Գլխավոր տեղեկություն
Номер
N 163-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.02.2022-10.09.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.02.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.02.2022
Дата вступления в силу
18.02.2022
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2022 թվականի N 163-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը և 685-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 26.210.02107) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ):

2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

4. Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Վարդան Սիմոնյանին (անձնագիր` AN0726954, տրված՝ 27.11.2013 թ., 018-ի կողմից):

5. Առաջարկել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների` հիմնադրամին փոխանցման ակտը.

2) հիմնադրամի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը։

7. Սահմանել, որ հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:

8. Սույն որոշման 5-րդ կետի աշխատանքների ավարտից հետո «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:

9. Սահմանել, որ՝

1) «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի իրավահաջորդը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

10. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել՝

1) վերակազմակերպմամբ պայմանավորված միացման պայմանագրի կնքման, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև նշված գույքի կազմի, արժեքների և փոխանցման ակտի հաստատումը.

2) սույն որոշմամբ վերակազմակերպված «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցումը.

3) սույն որոշմամբ վերակազմակերպված` Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի սովորողների` միջին մասնագիտական կրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի կազմում:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք հանձնելու մասին» N 872-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ լրացումը՝

1) 2-րդ կետը «, «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային» բառերից հետո լրացնել «կազմակերպության, «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 10-րդ կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2017 թվականի օգոստոսի 3-ին N 96/0017 և N 97/0017 կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում (Հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները) սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ՝ համաձայնագրեր)՝ դրանցում սահմանելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 163-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը (այսուհետ` քոլեջ) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Քոլեջը «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը 26.210.02107) իրավահաջորդն է (փոխանցման ակտերին համապատասխան):

3. Քոլեջն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին», «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

4. Քոլեջի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

5. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ՎՊԳՔ հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ` «Ванадзорский государственный сельскохозяйственный колледж» фонд.

4) ռուսերեն կրճատ` ВГСК Фонд.

5) անգլերեն լրիվ` «Vanadzor State Agriculture College» Foundation.

6) անգլերեն կրճատ` «VSAC» Foundation։

6. Քոլեջի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Ուսանողական 9:

 

II. ՔՈԼԵՋԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

7. Քոլեջն իրավաբանական անձ է, ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:

8. Քոլեջը Հայաստանի Հանրապետությունում և դրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հիմնարկներ, որոնք գործում են քոլեջի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. Քոլեջն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10. Քոլեջն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

11. Քոլեջի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական խնդիրների լուծման համար:

12. Քոլեջն իր կանոնադրությանը համապատասխան իրականացնում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը:

13. Քոլեջն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով իր անվամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

14. Քոլեջի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

15. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար:

 

III. ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Քոլեջի՝ որպես միջին մասնագիտական ուսումնական հաստատության հիմնական գործունեությունը նպատակաուղղված է գյուղատնտեսական և հարակից ոլորտների ուսումնառության կազմակերպմանը՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով և ուսուցման տարբեր ձևերով (առկա, հեռակա, հեռավար, դրսեկություն)` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

17. Քոլեջի գործունեության հիմնական առարկան միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումն է: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել նաև հանրակրթական և (կամ) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր:

18. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով՝

1) իրականացնում է ուսանողների և ունկնդիրների ընդունելություն, ապահովում է նրանց ուսումնական գործընթացի, ընթացիկ և պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումն ու անցկացումը.

2) կրթական ծրագրերի առավել արդյունավետ յուրացման նպատակով ուսուցման առաջավոր ձևերի, մեթոդների և միջոցների ընտրությամբ քոլեջի ուսանողների համար ստեղծում է ուսումնառության անհրաժեշտ պայմաններ.

3) կարող է իրականացնել մեծահասակների կրթության և ուսուցման ծրագրեր.

4) ապահովում է դասախոսների, արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստումը, որակավորման բարձրացումը.

5) աջակցում է քոլեջի ուսանողական խորհրդի աշխատանքներին, ինչպես նաև քոլեջի ուսանողների մասնակցությանը քոլեջի կառավարմանը և քոլեջի կողմից իրականացվող ծրագրերում.

6) միջոցներ է ձեռնարկում քոլեջի ուսանողների ինքնազարգացման, առողջության պահպանման, բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման, սանիտարահիգիենիկ նորմերի ապահովման և սննդի կազմակերպման համար.

7) իրականացնում է միջին մասնագիտական կրթության զարգացմանը նպաստող ծրագրեր:

19. Քոլեջի գործունեության հիմնական նպատակներն են՝

1) կրթական առաջավոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ դառնալ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի զարգացման առավել մեծ ներուժ ունեցող լիարժեք կառույց՝ գերազանցության և տարածաշրջանային ռեսուրսային կենտրոն՝ ստանձնելով բարեփոխումներն առաջնորդողի, տարածողի դերը.

2) իր մարզի, համայնքի ու երկրի զարգացման պահանջների բավարարմանը և մասնագիտական կրթության համակարգի զարգացմանն ուղղված մասնագիտական, կառավարչական, ուսումնամեթոդական, գիտամանկավարժական, մշակութային, նյութատեխնիկական ներուժի ձևավորմանը նպաստելը, ինչպես նաև հարակից ուսումնական հաստատությունների զարգացմանն օժանդակելը.

3) մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում նորարարությունների, ինչպես նաև տեղայնացված առաջավոր միջազգային փորձի ներդրումը, զարգացումն ու տարածումը, կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգի ներդրումը և տեղայնացումը, կրթության գլոբալ համակարգերին ինտեգրումը.

4) աշխատանքային շուկայում պահանջարկ ունեցող որակյալ մասնագետների պատրաստումը (վերապատրաստումը, մասնագետների որակավորման բարձրացումը և վերաորակավորումը).

5) ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու ակտիվ քաղաքացու համակողմանի ձևավորումը.

6) ուսումնառության ընթացքում անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

7) մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգի ներդրումը.

8) սոցիալական գործընկերության համակարգում երկխոսության խթանմանը նպաստելը:

20. Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձամբ իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, հանրակրթության, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.

3) նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

4) մասնագիտական ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.

5) կադրերի վերապատրաստում, վերաորակավորում և որակավորման բարձրացում.

6) ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեության իրականացում.

7) ուսումնաարտադրական, արտադրական գործունեություն և սպասարկման ծառայությունների իրականացում.

8) ուսումնամեթոդական նյութերի, ձեռնարկների մշակում.

9) կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի միջոցառումների կազմակերպում և (կամ) սպասարկում.

10) հրատարակչական գործունեություն.

11) քոլեջի ուսանողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.

12) քոլեջի ուսանողների և աշխատողների համար հանրակացարանային ծառայությունների կազմակերպում.

13) քոլեջի ուսանողների և աշխատողների հանգստի կազմակերպում.

14) մշակութային գործունեության իրականացում:

21. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար քոլեջն իրավունք ունի հիմնադրի որոշմամբ ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ դառնալու նրանց մասնակից:

22. Քոլեջը կրթական ծրագրերն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորման, պետական հավատարմագրման դեպքում: Քոլեջը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ նաև հասարակական հավատարմագրում:

23. Քոլեջի գործունեության ընթացքում առաջացած շահույթը (միջոցները) հիմնադրի սահմանած կարգով օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

 

IV. ՔՈԼԵՋԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

24. Քոլեջի շահառուները սույն կանոնադրությամբ նախատեսված բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

 

V. ՔՈԼԵՋԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

25. Քոլեջը կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) ստանալու անհրաժեշտ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հասարակական կազմակերպություններից.

3) ստեղծելու մասնաճյուղեր, ներկայացուցչություններ և հիմնարկներ.

4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակից.

5) իրականացնելու օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեություն.

6) պայմանագրային կարգով ներգրավելու ներդնողների՝ ուղղած քոլեջի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնմանը, ընդ որում, բացառելով հիմնադրի կողմից քոլեջի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնելը:

26. Հիմնադրամն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես հիմնադրամին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան հիմնադրամին փոխանցելու համար:

27. Քոլեջը պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել ամենամյա հաշվետվություն իր գործունեության մասին, օրենքով նախատեսված դեպքում նաև ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացությունը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.

6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՔՈԼԵՋԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Քոլեջն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

29. Քոլեջի կառավարման մարմիններն են`

1) քոլեջի հոգաբարձուների խորհուրդը.

2) քոլեջի կառավարիչը (այսուհետ` տնօրեն)։

30. Քոլեջի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը քոլեջի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` հոգաբարձուների խորհուրդ), որը ստեղծվում է 5 տարի ժամկետով և բաղկացած է 16 անդամներից: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից, ինչպես նաև քոլեջի մանկավարժական կազմի և ուսանողության ներկայացուցիչներից՝

1) քոլեջի մանկավարժական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում և ընտրվում են մանկավարժական խորհրդում և կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը.

2) քոլեջի ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ուսանողական խորհուրդները և կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը.

3) հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը, որը կազմում է խորհրդի կազմի 25 տոկոսը.

4) լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև քոլեջի հետ համագործակցող գործատուներ, որը կազմում է խորհրդի կազմի 25 տոկոսը.

5) առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը.

6) հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 16 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք և չեն կարող լինել քոլեջի այլ մարմնի անդամները.

7) խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահը նույն քոլեջում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

31. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) առաջարկություններ ներկայացնելու նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ քոլեջի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

32. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով քոլեջի շահերից:

33. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են՝

1) քոլեջի գործունեության տարեկան և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի հաստատումը.

2) քոլեջի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) քոլեջի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և քոլեջի գործունեության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

4) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշում ընդունելը.

5) քոլեջի գործունեության, այդ թվում՝ ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

6) քոլեջի կրթական, դրանց իրականացման և խոշոր ծրագրերում, նախագծերում ու համագործակցության այլ ձևաչափերում մասնակցության և արդյունքների հաշվետվության հաստատումը.

7) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

8) խորհրդի նախագահի, տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.

10) տնօրենի տարեկան հաշվետվության լսումը.

11) տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների և ցուցումների կասեցումը կամ ուժը կորցրած ճանաչելը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) քոլեջի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

14) քոլեջի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

15) քոլեջի կառուցվածքի հաստատումը.

16) քոլեջի հաստիքացուցակի հաստատումը.

17) քոլեջի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

18) քոլեջի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

19) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

34. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունը հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

35. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու քոլեջի բոլոր փաստաթղթերին:

36. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

37. Հոգաբարձուների խորհրդի նախագահի իրավասություններն են`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն կանոնադրությամբ նախատեսված քոլեջի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 33-րդ կետի 3-րդ, 4-րդ, 17-րդ և 18-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման իրականացում` դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ` օրենքով նախատեսված դեպքերում.

5) քոլեջի անունից տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:

38. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:

39. Քոլեջի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է քոլեջի տնօրենը: Տնօրենը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

40. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով:

41. Տնօրենի իրավասություններն են՝

1) տնօրինում է քոլեջի գույքը (այդ թվում՝ ֆինանսական միջոցները), գործարքներ է կնքում քոլեջի անունից.

2) ներկայացնում է քոլեջը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) քոլեջի անունից հանդես է գալիս առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) նշանակում և պաշտոնից ազատում է տնօրենի տեղակալներին և աշխատակիցներին, նրանց հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր.

6) ձևավորում է տնօրենին կից խորհրդատվական մարմիններ, սահմանում է դրանց կազմն ու լիազորությունները.

7) կնքում է պայմանագրեր մինչև 5 000 000 դրամ կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով: Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման հոգաբարձուների խորհրդի կողմից.

8) իրականացնում է գործադիր-կարգադրիչ ֆունկցիաներ.

9) բանկերում բացում է քոլեջի հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.

10) իրականացնում է ամենօրյա աշխատանքներ հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարման ուղղությամբ.

11) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում քոլեջի աշխատանքային կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և քոլեջի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, քոլեջի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

12) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քոլեջի աշխատողներին, այդ թվում` քոլեջի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին և աշխատողներին: Կնքում է աշխատանքային պայմանագրեր.

13) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

14) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսական և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

15) հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է քոլեջի գործունեության մասին տարեկան հաշվետվություն:

42. Տնօրենի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):

43. Տնօրեն ընտրվում է բաց մրցույթի կարգով՝ հոգաբարձուների խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել տնօրենի պաշտոնում:

44. Տնօրենի ընտրության արդյունքները հաստատում է լիազոր մարմինը: Արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում, համաձայն գործող կարգի, նշանակվում է տնօրենի նոր ընտրություն: Եթե նույն թեկնածուն ընտրություններում հավաքում է խորհրդի անդամների ձայների առնվազն երկու երրորդը, ապա հիմնադիրը հաստատում է խորհրդի որոշումը:

45. Տնօրեն չի կարող ընտրվել այն անձը`

1) ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) որին օրենքի համաձայն արգելվում է ղեկավար պաշտոններ զբաղեցնել.

3) ով նախընթաց 3 տարիների ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավարը:

46. Տնօրեն ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, եթե՝

1) նա դիմում է դրա մասին.

2) նա իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.

3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան չորս ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.

4) առաջ են եկել սույն կանոնադրության 43-րդ կետով նախատեսված հանգամանքները.

5) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած:

 

VII. ՔՈԼԵՋԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

47. Քոլեջի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել, ձեռնարկատիրական գործունեության նոր տեսակներ սահմանել կարող է ինչպես քոլեջի հիմնադիրը, այնպես էլ քոլեջի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել քոլեջի նպատակներին կամ շահառուներին:

 

VIII. ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

48. Քոլեջն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

49. Քոլեջի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:

50. Քոլեջն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

51. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս քոլեջն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

52. Քոլեջը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում և (կամ) ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը: Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են քոլեջի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

53. Քոլեջը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

54. Հիմնադրի կողմից քոլեջին որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը քոլեջի սեփականությունն է, քոլեջն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե հիմնադրի որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

55. Քոլեջի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը քոլեջի սեփականությունն են: Քոլեջն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

56. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից, որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ՝ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները քոլեջի սեփականությունն են:

57. Քոլեջի ակտիվների արժեքի 20 տոկոսից ավելին գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

58. Քոլեջի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, քոլեջի մարմինների անդամների, ինչպես նաև քոլեջի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և քոլեջի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ քոլեջի հիմնադիրը, քոլեջի մարմինների անդամները, ինչպես նաև քոլեջի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:

59. Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել է նախապես:

 

IX. ՔՈԼԵՋՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

60. Քոլեջում ուսուցումն իրականացվում է առկա, հեռակա և դրսեկության ձևերով:

61. Քոլեջի ուսումնական գործընթացը կազմակերպվում է 2 կիսամյակից՝ բաղկացած ուսումնական տարով, յուրաքանչյուր կիսամյակ ավարտվում է քննաշրջանով:

62. Քոլեջում սահմանվում են ուսուցման հետևյալ հիմնական եղանակները` դասախոսություն, գործնական (սեմինար) և լաբորատոր պարապմունքներ, խորհրդատվություն, ուսումնական և արտադրական պրակտիկա, ինչպես նաև գործնական հմտությունների ձեռքբերում` ուսումնափորձնական տնտեսություններում:

63. Քոլեջի ուսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտներին տրվում է համապատասխան որակավորում:

64. Քոլեջը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) քոլեջի ձեռնարկատիրական գործունեության եկամուտներից.

3) նվիրատվություններից.

4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

5) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

X. ՔՈԼԵՋԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

65. Քոլեջի կառուցվածքը սահմանվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

66. Քոլեջի ուսանողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործման, մանկավարժական կազմի աշխատողների մանկավարժական վարպետության բարձրացման, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման նպատակով, տնօրենի առաջարկությամբ, կարող են ստեղծել քոլեջի մանկավարժական, ուսումնամեթոդական մասնագիտական խորհուրդներ, ինչպես նաև ամբիոնների, մասնագիտական և առարկայական հանձնաժողովներ, սահմանել դրանց կազմերը, իրավասությունը և գործունեության կարգերը:

 

XI. ՔՈԼԵՋԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ

 

67. Քոլեջն ունի մանկավարժական, վարչատնտեսական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ անձնակազմեր: Քոլեջի մանկավարժական կազմում ընդգրկվում են դասախոսները, արտադրական ուսուցման վարպետները:

68. Քոլեջի մանկավարժական աշխատողների տարակարգերին և պաշտոններին ներկայացվող պահանջները, մրցույթների կազմակերպման և անցկացման, վերապատրաստման և ատեստավորման կարգերը հաստատում է լիազորված մարմինը:

69. Քոլեջի աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունի՝

1) մասնակցելու քոլեջի կառավարմանը.

2) ընդգրկվելու համապատասխան մասնագիտական, առարկայական խորհուրդների կազմում.

3) պետական կրթական ընդհանուր չափորոշչի շրջանակներում ընտրելու և օգտագործելու կրթական գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ ուսուցման ու դաստիարակության մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր, գիտելիքների գնահատման մեթոդներ.

4) օգտվելու քոլեջի տեղեկատվական ֆոնդերից, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային, բուժական և այլ ծառայություններից, տեխնիկական հնարավորություններից.

5) օգտվելու այլ իրավունքներից:

70. Քոլեջի աշխատողը պարտավոր է՝

1) կատարել սույն կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

2) հետևել բարոյականության նորմերին, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և արտահայտություններից, որոնք կարող են հանգեցնել հաստատության անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի վատացմանը.

3) բարեխղճորեն կատարել իր աշխատանքային պարտականությունները.

4) ապահովել իր գործունեության պատշաճ մասնագիտական մակարդակը, շարունակաբար կատարելագործել իր մասնագիտական և մանկավարժական հմտությունները. չկիրառել դաստիարակության այնպիսի մեթոդներ, որոնք կհանգեցնեն ուսանողի անձի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեկան բռնության:

 

XII. ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

 

71. Քոլեջի ուսանողը միջին մասնագիտական կրթական ծրագրեր յուրացնելու համար տնօրենի հրամանով, մրցութային հիմունքով ընդունված անձն է, որին տրվում է սահմանված նմուշի ուսանողի տոմս և ստուգման գրքույկ:

72. Քոլեջի ունկնդիրը տնօրենի հրամանով ընդունված անձն է՝ նախապատրաստական կամ կարճաժամկետ դասընթացներում, մասնագետների որակավորման բարձրացման և վերապատրաստման բաժանմունքում սովորելու համար: Ունկնդիրը կրթական ծառայություններ ստանալիս օգտվում է ուսանողի իրավունքներից:

73. Քոլեջի ուսանողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ, ներքին կարգապահության կանոններով:

74. Քոլեջի ուսանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունի՝

1) ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) դասընթացներ, որոնք տրամադրում է քոլեջը.

2) մասնակցելու քոլեջի կառավարմանը` ընդգրկվելով խորհրդի կազմում, մասնակցելու ուսանողական խորհրդի, խմբակների, ակումբների ստեղծմանը և դրանց աշխատանքներին.

3) մասնակցելու իր կրթության բովանդակության ձևավորմանը` պահպանելով մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջները.

4) ստանալու կրթություն՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և ձեռք բերելու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխան գիտելիքներ.

5) ստանալու երկրորդ մասնագիտություն կամ օգտվելու լրացուցիչ (այդ թվում՝ վճարովի) կրթական ծառայություններից.

6) վճարովի ուսուցման համակարգից փոխադրվելու անվճար ուսուցման համակարգ.

7) առողջական պատճառներով կամ այլ բացառիկ դեպքերում ստանալու ակադեմիական արձակուրդ՝ պահպանելով իր ուսանողական իրավունքը, ինչպես նաև վերականգնելու ուսումնառությունը որևէ պատճառով անավարտ թողած իր ուսանողական իրավունքը.

8) տեղափոխվելու մեկ այլ, այդ թվում՝ նաև պետական հավատարմագրում ստացած, մասնագիտական ուսումնական հաստատություն.

9) անվճար օգտվելու քոլեջի գրադարանից, մարզական և առողջարանային, մշակութային-լուսավորչական ծառայություններից.

10) մասնակցելու քոլեջի հետազոտական, նախագծային աշխատանքների կատարմանը.

11) ստանալու ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման պետական նպաստ և կրթաթոշակ.

12) օգտվելու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նշանակած կրթաթոշակներից, նպաստներից և վարկերից, նվիրատվություններից և դրամաշնորհներից.

13) օգտվելու այլ իրավունքներից:

75. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության) քոլեջից ազատված ուսանողը վերականգնվելիս` պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ կամ կրթաթոշակ ստանալու իրավունքը:

76. Քոլեջի ուսանողը և դիմորդն իրավունք ունեն ծանոթանալու սույն կանոնադրությանը, քոլեջի լիցենզիային և ներքին կանոնակարգերին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին:

77. Քոլեջի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: Քոլեջի ուսանողական խորհուրդը համարվում է ստեղծված և օգտվում է սույն կանոնադրությամբ նախատեսված իրավունքներից՝ խորհրդի նախագահին իր անվանական կազմը և գործունեության կարգը պաշտոնապես ներկայացնելու պահից:

78. Քոլեջի ուսանողը պարտավոր է՝

1) կատարել սույն կանոնադրության պահանջները և պահպանել ներքին կարգապահության կանոնները.

2) խնամքով վերաբերվել քոլեջի գույքին.

3) հարգել աշխատողների և ուսանողների իրավունքներն ու արժանապատվությունը.

4) վճարովի հիմունքներով սովորելիս՝ սահմանված կարգով և ժամկետներում վճարել ուսման վարձը.

5) կատարել կրթական ծրագրերի պահանջները.

6) հաճախել պարտադիր համարվող դասախոսություններին, սեմինար (գործնական) պարապմունքներին.

7) բարձր պահել քոլեջի ուսանողի պատիվն ու հեղինակությունը.

8) պահպանել հասարակության բարոյական նորմերը:

79. Բարձր առաջադիմություն, փորձարարական-նախագծային աշխատանքներում գործուն և արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ուսանողների համար խորհրդի կողմից կարող են սահմանվել խրախուսման նյութական ու այլ ձևեր:

80. Ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի պահանջները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը չկատարելու, անբավարար ակադեմիական առաջադիմություն ցուցաբերելու, ինչպես նաև սույն կանոնադրության կամ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պահանջները խախտելու համար ուսանողը կարող է տնօրենի կամ նրա լիազորած անձի կողմից ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև քոլեջից հեռացվելը:

 

XIII. ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

81. Քոլեջի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

82. Քոլեջի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմինները` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

Քոլեջի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում քոլեջի հոգաբարձուների խորհրդի կողմից:

83. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

84. Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Պետական եկամուտների կոմիտեն դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով:

85. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ քոլեջը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել`

1) հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հաշվետու տարվա վերջի դրությամբ հիմնադրամի ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է 10 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը:

Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման կարգը սահմանում է Պետական եկամուտների կոմիտեն:

 

XIV. ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

86. Քոլեջը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

87. Քոլեջի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:

88. Քոլեջի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

89. Քոլեջի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:

90. Քոլեջը կարող է լուծարվել, եթե`

1) քոլեջի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ քոլեջը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել քոլեջի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխությունները.

4) քոլեջի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) քոլեջը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ, կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) քոլեջը ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ։

91. Քոլեջը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:

92. Քոլեջը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

93. Պարտատերերի կողմից պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին քոլեջը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է քոլեջի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2022 թվական: