ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի |
Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0036/02/19 2021 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0036/02/19 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հուլիսի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Երևան համայնքի, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և Արսեն Բեջանյանի, երրորդ անձինք ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Մարինե Սարգսյանի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 14.09.2018 թվականին Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կայացված աճուրդները, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել 27.10.2018 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և Արսեն Բեջանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն ու դրանց հիման վրա 29.11.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 16.04.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.04.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի որոշմամբ Ընկերության` նոր հանգամանքի հիմքով բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչներ Մամիկոն Մանուկյան և Արմեն Թևանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 05.08.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքն առանց քննության թողնվելուց հետո Ընկերությունը ՀՀ սահմանադրական դատարանում վիճարկել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումները։ ՀՀ սահմանադրական դատարանը ՍԴՈ-1573 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով, ճանաչել է Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը ենթակա է վերացման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի թիվ ՍնԴ/0036/02/19 սնանկության գործով կայացված որոշումն ու ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2019 թվականի թիվ ՍնԴ/0036/02/19 սնանկության գործով կայացված որոշումը, և անհրաժեշտությունից ելնելով՝ կայացնել նոր դատական ակտ, այն է՝ թիվ ՍնԴ/0036/02/19 սնանկության գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին»:
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանը 16.04.2019 թվականին որոշում է կայացրել Ընկերության հայցադիմումը վերադարձնելու մասին (գ.թ. 19).
2) Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.04.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ (գ.թ. 39-42).
3) ՀՀ սահմանադրական դատարանն Ընկերության դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 26.05.2020 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1542 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար», իսկ 2-րդ կետով արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից).
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի որոշմամբ Ընկերության՝ նոր հանգամանքի հիմքով բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում վճռաբեկության կարգով բողոքարկվել է Դատարանի 16.04.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացրած Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշումը, որը վերը նշված դիրքորոշումների համատեքստում միջանկյալ դատական ակտ է և վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չէ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով» (գ.թ. 73-76).
5) ՀՀ սահմանադրական դատարանն Ընկերության դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 388-րդ հոդվածի 1-ին մասի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 415-րդ հոդվածի 1-ին մասի և 423-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 27.01.2021 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1573 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, 10-րդ հոդվածի 2-րդ մասը, 388-րդ հոդվածի 1-ին մասը, 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 423-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում են Սահմանադրությանը», իսկ 2-րդ կետով արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,
- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,
- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանը 16.04.2019 թվականին որոշում է կայացրել Ընկերության հայցադիմումը վերադարձնելու մասին։
Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.04.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
Դրանից հետո՝ 28.11.2019 թվականին, Ընկերությունը դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։
ՀՀ սահմանադրական դատարանն Ընկերության դիմումի հիման վրա՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 26.05.2020 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1542 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար», իսկ 2-րդ կետով արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»։
Այնուհետև Ընկերությունը նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշման դեմ՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում վճռաբեկության կարգով բողոքարկվել է Դատարանի 16.04.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացրած Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշումը, որը վերը նշված դիրքորոշումների համատեքստում միջանկյալ դատական ակտ է և վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չէ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը, այն է` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով»։
Դրանից հետո՝ 30.10.2020 թվականին, Ընկերությունը դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 388-րդ հոդվածի 1-ին մասի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 415-րդ հոդվածի 1-ին մասի և 423-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին։
ՀՀ սահմանադրական դատարանը, Ընկերության դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 388-րդ հոդվածի 1-ին մասի, 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 415-րդ հոդվածի 1-ին մասի և 423-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 27.01.2021 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրելով նաև, որ «Տվյալ դեպքում դիմողը Վճռաբեկ դատարան է ներկայացրել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք։ Թեև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ Վճռաբեկ դատարանն ուղղակիորեն չի վկայակոչել դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը և 423-րդ հոդվածի 2-րդ մասը, սակայն արձանագրելով, որ վճռաբեկության կարգով բողոքարկվել է հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված վերաքննիչ դատարանի որոշումը, որը միջանկյալ դատական ակտ է և վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա չէ, եկել է այն եզրահանգման, որ վճռաբեկ բողոքն անհրաժեշտ է թողնել առանց քննության։ Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով և 423-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ չնայած վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշման մեջ վերոգրյալ դրույթների վկայակոչված չլինելու հանգամանքին՝ դրանք փաստացի կիրառվել են դիմողի նկատմամբ՝ նրա համար առաջացնելով իրավական հետևանքներ, ինչը հնարավոր է դարձնում դիմողի կողմից նաև այդ դրույթների սահմանադրականության վիճարկումը», «Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը նոր հանգամանքներով դատական ակտի վերանայումը հնարավոր է համարել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, միայն բողոքարկման ենթակա դատական ակտերի դեպքում։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ ճանաչվում է Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդ դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, սակայն չի ապահովվում դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի վերանայումը ՝ Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արգելքի պատճառով», «դատավարական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումները չպետք է խոչընդոտեն Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը, անձի խախտված իրավունքների վերականգնումը։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը, ընդունելով, որ հնարավոր են դեպքեր, երբ նախատեսված չէ վերաքննիչ դատարանի որոշ դատական ակտերի բողոքարկման հնարավորություն վճռաբեկության կարգով, միաժամանակ ընդգծում է, որ բողոքարկման այդ սահմանափակումը չի կարող վերաբերել այն դեպքերին, երբ վճռաբեկ բողոքը ներկայացվում է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությամբ պայմանավորված՝ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման նպատակով։ Անձը պետք է ունենա վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, նաև այլ հիմքերով բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու բողոք ներկայացնելու հնարավորություն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը վերանայելու համար՝ պայմանավորված Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայությամբ», «Օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արգելքի գոյությունն իմաստազրկում է որոշ դեպքերում Սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելը, քանի որ Սահմանադրական դատարանի կողմից կայացվող որոշումը, փաստորեն, դիմողի համար կոնկրետ գործով չի կարող լինել վերջնական դատական ակտի վերանայման նախադրյալ, արգելափակվում է սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության առումով Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, փակուղի է մտնում իրավունքի գերակայության, հետևաբար և Սահմանադրության գերակայության երաշխավորման սկզբունքի իրացումը։ Ավելին, այդ արգելքի առկայության պայմաններում որոշ դեպքերում հնարավորություն չի ստեղծվում անձի խախտված իրավունքների ու ազատությունների վերականգնման և պաշտպանության համար», եզրափակիչ մասի 2-րդ կետով արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում, որ ՀՀ սահմանադրական դատարանը 27.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 05.08.2020 թվականին սույն գործով կայացնելով «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում, ըստ էության, կիրառել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասը, որը ՀՀ սահմանադրական դատարանն այնքանով, որքանով այդ իրավական նորմը բացառում է վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած, սակայն բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերի վերանայումը նոր հանգամանքներով, ճանաչել է Սահմանադրության 61-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 27.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1573 որոշումը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և այն վերացնելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և այն վերացնելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշման դեմ Ընկերության՝ նոր հանգամանքի հիմքով բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալի հաշվառմամբ այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի, 421-րդ և 424-րդ հոդվածների պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ, 424-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել:
2. Թիվ ՍնԴ/0036/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2019 թվականի որոշման դեմ «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի՝ նոր հանգամանքի հիմքով բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Գ. Հակոբյան |
Ս. Անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Մ. Դրմեյան | |
Ս. Միքայելյան | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 ապրիլի 2022 թվական: