ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի հունիսի 1-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 6-րդ հոդվածի առաջին մասի 33-րդ կետից հանել «հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ կետը, 406-րդ հոդվածի երրորդ, 407-րդ հոդվածի երկրորդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած, ինչպես նաև վերաքննիչ դատարանի դատավճիռների և որոշումների դեմ` ամբաստանյալը, արդարացվածը, դատապարտյալը, նրանց պաշտպանները և օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը և նրա ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները` քաղաքացիական հայցի մասով: Մեղադրողը չի կարող բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 404-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.
«Մեղադրողը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները կարող են բողոքարկել դատավճիռը կամ որոշումը քաղաքացիական հայցի մասով, եթե այն վերաբերում է պետության գույքային շահերին:»:
Հոդված 5. Օրենսգրքի 409-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռների և դատարանի վերջնական այլ որոշումների դեմ բողոք կարող են ներկայացնել`
1) դատախազը` ֆիզիկական անձանց հայտարարությունների, պաշտոնատար անձանց հաղորդումների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ.
2) դատապարտյալը, արդարացվածը, տուժողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` քաղաքացիական հայցվորը և քաղաքացիական պատասխանողը կամ նրանց օրինական ներկայացուցիչները` փաստաբանի միջոցով:
2. Սույն օրենսգրքի 408-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին:
3. Եթե հաղորդումն ստացած դատախազը նոր ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելու համար հիմքեր չի գտնում, ապա նա պատճառաբանված որոշմամբ մերժում է վարույթ հարուցելը: Այդ որոշումը հաղորդվում է շահագրգիռ անձանց, որոնք դատախազի նման որոշումը կարող են բողոքարկել վերադաս դատախազին:»:
Հոդված 6. Օրենսգրքի 410-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 410.
Դատախազի գործողությունները նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո
1. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո գործը նորոգելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:
2. Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, գործի նորոգման հիմքերն առկա համարելով, վճռաբեկ բողոք է ներկայացնում վճռաբեկ դատարան` դրան կցելով քննության նյութերը:
3. Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Այդ որոշումը պետք է հաղորդվի շահագրգիռ անձանց, հաստատություններին:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|