Ծրագրի իրականացման կազմակերպությանը հատկացնելով և նրան ապահովելով կամ կազմակերպելով, որ ապահովվի աջակցությամբ Ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով՝ Ծրագրի իրականացման կազմակերպության համար այդպիսի անհրաժեշտություն առաջանալու դեպքում (Հոդված III, Բաժին 3.04, կետ «բ», ենթակետ 2)),

3.9. եթե Բանկն այլ բան չի սահմանում, ապա կատարման ներկայացնել ցանկացած այլ փաստաթուղթ և ձեռնարկել ցանկացած այլ միջոց, որոնք Բանկը համարում է անհրաժեշտ և ցանկալի՝ Համաձայնագրի գործողության համար (Հոդված III, Բաժին 3.04, կետ «բ», ենթակետ 3)),

3.10. ըստ անհրաժեշտության ապահովել անձնական տվյալների պատշաճ պաշտպանություն, inter alia [ի թիվս այլնի], Հայաստանի Հանրապետության համապատասխան կանոնակարգերի և կանոնների համաձայն` ձեռնարկելով անվտանգության տեխնիկական և կազմակերպչական պատշաճ միջոցառումներ` ցանկացած այդպիսի գործառնության և ֆիզիկական անձին վերաբերող տեղեկությունների բնույթի հետ կապված ռիսկերի առնչությամբ՝ նպատակ ունենալով կանխել ցանկացած չարտոնված անձի մուտքն այդպիսի գործառնություններ կատարող համակարգչային համակարգեր և հատկապես՝ չարտոնված ընթերցումը, պատճենումը, փոփոխումը կամ պահեստավորման կրիչներից հեռացումը. սա ներառում է տվյալների չարտոնված մուտքագրում, ինչպես նաև պահվող տեղեկությունների ցանկացած չարտոնված հանրայնացում, փոփոխում կամ ջնջում, նաև նպատակ ունենալով ապահովել, որ նշված գործողություններ իրականացնող՝ ՏՏ համակարգի լիազորված օգտատերերը կարող են միայն այն տեղեկություններին հասանելիություն ունենալ, որոնց մասով նրանք ունեն մուտքի իրավունք, և նախագծել իր կազմակերպական կառուցվածքն այնպես, որ այն համապատասխանի վերը նշված պահանջներին (Հոդված III, Բաժին 3.04, կետ «գ»),

3.11. ըստ կիրառության` գիտակցել և համաձայնել, որ Բանկը պարտավոր է տեղեկացնել Եվրոպական միությանը, եթե Ծրագրի իրականացման հետ կապված հայտնաբերի, որ Հայաստանի Հանրապետության կամ վերջինիս նկատմամբ ներկայացուցչության, որոշումներ կայացնելու կամ վերահսկողության լիազորություններ ունեցող անձանց մասով վճիռ է կայացվել, որն ունի res judicata [իրավական ուժ]` խարդախության, կոռուպցիայի, հանցավոր կազմակերպությունում ներգրավվածության, փողերի լվացման կամ Եվրոպական միության ֆինանսական շահերին վնասող որևէ այլ անօրինական գործողության մասով, և Եվրոպական միությունը կարող է այդ տեղեկությունները մուտքագրել Բացառությունների մասով տվյալների կենտրոնական բազա (Հոդված III, Բաժին 3.04, կետ «դ»),

3.12. ըստ կիրառելիության` Ծրագրի ավարտի ամսաթվից առնվազն հինգ (5) տարվա ընթացքում, կամ եթե ավելի ուշ է ընկնում, Համաձայնագիրը, Ներդրումային համաձայնագիրը, որևէ Պայմանագիր կամ Ֆինանսավորման համաձայնագիր կարգավորող գործող օրենքի համաձայն, որևէ պահանջի վաղեմության ժամկետի ընթացքում պահպանել Դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվառման փաստաթղթերն ու գրառումները և Բանկին, Հիմնադրամի ներդրողներին, Եվրոպական աուդիտորական դատարանին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին այդպիսի խնդրանք ներկայացնելու դեպքում տրամադրել բոլոր տեղեկությունները, ինչպես նաև ցանկացած փաստաթղթի և համակարգչային տվյալի հասանելիություն, որոնք վերաբերում են Համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորվող գործառնությունների տեխնիկական և ֆինանսական կառավարմանը, ներառյալ՝ Ծրագրի հետ կապված հաշիվների քաղվածքները, ինչպես նաև նրանց թույլ տալ մուտք գործել օբյեկտներ և տարածքներ՝ ճշտումների, գնահատման առաքելությունների և (կամ) քննությունների (ներառյալ տեղում ստուգումների) նպատակով՝ կապված Ծրագրի իրականացման հետ այն վայրերում, որտեղ իրականացվում են Ծրագրի հետ կապված գործառնությունները (Հոդված IV, Բաժին 4.01, կետ «դ»),

3.13. Դրամաշնորհի միջոցներից որևէ գումար չօգտագործել ուղղակիորեն կամ անուղղակիորեն, որևէ Հարկի վճարման համար՝ անկախ այն բանից՝ այդ հարկն ուղղակի է, թե անուղղակի, առաջանում է Հայաստանի տարածքում, թե այլուր (Հոդված IV, Բաժին 4.03, կետ «բ»),

3.14. ձեռնարկել համապատասխան միջոցներ, հանրայնացնելու այն փաստը, որ Ծրագիրը ֆինանսավորում է ստացել Հիմնադրամից, և նշել Հիմնադրամի բոլոր ներդրողներին, ներառյալ՝ Եվրոպական միությանը, և ապահովել, որ մամուլին տրամադրվող տեղեկատվությունը, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր գովազդային նյութերը, պաշտոնական ծանուցումները, զեկույցներն ու հրապարակումները՝ արված որևէ եղանակով և որևէ հարթակում, ներառյալ՝ համացանցը, փաստեն, որ Ծրագիրն իրականացվել է «E5P Հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի ամենախոշոր ներդրողը Եվրոպական միությունն է», թվարկեն բոլոր ներդրողներին և համապատասխան կերպով ցուցադրեն Հիմնադրամի տարբերանշանը, ներդրողների տարբերանշանները (ներառյալ՝ ԵՄ-ի տարբերանշանը (տասներկու դեղին աստղ կապույտ ֆոնի վրա)), ինչպես նաև ապահովել, որ Ծրագրին վերաբերող հրապարակումները՝ արված որևէ եղանակով և որևէ հարթակում, ներառյալ՝ համացանցը, պարունակեն պատասխանատվությունից հրաժարման հետևյալ տեքստը. «Այս փաստաթուղթը պատրաստվել է E5P Հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ, որի ներդրողներն են [....] և Եվրամիությունը՝ խոշորագույն ներդրողը։ Այստեղ արտահայտված տեսակետները ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես E5P Հիմնադրամի կամ դրա որևէ ներդրողի պաշտոնական կարծիքն արտացոլող տեսակետներ» (Հոդված IV, Բաժին 4.04),

3.15. եթե տեղի է ունեցել Համաձայնագրի V Հոդվածի 5.05 Բաժնում նշված իրադարձություններից որևէ մեկը, և եթե դա կիրառելի է, այն շարունակվում է վերոհիշյալ բաժնում նշված ժամանակահատվածի ընթացքում, ապա այդ իրադարձության շարունակման ընթացքում այդ մասին Բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը և Ծրագրի իրականացման կազմակերպությանը ծանուցման և պահանջի դեպքում հատուցել Դրամաշնորհի միջոցներն ամբողջությամբ կամ դրա որևէ մասը (և վճարել Համաձայնագրով վճարման ենթակա ցանկացած այլ գումարներ). այդ գումարներն այդուհետ ենթակա են վճարման (չնայած Համաձայնագրում դրան հակասող որևէ բանի) (Հոդված V, Բաժին 5.05),

3.16. որևէ իրավիճակում չներկայացնել որևէ պահանջ առ այն, որ Համաձայնագրի որևէ դրույթ անվավեր է կամ որևէ պատճառով չի կարող կիրարկվել (Հոդված VI, Բաժին 6.01),

3.17. որպես Դրամաշնորհային համաձայնագրի 7.02 Բաժնի (Ուժի մեջ մտնելու նախապայմանները) համաձայն ներկայացվող բոլոր ապացույցների մի մաս` ներկայացնել կամ կազմակերպել, որ Համաձայնագրի հետ կապված՝ ներկայացվի իրավաբանական եզրակացություն՝ Բանկի կողմից բավարար դիտարկվող ձևով և բովանդակությամբ, Հայաստանի Հանրապետության անունից՝ Արդարադատության նախարարի կողմից, իսկ Ծրագրի իրականացման կազմակերպության անունից՝ իրավաբանական բաժնի ղեկավարի կողմից կամ ցանկացած իրավաբանի կողմից, որին նշանակել է Ծրագրի իրականացման կազմակերպությունը, և որին համաձայնել է Բանկը, որը կհաստատի, որ Համաձայնագիրը պատշաճ կերպով հաստատվել կամ վավերացվել, ինչպես նաև ձևակերպվել ու հանձնվել է Հայաստանի Հանրապետության և Ծրագրի իրականացման կազմակերպության անունից, և այն վավեր է և իրավական ուժ ունի Հայաստանի Հանրապետության և Ծրագրի իրականացման կազմակերպության համար և կիրարկելի է իր պայմաններին համապատասխան (Հոդված VII, Բաժին 7.03),

3.18. Բանկին ներկայացնել լիազորված պաշտոնյայի լիազորության ապացույցը և նրա լիազորված ստորագրության նմուշը՝ համաձայն Առդիր 2-ում ներկայացված ձևանմուշի (Լիազորված ստորագրողների նշանակման մասին նամակի ձևանմուշ) (Հոդված VIII, Բաժին 8.02),

3.19. լիակատար պատասխանատվություն ստանձնել, համաձայնել, փոխհատուցել և զերծ պահել Բանկին և նրա պաշտոնյաներին, տնօրեններին, աշխատակիցներին, գործակալներին և ծառայողներին ցանկացած և բոլոր պարտավորություններից, պարտականություններից, կորուստներից, վնասներից (փոխհատուցման բնույթի, պատժիչ կամ այլ տեսակի), տուգանքներից, պահանջներից, ընթացակարգերից, հարկերից, հայցերից, ծախսերից և ծախքերից (այդ թվում՝ իրավաբանական խորհրդատվության ողջամիտ վճարներից և հետաքննության ծախսերից ու ծախքերից), ինչպիսիք էլ դրանք լինեն, ընդ որում` չխախտելով ընդհանուր սկզբունքը նրանցից, որոնք առաջանում են պայմանագրերից կամ առանց մեղքի պատասխանատվությունից (ներառյալ՝ անփութության հետևանքով) կամ խիստ պարտավորության արդյունքում կամ այլ կերպ, որոնք սահմանվում կամ բերվում են ընդդեմ Բանկի կամ նրա պաշտոնյաների, տնօրենների, աշխատողների, գործակալների կամ ծառայողների (անկախ նրանից՝ դրանք փոխհատուցվում են նաև որևէ այլ անձի կողմից որևէ այլ փաստաթղթով), և որոնք որևէ կերպ կապված են Համաձայնագրի 8.05 Բաժնի «ա» կետի 1-3 ենթակետերում սահմանվածի հետ կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բխում են դրանցից (Հոդված VIII, Բաժին 8.05, կետ «ա»),

3.20. ընդունել, որ Բանկը կնքում է Համաձայնագիրը և գործում է միայն որպես դրամաշնորհ տրամադրող, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ Ծրագրի իրականացման կազմակերպության խորհրդատու, ինչպես նաև ներկայացնել և երաշխավորել, որ կնքելով Համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետությունը ներգրավել և հենվել է իրավաբանական, ֆինանսական և այլ մասնագիտական հարցերով սեփական խորհրդատուների խորհրդատվության վրա և չի ապավինել ու այսուհետ նույնպես չի ապավինելու Բանկի կողմից տրված որևէ խորհրդատվությանը (Հոդված VIII, Բաժին 8.05, կետ «բ»),

3.21. Համաձայնագրով սահմանված Հայաստանի Հանրապետության իրավունքները կամ պարտավորություններն ամբողջությամբ կամ դրանցից որևէ մեկը չհանձնարարել կամ այլ կերպ չփոխանցել առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության (Հոդված VIII, Բաժին 8.06),

3.22. երաշխավորել, որ Բանկի՝ Համաձայնագրով սահմանված իրավունքներն ու պաշտպանության միջոցները չեն տուժի որևէ գործողությունից կամ որևէ բանից, որը կարող է, բացի Համաձայնագրի 8.07 Բաժնից, սահմանափակել այդ իրավունքներն ու պաշտպանության միջոցները, ինչպես նաև ապահովել, որ ոչ մի գործարար սովորույթ և Բանկի իրավունքների, լիազորությունների կամ պաշտպանության միջոցների կիրառման ոչ մի հետաձգում կամ չկիրառում չխախտի որևէ նման իրավունք, լիազորություն կամ պաշտպանության միջոց կամ ընկալվի որպես դրանից հրաժարում, իսկ եթե Բանկը հրաժարվում է Դրամաշնորհի միջոցների հատկացման որևէ պայմանից, ապա համարել, որ Հայաստանի Հանրապետությունը, ստանալով այդ Միջոցների մասհանումը, համաձայնել է այդ հրաժարման պայմաններին, և Բանկի՝ այդ պայմանի կատարումը պահանջելու իրավունքը բացահայտորեն պահպանել յուրաքանչյուր հետագա Մասհանման նպատակների համար, ինչպես նաև ընդունել, որ Դրամաշնորհային համաձայնագրով և դրանով նշված այլ համաձայնագրերով նախատեսված իրավունքներն ու պաշտպանության միջոցները կումուլյատիվ են և չպետք է խոչընդոտեն դրանց այլ կամ հետագա կիրառումը կամ որևէ այլ իրավունքի կամ պաշտպանության միջոցի կիրառումը (Հոդված VIII, Բաժին 8.07):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՆԱԽԱԳԱՀող

Ա. ԴիլանՅԱՆ

 

25 փետրվարի 2022 թվականի

ՍԴՈ-1635

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 փետրվարի 2022 թվական:

   

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1635 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

          

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1635 որոշմամբ որոշել է, որ Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1635 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։

Նախ՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1635 որոշմամբ Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։

Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը1։

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ՝ կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում. նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը։

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները։ Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ։

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը։

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում։ Մասնավորապես՝ էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը՝ խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները։ Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ։ Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար։

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն՝ կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված՝ էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով։

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։ Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը։ Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։

Այսպես՝ էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով։

Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

Էլեկտրոնային փաստաթուղթ՝ տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ՝ ստորագրող անձ)՝ ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ՝ ստուգման տվյալներ)՝ պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ՝ ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն՝ էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։

Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։

________________________________

1 Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը։

   

Դատավոր`

Ե. Խունդկարյան

25 փետրվարի 2022 թ.

 

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան