Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2022
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
26.05.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
26.05.2020
Дата вступления в силу
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԱՔԴ/0037/11/17

Գործ թիվ ԵԱՔԴ/0037/11/17

Նախագահող դատավոր՝  Ա․ Նիկողոսյան

 

         

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

               

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

     

2020 թվականի մայիսի 26-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Անյա Հովհաննեսի Կուլինոյի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ․Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է թիվ 69106812 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Աշոտ Արշիկի Սուքիասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Անյա Հովհաննեսի Կուլինոյի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Վերոնշյալ որոշումների դեմ դիմող Անյա Կուլինոյի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումներով մերժվել է:

2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ դիմող Ա․Կուլինոյի բողոքը բավարարվել է, վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնելու դիմող Ա.Կուլինոյի իրավունքների և ազատությունների խախտումը:

3․ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Շահբազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի մայիսի 30-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

4․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ․Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1:

Աշոտ Սուքիասյանի ներկայացուցիչ Կ․Հակոբյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով բավարարել ներկայացված վճռաբեկ բողոքը:

Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը, առանց ըստ էության քննության առնելու դատախազի բողոքի փաստարկները և հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածին, իր որոշմամբ փաստել է. «(...) [Ե]լնելով դատական ատյանների գործառութային և ինստիտուցիոնալ տարանջատման սկզբունքներից՝ օրենսդիրը սահմանել է յուրաքանչյուր հաջորդող դատական ատյան բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների տարբերակված շրջանակ, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքարկման իրավունքով օժտել է մեղադրողին և վերադաս դատախազին, ինչն էլ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ որևէ կերպ չի սահմանափակում դատախազի՝ անսահմանափակ բողոքարկման իրավունքի կենսագործումը, քանզի և՛ մեղադրողը, և՛ վերադաս դատախազը քրեադատավարական օրենսդրության և դատախազության միասնական համակարգի հասկացության իմաստով ևս հանդիսանում են դատախազներ:

(...) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանը տվյալ բողոքի քննության կապակցությամբ չի կարող համարվել ոչ միայն վերադաս դատախազ, այլև մեղադրող, քանզի քրեական գործն ըստ էության լուծման համար դատարանի վարույթում չէ և վերջինս էլ չի հանդիսանում այդ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ: Ասվածն առավել հատկանշական է դառնում այն հանգամանքի լույսի ներքո, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է հենց հանդիսանում իր՝ 2016 թվականի դեկտեմբերի 7-ի բողոքը մերժելու մասին որոշման անձի իրավունքների և ազատությունների խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ արտահայտված տեսակետների «սեփականատերը», իսկ օրենսդրի կամքն ուղղված է այն գաղափարին, որ այդ տեսակետներն արտահայտած դատախազի ստորադաս դատախազը չներկայացնի վերաքննիչ բողոք՝ ի պաշտպանություն վերադաս դատախազի տեսակետների, մինչդեռ այդ որոշումն ըստ էության գնահատման ենթարկած Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Շահբազյանը (…)»2։

5.1. Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Շահբազյանը, ով նաև մասնակցել է Առաջին ատյանի դատարանում բողոքի քննությանը3։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որի արդյունքում կայացրել է անհիմն և անօրինական դատական ակտ։

Մասնավորապես, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածը նեղ մեկնաբանելու հետևանքով, սահմանափակել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը:

6.1. Բացի այդ, բողոքաբերն անդրադարձել է նաև Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորվածությանն ու պատճառաբանություններին` նշելով, որ Առաջին ատյանի դատարանը, իր հերթին, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի խախտումներ, մասնավորապես՝ անտեսվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ և 358-րդ հոդվածների պահանջները:

7. Վերոշարադրյալի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ․Ասլանյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 30-ի որոշումը, և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Շահբազյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ։

9. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն` «1. Դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը:

2. Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝

(...)

2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.

(...)

4) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները.

(...)

4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` «Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը` (…)

22) քրեական հետապնդման մարմիններ` դատախազը (մեղադրողը), (…)

31) դատավարության մասնակիցներ` դատախազը (մեղադրողը) (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն` «1.Դատախազն օրենքով սահմանված կարգով նշանակված պետական պաշտոնատար անձ է, որն (…) բողոքարկում է դատարանի դատավճիռները և այլ վերջնական որոշումները: Դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը կոչվում է մեղադրող:

(...)

3. Քրեական գործի վարույթով իր լիազորություններն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա, և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1.Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`

(...)

11) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ. (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեական վարույթն իրականացնող մարմնի գործողությունները և որոշումները կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատավարության մասնակիցների կողմից: Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին, դատարանինը` վերադաս դատարան: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն (…) մեղադրողը կամ վերադաս դատախազը, (…):»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝ (...)

5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «(…) Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել վերադաս դատախազը»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը (այսուհետ` դատախազություն) միասնական համակարգ է, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ` գլխավոր դատախազ):

2. Դատախազությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն) իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է դատախազների միջոցով»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ «1.Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն (այսուհետ՝ հսկողություն), որպես կանոն, իրականացնում է վերադաս դատախազի կողմից նման հանձնարարություն ստացած դատախազը, կամ հսկողությունը ստանձնում է անձամբ վերադաս դատախազը: Ի սկզբանե հսկողություն իրականացնող վերադաս դատախազը կարող է տվյալ քրեական գործով հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի:

2. Հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է և գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության և համաձայնության: (…)»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը կամ վերադաս դատախազի հանձնարարությամբ` այլ դատախազ»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է:

(…)

7. Բողոքը պաշտպանում է բողոք բերած դատախազը, իսկ եթե բողոք բերել է վերադաս դատախազը, ապա բողոքը պաշտպանում է ինքը կամ իր հանձնարարությամբ` այլ դատախազ:

8. Վերադաս դատախազը վերաքննիչ կամ վճռաբեկ վարույթին մասնակցությունը կարող է հանձնարարել այլ դատախազի (դատախազների):

9. Դատախազի բերած բողոքը կարող է հետ վերցնել բողոք բերած դատախազը կամ վերադաս դատախազը (…)»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հանձնարարականը կամ ցուցումն իրենց իրավասության սահմաններում վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին օրենքով սահմանված կարգով տրված բանավոր կամ գրավոր, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելիս միայն գրավոր հրահանգ է` կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալու որևէ գործողություն կատարելուց»:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատախազության գործունեությունը հիմնվում է աստիճանակարգված ենթակայության և միասնականության ապահովման սկզբունքի վրա»:

10. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը Ժենիկ Հովսեփյանի գործով արձանագրել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը ներառում է նաև մեղադրողի դատավարական կարգավիճակին համարժեք` մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչպես նաև որպես դատավարության մասնակից` վերադաս դատախազի կողմից լիազորված այլ դատախազին4։

11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Նախաքննության մարմնի՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների դեմ դիմող Ա․Կուլինոյի բողոքը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումներով մերժվել է5,

- Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ դիմող Ա․Կուլինոյի բողոքը բավարարվել է, վարույթն իրականացնող մարմինը պարտավորեցվել է վերացնելու դիմող Ա.Կուլինոյի իրավունքների և ազատությունների խախտումը6: Առաջին ատյանի դատարանում գործի քննությանը մասնակցել է մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Շահբազյանը7,

- ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Շահբազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանն այն մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Շահբազյանի` վերաքննիչ բողոք ներկայացնելու ոչ պատշաճ սուբյեկտ հանդիսանալու պատճառաբանությամբ8:

12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-10-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և մեջբերված իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի` քրեական գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում կայացված առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունքով օժտված է միայն վերադաս դատախազը, հակասում է տվյալ իրավանորմը սահմանելիս օրենսդրի կամքին, դատախազության մարմինների միասնականության և կենտրոնացվածության սկզբունքներին, անհարկի սահմանափակում է դատախազի՝ սահմանադրորեն ամրագրված՝ դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման հնարավորությունը։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․Շահբազյանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պատշաճ սուբյեկտ չէ, հիմնավոր չէ։

13. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մայիսի 30-ի որոշումը պետք է բեկանել, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության9: Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, պետք է քննարկման առարկա դարձնի դատախազի վերաքննիչ բողոքը, այդ թվում` բողոքաբերի` սույն որոշման 6.1-րդ կետում բարձրացրած փաստարկները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Անյա Հովհաննեսի Կուլինոյի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մայիսի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_____________________________

1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 94-108:

3 Տե՛ս նյութեր, հատոր 1, դատական նիստի արձանագրություն, թերթ 186։

4 Մանրամասն տե՛ս Ժենիկ Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԱՐԴ1/0002/11/18 որոշման 10-15-րդ կետերը:

5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:

6 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9 Տե՛ս, mutatis mutandis, Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան