Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.05.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
26.05.2020
Дата вступления в силу
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՍԴ/0014/11/18

Գործ թիվ ՍԴ/0014/11/18

Նախագահող դատավոր՝  Մ․ Արղամանյան

 

         

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

     

2020 թվականի մայիսի 26-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման դեմ դիմող Ալյոշա Եգոռի Դավթյանի ներկայացուցիչ Ա․Խալափյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1․ 2018 թվականի ապրիլի 16-ին Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 41200418 քրեական գործը։

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ն․Հովհաննիսյանի` 2018 թվականի հունիսի 13-ի որոշմամբ Ավետիս Սամսոնի Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, և քրեական գործի վարույթը կարճվել է:

Վերոնշյալ որոշման դեմ Ալյոշա Եգոռի Դավթյանի ներկայացուցիչ Ա․Խալափյանի բողոքը Սյունիքի մարզի դատախազ Վ․Հարությունյանի՝ 2018 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ մերժվել է։

2․ Դիմող Ալյոշա Դավթյանի ներկայացուցիչ Ա․Խալափյանի բողոքի քննության արդյունքում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ այն մերժել է:

3․ Վերոնշյալ որոշման դեմ դիմող Ա․Դավթյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ թողնվել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։

4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ դիմող Ա․Դավթյանի ներկայացուցիչ Ա․Խալափյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` նաև «Հայփոստ» ՓԲԸ) կողմից տրված RR259615557AM բեռնային համարով անդորրագրի համաձայն՝ փոստային առաքման միջոցով 2018 թվականի հոկտեմբերի 27-ին Առաջին ատյանի դատարանի որոշման օրինակն ուղարկվել է դիմող Ա․Դավթյանին2։ Միևնույն ժամանակ, «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջում նշված բեռնային համարով առաքանին հասցեատիրոջը հանձնելու վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է3։

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում դիմող Ա․Դավթյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին4։

6․1 Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով դիմող Ա․Դավթյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(․․․) Համաձայն գործի փաստական տվյալների՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերոնշյալ որոշումը՝ 27.10.2018թ-ի կից գրությամբ ուղարկել է բողոքաբերի կողմից նշված հասցեով՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Զորաստան բն., իսկ 30.10.2018-ին այն ստացվել է Ա.Դավթյանի կողմից:

(․․․)

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.10.2018թ-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքը փոստին հանձնելու միջոցով Վերաքննիչ դատարան է ուղարկվել 2018թ-ի նոյեմբերի 15-ին, այն է` որոշման հրապարակելու օրվանից 19 և այն ստանալուց 16 օր հետո, հետևաբար բողոքը ժամկետանց է և պետք է թողնվի առանց քննության»5:

7. Վճռաբեկ վարույթի ընթացքում ստացվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի՝ 2019 թվականի հուլիսի 25-ի գրությունը, համաձայն որի՝ RR259615557AM բեռնային համարով փոստային ծրարը հասցեատիրոջ՝ դիմող Ա․Դավթյանին է հանձնվել 2018 թվականի նոյեմբերի 6-ին6։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

8․ Բողոքի հեղինակի՝ դիմողի ներկայացուցիչ Ա․Խալափյանի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում խախտվել է դիմողի դատական պաշտպանության իրավունքը։

Ի հիմնավորումը վերոգրյալի՝ բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման ժամկետի հաշվարկման սկիզբը որոշելու հարցում հանգել է սխալ հետևության։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվեր դիմող Ա․Դավթյանի կողմից այն ստանալու պահից, այսինքն՝ 2018 թվականի նոյեմբերի 5-ից, հետևաբար, վերջինիս բողոքը նույն թվականի նոյեմբերի 15-ին փոստին հանձնելով՝ պահպանել է բողոքարկման տասնօրյա ժամկետը։

9․ Վերոշարադրյալի հիման վրա, դիմող Ա․Դավթյանի ներկայացուցիչ Ա․Խալափյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք դիմող՝ Ա․Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

11․ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն` «1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան թիվ, ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Ձերբակալման տակ պահելու ժամկետն սկսվում է արգելանքի վերցնելու պահից:

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող կամ բժշկական հաստատությունում տեղավորված անձանց համար, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը: Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը` այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն` «1.Վերաքննիչ բողոք բերվում են՝

(․․․)

3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում»։

12․ Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձի` դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին դատարանների եզրահանգումները պետք է կառուցվեն հստակ և որոշակի փաստական հանգամանքներից բխող հետևությունների վրա` ապահովելու համար բողոքարկման իրավունքի սահմանափակման և հետապնդվող նպատակի միջև համարժեք հարաբերակցությունը։ Մասնավորապես, համապատասխան փաստական տվյալները կարող են ձեռք բերվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով7։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ․

- դիմող Ա․Դավթյանը ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին,

Վճռաբեկ վարույթի ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը RR259615557AM բեռնային համարով փոստային առաքման միջոցով 2018 թվականի նոյեմբերի 6-ին հանձնվել է դիմող Ա․Դավթյանին8,

- Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը դիմող Ա․Դավթյանը փոստին է հանձնել 2018 թվականի նոյեմբերի 15-ին9,

- Վերաքննիչ դատարանը դիմող Ա․Դավթյանի բողոքը թողել է առանց քննության՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը դիմողը ստացել է 2018 թվականի հոկտեմբերի 30-ին և նշված որոշման դեմ վերաքննիչ բողոքը բերվել է 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ այն ստանալու պահից 16 օր անց, հետևաբար, ներկայացված բողոքը ժամկետանց է10։

14․ Վերլուծելով վերոշարադրյալ փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը դիմող Ա․Դավթյանին հանձնելու օրվա վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման։ Այսպես՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը, փոստային առաքման միջոցով, թիվ RR259615557AM բեռնային համարով ուղարկվել է Ա․Դավթյանին։ «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի գրության համաձայն՝ նշված բեռնային համարով փոստային ծրարը դիմող Ա․Դավթյանին է հանձնվել 2018 թվականի նոյեմբերի 6-ին, որպիսի պայմաններում, սույն գործով Առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետը հաշվարկելու ընթացքը սկսվում է որոշումը ստանալու հաջորդ օրվանից՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ից, հետևաբար դիմող Ա․Դավթյանը վերաքննիչ բողոքը նույն թվականի նոյեմբերի 15-ին փոստին հանձնելով այն ներկայացրել է սահմանված ժամկետում։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ բողոքում դիմող Ա․Դավթյանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացել է 2018 թվականի նոյեմբերի 5-ին, սակայն Վերաքննիչ դատարանը նշված տեղեկատվությունը պարզելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու փոխարեն՝ ոչ իրավաչափ հետևություն է արել Առաջին ատյանի դատարանի որոշումը դիմող Ա․Դավթյանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 30-ին ստացված լինելու մասին։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե կոնկրետ որ փաստական տվյալ(ներ)ով է հաստատված համարել Առաջին ատյանի դատարանի որոշումը դիմող Ա․Դավթյանի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 30-ին ստացված լինելու հանգամանքը։

Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնված չէ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող դատավարական ժամկետի պահպանված չլինելու մասին հստակ և որոշակի փաստական տվյալներից բխող եզրահանգումների վրա։

15․ Նախորդ կետում կատարված վերլուծությունը գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ժամկետանց լինելու պատճառաբանությամբ դիմող Ա․Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելն անհիմն սահմանափակել է դիմողի` դատարանի մատչելիության իրավունքը, հաշվի առնելով, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է բողոքարկման ժամկետի պահպանմամբ:

Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դիմող Ա․Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:

16. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար11:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-րդ և 423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Ալյոշա Եգոռի Դավթյանի ներկայացուցիչ Ա․Խալափյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 51-52:

3 Տե՛ս https://www.haypost.am/hy/track-and-trace:

4 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 2-9:

5 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 14-15:

6 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 83։

7 Տե'ս, mutatis mutandis, Վարտգես Գասպարիի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0067/11/16 որոշումը, 15-րդ կետ, Անդրանիկ Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը:

8 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը:

9 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

10 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:

11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան


Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական: